Էրդողանը խոսել է Սիրիայում և Իրաքում «անվտանգության գոտու» մասին և չի հիշատակել Հայաստանը

  • 10:13 19.03.2024

Թուրքիան այս ամառ «վերահսկության տակ կվերցնի» Իրաքի հետ իր սահմանի անվտանգությունը և «կավարտի Սիրիայում անավարտ աշխատանքը», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ռազմական պաշտոնյաների առաջ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Hürriyet» թերթը մարտի 7-ին հայտնել է, որ թուրքական զինված ուժերը ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություններ իրականացնել Հյուսիսային Իրաքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, և համաձայնություն է ձեռք բերվել Բաղդադի վարչակազմի հետ։

«Մենք այս ամառ կստանձնենք Իրաքի հետ մեր սահմանի անվտանգությունը: Սիրիայում նույնպես ավարտին կհասցնենք անավարտ աշխատանքը»,-ասել է նա երկուշաբթի օրը ելույթ ունենալով զինվորականների առջեւ։

Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը։ Նրա խոսքով, թուրքական կողմը ձգտում է նաև Սիրիայում 30-40 կիլոմետր խորությամբ «անվտանգության գոտի» ստեղծել։

Էրդողանը չի նշել Հայաստանի հետ փակ սահմանը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոստովանել էր, որ Թուրքիայի հետ բանակցություններում շոշափելի առաջընթաց չկա։ Թուրք պաշտոնյաները բացեիբաց խոսում են, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որը հիշատակում է Հայոց ցեղասպանությանը և, ինչպես կարծում են Պոլսում, տարածքային պահանջներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ։

Էրդողանը մտադիր է ամռանը փոխել Թուրքիայի Սահմանադրությունը և, ըստ երևույթին, այն կնախանշի Թուրքիայի նոր սահմանները, որոնք կապված կլինեն ոչ թե Լոզանի և Կարսի պայմանագրերի, այլ հենց Թուրքիայի ինքնիշխան որոշումների հետ։ Թուրքիան իրեն իրավասու է համարում ռազմական ուժի կիրառմամբ սահմանել այդ սահմանները։