Գառնիկ Դանիելյան. եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից

  • 11:33 19.03.2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի մարզի 4 գյուղերը թշնամուն հանձնելու դեպքում մի շարք աղետների առաջ ենք կանգնելու բոլորս։

«Դա Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է, կոմունիկացներն են, ՀՀ մտնող գազն է, կահավորված առաջնագիծն է, որը 30 եւ ավելի տարիներ կահավորվել է։ Այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արեւելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումներն անմիջապես հայտնվելու են ճանապարհին, Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ ֆրակցիան Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին բերում ու կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա։

Եվ հաջորդիվ այդ տարածքի գյուղերում ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ մի պետական հաստատություն չի կարողանալու աշխատել, ուղիղ նշանառության տակ են մնալու։ Այդ տարածաշրջանն ամբողջությամբ դատակվելու է, այդ մասին հանդիպման ժամանակ ասել են նաեւ գյուղաիցները, ասել են՝ թշնամուն բերում ես, հասցնում ես գյուղի մեջ, ըստեղ մա՞րդ է մնալու»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը նշեց, որ եթե հայ ժողովրդի կողմից ճնշում լինի, Նիկոլ Փաշինյանը հետ կկանգնի իր որոշումներից։

«Այդ ճնշումը պետք է լինի, բազմաթիվ օրինակներ կան, որ երբ ժողովուրդը կանգնել ու ցույց է տվել իր դիրքորոշումը, ինքն իր որոշումներից հետ է կանգնել։ Մենք բազմիցս նշել ենք, որ Արցախը մեր վահանն է, Արցախը հանձնելու պարագայում մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնելու, թշնամին կանգ չի առնելու, նորանոր պահանջներ է ներկայացնելու»,- ասաց նա։

Դանիելյանն ասաց, որ այդ գյուղերում 8-րդ դարի եկեղեցի է վեր խոյանում, բազմաթիվ հայկական հուշարձաններ կան։ «Դրանք ադրբեջանական կարող են անվանել միայն ադրբեջանցիները եւ այստեղ ապրող թրքահպատակ հայերը։ Ադրբեջանը ոչ թե ԽՍՀՄ իրավահաջորդ է ճանաչել իրեն, այլ Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ։ Այսինքն՝ այդ գյուղերի՝ ադրբեջանական լինելու թեզն այստեղ հոլովելն անտեղի է, դրանք բուն հայկական տարածքներ են»,- հավելեց նա։

Նա նշեց, որ տավուշցիները կտրուկ անհամաձայնություն են հայտնել, ասել են, որ այդ հրեշավոր որոշումն իրականացնելու դեպքում տարածաշրջանի որեւէ գյուղ բնակեցված չի նա։