ԱՄՆ “հատուկ ուշադրությունը” Տավուշին․ պատերազմը օրինակա՞ն է

  • 11:18 20.03.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հիմնախնդրին հատուկ ուշադրություն է դարձնում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին այն մասին, որ Ադրբեջանի հետ պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանի արագ սահմանազատում իրականացնել:

«Սա մի խնդիր է, որին մենք շարունակում ենք հատուկ ուշադրություն դարձնել։ Սա հարց է, որի վրա ոչ միայն պետքարտուղարը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն), այլև նրա օգնական Օ’Բրայենը (խմբ․ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայեն), ինչպես նաև ավագ համակարգող Բոնոն (ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնո) շարունակում են կենտրոնանալ՝ շփվելով համապատասխան զրուցակիցների հետ»,- եզրափակել է խոսնակը։

Պատելը չի մեկնաբանել, թե ի՞նչ կանի ԱՄՆ պատերազմի դեպքում, նույնիսկ չի հայտարարել դրա անթույլատրելիության մասին, փաստորեն, “աջակցելով” Փաշինյանին եւ նրան անձնական երաշխիք տալով։ Երեկ Երեւանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նույնպես չհերքեց “պատերազմի իրավականությունը” եւ “հիացավ” Փաշինյանի հանձնառությամբ։