«Այսօր այս հրապարակում հավաքվելով՝ մենք պնդում ենք, որ դեմ ենք բնակարանային ծրագրերի նախագծին»,- Ազատության հրապարակում հրավիրված հավաքում ասաց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված եւ անհետ կորատ զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ «Բնակարանային ծրագրի մասին խոսելիս՝ նա հավասարության նշան է դրել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի եւ Հայաստանի մեր հայրենակիցների միջեւ՝ ասելով, որ այդ ծրագիրը պետք է բոլորի համար լինի։ Այսպիսի արտահայտություն անելով՝ փորձում են սեպ խրել մեր միջեւ՝ մեր դեմ լարելով մեր հայրենակիցներին։ Իհարկե, մենք սա չենք ընդունելու»,- ասաց Ասրյանը։
Նա հավելեց․ «Վերջերս նաեւ զրույցներ են հնչել, որ արցախցին չի ուզում ծառայել բանակում։ Ասեմ, որ դա ՀՀ կառավարության մեղավորությունն է, որ արցախցին այստեղ չի ծառայում, քանի որ պարտադիր պայման են դրել հրաժարվել մեր 070 կոդով անձնագրերից։ Հիմա հարց եմ տալիս ՀՀ կառավարությանը՝ մինչեւ 2020 թվականը ներառյալ 070 կոդով անձնագրով արցախցին ծառայում էր ՀՀ Զինված ուժերում, ո՞նց էր դա ստացվում։ Ներկայում այս ծանր իրավիճակում բազմաթիվ արցախցիներ պատրաստ են ծառայել Զինված ուժերում, սակայն այդ դուք եք, որ չեք թույլատրում նրանց՝ պարտադրելով հրաժարվել մեր անձնագրերից։
Կոչ եմ անում այնպիսի կարծիք չստեղծեք մեր հայրենակիցների մոտ, որ արցախցին հրաժարվում է ծառայել։ Նմանատիպ իրավիճակ է նաեւ պետական մյուս գերատեսչություններում, մարդիկ կային, որ 070 կոդով անձնագրով աշխատել են ՀՀ պետական համակարգում, եւ հիմա եկել իրենց ասում են՝ այլեւս չի ստացվում, որ դուք այստեղ աշխատեք, պետք է քաղաքացիություն ընդունեք։ Ի՞նչ է փոխվել, 070 կոդով անձնագիրն իր արժեքը կորցրե՞լ է ձեզ մոտ, թե՞ այլ նպատակներ եք հետապնդում»։
Արմեն Ասրյանը նաեւ ասաց, որ արցախցիները պահանջում են ՀՀ կառավարությունից, որպեսզի 40+10 հազար ծրագիրը շարունակվի մինչեւ արցախցիների բնակարանային խնդիրների լուծումը, հակառակ դեպքում ապրիլ ամսից արցախցիները լուրջ սոցիալական խնդիրների առաջ կկանգնեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ