Հայրյան․ արցախցիների խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել

  • 17:19 20.03.2024

Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը հայտարարեց․ «Այսօր հավաքվել ենք այստեղ՝ մեր ապագայի հարցերը լուծելու համար։ Մեր ապագան որ ասում ենք, հասկանում ենք հայերի ապագան, կոնկրետ այս պահին հայության ամենավտանգված հատվածի՝ արցախահայության  ապագան։ Ցավոք, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ վտանգված է ոչ միայն Արցախի հայության կյանքը, այլեւ ամբողջ հայության կյանքը»։

Հայրյանը նշեց․ այն, ինչ այսօր կատարվում է Ոսկեպարում, շատ նման է Փառուխում կատարվածին։ Նա կոչ արեց միասնական ոտքի կանգնել ու պայքարել հայության շահերի համար։ «Միջազգային հանրությունը մեր փոխարեն հարցեր չի լուծելու։ Ադրբեջանը նույն միջազգային հանրությանը 30 տարի բողոքում էր, որ մենք իբր թե գրավել ենք իրենց տարածքները, եւ միջազգային հանրությունը ոչ մի մեղադրանք չի ներկայացրել մեզ, մինչեւ Ալիեւն ու թուրքերը հասկացել են, որ իրենց սրիկայական ծրագիրն իրականացնելու համար պետք է զենքը վերցնեն ու հարձակվեն։ Մենք չենք ուզում հարձակվել ուրիշի վրա, բայց մենք պետք է մեր զենքը վերցնենք եւ հայրենիքը պահենք։ Մենք առաջին հերթին պետք է իրար կողքի լինենք»,- հավելեց Լեւոն Հայրյանը։

Նա հայտարարեց, որ բռնի տեղահանված արցախցիների երազանքն է վերադառնալ իրենց հայրենիք․ «Որպեսզի երազանքը չմեռնի, պետք է կանգնենք իրար կողքի։ Եթե մենք ամբողջ արցախահայությունով կարողանանք կանգնել իրար կողքի, համայն աշխարհի հայությունը կկանգնի մեր կողքին, ինչպես կանգնել են 1988 թվականին»։

Հայրյանը նաեւ ասաց, որ մոտ 10 հազար արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից, մնացածին էլ նույն ճակատագիրն է սպասվում, եթե սոցիալական լուրջ ծրագրեր չիրականացվեն։

Նա ներկայացրեց իր առաջարկը եւ ասաց, որ արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար միջազգային դոնոր համաժողով պետք է կազմակերպել։ Արցախ վերադառնալու համար, ըստ նրա, կարեւոր է, որ այսօր արցախցիները համայնքով բնակվեն Հայաստանում։

«Մենք այստեղ գոյատեւելու կարիք ունենք, մինչեւ միջազգային հարմար երաշխիքներ կստեղծվեն Արցախ վերադառնալու համար։ Ես կուզենայի, որ այդ վերադարձը լիներ զենքով, չպիտի խորշենք ոչ մի բանից, եթե ժամանակը գա, պետք է նաեւ խնդրենք, ստիպենք, զենք ուզենք, որ մեր հայրենիքը ազատենք»,- հայտարարեց նա։