Հայտարարությունից ու ասուլիսից հետո ՀՀ իշխանությունները որոշ էական հարցերում զիջումների են գնացել․ Բեգլարյան

  • 18:32 20.03.2024

«Պատերազմի սպառնալիքով կարող են գալ հասնել նաեւ Երեւան։ Դրա համար, այո՛, մենք պետք է նաեւ պատրաստ լինենք պատերազմի»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Բեգլարյանն ասաց, որ Արցախում ոչ թե նշաձողը բարձրացրել են, այլ փորձել են Արցախի կարգավիճակի նշաձողը պահել։ «Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել է՝ նշաձողն իջեցրել ենք, որպեսզի ինքնորոշման իրավունքը պաշտպանենք, Ադրբեջանի կազմում գոնե ինքնավարության հարցը լուծենք, բայց ես հիշեցնեմ, որ ինքնավարության կամ ներքին ինքնորոշման մասին ընդհանրապես խոսք չի եղել։ Այսինքն՝ խոսք է եղել միայն ադրբեջանական տիրապետության ներքո հպատակեցման մասին՝ առանց հավաքական իրավունք հարգելու։ Այսինքն՝ սա հստակ է, որ ՀՀ իշխանությունների կողմից նույնիսկ այդպիսի դրույթ ու պայման չի եղել։ Արդյունքում, ակնարկելով, որ նշաձողը մի փոքր ենք իջեցնում, իջեցվեց մինչեւ զրոյական կետի»,- ասաց Բեգլարյանը։

Նա նաեւ ասաց, որ իրենց մարտի վեցի հայտարարությունից ու ասուլիսից հետո ՀՀ իշխանությունները որոշ էական հարցերում զիջումների են գնացել։ Այսինքն՝ հանրային պայքարն իր ազդեցությունն ունեցել է։ Բեգլարյանը նշեց, որ շատ կարեւոր  Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հետ էլ քննարկումներ ունենալ, որովհետեւ իրենք Արցախի ժողովրդի լեգիտիմ ու օրինական ներկայացուցիչներն են։

«Մի բան ակնհայտ է, որ առանց ՀՀ պաշտոնական աջակցության Արցախում ինչ որակի իշխանություն էլ լիներ, ինչ դիրքորոշումներ էլ ձեւակերպեին, այս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէր հաջողության հասնելու համար։ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը պետք է լիներ կուռ եւ չպետք է տաներ Արցախի կորստին»,- ասաց նա։