Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարել եւ համազգային, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք

  • 21:28 20.03.2024

Ազատության հրապարակում այսօր անցկացվեց Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել։ Բայց որպեսզի այս հրապարակը Արցախից հետո չհանձնվի Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի կամ անգամ Արարատի ժողովրդին, մենք համազգային այդ խենթությունը պիտի գտնենք, այդ բանաձեւը, այդ շանթը։ Հայ ժողովուրդը պիտի միանա եւ ոչ միայն արցախցիների, մեր հայրենակիցների հավաքական վերադարձի իրավունքի համար հավաքվի, այլ համարի, որ մեր բոլոր մարզերը, յուրաքանչյուր գյուղ ու բնակավայր հիմա հարվածի մեջ է։ Մենք պետք է կարողանանք մեր միջի փոքրությունը հաղթահարել, պստլիկությունից դուրս գանք եւ համազգային, համաքաղաքացիական, վերկուսակցական այլընտրանք ստեղծենք մոտ օրերին։ Եթե այսպես շարունակվի, այս հրաշալի հրապարակում ոչ միայն արցախցիների խնդիրները կքննարկվեն, այլ նաեւ Հայաստանի այլ մարզերի»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ  ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հարեւան բռնապետության կամ բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը, բանակցային մոտեցումը։ «Եվ հիմա, երբ ինքը մեր հայրենակիցներին սպառնում է պատերազմով, դա նշանակում է, որ ինքն իրականում թշնամի պետության քաղաքականության կցորդն է, իրականացնողն է։ Հիմա արդեն նա դուրս է մեր ազգից, մեր օրենքից, մեր պետությունից, իր խոսքն արդեն անվավեր է, այդ անվավեր խոսքը չի կարող տալ մեր հայրենիքը, որը սերունդների զոհողության միջոցով է կերտվել։ Եթե այս իշխանությունը եւ իր ղեկավարը մնան, Հայաստանի Հանրապետությունը պիտի հետ քաշվի, նահանջի Երեւանի շուրջը։ Եվ մենք լավագույն դեպքում կունենանք երեւանյան հանրապետություն»,- հավելեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մենք տեսել ենք, թե մեկ զիջումն ինչի է հագնեցրել՝ Հայաստանն ու հայ ժողովուրդը այս 5-6 տարիների ընթացքում թշնամու կողմից չի ստացել մեկ հայկական բնակավայր կամ տարածք։ «Խոսքը միայն ՀՀ տարածքից բռնազավթած տարածքների ու Արծվաշենի մասին չէ, եթե խոսում ենք գյուղերի մասին, Գետաշեն կա, Մարտունաշեն, Ազատ, Կամո եւ Արցախի Հանրապետության մնացած գյուղերն ու քաղաքները։ Միակողմանի զիջումները միանշանակ տանելու են մեր պետության նվաստացման, կործման եւ մեր հայրենիքի զգալի մասի կորստի։ Հավելյալ զոհեր պիտի ունենա այս մարդու քաղաքականությունը»։

«Ես եղել եմ Ոսկեպարում, Բաղանիսում 1990-1991 թվականներին եւ տեսել եմ, թե հայ ժողովրդի ինչ զոհողություն է եղել։ Եթե մենք դա պետք է միանձնյա որոշմամբ, առանց հանրաքվեի, առանց ԱԺ նիստի վերադարձնենք, ես կարծում եմ, որ սա արդեն մեր պետականության վերջն է։ Իրենք մեր պատմությունն ուզում են իրենցով անել, եւ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։