Արցախցիների վկայությունները Արցախում էթնիկ զտումների և ռուս խաղաղապահների գործողությունների մասին

  • 16:25 13.04.2024

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան 2024 թվականի հունվարի 12-ի ճեպազրույցում.

«Ոչ ոք իրավունք չունի վիրավորելու ռուս խաղաղապահներին, իսկ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչող մեղադրանքները միայն խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում և հայկական կողմից փաստերը շահարկելու փորձ են՝ իրենց պատասխանատվությունից ազատելու համար։ Լեռնային Ղարաբաղում (հայկական անունը՝ Արցախ) էթնիկ զտումների մասին պնդումների վերաբերյալ Զախարովան առաջարկել է ներկայացնել փաստեր, ինչպես նաև միջազգային փաստաթուղթ, որը հաստատում է, որ տեղի է ունեցել էթնիկ զտումներ»։

(http://russia-artsakh.ru/node/17600 )

 

Արտգործնախարար Լավրովի տեղակալ Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում 2024 թվականի փետրվարի 10-ին.

«Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտ։ Ցավոք, ղարաբաղցի հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր»:  (https://tass.ru/interviews/19946235)

 

«Ասում են, որ մենք ինքնակամ լքել ենք մեր տները, սա բացահայտ սուտ է։ Սա տեղահանություն է, ժողովրդի միտումնավոր ոչնչացում»

 

Վիտյա Յարամիշյան Շոշ գյուղից. «Ասում են՝ ինքնակամ լքել ենք տները, սա բացահայտ սուտ է».

Վերջին տեղահանությունն իմ կյանքի ամենածանր ժամանակաշրջանն էր: Զգացվում էր, որ սա վերջն է: Ես լավատես եմ ու հավատում եմ, որ մի ձև կարող ենք վերադարձնել Արցախը, բայց այն զորքը, որն անվանել են խաղաղապահ, ավելի լավ է անվանեին տեղահանման կամ բռնատեղահանման աջակցող զորք, որովհետև հենց իրենք են եկել մեր գյուղ, միացրել բարձրախոսները և հայտարարել, որ շուտ դուրս գանք տնից: Իրենք մեզ լավություն են անում…

Ասում են, թե ղարաբաղցիք թողել են տները, դա մերկապարանոց սուտ է: Ադրբեջանցիները գյուղի վերևում կրակում էին, տանը մնացած մարդկանց սպանության դեպքեր են եղել: Ես համալսարանում էի, երբ Մարտակերտից մարդիկ եկան այնտեղ պատսպարվելու: Ես ծանոթներ ունեմ, որ չեն հասցրել իրենց տնից գոնե նշանի մատանին կամ կուտակած փողը հանել:

Քանի՞ հոգի սրտի կաթվածից  մահացել ճամփին: Սա  տեղահանություն է, ժողովրդի նպատակային ոչնչացում: Թողել ենք մեր վաստակը, մանկությունը, գերեզմանները, աճեցրած ծառը, ամբողջ կյանքը….Պիտի դիմանանք այս վիճակին, ուժեղանանք…

step1.am/blog/2024/04/09/13966/

 

Սզնեք գյուղի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը նշել է, որ ագրեսիայի ժամանակ ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Արցախի բնակիչներին։

2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետեւանքով սպանվել է Արցախի Հանրապետության Սզնեք գյուղի մեկ քաղաքացիական անձ, երկու անձինք համարվում են անհետ կորած, այդ թվում՝ Սզնեքի գյուղապետի հայրը։ Երկու քաղաքացիական անձ գերեվարվել եւ վերադարձվել են, եւս չորս անձ գերեվարված են եւ գտնվում են Բաքվի բանտերում։ Այս տվյալները step1.am-ի հետ զրույցում ներկայացրեց Սզնեքի գյուղապետ Էդվարդ Մուսայելյանը։

Զոհված քաղաքացիական անձը նախ համարվում էր անհետ կորած, բայց հետո նրա դին հայտնաբերվել է անտառում։ Ըստ գյուղապետի՝ պարզ դարձավ, որ ուժի գործադրում էր եղել, հրազենային վնասվածք չկար, բայց այլ վնասվածքից էր մահացել։ Իսկ երկու անհետ կորածների մասին, ըստ Մուսայելյանի, ոչ մի տեղեկություն չկա, չնայած, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով աշխատանք է տարվում այդ ուղղությամբ։

«Գյուղի տարեցներին մի կերպ մեքենայով տեղափոխել էինք Խաչմաչ գյուղ, որտեղ նրանք մնացել են մեկ օր՝ սեպտեմբերի 19-ին։ Արդեն գիշերը Խաչմաչն էլ էր անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հետագայում գերությունից վերադարձած երկու անձինք պատմել են, որ միասին սեպտեմբերի 20-ին փորձել են ոտքով անտառի տարածքով դուրս գալ Խաչմաչ գյուղից, բայց հորս ու մյուս անձին կորցրել են։ Երկուսն էլ տարեց մարդիկ են եկել, չեն կարողացել ոտքով շարունակել ճանապարհը։ Մոտավոր կոորդինատները հայտնի են, թե որտեղ են մնացել, բայց այս պահին փրկարարական ոչ մի աշխատանք չի տարվում»,- ասաց նա։

Էդվարդ Մուսայելյանը նշեց, որ հարձակման ժամանակ Արցախի բնակիչները ռուս խաղաղապահների կողմից պաշտպանություն չեն տեսել։

«2020 թվականի պատերազմից հետո, երբ ռուսական բլոկ-պոստերը տեղադրեցին, մեր բարձրացրած հարցերից մեկն այն էր, որ մեր գյուղի մոտ էլ լիներ բլոկ-պոստ, քանի որ գյուղը առաջնագծի մոտ էր․ տներից ադրբեջանական դիրքն ընդամենը 800-900 մետր հեռավորության վրա էր։ Գյուղի տներն ու դաշտերը նշանառության տակ էին գտնվում։ Երեք տարվա ընթացքում մշտական կրակոցներ են եղել, խանգարել են գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը, բայց մարդիկ ապրել են գյուղում, շարունակել են աշխատանքը։ Եվ մենք տարբեր խողովակներով խնդրում էինք, որ մոտակայքում ռուսական մի փոքր բլոկ-պոստ տեղադրեին, որովհետեւ իրենց պոստերը շատ հեռու էին։ Մեզ ամենամոտ պոստը մի 15 կմ հեռու էր՝ Շոշ գյուղից ներքեւ, դեպի Շուշիի հատվածը, մյուս պոստն էլ գտնվում էր Կարմիր Շուկայի հատվածում։ Մենք մտածում էինք, որ եթե լայնածավալ հարձակում սկսվեր, շատ դժվար կլիներ, մենք դա գիտակցում էինք։ Բայց, մյուս կողմից, որտեղ էլ որ կային ռուսները, համարյա թե ոչինչ չարեցին։ Ես գիտեմ, որ Շոշ գյուղում հետեւյալն է տեղի ունեցել՝ երբ մնացել են շրջափակման մեջ, ռուսները նրանց զինաթափել են ու տեղափոխել Ստեփանակերտ, դա են կատարել։ Բայց դա արդեն ռազմական գործողություններից հետո։ Իսկ գործողությունների պահին պաշտպանություն մենք չենք տեսել։ Մարդկանց հույսն այն է եղել, որ իրենց ներկայությունը կա, բայց պարզվեց, որ հուսախաբվել են»,- ասաց համայնքի ղեկավարը։

Մեր գյուղը հայտնվեց այդ վիճակում, գյուղի միակ ճանապարհը դեպի Ստեփանակերտ արդեն վերահսկում էին ադրբեջանցիները եւ գյուղի թիկունքային մասում արդեն դիրքավորվել էին։ Մենք շուտափույթ հասցրինք Խաչմաչ գյուղի դաշտային ճանապարհով մարդկանց տարհանել։ Էլի վախը կար, որ մեքենաները կգնդակոծեին, քանի որ բաց տարածք էր, իրենց աչքի առաջով էինք անցնում։ Դրա համար շատերը նախընտրեցին ոտքով տարհանվել, ովքեր կարող էին, մի քան կմ ոտքով հրետակոծության տակ տարհանվեցին։ Եթե նախօրոք հարձակման մասին ինֆորմացիա լիներ, մեզ տարհանման համար ընդամենը մեկ ժամ էր պետք, շատ հեշտ կկազմակերպեինք տարհանումը։ Բայց արդեն սկսվելուց հետո շատ դժվար էր, գրեթե անհնարին էր դա»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Էդվարդ Մուսայելյանի խոսքով՝ 2020 թվականից հետո արցախցիները վերադարձել էին այն հույսով, որ ռուս խաղաղապահները թույլ չէին տա լայնածավալ հարձակում։ «Փոքր միջադեպեր ու կրակոցներ միշտ եղել էին, մարդիկ դրան հարմարվել էին, չէին վախենում, բայց լայնածավալ հարձակմանը պատրաստ չէր Արցախի Պաշտապանության բանակը»,- ասում է մեր զրուցակիցը։ «Դրա համար բնակիչներն էլ սկսեցին բարձրանալ դիրքեր ու պաշտապանել իրենց տները»,- ասաց նա։

step1.am/blog/2024/02/02/10394/

 

Կարմիր գյուղից Գեգամ Մանվելյանը՝ սեպտեմբերի 19-ի էթնիկական զտումների մասին.

-Շատ է խոսվում արցախցիների Արցախ վերադառնալու մասին, ի՞նչ եք մտածում այդ ուղղությամբ։

-Ես համաձայն եմ հետ գնալ մեր երկիր, բայց մի պայմանով, որ նախ Արցախի սահմանը որոշվի, ոնց եղել է, թուրքը սահմանից էն կողմ, մենք՝ էս, փշալարով սահմանը կապած։ Մեր դիրքերն ու զինված ուժերն էլ կանգած։ Որից հետո կարող են միջազգային խաղաղապահներ էլ գալ, բայց նախ մեր զինված ուժերը պետք է լինի ու հստակեցված սահմանը։ Իսկ 2020 թվականի պայմաններով վերադառնալ, կամ գնալ Ադրբեջանի տիրապետության տակ ապրել, համաձայն չեմ։

-Իսկ եթե ռուս խաղաղապահները երաշխավորե՞ն։

-Ռուսների արածն արդեն տեսել ենք, ես էլ չեմ հավատում դրանց։ 2020 թվականին հավատացել, գնացել եմ, վարկ վերցրել տուն կառուցել։ Համոզված էի, որ մինչև 2025 թվականը ապահով ու անվտանգ կլինենք։ Ու՞ր եմ հիմա․․․

step1.am/blog/2024/02/28/11799/

 

Արցախի Մարտակերտի շրջանի Մագավուզ համայնքի ղեկավար Հրանտ Շիրինյանը.

«Երբ սկսվեց 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, չնայած սննդի և վառելիքի բացակայությանը, մենք բոլորս առաջնագծում էինք։ Կարծում եմ, եթե ռուս խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերից կատարեին իրենց պարտավորությունները, մենք չէինք կորցնի Արցախը։ Դիրքերում մեր զինվորականները կռվել են, պաշտպանել հողը, տունը, հարազատներին։ Ու զոհվել։ Մեզ ուղղակի աջակցություն էր պետք»:

step1.am/blog/2024/04/01/13452/

 

63-ամյա Էլմիրա Աբրահամյանը Խնկավան գյուղից մոտ տասը օր անցկացրել է ադրբեջանական գերության մեջ։

«Վախենում էին, կարող էին գալ ու սպանել։ Մեր տունը գյուղի սկիզբն էր, առաջինը մեր տուն են մտել, սնայրադները ընկնում էին մեր դեմը, ծառերը կտրվում ընկնում էին գետին»,-Էլմիրա Աբրահամյանն ու ամուսինը տեսնելով, որ Խնկավանում մնալն անհնարին է, տեղափոխվել են այլ գյուղ՝ Հարությունագոմեր։

«Անտառով գնում էինք, մի հատ փոս կար, ընկա, ձեռքս կպավ քարին, կոտրեցի։ Զոռով վեր կացա, հասզիվ գնացինք այդ գյուղ։ Հասանք, տեսա, որ աղջկաս պատրոնը (սկեսրայրը) դեռ տանն է»,-այստեղ հասնելուց հետո նրանց գյուղապետն ասել է, որ այս գյուղից էլ պետք է հեռանան։ «Պետք է գնայինք Հորաթաղ, որ մեզ զինվորականները տեղափոխեին, բայց չհասցրեցինք, գնացել էին։ Գնացինք գյուղի վերջը շաքարս բարձրացավ, էլ չէի կարողանում քայլել, ամուսինս չէր ուզում ինձ թողներ, ասում էր՝ մնաս, քեզ ի՞նչ կանեն, պատասխանեցի՝ բա, որ դու ու աղջկաս սկեսրայրն էլ մնան, ձեզ էլ սպանեն, ինչ կլինի»։

Գերության մեջ հայտնված Էլմիրա Աբրահամյանը նաև մի սարսաթելի դեպքի մասին է պատմում, որը տեղի է ունեցել Հոռաթաղում։ «Այդտեղ մի կին էլ կար, նա փախավ գնաց ուրիշ տուն, ինձ հարցրեցին տեսե՞լ ես, ասացի՝ չէ։ Նրան տարել են զինվորների հուշարձանի մոտ մորթել են։ Մի 35-40 տարեկան կին էր, Հոռաթաղ գյուղից էր»։

step1.am/blog/2024/02/05/10527/

 

Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Արթուր Հարությունյանը՝ արցախցի հայերի զանգվածային արտագաղթի պատճառների մասին.

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման առաջին ժամերից ամբողջությամբ խափանվել են ենթակառուցվածքները՝ էլեկտրամատակարարում, բջջային կապ, ինտերնետ։

Արդեն սեպտեմբերի 22-ին Արցախի բոլոր շրջանները, նրա խոսքով, կտրվել են մայրաքաղաք Ստեփանակերտից։ Մարտակերտի շրջանն ամբողջությամբ շրջափակվել է, Մարտունու շրջանը Ստեփանակերտին կապող երկու ճանապարհներ անցել են ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ, հավելել է պետնախարարը։

Մարտակերտի, այնուհետև Մարտունու և Ասկերանի շրջանների բնակիչների տարհանումը շարունակվել է նաև հաջորդ օրերին՝ արդեն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ասաց Հարությունյանը։

(https://golosarmenii.am/article/195601/gosministr-o-prichinax-massovogo-isxoda-armyan-iz-arcaxa_

 

Հասմիկ Վերդյան, Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ.

Օրը սովորական աշխատանքային էր սեպտեմբերի 19-ին: Արցախի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներ կային: Կեսօրին պայթյունների ձայներ լսվեցին: Դրանց ձայները գնալով ուժգնանում եւ ավելի էին մոտենում: Բուժանձնակազմը սկզբից հանգիստ էր, բայց հետո հասկացան, որ շրջափակված Արցախը միայնակ պատերազմի մեջ է հայտնվել: Պայթյուններից մոտ 20 րոպե անց մանկական հիվանդանոց են տանում առաջին քաղաքացիական զոհ դարձած երեխային՝ 11-ամյա մի տղայի, որը Ստեփանակերտից էր: Երբ դպրոցում սկսվել էր տարհանումը, վազվզոցի, տագնապի մեջ երեխան վախից կաթված էր ստացել: Նրան արդեն մահացած վիճակում էին տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները 40 րոպե ռեանիմացիոն սարքերով փորձում էին փրկել, բայց անկարող էին: Հետո պարզվեց, որ երեխան պոլիկլինիկայի բուժաշխատողներից մեկի թոռն էր:

«30-քանի տարվա ռեանիմատոլոգ եմ, չեմ տեսել, որ 11 տարեկան երեխան սրտի կայծակնային ինֆարկտ ստանա»,- ամիսներ անց Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ իր նոր աշխատավայրում, հիշում է Հասմիկ Վերդյանը: Նա 1995 թվականից աշխատել է Արցախի մանկական հիվանդանոցում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

Սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսված պայթյուններից շատ չանցած՝ մեծ թվով վիրավոր երեխաներ էին տարել հիվանդանոց: «Սառնաղբյուրի դեպքը երեւի լսել եք, երբ գյուղապետը երեխաներին հավաքել էր մի տեղ, որ հանի, Աղդամից մինամյոտով ուղիղ խփել էին էդ երեխաների վրա՝ հա՛մ զոհվել էին, հա՛մ վիրավորներ էին եղել, որոնց իրար հետեւից հիվանդանոց են բերել։ Մենք ընդունեցինք նրանց: Երեխաներ կային, որ մեր վիրաբույժները 5 ժամ վիրահատել են։ Տարբեր աստիճանի ծանրության վիրավորման դեպքեր են եղել»,- ասում է ականատես բժիշկը:

Սեպտեմբերի 19-ին մանկական ընդունված երեխաներից մեկը Սառնաղբյուրում զոհված երկու եղբայրների՝ Նվերի ու Միքայելի երրորդ եղբայրն էր՝ Նարեկը, որը գլխուղեղի ծանր վիրավորում էր ստացել: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ Հասմիկ Վերդյանի, ցույց էր տվել, որ ադրբեջանցիները կտրել էին սպանված երեխաների պարանոցները:

https://hetq.am/hy/article/162599

 

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյան.

Սեպտեմբերի 19-ին՝ մեր դիրքերի վրա հարձակում սկսելուց 40 րոպե անց, ադրբեջանցիները սկսեցին գնդակոծել մեր գյուղը։ Չմնաց մի տեղ, որ ռմբակոծված չլինի։ Բառերը չեն կարող նկարագրել, թե ինչպես են հարվածել դպրոցի շենքերին, գյուղապետարանին, բնակելի շենքերին։ 10 անգամ մենակ մեր տանը խփեցին։

Ադրբեջանցիներն այնպիսի ինտենսիվությամբ են կրակել գյուղի ուղղությամբ, որ նույնիսկ բնակիչների տարհանումը չի հաջողվել։ Հարձակման տակ էր նաև գյուղը մնացած Արցախի հետ կապող միակ ճանապարհը, որը տանում էր դեպի հարեւան Կիչան և միանում մայրուղուն։

Մոտ 60 մարդ, այդ թվում կանայք և երեխաներ, ոտքով փախել են անտառ: Անտառում մի կամուրջ կար, որը հստակ չէր երեւում, բայց նույնիսկ դրա վրա ադրբեջանցիները կրակեցին։ Տեսնելով, որ սրանում էլ փրկություն չկա, բնակիչները շարժվեցին առաջ։ Նրանք անտառում մնացին 26 ժամ, այնտեղ անցկացրին նաեւ սեպտեմբերի 19-ի գիշերը։ Նրանց հետ ևս երկու ամսական երեխա կար… Մտածում էինք, որ մի քանի ժամում կկարողանան հասնել Առաջաձոր։ Գիշերվա ժամը երկուսին ես մի քանի համագյուղացիների հետ գնացինք Առաջաձոր, բայց այնտեղ մարդ չգտա։ Մտածեցինք՝ գուցե փոխել են երթուղին և մտել Չլդրան, քանի որ հրետակոծությունը շարունակական է եղել։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան՝ ժամը 11:00-ի սահմաններում, մարդիկ են հայտնվել Առաջաձորի դիմացի բլրի վրա։ Մոտեցանք ու տեսանք, որ սրանք մերոնք են…

Գյուղապետի խոսքով՝ ճանապարհին, անտառում, 35-ամյա երիտասարդ է մահացել՝ հավանաբար իր ապրած սարսափից։ Նոր Ղազանչիի բնակիչները մի քանի ժամ մնացին Առաջաձորում. Նույն օրը՝ սեպտեմբերի 20-ին, գյուղացիները տեղափոխվել են Իվանյան և Ստեփանակերտ։

«Մի քանի օր ուտելու բան չկար։ Մարդիկ գյուղից հեռացել են՝ առանց որևէ բանի, միայն իրենց հագած շորերով։ Նրանք նույնիսկ տուն գնալու ժամանակ չեն ունեցել։ Մի քանի օր առաջ մնացած ցորենը՝ մոտ վեց տոննա, տեղափոխեցինք, աղացրինք, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք գոնե մեկ պարկ ալյուր ստանա։ Սեպտեմբերի 21-ին մի քանի հոգի մտել են գյուղ՝ ալյուրը վերցնելու, սակայն ելքի մոտ չորս կողմից արդեն նկատել են ադրբեջանցիների՝ մոտ 200 մետր հեռավորության վրա։ Երբ նկատեցին մեր ժողովրդին, սկսեցին ավտոմատով կրակել»։

(http://russia-artsakh.ru/node/17682)

 

43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղից է.

43-ամյա Իրինա Գրիգորյանը Ասկերանի Սարուշեն գյուղից է: Նա ասում է, որ դադարել է որեւէ բան հասկանալ կամ զգալ, չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։

«Սեպտեմբերի 19-ին ժամը 14:10 առաջին ռմբակոծությունը լսեցինք, մոտակայքում էր: Մենք խուճապի մատնվեցինք, երեք ժամ գյուղում մնալուց հետո գյուղապետը տեղեկացրեց, որ պետք է գնանք մոտակա մարզադաշտը, որ տղամարդիկ կարողանան գյուղը պաշտպանեն: Հետո ասացին` չէ, մարզադաշտը ապահով չէ, պետք է գնանք անտառներ: Անտառների միջով երկար ճանապարհ գնացինք, մանուկ, երեխա, կին, անցանք, երկու ժամ մնացինք  անտառում, բոլորով հավաքվեցինք, որ հասկանանք, թե ինչ է լինում, հնարավոր չէր երկար մնալ, գետինը խոնավ էր, որոշեցինք հասնել մոտակա գյուղ: Անցանք հասանք մոտակա գյուղ, գիշերվա կեսին  գյուղապետը ավտոբուսներով եկավ, թե պետք է գնանք քաղաք, էլ ճար չկա: Շատ զոհեր ունեինք, բայց գյուղը էլ չէր լինի պահել, գյուղը դատարկ էր: Եկանք քաղաքի նկուղներ, գիշերը մնացինք, հետո տարան օդանավակայան, այնտեղ էլ օրը չթամամած ասացին` ով բարեկամ ունի, թող գնա, ով էլ չունի, թող մնա, տեսնենք, թե  ինչ է լինում: Մամաս քաղաքում էր, գնացինք իր տուն, մնացինք:  Հետո իմացանք, որ մեր պապիկին սպանել են… Նա մեծ մեքենա ուներ, դրանով ուզում էր գար մեր հետեւից, երբ մենք անտառներում էինք: Չգիտեր, որ դեպի քաղաք տանող ճանապարհը արդեն թուրքերը վերցրել էին: Հետո ենք իմացել, որ նրան հենց ճանապարհին սպանել են»,- պատմում է Իրինան:

Սարուշեն գյուղի բնակիչները՝ շուրջ 400 հոգի, հրաշքով են դուրս եկել ադրբեջանական շրջափակումից ու փրկվել։ Սարուշենն Ասկերանի շրջանում է։ Հարձակումը դիրքերի ուղղությամբ սկսվել է առավոտյան 11:00-ից։ Դիրքերը գյուղից հեռու են 200-300 մետր։

step1.am/blog/2024/01/30/10254

 

72-ամյա Գեմմա Մարադանյան Սառնահրուր գյուղից.

72-ամյա Ջեմմա և 37-ամյա Լիպարիտ Մարդանյանները առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Վերջիններս իրենց համագյուղացի ևս 2 կնոջ հետ ադրբեջանական գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 20-ին։ Թե ինչ է կատարվել նախքան Ստեփանակերտ վերադառնալը՝ մայր ու որդի դժվարանում են պատմել։

«Ծեծել են, անխնա ծեծել են, հաշվի չառնելով, որ վիրավորում ենք ստացել, որ անգամ քայլել չենք կարողանում։ Որտե՞ղ է գրված, որ տարեց կնոջ հետ այդպես վարվեն, մանավանդ բժիշկ կոչվածը, որ «կամեռաների» առաջ ժպտում է, հոգ տանում, քաղցրավենիք հյուրասիրում, ստիպում մենք էլ ժպտանք։ Հետո, երբ անջատում ու էլ չեն նկարում՝ սպառնում էին, ծեծի ենթարկում»,- հիշում է Ջեմմա Մարդանյանը։

Կտտանքների ենթարկելով սառնաղբյուրցի խաղաղ բնակիչներին՝ նրանց նախ ոտքով հասցրել են ադրբեջանական հենակետ, այնտեղից տարել Ակնա (Աղդամ)։ Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ հասցրել են բուժծառայության համար նախատեսված տնակներ, մտածել են, որ փրկվել են, այնինչ բժիշկներն իրար հերթ չտալով` մի կողմից բուժել, մյուս կողմից տանջել են հայ գերիներին։

«Դա հիվանդանոց չէր, այլ նման էր բանտախցի, որտեղ սպիտակ խալաթի տակ թաքնված մարդասպաններ են։ Երբ բժիշկը մտնում էր իմ սենյակ, «ադեալը» գցում էի դեմքիս, հետո ուժեղ հարվածները զգում մարմնիս վրա։ Այդ ժամանակ ես միայն Լիպոյի մասին եմ մտածել։ Եթե ինձ ծեծում են, բա Լիպարիտին ի՞նչ են անում»,- հիշում է  իր ապրումները կինը։

Այդ օրերին ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով ցուցադրում էին հայ գերեվարվածների մասին տեսանյութերը, թե իբր վերջիններս չեն ցանկացել հեռանալ գյուղից, հայերն են կրակել նրանց ուղղությամբ, իսկ իրենք «ջանասիրաբար» մարդասիրական օգնություն են ցուցաբերում։ Մինչդեռ, տեսախցիկների հակառակ կողմում՝ անպատմելի ցավ ու տանջանքներ են, կտտանքներ, որոնց միջով անցել են նաև մայր ու որդի Մարդանյանները։

step1.am/blog/2024/02/09/10751/

 

Այդ մարտում ընկավ Անդրանիկ Հարությունյանը

Օրինակելի ու նվիրված զինվորական էր։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նրա վերջին կռիվը Խնապատ – Խրամորթ տարածքում էր։ Սեպտեմբերի 19-ին սկսված ցեղասպան պատերազմը ծանր վիճակի մեջ էր դրել այդ գյուղերը, դեմից Ակնան էր, իսկ թիկունքին դեռ 2022 թվականի մարտի 24-ին ռուսների կողմից դավադրաբար հանձնված Քարագլուխ-Շիկաքարի բարձունքը, ինչը հատկապես Խրամորթի պաշտպանության հնարավորությունը հասցրել էր զրո-յի, բայց տղաները որոշել էին կռիվ տալ, մասսայական կոտորածից բնակիչներին փրկելու համար։

step1.am/blog/2024/02/11/10811/

 

Սարսափների կյանքը՝ սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուրում.

Մի քանի ժամ անց արկերը սկսեցին թռչել տան վրայով, շատ մոտ։ Բոլորը հասկացան, որ պատերազմ է, և արագ սկսեցին տնից դուրս փախչել, դեպի անտառ, ձոր՝ փորձելով թաքնվել այնտեղ։ Ամուսինը վստահ էր, որ խաղաղ բնակիչներին, որոնց մեծ մասը երեխաներ են, չեն հարվածի, կհարվածեն անցակետերին։

Այդ առավոտ շատ մեծահասակներ գործերով գնացին քաղաք: Շրջափակման ժամանակ մարդիկ փորձում էին վառելիք օգտագործել խնայողաբար, ուստի մի քանի հոգի օգտվելով առիթից՝ մեկ մեքենայով գնացին քաղաք։ Գարիկն ու Օքսանան հավաքեցին հարևան տներից բոլոր երեխաներին ու վազեցին դեպի ձորը։ Գյուղում ռմբապաստարան չի եղել, ինչի մասին մի քանի անգամ փորձել են փոխանցել իշխանություններին ու խաղաղապահներին։

Հայրը փորձել է կապ հաստատել մարզկենտրոնի հետ, օգնություն կանչել, ինչպես ավելի ուշ հայտնել են, նրան լսել են, բայց ոչ ոք չի կարողացել գալ։

Առաջին անօդաչուն ռումբ է նետել ուղիղ ամբոխի մեջ: Ամբոխ՝ երեխաների մի ամբողջ փունջ:

Շրջվելով՝ Օքսանան տեսել է որդուն, նա պառկած էր անգիտակից վիճակում՝ գլխից վիրավոր, իսկ Օքսանայի մայրը պառկած էր նրա կողքին։ Մինչ նա փորձում էր գիտակցել կատարվածը, մինչ ամուսինը վազում էր այնտեղ, ևս երկու ռումբ են նետել նրանց վրա։

Այս խառնաշփոթի մեջ Օքսանան մտածում էր միայն որդու մասին, որը դեռ շնչում էր։ Նրա ոտքն այրվում էր, բայց  ուշադրություն չդարձրեց դրա վրա, նա պարզապես կանչեց ամուսնուն և շատ էր ուզում չկորցնել գիտակցությունը, քանի որ հասկանում էր, որ ոչ ոք չի կարող օգնել ամուսնուն որդուն տեղափոխել մեքենա:

Ինքն էլ արյունահոսում էր, բայց գերմարդկային ջանքերով օգնեց ամուսնուն որդուն նստեցնել մեքենան և միասին, թողնելով այնտեղ մի քանի մահացած երեխաների, մորն ու սկեսրայրին, մեքենան սեղմեցին ևս 12 երեխաների և տարան Ասկերան…

«Մենք նայեցինք միմյանց և առանց խոսքերի հասկացանք, որ մորս և նրա հորը չենք կարող փրկել, մենք պետք է թողնեինք նրանց այնտեղ, իսկ մնացածին դուրս հանեցինք», – ասում է Օքսանան:

Ճանապարհին նրանք տեսել են ռուս խաղաղապահներին ու խնդրել դուրս բերել մնացած չափահասներին ու սպանվածներին։

24-ին գյուղ են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ովքեր հանել են ջարդից հետո մնացած բոլոր դիակները։

step1.am/blog/2024/04/03/13614/

 

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru

f