Միջազգային հանրությունը Արցախի հարցը փակված չի համարում

  • 11:12 16.04.2024

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Step1.am-ի համար.

2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ սանձազերծած պատերազմից, Արցախի Հանրապետության ինքնալուծարումից և հայ բնակչության բռնի տեղահանումից հետո առաջին պլան մղվեց Հայաստանի անվտանգության խնդիրը։

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը որպես անվտանգության հիմք ընդունել է «լեգիտիմության» հայեցակարգը, ըստ որի՝ արտաքին քաղաքականությունից պետք է հանվեն նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններից դուրս գտնվող բոլոր խնդիրները։ Հայաստանը հայտարարեց, որ չունի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև արցախցիների՝ իրենց տներ հավաքական վերադարձի խնդիր։

Արցախի ժողովրդի խնդիրը հանգել է բացառապես հումանիտար խնդիրների։ Բայց նույնիսկ այնտեղ հարցականի տակ դրվեց միջազգային կառույցներում արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակահարմարությունը։ Հայաստանի կառավարությունն առաջնահերթ է համարում բռնի տեղահանած բնակչությանը հայ հասարակությանը ինտեգրելու խնդիրը։ Կարծիք կա, որ նման քաղաքականությունը կարող է Հայաստանի Հանրապետությանը ապահովել միջազգային աջակցություն անվտանգության ապահովման գործում։

Հասկանալի է, որ այս մոտեցմամբ Արցախի ժողովրդի ցանկացած գործունեություն Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ղեկավարության գործունեությունը համարվում է Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգ։ Շատ հաճախ Արցախի նախագահի և խորհրդարանի ցանկացած գործունեություն ենթարկվում է սուր քննադատության։

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է պնդել, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը կարող է գործունեություն ծավալել իր շահերի պաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը։ Մասնավորապես, վտարանդի կառավարությունը կարող է ծավալել իր գործունեությունը մեկ այլ, բարեկամական երկրում։

Արցախի նախագահն արդեն հայտարարել է, որ Արցախի Հանրապետության ինքնալուծարման մասին իր հրամանը անօրինական է և թելադրված էր բնակչությանը վերահաս ցեղասպանությունից փրկելու համար պայմաններ ապահովելու ցանկությամբ։

Փաստորեն բաց է մնում նաեւ Արցախի կարգավիճակի որոշման հարցը։ Ավելին, միջազգային հանրությունը չի համարում արցախյան հիմնախնդիրը փակված և պաշտպանում է արցախցիների՝ միջազգային վերահսկողության տակ հայրենիք վերադառնալու իրավունքը։