Հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել․ ԱՄՆ դժգոհությունն ակնհայտ է

  • 21:15 28.04.2024

«Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ»,-  հայտնում են կառավարությունից։

Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, և ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:

Ըստ Երևանի ու Բաքվի հայտարարության՝ նրանք «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Տավուշում սահմանազատման գործընթացն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում, այդ թվում՝ Երևանում:

Փաշինյանն ու Բլինքենն այսօրվա հեռախոսազրույցում ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարևորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում:

«Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաև նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը», – նշել է կառավարությունը հաղորդագրության մեջ:

Բացի այդ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ապրիլի 5-ի պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ դրանք արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, և հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել:

Հայաստանի մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ևս անդրադարձ է եղել։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն արտահայտում է նախորդ հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր պայմանավորվածությունները, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության ու իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով:

Այս նախաձեռնության վերաբերյալ Բաքուն մինչև օրս դիրքորոշում չի հայտնել։

Ամերիկյան կողմը դեռ չի հաղորդել հեռախոսազրույցի մասին։ Պետքարտուղար Բլինքենն ավելի վաղ ողջունել է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնությունը՝ որպես սահմանազատման հիմք։

“Ապրիլի 5-ի հանդիպումը որևէ գաղտնի օրակարգ չի ունեցել”, ասել է Փաշինյանը այդ հանդիպման մասնակից Բլինքենին, կարծես, արդարանալով ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի համար։ Արդյո՞ք ապրիլի 5-ի հանդիպմանը Փաշինյանը, Բլինքենը եւ Ֆոն դեռ Լեյենը պայմանավորվել են, որ Հայաստանը շտապ եւ հապճեպ “սահմանազատում” է սկսում՝ առանց պետական եւ միջազգային օրենքների պահպանման։ Հիշեցնենք՝ Ալիեւը ասել է, որ դա երկկողմ գործընթաց է, եւ միայն այդ ֆորմատով կարելի էր հասնել նման արդյունքի։ 

Ի՞նչ է հարցրել Բլինքենը Փաշինյանին, որին ի պատասխան նա արդարացել է, որ գաղտնի օրակարգ չի եղել։  Հայաստանի կառավարության հաղորդագրության տոնայնությունն այնպիսին է, որ ակնհայտ է ԱՄՆ դժգոհությունը։