Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բողոքի ակցիա է անում կառավարության շենքի մոտ։ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների երեկ ստորագրած արձանագրությանը։
«Սա սահմանազատման եւ սահմանագծման հետ որեւէ աղերս չունի, սա միակողմանի պահանջ է, եւ այդ միակողմանի պահանջը բավարարվել է։ Հայկական 31 բնակավայրերի հարց կա, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են, դուք կարդացե՞լ եք Ադրբեջանն ինչ է ասել, իրենց փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի գրասենյակի պատասխանն այն է, որ մոռացեք այդ 31 բնակավայրերի մասին, մենք ասել ենք՝ այս պահանջը բավարարեք։ Այսինքն՝ եւս մեկ անգամ ՀՀ տարածքներից եւս մեկ կտոր զիջվում է ապօրինի սահմանազատման-սահմանագծման անվան տակ, եւ որեւէ երաշխիք չկա, որ դրանից հետո անվտանգությունը կապահովվի։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ 7 օր անվտանգ եք լինելու, 8-րդ օրը կարող է պատերազմ լինի։ Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանից հայտարարություն եղավ, որ եթե հանկարծ ձեր ուժերը չբավարարեն՝ ճնշելու ժողովրդի ընդվզումը, մենք ձեզ կօգնենք, որ այդ դժվար վիճակից դուրս գաք։ Սա խայտառակություն է, թե՞ ոչ, սա որեւէ հայ մարդու պատի՞վ է բերում»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ ըստ այս գործընթացի՝ Կիրանցի կամուրջը, որոշ տներ հանձնվելու են Ադրբեջանին, գյուղը դպրոցի մոտից կիսվելու է երկու մասի։ «Սա սահմանազատում-սահմանագծո՞ւմ է, ՔՊ-ն առանց հասկանալու խոսում է, իրենք Հայաստանի ոչ մի տարածք էլ հայկական չեն համարում, ասում են՝ մեր ադրբեջանցի զինվորները։ Հիմա իրենց ադրբեջանցի զինվորները կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում, եւ կասեն՝ շատ լավ սահմանազատում-սահմանագծում է»։ Հարցին, թե որքա՞ն գույք է անցնում ադրբեջանական վերահսկողությանը, Գառնիկ Դանիելյանը պատասխանեց․ «50 կադաստրի վկայական այս պահին ինձ մոտ կա, դրանք եւ տներ են, եւ այգիներ են, եւ ֆերմաներ են, եւ առեւտրի կետեր են։ Դա միայն Կիրանց գյուղում»։
Անդրադառնալով իշխանության տարածած այն տեղեկատվությանը, թե Կիրանցից երկու գյուղ է անցնելու Ադրբեջանին, փոխարենը ադրբեջանական տասնյակ տներ անցնելու են Հայաստանի վերահսկողության տակ, պատգամավորն ասաց․ «Սուտ են ասում, չեն էլ ամաչում։ Այսինքն՝ ադրբեջանական ի՞նչ տներ են անցնելու մեզ, ախր այդ գյուղերը մինչեւ այս պահը մեր վերահսկողության տակ են եղել։ Ինչի՞ մասին է խոսքը, սա ցնորամատություն է։ Մարդը 4 գյուղ իրա հողերով տալիս է, դա ներկայացնում է որպես հաջողություն։ Ադրբեջանը մեզ հող չի տալիս, ասում է՝ ձեզ տալու ոչ մի բան չկա»։
Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ Կիրանցի բնակիչներն այսօր զանգել են իրեն ու ասել, որ այրելու են իրենց տները․ «Կիրանց գյուղ չի լինելու փաստորեն։ Ոչ թե մենակ Կիրանց գյուղը չի լինելու, ես ուզում եմ այս ժողովրդը հասկանա՝ նաեւ հարակից գյուղերի հարցն է, արտագաղթ է սկսելու, այդ տարածքներում մարդ չի մնալու, այդ գյուղերի հատվածը դատարկվելու է, ադրբեջանցիներ են գալու բնակեցվեն։ Դա ՀՀ դարպասն ու բանալին է, մենք հիմա դարպասն ու բանալին հանձնել ենք թշնամուն»։
Ըստ պատգամավորի՝ պետք ճնշել, որ այս իշխանությունը հրաժարական տա, պետք է ազգովի ոտքի կանգնել։ Հաջորդիվ դարձյալ 4 գյուղի պահանջ է ներկայացվելու Հայաստանին, պետք է այդ գործընթացի դեմ պայքարել։ «Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց են դնելու, ռեպարացիաների հարց են դնելու։ Բաղանիս գյուղում 1990-ականների ազատամարտին մասնակցած մարդիկ հիմա հետախուզվում են Ադրբեջանի կողմից։ Ինքը այդ պահանջները չի ներկայացնելո՞ւ, պահանջ է դնելու ՀՀ իշխանությունների առաջ, ասելու է՝ այն մարդիկ, որոնք մասնակցել են 1990-ականների ազատամարտին, այդ մարդկանց հանձնեք, թե չէ պատերազմ ենք անելու։ Գալու են ասեն՝ կներեք, չենք կարա ձեզ չհանձնենք, ձեզ որ չհանձնենք, պատերազմ է լինելու։ Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, այդ պահանջները օդից չեն։ Խաղաղության անվան տակ այդ փաստաթուղթը, որ կա, խայտառակություն է, դա նորից հերթական աղետն է այս ժողովրդի համար»։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: