Իրանա-իսրայելական «խաղը» փոխեց միջազգային քաղաքականության տրամաբանությունը. երեք կարևոր իրադարձություն

«Իրան-իսրայելական պատերազմից հետո արդեն երեք կարևոր իրադարձություն է տեղի ունեցել՝ Ֆրանսիան Ադրբեջանից հետ է կանչել դեսպանին, Ռուսաստանի խաղաղապահ զորքերը դուրս են գալիս Արցախից, վաղը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու պահանջը։ Կարծում եմ՝ Պաղեստինը կճանաչվի։ Եվ նաև Ուկրաինայում պատերազմը կդադարեցվի, այնուամենայնիվ, Ռուսաստանի պայմաններով»։

Այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ Step1.am-ի համար մեկնաբանելով ապրիլի 17-ին Կրեմլի կողմից Լեռնային Ղարաբաղից ռուսական զորքերի դուրսբերման հաստատումը։

Քաղաքագետը չի բացառում, որ «Ռուսաստանն ընդհանրապես կլքի Հայաստանը, եթե առավելություններ ստանա Ուկրաինայում, ինչի մասին բազմիցս ասել են ռուս քաղաքագետները»։

«Ամեն դեպքում, ԱՄՆ-ի հովանավորությամբ իրանա-իսրայելական «խաղը» մեծապես փոխել է միջազգային քաղաքականության տրամաբանությունը»,- նշել է Սարգսյանը։

Ալվարդ Գրիգորյան

Ես չեմ հիշում Հայաստանում այսպիսի արտառոց դեպք․ Ժաննա Ալեքսանյան

«Հայաստանի ոստիկանությունը չի բարեփոխվի, քանի դեռ կան քաղաքական իշխանության պատվերները»,- step1.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու համար մեղադրանք է առաջադրվել Սամվել Վարդանյանին։ Երբ երիտասարդին ձերբակալել ու Քննչական կոմիտեից տեղափոխել են ձերբակալվածների պահման վայր, ճանապարհի նա դիմակավորված անձանց կողմից խոշտանգվել է։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա արտառոց դեպք է՝ լինելով ոստիկանության հսկողության տակ, անձը խոշտանգվել է։ «Հիմա ոստիկանության այս դեպքն ինչպե՞ս բնորոշենք, մարդը ոստիկանների հսկողության ներքո է եղել, եւ բանդան՝ սեւ դիմակներով մարդիկ հարձակվել են, քաղաքացուն ծեծել, նսեմացրել ու խոշտանգել են։ Սա արտառոց դեպք է, ի դեպ՝ ես չեմ հիշում Հայաստանում այսպիսի արտառոց դեպք, Մարտի մեկի դեպքերը հիշեցի։ Այն ժամանակ գործել են օլիգարխների ախռանաները՝ ձեւավորելով բանդաներ, ծեծել են մարդկանց։ Այսինքն՝ նախկին իշխանությունների ժամանակ բանդաներ էին գործում, եւ այս դեպքը ինձ դա հիշեցրեց՝ ոստիկանները լքում են միայնակ քաղաքացուն, եւ այս բանդան է հարձակվում։ Սա ինքնադատաստա՞ն է, ի՞նչ է, ինչի՞ համար, ՔՊ-ական պատգամավորներին վիրավորելու համա՞ր, բայց դրա համար դատարան ու օրենք կա։ Սա իրոք արտառոց դեպք է եւ եթե անպատիժ մնա, ուրեմն շատ վատ է, որ այս իշխանությունը նույն ճանապարհն է ընտրել»,- ասաց նա։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի՝ բացահայտելու այս դեպքը։ «Հիշո՞ւմ եք, Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ես առավոտյան եկա աշխատանքի, ոստիկանությունն արդեն գործողություններն արել էր Ազատության հրապարակում։ Այսինքն՝ ասում էր, որ ինքը տեղյակ չին եղել։ Այս իշխանությո՞ւնն էլ պետք է ասի, որ ինքը տեղյակ չի եղել։ Իշխանությունը պարտավոր է, իր պատասխանատվության տակ է այս դեպքը։ Առաջին հերթին սա ոստիկանության պատասխանատվության տակ է, բայց քանի որ այստեղ տեսնում ենք քաղաքական պատվերի հետքը, դրա համար պետք է իշխանությունները բացահայտեն, պետք է իրենց մաքրեն, եթե ուզում են։ Սա սարսափելի դեպք է ինձ համար»,- հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունն այսպես վարվում իրենց քննադատող քաղաքացիների հետ, փորձում են վախի մթնոլո՞րտ ստեղծել, իրավապաշտպանը պատասխանեց․ «Դժվար է տրամաբանություն գտնել, բայց կարծում եմ, որ պաշտպանել են ՔՊ-ական պատգամավորին։ Ես տեսա այդ կադրերը, որ պատգամավորն ինքն էլ էր հարվածում։ Ինչո՞ւ է իշխանությունն այսպես անում, երեւի նրա համար, որ մարդիկ չհամարձակվեն ՔՊ-ականների որեւէ բառ ասել, սամասուդ են լինելու։ Սա սամասուդի տիպիկ օրինակ է»։

Որտեղից Իսրայելը կարող է հարվածել Իրանին. Արցախում արդեն պլացդարմ է ստեղծվել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը Իրանին և Իսրայելին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել՝ կապված Մերձավոր Արևելքում մեծ հակամարտության սպառնալիքի հետ։

Բարբոքը գտնվում էր Իսրայելում՝ ճգնաժամի կարգավորման բանակցությունների համար։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել արեւմտյան երկրներին Իրանի հարձակումը հետ մղելու հարցում Իսրայելին աջակցելու համար, սակայն որոշում կայացնելիս հայտարարել է Իսրայելի անկախությունը։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հրեական պետությունը որոշել է հակահարված տալ Իրանին՝ շաբաթավերջին իրականացրած օդային հարձակման համար, հայտնում է Reuters-ը։

«Մենք հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս պակաս նպաստեն իրավիճակի սրմանը», – հավելել է Քեմերոնը:

Մեծ Բրիտանիան ցանկանում է տեսնել Իրանի դեմ G7-ի երկրների կողմից համակարգված պատժամիջոցները, երբ G7-ի արտաքին գործերի նախարարներն այս շաբաթ հանդիպեն Իտալիայում, ասել է նա:

Իրանի իշխանությունները պատրաստվում են Իսրայելի պատասխան հարվածին իրանական տարածքի ուղղությամբ և իր անձնակազմի ու վստահված անձանց դեմ գրոհներին` այլ երկրների տարածքում: Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը։

Թերթի տվյալներով` Իրանն ապրիլի 17-ին հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը պատրաստում է հարվածների, իսկ իր ռազմածովային նավատորմը կսկսի Կարմիր ծովում ուղեկցել իրանական առևտրական նավերին:

«Թեհրանը նաև սկսել է անձնակազմի տարհանումը Սիրիայում գտնվող օբյեկտներից, որտեղ մեծ ներկայություն ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», – հրատարակությանը հայտնել են սիրիացի և իրանցի պաշտոնյաներն ու խորհրդականները:

«Իրանական «Մասաֆ» ուղեղային կենտրոնի ղեկավար, Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսին մոտ կանգնած վերլուծաբան Ալի-Աքբար Ռայեֆիփուրը X-ի (նախկին Թվիթեր) միջոցով գրառում է կատարել այն մասին, որ Իսրայելի բարեկամ Բաքվի բարբարոսական վարչախումբը համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար «ազատ աշխարհին» տրամադրել այս պետության հետ սահմանին մոտ գտնվող երեք ռազմակայան։

Ըստ ամենայնի, դրանից առնվազն մեկը բռնազավթված Արցախի Հանրապետության Վարանդայի օդանավակայանն է։

Եթե նույնիսկ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ապա նման քարոզչական հոսքի ապահովումն իրանցի ոչ անհայտ վերլուծաբանի կողմից չի կարող պատահական համարվել և լուրջ զգուշացում է արհեստածին Ադրբեջանին”։

Այս մասին գրել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

 

 

Ինչի՞ համար է Հայաստանը օգնություն ստանալու ԵՄ Խաղաղության հիմնադրամից

Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։

Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

«Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», – ասված է փաստաթղթում։

Եվրամիության այս հիմնադրամը ստեղծվել է 2021-ին։ Նպատակն է միջոցներ տրամադրել, որոնցով կգնվեն ոչ մահաբեր զինատեսակներ կամ կարողություններ՝ աշխարհի տարբեր ծայրերում խաղաղությանը նպաստելու, հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Ինչքան գումար է USAID-ը տրամադրելու արցախցիներին

Ամերիկայի միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը տեղեկագիր է հրապարակել Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ: Տեղեկագրի մեջ նշվում է, որ Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին։

ԱՄՆ ՄԶԳ-ն 8.5 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի վերջին ռազմական գործողություններից հետո տեղահանված հայերին աջակցելու նպատակով: ԱՄՆ ՄԶԳ-ն կգործակցի կենտրոնական եւ մարզային իշխանությունների, ինչպես նաեւ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ՝ վերահաստատելու ժողովրդավարության արդյունավետությունը։ Այս ֆինանսավորման շնորհիվ կտրամադրվի հոգեբանական եւ սոցիալական աջակցություն, կառաջարկվեն բնակարանային խնդիրների հետ կապված լուծումներ եւ օժանդակություն Հայաստանի կառավարությանը՝ այս ծառայությունների մասին հանրությանն արդյունավետ կերպով իրազեկելու գործում, որպեսզի օգնություն ստանալու իրավունք ունեցող մարդիկ տեղեկանան, թե ինչպես կարող են օգտվել այդ աջակցությունից:

Առաջիկա տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու տեղահանված անձանց տրամադրվող պետական աջակցության մասին հանրային իրազեկումը:

Տավուշցիները գոհ են․ ինչ է զոհաբերել Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել Տավուշի գյուղեր իր այսօրվա այցից։

«Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբարես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբարես, անունդ, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, բայց պիտի իմանաս՝ ինչի համար ես անում․ ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ոսկեպարցի տիկին Լաուրան:

«Գետից այս կողմ պետք է կանգնի մեր սահմանապահ զորքը, գետից այն կողմ՝ նրանցը: Դա այն է, ինչ մենք ուզել ենք: Ասել է, որ այդպիսի համաձայնություն կա: Գյուղացիները գոհ են եղել: Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու»,-ասաց նա:

Առաջին անգամ, որ Նիկոլը Փաշինյանն այցելել էր Տավուշի գյուղեր ուրիշ բաներ էր ասել, հիմա մի քիչ իր առաջնահերթությունները փոխվել են, նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Հիմա ինքն ասում է՝ ադրբեջանցիների հետ պայմանավորվել եմ, որ ճանապարհներն իրենց վերահսկողության տակ չի լինելու, ճանապարհի էն կողմն են կանգնելու, գետի մյուս կողմում: Եվ ասել է, որ սահմանապահ զորքերն են կանգնելու, այսինքն մենք էլ պետք է այդտեղ սահմանապահ զորքեր պահենք: Նաեւ ասել է, որ վերջնական պայմանավորվածություն չկա, 90 տոկոսանոց պայմանավորվածություն է, դա բանավոր պայմանավորվածություն է, գրավոր չի, վերջնական չէ: Բայց փաստը մնում է այն, որ այս հանրային ճնշումը իր որոշակի արդյունքները տվել է: Մենք պետք է ճնշումը մեծացնենք ու ասենք՝ դրան էլ չենք համաձայն: 50 մետրի կլինի, թե 500 մետր, դա ապօրինի պրոցես է, հակասահմանադրական է: Մեր խնդիրն այն է, որ այդ ապօրինի պրոցեսը պետք է կանգնի»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, մենք գոհ ենք էս մարդու աշխատանքից, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասաց գյուղացիներից մեկը:

Անդրադառնալով 4 գյուղերին, բերքաբերցին ասաց. «Էդ 4 գյուղերն ո՞ւմ են: Ես շատ լավ գիտեմ՝ ումն են: 77 տրեկան մարդ եմ, իմ հայրը 90 տարեկանում է մահացել, ասում էր, որ դրանք թուրքի գյուղեր են: Ասում են՝ տավուշի գյուղերը տալիս են: Տավուշում էդպիսի գյուղեր կա՞ն: Տավուշի գյուղը Բերքաբերն է, Սարիգյուղն է, Կիրանց է»,-ասաց բերքաբերցի տղամարդը:

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ: Այս մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- նշել է նա։

Պեսկովը հաստատել է զորքերի դուրսբերումն Արցախից. Ի՞նչ է լինելու Քաշաթաղի ու Քարվաճառի հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։ «Այո’, դա ճիշտ է», – ասել է Կրեմլի խոսնակը:

Արցախից զորքերի դուրսբերմամբ  ավարտվում է  նոյեմբերի 9-ի Եռակողմ hայտարարությունը։ Հայկական կողմը պետք է բարձրաձայնի Քաշաթաղը, Քարվաճառը և Ակնան՝ առանց մի կրակոցի հանձնելու հարցը և Ռուսաստանի պատասխանատվությունը Արցախի օկուպացիայի և բնիկ բնակիչների տեղահանման հարցում։

Ցայտնոտ. «թեզերը» դառնում են ավելի տգեղ, և մարդիկ շուտով փսխելու են

Պաշտոնապես շրջանառության մեջ եմ դնում հետևյալ թեզը՝ «ընդդիմությունը կապիտուլյացիայի ստորագրողն է», այս մասին խորհրդարանում հայտարարեց Քաղաքացիական պայմանագրի պատգամավորներից Վահագն Ալեքսանյանը։

Այս հայտարարության հենց ձևը հուշում է, որ Փաշինյանի կուսակցությունն այլևս չի թաքցնում կոդավորված թեզերի ներմուծումը հանրային գիտակցություն, որի շուրջ այնուհետև ձևավորվում են կեղծ հանրային դիսկուրսներ գրպանային լրատվամիջոցների և քաղաքագետների՝ «ռուսամետների» և «արևմտամետների» միջոցով։ Դիսկուրսները գնալով ավելի տգեղ են դառնում, և սոցիալական օրգանիզմի համար գնալով դժվարանում է հավասարակշռություն պահպանելը։

Տոնը տալիս է Փաշինյանը, բայց երբեմն «թեզերի շրջանառության մեջ մտցնելը» վստահում է իր թիմակիցներին, որոնք այնքան ապաշնորհ են, որ անընդատ սայթաքում են։ Վահագն Ալեքսանյանն ասում է, որ «թեզը շրջանառության մեջ է դնում»՝ “խոստովանալով”, որ հենց նոր այն ստացել է SMS-ով։ Անդրանիկ Քոչարյանն էլ «չափն անցավ»՝ առաջարկելով հաշվել 1915 թվականին ցեղասպանության ժամանակ սպանված բոլոր 1,5 միլիոն հայերին։

«Վերբալ օպերացիաների» մանրամասները մշակելու ժամանակ չկա. դեռևս չեփած գաղափարները «ներդրվում են շրջանառության մեջ»՝ «մարդիկ ամեն ինչ կուտեն» սկզբունքով։ Սակայն ցայտնոտը կրիտիկական խնդիրների է հանգեցնում, իսկ խրոնիկական մարսողության խանգարումը հանգեցնում է սրտխառնոցի և փսխման: Եվ շուտով բոլորը կփսխեն։

Բանը հասել է նրան, որ Փաշինյանն անձամբ է բանավոր բռնություն գործադրում՝ մարդկանց կանգնեցնելով անհեթեթ ընտրության առաջ։ Թեկուզ խելամիտ մարդիկ, անջատելով հեռախոսը, մտածում են՝ կներեք, բայց Արագածը սիրելու համար պետք չէ մոռանալ Արարատը, իրական Հայաստանը սիրելու համար պետք չէ մոռանալ ցեղասպանության ու Ղարաբաղի մասին, անգլերեն սովորելու համար պարտադիր չէ մոռանալ հայերենը կամ ռուսերենը։ Ընդհակառակը։

Հիշողությունը ենթադրում է մշտական ​​պլյուս, բեկորները ավելանում են միմյանց և կազմում ժամանակի և տարածության 3D պատկեր: Քարոզչությունն ու բանավոր բռնությունը անբնական են, քանի որ ուղղված են հիշողությունը հեռացնելուն կամ մասնատելուն։ Homo sapiens-ի քաղաքակրթությունը սկսվել է փորձի և հիշողության կուտակումից եւ փոխանցումից, իսկ մարդկանց հոգեկանն ու հիշողությունը բռնաբարելու փորձերը անխուսափելիորեն կհանգեցնեն ճգնաժամի, որը, դատելով ցայտնոտից, արդեն մոտ է։

Նաիրա Հայրումյան

Ծառուկյանը նշել է Օլիվեյրայի դեմ մենամարտի իր հոնորարը

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանի մրցանակը Չարլզ Օլիվեյրայի դեմ անցած շաբաթավերջին կայացած մենամարտի համար գերազանցել է 300 հազար դոլարը, RBC Sport-ին տված հարցազրույցում ասել է Ծառուկյանը։

Give me Sport պորտալը և այլ լրատվամիջոցներ գրել են, որ մենամարտի համար մարտիկը վաստակել է 164 հազար դոլար, սակայն Ծառուկյանն ասել է, որ դա ճիշտ չէ։ «Գրեթե երկու անգամ ավելի շատ», – ասաց մարտիկը:

Նրա խոսքով՝ համացանցում եկամուտների մասին շատ կեղծ տեղեկություններ կան։ «Ոչ ոք ճշմարտությունը չի գրում. Ոչ ոք չգիտի, թե ով ինչքան է վաստակում։ Նախավերջին մենամարտում ես ավելի շատ վաստակեցի, քան հիմա։ Պայմանագրում կան նաև տարբեր կետեր՝ մենամարտը ժամանակից շուտ ավարտել, ոչ ժամկետից շուտ»,- հավելեց Ծառուկյանը։

Երեքշաբթի օրը հայազգի ռուսաստանցի Արման Ծառուկյանը բարձրացավ առաջին տեղ UFC-ի թեթև քաշային կարգի լավագույն մարտիկների վարկանիշում։ Դա տեղի է ունեցել UFC 300-ում բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելուց հետո: Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչովն է:

RBC Sport-ին տված հարցազրույցում Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը լինելու է Մախաչով-Դասթին Պուարե զույգի հաղթողի դեմ։

ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինի անդամակցության հարցով քվեարկությունը նշանակված է ապրիլի 18-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, կքվեարկի ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով France Press գործակալությանը։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը կքննարկի ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկիր դառնալու Պաղեստինի պահանջը»,- հայտնում է ֆրանսիական գործակալությունը։

Մայիսի 9-ի շքերթում Պուտինին կշնորհավորեն Չասով յարի գրավման կապակցությամբ։ Փաշինյանը դեռ չի որոշել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Պուտինը հրամայել է իր բանակին գրավել Չասով յարը մինչև մայիսի 9-ը։ Քաղաքը գրեթե ավերված է, ինչպես Բախմուտը։

Պուտինը մտադիր է մայիսի 7-9-ը հավաքել «դաշնակիցներին» Մոսկվայում՝ մասնակցելու «կարևոր իրադարձություններին»՝ Պուտինի երդմնակալությանը, ԵԱՏՄ խորհրդի նիստին և մայիսի 9-ի շքերթին։ ՀՀ կառավարությունն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ դեռ որոշում չկա։ Ըստ ամենայնի, մինչև մայիսի 9-ը դեռ շատ բան կարող է փոխվել տարածաշրջանում։

Երկրների ղեկավարները, ովքեր այդ օրերին կլինեն Մոսկվայում՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պատվին շքերթին, ստիպված կլինեն շնորհավորել Պուտինին Չասով յարը վերցնելու կապակցությամբ։

Պատմությունը բեկվում է բոլոր նուրբ տեղերում: