Այս թեմայով ես արդեն խոսել եմ, և ավելացնելու ոչինչ չունեմ. Հայաստանում չեն կարող լինել երկրորդ կառավարություն և Ազգային ժողով, երեկ խորհրդարանում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցին, թե ինչ սպառնալիք է ներկայացնում Արցախի վտարանդի կառավարությունը հայոց պետականության համար։
Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ Հայաստանի Սահմանադրության մեջ դրույթ չկա վտարանդի կառավարությունների վերաբերյալ։ Բայց Սահմանադրության մեջ կա՞ մի կետ, որն արգելում է Հայաստանում վտարանդի իշխանության գոյությունը։ Ըստ երեւույթին ոչ։ Հիշվում է՝ Արևմտյան Հայաստանն ունի վտարանդի իշխանություն, որը լավ էլ գործում է։
Ինչու Փաշինյանը չի ցանկանում, որ Հայաստանում լինեն արցախցիների ինքնակառավարման մարմիններ, հասկանալի է. ատոմացնել, ցրել արցախցիներին, ոմանց մղել արտագաղթի, մյուսներին անօթևանների վերածել՝ առանց քաղաքացիության, առանց աշխատանքի, իշխանության ողորմության սպասող, որպեսզի վերջնականապես փակվի ոչ միայն Արցախի և Նախիջևանի, այլեւ ողջ Հայաստանի հարցը։ Ես եմ պետությունը, ասում է Փաշինյանը՝ արգելելով Արցախի բնակիչներին ներկայացնել և պաշտպանել իրենց կոլեկտիվ իրավունքները ընտրովի մարմինների միջոցով։
Նախկինում Փաշինյանը մեղադրել էր արցախցիներին Հայաստանում իշխանափոխության նպատակով հայրենիքը միտումնավոր լքելու մեջ։
Արցախի ժողովրդի նկատմամբ նման անհեթեթ վերաբերմունքը սկսեց հարցեր առաջացնել Հայաստանից դուրս՝ ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունն այդքան արհամարհական վերաբերմունք ցուցաբերում 30 տարի հայկական պետության պատվարը հանդիսացող հայերի նկատմամբ, արդյո՞ք «չափանիշը»՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ հայերի վերաբերմունքն է։
Արցախի ժողովրդին արհամարհող Հայաստանի իշխանության տարօրինակ բարքերին Եվրոպայում նախ անվստահությամբ վերաբերվեցին, իսկ այժմ՝ տարակուսանքով։ Փաշինյանը եվրոպացիների հետ մասնավոր զրույցներում իր ժողովրդի մի մասի նկատմամբ նման վերաբերմունքը բացատրել է իբր արցախցիների՝ Հայաստանում իշխանությունն ու ժողովրդավարությունը տապալելու և Ռուսաստանին փոխանցելու նենգ մտադրությամբ։
Բայց տեղահանությունից հետո 7 ամիսների ընթացքում արցախցիները Հայաստանում երբեք չփորձեցին «իշխանափոխություն անել» կամ խաղալ Ռուսաստանի խաղերը, այնինչ Փաշինյանի օրոք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից նկատելիորեն մեծացավ։ Եվ այս մասին արդեն բացահայտ խոսում են Եվրոպայում։
Այդ իսկ պատճառով Փաշինյանը որոշեց փոխել տոնը. երեկ խորհրդարանում նա ասաց, որ պարզվում է՝ շարքային արցախցիները չեն մասնակցել «հակապետական դավադրությանը»՝ իբր ՀՀ կառավարության ցուցաբերած օգնության պատճառով։ Ու թեև նա տեղեկություններ ունի, որ «Լեռնային Ղարաբաղի մի խումբ ներկայացուցիչներ», դեռ Արցախում գտնվելով, որոշել են, որ «քանի Ղարաբաղում չի ստացվում, ուրեմն մենք իշխանությունը կվերցնենք Երևանում», բայց շարքային արցախցիները ցույցաբերեցին “պետական մտածողություն» և չմասնակցեցին Հայաստանի պետականության դեմ «օտար խաղերին»։ Ի տարբերություն վերնախավի, ասաց Փաշինյանը։ Թեև վերնախավի մասով նա եւս իշխանությունը զավթելու մտադրության մասին որևէ ապացույց չի ներկայացրել։
Միևնույն ժամանակ, Արցախի ժողովուրդը հնարավորություն չունի ներկայացնելու իր հավաքական շահերը՝ ո՛չ Հայաստանի կառավարությանը, ո՛չ միջազգային հանրությանը։ Ընտրված իշխանությունները (չենք քննարկելու ընտրությունների օրինականությունը) մեկուսացված է՝ դավադրությանը մասնակցելու անհիմն մեղադրանքներով։ Նոր ընտրություններ և ինքնակազմակերպում նույնպես չկան։ Եվ պարզվում է, որ արցախցիներ չկան, կան առանձին ընտանիքներ, որոնց օգնում են հասցեագրել «կարճաժամկետ» խնդիրները։ Իսկ ում դուր չի գալիս՝ կայարան-Մոսկվա, ճանապարհը բաց է: