Հարցումները Փաշինյանի եւ Ռուսաստանի վարկանիշերի միաժամանակ անկում են արձանագրում

Քաղաքացիների 78,1 տոկոսը Հայաստանին բարեկամ են համարում Ֆրանսիան, իսկ Ռուսաստանին՝ 29,7 տոկոսը։ Այս մասին ցույց են տալիս Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները․

«Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78,1 տոկոս։ 12 տոկոսը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, 8,8 տոկոսը կարծում է, որ նա ոչ բարեկամ երկիր է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 68,5 տոկոսով, Իրանը՝ 57,8, ԱՄՆ-ն՝ 41 տոկոս, Չինաստանը՝ 35 տոկոս, Վրաստանը՝ 34 տոկոս, Գերմանիա՝ 32 տոկոս, եւ Ռուսաստանի Դաշնությունը՝ 29,7 տոկոս»։

Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիների միայն 8%-ն է դրական համարում Փաշինյանի աշխատանքը։

«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հարցվածների միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերում նրա աշխատանքին։ Գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական է գնահատում նրա աշխատանքը, և 47,1 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատում, ընդհանուր մոտ 75 տոկոս բացասական պատասխան է տրվել Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ»,- նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Սպանություն եւ ինքնասպանություն Դիլիջանում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Դիլիջանի «Mobile Centre»-ում Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել. դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակ, կրակված պարկուճ։

Ապրիլի 3-ին, ժամը 11:30-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում, և երբ նա ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:

5000 դրամանոց տուգանքը կդառնա 2800 դրամ. ՆԳՆ-ն մեղմացնում է տուգանքի նորմերը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը խրախուսական երկու նորմ է ներդնում, որոնցից մեկը կգործի ապրիլի 5-ից, մյուսը՝ մայիսի 1-ից: Դրանից օգտվելու պարագայում 5000 դրամանոց վարչական տուգանքը կկազմի 2800 դրամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։

Գնդապետ Չիլինգարյանը նշեց՝ փետրվարի 28-ին ԱԺ-ի կողմից ընդունվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը, որը ՀՀ նախագահի կողմից ստորագրվել և հրապարակվել է մարտի 26-ին և ուժի մեջ է մտնելու ապրիլի 5-ից՝ բացառությամբ որոշ դրույթների, որոնց հետ կան որոշակի ժամկետներ:

«Օրենքի հիմնական ուղղվածությունը վերաբերում է երեք կարևոր հանգամանքի: Առաջին հերթին նախատեսել խրախուսական դրույթներ այն անձանց համար, ովքեր ունեն վարչական տուգանքի ձևեր և ցանկություն ունեն ժամանակից շուտ էլեկտրոնային եղանակով իրազեկվելու և դրանից հետո կատարելու իրենց վարչական ակտը: Երկրորդը վերաբերում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նորմ նախատեսելուն: Երրորդը՝ մինչև ապրիլի 5-ը, այսինքն, մինչև օրենքը ուժի մեջ մտնելը, կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կամ մինչև օրենքը ուժի մեջ մտնելը դրանց 50 %-ը վճարելու պարագայում, իսկ հարկադիր կատարման վարույթում գտնվելու դեպքում նաև կատարողական ծախսերը, այդ վարույթները ավարտված համարելուն վերաբերող դրույթներն են: Դրանից բացի, օրենքում փոփոխություններ են կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի քանի հոդվածներում, որոնցով նվազեցվել է օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված՝ կանգառի և կայանման կանոնները խախտելու համար տուգանային միավորի ձևով պատասխանատվության միջոցը՝ 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր: Եվ հաջորդ փոփոխությունը, որ արվել է տուգանքների մասում, դա ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար մեկ տարվա ընթացքում կամ կրկին յուրաքանչյուր հաջորդ անգամ հանելու, այսինքն, կրկնակիության համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով՝ 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավորի ձևով: Նշեմ, որ առաջին անգամ կատարվելու դեպքում տուգանքի չափը կազմում է 25 հազար դրամ՝ առանց տուգանային միավորի»,-ներկայացրեց նա:

Պարեկային ծառայության պետի տեղակալը կատարված փոփոխությունները նկարագրեց ավելի մանրամասն:

«Խրախուսական նորմերը երկուսն են, որոնցից մեկը ապրիլի 5-ից է ուժի մեջ մտնելու, մյուսը՝ մայիսի 1-ից: Ապրիլի 5-ից հետո ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը: 15-օրյա ժամկետում վճարելուց հետո վարորդը կվճարի 30 տոկոսով պակաս, այսինքն` նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելուց հետո կհամարվի պարտավորվածությունն ամբողջությամբ կատարված: 5000 դրամ տուգանքի պարագայում՝ 3500 դրամ, 10 հազարի դեպքում՝ 7000 դրամ: Բացառություն են կազմում վարչական ակտի բողոքարկման դեպքերը:

Մայիսի 1-ից ուժի մեջ մտնող խրախուսական նորմը տեսանկարահանող սարքերով և արագաչափերով արձանագրված խախտումներին է վերաբերում: Այն անձինք, որոնք նախապես մայիսի 1-ից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, ցանկություն կհայտնեն իրենց վարչական իրավախախտումների վերաբերյալ ծանուցվել էլեկտրոնային եղանակով, կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս տուգանք: Խրախուսական երկու նորմերը կարող են գործել նաև միասին: Եթե մայիսի 1-ից էլեկտրոնային եղանակով ծանուցվեք, այնուհետև օգտվեք 15-օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմից, կստացվի, օրինակ՝ 5000-ի փոխարեն 4000 դրամանոց որոշում, այնուհետև 30 տոկոսով պակաս՝ 1200 դրամ էլ պակաս էլ կլինի, կստացվի 5000-ի փոխարեն 2800 դրամ»,-ներկայացրեց գնդապետը:

Նա վստահեցրեց՝ առաջին հայացքից բարդ թվացող փոփոխությունները մտապահելը վարորդների համար դժվար չի լինի: Իսկ փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն առաջացել է՝ պայմանավորված էլեկտրական ծանուցման համակարգի անցնելու խնդրով, ինչը ավելի դյուրին կդարձնի գործընթացը: Գնդապետը նաև տեղեկացրեց, որ այս նոր փոփոխությունների ցանկը հանրությանն առավել հասանելի կդառնա հնարավոր բոլոր միջոցներով տարածելով:

“Թեժ գծին անհրաժեշտ են Ղարաբաղի բարբառով խոսող օպերատորներ”

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի (ԱՍՀ) նախարարությունը երեկ հայտարարութուն տարածեց, որ  միասնական սոցիալական ծառայության 114 թեժ գծին անհրաժեշտ են Ղարաբաղի բարբառով խոսող օպերատորներ։

Նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանից հետաքրքրվեցինք, թե եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ օպերատորները չեն հասկացել Արցախի բարբառով խոսող քաղաքացիներին և չեն կարողացել պատասխանել նրանց հարցերին․ «Հիմնականում նման խնդիրներ չենք ունենում, բայց որպեսզի բացառենք այդ խնդիրը, թիմում նախատեսում ենք ընդգրկել նաևՂարաբաղի բարբառով խոսող օպերատորներ»։

Այս պահին Զանգերի կենտրոնը 12 օպերատոր ունի, որոնք աշխատում են Միասնական սոցիալական ծառայության գրասենյակից։

2023 թվականի սեպտեմբերից հետո Թեժ գծի ծանրաբեռնվածությունը նկատելի ավելացել է․ արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող օրերին, շաբաթներին աշխատել են 24/7 ռեժիմով։

Չնայած արդեն անցել է 6 ամիս, բայց այսօր էլ Միասնական սուցիալական ծառայության թեժ գծից տեղեկություն ճշտելը մեծ խնդիր է։ Մարդիկ ասում են, որ դժվարությամբ  են կապ հաստատում թեժ գծի աշխատակիցների հետ։ Օրվա մեջ եթե մեկ անգամ հաջողվում միանալ, խոսել, արդեն մեծ հաջողություն է։ Թեև քաղաքավարի են պատասխանում զանգերին, բայց հաճախ որևէ հարցի վերաբերյալ լիարժեք, սպառիչ պատասխան չեն տալիս․ հիմնականում ուղղորդում են միասնական սոցիալական տարածքային ծառայություններ, որտեղ պետք է պարտադիր գրավոր դիմումներ ներկայացնել, կցել անձնական փաստաթղթերը, որպեսզի հուզող հարցերի պատասխաններն  ամբողջական տրվեն։

Զառա Մանուչարյանը տեղյակ է այս դժգոհություններից, ասում է՝ ծառայության աշխատանքի բարելավումը, մասնագետների վերապատրաստումն ու կադրային համալրումները այս պահի ընթացքի մեջ են։ Թեժ գծի աշխատակազմում արցախցի աշխատողներ ունենալը նույնպես կնպաստի աշխատանքի բարելավմանը։

Վեհանուշ Հովսեփյան

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան ձերբակալել են. MediaHub

MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին մի պահ գրվեց, թե Ադրբեջանը նրան նշանակել է Ստեփանակերտի պարետ, օրերս վերադարձել է Հայաստան։ Մեր տեղեկություններով, սակայն, նրան Գորիսում ԱԱԾ-ն ձերբակալել է և բերման ենթարկել։

Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն ԱԱԾ-ից, «ավանդույթի համաձայն», խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք Գալստյանի՝ Հայաստանում բնակվող հարազատներից էլ իմանալ՝ արդյոք տեղյա՞կ են, որ Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։

Հարազատներից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին տեղեկությունը, ավելին՝ անակնկալի եկան մեր հարցից, որ նման տեղեկություն ունենք, որից հասկացանք, որ Գալստյանն այստեղ է: Մեզ ասացին նաև, որ հնարավոր է՝ այսօր նրա հետ որոշակի քննչական գործողություններ կատարվեն։

Մենք այս թեմայով նաև հարցում ենք ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ հետաքրքրվելով նաև, թե արդյոք Սարգիս Գալստյանը միայնա՞կ է վերադարձել Հայաստան, թե՞ կնոջ հետ, քանզի նա տիկնոջ հետ էր մնացել Ստեփանակերտում։ Պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։

Ռուս միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում 110-ից հասել է 125-ի

«СВО»-ն բազմաթիվ դեմքեր ունի, և դրանցից միայն մի քանիսն են արտացոլում ճշմարտությունը։ Պարզվում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական դոլարային միլիարդատերերի թիվը 110-ից հասել է 125-ի։ Սա աշխարհի ամենահարուստ գործարարների ցուցակի պատմության մեջ ամենաբարձր արդյունքն է։

Ոմանց համար դա մեծ ազատագրական պատերազմ է, իսկ ոմանց համար՝ ֆինանսական վիճակը բարելավելու հիանալի միջոց։ Այդպես եղել է միշտ, և այդպես էլ կմնա։ Միակ նրբերանգն այն է, որ Ռուսաստանի իշխանությունն ամեն ինչ փորձում է մարդկանց վաճառել «ռուսական աշխարհի համար» պայքարի մասին գոյություն չունեցող լեգենդը, մինչդեռ նա փող է աշխատում Ռուսաստանի հաշվին և իրագործում է իր աշխարհաքաղաքական նկրտումները։

Միևնույն ժամանակ, կարող ենք ասել, որ պատմական իրադարձություն տեղի ունեցավ. հասարակ մարդիկ և օլիգարխները առաջին անգամ ընդհանուր շահ ունեցան։ Բոլորը ճշգրիտ ըմբռնեցին տեղի ունեցողի էությունը, և հիմա բոլորը պատերազմից փող են աշխատում, ինչպես կարող են։ Ինչ-որ մեկը թիավարում է ամբողջ գործարաններ, իսկ մյուսները քարտի վրա սպասում է զինվորական վճարի։

Անդրեյ Օկուն

Kasparov.ru

Թուրք ռիելթորը 500 հազար դոլարով վաճառում է Սիվասում 19-րդ դարի հայկական եկեղեցին

Սեպաստիայի (Սիվաս) 19-րդ դարի Սուրբ Մարիամ եկեղեցին թուրք ռիելթորը վաճառքի է հանել 500 հազար դոլար պահանջվող գնով։

Ըստ Ermenihaber գործակալության՝ Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին դարձել է տեղի բնակչուհի Հաթիջե Աքայի սեփականությունը, ով վարձել է ռիելթոր՝ գույքը վաճառելու համար։

19-րդ դարում կառուցված Սուրբ Մարիամ եկեղեցին գտնվում է ներկայիս Թուրքիայի Սիվաս նահանգի Հեյդուն գյուղում, որը հայտնի է որպես Սեբաստիա: 2012 թվականին եկեղեցին գրանցվել է որպես պահպանվող մշակութային արժեք, ինչը նշանակում է, որ դրա վաճառքը արգելվելու է թուրքական օրենսդրությամբ։

Եկեղեցու արտաքին և ներքին պատերը փորագրված են խաչեր և կառուցված են սրբատաշ քարերով։

Սակայն անշարժ գույքի գործակալը DHA լրատվականին ասել է, որ գոյություն ունի սեփականության վկայական, եւ եկեղեցին վաճառելու համար որեւէ խոչընդոտ չկա։

«Եկեղեցին առաջին աստիճանի պահպանվող տարածք է և գտնվում է պաշտպանության տակ։ Այսօր մենք այն հանել ենք վաճառքի և դրա համար խնդրում ենք 16 միլիոն լիրա [մոտ 500.000 դոլար]»,- ավելացրեց անշարժ գույքի գործակալը։

Եկեղեցու առաջարկվող վաճառքը զայրույթ է առաջացրել ինչպես տեղական համայնքի, այնպես էլ Թուրքիայի քրիստոնեական խմբերի շրջանում:

Հետաքննությունը սկսել է Թուրքիայի խորհրդարանի սիրիացի պատգամավոր Ջորջ Ասլանը, որը ներկայացնում է Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունը (DEM), որի խախտման վերաբերյալ պատասխաններ է պահանջել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյից, հաղորդում է սիրիական մամուլը երկուշաբթի օրը։

Ասլանն ընդգծել է, որ քրիստոնեական եկեղեցիների, վանքերի ու աղոթատեղիների վաճառքը խորապես վիրավորում է քրիստոնյա քաղաքացիներին։

«Կառավարության պարտականությունն է կանխել նման վաճառքը և պահպանել այս պատմական կրոնական վայրերը որպես ազգային ժառանգություն», – ասել է Ասլանը:

Իր հետաքննության շրջանակներում Ասլանը նախարար Էրսոյին տվեց կարևոր հարցեր, այդ թվում՝ արդյոք կառավարությունը տեղյակ է եկեղեցու վաճառքի մասին, եկեղեցու փաստաթղթի մասնավոր սեփականության մասին պահանջի օրինականության, ո՞րն է նախարարությանը պատկանող եկեղեցիների և վանքերի թիվը, և կան արդյոք ծրագրեր՝ կրոնական առարկաների վաճառքը կանխելու կամ համայնքներին վերադարձնելու:

Turkish Realtor Selling 19th Century Armenian Church. Asking Price: $500,000

Զախարովան հանկարծ հիշել է հին հայկական քաղաքակրթությունն ու պետականությունը

Հայկական Շուշին Ռուսաստանի խորհրդայնացումից հետո՝ անարմատ Բաքվին նվիրելուց հետո

«Հայաստանի ներկայիս իշխանությունները իզուր են համեմատում հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, Եվրամիության հետ, որի գործերն այսօր անկեղծորեն վատ են»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լավրովի մամուլի խոսնակը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Գիտե՞ք, թե ինչն է ինձ զարմացնում: Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան թափթփում։ Ինչո՞ւ են հին հայկական քաղաքակրթությունը՝ մշակույթի, պատմությունը, պետականությունը, ներեցեք, ժողովրդավարությունը, որը շատ առաջ էր, քան ներկայիս Եվրամիությունը, մի մշակույթի հետ, որն իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են նրանք խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»։

«Հայաստանը մշակույթ է, այն պետական ​​կառույց է, և սրանք պետականության հիմքերն են, որոնք հազարավոր տարիներ առաջ էին: Նրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակեց Զախարովան և ընդգծեց, որ Երևանը գտել է «մոդել, որն Արևմուտքում այլևս ոչ ոք լրջորեն չի ընդունում»։

Զախարովայի հայտարարություններն իսկապես անիրատեսական են թվում. ի վերջո, ՌԴ ԱԳՆ-ն բազմիցս խոսել է Հայաստանին «Արևմտյան Ադրբեջան» կոչող մի միավորի «տարածքային ամբողջականության» մասին։ Իսկ ռուսական քարոզչությունը երկար տարիներ ասում է, որ Հայաստանը չունի պետական ​​ավանդույթներ և արժանի չէ անկախության։

Զախարովան չի հիշեցնում, որ МГИМО-ն՝ ռուս դիվանագետների դարբնոցը, բացվել է արևելյան լեզուների հայկական Լազարյան ինստիտուտի հիման վրա, և ՌԴ ԱԳՆ ղեկավարները ավանդաբար եղել են Թիֆլիսից, որը վաղուց համարվում էր հայկական քաղաք։ Այդ թվում՝ Լավրով-Քալանթարյանը, որը ծնվել է Թիֆլիսում։

Զախարովան նաև չի ասում, որ այսօրվա Թուրքիայի և մերձավորարևելյան շատ երկրների արտաքին քաղաքականությունը նույնպես դարեր շարունակ մշակվել և իրականացվել է հայերի կողմից։

Հարցը նրանում է, թե ի՞նչն առաջացրեց Զախարովայի նման անկեղծությունը, ով հանկարծ հիշեց համարյա մոռացված եւ գիտակցաբար չհիշատակվող հայկական քաղաքակրթությունը։

Ֆրանսիան զգուշացնում է․ Հայաստանի եւ Ուկրայինայի դեմ հարձակումները նույնն են

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր պաշտոնական էջում  հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ տեղադրելով Ստեֆան Սեժուրնեի ելույթի ամբողջական տարբերակը:

«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որն այժմ կասկածի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է Սեժուրնեն։

Ստեֆան Սեժուրնեն մտահոգություն է հայտնել Բաքվից եկող կեղծ տեղեկատվության ավելացման առնչությամբ, որը միտում ունի էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել Հայաստանին։ Էսկալացիայի, որից այսօր միայն Հայաստանն է ցանկանում խուսափել:

«Շատ նմանություններ ենք տեսնում այն ամենի հետ, ինչը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի նկատմամբ», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել այս հարցին Բաքվում կայանալիք COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ:

Սա առաջին դեպքն է, երբ Ուկրաինայի և Հայաստանի վրա հարձակումների նմանությունը քննարկվում է դիվանագիտական ​​այսքան բարձր մակարդակով։ Հայաստանի դեմ պատերազմը, Արցախի օկուպացիան և Բաքվի ու Մոսկվայի ցանկությունը՝ ստիպելու Հայաստանին և համաշխարհային հանրությանը ճանաչել Հայաստանի դեմ անօրինական ագրեսիայի արդյունքում ի հայտ եկած «իրողությունները», մինչ օրս չեն վիճարկվել արևմտյան հանրության կողմից։ Ավելին՝ Պոլսում 2023 թ․ սեպտեմբեի 17-ին կայացած ԵՄ-ԱՄՆ-ՌԴ հանդիպումը համարվում է Արցախի ուժային օկուպացիայի համաձայնություն։ 

Միևնույն ժամանակ, Արեւմուտքը դատապարտում է Ուկրաինայում ռազմական նվաճումները օրինականացնելու Մոսկվայի փորձերը։

Հայաստանի կառավարությունն Ուկրայինայի եւ Ադրբեջանի նմանացման քաղաքականության հիմնական գործիքն է՝ առաջ մղելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ըստ որի Ղրիմը Ուկրաինա է, իսկ Արցախը Հայաստան չէ։ Ուկրայինայում եւս՝ հրեական ծագումով հակապուտինյան պրոպագանդիստների ձեռամբ՝ նմանություն չեն տեսնում Արցախում եւ Ուկրաինայում կատարվածի մեջ։ 

ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նոր արտգործնախարարի հայտարարությունը նշանակում է, որ մոտեցումները կարող են փոխվել։ Այն, որ ֆրանսիացի նախարարը Հայաստանը համեմատում է Ուկրաինայի հետ, խոսում է այն մասին, որ Փարիզը Հայաստանը համարում է անօրինական ռազմական ագրեսիայի զոհ, որի արդյունքները չեն կարող «կայացած իրողություններ» համարվել։

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Բլինքեն-ֆոն Դեր Լեյեն-Փաշինյան հանդիպումը։ Ֆրանսիան, որը չի մասնակցի հանդիպմանը, զգուշացնում է, որ եթե հանդիպման մասնակիցները պնդեն Արցախի օկուպացիայի ճանաչումը և “նոր սահմանները”, դա ինքնաբերաբար կպրոյեկտվի Ուկրաինայի և այլ երկրների վրա։

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակմամբ, ԱՄՆ-ը հերքում է իր մասնակցությունը

Հայաստանը խորապես մտահոգված է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Դիվանագիտական ներկայացուցչության անձեռնմխելիությունը պարտադիր է և չպետք է կասկածի տակ դրվի որևէ պարագայում: Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերին և վիրավորներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Իրանի ներկայացուցիչը ԱՄՆ-ին պատասխանատու է համարել «իսրայելական ռեժիմի բոլոր հանցագործությունների համար»։

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները զգուշացրել է Իրանին հետևանքների մասին, եթե ամերիկյան զորքերը հարձակվեն Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա Իսրայելի հրթիռային հարվածից հետո: ԱՄՆ դեսպանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Վաշինգտոնը նախապես տեղյակ չի եղել հարվածի մասին, որի համար Թեհրանը մեղադրել է Իսրայելին։

Երկուշաբթի օրը տեղի ունեցած հարվածը, որը, ըստ Թեհրանի, սպանվել է երկու իրանցի գեներալների և հինգ ռազմական խորհրդատուների, եղել է Սիրիայում Իրանի շահերի դեմ ուղղված ամենակարևոր հարձակումներից մեկը, որտեղ Իսրայելը երկար ժամանակ արշավ է իրականացրել Իրանի դեմ:

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Թայվանի հարցով

Երեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Ասոշիեյթեդ Փրեսը» հաղորդում է, որ նրանք քննարկել են Թայվանին, արհեստական բանականությանը և անվտանգությանն առնչվող հարցեր։

Անցած նոյեմբերին Կալիֆորնիայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո սա երկու առաջնորդների առաջին հեռախոսազրույցն է, որը կոչված է երկու գերտերությունների միջև վերականգնել կանոնավոր շփումները։

Գալիք հինգշաբթի Չինաստան է այցելելու Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը, իսկ շաբաթավերջին՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Սպիտակ տունն ընդգծում է, որ Բայդենի նպատակներից մեկը եղել է Թայվանի նախագահի երդմնակալության արարողությունից առաջ հնարավոր լարվածության կանխումը։

Ինչպես ընդգծվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, զրույցի ընթացքում Բայդենը փորձել է կանխել լարվածության հնարավոր աճը Թայվանի նախագահի երդմնակալության արարողությունից առաջ, որը պետք է տեղի ունենա մայիսին։ Նախագահը վերահաստատել է Վաշինգտոնի հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը և վերահաստատել Թայվանի նեղուցում խաղաղության և կայունության կարևորությունը։

Բայդենը մտահոգություն է հայտնել ռուսական պաշտպանական արդյունաբերական բազային Չինաստանի աջակցության և եվրոպական և անդրատլանտյան անվտանգության վրա այդ աջակցության հետևանքների վերաբերյալ: