Հարցումները Փաշինյանի եւ Ռուսաստանի վարկանիշերի միաժամանակ անկում են արձանագրում

Քաղաքացիների 78,1 տոկոսը Հայաստանին բարեկամ են համարում Ֆրանսիան, իսկ Ռուսաստանին՝ 29,7 տոկոսը։ Այս մասին ցույց են տալիս Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները։

«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները․

«Ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ֆրանսիան՝ 78,1 տոկոս։ 12 տոկոսը չեզոք են Ֆրանսիայի հետ կապված, 8,8 տոկոսը կարծում է, որ նա ոչ բարեկամ երկիր է։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը՝ 68,5 տոկոսով, Իրանը՝ 57,8, ԱՄՆ-ն՝ 41 տոկոս, Չինաստանը՝ 35 տոկոս, Վրաստանը՝ 34 տոկոս, Գերմանիա՝ 32 տոկոս, եւ Ռուսաստանի Դաշնությունը՝ 29,7 տոկոս»։

Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիների միայն 8%-ն է դրական համարում Փաշինյանի աշխատանքը։

«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հարցվածների միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերում նրա աշխատանքին։ Գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական է գնահատում նրա աշխատանքը, և 47,1 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատում, ընդհանուր մոտ 75 տոկոս բացասական պատասխան է տրվել Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ»,- նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։