“Հայաքվե” նախաձեռնությունն այսօր դիմում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերյալ։
Նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը լրագրողներին ասաց, որ Տավուշի մարզում այսօր տեղի ունեցող գործընթացը օրենքից դուրս է։ Ըստ դիմումի հեղինակների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։
«Այսօր մենք հանցագործության մասին հաղորդում ենք բերել՝ հենց բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Այս գործընթացը, որը տեղի է ունենում երկու կողմերի հանձնաժողովների հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է գտնվում, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Միջազգային պայմանագիրը, եթե կնքվում է, այն պետք է ՍԴ կողմից հաստատվի եւ վավերացվի ԱԺ կողմից։ Բայց նաեւ Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաեւ պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։
Այն հանձնաժողովը, որը դրանով զբաղվում է, իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա այդ երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի միջոցով, կհամարվի որպես սահմանազատված, այսինքն՝ դա կլինի հենց մեր սահմանը։ Դա, բնականաբար, մեր ամբողջ օրենսդրության ու իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասաց նա։
Ըստ Չալաբյանի՝ այսօր Տավուշում հենց հայկական գյուղերի տարածքներ են հանձնվում թշնամուն, եւ որեւէ պաշտոնատար անձ, գնալով այդ քայլին, իր լիազորությունների գերազանցում է անում։
«Մեր Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է իրավասությունների գերազնացումը, եւ եթե դա տեղի է ունեցել կազմակերպված խմբի միջոցով եւ նաեւ էական վնաս է հասցրել, ապա դա նաեւ ծանրացուցիչ հանգամանք է եւ նախատեսում է 4-8 տարի ազատազրկում։ Հիմա մենք եկել ենք հանցագործության մասին հաղորդումը հանձնելու եւ խստագույնս հետամուտ ենք լինելու, որ այդ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի»,- հավելեց նա։
Չալաբյանը նաեւ ասաց, որ Տավուշից հայկական զորքերը չպետք է դուրս բերվեն կամ հետ քաշվեն, զորքի տեղաշարժի համար պետք է նոր սահման հաստատվի, իսկ նոր սահման կարող է հաստատվել միայն հանրաքվեի միջոցով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: