Այս ամենը շատ ավելի վայրագ ու արագ կերպով տեղի ունեցավ Արցախի հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների, կառավարության անդամների ու հասարակական-քաղաքական գործիչների հետ։

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Այստեղ արդեն արցախցու, իջեւանցու, գյումրեցու կամ երեւանցու կռիվ չէ, սա հայի կռիվ է։ Լինել-չլինելու հարց է ընդհանրապես։ Եվ այս շարժումը ոչ թե հույս է վաղվա, այլ սա հավատ է, վստահություն է, ինչու չէ, նաեւ վերադառնալու Արցախ։ Անկախ իշխանություններից, մենք միշտ ունենալու ենք նույն պահանջը՝ արցախցիների իրավունքների պաշտպանությունը միջազգային հարթակներում։ Եվ Բագրատ սրբազանի առաջնորդած այս շարժմամբ այդ հույսը դարձել է հավատ ու վստահություն»։

Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե արցախցիներն Արցախը հանձնել են, հիմա էլ ուզում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Այդ նույն տրամաբանությամբ Կիրանցը կիրանցիներն են հանձնում, որովհետեւ նույն բանն է տեղի ունենում։ Ես փորձում եմ համեմատություններ չանել, բայց երբեմն անհնար է լինում, որովհետեւ այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել պատերազմից հետո երեքից ավելի տարիների ընթացքում, հիմա տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Երբ զինված թշնամին քեզնից ընդամենը մի քանի մետրի վրա է, այդ վախը բերելու է նրան, որ մարդիկ ուղղակի չեն կարողանալու ապրել այնտեղ, որովհետեւ միասին ապրել նման թշնամու հետ, դա ուղղակի անհնար է։ Այդ ամենը շատ ավելի վայրագ ու արագ կերպով տեղի ունեցավ Արցախի հետ։ Սա այս իշխանությունների թեզն է, արցախցին մինչեւ վերջին վայրկյանը զոհվել է, նահատակվել է իր հողում, բայց չի թողել հողը»։

Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարցրին՝ լսե՞լ է Ալիեւի հայտարարությունը, ով պարբերաբար սպառնում է, թե «մեր պահանջով թշնամի Հայաստանը վերադարձրեց Ղազախի 4 գյուղերը, եւ այսուհետ այդպես է լինելու»։

«Ես չեմ լսել դա եւ պետք է ասեմ, որ չեմ ուզում իրեն մեկնաբանել։ Դա իր ներքին լսարանի համար նախատեսված բան է։ Օրինակ՝ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցը բարձրացնում ենք, եւ մեզ համար մշտապես զարմանալի ու անընդունելի է, որ կարելի է բանակցությունների ժամանակ այլ լեքսիկոն օգտագործել։ Երբ ես բանակցում եմ իմ գործընկերոջ հետ, առնվազն դիմացի կողմից ընենց տպավորություն է, որ շատ երկար սպասված, շատ սիրալից հանդիպում է։ Եվ կա այլ խոսույթ, դրա համար մենք կարծում ենք, որ այդ ատելության խոսքը պետք է նվազեցնել, այդ հռետորաբանությունը պետք է հանել, որովհետեւ դա չի բռնում իրական բանակցությունների հետ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ի՞նչ հույսեր ունեն իրենք՝ բռնապետ Ալիեւը իրական սահմանազատմա՞ն ու խաղաղության ճանապարհո՞վ է գնալու, չի՞ «քցելու» Հայաստանի իշխանություններին, Ալեն Սիմոնյանը պատասանեց․ «Բնական է, այդ քցելու տրամաբանությունը միշտ կա։ Բայց դու պետք է անհրաժեշտ քայլերը ձեռնարկես, որ իմանաս՝ այդ հավանականությունը դու նվազեցնում ես։ Խաղաղության պայմանագիրը, հստակ սահմանը ամենանվազեցնող բանն է, որը կարող է լինել։ Տեսեք՝ ասում ենք, որ ամրացված գիծ ենք ստեղծում։ Ո՞վ է ասում, որ այդ ամրացված գիծը կարող է 100 տոկոսով մեզ պաշտպանել, բայց մենք այնուամենայնիվ ստեղծում ենք, եւ դա կարեւորագույն գործողություն է։ Սահման ունենալը, խաղաղության պայմանագիրն ամրացված գծից էլ ավելի պինդ ու ուժեղ փաստարկ են, որը պետությունը պետք է անի։ Բայց, ինչպես տեսնում ենք, նույն Ուկրաինայում կամ աշխարհում տեղի ունեցող պատերազմները այլ բան են ցույց տալիս։ Դրա համար զուգահեռ նաեւ զբաղվում ենք բանակի ամրապնդմամբ»։

Բնակարանային աջակցության ծրագիր․ սահմանափակումներն ու պահանջները չեն բխում նպատակից

Step1.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

-Պարո՛ն Ավետիսյան, Հայաստանի կառավարությունը հաստատեց բռնի տեղահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ըստ այդմ՝ 2-5 մլն դրամ աջակցություն կտարամադրվի յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի՝ բնակարանային խնդիրները լուծելու համար։ Արդյոք այս փոխհատուցումը բավարա՞ր է, ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրն ընդհանրապես։

-Ընդհանուր եթե գնահատենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերը, դրանք համարժեք չեն առկա իրական կարիքներին։ Եվ երկրորդը, այսօրվա կառավարությունն ավելի շատ ներկայացնում ու գովերգում է, քան իրականում այդ ծրագրերը կան։ Կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչեւ իրավական անորոշություններ եւ ֆինանսական աջակցության անհամարժեքություն։ Այս ծրագիրը երկար ժամանակ գովերգում էին, սպասումներ էին առաջացնում, բայց ինքնին ծրագրի բովանդակությունը եւ նպատակը միմյանց չեն համապատասխանում։ Այսինքն՝ դրանով հնարավոր չէ լուծել ամենակարեւոր խնդիրը՝ պետական աջակցությամբ մեր հայրենակիցներին բնակարանով ապահովման հարցը։ Այդ ծրագրով դրված են սահմանափակումներ ու պահանջներ, որոնք անտրամաբանական են եւ բացառապես չեն բխում դրված նպատակի օբյեկտիվ հիմքից։ Հետեւաբար, շահառուների շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն։

Մի վտանգավոր թեզ էլ կա՝ այս իշխանություններն իրենց անգործությունը եւ պոպուլիզմը քողարկելու համար փորձում են նորից հակադրություններ ստեղծել եւ անուղղակիորեն այն թեզն են առաջ քաշում, որ Հայաստանում եւս կան բնակարանի խնդիր ունեցողներ։ Փորձում են հիմա էլ հակադրել արցախահայության կարիքները ՀՀ քաղաքացիների ունեցած կարիքներին։ Դա ինքնին բարոյական չէ, եթե ավելի կոպիտ չասեմ։

Արցախցիներին աջակցելու ծրագրերն իրականացվում են նաեւ միջազգային հանրության աջակցությամբ։ Այնպես չէ, որ միայն այս կառավարությունն է այդ ծրագրերը ֆինանսավորում, եւ մեծ հաշվով, իրենց հոր տանից չեն այդ գումարները բերում, դրանք մեր պետական բյուջեի հարկային եկամուտներից գոյացող միջոցներն են։ Եվ, այո, օբյեկտիվ հանրային ընկալումը կա, որ պետք է այդ ծրագրերն իրականացվեն։ Ի վերջո, մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ամեն ինչ կորցրած՝ գտնվում են մեր աջակցության օբյեկտիվ կարիքի ներքո։

Սա է իրականությունը, բայց մենք գործ ունենք իշխանության հետ, որը նախորդ 6 տարիների ընթացքում բացառապես առաջնոդրվել է սեփական իշխանությունն ամեն գնով պահելու բացառիկ շահով։ Եվ դա այլեւս վաղուց հակադրված է մեր ժողովրդի ու երկրի ազգային ու երկարաժամկետ զարգացման ցանկացած շահի։

-Ընկալելի՞ է, թե ինչո՞ւ են բնակապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։

-Այստեղ կա անորոշություն։ Սկզբում իրենք փորձում էին ներկայացնել, որ քաղաքացիության անհրաժեշտություն չկա, եւ իրենք արցախահայության սոցիալական բոլոր իրավունքները համահարթեցրել ու հավասարեցրել են ՀՀ քաղաքացիների իրավունքներին։ Բայց հետո այս պահանջն է դրվել, հիմա էլ փորձում են բացատրել, որ դրանով է հնարավոր այդ ծրագիրն իրավական առումով իրականացնել։ Արցախցի մեր քույրերի ու եղբայրների հիմնական մտավախությունն այն է, որ իրենք հետագայում կկորցնեն իրենց հայրենիք վերադառնալու ու հատուցում պահանջելու իրավունքը։ Սա է մարդկանց հիմնական մտավախությունը։ Այս իշխանություններն իրարամերժ հայտարարություններ են անում, մի մասն ասում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը որեւէ կերպ չի ազդելու իրենց իրավունքների վրա, մի մասն ավելի անորոշ ձեւակերպումներ են անում։ Եվ մարդկանց մոտ օբյեկտիվորեն առաջանում են կասկածներ ու անորոշություն։ Եվ սա ըստ էության խանգարում է այդօրինակ աջակցության ծրագրերի՝ ամբողջ ծավալով ու արդյունավետ իրականացմանը։

Այսինքն՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակ պատասխանել՝ բռնի տեղահանված արցախցին, ընդունելով ՀՀ քաղաքացիություն եւ օգտվելով այդ ծրագրերից, արդյոք հետագայում չի՞ կորցնելու իր՝ հայրենիք վերադարձի իրավունքը եւ նաեւ իրենից բռնազավթածը հետ ստանալու կամ դրա դիմաց որոշակի հատուցում ստանալու իր իրավունքը։

Խնդրահարույց է նաեւ այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ամիսներով սպասում են, արդյոք համակարգը կհասցնի՞ սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց, թե՞ մարդիկ կհոգնեն ու կհեռանան Հայաստանից։

-Դա էլ հարցի մյուս կողմն է։ Այո՛, մենք բազմաթիվ հերթեր ենք տեսել պետական մարմիններում։ Եվ որքան շատ են իրենք խոսում այն մասին, որ գտնում են լուծումներ, այնքան խնդիրը խորանում է։ Չեն կարողանում աշխատանքն այնպես կազմակերպել, որ ովքեր ցանկություն ունեն, կարողանան հեշտացված ու արագացված կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Երբ նմանատիպ ծրագրերն առաջանում են լրացուցիչ պահանջարկ, զուգահեռ նաեւ լրացուցիչ դժվարություններ են լինում։ Եվ ես վստահ եմ, որ այս իշխանությունը եւ այս առաջնորդությամբ կառավարումը նման հարցերը չեն կարողանա եւ մեծ հաշվով ցանկություն էլ չունեն արագ լուծել։

Արդեն կան կանխատեսումներ, որ Հայաստանից արտագաղթող արցախցիների թիվը կմեծանա, դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

-Դա ակնհայտ է, եւ այստեղ խորքային վերլուծության անհրաժեշտություն չկա։ Այն պրակտիկան ու վերաբերմունքը, որը կա այս խնդիրների նկատմամբ, ամբողջությամբ հանգեցնում է դրան։ Բայց այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիները չունեն արտագաղթի պատճառներ։ Մակրո իրավիճակը, որը մեր երկրում ստեղծվել է՝ անվտանգային հարցերից մինչեւ ներքին անկայունություն, այդ ամենը, ցավոք սրտի, արտագաղթի պատճառ են։ Եվ այսպես շարունակվելու պարագայում, այո, արտագաղթի մեծ ալիքի ականատեսը կդառնանք, եւ ոչ միայն արցախցիների շրջանում։

Ռոզա Հովհաննիսյան

Ալեն Սիմոնյանը համոզված է, որ Հայաստանն ունի հստակ սահման՝ իրավական հիմքերով

«Պարո՛ն Մինասյան, ստացվում է, որ դուք ձեր բառապաշարով պնդում եք, որ Հայաստանը որեւիցե սահման չունի՞, հա՞։ Մենք ինչ-որ սահմանով անկախացել ենք, չէ՞»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանն ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ին, ասել էր․ «Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Հիմա դուք ԱԺ ամբիոնից հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետությունը սահման չունի։ Հիմա որ մեր հակառակորդը գա, ձեր գրասենյակի մոտ պոստ դնի, ասի՝ Արծվիկ Մինասյան ասել է՝ սահման չկա, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու։ Հետեւեք ձեր բառապաշարին, Հայաստանն ունի հստակ սահման՝ իրավական հիմքերով»։

Ասկերանից Այնթապ․ տիկին Ռուզանան պայմաններ ունի վերադարձի համար

Անկախ ամեն ինչից, դու քո Հայրենիքը պետք է սիրես․ ուսուցչի պատգամը

Ռուզաննա Հայրապետյանն իր կյանքն առանց դպրոց չէր պատկերացնում, 35 տարի աշխատել է դպրոցում, աշակերտների համար բացել մաթեմատիկայի ու ֆիզիկայի գաղտնիքները։ Ասում էր` ոչ մի առիթ չէր կարող պատճառ դառնալ դպրոցից բացակայելու համար։ Տիկին Ռուզաննայի վերադարձի հույսը չի մարել, ասում է` 99 տոկոսով հավատում եմ, բայց են մի տոկոսը շատ է խանգարում, երբ նայում եմ պատմական փորձին, թուրքը դեռ ոչ մի բռնազավթած հողակտոր չի վերադարձրել։

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Հայրապետյանը Արցախի էթնիկ զտման արդյունքում հայտնվել է Այնթապ գյուղում։ Շատերի նման նա էլ է ստիպված նոր մասնագիտություն ձեռք բերել ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Արդեն 3-րդ ամիսն է զբաղվում է կարուձևով։ Դեռ 2020 թվականի պատերազմից հետո, երբ վերադարձել են Ասկերան, այնտեղ մաս է կազմել «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ին, որը օգնում էր շրջանի ձեռներեց կանանց զարգացնելու իրենց փոքր բիզնեսները։ Ասկերանում նա փորձել է մանկավարժությանը զուգահեռ զբաղվել նաև թռչնաբուծությամբ։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմը խափանել է բոլոր ծրագրերը։

«Հայաստանում որոշել եմ զբաղվել կարուձևով, ձեռագործությամբ»,- ասում է տիկին Ռուզաննան։ «Ի բարեբախտություն մեզ՝ «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ն իր գործունեությունը շարունակում է նաև Երևանում, որի միջոցով ես ձեռք եմ բերել կարի մեքենա և կարում եմ մանկական անկողնային պարագաներ, փոքրիկ բարձիկներ, ուժերս փորձում եմ նաև ձեռագործության, ասեղնագործության մեջ։ Սկզբից ինքնուս էի, սովորում էի համացանցում տեղադրված ուսուցողական տեսանյութերից, հիմա ես մասնակցում եմ «Բարի մամա» բարեգործական ծրագրի երկամսյա դասընթացներին նոր հմտություններ ձեռք բերելու, ինչու չէ նաև ընդլայնվելու համար։ Անկեղծ ասած ձեռքի աշխատանք միշտ սիրել եմ, որը գենետիկորեն գալիս է մորական կողմիցս, ովքեր հայտնի էին գորգագործությամբ, կարպետագործությամբ։  Երևի դա էր պատճառը, որ ընտրեցի այս ուղղությունը։ Իսկ թե ինչքանո՞վ է ճիշտ ընտրությունը, ցույց կտա ապագան»։

Առայժմ տիկին Ռուզաննան սեփական արտադրանքը իրացնում է համացանցի միջոցով, այդ հարցում նրան օգնում են աղջիկն ու հարսը։ Հետագայում մտածում է համագործակցել նաև խանութների հետ։

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

 

-Եթե ընձեռվի վերադարձի հնարավորություն, կվերադառնա՞ք։

– Ես հա, կվերադառնամ, չնայած մտածում եմ, նման դեպքում ես մենակ կգնամ, երեխաներիս դեռ չեմ տանի, բայց վստահ եմ՝ տղաներս ինձնից առաջ են գնալու։ 5 տարեկան թոռս ասումա՝ տատի, մի մտածի, հեսա ես զինվոր դառնամ, կգնամ Արցախը կազատագրեմ, որ դուք էլ գաք։ Ցավոտ հպարտությամբ ժպտում է․․․

– Իսկ ի՞նչ պայմաններով կվերադառնա՞ք։

– Եթե Ադրբեջանի կազմում լինենք, դա բացառվում է։ Խորհրդային տարիներին էլ, երբ իբր հարևաններ ենք եղել, վախը մեր մեջ միշտ եղել է։ Մենք չպետք է Բաքվին ենթակա լինենք, ուզումա ինքնավարության պայմաններում, ինչ ուզումա լինի, դա պետք է բացառել։ Ու անկախ նրանից, թե ինչ  միջազգային երաշխիքներ կլինեն, մենք պետք է անվտանգության սեփական երաշխիքն ունենանք։ Որ քաղաքական շահերի փոփոխության դեպքում, էլի մանրադրամ չդառնանք, ոնց որ այս անգամ։

Ռուզաննա Հայրապետյանը շատ է կարոտում իր դպրոցը, ուսուցչական կոլեկտիվը աշակերտներին,  որոնց հետ իհարկե կապը պահում է։ Մտքով անգամ չէր անցել, թե երբևէ այդ ամենը կդառնա թանկ մի հուշ, որին վերաբերվում է գուրգուրանքով։

– Որպես մանկավարժ, ի՞նչ կասեք Ձեր աշակերտներին։

– Կասեմ անկախ իշխանություններից, թե ովքեր են, դու քո Հայրենիքը պետք է սիրես ու պայքարես այդ Հայրենիքի համար։

 Արմինե Հայրապետյան

Դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել ու այլանդակել եք բոլոր համակարգերը

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառված չեն այսօր հանրությանը հուզող օրակարգային հարցերը։

«Առանց հաշվի առնելու տարրական իրավական գիտելիքը, դուք օգտագործում եք «սահմանի վերարտադրություն» արտահայտությունը։ Բացեք տեսեք՝ ՀՀ որեւէ օրենքում «սահմանի վերարտադրություն» հասկացություն կա՞։ Դուք այս ի՞նչ եք անում, դուք ոտնահարել ու այլանդակել եք ոչ միայն իրավական, քաղաքական, բարոյական համակարգերը, դուք ամեն ինչ տանում եք, հանձնում եք, ինչի՞ համար՝ ձեր աթոռների համար, որ մնաք այդ աթոռին կպած։ Կպեք, ինչքան կպնեք, այնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ է հեռացվելու եւ փոխարինվելու է նորմալ ազգային աթոռով»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

«Հրանտ Մաթեւոսյան՝ «եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։ Հրաժարվել եք, արհամարհվում եք»

Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում ասաց․ «Հրանտ Մաթեւոսյան՝ «եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։ Հրաժարվել եք, արհամարհվում եք»։

«Ալիեւը «նաոլդու Փաշինյան» է շվշվացնում, էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու։ Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից եք արհամարհված։ Ձեզ մի խաբեք, այս սրբազան շարժումը զուտ հայկական է, այն  ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանն ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաեւ ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը։

 

Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք

«Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, դա արդեն սահմանազատում չէ, դա մանր ջեբկիրություն է, մանր գողություն, սովետի լավագույն ավանդույթներից եկած ինչ-որ մի բան է»,- ԱԺ նիստում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի տարածքները հանձնելու հարցին։

«Պարզվում է՝ երբ ՀՀ-ն կադաստրի վկայական է տվել մեր հայրենակցիներին, իրենք սխալվել են, եւ բնականաբար, սխալվել են ի վնաս մեր հայրենակիցների։ Այս իշխանություններն էլ «սխալվել» են՝ կադաստրի քարտեզները գծելով։ Լավ, բա սխալվեիք, մի 100 մետր էլ Ադրբեջանից ավելի վերցնեիք, թե՞ վախենում եք։ Բա սխալվեիք, այդ սահմանազատումը Ջերմուկից սկսեցիք, թե՞ վախենում էիք։ Դե վեր կացեք ու ասեք՝ վախենում ենք, այստեղ սխալ չկա, կամ էլ ընդունեք, որ մանր գողություն եք անում։

Ասում էին՝ սահմանազատումը պետք է լինի Գենշտաբի 1974-1979 թվի քարտեզներով, բայց երեկ պարզվեց, որ 1969 թվի մասին են խոսում։ Իսկ ինչո՞ւ 1969 թվականի Գերագույն խորհրդի նախագահությունների որոշումներ, այլ ոչ թե 1988 թվականի միջպետական արձանագրան հիման վրա, որովհետեւ 1988 թվին էլի ի շահ Հայաստանի էր, Հայաստանը կարողացավ հետ բերել Ադրբեջանի կողմից գողացված տարածքներ, բայց դուք էլի վախենում եք դա ընդունել։ Իսկ կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն՝ սեփական ժողովրդից վախենաք»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

Ցանկության դեպքում աշխարհը կարող է խանգարել Ադրբեջանին ոչնչացնել հայկական հուշարձանները

Aparaj.am հրատարակությունը թվարկում է ադրբեջանցիների կողմից ավերված Արցախի հուշարձանները՝ վկայակոչելով Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենին։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ ադրբեջանցիների կողմից վանդալիզմի և հուշարձանների ֆունկցիաների փոփոխության բազմաթիվ դեպքեր գրանցվել են դեռ խորհրդային տարիներին։ Նմանատիպ գործողությունները շարունակվում են օկուպացված Արցախում. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հաղթանակի և անկախության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանները»։

Իսկ Artsakh.news-ը հայտնում է, որ Ախավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել է 2002 թվականին, ոչնչացման սպառնալիքի տակ է։

MONUMENT WATCH կայքը հայտնում է, որ, ըստ լուսանկարների, Ախավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին ծածկված է մածներով։ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մինչ հիմնովին ավերվելը նույն կերպ ծածկվել էր։

Ավելի վաղ հայկական աղբյուրները, օգտագործելով արբանյակային պատկերները, պարզել էին, որ Ադրբեջանը միտումնավոր գետնին է հավասարեցնում հայկական եկեղեցիները, կամուրջները և Արցախի գյուղերը։

Արցախի նախկին պետնախարար, այժմ «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ Արտակ Բեգլարյանը կարծում է.

«Ցանկության դեպքում միջազգային հանրությունը կարող է խանգարել Ադրբեջանին ոչնչացնել Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները։

Իհարկե, եթե միջազգային հանրությունը ցանկություն և քաղաքական կամք ունենա, ապա դրան կարող է հասնել պատժամիջոցների, ճնշումների և աշխարհաքաղաքական շահերի ներդրման միջոցով։ Օգտվել նաև մամուլից, հասարակական կարծիքից, տարբեր կազմակերպությունների, փորձագիտական ​​ու մասնագիտական ​​շրջանակների կարծիքից։

Նշենք, որ հայ գիտական ​​հանրությունը չունի բավարար ռեսուրսներ Արցախի հայկական ժառանգությունը պահպանելու ուղղությամբ ավելի ակտիվ գործունեության համար։ Եվ, որ ամենակարեւորն է, Հայաստանի կառավարությունը չափազանց պասիվ է եւ ակնառու քայլեր չի ձեռնարկում Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին աջակցելու համար»։

Ալվարդ Գրիգորյան

Բագրատ Սրբազանի հեռատես քայլը

Վաղը ժամը 13:00-ին Անի Գրանդ հյուրանոցում Բագրատ Սրբազանը կհանդիպի Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է շարժման տելեգրամյան ալիքը:

Արհեստական ստեղծված տաբուների ֆոնին, Արցախի բնական քաղաքական գործոնը չեզոքացնելու եւ նույնիսկ Արցախի գոյությունը մոռացության մատնելու փորձերը հայ հասարակության մեջ ծուր հայելու էֆեկտ է առաջանում։ Հայկական քաղաքականությունը կառուցվում է երկու հակակշռի վրա՝ Արցախում հող պահելու եւ մնացյալ Հայաստանում ժամանակակից ազատ տնտեսություն կառուցելու վրա։ Հիմա փորձ է արվում հանել մի հակակշիռը, եւ այդ պատճառով ամբողջ կառույցը փլվում է։

Եթե ցանկություն կա պահպանել Հայաստանը որպես պետություն եւ ռազմա-քաղաքական միավոր, առանց Արցախի գործոնի անհնարին է դա անել։

Բագրատ Սրբազանը խոհեմ քայլ է անում, հանդիպելով Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքների ղեկավարների հետ։ Չնայած հայկական կառավարության ներկայիս ջանքերին՝ ցրել արցախցիներին իրենց դարդերով, Արցախը գոյույթյուն ունի՝ Մինսկի խումբը եւ միջազգային մանդատը պահպանվում է, 150 հազ․ մարդ պատրաստ են տեր կանգնել հայկական իրավունքներին եւ շահերին, համարելով, որ Արցախն ու Հայաստանը չեն կարող անջատ լինել։

Բագրատ Սրբազանին արդեն հաջողվել է մի քանի կարեւոր հարց վերադարձնել ակտուալ դաշտ եւ ապացուցել, որ իշխանությունները այդքան էլ անձեռմխելի եւ անբիծ չեն, որ մի մարդու որոշմամբ չպիտի հարցեր լուծվի։ Հիմա Սրբազանը պատրաստվում է վերաակտուալացնել Արցախի գործոնը։ Այդ գործոնը, հակառակ ՔՊ-ի պնդումներին, ոչ թե վտանգ է, այլ հսկայական ռեսուրս է Հայաստանի համար։ Դա իրավունքների եւ ազատագրական փաստարկների մի ամբողջ շտեմարան է։

Ռաիսիի հանդեպ մահափորձից հետո հնարավոր է վերադարձ Ահմադինեժադի ժամանակներին. Գագիկ Ավանեսյան

«Հնագույն-միջնադարյան բարքերը նորից մոդայիկ են դարձել՝ մրցակից պետության անկախ ղեկավարին հրավիրում են հանդիպման ու սպանում»,- մեկնաբանելով ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահի եւ արտգործնախարարի մահը, ասաց Արցախի Հանրային խորհրդի անդամ, Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանը։

«Հիպոթետիկորեն պարզապես պետք էր տեսնել, թե որ ուղղաթիռ է նստում Ռաիսին, ինչը կարող էր կազմակերպել Ալիևը։ Իսկ Արցախի օկուպացված տարածքներից Ռաիսի ուղղաթիռի էլեկտրոնիկան ճիշտ պահին անջատելն առանձնապես դժվար չէր այնտեղ խրված իսրայելական ուժերի համար։ Եվ նույնիսկ հետքերը չես գտնի:

Շահառուներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել: Երկրորդ հրեական պետությունը՝ Ադրբեջանը նույնպես, թեև անձամբ Ալիևի համար հեռանկարները պայծառ չեն»։

Հարցին, թե ինչպես կանդրադառնա այս միջադեպը Հայաստանի վրա, Ավանեսյանը պատասխանեց.

«Հայաստանի իշխանությունը մինչ այժմ գործել է վախից դրդվելով։ Բայց իրանական ուղղաթիռի կործանումից հետո յուրայինների հանդեպ վախը կնվազի, դրա փոխարեն բազմապատիկ կմեծանա արտաքին ուժերի հանդեպ վախը, որ նրանց հետ կվարվեն այնպես, ինչպես Ռաիսիի հետ, ուստի նրանք ավելի եռանդով կհանձնեն հայկական դիրքերն և կկատարեն են բոլոր պահանջները»։

Գագիկ Ավանեսյանը նշեց, որ Իրանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կմնա անփոփոխ, քանի որ «Իրանի արտաքին քաղաքականությունը որոշում է հոգևոր առաջնորդը, թեև պատմության մեջ որոշիչ է նաև անհատի դերը»։

«Ռաիսիի սպանությունը ոչ մի կերպ չի ազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա։ Նույնիսկ հավանականություն կա, որ նոր նախագահն ավելի ծայրահեղական դիրքորոշում կունենա, քանի որ Ռաիսիի դեմ մահափորձի մեջ կդիտվի սիոնիստական ​​հետք։ Մի մոռացեք, որ Հայաստանն Իրանի միակ դարպասն է դեպի Եվրոպա։ Չեմ բացառում, որ մենք կվերադառնանք Ահմադինեժադի ժամանակներին.

Միևնույն ժամանակ Իրանը կանի ամեն ինչ, որպեսզի տարածաշրջանում չներքաշվի ռազմական գործողությունների մեջ, ու թեև նրանք բացարձակապես պատրաստ են կռվելու, բայց կսպասեն իրենց ժամանակին»։

Ալվարդ Գրիգորյան

Տեր չկանգնեցինք Արցախի ոսկուն․ հիմա օտարերկրյա ներդրումներ են բերում

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ բրիտանական լեռնահանքային հսկա «Anglo Asian Mining» ընկերությունը ակնկալում է Ադրբեջանի կառավարության թույլտվությունը՝ Լեռնային Ղարաբաղում հանքարդյունաբերություն սկսելու համար։

Երկու ամիս առաջ բրիտանական Guardian-ը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը քննադատության է ենթարկվել այն ​​բանից հետո, երբ պաշտոնյաները, կարծես, կոչ էին անում բրիտանական բիզնեսին օգնել վերականգնել Ադրբեջանի վիճելի տարածքները:

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և բիզնես դեպարտամենտի պաշտոնյաները նոյեմբերին առցանց հանդիպում են անցկացրել բրիտանական բիզնես առաջնորդների հետ՝ խրախուսելու ընկերություններին օգտվել «մեծ հնարավորությունից»՝ աջակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերակառուցման օրակարգին», – կարդում ենք հոդվածում:

«Ո՞ր դարում են ապրում այս պաշտոնյաները։ Դա մեծ հնարավորություն չէ Մեծ Բրիտանիայի, ոչ էլ տեղահանված մարդկանց համար: Մեծ Բրիտանիայի կառավարությունը փակ դռների հետևում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները «մեծ հնարավորություն» է անվանում», – քննադատել է Global Witness ընկերության ավագ անդամ Ջոնաթան Նորոնա-Գանտը (Jonathan Noronha-Gant):

Կարելի է ենթադրել, որ բրիտանական «ներդրումներն» էլ նույնը կլինեն, ինչ Բեյզ Մեթլզի դեպքում: Ստած կլինենք, եթե ասենք, որ Բեյզ Մեթլզը նորվեգական խնամքով է Կաշենի, Դրմբոնի հանքերը շահագործել, ստած կլինենք, եթե ասենք, որ ընկերությունը «նորվեգական» չափերով է հարկվել իր գործունեության տարիներին:

Իմ մանկությունը Թարթառի ափին է անցել, որտեղ լողանում եւ ձուկ էինք որսում: Իսկ պրոֆեսիոնալ ձկնորսները, ովքեր Սարսանգի ափին էին անցկացնում գիշերը, պատմում էին, թե ինչպես են ձկները վեր թռչում եւ փայլում լուսնի տակ:

Հանքերի շահագործումից հետո էկոլոգիան լրիվ փոխվել էր այնտեղ: Գրեթե վերացել գյուղատնտեսությունը: Հանքը հիմնական աշխատատեղն էր դարձել այդ ձորակի մարդկանց համար: Ի՞նչ անասնապահություն, ի՞նչ բահ ու բոստան, մենք էլ ենք ուզում քաղաքավարի ապրել, մենք էլ ենք Opel ու smart հեռուստացույց ուզում, մենք էլ ենք ուզում խանութից հաց առնել, այլ ոչ թե այրվել թոնիրում, ինչո՞վ ենք պակաս մյուսներից, ասում էին գյուղացիները, բայց միաժամանակ բողոքում, որ ջրամբարում ձուկ չկա այլեւս, որ հիվանդությունների դեպքերը շատացել են (պատկերն ավելի էր վատթարացել հատկապես բլոկադայի օրերին, երբ հոսանք ունենալու միակ աղբյուրը Սարսանգի ջրերն էին, որի գերշահագործումից դատարկվում էր ջրամբարը): Ընկերության պաշտպաններն էլ ասում էին, թե թողնենք ադրբեջանցինե՞րը օգտագործեն… Ասում, որ հիմնականում պղինձ է եւ ոսկի այնքան էլ չկա: Բայց ո՞վ է ստուգողը:

Սարսանգը վերջին օրերին

Ինչեւէ, հայտնի էր միայն, որ Բեյզ Մեթլզը առաջին հարկատուն էր, որ Ստեփանակերտի կենտրոնում Վալեքս Գարդեն հոթել է կառուցել, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծել եւ որ բարեգործական ծրագրեր է իրականացնում: Սա ոչ ոք  ժխտել չի կարող:

Մենք միայն տեսնում էինք, որ քողարկված, կնքված բեռնատարները հանքերից հումք են տանում «անհայտ ուղղությամբ»` հետեւից հսկա փոշու ամպեր եւ համայն հայության միջոցներով կառուցված Հյուսիս-հարավ քանդված մայրուղի թողնելով:

Ի տարբերություն Հայաստանի (շատ հեռու չգնանք), Ղարաբաղում բնապահպանական ակտիվիստներ, շարժումներ չեն եղել (հիշում եք Թեղուտի շուրջ ի՞նչ հսկայական շարժում կար Հայաստանում):

Մեր «էկոակտիվիստներն» էլ տաքսիստներն էին. «հանքի բեռնատարները լրիվ ավիրել են էս ճանապարհը», – բողոքում էին նրանք:

Այսպես, 2022թ. դեկտեմբերի 28-ին Արցախի կառավարությունը հայտարարեց, որ «Բեյզ Մեթըլս» դադարեցնելու է գերծունեությունը, պատճառաբաներով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրով:

«Ընկերության ղեկավարության հետ համատեղ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել ընկերության հանքավայրի շահագործումը՝ մինչև փորձաքննության ավարտը»:

Սակայն փորձաքննության ոչ սկիզբ, ոչ ավարտ եղավ, այլ եղավ այն, որ բլոկադայի օրերին ընկերության բեռնատարները հաջորդիվ կայանել էին հունա-հռոմեական ճարտարապետությամբ կառուցված Վալեքս հոթելի դիմաց Ստեփանակերտում, իսկ վարորդները, ովքեր Հայաստանից էին, առավոտները հավաքվում էին, քննարկում, թե երբ է իրենց հերթը հասնելու Լաչինի միջանցքը հատելու համար:

Հիմա փոշի բարձրացնելու եւ պոչամբարներ կառուցելու հերթը Ղարաբաղը «կանաչ գոտի» հայտարարծ Ադրբեջանին է: Նավթը, ոսկին գայթակղիչ բաներ են:

Ի՞նչ օտարերկրյա ներդրումներ կլինեն Ղարաբաղում, դեռ պարզ չէ: Առայժմ հայտնի է միայն Լուկաշենկոյի մեկ պարկ կառտոֆիլի մասին:

Մնում է միայն հաշվարկել, թե ինչքա՞ն ոսկի է անկախության տարիներին տարհանվել Արցախից, որտեղ, ինչպես հայտնի է, պետությունն է ընդերքի տերը եղել։ Հաշվարկել, թե ինչքա՞ն ապահով կարող էր ապրել արցախցին, եթե պետությունը ոսկու արդյունահանման մասնաբաժինների գոնե 30 տոկոսի տերը լիներ։ Բայց այդպես էլ տեր չդարձանք։

Մարութ Վանյան