ՄՔԴ-ից պահանջել են ձերբակալել Իսրայելի վարչապետին ու պաշտպանության նախարարին, նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը պահանջել է Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախարարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման երեք առաջնորդների ձերբակալման օրդեր տրամադրել։

Պատճառը ենթադրյալ ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործություններն են։

Կարեւոր․ ի՞նչ ժամկետում արցախցիները քաղաքացիություն կստանան, որ մասնակցեն բնակապահովման ծրագրին

Step1.am-ի հարցերին պատասխանել է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը։

Կառավարությունը հաստատեց Արցախից բռնի տեղահանված անձանց բնակապահովման ծրագիրը, որի հիմքում դրված է ՀՀ քաղաքացիություն ստանալու պարտադիր պահանջը։ Մինչ օրս բռնի տեղահանված քանի՞ արցախցի է ՀՀ քաղաքացիություն ստացել։

-Մայիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ստացվել է քաղաքացիության 1942 դիմում, 1274 մարդ ստացել է քաղաքացիություն։

-Նախորդ ամիսների փորձը ցույց տվեց, որ անձնագրային համակարգը պատրաստ չէ նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու։ Համակարգի հզորությունը բարձրացվելու է, ինչպե՞ս եք կարողանալու սպասարկել ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձանց։

-Ծրագրի առաջին փուլին մասնակցելու են 4000-ից մի փոքր ավելի թվով ընտանիքներ, որոնք ունեն 3 եւ ավելի անչափահաս երեխա։ Անչափահասների համար առանձին քաղաքացիության դիմումներ չենք ընդունում, իրենց քաղաքացիությունը հաստատվում է միայն անձնագրավորման միջոցով։ Այնուամենայնիվ անձնագրային ծառայության ծանրաբեռնվածությունն ավելանալու է, բայց այդ հոսքին դիմագրավելու համար քայլեր են արվում։ Ընտանիքի մեծահասակների թվով մենք հաշվել ենք, որ բնակապահովման ծրագրի շահառու դառնալու նպատակով առաջին փուլում մոտ 20 հազար դիմում է սպասվում։ Եվ այդ ծանրաբեռնվածությանն արձագանքելու համար մենք ամբողջ հանրապետության տարածքում հիմա էլ անձնագրային ծառայությունները վերապատրաստում ենք։

Երբ քաղաքացիության համար դիմող անձը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ չէ, մենք դիմումներն ընդունում ենք միայն Երեւանի վարչական գրասենյակում։ Իսկ ԼՂ-ից բռնի տեղահանվածների պարագայում բոլոր անձնագրային ծառայությունները դիմումներ ընդունում են։

Երեւանում դեռ կենտրոնացված է վարչական շենքում, բայց պահանջարկի աճին զուգահեռ Երեւանում եւս նույն մոդելը կկիրառենք, այսինքն՝ մայրաքաղաքում եւս ցանկացած անձնագրային ծառայությունում դիմում կվերցնենք եւ արտահերթ։ Հիմա նաեւ արտահերթ ենք սպասարկում տեղահանված անձանց առաջին անձնագրավորումը, բայց այդտեղ հերթ չունենք, էլեկտրոնային հերթագրման պարագայում անձն այսօր հերթագրվում է, վաղը հերթը հասնում է, այս պահի դրությամբ պատկերն այդպիսին է։

Հիմա մենք փորձում ենք դա դնել նորից հերթագրման սկզբունքի վրա, որպեսզի մարդկային կուտակումները տեղահանված անձանց նեղություն չտան։ Այսինքն՝ այս պարագայում հերթագրվել նշանակում է ընդամենը ժամերի միջեւ բաշխել պահանջարկը, որովհետեւ որպես կանոն բոլորը գալիս են առավոտյան, մեծ կուտակում է լինում, բայց օրվա կեսից մարդ չի մնում։ Մենք ներդնում ենք հերթագրման սկզբունքը, որպեսզի յուրաքանչյուրն իրեն հարմար ժամ վերցնի։ Եվ չենք թողնելու, որ այդ հերթը ձգվի 2-3 աշխատանքային օրից ավելի։ Այս պահի դրությամբ այդ պատկերն ունենք։ Արդեն պահանջարկի աճին զուգահեռ սպասարկող անձնակազմի թիվն էլ կավելացնենք։

Ասացիք, որ ավելի քան 4000 ընտանիք է օգտվելու ծրագրի առաջին փուլից, ունե՞ք հաշվարկ, այդ անձինք եթե դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որքա՞ն ժամանակ կպահանջվի։

-Սպասարկումը երկու մասից է բաղկացած, մեկը դիմումների ընդունումն է, որը համակարգի համար մարտահրավեր է։ Եվ դրան դիմակայելու միակ միջոցը սպասարկող անձնակազմի թվի ավելացումն է։ Երկրորդ հատվածն արդեն այդ ընդունած դիմումների վարումն է, որը տարբեր ստուգումներ, միջգերատեսչական համագործակցություն է ենթադրում, հարցումներ են արվում, պատասխաններ են ստացվում, համադրվում են, եւ կազմվում է եզրակացություն։ Եզրակացություն կազմելուց հետո ուղարկվում է նախագահի աշխատակազմ, սահմանված ժամկետում նախագահի հրամանագիրը ստացվում է։ Այստեղ պրոցեսն արագացնելու համար արդեն համալիր մոտեցում է պետք, դա ոչ միայն Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից է կախված, այլ նաեւ ոլորտին առնչվող այլ գերատոսչություններից։ Ըստ էության, կլինի համապատասխան հանձնարարական եւ այդ պորցեսներն ավելի կխտացվեն։

-Անձը որքա՞ն ժամանակահատվածում է կարողանում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել հիմա, եւ ի՞նչ է ենթադրում ձեր ասածը՝ կկրճատվի՞ այդ ժամանակահատվածը։

-Օրենքով սահմանված է 90 աշխատանքային օր, որը գործնականում ստացվում է 4,5 ամիս։ Այս պահի դրությամբ մեր պահանջարկի պայմաններում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի քաղաքացիության ստացումը ձգվում է մինչեւ 2 ամիս, այսինքն՝ 4,5 ամսվա համեմատ այնուամենանայիվ կրկնակի արագացված է։ Բայց եթե բնակապահովման ծրագիրը ենթադրի սեղմ ժամկետներ, քաղաքացիության դիմումների ընդունումը գործընթացին կհամապատասխանեցվի այնպես, որ քաղաքացիության դիմումի պատճառով ծրագրի շահառու դառնալու խնդիր չառաջանա։

Ռոզա Հովհաննիսյան

2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ

Տավուշի մարզի Կիրանց գյուղի մեջտեղում սյուներ են տեղադրվել: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ 2 տուն, 3 վագոն–տնակ-խանութ եւ ավտոլվացման մեկ կետ մնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«6 տուն էլ այնքան մոտ է ադրբեջանցիներին, որ հնարավոր չէ այնտեղ ապրել։ Դպրոցն էլ է այնքան մոտիկ, որ ոչ ոք երեխաներին չի կարող դպրոց ուղարկել»,– ասաց Կամո Շահինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

Հայաստանում մի փոքր տաքանալու է

Հայաստանի ողջ տարածքում օդերևութաբանները կանխատեսում են անձրև և ամպրոպ, ինչպես նաև կարկուտ և օդի ջերմաստիճանի բարձրացում։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Նշվում է, որ այս եղանակը կպահպանվի մայիսի 20-22-ը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ (Բոֆորի սանդղակի համաձայն՝ վայրկյանում տասնութից երեսուն մետր արագությամբ քամին փոթորիկ է):

Օդի ջերմաստիճանը ապրիլի 20-ին կբարձրանա 3-5 աստիճանով.

Շիրակում օդի ջերմաստիճանը մայիսի 20-ին կլինի +17, Կոտայքում՝ +21, Գեղարքունիքում՝ +14։ Լոռիում և Տավուշում մայիսի 20-ի ցերեկը օդերևութաբանները կանխատեսում են +17 և +20, Արագածոտնում +22։
Արարատում, Արամավիրում և Վայոց ձորում մայիսի 20-ին օդը տաքանալու է մինչև +24, Սյունիքում՝ +21։

Երեւանում մայիսի 20-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում։ Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +23 աստիճան։

Արցախցիներին նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը՞ չէ

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը գրում է․

«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումը, որն այսօր Տավուշի ոստիկանության պետն ուղղեց ֆոտոլրագրող David Ghahramanyan-ին, սովորական մի հարցադրում չէ, որ անում են կառուցողական երկխոսության ժամանակ։

Դա հարցադրում է, որ անում են այն իրավիճակում, երբ դիտավորյալ նպատակ են ունենում վիրավորելու հայրենիքի կորստի ցավից առանց այն էլ մղկտացող արցախցուն, երբ նպատակ են ունենում ասելու, որ Հայաստանը քո հայրենիքը չէ, և իրավունք չունես խոսելու։ Դա անում են դիտավորյալ՝ ցավեցնելու արտահայտված նպատակադրմամբ։

Ընդորում՝ այսօրվա ոստիկանը միակը չէ, որ այս ընթացքում նման հարցադրում է արել։ Ես վստահ եմ, որ այդ հարցադրումն անողները պատասխանը շատ լավ գիտեն, ու կարիք չկա նրանց նորից բացատրելու արցախցիների՝ ադրբեջանական վերահսկողության տակ մնալու հետևանքները։

Իսկ եթե հազարավոր տնավեր հայրենակիցների ամենօրյա ցավը տեսնելով՝ այնուամենայնիվ մարդը որոշում է նման հարցադրում անել, ուրեմն ոչ մի խրատ ու խորհուրդ նրան չի փրկի տմարդության և անբարոյականության այդ գարշելի անդունդից։

Նկարը՝ 2023 սեպտեմբեր, Ստեփանակերտ։

Կիրանցում 3 սյուն է տեղադրվել․ գիշերը սահման գծելը ո՞րն է

Կիրանցում սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Գյուղացիներն «Ազատությանը» փոխանցեցին, որ գիշերը երեք սյուն է դրվել: Այս պահին պարզ չէ՝ դրանք սահմանային են, թե՞ ուղղորդող:

Անհասկանալի է, թե ինչու են այդքան շտապում, չեն նայում՝ կիրակի, գիշեր։ Եթե սա լեգիտիմ գործընթաց է, ինչո՞ւ է թաքուն արվում։

«Եվրոպայի օրերի» շրջանակներում Երևանում կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոն

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ից հունիսի 7-ը Հենրիկ Մալյանի անվան Կինոյի տանը կներկայացվի 23 ֆիլմ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից և Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից և Հայաստանից:

Փառատոնի նպատակն է երևանցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռել խորասուզվելու եվրոպական մշակույթի մեջ և բացահայտել արժեքավոր գաղափարները, որոնք հեղինակները ձգտում են կիսել իրենց ֆիլմերում:

Մայիսի 10-ից Հայաստանում անցկացվում են «Եվրոպայի օրեր»։ Նույն օրը ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի մամուլի ասուլիսում նշվել է, որ տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև հունիսի 7-ը՝ ընդգրկելով մայրաքաղաքը և տարածաշրջանները, որպեսզի «ցուցադրեն Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորությունը»։

Եվրոպայի օրերի շրջանակում մշակութային և տեղեկատվական միջոցառումներ են անցկացվում նաև Սյունիքում և Լոռիում։ Իսկ Գորիսում տեղեկատվական տոնավաճառի այցելուները կծանոթանան ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագծերին։

Հայաստանի համար աղետալի սխեմայի «հաջողությունը» կորոշվի Կիրանցում

Բագրատ Սրբազանն այսօր կլինի Կիրանցում: Աշխարհը ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակին՝ գիտակցելով, որ իրանական ուղղաթիռի կործանումը և, ինչպես արդեն հաղորդվել է, նախագահի մահը շատ բան կփոխի տարածաշրջանում։ Բայց Կիրանցը ևս մեկ կետ է, որից կախված է համաշխարհային կարգերի փոփոխության պարադիգմը։

Հայկական Կիրանցը դարձավ արցախյան սխեմայի նոր էպիկենտրոն․ սխեմայի էությունը՝ տարածքային հակամարտությունների ուժային լուծումն է, որը դետոնատոր ծառայեց Ուկրաինայի և Պաղեստինի պատերազմների համար։ Այժմ անցում է կատարվել սխեմայի երկրորդ մակարդակին՝ Հայաստանի ինքնիշխան իրավունքների և պետական ​​իրավասության օտարում։ Եւ այս ռազմավարության «հաջողությունը» կախված է Կիրանցից։

Սրբազանի` Կիրանց գնալը նշանակում է, որ նման ըմբռնում կա։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն անկյուն է քշված, նա մինչև վերջ “կպայքարի” և հրաժարական չի տա, իսկ իմպիչմենտը երկար ու կասկածելի ձեռնարկ է։ Կիրանցի “ճակատամարտը”՝ քաղաքացիական կուռ դիմադրությունը և Փաշինյանի իշխանության կամայականության դեմ իրավական պահանջները կարող են դառնալ շատ ավելի առարկայական։

Քաղաքացիական պայմանագրի պատգամավորները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ նրանցից ամենահամարձակը՝ Վահագն Ալեքսանյանը, ասում է, որ Բագրատ Սրբազանի շարժումը չի հաջողվի։

Պատգամավորները չեն հասկանում, որ այս հայտարարություններով հակառակն են պնդում՝ Բագրատ Սրբազանի շարժումն արդեն հասել է հաջողությունների, քանի որ

  1. Շարժումը ցույց տվեց, որ իշխող Քաղաքացիական պայմանագիրը կորցրել է նույնիսկ իր կողմնակիցների եւ ճնշող մեծամասնության աջակցությունը, այն արդեն համարվում է ոչ լեգիտիմ և եւ, ըստ էության, իշխանությունը յուրացրած։
  2. Շարժումն ապացուցեց, որ որպես ժողովրդավարության դրոշակակիր իշխանության եկած Քաղաքացիական պայմանագիրը ոչ մի ընդհանրություն չունի ժողովրդավարության հետ, դա ապացուցվեց թե՛ Freedom House-ի վերջին զեկույցով, թե՛ իշխող պատգամավորների հայտարարություններով, որ Քաղաքացիական պայմանագիրը երբեք չի հրաժարվի իշխանությունից։
  3. Շարժումը ցույց տվեց, որ Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվել է և՛ իր նախընտրական ծրագրից, և՛ կառավարության ծրագրից, և՛ Սահմանադրությունից ու օրենքներից։ Շարժումը եւ Կիրանցը ստիպեցին Փաշինյանին ընդունել, որ հակասահմանադրական զիջումների միակ փաստարկը վախն է՝ պատերազմի սպառնալիքը, և որ իր կառավարությունը ոչ թե նախընտրական ծրագիր է իրականացնում, այլ «երկիրը հարմարեցնում է փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններին»։
  4. Շարժումը ցույց տվեց, որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները գործող վարչակազմի քաղաքականությանը կոնկրետ այլընտրանք չեն առաջարկում, նրանց անիմաստ է ապավինել, և որ ընդհանուր նպատակի շուրջ քաղաքացիական և քաղաքական կոնսենսուս է անհրաժեշտ:

Կիրանցը կարող է դառնալ Հայաստանի Սարդարապատը։

Արցախի օկուպացիայի ճանաչումից հետո ուղղաթիռի կործանում. կփոխվի՞ Իրանի քաղաքականությունը

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները, ով Ալիևի հետ հանդիպումից և 2020 թվականին Արաքսի շրջանում հայերից խլվաց հողերի վրա հիդրոէլեկտրակայանի բացումից հետո ուղեվորվում էր Թավրիզ, կարող է երբեք չպարզվել։ Ճիշտ այնպես, ինչպես դեռ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել 2010 թվականին այն ինքնաթիռի հետ, որով Լեհաստանի ռազմաքաղաքական վերնախավը թռել է Կատինի ջարդերի տարելիցին։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ մայիսի 19-ի աղետը վերափոխումների կհանգեցնի Մերձավոր Արևելքում, ինչպես 2010 թվականից հետո փոխվեց Եվրոպայում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների քաղաքական պարադիգմը։

2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկ-Սևերնի օդանավակայանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել լեհական Տու-154 ինքնաթիռը։ Զոհվել է 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին, նրա կինը, հայտնի լեհ քաղաքական գործիչներ և բարձրաստիճան զինվորականներ։ Սա փոխեց Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը Եվրոպայում։ 2012 թվականին Վլադիմիր Պուտինը վերադարձավ նախագահի պաշտոնին և անմիջապես սկսվեց «հողեր հավաքելու» ընթացքը։

Վրաստանի պատերազմի ժամանակ (2008 թ.) Կաչինսկին մեղադրեց Ռուսաստանին ագրեսիայի մեջ և ասաց, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Ռուսաստանի մասին խոսելու յուրօրինակ ձև են մշակել, «որը ոչ այնքան բացահայտում է Ռուսաստանի էությունը, որքան թաքցնում է այն»։ Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Կաչինսկին դիտարկեց Ռուսաստանի կողմից ռազմական էքսպանսիայի հետագա ուղին՝ սկզբում Վրաստանը, հետո Ուկրաինան, հետո Մոլդովան, հետո Բալթյան երկրները, ապա Լեհաստանը։

Միայն 2022 թվականին Լեհաստանի Հանրապետության Սեյմը Ռուսաստանին ահաբեկչությանը աջակցող պետություն ճանաչելու մասին որոշում ընդունեց եւ աղետի համար պատասխանատվությունը դրեց Ռուսաստանի վրա։

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Իսրայելի պատերազմը Գազայում փակուղի է մտել, և նույնիսկ իսրայելցի զինվորականներն ասում են, որ վարչապետ Նեթանյահուն որևէ ծրագիր չունի, թե ինչ անել Համասի ոչնչացումից հետո, բացի Պաղեստինը բռնակցելուց: Իսկ Էրդողանն ասել է, որ Գազայից հետո Իսրայելը թիրախավորելու է Անատոլիան։ Նեթանյահուն չի կարող կանգ առնել։

Իսրայելը չթաքցրեց, որ իր գլխավոր թշնամին Իրանն է՝ հրահրելով Թեհրանին բացահայտ ռազմական գործողությունների։

2020 թվականի հունվարի 3-ին սպանվեց իրանցի գեներալ Սոլեյմանին, իսկ արդեն հունվարի 11-ին Իրանում բողոքի ակցիաներ էին հրահրվում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ կիրակի, Ղարաբաղում սկսվեց պատերազմը, տեղի ունեցավ կասկածելի տարածքային ամբողջականության ուժային «վերականգնման» առաջին նախադեպը՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իսրայելի անմիջական աջակցությամբ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Թուրքիայում ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների գաղտնի հանդիպումից հետո, Իրանի լուռ համաձայնությամբ Արցախում ագրեսիա իրականացվեց, որն ավարտվեց հոկտեմբերի 5-ին բնիկ բնակչության տեղահանմամբ և Ղարաբաղի ամբողջական օկուպացիայով։

Մեկ շաբաթ անց 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գործողություններից և իսրայելցիներին պատանդ վերցնելուց հետո Նեթանյահուն պատերազմ սկսեց Պաղեստինի դեմ՝ փորձելով ներգրավել Իրանին:

2024 թվականի ապրիլի 1-ին իսրայելական օդուժի Դամասկոսի հրթիռակոծության հետևանքով իրանցի գեներալներ են զոհվել։

Կիրակի, ապրիլի 14-ին Իրանը պատասխանել է «խորհրդանշական» դրոնային և հրթիռային հարձակումով Իսրայելի վրա, որի հետևանքով ոչ ոք չի տուժել, ոչնչացվել է միայն իսրայելական ռազմաբազան, որից հետո սկսվել են իրանա-ամերիկյան խորհրդակցությունները և արդիական դարձել պաղեստինյան պետության ստեղծման հարցը։

Մայիսի 19-ին՝ դարձյալ կիրակի օրը, Ալիևն ու Ռաիսին հանդիպել են և, ինչպես նշվում է, պայմանավորվել են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անցնի ոչ թե Հայաստանով, այլ Իրանով։ Ռաիսին եւս մեկանգամ ճանաչել է Ղարաբաղի օկուպացիան։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահի ուղղաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են

Նշաններ չկան, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում գտնվողներից որևէ մեկը ողջ է, հաղորդում է Press TV-ն՝ վկայակոչելով իրանական Կարմիր մահիկը։
Նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կործանումից հետո «կենդանության նշաններ չկան», – ասվում է զեկույցում:
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ վթարի արդյունքում Ռաիսիի ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է, իսկ բոլոր ուղեւորները համարվում են մահացած։

Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց

Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց։ Ովքեր գալու են, ժամը 09:30-ին կհանդիպենք Աբովյանի ճանապարհին տուֆ քարի մոտ (Երևանի հյուսիսային դարպասներ): Մենք այս ընթացքում չենք վերադարձել Կիրանց եւ գտնում եմ, որ կարեւոր է  վերադառնալ այնտեղ»,-ասաց նա:

Կիրանցում են գտնվում արդեն հայ սահմանապահները, որոնք պետք է կանգնեն նոր “դելիմիտացված” սահմանին։ Սակայն, ինչպես պարզ է դարձել մայիսի 15-ին, Կիրանցում 3 սահմանային կետ դեռ որոշված չէ։ 

Բացի այդ, ճանապարհը, մի քանի բնակելի տուն, տարածքներ պետք անցնի թշնամու կողմ։ Բնակիչները կտրուկ դեմ են լքել իրենց տները։ 

Ապօրինի սահմանազատումն ու կապիտուլյացիոն ընթացքը կասեցնելու նպատակով է ստեղծվել “Տավուշը հանուն հայրենիքի” շարժումը, եւ այդ նպատակին հնարավոր է հասնել առաջին հերթին Կիրանցում։

Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրել էր մայիսի 19-ին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին այցը հետաձգվել է, հայտնում է TACC գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ ակնկալվում էր, որ Ռայիսին կմասնակցի ՀՀ տարածքում տրանսպորտային միջանցքների բացմանը։