Գիշերով չի ավարտվում օրը. Տեր Դերենիկը Դադիվանքից

Պատմում է Տեր Դերենիկ Սահակյանը

2022 թվական: Երկու տարի էր անցել սարսափելի պատերազմից հետո: Ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքում, որտեղ հայ հոգևորականներն էին հերթափոխով ծառայում, առանձնահատուկ իրադարձություն էր՝ հայ ուխտավորներ են գալիս: Տեր Դերենիկ Սահակյանն իր սարկավագների հետ, բառի ամենաուղիղ իմաստով, սրտատրոփ սպասում էր: Ուխտավորներն ուշանում էին, քանի որ ճանապարհին ադրբեջանցիները երկար ժամանակ կանգնեցրել էին մեքենան, ուխտավորներին մեքենաներից հանել, ստուգել պայուսակները: Վիրավորանքն ու ցավը կուլ տալով՝ ուխտավորները վերջապես հասնում են վանք: Գրկախառնումի և ուրախության իդիլիա: Բնությունն էլ, որ մի օր առաջ դեռ փոթորկվում էր, խաղաղվել էր, նույնիսկ արևն էր ծագել: Դադիի գերեզմանի վրա մատուցվեց ամենահիշվող բաց Պատարագը: Ադրբեջանցիների տրակտորների աղմուկը նույնիսկ չկարողացավ խլացնել Հայր Սուրբի զրնգուն ձայնը: Պատարագից հետո կարևորի ու անկարևորի մասին խոսելու պահն էր: Ցավն ու ուրախությունը դեռ այսքան կողք կողքի չէին եղել: Հրաժեշտը միայն մեկ բառով է նկարագրելի՝ ծանր, բայց սա Դադիվանքի, նրա հոգևորականների և ուխտավորների համար այն հազվադեպ երջանիկ օրերից մեկն էր:

Ծառայություն Դադիվանքում

2020 թվականի ցավալի պայմանագրից հետո Արցախը հայտնվեց մի կարգավիճակում, երբ ամբողջությամբ այլ իրականություն էր ստեղծվել։ Այդքան պայքարից հետո հասանք մի իրավիճակի, երբ այդ ծանր օրերում գտանք մի նշույլ հույս, հավատ, որով խարսխեցինք մեր մնայուն ներկայությունը հայոց հողի վրա։ Արդեն նոյեմբերին, երբ առանց կրակոցի հանձնվեց Քարվաճառը, որտեղ և Դադիվանքն էր, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն դիմեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսիո Ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլին, որպեսզի միջնորդեն, և Դադիվանքը մնա ու գործի որպես հայկական վանք, հայ հոգևորականներն էլ այնտեղ կատարեն ծիսապաշտական արարողություններ։ Հուրախություն բոլորիս՝ այդպես էլ եղավ, Դադիվանքը վերադարձվեց մեզ։

Մինչև իմ Դադիվանք գնալը հոգևորականները հերթափոխով կատարում էին իրենց ծառայությունը։ Այդ շնորհն ինձ էլ հասավ։ Մինչ այդ Եգիպտոսում էի ծառայում։ Մենք ունենք բավականին հին արմատներ ունեցող թեմ այնտեղ։ Համայնքային կյանքը հետաքրքիր էր՝ նոր աշխարհ, նոր մարդիկ, բայց հայրենիքի կարոտը մեծ էր։ Հայրենիքն էլ է կարոտ քո ֆիզիկական ներկայությանը։ Կարևոր չէ, թե նրա որ հատվածում ես, տեղային շեշտադրում չկա։ Սա վերացականի ու աներևույթի մասին չէ, սա իրականի ու շոշափելիի մասին է։ Թեև այս պահին Արցախը մեր ձեռքին չէ, բայց այն վերացական չէ։ Թղթերով չես համոզի, քանի որ մեր նախնիների շիրիմներն այնտեղ են։ Սա միամիտ ու թրթռացող հույս չէ։ Ամեն ինչ, ի վերջո, վերադառնում է ի շրջանս յուր։ Սա կյանքի փիլիսոփայությունն է, դրա համար, որքան էլ ժամանակ անցնի, ակունքը չի մոռացվում։

Առօրյա

Դադիվանքի օրերը չվերջացող օրեր են։ Գիշերով չի ավարտվում օրը։ Ամեն օրը նոր էր, հետաքրքիր, այն քեզ ապրեցնում էր։ Տարուց ավել այնտեղ էինք,  բայց ոչ մի օր չենք ձանձրացել։ Դադիվանքը տալիս էր ապրելու, աղոթելու, հույս ունենալու մի նոր ձև։

Թեև ընդամենը երկու անգամ են ուխտավորներ եկել, ու մեկ տարի ընդհանրապես մարդ չի եկել, բայց ես և երկու սարկավագները օրվա մեջ երկու-երեք անգամ կատարում էինք ժամերգություն,  կիրակիներին՝ Պատարագ։ Երբևէ չի եղել, որ  ուղղակի գնանք ժամերգության, միշտ մանրակրկիտ պատրաստվում էինք։ Նաև եկեղեցու բարեկարգման գործերով էինք զբաղվում, ծաղիկներ էինք ցանում, խնամում։ Շրջափակման ժամանակ, երբ սննդամթերքի խնդիր կար, մի փոքր հողակտոր մշակում էինք։

Դադիվանքի ողջ օրերի ընթացքում մշտապես գտնվել ենք Վեհափառ Հայրապետի հայրական հոգածության ու ուշադրության ներքո: Իսկ թեմն ամեն ինչ անում էր մեր կարիքները հոգալու համար։ Շնորհակալ ենք Վրթանես արքեպիսկոպոս Աբրահամյանին, հոգևորաց դասին՝ ի դեմս Տեր Անդրեասի, ով ջանք ու եռանդ չէր խնայում մեզ օգնելու համար։

Դադիվանքում լինելու օրերին օրագիր էի պահում։ Ու հիմա, երբ կարդում եմ գրառումներս, հասկանում եմ, թե այդ դժվարությունների ու պակասի մեջ որքան երջանիկ էինք։ Այն, որ քո ֆիզիկական ներկայությամբ մի ամբողջ վանք պաշտպանված ու պահված է, դա  էր արժեքավորը։ Մնացածը ստորադասվում է։ Աստված պետք է լինի առաջինը։ Բոլոր տեսակի մարմնական դժվարությունները երկրորդական են, դրանք չպետք  է վնասեն գաղափարն ու առաջնայինը։ Մեր կյանքի խնդիրներից մեկն էլ այն է, որ առաջնայինը և երկրորդականը շփոթում ենք։

Ուխտավորներ

Մեծագույն ուրախություն էին ուխտավորների այցելությունները, որ, ցավոք, ընդամենը երկու անգամ տեսանք՝ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներ։ Այդ օրերն իսկական տոն էին դառնում։ Անհամբեր սպասում էինք, որովհետև ամիսներով մարդ չէինք տեսնում։ Մաքրություն էինք անում, ամեն բան անում էինք  ներկայանալի լինելու համար։ Ուրախություն էր։ Չէինք ցանկանում, որ ուխտավորները գային ու տեսնեին սահմանափակված իրականության մեջ ապրող տխուր մարդկանց։ Մարդիկ երբեմն հարցնում էին, թե ինչպես ենք մեն-մենակ, չորս կողմից շրջապատված, մնում այնտեղ։ Բայց մենք երջանիկ էինք, որովհետև հայոց հողի հետ ապրումակցում էր, ոչ թե սոսկական կյանք:  Այդ ուրախությունը, հույսն ուզում էինք ուխտավորներին փոխանցել։

Ռուս խաղաղապահներ

Ռուս խաղաղապահները մշատապես ներկա էին և Դադիվանքի անվտանգությունն էին ապահովում։ Նրանց հետ ջերմ փոխհարաբերություններ ունեինք։ Շատերը  պատարագներին մասնակցում էին, քանի որ իրենք էլ քրիստոնյա են։ Ամեն կիրակի՝ Պատարագից հետո, հայկական ուտեստներ էինք պատրաստում, հյուրասիրում։ Դրանով նաև մեր մշակույթն էինք ներկայացնում։ Ռուս զինվորներից շատերը Արցախի և Դադիվանքի մասին ամբողջական տեղեկություն չունեին, և այդ ամենը նրանց հետ խոսելու, պատմելու առիթ էր: Նաև շատ զրույցենր էինք ունենում հոգևոր թեմաներով, մեր պատմության մասին:

Սևուկը

Ինչպես ասացի, օրեր շարունակ նույն մարդկանց դեմքերն էին, նոր մարդիկ չէինք տեսնում։ Այդ ընթացքում սկսում էինք կապվել կենդանիների հետ։ Թվում էր՝ մարդկային լեզուն նրանք էլ են ընկալում։ Կատուներ ունեինք, իսկ ես՝ նաև Սևուկին:

Մի մութ ու մռայլ գիշեր ձայներ լսեցինք, պարզեցինք, որ շուն է, որն օգնության կարիք ուներ։ Թույլ տվեցի, որ մոտենա։ Հասկացա, որ այդ շանը պետք է պահեմ։ Հետո պարզվեց, որ դա «այն կողմից» եկած շունն է։ Եկան ու տարան շանը։ Հաջորդ օրը Սևուկը փախավ ու նորից եկավ մեզ մոտ և այլևս չհեռացավ մեզանից։ Մնաց որպես պահապան Դադիվանքին:

Պահպանել Դադիվանքը

Արցախի մշակույթի պահպանության գրասենյակ ունենք՝ հաստատված Վեհափառ Հայրապետի կողմից։ Բավականին մեծ աշխատանքներ են տարվում միջազգային հարթակներում՝ ներկայացնելով մեր սրբությունները, պատմականությունը, հայկական ծագումնաբանությունը։ Թեև ցավալի է, որ դու ստիպված ես ապացուցել, որ քո սեփականն իսկապես քոնն է։ Դադիվանքի մասին էլ փորձում են կեղծ պատմություններ ներկայացնել։ Նրանց կողմից ձևակերպված որևէ «պատմական փաստ» անգամ փոքր քննության չի կարող դիմանալ: Տեսնում ենք, թե ինչպես են պղծում սրբությունները, շիրիմները։ Մեկը, ով մայր ու մանուկ սովամահ է անում, ի՞նչ պետք է ակնկալես նրանից։ Պետք է անընդհատ ասել ու ներկայացնել, բարձրաձայնել, որ սա քո ստեղծածն է, քո արժեքն է։ Գալիս  է մի ժամանակ, երբ ճշմարտությունը կարիք ունի ճշմարտության, արդարությունը՝ արդարության։ Հիմա այդ ժամանակներում ենք։

Մտքեր

Ամենաառանցքային միտքը, որ վերջնականապես ձևակերպվեց իմ մեջ Դադիվանքում, այն է, որ Աստված է քո միակ հույսը, և երկրորդ, որ երբեք չպիտի հանձնվես։ Կամային խորը զգացմունքներ է ինձ տվել Դադիվանքը, սկսել եմ ավելի սիրել եկեղեցիս ու հայրենիքս։ Երբեք վախի զգացում չեմ ունեցել Դադիվանքում, որովհետև վախը մարդուն չսիրելու, չօգնելու, չգործելու պատճառ է դառնում։ Որտեղ կա վախ, այնտեղ կա ձախողում, նահանջ։

Չարը հաղթե՞լ է

Ցավ ի սիրտ, երբեմն մեր ազգն իր ընկալումներում, պատկերացումներում միաբան չէ։ Ամեն մեկն իր փրկության ծրագիրն է ներկայացնում։ Հիմնականում խոսքեր են՝ առանց գործերի։ Մեր ազգի միասնությունը կլինի եկեղեցով՝ որպես  հիմնասյուն։ Այստեղ-այնտեղ փրկիչներ մի փնտրեք։ Մենք միայն մի փրկիչ ունենք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ի՞նչ է նշանակում գալ հասնել 21-րդ դար և խոսել հայրենիք ու պետություն ունենալ-չունենալու մասին։ Կկվի նման պատմության ընթացքում Նախիջևանը տվեցինք, այսօր Արցախը, հիմա ի՞նչ՝  երրորդը Սյունի՞քը պետք է տանք։ Ի վերջո, եկեք մի օր նայենք ճշմարտության աչքերի մեջ՝ երեկը տեսնելով, ճիշտ կառուցենք ապագան: Եվ այսօր ասենք՝ այլևս երբեք: Հաստատուն կամքով ամուր մնանք մեր հայոց հողում, մեր հայոց սրբությունների հետ: Գործելու ժամանակն այսօր է: Եվ գիշեր-ցերեկ անձանձիր կերպով աշխատենք, որպեսզի մեր հայոց ազգի Գողգոթայի չարչարանքներն ավարտվեն, որ շուտ հասնի Հարությունը՝ լցված  հույսով ու հավատով:

Խոսք՝ արցախցիներին

Հոգով, սրտով ես էլ այլևս արցախցի եմ։ Այս ցավի ու դժվարությունների մեջ եկեք ձեռք-ձեռքի ու սիրտ-սրտի քայլենք։ Ցավի մեջ էլ կա շնորհ, այն, ի վերջո, կարող է ուժ դառնալ՝ հաղթահարելու ցավն ու դժվարությունները։ Կհորդորեի, որ մարդիկ հաճախ եկեղեցի գնան, աղոթեն, մկրտվեն, քանզի Աստծուց է զորությունն ու մխիթարությունը տրվում։

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում:

Ակնհայտ է, որ Արցախի խնդիրը փակ չէ, եւ Մինսկի խմբից հնարավոր չէ ուղղակի հրաժարվել

Step1.am-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարո՛ն Ղուկասյան, ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում նրան փոխանցվեց արցախյան ավելի քան 200 կազմակերպությունների կոչը։ Հարցին, թե ԵԱՀԿ-ն փակե՞լ է Արցախի հարցը, հստակ պատասխան չհնչեց։ Ի՞նչ եք կարծում՝ ԵԱՀԿ-ն կարո՞ղ է ուղղակի հրաժարվել իր մանդատից ու փակել Արցախի հարցը։

-Ես չեմ կարծում, թե ԵԱՀԿ-ն կարող է այդ մանդատից հրաժարվել։ ԵԱՀԿ-ն մանդատ է տվել Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Ռուսաստանին, Արցախի հարցի կարգավորման համար։ Բացի այդ, Մինսկի խմբի մյուս անդամ պետությունները նույնպես ունեն մանդատ՝ Արցախի հարցին լուծում տալու եւ Մինսկի կոնֆերանսում այդ լուծումը հաստատելու։ Այսինքն՝ դա այնպիսի բան չէ, որից կարող են ուղղակի հրաժարվել։ Այս իրավիճակը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետեւանքն է։ Բայց քաղաքակիրթ աշխարհը չի կարող ընդունել ո՛չ ցեղասպանությունը, ո՛չ ուժի կիրառումը՝ որպես ինքնորոշման իրավունքը ճնշելու կամ վերացնելու գործիք։ Եվ ակնհայտ է, որ Արցախի խնդիրը փակ չէ։

-Եթե Հայաստանում լինի իշխանություն, որը կփորձի վեր հանել այս հարցերը, վերականգնել Մինսկի գործընթացը, դուք Արցախի հարցի լուծման համար ի՞նչ հնարավորություն եք տեսնում։

-Հայաստանն ու Ադրբեջանն ունեն պարտավորություն՝ կարգավորելու Արցախի խնդիրը։ Եվ դա Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Հիմա պատասխանատու պահ է, որովհետեւ միջազգային լեգիտիմ որոշումներից շեղում տեղի ունեցավ 2020 թվականին, երբ Արցախի վրա տեղի ունեցավ հարձակում, դրանից հետո որոշում կայացվեց այնտեղ տեղակայել ռուսական զորքեր։ Հիմա ռուսական զորքերը դուրս են եկել Արցախից, եւ խնդիրն սպասում է իր լուծմանը։

Արցախում պետք է տեղակայվեն բազմազգ միջազգային զորքեր, պետք է տեղակայվի ՄԱԿ-ի վարչակազմը, այդ վարչակազմի ու միջազգային խաղաղապահ ուժերի հսկողության տակ պետք է լինի Լաչինի միջանցքը։ Եվ պետք է պայմաններ ստեղծվեն՝ հանրաքվե անցկացնելու համար, որպեսզի մարդիկ իրենք ազատ ու առանց որեւէ սպառնալիքի ազդեցության որոշեն իրենց կարգավիճակը՝ իրենք Հայաստանն ու Արցախը տեսնում են միասի՞ն, Արցախը տեսնում են որպես անկախ պետությո՞ւն, թե՞ ցանկացած այլ ձեւաչափ պետք է լինի։ Դա Արցախի ժողովրդի իքնուրույն որոշման հարցն է։

Այն, ինչը սա մերժում է, որ լեգիտիմ է։ Եվ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում, իհարկե, մեծ նշանակություն ունի Արցախի շուրջ հիմա ստեղծված իրավիճակի համար։ Ցավոք սրտի, օրվա իշխանությունները շարժվում են Թուրքիայի ու Ադրբեջանի տեսլականով եւ փորձում են այդ հարցն օրակարգից դուրս բերել։ Դա վնասում է Արցախի հարցի խաղաղ կարգավորմանը եւ Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության  հաստատմանը։

Ռոզա Հովհաննիսյան

Հնարավորություն արցախցիների համար

Bridge To Armenia հիմնադրամի ֆինանսավորմամբ և Optimize Consulting խորհրդատվական գրասենյակի կազմակերպմամբ տրվում է «Վերածնվող երազներ» վերտառությամբ փոքր բիզնես գաղափարների խրախուսման մրցութային ծրագրի մեկնարկը՝ մինչև 45 տարեկան այն արցախցիների համար, ովքեր,

– ունեն բարձրագույն կրթություն,

– ունեն/ունեին գործող փոքր բիզնես կամ ունեն սեփական բիզնես հիմնելու գաղափար ու ցանկություն։

Ընտրված մասնակիցները կանցեն 5-ժամյա 3 թրեյնինգներ և կստանան գիտելիքներ՝ Ֆինանսական գրագիտության, բիզնես մոդելավորման և ֆոնդհայթայթման մասին։

Հաջորդիվ մասնակիցները պետք է կազմեն ֆոնդհայթայթման դիմումներ, որոնք կուսումնասիրվեն մասնագետների կողմից։

Լավագույն դիմումատուներին հնարավորություն կընձեռնվի ժյուրիին ներկայացնել իրենց բիզնես գաղափարները, իսկ ժյուրին կընտրի այն լավագույն գաղափարները, որոնք էլ կստանան ֆինանսավորում։

Դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել, լրացնել և [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել կցված հայտադիմումը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

Շտապեք դիմել ծրագրին՝ ձեր երազները վերակենդանացնելու համար։ Տեղերը սահմանափակ են։

Հայտադիմում – https://tinyurl.com/3vmz5kkz

Կարևոր է, որ համագյուղացիներով իրար մոտ ենք ապրում․ Հովսեփավանի համայնքի ղեկավար

Ասկերանի շրջանի Հովսեփավանի համայնքը Արցախի երիտասարդ բնակավայրերից մեկն է։ Վերջին ժամանակշրջանում համայնքն սկսել էր ծաղկել, ընդլայնվել և արդեն ընթացքի մեջ էր նոր թաղամասերի կառուցումը։ Սակայն ամեն ինչ, դժբախտաբար, մնաց անկատար․․․

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ թշնամու կողմից սկսվեցին հրետանու առաջին հարվածները, Ասկերանի շրջանի Հովսեփավանի համայնքի աշխատակազմը աշխատավայրում էր։

Պատերազմ է․․․2020 թվականի պատերազմի սարսափից դեռևս ուշքի չեկած ժողովուրդը նորից կանգնեց դաժան իրականության առաջ։ Հրետակոծությունների ահավոր ձայներից համայնքի ղեկավար Կարեն Դանիելյանը հասկացավ, որ շտապ պետք է կողմնորոշվել ու գյուղի բնակչությանն ապահով հասցնել ապաստարան։ Անմիջապես վազեց դեպի դպրոցը և 38 աշակերտներին ու ուսուցիչներին ուղեկցեց գյուղի երկհարկանի տներից մեկի նկուղ-ապաստարանը, որը միակն էր ամբողջ գյուղում։

-Երեխաներին միացան նաև կանայք ու ծերերը և ամբողջ գիշեր մնացին նկուղում։ Տղամարդիկ, ովքեր զենք ունեին, հերթապահություն սահմանեցին նկուղի մոտ, մի մասն էլ շրջում էր գյուղում, որովհետև ամեն ինչ անկանխատեսելի էր։ Հաջորդ օրը, երբ ավարտվեց պատերազմը, իսկ հետագայում հայտարարվեց տեղահանվելու մասին, կանգնեցինք վառելիքի ու տրանսպորտի խնդրի առաջ։ Գյուղում կար 32 տնտեսություն, փաստացի բնակվում էր 198 մարդ։ Հավաքեցի բնակչությանը, և միասին քննարկեցինք մեր անելիքները։ Համայնքապետարանում որոշակի քանակով բենզին ունեինք։ Նախնական 5-ական լիտր բաժանեցի մեքենա ունեցողներին, սեպտեմբերի 24-ին, գյուղի երիտասարդներով գնացինք Ստեփանակերտ, վառելիք բերեցինք ու նորից բաժանեցինք մեքենատերերին, որ գոնե կարողանան հասնել Հայաստանի տարածք, իսկ բնակչության մյուս մասին տեղափոխեցի Ստեփանակերտի օդանավակայան՝ նախապես ասելով, որ վերցնեն մեկ օրվա սնունդ, հագուստ ու փաստաթղթերը։ Կարելի է ասել, որ սեպտեմբերի 25-ին գյուղում արդեն մարդ չկար,-պատմում է համայնքի ղեկավարը։

Հովսեփավանցիների զգալի մասն այսօր բնակություն է հաստատել Արարատի մարզի բնակավայրերում, այդ թվում նաև Արտաշատ քաղաքում։ Զբաղվում են տարբեր գործերով․ մանկավարժություն, հողագործություն,  ձեռնարկատիրություն․․․ Հովսեփավանցին սովոր է օրվա հացը իր քրտինքով վաստակել։ Պատահական չէ, որ շրջափակման օրերին նա սոված չի մնացել։ Գիտակցելով ստեղծված իրավիճակը և դրանից բխող բոլոր դժվարությունները, 2023-ին գյուղում լրիվությամբ մշակվել են սեփական հողատարածքները։ Հովսեփավանցին բավարարվել է իր սեփական արտադրանքով, ինչպես նաև աջակցել քաղաքաբնակ արցախցիներին՝ անգամ սայլով գյուղմթերքներ է հասցրել նարնց։ Կարևորը՝ ժողովրդին օգնելու ու մենակ չթողնելու ցանկությունն էր մեծ…

-Սկզբից մեր բնակիչներից ոմանք բնակություն հաստատեցին բարեկամների տներում, ոմանք տներ վարձակալեցին։ Համայնքից 6 ընտանիքների հետ մենք տեղավորվեցինք Հնաբերդ գյուղի մշակույթի տանը՝ նախապես պայմանավորվելով գյուղապետի հետ։ 21 հոգով այդտեղ մնացինք ավելի քան երկու ամիս, ապա տեղափոխվեցինք այլ բնակավայրեր։ Հիմնականում մոտակա գյուղերում ենք հաստատվել։ Այժմ ապրում եմ Այգեստան գյուղում, բայց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատում եմ Հնաբերդի դպրոցում։ Կարևոր եմ համարում, որ բոլորս իրար մոտ ենք բնակվում և համարյա ամենօրյա շփման մեջ ենք։ Հենց իրար մոտ ապրելն է մի փոքր գոտեպնդում, հուսադրում մեզ․ ասես մեր գյուղում լինենք։ Որպես համայնքի ղեկավար՝ հաստատուն կապ ունեմ շրջվարչակազմի ղեկավարի և համագյուղացիների հետ։ Համոզված կարող եմ նշել, որ մեր գյուղացիներից ոչ ոք չի ցանկանում հեռանալ Հայաստանից։ Այսօրվա դրությամբ գլխավորը աշխատանքն ու կեցության պայմաններն են, որոնցով, ցավոք, ոչ բոլոր հովսեփավանցիներն են ապահովված։

Դե, իսկ հույսն ու հավատը, որ կվերադառնանք Արցախ, երբեք չի մարում ոչ ոքի մոտ,-ասում է Կարեն Դանիելյանը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Ցեղասպանության ներքին սպառնալիքի» ստեղծումը` ծանրագույն հանցագործություն

Մայիսի 10-ին Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որը սկսում է հետեւյալ կերպ. «Արցախի ցեղասպանությունից հետո Լեմկինի ինստիտուտը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում ակտիվ կանխարգելման աշխատանքներին` միաժամանակ ջատագով լինելով արդարության և հաշվետվողականության համար»:

Հատկանշական է, որ հայտարարությունը, որը վերաբերում է «Ցեղասպանության ժխտմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առեղծվածային մասնակցությանը», սկսվում է Արցախում 2020-2023 թվականներին տևած ցեղասպանության մասին հիշատակմամբ, որն ավարտվել է հայերի զանգվածային գաղթով իր պապենական հողից։

Ավելին, ինստիտուտն ընդգծում է, որ երբեք չի միջամտում պետությունների ներքին գործերին, եթե չկա ցեղասպանության ներքին սպառնալիք։

Շատ հստակ սահմանում է «ցեղասպանության ներքին սպառնալիքը»:

Ինքը՝ Հայաստանի վարչապետը, իր անգրագետ քաղաքականությամբ վտանգ է ստեղծել Արցախում, հիմա էլ՝ Հայաստանում։

Փաշինյանի գործունեության հանցավորությունը կայանում է նրանում, որ նա 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը դնում է ոչ թե քեմալական կառավարության, այլ հայ ժողովրդի վրա, որի ազատության ձգտումը կամ ընտրությունը «ստիպեց», որ ցեղասպան հարևանները բնաջնջել ամբողջ ժողովուրդ միայն այն պատճառով, որ հայ է, միայն այն պատճառով, որ, նրանց կարծիքով, հայերը խանգարում են ապրել։

Եթե ​​հիշենք Փաշինյանի ուղերձը հայ ժողովրդին՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նա ասաց հետևյալը. «Պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:»։

Այսինքն՝ Հայաստանի վարչապետը լիովին գիտակցում է, որ պետականություն չունեցող ժողովուրդը դառնում է աշխարհաքաղաքական խաղերի եւ սակարկության առարկա։ Եվ այս ամենով հանդերձ Փաշինյանն ինքը փչացնում է իր ղեկավարած երկրի պետականությունը և զրկում ինքնիշխանությունից։ Ավելին, հենց ինքը՝ պետության ղեկավարը, իր անհեռատես ու հանցավոր քաղաքականությամբ, խախտելով Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, մեր երկիրը տանում է դեպի նոր ցեղասպանություն։

Դրա վառ ապացույցը Արցախի պետականությունը վերացնելու և Ադրբեջանին հանձնելու ռուս-թուրք-ադրբեջանական անօրինական ծրագրին մեղսակցությունն է։

Բայց պարզվեց, որ սա բավարար չէ։ Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել Հայաստանի ռազմավարական բարձունքները։ Ընդ որում, դրանք պարզապես բարձունքներ չեն, որտեղից ադրբեջանական զինուժը վերահսկում է Հայաստանի ողջ տարածքը, նրա տրանսպորտային զարկերակները, գազատարը և այլն։ Ադրբեջանական զորքերը հայտնվել են Հայաստանի բոլոր ջրային ռեսուրսների ակունքներում, ինչը բնապահպանական աղետով է սպառնում հանրապետության ողջ բնակչությանը։ Ադրբեջանը մոտեցել է Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր ջրամբարին՝ Սևանա լճին։

«Ցեղասպանության ներքին սպառնալիքի» ստեղծման մեկ այլ ապացույց է Տավուշում հողերի ապօրինի հանձնումը․ ոչնչացվել է շփման գիծը, և փաստորեն բացվել է առաջնագիծ (չեզոք գոտին մաքրվել է ականներից)՝ ադրբեջանական զորքերի հայկական գյուղերի տարածք ազատ ներթափանցման համար։

Ինչ է տեղի ունենում, երբ ադրբեջանցի հրոսակները հայտնվում են հայկական բնակավայրերում, հայտնի է 2020 թվականից, երբ Հադրութում, Շուշիում և այլ վայրերում խաղաղ բնակիչներին դաժանորեն գլխատեցին, անդամահատեցին, գնդակահարեցին, իսկ շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Փաշինյանն իր հանցավոր քաղաքականությամբ «սահմանազատման և սահմանագծման» անվան տակ արդեն վտանգի տակ է դրել Տավուշի առնվազն մի քանի գյուղերի բնակիչների կյանք։

Վտանգի տակ է հայտնվում այն մարդկանց կյանքը, ովքեր Հայաստանից կմեկնեն Վրաստանի և արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհով, քանի որ միջպետական ​​ճանապարհն այժմ հեշտությամբ գնդակոծվելու է ադրբեջանական զինուժի կողմից։ Ձմռանը Հայաստանի բնակիչները կկանգնեն ցրտահարության վտանգի տակ, քանի որ գազատարը կարող է հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ինչպես տեսնում ենք, Լեմկինի ինստիտուտն իր հայտարարությունը հենց այնպես չի սկսել Արցախի ցեղասպանությունը հիշատակելով։ Արցախում մշակված ցեղասպանության սցենարը՝ ստեղծել անտանելի պայմաններ պետական ​​կառույցների բնականոն գործունեության համար (Քարվաճառի և Քաշաթաղի հանձնում, մարդասիրական միջանցքի հանձնում, շրջափակում) այժմ կիրառվում է Հայաստանում։

Փաշինյանն ու իր թիմը, ըստ երևույթին, չեն գիտակցում, որ դատարանի առաջ են կանգնելու «ցեղասպանության ներքին սպառնալիք» ստեղծելու համար։ Կարծես իշխանությունը պահպանելու տենչը նրանց զրկել է ողջախոհությունից։

Մարգարիտա Քարամյան

Դժգոհությունը ինչ-որ պահի դրսեւորվելու էր, հավանաբար հենց դրանից են վախենում իշխանությունները

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ ոստիկանության բռնի գործողություններին, որոնց միջոցով փորձում են ճնշել հանրության ընդվզումը։

«Սա շատ սպասելի էր, չբարեփոխված ոստկանությունը պիտի նույն գործիքակազմով աշխատեր, որով աշխատել է նախկինում։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա քաղաքական որոշում է, որովհետեւ մենք ունեցել ենք ժամանակահատված, երբ նույն չբարեփոխված ոստիկանությունը շատ ողջամիտ, պրոֆեսիոնալ ու զարմանալիորեն շատ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել։ Այսինքն՝ եթե նույն ելակետային տվյալների պայմաններում փոփոխություն է տեղի ունենում, դա նշանակում է միայն մեկ բան՝ բռնություն կիրառելու քաղաքական որոշման բացակայություն կամ արտահայտում։ Հիմա այլեւս որպես հաստատված փաստ կարելի է ասել, որ կա քաղաքական հրահանգ, այսինքն՝ քաղաքական իշխանության կողմից ողջունվում է այսպիսի վարքագիծը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանության այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ երկարացնել իրենց իշխանությունը, մեկ օր ավելի մնալ իշխանության։ Բայց մայիսի 9-ի հանրահավաքը, նրա խոսքով, ցույց տվեց, որ հասարակության մեջ լարվածությունը մեծ է։ «Ես բոլոր մեծ միջոցառումներին մասնակցում եմ՝ դիտարկելու ու հասկանալու համար նախ տրամադրությունները, ոստիկանության քանակը, գործողությունները։ Այսինքն՝ մոնիթորինգ եմ իրականացնում բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ, եւ վատ լուր ունեմ իշխանությունների համար՝ տրամադրությունները շատ ավելի լարված են, քան իշխանություններն ի վիճակի են պատկերացնել։ Շատ տեղին կլիներ այստեղ ասել՝ պարոն վարչապետ, դուք չեք տիրապետում իրավիճակին կամ ձեզ ճիշտ չեն զեկուցում։ Եթե փորձեն իրական հարցումներ կատարել, ապա կտեսնեն, որ անկախ կուսակցական պատկանելությունից կամ սոցիալական դիրքից, եկեղեցուն դավանել-չդավանելուց, Հայաստանում, թերեւս շատ քիչ մարդիկ կան, ովքեր կողմ են վարվող քաղաքականությանը։ Մեծ մասն իսկապես դժգոհություն ունեն, եւ այդ դժգոհությունը վստահաբար ինչ-որ պահի դրսեւորվելու է։ Հավանաբար հենց դրանից են վախենում իշխանութունները»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Ռոզա Հովհաննիսյան

Անվան մասին շատ չի մտածել, ամեն ինչ պարզ էր` Տաթև է լինելու

Կարինան քիմիկոս է, աշխատում էր իր մասնագիտությամբ: Սիրում է արվեստը և նորարարությունը, բայց առավել սիրում է նորարար արվեստը, իսկ երբ ծնվել էր հետաքրքրասեր աղջիկը` Տաթևը, Կարինան գտավ իր սիրելի գործը, որը հետագայում վերածվեց բիզնեսի` գիպսե արձանիկների պատրաստում:

«Տաթևը շատ հետաքրքասեր էր, ես էլ փորձում էի նրա համար հետաքրքրություններ ստեղծել: Այդպես մի օր խանութում գիպսե թութակ նկատեցի և ներկեր, այդ ժամանակ դա հազվադեպ էր և բավականին թանկ` 2011-2012 թվականներն էր: Տաթևին բնականաբար շատ էր դուր եկել, անընդհատ նորից էր ուզում, և այդպես ես որոշեցի, որ ինքս կարող եմ պատրաստել: Դա, կարելի է ասել, հեշտ էր, քանի որ քիմոկոս եմ: Հիշում եմ, որ սպասում էի աշխատավարձիս, որպեսզի գնեմ անհրաժեշտ նյութերը: Գնեցի, եկա տուն, պատրաստեցի ու կես ժամից ունեցա մի քանի փոքրիկ գիպսե արջուկներ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա ընդամենը երեխաներին զվարճացնելու համար ինչ-որ խաղ է, բայց իրականում այն իր մեջ ներառում է լուրջ ուսուցողական մոտիվներ`  մանր մատորիակայի զարգացում, գույների ճանաչում, 3D պատկերների հետ շփում, որը կարելի է վերածել իսկական հեքիաթի»:

Հենց այսպես Կարինան սկսեց իր առաջին քայլերը` սկզբում Տաթևիկի, ընկերների, համար, իսկ հետո արդեն մանկական սրճարանների, կենտրոների համար:

«Սկզբում Տաթևիկի համար էի պատրաստում, հետո արդեն հետաքրքրություն առաջացրեց ընկերներիս, կոլեգաներիս մոտ, հետո արդեն մանկապարտեզները, մանկական սրճարանները ևս սկսեցին հետաքրքրվել: 2020թ. պատերազմի ժամանակ ժամանակավոր Երևանում էինք, ամեն ինչից մի պահ կտրվելու համար նորից գնեցի համապատասխան նյութերը և սկսեցի պատրաստել: Մեր փողոցի խանութին առաջարկեցի, և կարող եմ ասել, որ բավականին լավ էր վաճառվում»‎:

Կարինան անվան մասին շատ չի մտածել, ամեն ինչ պարզ էր` Տաթև է լինելու։

«Տաթևն իմ ոգևորության աղբյուրն է, անվան մասին չեմ էլ մտածել, պարզ էր, որ Տաթև էր լինելու: Թե՛ այս անվամբ, թե՛ իմ գործով ցանկանում եմ ուղերձ հղել, որ յուրաքանչյուր կին, աղջիկ պետք է ունենա իր անձնական տիրույթը, գործը, բիզնեսը, կամ թե ուղղակի հոբբին, պետք է կատարելագործվի, առաջ գնա»‎:

Ցավոք, տեղահանման ժամանակ նյութերի մի մասը չեն կարողացել բերել, եւ չնայած այժմ կարողացել է նորից ձեռք բերել անհրաժեշտ գրեթե բոլոր նյութերը, բայց հաշվի առնելով, որ հաճախորդների զգալի մասը Արցախից էին, վաճառքը այդքան էլ ակտիվ չէ: Բայց Կարինան կանգ չի առնում՝ իր անհատական դիզայնով պատրաստել է տատիկ պապիկի սիլիկոնե կաղապարը և այժմ նաև տարոսիկներ է պատրաստում:

Քրիստինա Ալավերդյան

 

“Հայաքվեն” հանցագործության մասին դիմում ներկայացրեց դատախազության սահմանազատման վերաբերյալ

“Հայաքվե” նախաձեռնությունն այսօր դիմում ներկայացրեց Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վերաբերյալ։

Նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը լրագրողներին ասաց, որ Տավուշի մարզում այսօր տեղի ունեցող գործընթացը օրենքից դուրս է։ Ըստ դիմումի հեղինակների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները։

«Այսօր մենք հանցագործության մասին հաղորդում ենք բերել՝ հենց բուն սահմանազատման գործընթացի վերաբերյալ։ Այս գործընթացը, որը տեղի է ունենում երկու կողմերի հանձնաժողովների հայտարարության հիման վրա, օրենքից դուրս է գտնվում, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Միջազգային պայմանագիրը, եթե կնքվում է, այն պետք է ՍԴ կողմից հաստատվի եւ վավերացվի ԱԺ կողմից։ Բայց նաեւ Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաեւ պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Այն հանձնաժողովը, որը դրանով զբաղվում է, իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա այդ երկու հանձնաժողովների համատեղ աշխատանքի միջոցով, կհամարվի որպես սահմանազատված, այսինքն՝ դա կլինի հենց մեր սահմանը։ Դա, բնականաբար, մեր ամբողջ օրենսդրության ու իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասաց նա։

Ըստ Չալաբյանի՝ այսօր Տավուշում հենց հայկական գյուղերի տարածքներ են հանձնվում թշնամուն, եւ որեւէ պաշտոնատար անձ, գնալով այդ քայլին, իր լիազորությունների գերազանցում է անում։

«Մեր Քրեական օրենսգիրքը հստակ սահմանում է իրավասությունների գերազնացումը, եւ եթե դա տեղի է ունեցել կազմակերպված խմբի միջոցով եւ նաեւ էական վնաս է հասցրել, ապա դա նաեւ ծանրացուցիչ հանգամանք է եւ նախատեսում է 4-8 տարի ազատազրկում։ Հիմա մենք եկել ենք հանցագործության մասին հաղորդումը հանձնելու եւ խստագույնս հետամուտ ենք լինելու, որ այդ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցվի»,- հավելեց նա։

Չալաբյանը նաեւ ասաց, որ Տավուշից հայկական զորքերը չպետք է դուրս բերվեն կամ հետ քաշվեն, զորքի տեղաշարժի համար պետք է նոր սահման հաստատվի, իսկ նոր սահման կարող է հաստատվել միայն հանրաքվեի միջոցով։

Բաքվում, ի տարբերություն Երեւանի, լավ էլ հիշում են Մինսկի խմբի մասին

Երեւան կատարած այցից հետո Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորգը ուղեվորվել է Բաքու։ Ի տարբերություն Երեւանին, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հրապարակային խոսք չի եղել, Բաքվում պահանջել են փակեն խումբը։

Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գործունեության 30 տարում ոչ մի ավանդ չի ներդրել ադրբեջանա-հայկական հակամարտության լուծման գործում։ Մենք կարծում ենք, որ չկա այն ինստիտուտները պահպանելու անհրաժեշտություն, որոնց մանդատը սպառվել է եւ կրում է արխայիկ բնույթ»,- ասել է Բայրամովը։

Նույն միտքն ավելի վաղ նույն պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ասել էր Ալիեւը։ Նա հայտնել է, որ «թեեւ մեր հողերի օկուպացիայի հարցը կար ԵԱՀԿ օրակարգում, ոչ այդ կազմակերպությունը, ոչ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետեւանքների վերացման, ադրբեջանական տարածքների ազատագրման համար։ Այս տարիների ընթացքում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների իրականացրած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը»։

Հայտնելով, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել եւ այն գոյություն չունի, Ալիեւը հայտարարել է, որ «եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը»։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, եւ որեւէ պատճառ չկա, որով հայկական կողմը կարող է չհամաձայնել դրան, կարծում է Ալիեւը։

ԵԱՀԿ նախագահը չի խոսել Մինսկի խմբի մասին եւ չի անվանել այն սպառված. «ԵԱՀԿ-ը լսում է երկու երկրներին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները։ Հուսով ենք, որ շուտով կողմերի միջեւ ձեռք կբերվի համապարփակ եւ կայուն խաղաղության համաձայնագիր»։

Սակայն եթե Հայաստանն էլ է համաձայն,ինչպես ասում է Ալիեւը եւ ինչպես լռում է Միրզոյանը, ԵԱՀԿ-ն ինչո՞ւ պետք է պահպանի Արցախյան կարգավորման միակ մանդատը։

Նեմեսիսը ահաբեկչության հետ կապ չունի․ Համբիկ Սասունյանը իրավական քայլեր կձեռնարկի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ «Նեմեսիսի» հուշարձանի մոտ էր։ Նա իր խոսքում շեշտեց, որ «Նեմեսիսն» ահաբեկչության հետ կապ չունի։

«Սա այն ճմլված, ցեղասպանված մարդկանց ճիչն ու աղաղակն է, որ այս հերոս մարդիկ անձնական պատասխանատվություն ստանձնելով՝ իրագործեցին։ Նրանք փորձեցին իրենց սահմանափակ միջոցներով Հայոց հարցը որպես ամբողջություն, ներկայացնել աշխարհին՝ անկախ նրանից նրանք կզոհվե՞ն, թե՞ կպիտակավորվեն։ Սա ուխտ է մեզ համար, որ մենք մեր ընթացքում պիտի վերականգնենք և ձգտենք ունենալու պատիվ և հայրենիք. չկա այլ ճանապարհ մեզ համար։ Մենք պետք է լինենք հատուկ ազգ»,- ընդգծեց Սրբազանը։

Կարմիր բերետավորը «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան։ Այս մասին նա պատմել է լրագրողներին։

Նա նշել է, որ գնալու է իրավական ճանապարհով և այդ քայլն արած անձը ենթարկվելու է պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Բաքվի ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձնում “ռեւանշիստական” թեզերին, կապելով նեմեսիսի կոչերն ու Համբիկ Սասունյանի նմանների մասնակցությունը Շարժմանը ահաբեկչության հետ։ Նեմեսիսը եւ իրավունքների պաշտպանությունը բոլոր թույլատրված ձեւերով վաղուց տաբուի տակ է Հայաստանում։

«Գուցե այս անգամ էլ հաղթանակը մերը կլիներ, եթե ունենայինք համարժեք ղեկավարություն»

Վահագն Սարգսյանը ծնվել է 2001 թվականին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Նա ամբողջ կյանքն ապրել է հայրենի Արցախում։ Ջերմությամբ և միևնույն ժամանակ մեծ տխրությամբ հիշում է մանկության ու պատանեկության պայծառ պահերը, ընկերներին ու համագյուղացիներին, ինչպես նաև Արցախի սքանչելի բնությունը։

«Արցախի բնությունն այնքան է առանձնանում իր գեղեցկությամբ, որ իզուր չեն Արցախը կոչում փոքրիկ Շվեյցարիա”։

Վահագնը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Նա դաստիարակվել է հայրենասիրության ոգով։ 2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, նա ժամկետային զինծառայող էր։ Ծառայել է Մարտակերտում։

«Ինչպես հիմա հիշում եմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ հանգստյան օր էր։ Մի ամբողջ շաբաթ անհամբերությամբ էինք սպասում այդ օրվան, քանի որ կիրակի օրերին մեզ խորոված էին տալիս ճաշին։ Վեր կենալուց հետո ընկերներս և ես գնացինք սարքի մոտ՝ սուրճ խմելու, բայց չհասցրինք։ Պատերազմն ընդհատեց մեր հանգիստը։ Ամենուր լսվում էին պայթյունների ձայներ։ Հակառակորդը սկսել է ակտիվորեն առաջ շարժվել շփման գծի ողջ երկայնքով՝ ինչպես ցամաքային, այնպես էլ օդից։ Սկզբում մարտական ​​հերթապահություն էինք իրականացնում Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերում, որտեղ այն ժամանակ համեմատաբար անվտանգ էր։ Հոկտեմբերի 23-ին մեզ տեղափոխեցին Մարտունի՝ Գիշի գյուղ։ Այստեղ կատաղի մարտեր էին տեղի ունենում։ Ուժերն անհավասար էին։ Մեր դիրքերը ենթարկվել են հակառակորդի ինտենսիվ կրակի։ Բայց չնայած առաջնագծում տիրող ծայրահեղ ծանր վիճակին, մեր տղաների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր էր։ Տղաները կռվեցին մինչև վերջին փամփուշտը։ Ու արդեն լրիվ հյուծված, մի քանի օր մարտական ​​հերթապահությունից հետո հոգնած Ուլյան լեռան վրա՝ հայրենի Ճարտար գյուղի մոտ, ավիահարվածների ժամանակ վիրավորվել եմ՝ ուղեղի ցնցում եմ ստացել»։

Ընկերներին հաջողվել է օգնել Վահագնին և շտապօգնության մեքենայով ուղարկել Ստեփանակերտ, սակայն ճանապարհին կրակել են շտապօգնության մեքենայի վրա, և Վահագնը ստացել է ձեռքի երկրորդ վիրավորումը։ Դրան հաջորդեց Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում բուժման ու վերականգնողական երկարատեւ ընթացքը։ Վերականգնումը որոշակիորեն տվել է դրական արդյունքներ։ Վահագնը երախտապարտ է վերականգնողական կենտրոնի ողջ թիմին պրոֆեսիոնալիզմի և ջերմ վերաբերմունքի համար։

Չնայած անցած բոլոր դժվարություններին ու փորձություններին, Վահագնը չկորցրեց հավատը, որ ամեն ինչ լավ կլինի։ Նա ընդունվեց համալսարան և սկսեց ֆուտբոլով զբաղվել։ Բայց, ցավոք, նրա ծրագրերն այդպես էլ իրականություն չդարձան։ Սկսվեց 9-ամսյա շրջափակումը, ապա մեկօրյա պատերազմ, որին կրկին ակտիվ մասնակցություն ունեցավ։

«Մենք բազմիցս հայտնվել ենք դժվարին իրավիճակներում, որոնցից միշտ արժանապատվորեն և հաղթանակով ենք դուրս եկել։ Հնարավոր է, որ հիմա էլ հաղթանակը մերը լիներ, եթե համարժեք ղեկավարություն ունենայինք»։

Այժմ Վահագնը ընտանիքով ապրում է Արտաշատում։ Վաճառքի մենեջերի դասընթացների է հաճախում: Նա հույս ունի աշխատանքի անցնել և գումար վաստակել վիրահատության համար՝ վերջապես վերացնելու վնասվածքների հետևանքները։

Արսեն Աղաջանյան