Գյուղը լքելուց առաջ․ պատմում են ընտանիքի 3 կանայք

Լուսանկարում՝ Կոլխոզաշենը

90-ամյա Մարո Գասպարյանը 17-ամյա թոռան ՝Հելենի հետ վերհիշում են հարազատ բնօրրանի վերջին տագնապալի օրերը:

Պատմում են տատն ու թոռը

5 պատերազմ է տեսել գյուղը: Հայրենական մեծ պատերազմում 216 հոգի են մեկնել ճակատ, 106-ը չի վերադարձել, արցախյան առաջին պատերազմին մասնակցել է Կոլխոզաշենցի 67 երիտասարդ, նրանցից 17-ը իրենց կյանքն են տվել հայրենիքին, 7 հոգի էլ անմահացել է երկրորդ արցախյան պատերազմում: Վերջին պատերազմում, որն ընդամենը մեկ օր տևեց, գյուղը 3 զավակ կորցրեց:

Լուսանկարում՝ Զոհվածների հիշատակին գյուղում կառուցված հուշարձանները

Սեպտեմբերի 19-ը ամենաահավոր ու տագնապալի  օրն էր, Հովհաննիսյանների արու զավակը՝ Սամվելը, հայրենիքի պաշտպաններից էր, բոլորի ուշնումիտքը այնտեղ էր։

Այդ խառնաշփոթում Գայանեն հավաքեց իրեն, զգացմունքները մի կողմ թողեց։ Հարևան գյուղերից՝ Սոսից, Կարմիր Շուկայից, Մաճկալաշենից իր օջախում հանգրվանած 18 տեղահանվածի հաց ու ջրի հոգսն էր քաշում: Հոգեպահուստ մեղրն ու պանիրն էր մեջտեղ բերել, խմոր հունցել, որ հաց թխի:

Պատմում է Գայանեն՝ հարսը

Գյուղը լքելու լուրը հանկարծահաս էր: Ընտանիքի հայրն ասում էր՝ մինչև պաշտոնական տեղեկություն չլինի, տեղից չեն շարժվի: Սեպտեմբերի  25-ին ստիպված մյուսների պես իրերը հավաքեցին:

 

Տարիներով հավաքած հարուստ գրադարանը (Հովհաննիսյանները Կոլխոզաշենի մտավորական ընտանիքներից են՝ հայրը, մայրը, որդին ու հարսը մանկավարժներ են), հարյուրամյա տունը, հազարամյակի կնիքը կրող գյուղը լքելը Մարո տատը չի մոռանա: Չնայած տարիքին՝  հիշողությունը պայծառ է, աչքը՝ սուր. գյուղի հետ կապված ամեն դրվագի, տոհմածառերի գրի առնելու գործն է հանձն առել, մեզ մնացած միակ հարստությունը հիշողությունն է: 

 

Լուսանկարում՝ Կոլխոզաշենը

 

Մարինե ՄԿՐՏՉՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում:

Ռուս-թուրքական ճիրաններից դուրս գալու մեխանիզմներից մինչև «Միացում»

Արցախի Հեղափոխական ​​կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը պաշտպանում է Լեմկինի ինստիտուտի քննադատությունը Հայաստանի իշխանությունների հասցեին՝ 1915 թվականի ցեղասպանության հարցով։ Նա նաև մատնանշեց իշխանությունների սխալները քաղաքականության մեջ՝ չբացառելով «Միացումի» համար պայքարը շարունակելու հնարավորությունը, ինչպես նաև մատնանշելով հասարակության պառակտումը զիջումների հարցում։

Արթուր Օսիպյանը Step1.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ «Ռաֆայել Լեմկինը լեհ իրավաբան է, «ցեղասպանություն» եզրույթի և «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի նախագծի հեղինակը։ Նա նաև հիշեցրել է, որ երբ 1944 թվականին Լեմկինը ստեղծում էր «ցեղասպանություն» հասկացությունը, որպես ցեղասպանության հիմնարար օրինակ հիշատակում էր 1915 թվականին հայերի բնաջնջումը։

«Այսինքն՝ եթե Հայաստանի ղեկավարությունը խոնարհվի Էրդողանի առաջ և հրաժարվի ցեղասպանությունից, դա ոչ միայն սեփական ժողովրդի նվաստացում կլինի, այլ նաև ցեղասպանությունը դատապարտող միջազգային իրավունքի քայքայում։

Հետաքրքիր է, ղեկավարությունը հասկանո՞ւմ է, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ: Թե՞ նրանց համար աշխարհն ավարտվում է Մոսկվայով ու Անկարայով, իսկ օրենքը՝ ռուս-թուրքական տիրակալների կամքն է»։

Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները Արթուր Օսիպյանը գնահատել է որպես «արտաքին քաղաքականության լիակատար տապալում»։

«Պետք է մեխանիզմներ գտնել ռուս-թուրքական ճիրաններից դուրս գալու համար, բայց փոխարենը հայկական կողմը հիպնոսացված նապաստակի պես ինքնակամ գնում է գայլերի որջ, եւ 200 տարի նույն բանն է»։

«Առանց միջնորդների բանակցությունները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող բավարարել պարտվող կողմի շահերը։ Հայաստանը կկորցնի նույնիսկ իր համար ընդունելի այն աննշան պայմանները, որոնք ձեռք են բերվել Արևմուտքի միջնորդությամբ»։

«Ադրբեջանական կողմը հրաժարվել է անդրադառնալ Ալմա-Աթայի հռչակագրին, և այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Հռչակագիրը սահմանազատման հիմք կհանդիսանա միայն այն դեպքում, երբ դա ձեռնտու լինի Ալիևին»,- նշել է նա։

Օսիպյանը չբացառեց, որ հետագայում հնարավոր կլինի վերադառնալ «Միացում»-ի համար պայքարին.

«Եթե Արցախի ժողովուրդը պայքարի Արցախ վերադառնալու համար, իսկ մինչ այդ՝ Հայաստանում իր ներքին հարցերը լուծվի, ինչպես նաև ակտիվություն ու կարգապահություն դրսևորի, ինչպես Բագրատ Վեհափառի գլխավորած շարժումն է, ապա հնարավոր կլինի լուծել ներքին խնդիրները Հայաստանում կարճ ժամանակում և ապահովել հավասար պայմաններ՝ ապագայում հանուն Արցախը Հայաստանին միանալու պայքարը շարունակելու համար»։

Հասարակության վիճակի վերաբերյալ Օսիպյանն ընդգծեց, որ «ազգը բաժանված է 2 մասի».

«Մի մասը ասում է՝ նահանջենք, հանձնվենք, որ փրկվենք։ Մյուս մասը պնդում է, որ հանուն փրկության նահանջի սկզբունքն արդեն մահն է։ Փրկությունը պայքարի մեջ է։

Բայց հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք պայքարել։ Ո՞րն է քայլերի հստակ ու հասկանալի հաջորդականությունը, որոնք կլուծեն ազգի առջեւ ծառացած խնդիրները։ Քանի դեռ այս հարցերի պատասխանը չի տրվել, վախը մնալու է հիմնական շարժիչ ուժը ազգային մակարդակում: Իսկ ինչպես ասում են՝ երկու վախը մեկ մահ է»։

Ալվարդ Գրիգորյան

Երեւանում կրկին երթ է․ փողոցների փակման նոր ձեւ

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում: Երթը շարժվում է Խանջյան փողոցով: Բագրատ Սրբազանն այցելելու է ԵՊՀ եւ Ժուռնալիստների միություն:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը

Մայիսի 14-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորավարժության նպատակներն են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ֆիզիկական դիմացկունությունը, զորային ընկերության զգացումը:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:

Շոյգուի նշանակումը և նոր փուլ՝ հավերժական կյանք բոյարների և Կագանատի համար

Անդրեյ Բելոուսովի նշանակումը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում բազմաթիվ վերլուծական կարծիքներ է առաջացրել․ որ շուտով պատերազմի բյույթը կփոխվի, և որ Պուտինը, նախքան «իրողությունների վրա հիմնված հաշտեցումը», ցանկանում է պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի ապացույցներ գտնել և անհաջող «СВО»-ի մեղքը բարդել զինվորականների վրա։

Չվիճարկելով այս բոլոր կարծիքները, միայն նկատենք, որ Սերգեյ Շոյգուի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում շատ ավելի «ծանրակշիռ» ցուցիչ է այն բանի, թե ուր կգնա պուտինյան Ռուսաստանը առաջիկա 6 տարում։

1994-ից 2012 թվականներին Շոյգուն եղել է Արտակարգ իրավիճակների նախարարը, և դա այն ժամանակաշրջանում էր, երբ Ռուսաստանը արտակարգ իրավիճակների իրական փորձադաշտ էր հիշեցնում։ Մի կողմից ջրհեղեղներ, բնական աղետներ, մյուս կողմից՝ բազմաթիվ ահաբեկչություններ, տների փլուզումներ, հարձակումներ։ Եվ ամենուր Շոյգուն հայտնվում էր որպես ազգի «փրկիչ»։ Չեչենական պատերազմների և «ներքին կայունության» հաստատման շրջանն անփառունակ ավարտ ունեցավ, երբ հայտնաբերվեցին «շաքարավազի պարկերը», և ակնհայտ դարձավ, որ ահաբեկչությունները ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն են։ Բայց արդեն ուշ էր. Ռուսաստանում հաստատվեց դասական «կուշտ տոտալիտարիզմ», որը բացառում էր այլընտրանքը։

Այն բանից հետո, երբ Պուտինը երրորդ անգամ դարձավ նախագահ 2012 թվականին, նա Շոյգուին նշանակեց պաշտպանության նախարար՝ նշանավորելով «արտաքին կայունության» հաստատմանն անցնելու քայլը։ Պուտինը, Ռուսաստանում տոտալիտար համակարգ հաստատելով և 2007-ին մյունխենյան ելույթով հանդես գալով, 2012-ին իրեն պատրաստ համարեց «հողերի հավաքմանը», իսկ Շոյգուն կրկին հայտնվեց Հորդայի ձիու վրա։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ «հողը պետք է տեր ունենա», իսկ նախկին «կայսերական հողերը» չպետք է անտեր մնան։ Ոչ ոք լուրջ չէր վերաբերվում հանրապետությունների ինքնիշխանությանը։

Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանը ռազմատենչ քաղաքականություն է վարում իր հարեւանների նկատմամբ։ 2013-ին Հայաստանն առաջինն էր, որ զգաց այս քաղաքականությունը Արցախում։ Սկսվեցին դիվերսիաները, Ադրբեջանին զենքի մատակարարումները և Հայաստանի միտումնավոր թուլացումը, միջազգային բանակցությունների տորպեդահարումով՝ ցույց տալու, թե ով է տերը։

2014-ին Ռուսաստանը գրավեց Ղրիմը, իսկ 2015-ին զորքեր մտցրեց Սիրիա։ Միևնույն ժամանակ ստեղծվեցին ЧВК-ներ, որոնք գործում էին Աֆրիկայում, փոխում իշխանությունը և օգտագործում բազմաթիվ երկրների հանքային պաշարները, եւ ամենուր Շոյգուն ուներ իր “կալաշնիկովները”։

2020 թվականին Արցախի նկատմամբ իրականացվել է լայնածավալ ագրեսիա, որի արդյունքում այնտեղ հայտնվել են ռուսական զորքեր։ Շոյգուն ասել է, որ իրենք «Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ հաջող գործողություն են իրականացրել»։ Նույն տարում Ռուսաստանը օգնեց Լուկաշենկոյին պահպանել իշխանությունը և դառնալ Ռուսաստանի ամբողջական արբանյակը և միջուկային փորձարկման պոլիգոն:

2022 թվականի հունվարին ՀԱՊԿ-ի օգնությամբ Ղազախստանում «փոխվեց» իշխանությունը՝ ամբողջությամբ չեզոքացվեց անկախ Նազարբաևի գործոնը։ Իսկ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և գրեթե հասավ Կիև։ Ուկրաինայում իշխանափոխությունը և ինչ-որ միութենական պետության ստեղծումը, ըստ երևույթին, պետք է նվեր լիներ Պուտինի 2024 թվականի ընտրությունների համար։

Բայց ամեն ինչ այնքան էլ այդպես չդասավորվեց: Եվ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարություններից հետո, թե Արևմուտքը չի վախենում Ռուսաստանի միջուկային շանտաժից և պատրաստ է ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա, պարզ դարձավ, որ Ռուսաստանի 10-ամյա ռազմական արշավը նախկին խորհրդային հանրապետությունների դեմ սպառվել է։ Ոչ ոք չի պատրաստվում հող տալ Պուտինին։

Պուտինը անցնում է «Օպերացիան N3»-ին՝ պայմաններ ստեղծելով իշխանության անփոփոխելիության համար և իր շրջապատը վերածելով ռուսական նոր ազնվականության՝ իշխանության ժառանգական փոխանցումով։ Դրա համար նրան պետք է Անվտանգության խորհրդում մարդ, ով պատրաստ է ամեն ինչի, որպեսզի դառնա ռուս-հորդայական արիստոկրատիայի մաս՝ խան: Եւ այդ անձը Շոյգու Կուժուգեթ-օղլուն է։

Ռուսաստանի կողմից չվերագրավված նախկին խորհրդային հանրապետությունները որոշ ժամանակ կքայքայվեն արևի տակ՝ ստեղծելով անտեր մոխրագույն «անվտանգության գոտի» Ռուսաստանի համար, իսկ Կրեմլում կսկսվի նոր բոյարների ձևավորումը՝ շեշտը դնելով գենետիկական հետազոտությունների և նոր արիստոկրատիայի և կագանատի հավերժական հավերժական կյանքի համար դեղամիջոցների ստեղծումը։

Արարատ Միրզոյանը չմտաբերեց Մինսկի խումբը, Յան Բորգը զարմացած նայեց

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգի այցը Հայաստան նշանավորվեց արցախյան հիմնախնդրի Հայաստանի հերթական ուրացմամբ։

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը ԵԱՀԿ գործող նախագահին է փոխանցել արցախյան ավելի քան 200 քաղաքական ու հասարակական կազմակերպությունների՝ միջազգային կազմակերպություններին ուղղված կոչի տեքստը։ Հարցին՝ “ԵԱՀԿ-ն փակե՞լ է Արցախի հարցը. Եթե ​​ոչ, ապա ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն պատկերացնում վերադարձը”,  Յան Բորգը նշել է, որ իրենք մտադիր են զբաղվել Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրներով, սակայն «ԵԱՀԿ-ն չի կարող միջամտել մի գործընթացի, որում ինքը ներգրավված չէ, և ԵԱՀԿ-ն հարգում է երկու երկրների դիրքորոշումը»։

Գործող նախագահը չխոսեց Մինսկի խմբի մանդատի մասին, բայց ամենակարեւորն այն է, որ Արարատ Միրզոյանն այս մասին չհիշեցրեց։

2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունը մի քանի անգամ կիսատ-պռատ հիշեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա մանդատի ակտիվացման անհրաժեշտության մասին։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ին Եռակողմ հայտարարությունը ստորագրած Նիկոլ Փաշինյանը չառարկեց, երբ Պուտինն ու Ալիևն ասացին, որ ժամանակն է Մինսկի խումբը “թոշակի ուղարկել”, և ամեն ինչ պետք է լուծվի “եռակողմ” ֆորմատով։ Իսկ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Մինսկի խմբի համանախագահներն ընդհանրապես դադարեցին հրապարակավ շփվել։

Եվ չնայած պնդում էին, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն շփվում, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների գաղտնի հանդիպումը, որում ձեռք բերվեց լիակատար կոնսենսուս՝ ագրեսիայի, օկուպացիայի եւ բնիկ բնակչության տեղահանման միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի «լուծման» մասին։

Անգամ այն ​​ժամանակ Հայաստանի իշխանությունը չդիմեց Մինսկի խմբի և ԵԱՀԿ-ի մանդատին, չմեկնաբանեց Կոստանդնուպոլսում հանցավոր դավադրությունը և լռելյայն դարձավ դրա հանցակիցը։

Այն, որ Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ չհիշեց Մինսկի խմբի մանդատի մասին, վկայում է, որ Հայաստանի իշխանությունն է արցախյան հիմնախնդրի «կարգավորման» վերաբերյալ հանցավոր կոնսենսուսի “տոն տվողը”՝ նույն սխեման Հայաստանի ողջ տարածքում ընդլայնելու հեռանկարով։ Արցախյան հիմնախնդրի «փակումն» ուղղակիորեն վկայում է Հայկական հարցը մեկընդմիշտ «փակելու» մտադրության մասին՝ միջազգային իրավունքի, ազգային ու պետական ​​շահերի ոտնահարմամբ՝ հանուն ռուս-թուրքական ռազմավարության։

ԵԱՀԿ գործող նախագահը միայն ուսերը թոթվեց, երբ նրան փոխանցեցին Կոչը և զարմացած նայեց Արարատ Միրզոյանին, ով լռեց բերանը ջուր լցրած։

Իսկ Կոչում նշվում է, որ «1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների իրավունքը՝ մասնակցելու ԵԱՀԿ միջազգային համաժողովին, որը լիազորված է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»։ «Միջազգային հանրությունն արձանագրել է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կան տարաձայնություններ՝ ընդունելով այդ տարածքի վիճելի բնույթը։ Այնուհետև Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ մասնակից երկրներ՝ պայմանով, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի հարցում տարաձայնությունների առկայությունը և կպայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի խաղաղության կոնֆերանսում, որը կանցկացվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն են ստանձնել խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Այնուամենայնիվ, դառնալով ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ՝ Ադրբեջանը անմիջապես խախտեց վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն ապօրինաբար ուժ է կիրառել ԼՂՀ-ի՝ որպես վիճելի տարածքի նկատմամբ՝ թույլ չտալու համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային կոնֆերանսի անցկացումը»։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհն այսօր կանգնած է ընտրության առաջ՝ կամ վերականգնել միջազգային կարգը Լեռնային Ղարաբաղում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի և ժողովուրդների ու մարդու այլ իրավունքների ու ազատությունների հիման վրա, կամ համաձայնել, որ շրջափակումը, զինված ագրեսիան, ցեղասպանությունն ու օկուպացիան կոնֆլիկտների լուծման օրինական ուղիներ են»,- ասվում է Կոչի մեջ։

Արցախի մարդիկ. Արամ Խաչատրյան

«Ինում ա չինում՝ մին տղա յա ինում: 7 տարի նորմալ, մարդավարի ապրում ա, մինգել ըհը՝ 1988 թիվը… Մին ծյուն-ծըմեռնը օր կյամ ըն առաջին դասարանան տուս օնում, թա քեցիք տոն, շկոլ չկա՝ միանում ընք Հայաստանին: Էդ խոխան էլ գիդումա թա ուրանց տոնը, շենքը բիդի քանդին՝ տանին Հայաստան սարքին: Ծնողներին ծերքան փռնած՝ «Միացում» ըսելավ, 2 տարի շարունակ ամեն օր քըղաքավը 7 կրուգ պատա տամ, ղաթումն էլ շկոլ քինամ: 1991-ին, մին ղաշյանգ օր, առավոտ յէրա կենում, թա քինա շկոլ, կարում չի, որովհետև Շուշվա թորքերը սկսում ըն Ալազանավ, Գրադավ Ստեփանակերտա յիրա թխելը… 7 ամես լոխ խոխոցը նման ինքն էլ ա պադվալներում ապրում, մինչև հայերը 1992-ին Շուշին յոր ըն օնում, բայց տրանից հետո էլ ավելի փիս օրերա կյամ ուրան Ղարաբաղին հետի ու լոխ խոխոցը նման ինքն էլ ա շատ ուրխանում 1994-ավը: Տրանից հետո պակասություն, անարդարություն, բեսպրեդել, լավ տղա, 90-ականների «պոնյատիաներ», «հերոսներ», «փրկիչներ», «դավաճաններ»… Մին օր էլ չի ՄԱՐԴԱՎԱՐԻ ապրում: Բայց միշտ հըվատում ա, վեր լոխ լավա իննան։ 

 Կարդում ա, բանակ ա քինամ, փսակվում ա, խոխեք ըն ծնվում, տոն ա ռեմոնտ անում: Խոխեքը հսցնում ըն 2016-ի ապրիլ տեսնան ու 2020-ի դժոխքը… Ու մհենգ խոխեքը ուրանց 40 տարեկան հորը հըրցնում ըն, ասում ըն՝ «Պա՛պա, մհենգ մունք Հայաստան ը՞նք, Ռուսաստա՞ն, թա՞ Ադրբեջան… Պա՛պա, ես Հայաստան ը՞մ բանակ քիննան, թա՞ Ադրբեջան, մունք ստեղ ը՞նք ապրելու, թա՞ օրիշ տեղ»… Ու պապան կարում չի ուրան խոխոցը ջողոբը տա, բայց կարում ա ուրան «հեռատես» գործիչներին, «փրկիչներին» ու ազգի «երևելիներին» ԱՆՊԱՏԱՍԽԱՆ հրցնե, ասէ՝ «Վեր մինչև վերջ քինողը չըք իլալ, վեր մինչև վերջ պահողը չըք իլալ, վեր տուք ծեր ազգին մեջին 30 տարի շարունակ իմ ու քու պիտի ընեյիք, 100.000 մարդու մղեյիք արտագաղթի, փախստական սըրքեյիք, տասնյակ հազարավոր մեր տղորցը գերեզմանեյիք ու հաշմանդամ սարքեյիք, հուր ա՞ իլալ պետք էս «հեքիաթը»…

Արամ Խաչատրյան, «Հեքիաթ իմ մասին»

 

Այս հոդվածի հերոսին ներկայացնելու փոխարեն որոշեցի իր աչքերով իր մասին պատմել։ Արամ Խաչատրյանը ծնվել և մեծացել է Արցախում՝ ուսուցիչների ընտանիքում։ Փոքրուց ստեղծագործելու հանդեպ սեր ունենալով՝ առաջին մասնագիտությունն ընտրել է կերպարվեստն ու գծագրությունը, իսկ երկրորդ մասնագիտությամբ իրավաբան է։

Արամին Արցախում շատերը հեռակա ճանաչում են նրա ֆեյսբուքյան փոստերից։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ մարդիկ պարտությունից ու ստեղծված իրավիճակից շատ ճնշված էին, նա շատ հաճախ Արցախի բարբառով հումորներ և բանաստեղծություններ էր գրում։ «Այդ ժամանակ զգում էի, որ մարդիկ ցրվելու կարիք ունեն։ Ընկերներ ունեի, որոնք նույնիսկ քննադատում էին, ասում էին՝ այս վատ իրավիճակում կարողանում ես կատակել։ Բայց եթե իմ գրածները գոնե մեկ մարդու ժպիտ են պարգևել, ես իմ գործն արված եմ համարում»,– կիսվում է մեզ հետ Արամը։

Նա շատ հետաքրքիր մոտեցմամբ կիսվում էր Արցախի բնակիչներին բնորոշ զրույցներով, պատմություններով, որոնք դիպուկ ներկայացնում էին մարդկանց մտածելակերպը, ապրելակերպը, նրանց առջև ծառացած խնդիրները։

 

Բացի հասարակությանը բնորոշ հատկանիշները արվեստի լեզվով ներկայացնելուց՝ Արամը բարձրաձայնում էր այնպիսի մտքեր, որոնք շատերը մտածում էին, բայց միշտ չէ, որ կարողանում էին ասել։ Խոսքը Արցախի պետականության, իշխանությունների ու չգրված կանոնների մասին է։ Այդ շարքից է նա  Արամի կողմից շարադրված «Սահմանադրությունը», որտեղ նա նկարագրում է Արցախի իրական իրավիճակը, և «Էն հի՞նչ երգյիրա, վեր…» «հանելուկը»։

ԱՀմանադրությունը

«Ես, դրսևորելով անսասան կամք` գրեցի սույն ԱՀմանադրությունը:

#Հոդված_1. Արցախի Հանրապետությունը ընկերական, ախպերական, խնամիական, բարեկամական պետություն է: Արցախ, Ղարաբաղ, Խաչեն, Առան, Ուրտեխե անվանումները նույնական են:

#Հոդված_2. Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է իշխանությանը, որն իր իշխանությունն իրականացնում է իշխանության միջոցով:

#Հոդված_3. Արցախի Հանրապետությունում «Մարդը բարձրագույն արժեք է» միտքը ռոմանտիկ է: 

#Հոդված_4. Էստեղ ընդերքն ու ջրային ռեսուրսներն առանձին անհատների բացառիկ սեփականությունն են:

#Հոդված_5. Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է այլ պետությունների կողմից՝ իրենց շահերին համապատասխան: 

#Հոդված_6. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Արցախի Հանրապետության պաշտպանությանը՝ բացառությամբ որոշ բացառությունների: 

#Հոդված_7. «Բոլորը հավասար են օրենքի առջև» նախադասությունն արտասանողներն անլուրջ մարդիկ են: 

#Հոդված_8. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, եթե լույս, գազ կամ համացանց կա: 

#Հոդված_9. Յուրաքանչյուր ոք ազատ է՝ դիմացինին զրպարտելու ու բարի համբավն արատավորելու: Զրպարտողը պարտավոր չէ պատասխան տալ իր խոսքերի համար: Հակառակն ապացուցելու պարտավորությունը դրված է դիմացինի վրա: 

#Հոդված_10. Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք՝ բացառությամբ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու դեպքերի: 

#Հոդված_11. Արցախի Հանրապետության նախագահը նշանակվում է այդ պահին ՀՀ փաստացի ղեկավարի կողմից՝ ընտրություն կոչվող թատրոնի միջոցով։ Նա ընտրվում է 5 տարի ժամկետով՝ մինչև ԱՀմանադրական փոփոխությունները, որից հետո կարող է պաշտոնավարել ցմահ: 

#Հոդված_12. Արցախի Հանրապետության նախագահի երդումն ԱսնԱվանի չէ

#Հոդված_13. «Հանրապետության նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար» նախադասությունն արտասանողները հետաքրքիր մարդիկ են: 

#Հոդված_14.

Ազգային ժողովը կազմված է 33 պատգամավորից և վերջ։

#Սույն ԱՀմանադրությունն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու պահից»:

 

 «Էն հի՞նչ երգյիրա, վեր…»

«-Զյումբրուդ, պարէվ։

-Պարէվ, Մանիշագյ։

-Կկարի՞ս ասիս՝ էն հինչ երգյիրա, վեր՝

  1. Պետություն չօնէ, բայց Սահմանադրություն օնէ։
  2. Արտաքին գործերավ օրիշ երգիրա զբաղվում, բայց արտգործնախարարություն օնէ։
  3. Գյուղատնտեսական նշանակության հողերի 20%-նա մնացալ մեզ, բայց գյուղատնտեսության նախարարություն օնէ։
  4. Տարածքը պԻտաչոկան մինչև կԱլցԱվոյնա մնացալ, բայց տարածքային կառավարման նախարարություն օնէ։
  5. Ենթակառուցվածքներ չօնէ, բայց տի կԱնտոր օնէ։
  6. Անվտանգությամբ օրիշ երգիրա զբաղվում, բայց անվտանգություն օնէ։
  7. Բանակ չօնէ, բայց պաշտպանության նախարարություն օնէ։
  8. Սահման չօնե, բայց սահման պահող օնէ։
  9. Զասադի մեջ ա, բայց ժուղովուրթը հողան պուք չի կյամ։
  10. Հադրութ չոնե, բայց Հադրութա աղտիրած օնէ։
  11. Շուշին ուրանը չի, բայց ՈՒՐԱՆՆ Ա։
  12. Ժուղովուրթը ապրելի հետի 1000 հետ մեռալա, բայց մըռնելի հետի 1 օր էլ չի ապրալ։
  13. Վեշմինը վեշմինին հվատում չի, բայց ԼՈԽ ՈՒՐՈՒՐ ՀԸՎԱՏՈՒՄ ԸՆ…»:

Արամն իր ստեղծագործություններով ոչ միայն խոսում է մարդկանց հետաքրքրող թեմաներից, այլև նպաստում է մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, վավերագրում է պատմությունը, նկարագրում է հասարակությունը։ Նա պատմում է ժողովրդի մասին՝ ժողովրդի սրտից։

 

«Տու իմնըս, ես՝ քունըդ»

 Մռավա սարիդ նման պեցուր ըս,

Թըրթառիդ նման կիժ ու վարար,

Տնջրիդ տակռին նման խոր ըս,

Ըխպիրիդ նման մաքուր, պարզ։

 

Երգինքան կացած Դիզափադ ըս,

Նախշուն քըրերավ Կինձասար,

Ծմըկնեդ լիգյը եղցի ա,

Սյօրփ ա, հանգիստ ա, խաչքար։

 

Մին հափուռ վեղ օնիս՝ դուշմանին աշկը յիրա,

Էդ սուրփ վեղին տակին՝ ՏՂԵՐՔ,

Տիյերան մեզ ըն յեշում մշտական,

Հանցու դուզ ապրինք՝

Շիլ չի քցինք բուրդան։

 

Թոխպը, կածյակը եկող քինող ըն,

Մնողը տուվ ըս՝ Ղարաբաղ,

Մունք էլ ընք ղոնաղ, մին օր քիննան ընք,

Կյանք վեղըդ տեռնանք՝ Ղարաբաղ։

Արամ Խաչատրյան, 2020

 

 

Անժելիկա Զաքարյան

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիա-ակումբի ծրագրի շրջանակներում

ԵԱՀԿ-ն պահպանու՞մ է Մինսկի խմբի մանդատը. Գործող նախագահը հստակ պատասխան չտվեց

Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին վտարված արցախցիները նամակ են հանձնել։

Նամակը, որում արտահայտված են արցախցիների պահանջներն ու ակնկալիքները, հանձնվել է մայիսի 13-ի մամուլի ասուլիսում։ Նման նամակ հանձնվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Ուղերձը հանձնած լրագրողը ընդգծել է, որ արցախցիները ցանկանում են վերադառնալ հայրենիք։

«Արդյո՞ք ԵԱՀԿ-ը փակել է աչքերը Արցախի հարցի հանդեպ։ Եթե ոչ, ապա ինչպես են ԵԱՀԿ-ում պատկերացնում վերադարձը»,- հարցրել է լրագրողը։

Ի պատասխան՝ գործող նախագահը նշել է, որ կազմակերպությունն, իհարկե. մարդկանց համար է եւ նրանց մասին։ Բայց ԵԱՀԿ-ը չի կարող ներգրավվել մի գործընթացի, որին չի մասնակցում, եւ ԵԱՀԿ-ը հարգում է երկու երկրների դիրքորոշումը։

Գործող նախագահը չխոսեց Մինսկի խմբի մանդատի մասին, բայց ամենակարեւորն այն է, որ Արարատ Միրզոյանն այս մասին չհիշեցրեց։

Արտակ Բեգլարյան․ Ես աջակցում եմ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը

Ես աջակցում եմ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը՝ մասնակցելով հանրահավաքներին: Այդ մասին ասել է Արցախի նախկին պետնախարար եւ օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

“Լավ է, որ արդեն հաջորդ գործողություններն ու ծրագրային դրույթները որոշակիորեն հստակեցվում են, ինչի շնորհիվ շարժման համակարգվածությունն ու արդյունավետությունը կբարելավվեն: Իհարկե, շարժման բովանդակության ու մարտավարության հետ կապված դեռ զգալի բարելավման տեղ կա, բայց դա ընդհանրապես պատճառ չէ շարժմանը չաջակցելու համար:

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը մեծ համախմբվածություն, էներգիա  ու ներուժ է գեներացնում, և հավատում եմ, որ այն կարող է հաջողել: Սրբազանի կողմից ներկայացվող՝ պատվի, հաշտության ու խաղաղության ազգային օրակարգը խիստ պահանջված է՝ գործող իշխանությունների վարած նվաստացուցիչ ու վտանգավոր զիջողականության, ներքին թշնամանքի ու մանիպուլյացիաների քաղաքականության պայմաններում:

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հնարավորություն տալով նոր ձևավորվելիք իշխանություններին վերականգնել ազգային հաշտությունը, բարելավել մեր ռազմավարական դիմադրողականությունը և տեր կանգնել մեր անզիջելի իրավունքներին ու շահերին”,- ասել է նա։

ԵԱՀԿ-ն պարտավոր է լուծել արցախցիների վերադարձի հարցը. ակցիա

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել արցախցիներին հայրենիք վերադարձը ապահովելու պահանջով։ Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ ԵԱՀԿ-ն պարտավոր է լուծել արցախցիների վերադարձի հարցը, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու բացառիկ մանդատ։ Նրանք նաեւ պահանջում են, որ այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» չկնքվի առանց Արցախի հարցը հաշվի առնելու։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահին, այլ նաեւ Հայաստանի իշխանություններին ու ընդդիմությանը ուզում է տեղյակ պահել, որ «Իլհամը բնակեցնում է Շուշին»։

«Եվ որեւէ ընդվզում նույնիսկ ընդդիմադիր դաշտից չկա։ Տպավորություն է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը վաղուց կոնսենսուսի մեջ է Իլհամի հետ, որ օկուպացված Արցախում պետք է թուրքեր ապրեն։ Եվ որեւէ խոսք անգամ չկա Արցախ հայ փախստականների վերադարձի մասին։ Նոյեմբերի 9-ի ցեղասպանության այդ մոդելի տակ ստորագրեցին երեք հոգի, հանձինս նաեւ ՌԴ նախագահի։ Այդ ցեղասպանության մոդելի մեջ մի կետ կար, որը մեզ գոնե մի փոքր պետք է փրկեր, կանխեր ցեղասպանությունը հայության դեմ, դա փախսատականների վերադարձն էր։ Բայց եկեք ու տեսեք, որ այդ կետը հանգիստ իրացնում է Իլհամը, իսկ հայկական կողմը լուռ է, ոչինչ չի տեսնում։ Եթե տեր չունենք երկրի ներսում, որպեսզի հուսանք, որ ինքը գոնե տիրություն կանի իր ստորագրությանը, մենք ստիպված դիմում ենք դրսի ուժերին՝ ԵԱՀԿ գործող նախագահին՝ այն ակնկալիքով, որ իրենք տիրություն կանեն միջազգային իրավունքին, միջազգային նորմերին, գոնե ձեւական եւ կոչ կանեն կասեցնել օկուպացված Արցախի բնակեցումը թուրքերով, քանի դեռ չկա այդ հարցի շուրջ փոխադարձ պայմանավորվածություն, որով առաջին հերթին պետք է այնտեղից բռնի տեղահանված հայ մարդը վերադառնա»։

Ակցիայի մասնակցիները նամակ են փոխանցել ԱԳՆ՝ պահանջով, որ այն հանձնեն ԵԱՀԿ գործող նախագային։ Այս նամակն ավելի քան 200 կազմակերպություններից անունից տարածվել էր ամիսներ առաջ։ Մարիամ Ավագյանի խոսքով՝ այնտեղ փախստականների վերադարձի իրավունքի իրացման հարցն է դրված։

Հարցին, թե ի՞նչ պայմաններ պետք է ապահովվեն արցախահայության վերադարձի համար, Մարիամ Ավագյանը պատասխանեց․ «Քանի որ ես ցանկացած գործողության մեջ տեսնում եմ ցեղասպանություն, ապա մենք պետք է կանխենք այդ ցեղասպանությունը։ Իսկ դա կանխելու հայտնի մեկ մեթոդ կա՝ անջատում հանուն փրկության։ Եթե մեր քաղաքական վերնախավը բանակցային ողջ գործընթացում տարել է մի բան, որ Արցախը պետք է այսպես կոչված ինքնավար կարգավիճակ ունենա միգուցե Ադրբեջանի տարածքային ամբողջականության այդ կեղծ թեզի շրջանակներում, ապա անջատում հանուն փրկությանը ենթադրում է, որ Արցախը եւ նրա հայությունը պետք է ապրեն Ադրբեջանի ցանկացած տիպի վերահսկողությունից դուրս՝ միջազգային ուժերի ուղիղ աջացությամբ ու պաշտապնությամբ։ Թուրքի հետ անհնար է»,- հավելեց Մարիամ Ավագյանը։

Մարիամ Ավագյանը նաեւ ասաց․ «ԵԱՀԿ-ն նայում տեսնում է՝ հայությունը մղում, ցանկություն ունի՞ վերապրելու։ Եթե այո, ապա ինչո՞ւ է նրա քաղաքական վերանախավն ամբողջ 30 տարիներ դավադիր։ Այսինքն՝ ԵԱՀԿ-ին հարց տալուց առաջ հարցը տանք մեր քաղաքական վերնախավին, քանի որ քաղաքական վերնախավն է դիվանագիտական դաշտում խոսակցություն վարելու ԵԱՀԿ-ի հետ։ Այո, սա մի փոքր ակցիա է՝ մեր ձայնը հասցնելու ԵԱՀԿ-ին, բայց սա առաջին հերթին ակցիա է՝ ընդդեմ մեր քաղաքական վերնախավի։ Չորս գլխանի հրեշը նստած մեր երկրի մեջ, երկիրն ավերում է, պետք է կասեցնել։ Հայությունը պետք է ոտքի կանգնած լինի, պետք է լինի հայության որոշակի շերտ, որն անընդհատ հայության գոյության եւ Արցախի հարցը կենդանի կպահի»։

 

Առավոտից Երեւանում անհնազանդության գործողություններ են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ժամը 08։00-ից մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Քաղաքացիներն անհնազանդության և իրազեկման ակցիաներ են իրականացրել։ Ոստիկաները ուժ են գործադրում մասնակիցների դեմ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել, ներկայացնելով, թե այսօր վաղ առավոտից որ փողոցներն են փակվել:

Մալյան փողոցը, Մյասնիկյան պողոտան, Աբովյան փողոցը (Պլանի գլուխ), Թբիլիսյան խճուղին, Հանրապետության փողոցը, Կոմիտաս-Գյլբենկյան խաչմերուկը, Տերյան, Բուզանդի, Վարդանանց, Սարկավագի փողոցները, Քոչար-Վաղարշյան խաչմերուկը, Թումանյան, Խանջյան, Տիգրան Պետրոսյան փողոցները, Դավիթ Բեկ – Սարի թաղ հատվածը, Վազգեն առաջին Վեհափառի փողոցը, Մոսկովյան փողոցը, Բաղրամյան պողոտան, Թումանյան – Նալբանդյան խաչմերուկը, Աբովյան փողոցը։

Իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել.

Դավթաշենում, Բաղրամյան պողոտայում, Մետրոյի «Բարեկամություն» կայարանում։

Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը, հայտնում է news.am-ը։ Ակցիաների ժամանակ 82 քաղաքացի է բերվել ոստիկանություն։ Ժամը 10.30-ի դրությամբ բերման երթարկված անձանց թիվը հասել է 134-ի։