«Պահանջում ենք արցախցիների վերադարձ հայրենիք». ակցիա ԱԳՆ մոտ, որտեղ գտնվում է ԵԱՀԿ գործող նախագահը

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։ Այժմ նա ԱԳՆ-ում հանդիպում է Արարատ Միրզոյանի հետ։

Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ մի խումբ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում՝ արցախցիներին հայրենիք վերադարձը ապահովելու պահանջով։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ գտնելու բացառիկ մանդատ։ Չնայած ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման մասին Ալիևի հայտարարություններին և այդ հարցը քննարկելուց Հայաստանի ղեկավարության մերժմանը, Մինսկի խմբի մանդատը դադարեցված չէ, և ղարաբաղյան խնդիրը մնում է ԵԱՀԿ պատասխանատվության գոտում։

Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում փոխել է Շոյգուին, Լավրովը մնում է

Վլադիմիր Պուտինը որոշել է փոխարինել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Փոխարենը նա Դաշնության խորհրդին է ներկայացրել կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, իսկ Սերգեյ Շոյգուն Պուտինի հրամանագրով նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար։

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի մասին» հրամանագիրը, որով Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար։

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Մեկ այլ հրամանագով Պուտինը Նիկոլայ Պատրուշևին ազատել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ «այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»։

Պուտինն առաջարկել է վերանշանակել Սերգեյ Լավրովին արտգործնախարարի պաշտոնում։

Անցումային՝ հաշտության կառավարության մասին են արդեն խոսում, բայց կարեւորը՝ տաբուն հանելն է

Հանրապետության հրապարակում արդեն երրորդ բազմահազար հավաքն է կայանում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, եւ տեսանելի են քաղաքական քայլեր։

Նախ՝ պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անվստահություն հայտարարելու համար արդեն կան անհրաժեշտ 36 ձայն․ խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցություններն ընդամենը 35 ձայն ունեն, սակայն, ինչպես պարզվեց, անկախ պատգավավոր Իշխան Զաքարյանը “չի մերժել” գործընթացին մասնակցելը։

Երկրորդ՝ հայտարարվել է Երեւանում եւ այլ վայրերում շարժը “պարալիզացնելու” մասին, այսինքն՝ անհնազանդության ակցիաները կշարունակվեն։

Երրորդ՝ հայտարարվեցին անցումային կառավարության գործունեության սկզբունքները, եւ ամենակարեւորը՝ որ դա կլինի “հաշտության կարավարություն”, որտեղ ընդգրկված կլինեն տարբեր ուժեր եւ անհատներ։

Իհարկե, այս ամենը կարող է իշխանափոխության եւ չբերի, բայց հաշտությունը պետք է փոխարինի պառակտմանը։

Վերջին տարիների նշանը “մինուսն” էր․ սեւեր-սպիտակներ, նախկիներ-ներկաներ, արցախցիներ-հայաստանցիներ, ռուսամետներ-արեւմտամետ ռուսամետներ, մերոնք-ձերոնք։ Հասարակությունը վերածվել է աղանդների իր արգելքներով եւ քրմերով։

Մենք նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես բազմաթիվ թեմաներ եւ հարցեր հայտնվեցին տաբուի տակ իշխող աղանդի կողմից։ Արցախի մասին խոսալը տաբու է, մարտունակ բանակի մասին, դիմադրության, կրակելու հրամանի, հողերի պաշտպանսության, մեծ հայրենիքի, սփյուռքի, նույնիսկ այլ իշխանություն ունենալու մասին խոսալը տաբու է։ Հանկարծ չխոսաք՝ թե չէ աչքով կտաք, եւ որոշ մարդկանց բարեկեցիկ կյանքը կփլուզվի։ Չե որ այդ կյանքի համար նրանք ամեն ինչ տվել են։

Սրբազանը աննկատ հանեց այդ թեմաների տաբուն։ Մարդիկ Արցախի մասին խոսեցին, եւ պատերազմ չսկսվեց։ Իշխանափոխության մասին խոսեցին, եւ աշխարհը Փաշինյանին կրծքով չպաշտպանեց։ Սփյուռքի մասին խոսեցին, եւ Հայաստանի քաղաքական հիմքերը չփլվեցին։ Դիմադրության մասին խոսեցին, եւ ոչ ոք չհայտարարեց, որ խաղաղություն պետք է լինի՝ նույնիսկ երկիրը կորցնելու գնով։

Դժվարը՝ տաբուները հանելն է, իսկ անցումային կառավարությունը՝ տեխնիկական հարց է։

Բելգորոդում փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի ամբողջ մուտք

Բելգորոդում կիրակի՝ մայիսի 12-ի առավոտյան, փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի ամբողջ մուտք։ Սրանից քիչ առաջ քաղաքում հրթիռային տագնապ է հայտարարվել։ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մուտքը փլվել է «հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով»։

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ուկրաինական կողմը գնդակոծել է Բելգորոդը՝ օգտագործելով «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրը, «Վիլխա» և «ՌՄ-70 Վամպիր» բազմակի արձակման հրթիռային համակարգերը։ Հարձակումը հետ մղելիս ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են վեց «Տոչկա-Ու» հրթիռ, չորս «Վամպիր MLRS» հրթիռ և երկու «Վիլխա MLRS» հրթիռ։ Խոցված «Տոչկա-Ու» հրթիռներից մեկի բեկորները վնասել են Բելգորոդ քաղաքի բնակելի շենքը։

Ռուսական Telegram ալիքները հրապարակել են կադրեր, թե ինչպես է արկը հարվածում Բելգորոդի ծայրամասում՝ Շչորսի փողոցի թիվ 55 բնակելի շենքին։

Լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ փլուզվել է պանելային տան ողջ մուտքը՝ առաջինից տասներորդ հարկ։ Ռուսաստանի Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ մահացել է մի կին, եւս 28 մեծահասակ և մեկ երեխա ստացել են բեկորային վնասվածքներ։ Mash Telegram ալիքը հայտնում է, որ փլուզված մուտքի փլատակների տակ մարդիկ ճչում են։ Փրկարարական աշխատանքների ընթացքում փլուզվել է տան տանիքը, իսկ շտապօգնության աշխատակիցներից մի քանիսը թաղվել են փլատակների տակ։

Ռազմական փորձագետները վստահ են, որ նշված զինատեսակներն ի վիճակի չեն նման լայնածավալ ավերածությունների պատճառ դառնալ։ Նրանք կասկածում են, որ կա՛մ ռուսական բանակի հերթական ավիառումբ է ընկել տան վրա, կա՛մ ներսում պայթյուն է տեղի ունեցել։

Մշակութային ցեղասպանություն․ հիմնովին քանդվել է Բերձորի եկեղեցին

Արցախում, մեր ունեցած տվյալներով, հիմնովին քանդվել է թվով երրորդ եկեղեցին․ Մեխակավանի Սբ Աստվածածին Զորավոր եկեղեցին, Շուշիի Հովհաննես Մկրտիչ և հայտնի դարձավ նաև Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցու քանդման մասին։

Մինչ ՀՀ վարչապետը իր ստեղծած խաղաղության խաչմերուկից խաղաղություն է քարոզում, Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտման իր քաղաքականությունը մշակութային ցեղասպանության տեսքով։ Սա Ադրբեջանի հայատյացության ու կրոնական անհանդուրժողականության հերթական դրսևորումն է, երբ ամենուր վերացնելով հայկական հետքը, փորձում է, նոր մզկիթներ կառուցելով, տարածքը նաև մշակութապես դարձնել ադրբեջանական։ Առնվազն տարօրինակ է, որ ՀՀ պատկան մարմինների կողմից կոշտ հայտարարություններ չեն հնչում ի պաշտպանություն Արցախի պատմամշակութային ժառանգության, որից թերևս օգտվելով է Ադրբեջանը շարունակում իր անպատիժ հակահայ ու հակամշակութային քաղաքականությունը։

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին ՝ Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ, կառուցվել է 1996-1999 թվականներին, իսկ գմբեթի խաչի օծումը կատարվել 1998 թվականի մայիսին։ Ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։

Եկեղեցին թե ներսից և թե դրսից գեղեցիկ հարդարանք ուներ, ներսից՝ որմնանակարներ, իսկ դրսից՝ բարձրաքանդակներ։ Եկեղեցին ուներ նաև մի շարք արձանագրություններ, այդ թվում եկեղեցու հյուսիսային պատի արևմտյան կողմում փորագրված է 6 տողանոց հետևյալ արձանագրությունը. «Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ ըչ(1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։

Երկրորդ արձանագրությունը փորագրված էր հարավային պատի արևելյան հատվածում, որը ներկայացնում էր երեք տասնյակ շինարարների անունները՝ ճարտարապետից մինչև բանվորներ։

Ի՞նչ ենք մենք պատրաստ անել ի պաշտպանություն մեր ինքնության վկաների, որոնք մեր փոխարեն այսօր խոսում են Արցախի էթնիկ պատկանելիության մասին, պաշտպանելով արցախահայության վերադարձի իրավունքները և ո՞րն է հաջորդը․․․ սրանք հարցեր են, որոնք պետք է հստակ պատասխան ունենան։

Արմինե Հայրապետյան

 

Վերադարձ 1994-ի ստատուս քվոյին. ինչի՞ մասին է լինելու հանրահավաքն այսօր

Այսօր Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երրորդ հանրահավաքը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։

Եթե ​​առաջին հանրահավաքը տեղի է ունեցել մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ապա երրորդ հանրահավաքը նախատեսված է մայիսի 12-ին, այն օրը, երբ 1994 թվականին ռուսական միջնորդությամբ և երաշխիքներով կողմերի միջև անժամկետ զինադադար կնքվեց։ Սա նոր ստատուս քվո էր՝ Հայաստանի նոր դերակատարմամբ տարածաշրջանում և ճանաչված Արցախով։

2016 թվականից ի վեր հրադադարը խախտվել է երեք անգամ, իսկ 2023 թվականին ագրեսիայի և օկուպացիայի արդյունքում Արցախը կորցրել է իր բնիկ բնակչությունը։ Ռուսական զորքերը, որոնք 2020 թվականին հայտնվեցին Արցախում՝ «հրադադարի ռեժիմը պահպանելու համար», ոչինչ չարեցին Մոսկվայի երաշխիքներով կնքված փաստաթղթերը պահպանելու համար։ Ավելին, հենց ռուսական զորքերի առկայությունը Արցախում դարձավ 2023 թվականին նրա ամբողջական օկուպացիայի երաշխիքը։

Մայիսի 9-ին հանրահավաքի մասնակիցները որպես իրենց պահանջ առաջ քաշեցին «սահմանազատման» և քաղաքական աղետալի գործընթացների կասեցում՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Նրանք ասում են, որ ժամանակն է տեր կանգնել երկրին և դադարել սահել դեպի անդունդ:

Թե ինչպես դա կարվի, հայտնի չէ, գուցե Բագրատ Սրբազանն այսօր հայտարարի ինչ-որ կազմկոմիտեի ստեղծման մասին, որը կղեկավարի արդեն քաղաքական շարժումը։ Վարչապետի թեկնածուի անիմաստ փնտրտուքի փոխարեն Շարժման առաջնորդներին անհրաժեշտ է ստվերային կառավարություն ստեղծել, և այս կառավարությունը պետք է իր աշխատանքը սկսի արտաքին քաղաքականության վերանայումից։

Պետք է արձանագրվի, որ աղետալի հետեւանքների է հանգեցրել այն կուրսը, որը հայկական կողմը 1994թ.-ից սկսել է Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ։ Փաշինյանի իշխանությունը, չնայած արևմտամետ իմիտացիային, ավարտին է հասցնում հայոց պետականությունը վերացնելու ռուս-թուրքական ծրագրերը։

Եթե ​​Հայաստանում իշխանությունը փոխվի առանց այս աղետալի ընթացքը վերանայելու, երկիրը միեւնույն է կհայտնվի անդունդում։ Հանրահավաքի մասնակիցները պետք է պահանջեն վերականգնել 1994 թվականի ստատուս քվոն։

Այս ստատուս քվոն փոխողները տագնապով հետեւում են, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ալիևը մեկ անգամ չէ, որ ասել է, թե Հայաստանում իր թշնամիները «ռևանշիստներ» են, այսինքն՝ նրանք, ովքեր ցանկանում են վերադարձնել իրավիճակը 1994թ.։

Ալիևի քարոզիչներն արդեն գրում են, որ «Բաքուն և Անկարան, հնարավոր է, ստիպված լինեն Հայաստանում կարգուկանոն հաստատել»։ «Ադրբեջանական հողերի վերաօկուպացիա չի լինի. Այլևս իննսունականների սկիզբը չէ, և Ադրբեջանն արդեն այլ է. Բաքուն, և առավել եւս Անկարայում, լիովին ի վիճակի են ապահովելու իր անվտանգությունը»,- գրում են Բաքվում՝ հասկանալով, որ եթե հայերը սկսեն խոսել իրավունքների մասին, ապա նրանց ողջ ռազմական ամբարտավանությունը կկործանվի։

Հայաստանի քաղաքականությունը 1994 թվականից ի վեր ուղղված է իրավունքների ոչնչացմանը։ Իրավիճակը կարելի է փոխել միայն իրավունքների մասին հրապարակայնորեն հայտարարելով և պաշտպանելով դրանք, բայց ոչ ագրեսորի քմահաճույքներին տրվելով։

Նաիրա Հայրումյան

Ե՞րբ է ՄԱԿ-ը ճանաչել Արցախը որպես «ահաբեկչական սուբյեկտ». Անընդունելի ձեւակերպում

ՄԱԿ-ի Խոշտանգումների կոմիտեն հայտարարություն է տարածել արցախյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ նշելով էթնիկ հայերի հանդեպ խոշտանգումների, արտադատական ​​սպանությունների և անօրինական կալանավորման բազմաթիվ դեպքեր։

Սակայն հրապարակային հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ի կոմիտեն «մտահոգված է զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական ​​սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կապակցությամբ»:

Ի՞նչն է ՄԱԿ-ի կոմիտեն անվանում «հակաաբեկչական գործողություն»: Եւ ե՞րբ է ՄԱԿ-ը Արցախի բնակիչներին և ՊԲ-ն ճանաչել որպես «ահաբեկչական կազմակերպություններ», որոնց դեմ ագրեսիան անվանում է «հակաահաբեկչական գործողություն»։

ՄԱԿ-ի նման ձևակերպումները միայն խրախուսում են Բաքվին նոր ահաբեկչություններ և խոշտանգումներ իրականացնել։

Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը և աշխատակարգը:

Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:

Ներկայում Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների բոլոր դասարաններում ուսուցումն իրականացվում է Հանրակրթության նոր պետական չափորոշչի համաձայն, որը պահանջում է քննությունների կազմակերպման և անցկացման գործընթացի առանձնահատկությունների հստակեցում և համակարգված, միասնական մոտեցում գործընթացին:

Ըստ այդմ՝ Տավուշի մարզի ուսհաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքի ստուգում չի իրականացվելու, իսկ 9-րդ դասարանում ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվելու են այլ ընթացակարգով: Հստակեցվել են քննությունների անցկացման ձևը (գրավոր կամ բանավոր), նոր չափորոշչով ուսուցման դեպքում՝ 9-րդ դասարանում նաև նախագծային աշխատանքի և էսսեի միջոցով որոշ քննությունների հանձնման մեխանիզմները:

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.

«Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ):

Բոլոր այն դպրոցներում, որտեղ կրթության առաջին աստիճանում ամբողջությամբ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, 4-րդ դասարանի ավարտին 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով իրականացվում է ատեստավորում:

Մինչև հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը՝ 9-րդ դասարանում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

«Հայոց լեզու» (գրավոր), թեստ.

«Գրականություն» (բանավոր).

«Հայոց պատմություն» (բանավոր).

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր.

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր), թեստ.

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից՝ բանավոր:

9-րդ դասարանում ուսուցումը նոր չափորոշչով կազմակերպող հաստատություններում անցկացվում են ավարտական քննություններ հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր), թեստ.

«Գրականություն» և «Հայոց պատմություն» – էսսե (գրավոր), քննության օրը՝ ԿԶՆԱԿ-ի կողմից նախապես մշակված թեմաների շրջանակում: Էսսեն ստուգվում է քննության օրը, և սովորողները գնահատվում են երկու առարկաներից:

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Օտար լեզու» (տվյալ դպրոցում դասավանդվող օտար լեզուներից՝ սովորողի ընտրությամբ, բանավոր).

«Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ): Այն հաստատությունները, որոնք չունեն լաբորատորիաներ, սովորողները բնագիտական առարկաներից քննություն հանձնում են նախագծային աշխատանքի ձևով:

«Ֆիզկուլտուրա» (ստուգարք).

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից:

Նոր չափորոշչի ներդրումից հետո 9-րդ դասարանում «Բնագիտություն» առարկաներից նախագծային աշխատանքը հանձնվում է քննաշրջանից մեկ ամիս առաջ և ստուգվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի N 22-Լ հրամանով հաստատված մենթոր դպրոցների ներկայացուցիչներից ձևավորված հանձնաժողովի կողմից:

Քննությունների անցկացման ժամանակահատվածը սահմանվել է կարգով:

12-րդ դասարանում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հետևյալ առարկաներից`

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), թեստ.

«Մաթեմատիկա» (գրավոր), թեստ.

«Հայոց պատմություն» (գրավոր), թեստ.

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև «Ռուս գրականություն» առարկայից (բանավոր).

Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողները քննություն են հանձնում նաև իրենց մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր):

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։ Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):

Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողները կարող են ազատվել գիտելիքի ստուգումից, ավարտական և պետական քննություններից:

Անհետ կորած արցախցիներին հայտնաբերելու հարցում առաջընթաց չկա․ Ազատություն

Ազատություն

Ութ ամիս է՝ Նունե Հովսեփյանը ժամկետային զինծառայող որդուց ոչ մի լուր չունի։ Հայկը Վանք գյուղի վերևի դիրքում էր Արցախի մեծ տեղահանմանը նախորդած մարտական գործողությունների ժամանակ։ Նրա ծառայակցին ադրբեջանցիները գերեվարել ու վերադարձրել էին նախորդ տարեվերջին, Հայկի անունը ո՛չ զոհերի ցանկում է, ո՛չ ողջերի։

«Եվրադատարան դիմել ենք, մերժում ենք ստացել, Կարմիր խաչին… հանձնել ենք ԴՆԹ-ի անալիզներ, նույնականացում չի համապատասխանել», – ասում է զինծառայողի մայրը։

Նախորդ տարվա սեպտեմբերի 19-ից 20-ի մարտական գործողությունից հետո 15 հոգի է անհետ կորած՝ Քննչական կոմիտեի տվյալով։ Արցախի օմբուդսմենը 14 անհետ կորածների մասին է խոսում՝ 3-ը խաղաղ բնակիչներ են, 11-՝ը զինվորականներ, աշխարհազորայիններ։

Աշխարհազորային Արշակ Միրզաբեկյանն էլ սեպտեմբերի 19-ից չկա։ Հայրը նրա զինակիցներից միայն այն է լսել, որ որդին վիրավորում է ստացել. – «Իմ պատկերացումը սենց ա, որ իր ընկերները՝ 10 հոգի, իրեն թողել, փախել են։ Կարող է պատահած լինի թուրքը, վեկալած, տարած, կամ արյունահոսած լինի, մահացած»։

Արշակի ծնողները, կինը, երկու փոքրիկներն անորոշության ութերորդ ամիսն են լրացնում։ Արցախի օմբուդսմենը շեշտում է՝ որոնողական աշխատանքները վերսկսելու անհրաժեշտության կա, Ադրբեջանի հետ բանակցության փորձը արդյունք չի տալիս։

44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ անհայտ է 195 հոգու ճակատագիր։ 2022 թվականի մարտական գործողությունների հետևանքով անհայտ է երկու զինծառայողների գտնվելու վայրը։

Հարյուրավոր ընտանիքներ են անորոշության ու անհուսության դժոխքում։

Բաքուն այս անգամ Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Ախունդովի դեմքով է հայտարարում, թե իրենք ուզում են համագործակցել երկու կողմերում անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար. Հայաստանը պատրաստակամ չէ։

«Բազմիցս եղել է հայկական կողմից, այդ թվում նաև արցախյան կողմից պատրաստակամություն՝ փոխանակելու տվյալներ, այն ինչի մասին մենք ենք տեղյակ և ստանալու այն, ինչ որ իրենք են տեղյակ, բայց ազնիվ շահագրգռվածություն երբեք ադրբեջանական կողմից այդպես էլ չի եղել», – ասում է Գեղամ Ստեփանյանը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը երկու մշտական քարոզչական թեմաներ ունի՝ ականապատ տարածքներ ու անհետ կորածներ. – «Իրենք դա օգտագործում են այս կամ այն հարթակներում Հայաստանին մեղադրելու համար, երբ որ պետք է այնպիսի ելույթներ ունենան, որ Հայաստանին պետք է թիրախավորեն կամ սևացնեն, միանշանակ այդ թեման օգտագործվում է»։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ նաև Գերիների և անհետ կորածների հայաստանյան հանձնաժողովի անդամ է, պնդում է, ադրբեջանական կողմը միտումնավոր չի վերադարձնում մարմիններ, որոնց տեղը հստակ կոորդինատներով հայկական կողմը փոխանցել է նրանց։ Այդպես արդեն երկու տարի է՝ միջդիրքային հատվածում են մնացել երկու հայ զինվորների մարմիններ, ու սա միակ դեպքը չէ։

«Շատ հստակ անհերքելի ապացույցներ կան, որ Հադրութի հրապարակում գնդակահարվածների դին մինչև օրս գտնվում է Ադրբեջանում, և նրանք չեն վերադարձնում մարմինները», – ասաց իրավապաշտպանը։

Սիրանուշ Սահակյանի կարծիքով՝ Ադրբեջանը հայ գերիներին իր բանտերում պահում է քաղաքական դիվանագիտական սակարկության համար, իսկ անհետ կորածների հարցում նրանց շարժառիթը պարզապես ընտանիքների տառապանքը խորացնելն է։

«Այս գործողությունների հետևում տեսնում եմ ցավ պատճառելու միտումը, այլ ոչ թե քաղաքական առևտրի առարկա դարձնելը», – նշեց նա։

Տելեգրամյան ալիք` Կրասնոդարում գտնվող արցախցիների համար

Կրասնոդարում գտնվող արցախցիները ստեղծել են տելեգրամյան ալիք, որի միջոցով կապ են պահում միմյանց հետ: Խմբի ադմին Գայանե  Հովսեփյանը նշեց, որ խմբում արցախցիներն իրար օգնում են գտնել աշխատանք, պատասխաններ ստանալ գրանցման հարցերի վերաբերյալ, պահպանել բարբառը և մշտապես հաղորդակցվել: Խմբի անդամների թիվն արդեն հասել է 1070-ի:

Տաթև Ազիզյան

Բայդենի նոր պայմանները Պաղեստինին. ՀԱՄԱՍ-ից հրաժարում՝ ՄԱԿ-ին անդամակցելու և պատերազմի դադարեցման դիմաց

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հրադադարը Գազայի հատվածում կարող է ձեռք բերվել «հենց վաղը», եթե ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն ազատ արձակի իր մոտ գտնվող իսրայելցի պատանդներին։ Այս մասին նա հայտարարեց շաբաթ օրը՝ մայիսի 11-ին, Վաշինգտոն նահանգում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ կազմակերպված միջոցառման ժամանակ։

The Washington Post շաբաթ օրը՝ մայիսի 11-ին, հայտնել է, որ ամերիկյան ղեկավարությունն առաջարկել է Իսրայելին հրաժարվել լայնածավալ հարձակումից Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում: Դրա դիմաց ԱՄՆ-ն իսրայելցիներին օգնություն է առաջարկել «Համաս» իսլամիստական ​​շարժման առաջնորդներին գտնելու հարցում։ Բացի այդ, նրանք խոստացել են նրանց տրամադրել Գազայի հատվածի տակ գտնվող ահաբեկիչներին պատկանող թունելների գծապատկերները։

Ըստ թերթի աղբյուրների՝ Միացյալ Նահանգների կառավարությունը փորձում է կանխել իսրայելական բանակի ներխուժումը Ռաֆահ, որտեղ այսօր, ըստ տարբեր գնահատականների, մոտ մեկ միլիոն պաղեստինցի փախստական ​​կա։

Ի պատասխան Բայդենի՝ Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքին, եթե զինվորականները ներխուժեն Ռաֆահ, Իսրայելի հրամանատարության խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ իր երկիրը բավական զինամթերք ունի իր ծրագրերն իրականացնելու համար՝ առանց ամերիկյան աջակցության։

Ինքը՝ վարչապետ Նեթանյահուն, ուղղակիորեն չպատասխանելով Բայդենին, այնուամենայնիվ, ընդգծել է. «Եթե մենք պետք է միայնակ պայքարենք, մենք միայնակ կպայքարենք»՝ խոստանալով, որ «եթե ստիպված լինենք, մենք կկռվենք մերկ ձեռքերով»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը եկել է այն եզրակացության, որ Իսրայելը կարող էր որոշ դեպքերում օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը Գազայի պատերազմի ժամանակ:

«Խելամիտ է եզրակացնել», որ հոկտեմբերի 7-ից հետո ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը օգտագործվել են Իսրայելի հումանիտար պարտավորություններին «անհամապատասխան» ձևերով, սակայն գործակալությունը չունի ամբողջական տեղեկատվություն այս եզրակացությունը ստուգելու համար, ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը «արտակարգ ռազմական մարտահրավեր» էր Իսրայելի համար։

Ֆրանսիան եւս Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում և վերադառնալ բանակցությունների ուղի, ուրբաթ՝ մայիսի 10-ի ուշ երեկոյան Փարիզում հայտարարել է ԱԳ նախարարությունը:

Գազայի հատվածում հրադադարի և այնտեղից իսրայելական զորքերի դուրսբերման շուրջ բանակցությունները փակուղի են մտել։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 143 անդամներ Պաղեստինի ինքնավարության լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու կոչ են արել: ԱՄՆ-ը ծրագրում է վետո դնել դրա վրա, եթե առաջարկը հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Վաշինգտոնի և Իսրայելի միջև տարաձայնությունները գնալով աճում են:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ուրբաթ օրը քվեարկել է Պաղեստինի իրավունքների ընդլայնման օգտին կազմակերպությունում և կոչ է արել նրան ընդունել որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ:

Պաղեստինը 2012 թվականից ունի ոչ անդամ դիտորդի կարգավիճակ, որը որոշակի իրավունքներ է ապահովում։

Անդամակցության մասին որոշումը կարող է ընդունել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

Եվրոպական մի քանի երկրներ մտադիր են ճանաչել Պաղեստինի պետությունը։ Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը հինգշաբթի իսպանական RTVE հեռուստաալիքին ասել է, որ Իսպանիան դա կանի մայիսի 21-ին։ Նա ավելի վաղ ասել էր, որ Իռլանդիան, Սլովենիան և Մալթան նույնպես կդիմեն այս քայլին, սակայն ժամկետ չի նշել:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պաղեստինի պետականությունը ճանաչել են ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 139-ը, թեև այդ քայլը հիմնականում խորհրդանշական է համարվում։

Իսրայելը չի ​​ճանաչում Պաղեստինի պետականությունը, և Իսրայելի ներկայիս կառավարությունը դեմ է Արևմտյան ափին և Գազայի հատվածում պաղեստինյան պետության ստեղծմանը:

Իսրայելը պնդում է, որ նման պետությունը վտանգ կստեղծի իր գոյության համար։ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի կողքին անկախ Պաղեստին պետության ստեղծմանը, սակայն ասում է, որ նման պետությունը պետք է ստեղծվի միայն երկու կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով: