Վրաստանը հեղափոխության շեմին. ամենախոշոր ցույցը

Մայիսի 11-ին Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին «Եվրոպայի երթին»՝ ցույցին ի պաշտպանություն ԵՄ-ում Վրաստանի ապագայի և ընդդեմ «Թափանցիկության մասին» «ռուսական օրենքի» նախագծի ընդունման: Բողոքի ակցիան տեղի է ունեցել օրինագծի հակառակորդների վրա հարձակումներից, ինչպես նաև սպառնալից կոչերից ու վիրավորական հաղորդագրություններից հետո:

Երթի մասնակիցները շաբաթ օրը հավաքվել են Թբիլիսիի կենտրոնի մի քանի կետերում, որտեղից շարժվել են դեպի Եվրոպայի հրապարակ՝ քաղաքի հին հատվածում։

Մայիսի 11-ին Թբիլիսիում անցկացված արտասահմանյան գործակալների մասին օրենքը չեղարկելու պահանջով եվրոպամետ հանրահավաքը դարձավ Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենախոշոր ցույցը։

«Առնվազն 200,000 մարդ ներկա էր, բայց ընդհանուր օրվա ընթացքում այդ թիվը, հավանաբար, ավելի մոտ էր 300,000-ին», – գրում է Visioner-ը:

«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հակառակորդները մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը կանցկացնեն Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին Եվրոպայի հրապարակում բազմահազարանոց ցույցի մասնակիցներին ասել է գրող Լաշա Բուգաձեն։

Մայիսի 13-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 9-ին, նախատեսված է խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստը, որում սկանդալային նախաձեռնությունը կքննարկվի երրորդ ընթերցմամբ։ Նստաշրջանի նիստը և երրորդ ընթերցմամբ քվեարկությունը խորհրդարանում պետք է տեղի ունենա մայիսի 14-ին։

Ինչ արդյունք էլ լինի, Վրաստանում տեղի կունենա հեղափոխություն՝ կա՛մ դա կլինի եվրոպական հեղափոխություն՝ գործող իշխանության հրաժարականով, կա՛մ իշխանությունը ներքաղաքական հեղաշրջում կիրականացնի ու բացարձակ դիկտատուրա կհաստատի։

Շվեյցարիան հաղթեց Եվրատեսիլ 2024-ում, Ժակոն զբաղեցրեց 8-րդ տեղը

Շվեդիայի Մալմո քաղաքում կայացել է Եվրատեսիլ 2024 երաժշտական ​​մրցույթի եզրափակիչը։ Շվեյցարացի կատարող Նեմոն «The Code» երգով զբաղեցրել է առաջին տեղը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան։

Ֆրանսիան չորրորդն է։ Իսրայելցի երգիչ Էդեն Գոլանը հինգերորդ տեղում է։ Դրան հաջորդում են Իռլանդիան, Իտալիան, Հայաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Հունաստանը, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Լիտվան, Կիպրոսը, Լատվիան և այլն։

Մրցույթի հաղթող «The Code» երգը օպերայի և հիփ-հոփի հիբրիդ է, որը խոսում է սեփական ինքնությունը ընդունելու և ոչ բինար լինելու փորձի մասին: Նեմոն առաջին ոչ բինար արտիստն է, ով հաղթել է Եվրատեսիլում:

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացրել է Լադանիվա դուետը՝ «Ժակո» երգով՝ առաջին անգամ ամբողջությամբ հայերենով։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ

Ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը գնահատվեց որպես՝  «բոլորովին անընդունելի», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը:

Ադրբեջանը «ծանր քննադատության» ենթարկվեց արդարադատության միջազգային չափանիշներով ապօրինի գործողությունների համար՝ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը» նվիրված բաժնում, որտեղ ընդգծվեց մտահոգություն «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի կոպիտ և լուրջ ոտնահարումների առնչությամբ, որոնք իրականացվեցին ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և էթնիկ կամ ազգային հայկական ծագում ունեցող այլ պաշտպանված անձանց նկատմամբ»:

Հրապարակային հայտարարության մեջ ՄԱԿ-ի կոմիտեն նշեց, որ «անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային և էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանություններով, խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, ինչպես նաև այս մեղադրանքների մասով հետաքննության և քրեական հետապնդման բացակայությամբ»:

Կոմիտեն նաև մտահոգություն հայտնեց էթնիկ կամ ազգային ծագումով հայ 23 անձանց շարունակական կալանքի առնչությամբ և կոչ արեց «անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լուրջ խախտումների մասին մեղադրանքների վերաբերյալ և կոչ արեց մասնակից պետությանը` պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Զեկույցում շեշտվեց, որ «միջազգային մարդասիրական իրավունքը կիրառվում է բոլոր միջազգային և ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, որոնց մասնակցում է մասնակից պետությունը» և որ հետաքննություններն ու հետապնդումները ներառում են «հրամանատարության կամ վերադաս պատասխանատվության դիրքում գտնվող ցանկացած անձի գործողությունները, ովքեր գիտեին կամ պետք է իմանային, որ իրենց ենթակաները իրականացրել էին կամ կարող էին իրականացնել արտադատական մահապատիժներ, խոշտանգումներ կամ դրսևորել դաժան վերաբերմունք, կամ այլ պատերազմական հանցագործություններ, և ձախողեցին ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ»:

ՄԱԿ-ի զեկույցում նաև մեթոդաբար անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կառավարության կողմից սեփական բնակչության նկատմամբ խախտումների լայն շրջանակին՝ ներառյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, ատելության հանցագործությունների, ատելության խոսքի և խտրականության, գենդերային հողի վրա հիմնված և ընտանեկան բռնությունների, մարմնական պատժի մեղադրանքներին, ի թիվս այլ մտահոգությունների:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ՄԱԿ-ի զեկույցը և հորդորում է միջազգային կառույցին հետևել նրա առաջարկություններին և ապահովել, որպեսզի Ադրբեջանում հարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, հատկապես՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը, պատերազմի ժամանակ գերևարված անձանց շարունակվող կալանավորումը՝ անկախ նրանց ազատ արձակման մասին Հայաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից և հայերի շարունակական կալանավորումն առանց որևէ այլ պատճառի, քան նրանց էթնիկ ինքնությունը»,– ասացին համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։

Արցախցի 88-ամյա Սվետա տատիկը 27 ծոռ ունի

Սվետլանա Խաչատրյանը սկզբից չէր ուզում իր տարիքն ասել: Ծիծաղում է`«որ իմանաք աչքով կտաք»:

27 ծոռ ունի. վարդերի փնջերն անպակաս են սեղանից: «Թող ձեր ծոռներն էլ ձեզ համար ծաղկեփնջեր բերեն»,-Սվետա տատիկի ամենագլխավոր օրհնանքն է:

1935 թ. է ծնվել Իվանյան գյուղում, ադրբեջանցի տատմերի օգնությամբ: Այդ տարիներին հայերն ու ադրբեջանցիները դեռ իրար հետ «համերաշխություն էին խաղում», քիրվայություն անում:

Հայրը մահացել է 1942 թ. պատերազմի ժամանակ` թողնելով բազմաերեխատար ընտանիքը: Սվետա տատիկը նույնիսկ այս տարիքում է կարոտով սպասում հորը:

Բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ է տեսել Արցախի այան մինչև պատկառելի տարիքի հասնելը: Մինչև մեծ բնակարան ստանալը 5 երեխայի, ամուսնու, սկեսրայրի հետ ապրում էին շատ սուղ պայմաններում: Տեսել է արցախյան բոլոր պատերազմները:

Երբեք չի վախեցել և չի պատսպարվել նկուղում` «սպանում են, թող սպանեն»:

1990-ականներին նկուղում ծնվել է թոռը` 1450 գ քաշով: Խելացի բժիշկների և հարսի ջանքերով երեխան նույնիսկ այդ պայմաններում քաշ հավաքեց:

2020թ. պատերազմի օրերին Սվետա տատիկն իր մեծ ընտանիքի անդամների հետ զինվորների համար հագուստ և անհրաժեշտ իրեր էին կարում, ճաշ պատրաստում, օգնում ինչով կարող էին: Հիմա էլ տատիկը չի սիրում պարապ նստել: Թոռներին խնդրում է իր համար աշխատանք գտնել: Անընդհատ տան գործերն է անում: Ինչպես ինքն է նշում` ուրիշի տան:

Արցախյան կյանքի մասին խոսում է ոգևորությամբ, աչքերի փայլով.«Իմ աղջիկներին ամուսնացնելիս միշտ ասել եմ, որ սիրելով ամուսնանան, ինքնուրույն ընտրեն իրենց կողակցին, չլսեն կողքիններին: Երբ գնում ես ուրիշի տուն, պիտի հանես քո շորերը, հագնես իրենց շորերը, խոնարհ ու հարմարվող լինես: Ամուր ընտանիքն է ազգի հիմքը, իսկ ամենակարևորն այն է, որ միշտ հիշես` հետդարձի ճանապարհ չկա: Հիմա ջահելները չեն ուզում ամուսնանալ, նախընտրում են ազատ կյանքը: Դա չէ արցախյան ձևը…»:

Ամեն օր իր հետ բերած լուսանկարներն է նայում: Ամուսնու` Ենոքի նկարը առանձին է պահում`միշտ աչքի առջև.«Իմ 52 տարվա ամուսնուն ոչ ոքի հետ չեմ փոխի»:

Իր երբեմնի ազատ ու անկախ Արցախի, իր մեծ ու համերաշխ գերդաստանի հավաքույթների միակ վկայությունն են այդ լուսանկարները: «Պատերազմի օրը ես իմ տան իրերը դասավորել եմ այնպես, կարծես թե էլի եմ գնալու: Մեքենայում նստած մտածում էի, թե ինչն եմ կիսատ թողել: Մեր մեծ տնից, խանութից, այգուց ոչինչ չենք բերել: Միայն այս լուսանկարները: Երբ ես արդեն չլինեմ, ուզում եմ, որ թոռներս սրանք պահեն և փոխանցեն մյուս սերունդներին»,- ասում է նա:

80-ամյակին զավակները անակնկալ նվեր էին մատուցել տատիկին: Հավաքվել էին և մեծ շուքով նշել նրա տարեդարձը: Շուտով 90 տարեկան  է դառնալու: Փափագն է`Արցախում նշել ծննդյան օրը…

Տաթև Ազիզյան

Կոլխոզաշենի օրը. ապրել տուն վերադառնալու հույսով

Մայիսի 11-ը Կոլխոզաշենի օրն է

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղը սովորական բնակավայր չէ, այլ պատմությամբ ու մշակույթով հարուստ գյուղ։

Այստեղ են ծնվել գեներալ Պարսեգովը և գրող, բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը։ Ի հիշատակ այս և անցյալ դարի բոլոր պատերազմներում իրենց հայրենիքը պաշտպանած հերոսների կանգնեցվել են հուշարձաններ, ստենդեր, գրվել գրքեր։

Հայոց պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ կան գյուղում. պետությունը գրանցել է մոտ 15 հուշարձան և տեսարժան վայրեր։ Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ հիշատակվում են միջնադարյան եկեղեցիներ և խաչքարեր։

Գյուղի կողքով հոսում է Վարանդա գետի վտակը, իսկ բուն համայնքում կան մինչև 10 բնական աղբյուրներ։ Գյուղը, որպես հյուրընկալ բնակիչներով ամենագեղեցիկ վայրերից մեկը, զբոսաշրջիկների սիրելի վայրն էր։

Բայց այս ամենն անցյալում է։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի բնակչության տեղահանությունից հետո կոլխոզաշենցիները ստիպված են այս օրը նշել իրենց տներից հեռու, կիսվելով հիշողություններով ու հույսերով։

«Այսօր մեր գյուղի՝ Կոլխոզաշենի օրն է։ Կոլխոզաշենը եղել է Արցախի 7 զբոսաշրջային կենտրոններից և ծնել է բազմաթիվ նշանավոր մարդկանց՝ բանաստեղծներ, բանախոսներ, գեներալներ։

2019 թվականին այս օրը վերաբացվեց գեներալ Պարսեգովի տուն-թանգարանը։ Այս առիթով գյուղ էին եկել մի շարք պետական ​​ու ռազմական բարձրաստիճան գործիչներ։

Ցավոք, այսօր գյուղում չենք։ Մենք զրկվեցինք այնտեղ լինելու, այս տոնը նշելու և մեր պատմությամբ հպարտանալու հնարավորությունից։ Գյուղն ու թանգարանն այլեւս չկան։ Հիմա մենք կարող ենք ապրել միայն տուն վերադառնալու հույսով»։

«Մայիսի 11-ը նշվում է որպես Կոլխոզաշենի օր։ Անցյալով չեմ ուզում խոսել՝ քանի մենք կանք, մեր գյուղի ամեն մի հատված կապրի»։

«Կներես, որ լքել ենք ձեզ, բայց մենք փայփայում ենք հիշողությունները և չենք մոռանում քո մասին… Գիտեմ, որ որտեղ էլ որ լինենք, կկարոտենք մեր գյուղը, այն ժամանակները, երբ հպարտ ու երջանիկ էինք մեր տներում… Մենք ապրում ենք տուն վերադառնալու ակնկալիքով»։

Սրանք գրություններ են, որ կոլխոզաշենցիները թողնում են սոցցանցում՝ Կոլխոզաշենի օրվա շնորհավորանքների հետ մեկտեղ։

Լուսանկարները՝ «Մեր Կոլխոզաշեն» սոցիալական ցանցի էջից։

Ալվարդ Գրիգորյան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

Երևանում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Դեռ կան տարաձայնություններ․ Ալմաթիում բանակցությունները ավարտվեցին

2024 թվականի մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել  Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ”:

Փաստաբան Արսեն Բաբայան․ «Փոխգնդապետ Գրիգորյան, արցախցիներին էլ չզանգեք»

Հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու, Ձեր բնորոշմամբ, հակապետական միտինգներին մասնակցելու համար վարչություն չհրավիրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Քրեական ոստիկանությունից փոխգնդապետ Գրիգորյանին
Կարծում եմ մենք իրար չենք ճանաչում։

Հորդորում եմ արցախցիներին այլևս չզանգել ու, Ձեր բնորոշմամբ, հակապետական միտինգներին մասնակցելու համար վարչություն չհրավիրել։

Մենք իրական հակապետական մեկ երևույթ գիտենք, եթե որոշել եք հակապետականությամբ զբաղվել, ապա իրական երևույթով զբաղվեք։

Չանեք այլևս նման բան»։

Ինչպե՞ս հայտնվեցին ռուս զինվորականները Տավուշում և Սյունիքում. Փաշինյանը դեռ պետք է պատասխանի այս հարցին

Մայիսի 8-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի քանի շրջաններից։ Այս տեղեկությունը տարածել է հայ պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ հաստատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, «հայկական կողմի խնդրանքով» ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի հատվածներում։

Ռուս զինվորականներն ու սահմանապահները հայտնվել են Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում բացարձակապես առանց օրինական կամ պայմանագրային հիմքերի։ Պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի օրոք ռուսական զորքերը սկսեցին հայտնվել պայմանագրերով չընդգրկված Հայաստանի տարածքներում։

Հիշեցնենք, որ ռուս-հայկական պայմանավորվածությունների համաձայն՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը տեղակայված են բացառապես Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմանին, իսկ ռուս զինվորականները պետք է մշտական ​​տեղակայման վայրերում գտնվեն՝ 102-րդ բազայում Գյումրիում և Երևանի Էրեբունի օդանավակայանում։

Այսինքն՝ այլ վայրերում ռուսական զորքերը ապօրինի են գտնվում եւ՝ ըստ սահմանման օկուպացիոն ուժեր են։ Սակայն նրանց հետ կանչելու որոշումը չի նշանակում, որ նրանք ֆիզիկապես կլքեն այդ տարածքները։

Նիկոլ Փաշինյանը չասաց, որ զորքերը ապօրինի են եղել, պարզապես նշեց, որ իրավիճակ է փոխվել, և նրանց ներկայությունը տեղին չէ։ Եվ պետք է ենթադրել, որ այժմ խոսքը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին ռուսական զորքերի ու սահմանապահների ներկայությունն օրինականացնելու մասին է։ Սա կարող է լինել այն պայմանավորվածության մի մասը, որը Միրզոյանն ու Փաշինյանը այժմ բանակցում են Ալմաթիում։ Ալիեւը չի թաքցնում, որ գոհ կլինի ռուսական զորքերի առկայությունից, մասնավորապես, Մեղրիի ճանապարհին։

Եվ մինչ համաձայնություն չկա, Փաշինյանն ու Պուտինը ձևացնում են, թե Երևանը հասել է ռուսական զորքերի դուրսբերմանը, ինչը, ըստ երևույթին, պետք է միավորներ ավելացնի Փաշինյանին՝ Հայաստանում քաղաքացիական բողոքի ալիքի և համառ հարցադրումների պայմաններում։

Նիկոլ Փաշինյանը դեռ կներկայանա ազգային տրիբունալի առջև և կպատասխանի այն հարցերին, թե ինչ իրավունքով է միակողմանի որոշումներ կայացրել՝ կապված տարածքային ամբողջականության և ազգային շահերի հետ։ Այդ հարցերից մեկն էլ ռուսական զորքերին հայկական հողի վրա՝ Արցախում, Հայաստանի մարզերում գործելու ազատություն տալն է առանց որեւէ հիմքի։

Լեմկինի ինստիտուտը կոշտ քննադատել է Փաշինյանին

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Փաշինյանի հայտարարության ասպեկտներով, ինչպես նաև Փաշինյանի համախոհ Հովիկ Աղազարյանի տված վերջին հարցազրույցով, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը, ինչպես նաև ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճերով: Դրա մասին ասված է Լեմկինի ինստիտուտի՝ NEWS.am-ին փոխանցած հայտարարությունում:

Լեմկինի ինստիտուտը նաև նշել է.

«Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը պաշտոնական ոգեկոչման հայտարարություն է տարածել, որում, ըստ ամենայնի, զբաղված է ցեղասպանության զոհերի քննադատությամբ՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնելու Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար։

Փաշինյանի ակնհայտ համաձայնությունը թուրքական և ադրբեջանական նարատիվների առանցքային կետերի հետ, ինչպես նաև նրա ակնհայտ ընդունումն այդ երկրների պնդումների վերաբերյալ, թե Հայաստանը խոչընդոտ է Հարավային Կովկասում խաղաղության համար, հայ հասարակության շրջանում հաստատուն  բանավեճերի տեղիք է տվել: Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարության մեջ ամենաուշագրավը, թերեւս, ագրեսորների մասին որևէ հիշատակման բացակայությունն էր։ Փաշինյանը հայտարարեց, թե «…պետականություն չունեցող հայ ժողովուրդը դարեր առաջ կորցրել է իր պետականությունը և, փաստորեն, մոռանալով պետականության ավանդույթները,  աշխարհաքաղաքական խարդավանքների ու սուտ խոստումների զոհ դարձավ»։

Փաշինյանն այնուհետև անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակվող և բազմաշերտ պատմական ճնշումները։ Ավելին, Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության առաջնորդներին ցեղասպանության համար մեղադրելու փոխարեն, Փաշինյանն ուշադրությունը վերահղում է հայերին, մասնավորապես, ժամանակի քաղաքականությունն ընկալելու հայերի ակնհայտ անկարողությանը։ Ըստ երևույթին, նա նկատի ունի այդ ժամանակաշրջանում Ռուսական կայսրության և արևմտյան տերությունների գործողությունները, որոնք խոստացել էին պաշտպանել հայերին, բայց չկատարեցին խոստումը՝ իրավիճակն էլ ավելի  վատթարացնելով:

Փաշինյանի թեզերը միաժամանակ ձայնակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որն արդարացնում է այն։ Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Հայաստանի վարչապետն, ըստ էության, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ նսեմացնելով ճանաչմանն ուղղված բոլոր նախկին ջանքերը։ Բացի դրանից, դա կարող է զգալիորեն բարդացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու շարունակական աշխատանքը, ինչի համար պայքարում էին համաշխարհային հայկական սփյուռքը, ինչպես նաև ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող ուսումնասիրողներն ու ակտիվիստները:

Օսմանյան տիրապետության տակ հայերի ճնշող մեծամասնությունը ձգտում էր ոչ թե անջատման, այլ ապահովության և արդարության: Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։ Փաշինյանը կարծես փորձում է համոզել, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից միայն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի այժմյան զավթողամոլական ​​ծրագրերին։

Տագնապալի է, որ Փաշինյանի խոսքերը հնչեցին անմիջապես այն բանից հետո, երբ Հովիկ Ագազարյանը հարցազրույցում հայտարարեց, թե «քանի որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն… Մենք այն ժամանակ որպես պետություն գոյություն չունեինք, ուստի չենք կարող Թուրքիայից որևէ բան պահանջել… Ելնելով դրանից. ի՞նչ միջազգային չափանիշներ»:

Սա միայն օգնում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատմական պատասխանատվությունից։ Ավելին, այս նարատիվը կարող է թուլացնել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային ջանքերը՝ կասկածի տակ դնելով արդարության հասնելու իրավական հիմքերը: Չափազանց կարևոր է ընդունելը, որ այն ժամանակվա պետականության բացակայությունը չի նվազեցնում հայերի կարգավիճակը որպես ցեղասպանության զոհ կամ ժխտում նրանց նախնիների դեմ կատարված հանցագործությունների համար արդարադատություն փնտրելու հայերի իրավունքը:

Փաշինյանի խոսքերն արձագանքում են նաև արևմտյան քաղաքական շրջանակներում հաճախ հնչող հայտարարություններին, որոնք ենթադրում են, թե հայերը Թուրքիայից և Ադրբեջանից վախենալու ոչինչ չունեն։

Հատկանշական է, որ ընդամենը մեկ օր առաջ Էրդողանը, նկատի ունենալով Հայաստանը, հայտարարել էր, թե «միշտ ավելի լավ է գործել՝ հիմնվելով ժամանակի իրողությունների վրա, քան գործել իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմությունների հիման վրա։ Փաշինյանը սա արդեն հասկացել է»։

Փաշինյանն իր հայտարարությունը ավարտում է հերթական անհասկանալի խոսքով. «Այլևս երբեք. սա ոչ թե ուրիշներին պետք է ասենք, այլ ինքներս մեզ»։ Դժվար է այս նախադասությունն այլ կերպ մեկնաբանել, քան ասել, թե Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնած ցեղասպանությունը կանխելու պատասխանատվությունը կրում է հենց հայ ժողովրդը:

Նման ձևակերպումն ապագա ոճրագործությունները կանխելու բեռը գցում է ցեղասպանության զոհերի ուսերին, ինչն անարդար է:

Մտահոգիչ է նաև այն, որ հայտարարության մեջ ցեղասպանության կանխարգելմանն ու ճանաչմանն աջակցելուն և հռչակելուն ուղղված կոլեկտիվ և միջազգային գործողությունների կոչ հնչեցնելու մասին որևէ հիշատակում չկա:

Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարության վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները պետք է հասկանալ այս տարվա գարնանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների այլ առեղծվածային հայտարարությունների համատեքստում, որոնք էլ ավելի մտահոգիչ դարձրեցին Հայաստանի հողային զիջումները Ադրբեջանին։

Ապրիլի 16-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե Փաշինյանը ծրագրում է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ամբողջական ցուցակ՝ ցեղասպանության զոհերի մասին անհերքելի փաստաթղթեր ստեղծելու և ստուգելու համար, թե «որտեղ, ինչպես և ինչ պայմաններում են նրանք սպանվել»։ Քոչարյանն ընդգծել է այս ցուցակի կարևորությունը ապագա միջազգային հարաբերությունների համար՝ չբացառելով, որ առանց դրա «մյուս կողմը» (այսինքն՝ Թուրքիան) կարող է ժխտել ցեղասպանությունը։ Քննադատությունից հետո Քոչարյանն ավելի ուշ հրաժարվեց իր պնդումներից՝ հայտարարելով, թե Փաշինյանն իրականում ձեռնամուխ չի եղել նման ցուցակ կազմելուն և այդ թեման իշխող կուսակցության ներսում չի քննարկվել։

Հայ ցեղասպանագետները տագնապած էին այս հայտարարությունից, քանի որ Թուրքիան 1960-ականներից պահանջել էր նման ցուցակ կազմել՝ փորձելով ժխտել Հայոց ցեղասպանությունը։

«Ցեղասպանության ոճրաագործությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան չի նշում զոհերի կոնկրետ թիվը, որն անհրաժեշտ է արարքը ցեղասպանություն որակելու համար: Զոհերի թիվը չի փոխի Հայոց ցեղասպանության՝ ցեղասպանություն դասակարգվելու փաստը: Այսպիսով, բացառապես ցուցակ կազմելու վրա կենտրոնանալը տեսադաշտից բաց է թողնում ցեղասպանության բազմակողմանիությունը և դրա խոր հետևանքները:

Հատկանշական է, որ այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի կոշտ հայտարարություն արեց, քան Փաշինյանը։

Փաշինյանը պատասխանատու է Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար, քանի որ դրանք ոչ միայն վտանգում են այն ճանաչելու տքնաջան ջանքերը, այլև վտանգավոր նախադեպ են ստեղծում նման ոճրագործությունները կոծկելու համար՝ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտի պայմաններում, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։

Թեև վարչապետը իր հարևանների, ինչպես նաև արտաքին ուժերի հսկայական ճնշման տակ է, որպեսզի մեղմի իր դիրքորոշումը և միգուցե ընկրկի Հայաստանի թշնամական հարևանների պահանջների առաջ, սակայն մենք գիտենք, որ ցեղասպան պետություններին հանդարտեցնելու փորձերը գրեթե միշտ ապարդյուն են:

Վարչապետը պետք է զորավիգ լինի պատմական ճշմարտության ամբողջականությանը և ճանաչի ցեղասպանության լրջությունը՝ դրա կրկնությունը կանխելու և զոհերի արդարությունն ապահովելու համար՝ միաժամանակ պաշտպանվելով ապագա եղեռնագործություններից:

Սա իր հերթին ավելի կարևոր է դառնում Ադրբեջանի անհանգստացնող տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի դեմ շարունակվող ցեղասպանության քաղաքականության համատեքստում: Պատմական ճշմարտությունների հետ առերեսվել չցանկանալը միայն քաջալերում է նրանց, ովքեր ձգտում են ջնջել կամ խեղաթյուրել պատմությունն իրենց նպատակների համար: Ցեղասպանությունը համարվում է մարդկության ամենամութ ոճրագործություններից մեկը, և այն ռացիոնալացնելու, արդարացնելու կամ մաքրելու ցանկացած փորձ պետք է մերժվի։

Փաշինյանին կոչ ենք անում վերանայելու  իր հայտարարությունները և վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ արդարադատությունը վերականգնելու Հայոց ցեղասպանության հարցում։

Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան են սպառնում, որոնք շարունակում են ցեղասպան հայատյացություն քարոզել ամբողջ աշխարհում»։

Անվճար իրավաբանական օգնություն մարզաբնակ արցախցիներին

Նախաձեռնությունը պատկանում է «Հարմոնիա» ՀԿ-ին։ Արդեն մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Գառնիում, տեղի են ունեցել միջոցառումներ։ Առաջիկայում կազմակերպության իրավաբաններն ու անձնակազմը հանդիպումներ կանցկացնեն Փարաքար և Մասիս համայնքներում։

Կազմակերպության ղեկավար Ջուլիետա Առուստամյանի խոսքով, տեղ-տեղ շատ արցախցիներ են գալիս՝ 30-ից ավելի, իսկ որոշ տեղերում՝ տեղեկատվության պակասի պատճառով՝ 10-ից պակաս։

«Ցավոք, տեղում պետք է լինեն մարդիկ, ովքեր նախապես կբացատրեն մեր նախաձեռնության էությունն ու անհրաժեշտությունը։ Բայց մարդիկ շատ խնդիրներ ունեն, որոնք չգիտեն ինչպես լուծել։ Սա ներառում է բնակության վայրի հետ կապված փաստաթղթեր, ֆինանսական աջակցություն ստանալու հետ կապված խնդիրներ, վարկային պատմություն, աշխատանքային ստաժ և այլն»:

Առուստամյանը նաև ընդգծեց լեզվական խոչընդոտի գործոնը. «Շատ արցախցիներ կառավարության որոշումներում լավ չեն հասկանում պաշտոնական հայերենը, երբեմն պետք է բացատրել Ղարաբաղի բարբառով»։

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է.

1. Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների փաստաթղթավորում

2. Արցախից բռնի տեղահանված և առանձնապես խոցելի (սոցիալապես անապահով, գործազուրկ, հաշմանդամ, ուսանող, կանայք և այլն) կատեգորիային ընդգրկված անձանց իրավաբանական օգնություն պետական ​​մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ խնդիրների լուծման համար

3.Արցախահայության իրավունքների պաշտպանություն և շահերի ներկայացում Հայաստանի Հանրապետության պետական ​​մարմիններում

Իրավաբանական օգնություն ստանալու համար արցախցիները կարող են զանգահարել +374 10 540199 հեռախոսահամարով կամ գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։