Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, Նոր Արեշում հեղեղվել են տներ և փողոցներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 4-ին ժամը 00:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է․ ջրալցվել են հարակից տները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր մեկնած փրկարարական խումբը պարզել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։

Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։

Իրանը ցույց տվեց Բաքվի պատվիրակությանը իր մկանները

Այն ֆոնին, որ Բաքուն արդեն նախապատրաստում է ենթակառուցվածքը Մեղրիի միջանցքի ճեղքմանը՝ հայտարարելով, որ ստացել է Փաշինյանի համաձայնությունը, Իրանը ադրբեջանական պատվիրակությանը հրավիրել է իր 65-րդ հատուկ նշանակության օդադեսանտային բրիգադի (NOHED) բազա։ 

Նշվում է, որ ադրբեջանական պատվիրակությունը ծանոթացել է այս բրիգադի մարտական ​​հնարավորություններին ու պատրաստվածությանը։ «Ահաբեկչական խմբավորումներին հակազդելը և Արևմտյան Ասիայում բոլոր սպառնալիքներն ու տեղաշարժերը վերահսկելը 65-րդ բրիգադի մասնագիտություններից մեկն է»,- գրում է Mehr-ը։

Հասարակության ուշադրությունը Տավուշի վրա կենտրոնացնելը մի քանի խնդիր է լուծում՝ փլուզել ամրացված պաշտպանական գիծը և պատրաստել ցատկահարթակ Մեղրի ճանապարհի և Ջերմուկ-Երասխ-Երևան-Մարգարա միջանցքի ճեղքման համար։

Մի քանի օրից Փաշինյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կվարի ԵԱՏՄ խորհրդի նիստը։ Ապրիլի վերջին Ալիևն է այցելել Մոսկվա և Պուտինի հետ հիմնականում խոսել երկաթուղու մասին՝ չմոռանալով նշել Զանգեզուրի միջանցքը։

Իրանն առայժմ միակ ուժն է, որը դեմ է այս միջանցքին։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին վերջերս ասել է. «Հայաստանն Իրանի շնչուղին է դեպի հյուսիս և Սև ծով, իսկ Իրանը Հայաստանի համար շնչուղին է դեպի հարավ, դեպի Պարսից և Օմանի ծոցեր, դեպի Հնդկաստան»:

Նա կրկնել է, որ Իրանի համար անընդունելի են «աշխարհաքաղաքական սահմանները խախտելու» ռազմական փորձերը։

Թեհրանը հրավիրել է Բաքվի զինվորականներին՝ ցույց տալու, թե ինչպես է պայքարելու դրա դեմ։

“Փաստ”․ նորմալ է, որ Արցախի ղեկավարությունը հիմա Բաքվի զնդաններում է, գլխավորը, որ ռուսները մեղավոր չեն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն անդրադարձել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ որոշ մանրամասներ հրապարակելով Արցախի ղեկավարների պատանդառման մասին: Ի մասնավորի, նա նշել է, թե՝ այո, բոլորը եղել են բազայում: «Բայց որևէ մեկին ռուսական բազայից չեն տարել:

Նրանց համոզել են մնալ բազայում, չլքել այն: Կա վկա, գեներալ, Արցախի հերոս, որն ասել է՝ եթե գնացիք, հետ չեք դառնալու: Բայց ոչ, ինչ-որ մեկը նրանց համոզել է, գնացել են Ստեփանակերտ»,-ասել է Իսագուլ յանը՝ հավելելով, թե չի նշի այն մարդու անունը, որը նրանց տարել է: Ըստ Իսագուլյանի, 40-45 րոպե հետո եկել են ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հետևից: «Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունն ու աշխատակիցները Դավիթին ևս առաջարկում են չհեռանալ, մնալ բազայում, բայց վերջինս նույնպես գնացել է: Ճաշել են, բիլիարդ խաղացել: Եվ այնտեղից, ուր նրանք գնացել են, ձերբակալել են ու տարել»,-նշել է Գառնիկ Իսագուլ յանը: Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա, ըստ Իսագուլյանի, սա ավելի վատ պատմություն է: «Շահրամանյանը գիտի, զարմանում եմ, որ լռում է:

Արայիկն ուղղակի առևտուր է որոշել անել. ուզում էր գնալ և վաճառել գինու գործարանը, ռուսները նրան էլ են փորձել ետ պահել Ստեփանակերտ գնալու մտքից, հրաժարվել է, ասել՝ էնտեղ 10 միլիոն դոլարի կոնյակ կա, ու, երբ գնացել է գործարան, հենց էնտեղ իրեն կալանավորել են»,-ասել է Իսագուլ յանն ու հավելել՝ ի՞նչ կապ ունի այստեղ ռուսական ռազմաբազան: Ի դեպ, Իսագուլ յանի նշած անձի հետ կապված, որի անունը նա չի տվել, տարբերակներ են շրջանառվում, այդ թվում՝ Տելեգրամ ալիքներով: Ինչ վերաբերում է այն հարցին, թե, ի վերջո, ինչ է կատարվել այդ օրերին, գուցե թե այդ մասին մի օր պատմեն հենց ականատեսները»:

Փաստորեն Իսագուլյանի համար նորմալ է, որ Արցախի ղեկավարությունը հիմա Բաքվի զնդաններում է, գլխավորը, որ ռուսները մեղավոր չեն։

Սպասում են Տավուշի ռազմաճակատի կործանման արդյունքներին, որպեսզի ճեղքեն միջանցքը

Թուրքերն արդեն կառուցել են ամբողջ ենթակառուցվածքը, մրցույթ են հայտարարել, պնդում են, որ ստացել են Փաշինյանի համաձայնությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ և սպասում են Տավուշի ռազմաճակատի ամենապահովված հատվածի կործանման արդյունքներին, որպեսզի առանց ջանքերի ճեղքեն միջանցքը։

Կիրանց տանող ճանապարհը բացվել է

Մոտ ժամը 19։00-ի սահմաններում բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է, հայտնում է Ազատությունը։

Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։

Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 18:20-ին Կիրանցից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Սակայն, պայթյունի ձայներ չեն լսել ո՛չ տեղացիները, ո՛չ էլ ավելի հեռվում գտնվող լրագրողները։

Ամերիկացի կոնգրեսականը մեղադրվում է Բաքվի շահերի լոբբինգի մեջ

(Ռոյթերս) – ԱՄՆ կոնգրեսական Հենրի Կուելարը և նրա կինը մեղադրվում են երկու սխեմաներով մոտ 600,000 դոլար կաշառք ստանալու մեջ՝ ի օգուտ ադրբեջանական պետական ​​էներգետիկ ընկերությանը, Մեքսիկայում գտնվող անանուն բանկի միջոցով, վկայում են դատարանի փաստաթղթերը:
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ կաշառքները լվացվում էին կեղծ խորհրդատվական պայմանագրերի միջոցով կոնգրեսականի կնոջ՝ Իմելդա Կուելարին պատկանող ընկերությունների միջոցով, 2014 թվականի դեկտեմբերից մինչև առնվազն 2021 թվականի նոյեմբեր։

Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է

Step1.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

-Պարո՛ն Հարությունյան, Արցախի կարգավիճակի եւ քաղաքական հարցերը փակվե՞լ են, այսինքն՝ հնարավո՞ր է ուժի միջոցով հենց այսպես փակել Արցախի հարցը։

-Արցախի հարցը լուծված չէ, միջազգային իրավունքի բոլոր հայտնի նորմերի համաձայն՝ ուժով Արցախի հակամարտության կարգավորումը բացառված է։ Ավելին, միջազգային իրավունքն այս նորմն արձանագրել է այն ակնկալիքով, որ եթե որեւէ հակամարտություն փորձեն ուժով կարգավորել, դրանով իսկ ձեւավորվում է դանդաղ գործունեության ական հետագա բոլոր ժամանակների համար։ Դրա համար է, որ միջազգային իրավունքի նորմն արձանագրում է, որ կոնֆլիկտները, հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցային սեղանի շուրջ՝ համաձայնեցված որոշումների հանգելու նպատակով։

Արցախահայության նկատմամբ Ադրբեջանի իշխանութունները գործադրել են բիրտ ուժ, ոչ մի «հակաահաբեկչական գործողություն» նրանք չէին կարող իրականացնել, որովհետեւ Արցախի Հանրապետության կառավարությունը որեւէ պետության կողմից չի ճանաչվել որպես «ահաբեկչական կազմակերպություն»։ Այդ հանրապետությանը միջազգային ամենակարեւոր դերակատարները, օրինակ, ԱՄՆ, իրենց բյուջեից ֆինանսավորում էին տալիս։ Երբ Ադրբեջանը հայտարարում էր, որ նախորդ տարվա սեպտեմբերի 19-20-ի իր ռազմական գործողությունները «հակաահաբեկչական» էին, պետք է ենթադրել, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ ֆինանսավորել էր ահաբեկչական կազմակերպությանը կամ կառույցի՞ն։ Համաձայնեք, որ հիմարություն է սա։ Հետեւաբար, Ադրբեջանի քաղաքականությունը, ռազմական վայրագությունը, Արցախն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ պահելը ցեղասպանական գործողություն էր։ Ես նույնիսկ «էթնիկ զտում» բառակապակցությունը չեմ ուզում օգտագործել։ Հետեւաբար, այս իրողությունների ուժով Արցախյան համակարտությունը չի կարող կարգավորված համարվել, ով ուզում է ասի՝  հազար հատ Ալիեւ, երկու հազար հատ էլ Բլինքեն, այս հակամարտությունը կարգավորված չէ, վերջ։ Մենք պետք է սա արձանագրենք, ընդ որում, արձանագրենք նաեւ Հայաստանի այսօրվա իշխանությունների համար, որովհետեւ նրանք էլ դա չեն ուզում ընդունել։

Մենք ականատես եղանք մոտ 120 հազար արցախահայության բռնի տեղահանմանը։ Ո՞րն է ամենահրատապ խնդիրը՝ այդուհանդերձ, ամենահրատապ խնդիրն արցախահայությանն իր պատմական բնօրրան վերադարձնելու հարցն է։ Արդյոք մենք կարո՞ղ ենք ասել, որ այդկերպ կկարգավորենք կամ կլուծենք Արցախյան հակամարտությունը, իհարկե, ոչ։ Բայց եթե արցախահայն իր պատմական բնօրրանում չլինի, ապա կոնֆլիկտի կարգավորումն ընդհանրապես օրակարգից դուրս կմնա։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ արցախահայության ճակատագրի հետ կապված ամենահրատապ խնդիրն այսօր իր պատմական բնօրրանում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքի վերականգնումն է։ Դրանով զբաղվում են Վարդան Օսկանյանը եւ նրա հանձնախումբը, եւ ես կարծում եմ, որ հանրությունը՝ թե Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, պետք է սատար կանգնեն այդ նախաձեռնությանը։

-Արցախահայության վերադարձի համար ի՞նչ երաշխիքներ պետք է լինեն։

-Անշուշտ, միջազգային երաշխիքներ պետք է լինեն։ Ընդ որում, այդ երաշխիքները պետք է լինեն կայուն եւ անշրջելի։ Այսինքն՝ սա նշանակում է, որ արցախահայության վերադարձը իրենց պատմական բնօրրան, որը նրանց բնական իրավունքն է, պետք է նույնպես դառնա բանակցության առարկա, որովհետեւ վերադարձ նշանակում է, այո՛, պայմանավորվել միջազգային հիմնական խաղացողների հետ։ Իմ պատկերացմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարել է գործել, բայց կազմալուծված չէ։ Անվտանգության ոլորտում միջազգային ամենահեղինակավոր կառույցը՝ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությունը ստեղծել է Մինսկի խումբ, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատ ունի։ Եվ այդ մանդատը ոչ ոք դեռ չի դադարեցրել, չի վերացրել։ Ավելին, ես ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանը, թե՛ նաեւ Ֆրանսիան Հարավային Կովկասում իրենց ներկայացուցիչներին նշանակելիս, ի թիվս այլ տիտղոսների, վերջում գրում են՝ Մինսկի խմբում համանախագահող։ Այսինքն՝ երեք հիմնական խաղացողներն էլ շատ լավ հասկանում են, որ Մինսկի խմբի պատմական առաքելությունը դեռեւս պահպանվում է, խիստ պահանջարկված է։ Այլ հարց է, որ այսօր աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ֆոնին առաջին հայացքից թվում է, թե այդ հարցադրումն այլեւս պահանջարկված չէ։

Ես գտնում եմ, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս հենց Մինսկի խմբի համանախագահող երկրների քաղաքական ղեկավարների, վաղ թե ուշ արձանագրելու են, որ Արցախյան կոնֆլիկտը կարգավորված չէ, որովհետեւ բիրտ ուժի կիրառմամբ այն չէր կարող կարգավորվել։ Երկրորդ, արցահայությունն իր պատմական բնօրրանում անվտանգ ապրելու անվերապահ, անքակտելի բնական իրավունքով է օժտված։ Եվ, երրորդ, միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը։

Այս երեք հարցի  շուրջ հայտարարի գալու համար պետք է Հայաստանի իշխանությունները գործընթաց նախաձեռնեն։ Թվում է, թե ամենաշահագրգռված կողմը պետք է լինի հայ ժողովուրդը, իսկ միջազգային հարթակներում հայ ժողովրդի իրավունքներն ու հետաքրքրությունները ներկայացնում է այսօրվա գործող իշխանությունը։ Այսօր, իհարկե, շատ բարդ իրավիճակ է, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում Տավուշում, ինչ է տեղի ունենում ընդհանրապես 2020 թվականից հետո, թե ինչպես են ադրբեջանցիները մեր իշխանությունների անգործության կամ գործողությունների հետեւանքով գրավում բոլոր ռազմավարական դիրք ունեցող բարձունքները եւ ձեւավորում անշրջելի ու կործանարար սպառնալիքներ ՀՀ համար։ Սա իրողություն է, եւ այս իրողության ֆոնին կարծես թե արցախահայության խնդիրը մղվեց երկրորդ պլան։ Բայց ես կարծում եմ, որ Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական բնօրրանում ապրելու անվերապահ, անքակտելի իրավունքի իրացման խնդիրը պետք է դառնա նաեւ հայ հասարակության, հայ ժողովրդի օրակարգի լրջագույն խնդիրներից մեկը։

Մենք չենք կարող հաշտվել այս իրավիճակի հետ եւ չենք հաշտվի, անկախ նրանից, թե օրվա իշխանություններն ինչ են մտածում։ Ամեն ինչ անցողիկ է, վաղ թե ուշ այս բոլորն անցնելու է, վերջապես այս երկրում կձեւավորվեն իշխանություններ, որոնք իրականում կառաջնորդվեն մեր ժողովրդի անվտանգային շահերով։ Այդ ժամանակ այս հարցերը, որոնց մասին հիմա խոսում ենք, հնարավոր չի լինի մղել լուսանցք։

Ռոզա Հովհաննիսյան

Ի՞նչ է ասել Վ.Պուտինն իրականում Լեռնային Ղարաբաղի մասին

russia-artsakh.ru

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի «հայկական լրատվամիջոցներում տարածված այն թեզը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իբր Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանին պատկանելիությունը ճանաչել է դեռ 2020թ․», – ասաց.

«Ռուսաստանի ղեկավարության խոսքերն ու գործողությունները բացարձակապես անամոթաբար խեղաթյուրված են… 2020 թվականի նոյեմբերի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը վերադարձնում էր տարածքներ, որոնք համաշխարհային հանրությունը համարում էր ադրբեջանական տարածք։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել, և կողմերը պայմանավորվել են պահպանել ստատուս- քվոն» («ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի խոսքերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին», https://news.am/rus/news/819881.html)/):

Ի՞նչ է իրականում ասել ՌԴ նախագահ Վ.Պուտինը 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի մասին։ Մենք կտրամադրենք մեջբերումներ, այլ ոչ թե թեմայի վերափոխում, ինչպես արեց տիկին Զախարովան։

2020 թվականի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ ասաց. «Միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, բայց իրականում իրավիճակն ավելի բարդ է։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտությունը»  (https://www.kommersant.ru/doc/4617117):

2020 թվականի նոյեմբերի 22-ին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում (https://www.vesti.ru/article/2488891) Վլադիմիր Պուտինն ասել է. «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր տարածքները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»։

Չպատասխանելով այս հայտարարությանը միջազգային իրավունքի տեսանկյունից (սա առանձին քննարկման թեմա է) հարց տանք՝ արդյո՞ք Վ. Պուտինի բառերը չեն նշանակում, որ նա հակամարտությունը համարում էր սպառված։

Այդ դեպքում ինչո՞ւ Պուտինն առաջարկեց 2020 թվականին ռուս խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։

Այս հարցին անձամբ է պատասխանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը իր “Указ от 10 ноября 2020 г. № 695 «О мерах по поддержанию мира в Нагорном Карабахе» հրամանագրում։ Դրանում հստակ նշվում է խաղաղապահների տեղակայման նպատակը՝ «հրադադարը պահպանելու և Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը պահպանելու համար»։

Միևնույն ժամանակ, Դաշնության խորհուրդը որոշում ընդունեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս օգտագործելու մասին՝ քննարկելով Նախագահ Վ.Պուտինի դիմումը Դաշնության խորհրդին: Սենատին ուղղված ուղերձում ասվում էր.

«…Ադրբեջանական և հայկական կողմերի միջեւ հրադադարի և այլ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունները պահպանելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության զանգվածային մահերից և քաղաքացիական օբյեկտներին էական վնաս պատճառելուց խուսափելու նպատակով, ես որոշեցի. անհապաղ Լեռնային Ղարաբաղ ուղարկել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորախումբ…»:

Այս կետերը ռուս խաղաղապահների մանդատն էին։ Դրանք բոլորը խախտվել են Ադրբեջանի կողմից 2021-2023թթ. Ռուսաստանի Դաշնության ղեկավարության անգործության պատճառով։

Տիկին Զախարովան ևս մեկ անգամ կրկնեց, որ «Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը որպես դրա մաս, ԵՄ հովանու ներքո 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած գագաթնաժողովում» (https://news.am/rus/news). /819881.html):

Այս դիրքորոշումը նոր չէ։ Ինչպես գիտեք, դեռևս 2023 թվականի հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որում անշնորհքաբար փորձեց խուսափել պատասխանատվությունից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի համար. «Այս պայմաններում պատասխանատվությունը հայ բնակչության ճակատագրի համար Ղարաբաղում չպետք է տեղափոխվի երրորդ երկրների վրա։ Մենք պետք է անհապաղ սկսենք խաղաղության պայմանագրի նախապատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Մենք ելնում ենք նրանից, որ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները պետք է դառնան այս պայմանագրի անբաժանելի մասը…»  (https://news.am/rus/news/770705.html):

«ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ստացվում է, որ Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և այն, ինչ մտածում է ինքը՝ Լեռնային Ղարաբաղը, էական չէ։ Սա աղաղակող դիրքորոշում է։ Ինչ է՝ այնտեղ մարդիկ չե՞ն ապրում: Այնտեղ ապրում է 120 հազար մարդ, և նրանք ցանկանում են ապրել իրենց ձևով՝ իրենց ավանդույթներով, իրենց գաղափարներով։ Ստացվում է, որ նրանց պետք է վռնդել այնտեղից։ ՌԴ ԱԳՆ-ն ընդհանրապես չի անդրադառնում այս հարցին, թեև Ռուսաստանը պարտավորվել է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներ մտցնել, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը վերցնել իր պրոտեկտորատի տակ, և դրա համար մի քանի տարածքներ վերադարձվեցին Ադրբեջանին առանց կռվի։ Բայց այնտեղ պատերազմը կարող էր շարունակվել ամիսներ շարունակ ու հայտնի չէր, թե ինչով կավարտվի։ Հայերը գնացին զիջումների՝ որպեսզի Ռուսաստանը իր պաշտպանության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Եվ հիմա Ռուսաստանն ասում է՝ ինչո՞ւ եք տեղափոխում երրորդ երկրների վրա։ Մենք դրա հետ կապ չունենք»,- ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։ (https://news.am/rus/news/770970.html):

2023 թվականի սեպտեմբերի 12-ին, այսինքն՝ Արցախ Ալիևի բանդաների վերջին ներխուժումից մեկ շաբաթ առաջ, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը ասել է․ “Ադրբեջանի ղեկավարությունը մեզ միշտ ասել են, և դեռ ասում են, որ շահագրգռված չեն որևէ տեսակի էթնիկ զտումներով: Ավելին, ընդհակառակը, շահագրգռված են, որ այս գործընթացը մեղմ լինի»։

Այս կապակցությամբ քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը իրավացիորեն հարցրեց. «Նախագահ Պուտինի ելույթի այս վերջին դրույթը շատ երկիմաստ էր հնչում։ Պարզվում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարծես համաձայն է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ չանցկացնելուն, բայց մյուս կողմից՝ «շահագրգռված է ապահովել, որ այդ գործընթացը ընթանա մեղմորեն»։ Հարցն այն է, թե ի՞նչ գործընթաց։ Էթնիկ զտումների գործընթաց, բայց մե՞ղմ» («Ռուսաստանի ղեկավարությունը շփոթված է Լեռնային Ղարաբաղի հարցում», http://russia-rtsakh.ru/node/16409):

Ալիևի նացիստական ​​վարչակարգի սեպտեմբերյան ագրեսիայից արցախահայության դեմ, էթնիկ զտումներից և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր հազարամյա հայրենիքից բռնի գաղթից հետո ռուսաստանյան խաղաղապահ կոնտինգենտի առկայության նպատակահարմարության հարցը տարածաշրջանում դե ֆակտո փակվել է։

Կրեմլի անգործությունը Բաքվի ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի ժամանակ արմատապես փոխել է իրավիճակը տարածաշրջանում։ Ադրբեջանն ու Թուրքիան հաղթեցին, Ռուսաստանը պարտվեց. Ռուսաստանը երկու անգամ պարտվեց, քանի որ կորցրեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը, բայց չստացավ նոր իրական դաշնակիցներ՝ ի դեմս Բաքվի և Անկարայի։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ռուս զինվորականները զբաղեցրել են Նիգերի ամերիկյան բազան

«Ռուսական զորքերը մտել են Նիգերի մայրաքաղաք Նիամեյում գտնվող ամերիկյան ավիաբազա»,- հինգշաբթի Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։ Նրա խոսքով, խոսքը գնում է Ամանի Դիորի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայի մասին։ Ամերիկացի զինվորականները դեռևս մնում են նրա տարածքում։

Նախկինում ԱՄՆ-ը համաձայնել էր Նիգերից դուրս բերել իր ողջ ռազմական կոնտինգենտը, որը կազմում է ավելի քան 1000 մարդ: Ամերիկացի զինվորականները կարող են լքել Արևմտյան Աֆրիկայի երկիրը «առաջիկա ամիսներին», ըստ The New York Times-ի:

Ինչ եղավ Հայաստան ներխուժելու դեպքով հարուցված քրեական գործերի հետ․ հարց գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում չպատասխանեց հարցին, թե արդյոք դատախազությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է Հայաստան ներխուժման փաստերով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ գործեր հարուցելու ուղղությամբ։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց․ «Ադրբեջանի ռազմական ագրեսիաներից հետո մենք պարբերաբար լսում ենք դատախազության հաղորդումները, որ հարուցվել է քրեական գործ Հայաստան ներխուժելու դեպքով։ Բայց հետո չենք իմանում՝ այդ քրեական գործերն ի՞նչ ընթացք են ունենում, նույնիսկ գրավոր հարցումներին չենք ստացել պատասխան։ Ի՞նչ են տեղի ունենում այդ գործերով, ովքե՞ր են ներգրավվում որպես մեղադրյալներ, ո՞ւմ նկատմամբ է հայտարարվում հետախուզում, արդյոք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որեւէ կերպ ներգրավվա՞ծ է այդ գործերում»։

Թագուհի Թովմասյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարբերաբար հայտարարում է հայ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիների նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, բանտերում պահում է հայ գերիների։ Այնինչ, հայկական կողմը որեւէ հասցեական տեղեկատվություն չի տրամադրում հանրությանը։

Աննա Վարդապետյանն ասաց․ «Այս ձեւաչափով ձեզ չեմ կարող պատասխանել երկու պատճառով՝ եթե մենք սկսենք բացահայտ այստեղ ասել, թե ինչ ենք անում, շատ պրոցեսներ ուղղակի պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում այլեւս չենք կարող իրականացնել»: