«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ»,- հաղորդում է ԱԳՆ-ն։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը:
Այս տեղեկատվության մեջ բացակայում է “առանց նախապայմանների” ՀՀ ԱԳՆ ավանդական արտահայտությունը։ Հայաստանը երբեք նախապայման չի ունեցել, այն ունեցել է Թուրքիան՝ Հայաստանը պետք է հրաժարվի բոլոր իր իրավունքներից։ Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույցը վկայում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է կատարել այդ նախապայմանները։
Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Այս մասին հունիսի 5-ին ԱԺ-ում ասել է Արարատ Միրզոյանը։
Հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, շնորհավորել Կուրբան Բայրամի առթիվ։ “Առաջնորդներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ”,- ասված է ՀՀ կառավարության հաղորդման մեջ։
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանի և միջազգային օրակարգի վերջին զարգացումները, և հունիսի 21-ին Հայաստանը ճանաչել է Պաղեստինը, որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիայի հորդորմամբ։
Կա՞ն արդյոք այլ նախապայմաններ։ Թուրքիան չի թաքցնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր, և միայն դրանից հետո Թուրքիան պետք է մտածի հարաբերությունների կարգավորման մասին։
Բացի այդ, Էրդողանը մշտապես խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից հեռացնելու և այլ նախապայմանների մասին։
Ի միջայլոց նույն օրը Բաքու է ուղեվորվել “հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց”՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաեվը։
Բայրամովը նրա հետ հանդիպման շեշտել է, որ բանակցային գործընթացում «հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակվող պահանջներն են»։
ԱՄՆ Ատլանտյան խորհրդում երեկ տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի անդամ Էսմիրա Ջաֆարովան բացեց բոլոր նախապայմանները։
«ՀՀ Սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այն Ղարաբաղը ճանաչում է որպես Հայաստանի մաս։ Ադրբեջանն ասում է՝ լավ, եթե մենք պատրաստվում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ապա անհրաժեշտ է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, առնվազն այն դրույթը, որը տարածքային հավակնություններ է ներկայացնում Ադրբեջանին։ Ո՞րն է երաշխիքը, որ մենք Հայաստանի հետ ստորագրենք խաղաղության համաձայնագիրը և հաջորդը օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը չեղյալ չի համարի համաձայնագիրը՝ ասելով, որ այն հակասում է Սահմանադրությանը»,- ասաց նա։
Ջաֆարովան նշեց, որ Ադրբեջանը հասկանում է, որ Սահմանադրությունը փոխելը հեշտ չէ։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այս գարնանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունն անխուսափելի է, հայ հասարակությունը միասնական չէ այս հարցում։
Էսմիրա Ջաֆարովան նշեց, որ խաղաղության համաձայնագրի կնքման երկրորդ խոչընդոտը տրանսպորտային ուղիների և հաղորդակցությունների ապաարգելափակումն է, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Ըստ նրա՝ «միջանցք» եզրույթից խնդրի էությունը չի փոխվում, այն կարող է կոչվել «ճանապարհ» կամ կիրառվել այլ բառ, սակայն Հայաստանը 2020-ի եռակողմ համաձայնագրով պարտավորվել է երաշխավորել երկու ուղղություններով տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ» տեղաշարժը։
Ըստ նրա՝ մեկ այլ պատճառ է այն, որ Հայաստանը վերջերս բավական շատ սպառազինություններ է ձեռք բերում երրորդ կողմերից, մասնավորապես Հնդկաստանից և Ֆրանսիայից։
Կկատարի ՀՀ իշխանություններն այդ նախապայմանները, այսինքն՝ կստորագրի Հայաստանի լուծարման ակտը։
«Հրապարակ» թերթը գրում է, որ «ՔՊ-ի Հանքավանի ժողովի ժամանակ Փաշինյանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքո փորձում է կյանքի կոչել Ալիեւի հետ պայմանավորվածությունները»։ «Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսվի»,- գրում է թերթը։