Նոր ձեւաչափ․ քանի՞ կտոր կմնա Հայաստանից ճանապարհները բացելուց հետո

Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպանների, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան Х-ում՝ ընդգծելով, որ հենց սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան:

Հետաքրքիր ձեւաչափ է՝ ԱՄՆ, Հնդկաստան, Հայաստան, Ֆրանսիա, ԵՄ /լռելյալ նաեւ Իրանը/։ 9 ամիս առաջ, 2023 թ․ սեպտեմբերի 17-ին, ԱՄՆ մասնակցել է մեկ այլ ձեւաչափով հանդիպման՝ ԱՄՆ-Ռուսաստան-ԵՄ-Թուրքիա։ 2 օր անց Արցախի վրա հարձակում է տեղի ունեցել, այն օկուպացվել է, իսկ բնիկ բնակչությունը բռնի տեղահանվել։ Հայաստանի ողնաշարը կոտրվել է, հիմա կարելի է այլ ձեւաչափի մասին մտածել։  

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Օ Բրայանը, որը նորերս էր Հայաստանում, ասել է՝ ԱՄՆ դեռ չեն պարզել, տեղի ունեցածը գա՞ղթ էր, թե՞ էթնիկ զտում։ Նա ասել է, որ միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ տարածք, եւ նրանք գնահատական կտան, եւ դա զգուշացում էր Բաքվին։ Օ Բրայանը նաեւ պնդել է, որ շանս կա Միջին Ասիայից դեպի Միջերկրական ծով ճանապարհ բացել, հավանաբար՝ Հայաստանով։ Եւ որ Բաքուն պետք է հրաժարվի հավելյալ պահանջներից։ 

Իսկ դրանից հետո Հայաստան եկած Ռիչարդ Վերման “տեղական ժողովրդավարության” թեմայով համաժողովի է մասնակցել, նշելով տեղական իշխանությունների դերը՝ նաեւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով։ Դրանից հետո Փաշինյանը գնացել է Սյունիք եւ կոչ արել երիտասարդներին “տուրիստների հոսքին” պատրաստվել՝ ավելի ազատ հագնվել, կաֆեներ բացել։ 

Ճանապարհները հավանաբար կբացվեն, բայց Հայաստանից միայն “տեղական իշխանությունները” կմնան, քանի որ ճանապարհները կմասնատեն Հայաստանը եւ կդարձնեն “անկլավների երկիր”։     

Թատրոնի իրեք կռանը․ ցորցոտ ճյուր, 20 բաժակի համար՝ 3 հացի գումար

Նկարում Ստեփանակերտի «Թատրոնի իրեք կռանն» է:

Իմ մանկության տարիներին, երբ դեռ շրջօրյա ջրամատակարարում չկար Ստեփանակերտում, իսկ ջուրը միայն տալիս էին երեկոյան` ժամը 19:00, և բոլորը շտապում էին ջուր հավաքել, մենք` «թատրոնի թաղի» երեխաներս, պլաստմասե շշերով գնում էինք ջուր բերելու:

Ասում են, որ այն կառուցված էր Շուշիից բերված սրբատաշ քարերով: 2019 թվականին վերանորոգվել էր՝ քանդվող թատրոնի կողքին:

Ավագ սերունդները պատմում են, որ առաջին դպրոցի աշակերտները յուրաքանչյուրը տնից երեքական «մալիրովանի բիտոններ» էին վերցնում, ջուր հավաքում “իրեք կռանից” և այն վաճարում շուկայում` «Ցորցորտ ճյուր, սարին ճյուր, իրեք կռնին ճյուր» ձայնարկումներով: 20 բաժակի համար նրանք կարողանում էին 3 հացի գումար վաստակել, բայց նախընտրում էին գումարով գնալ «Օկտյաբր» կինոթատրոն՝ ֆիլմ դիտելու:

Քրիստինա Ալավերդյան

19 դարից եկած մի կրթօջախի պատմություն․ Կարմիր գյուղ, պատմականորեն Դռնավարզ

Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղը, պատմականորեն Դռնավարզ, դարերի պատնություն ունի, ինչի մասին փաստում են գյուղի պատմամշակութային ու հնագիտական հուշարձանները։ Երբ ինձ փորձում են համոզել, որ Արցախը Ադրբեջան է, ես ուզում եմ հարցնել, այդ ո՞նց է, որ 19-րդ դարում իմ հայրենի գյուղում բացված կրթօջախների մասին վկայություններ կան, բայց Ադրբեջանի մասին ոչ։ Չնայած չեմ բացառում, որ Արցախը Ադրբեջան համարողները արագ տեմպերով քարտեզ կտպեն, որտեղ 19-րդ դարում ցույց կտան Ադրբեջան պետություն։

Աղբյուրները վկայում են, որ մինչև 19-րդ դարի 70-ական թվականները Դռնավարզի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործել է դպրոց՝ 10 աշակերտով։ 1860-70-ական թթ. Արցախի թեմում բացված եկեղեցական ծխական և մասնավոր դպրոցների ցանկում հիշատակվում է Դռնավարզի նախակրթարանը, որն ուներ մեկ դասարան, 20 աշակերտ, մեկ ուսուցիչ:

Այդ մասին իր «Դռնավարզի զանգը» անտիպ գրքում նշել է նաև Սամվել Ղուկասյանը, ով 1935 թ-ից ուսուցչությամբ է զբաղվել Կարմիր գյուղում։ Ըստ Ս․ Ղուկասյանի անձնական արխիվային նյութերի, 1866-67 ուս․ տարում 20 երեխայի ընդգրկմամբ գործել է դպրոց, իսկ դռնավարզեցի Պետրոս Տեր-Մանվելյանը /ծնվ.1848թ., ապրել է 98 տարի/ վկայում է, որ 12 տարեկան հասակում սովորել է այդ դպրոցում, որի ուսուցիչը եղել է իր պապը՝ Պողոս Տեր-Մանվելյանը: Վերջինս կրթություն է ստացել Ամարասի հոգևոր դպրոցում, ձեռք բերել ժամանակի պահանջներին համապատասխան պատշաճ գիտելիքներ։

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ 1873թ. գյուղի հասարակությունը խնդրանքով դիմել է կաթողիկոսին՝ գյուղում ծխական դպրոց բացելու համար: 1874-1875 ուսումնական տարում գյուղի նորաբաց եկեղեցական ծխական դպրոցի երկու բաժանմունքներում սովորել են 55/56 աշակերտ, չորսը՝ անվճար: Արդեն 1887-1888 թթ. դպրոցն ուներ 57 աշակերտ և մեկ ուսուցիչ, իսկ 1892-93 ուստարում 59 աշակերտ և երկու ուսուցիչ: Դպրոցը կոչվում էր Ս.Պողոս-Պետրոսի անունով։ 1896 թ-ին Դռնավարզի դպրոցը նույնպես փակվել է հայկական դպրոցների դեմ իրականացվող քաղաքականության արդյունքում։

1906թ. վերաբացված դպրոցը գործել է արդեն երեք բաժանմունքով: 1908-09թթ. Արցախի թեմում գործող դպրոցների ցանկում հիշատակվում է Դռնավարզի միդասյա երկսեռ դպրոց, երեք դասարան, տղա՝ 28, աղջիկ՝ 33, վարժուհի մեկ: Դպրոցում դասավանդում էին կրոն, տոմարագիտություն, հայոց պատմություն, ռուսաց լեզու, մաթեմատիկա, երգեցողություն, վայելչագրություն։

1911-12թթ. Ղարաբաղի թեմի հայ ազգաբնակչության, հագևոր-վարչական, դպրոցական և կալվածական դրության մասին համառոտ տեղեկագրի համաձայն Դռնավարզը մտնում էր Վարանդայի Գ մասի գործակալության մեջ, ուներ եկեղեցական միդասյան դպրոց, որը պահվում էր թոշակով, մասամբ՝ հասարակական տուրքով։

Ուշագրավ է այն փաստը, որ Բաքվի Հայոց Կուլտուրական Միության կրթական սեկցիան նիստերից մեկում որոշում է 1912-1913 ուստարվանից Վարանդայի հինգ գյուղերում, այդ թվում և Դռնավարզում, հինգամյա դասընթացով կենտրոնական դպրոցներ բացել, որտեղ շրջակա գյուղերի միդասյան դպրոցների սաները պիտի շարունակեն իրենց ուսումը: Դռնավարզցիները առանձնակի ուրախությամբ են ընդունում լուրը և որոշում են կառուցել դպրոցական նոր շենք, քանի որ դպրոցի համար շենք չկար։ Այդ նպատակով ընդհանուր ժողով են հրավիրում՝ կամենալով դիմել օտար վայրերում ապրող հարուստ դռնավարզցիներին, խնդրել օգնություն, հուսալով, որ «չեն խնայի նրանք իրենց լուման ձգելու այս հանրաշահ հիմնարկության աղքատիկ գանձարանի մեջ»։

Բայց շուտով հայ ժողովրդին, նաև՝ արցախյան հատվածին պատուհասում է առաջին Աշխարհամարտը, նախաձեռնված դպրոցաշինության գործընթացը մնում է անավարտ: Դպրոցի շենքի կառուցումն ավարտվել է 1932 թվականին, որը շահագործվել է մինչև 2023 թվականը, մինչև Ադրբեջանի կողմից գյուղի բռնազավթումը։

Արմինե Հայրապետյան

Մեծ Թաղլարից Գարիկ Ոսկանյանը իր փոքրիկ բիզնեսն ունի Հայաստանում

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախից բռնի տեղահանված Գարիկ Ոսկանյանը Հայաստանում է շարունակում իր բիզնես ծրագրերը․ «Արատտա» խնձորի քացախն արդեն արտադրվում է Հայաստանում։

Գարիկ Ոսկանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղից։ «Հադրութում ինչո՞վ էին զբաղվում» հարցին պատասխանում է, որ տարբեր բիզնեսներ ուներ՝ զբաղվում էին քացախի, գինու, օղու արտադրությամբ ու զբոսաշրջիկների էին հյուրընկալում։

Հայաստանում Ոսկանյանի բիզնեսին աջակցություն է ցուցաբերվել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia» ծրագրի շրջանակներում։

Մասնավորապես, ծրագրի հատկացրած գումարով սարքավորումներ ու հումք են ձեռք բերել։ Արտադրությունը առայժմ տնային պայմաններում է, իսկ աշխատակիցները ընտանիքի անդամներն են։ Գարիկ Ոսկանյանն ասում է, որ արտադրության ծավալները դեռ մեծ չեն, իսկ իրացումը ծանոթների ու փոքր խանութների միջոցով է հիմնականում իրականացնում։ «Մի քանի ամսվա ընթացքում արտադրել ենք 200 շիշ, եւ ամբողջը սպառվել է։ Տարածքի խնդիր ունենք, վաճառքի հարցում առայժմ դեռ դժվարանում ենք, քանի որ շատ ծանոթներ չունենք։ Որակը երաշխավորում ենք, իմ ծանոթները, ովքեր մեզանից ապրանք են վերցնում, ինձ ասում են՝ եթե որեւէ մեկը ձեր քացախը վերցնի, հաջորդ անգամ միշտ ձեզանից կվերցնի, որովհետեւ որակն ավելի բարձր է»,- ասում է նա։

«Հետագա ի՞նչ պլաններ ունեն» հարցին Գարիկ Ոսկանյանը պատասխանում է, որ տարածքի հարցը լուծելուց հետո տնային պայմաններից անցնելու են գործարանային արտադրության․ «Բիզնեսը կողքից ավելի կզարգացնենք, ուրիշ ծրագրեր էլ կան, թեկուզ հենց տուրիստական ուղղությամբ։ Իհարկե, Արցախում մեզ համար ավելի հեշտ էր, այնտեղ արդեն հարմարվել էինք, աստիճանաբար զարգացնելով մեր բիզնեսը՝ առաջ ենք գնացել։ Այստեղ մի քիչ դժվարանում ենք, նոր միջավայր է, բայց ինձ թվում է՝ ընթացքում բոլոր խնդիրները կհարթվեն»։

Անդրադառնալով բռնի տեղահանությանը, Գարիկ Ոսկանյանն ասում է․ «Մենք մտածում էինք, որ պետք է վերադառնայինք տուն, չէինք մտածում, որ կարող ենք դուրս գալ ու հայտնվել այստեղ։ 2020 թ․ պատերազմի վերջին օրը, երբ սկսեցին մեր գյուղը ռմբակոծել, ես ընտանիքիս տեղափոխեցի Ստեփանակերտ, որպեսզի հետ դառնայի գյուղ, բայց արդեն հետ դառնալու հնարավորություն չկար, թուրքերը մտել էին գյուղ»։

Ինչպես շատ արցախցիներ, Գարիկ Ոսկանյանի ընտանիքը նույնպես չի կորցրել Արցախ վերադառնալու հույսը։ «Մենք այդ հույսով ենք ապրում։ Երեւի միայն դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում պետք է լինի, որ վերադառնանք։ Կուզեի վերադարձի դեպքում անկախ լինեինք ու վստահ, որ կարողանալու ենք մեր ընտանիքները տեղափոխել Արցախ, մեր գործունեությունը շարունակել։ Այսինքն՝ ոչ Ադրբեջանի տիրապետության տակ»,- հավելեց նա։

Գարիկ Ոսկանյանը հստակ որոշել է՝ Հայաստանից չի արտագաղթելու․ «Արցախից մարդիկ կան, որ տեղափոխվում են Ռուսաստան, տարբեր երկրներ։ Ես 2-3 ամսով փորձեցի աշխատել, չկարողացա Ռուսաստանում աշխատել, եկա գործունեությունս այստեղ սկսեցի։ Բայց մեր ծանոթների շրջանում հոսք կա, ես ափսոսում եմ, որ երիտասարդներն են շատ գնում»։

Արտագաղթի հիմնական պատճառը, նրա խոսքով, բնակարանային խնդիրներն են, Հայաստանում տան վարձերը շատ թանկ են, իսկ աշխատանք ոչ բոլոր արցախցիներն ունեն։ ՀՀ կառավարության բնակապահովման աջակցության ծրագիրը, Գարիկ Ոսկանյանի խոսքով, չի լուծելու արցախցիների խնդիրները և  արտագաղթի ալիքը կմեծանա։

Ռոզա Հովհաննիսյան

Վրթանես սրբազան․ Արցախի իշխանությունը վտարանդի է, կա’մ անգործ, բայց ինքն է այդ ժողովրդի պատասխանատուն

Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է արցախցիների հետ

Հունիսի 19-ին Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը Սուրբ Երրորդություն եկեղեցու ներքնասրահում հանդիպում է կազակերպել արցախցիերի հետ: Տերունական աղոթքից հետո եպիսկոպոսն անդրադարձել է արցախցիներին հուզող մի շարք հարցերի` հորդորելով մի կողմ թողնել կենցաղային, սոցիալական խնդիրները և չլքել հայրենիքը, չարտագաղթել, երկրորդ անգամ չվտանգել Արցախի հարցը:

«Արցախն այդ մեծ հայրենիքի մի սենյակն էր և ցավալի է նշել, թե ինչքան արցախցիներ են հիմա արտերկրում: Հորդորում եմ զերծ մնալ բոլոր տեսակի տարանջատումներից, բաժանումներից, վեճերից և արցախցու պատիվը բարձր պահել: Արցախի թեմը շարունակելու է իր գործառույթները համապատասխան այն կարգադրություններին, որոնք տալիս է Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը»,-ասել է նա:

«Չամաչեք ձեր բարբառից, չամաչեք ասել, որ դուք արցախցիներ եք: Այն ամենը, ինչ դուք սովորել եք Արցախում, ինչ վերցրել եք Արցախից, կարող եք փոխանցել ձեր հարևաններին, մտերիմներին, դա նույնպես մշակույթ է»,-պատգամ հղեց նա `նշելով, որ մենք պետք է մշտապես արթուն պահենք Արցախի հարցը:

Եպիսկոպոսն իր խոսքում նշել է, որ Արցախի թեման փակված չէ. «Անշուշտ, մեխանիզմների մասին չեմ կարող խոսել: Զուտ կարող եմ խոսել որպես հոգևորական, որպես մարդ, որպես արցախցի, արդարություն հասկացողության վերաբերյալ: Արցախցին պիտի վերադառնա իր պապենական տունը: Մնացած գործառույթները համապատասխան միջազգային կառույցների գործառույթներն են, ես չեմ կարող դրանց բանաձևումները տալ: Ես միայն ասացի, որ արդարության վերականգնումը  սրբազան վերականգնում է, դա արդարության նժարն է, քանի որ մեզ բռնի են տեղահանել: Արցախի իշխանությունը պետք է նույն ձևաչափով իր մտահոգությունը հայտնի այդ ուղղությամբ: Այսօր այդ իշխանությունը վտարանդի է, կա’մ կիսագործունյա, կա’մ անգործ, բայց այսօր ինքն է այդ ժողովրդի պատասխանատուն: Մեր ցանկությունը միայն այն է, որ մեր ժողովուրդը լինի անվտանգ, չապրի Ադրբեջանի կազմում»:

Վրթանես Աբրահամյանն անդրադարձել է նաև Սրբազան շարժմանը. «Երբ մեր հոգևորականները տարբեր մարտերի են մասնակցել, իշխանությունը երբեք չի ասել, թե ինչու է եկեղեցին մասնակցում ռազմական գործողություններին: Չէին նշում, որ դրանով բարձրանում է եկեղեցու հեղինակությունը: Այս ամենի ժամանակ կառավարությունը լուռ էր: Չէին բարձրաձայնում այն կարևոր առաքելությունը, որ իրականացնում էր եկեղեցին: Եկեղեցին իր առաքելության մեջ է, չի շեղվել, մշտապես կանգնած է պետականության կողքին և աղոթում է պետականաշինության համար»:

Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ է նշանակվել պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նշել է, որ  հուլիս ամսից գրասենյակը զբաղվելու է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանմամբ.«Մենք ամեն օր սոցիալական ցանցերում տեսնում ենք Արցախի տարբեր եկեղեցիների, հուշարձանների, խաչքարերի, ենթակառուցվածքների ոչնչացում: Դա արվում է մեր անցյալը ջնջելու համար: Մենք պետք է բարձրաձայնենք այդ խնդիրները»:

Հանդիպման վերջում արցախցիները լրացրին հարցաթերթիկներ, որոնք կփոխանցվեն պատկան մարմիններին և միջազգային կառույցներին:

Տաթև Ազիզյան

Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել

Ազատություն

Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի շարունակվող պահանջի ֆոնին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել։

Մինչ այս որոշումը դեռ 2022-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծ։ Հայեցակարգի նախնական տարբերակն այս տարվա հունվարին ուղարկել էին կառավարություն։ Հիմա Փաշինյանը հանձնարարում է մշակել նոր Սահմանադրություն։ Որոշման մեջ հստակ նշված է «Սահմանադրության փոփոխությունների» փոխարեն գրել «նոր Սահմանադրություն» ձևակերպումը։

Հայաստանի մայր օրենքը փոխելու ուղիղ պահանջ այսօր էլ է հնչել Բաքվից, դա համարում են խաղաղության պայմանագրի կնքման գլխավոր պայմանը։ Բաքուն տարածքային պահանջ է տեսնում Հայաստանի սահմանադրությունում հիշատակված Անկախության հռչակագրում, որտեղ Հայաստանի ու Արցախի միավորման մասին հիշատակում կա։

Կիրանցի բնակիչներին համոզում են հրաժարվել գույքային եւ այլ պահանջներից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Կիրանցի բնակիչներին տրվող փոխհատուցման հարցին։

«Այն մարդիկ, որոնք փոխհատուցումից հրաժարվել են եւ ունեն կադաստրի վկայականներ, այդ մարդիկ հրաժարվում են իրենց գույքը վաճառել։ Այս ընթացքում մի քանի անգամ տարբեր գումարներ են առաջարկել այդ մարդկանց, եւ մարդիկ հրաժարվում են։ Այդ դիմումը, որ պարտադրում են գրել, ասում են՝ դուք պիտի հրաժարվեք գույքային եւ այլ պահանջներից։ Այլ պահանջները չգիտենք՝ որն է։ Կառավարությունը որոշում է կայացրել, որով կիրանցիները պիտի խնդրանքով դիմեն մարզպետարանին, խնդրեն, որպեսզի իրենց վկայականները համարեն առոչինչ։ Եվ մարդիկ նաեւ օբյեկտիվորեն մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա։ Այսինքն՝ վաղը, մյուս օրը դատական հայցեր կամ գործընթաց սկսելիս այս իշխանություններն ասելու են՝ բա դո՞ւք չէիք այդ խնդրանքով դիմել, որ այդ կադաստրի վկայականները համարվեն առոչինչ։ Այսինքն՝ պատասխանատվությունն ամբողջությամբ տեղափոխում են գյուղացիների դաշտ»,- ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը հավելեց․ «Շատ ավելի անբարոյական ձեւով են գործում, ասում են՝ եթե հիմա այդ փոխհատուցումից չօգտվեք, վաղը, մյուս օրը այդ գումարները ձեզ չենք տալու։ Այսինքն՝ շանտաժի մեթոդ են կիրառում մարդկանց նկատմամբ, կարճ՝ մի քանի օր ժամանակ են տվել, որ՝ եթե չօգտվեք, վաղը այդ գումարները չի լինելու։ Եվ մարդկանց օրինական կադաստրի վկայականներով տարածքներն իրենք հանձնում են Ադրբեջանին»։

Ըստ նրա՝ մարդիկ կադաստրի վկայականները տարբեր ժամանակներին են ստացել, կան նաեւ վկայականներ, որ 2020 թվականից հետո են տրվել․ «Դա էլ չեն կարող գցել նախկինների վրա, թե նախկինները սխալ են արել, որ վկայական են տվել, այսինքն՝ իրենց օրոք տրվել են վկայականներ։ Ուղղակի մարդկանց նվաստացնում են, որ խնդրեն իրենց տարածքները հանձնել Ադրբեջանին»։

Նա ասաց, որ ավելի քան 50 վկայականներ կան իրենց ձեռքի տակ, որ այդ տարածքները հանձնվում են Ադրբեջանին։ «Մենք իրավական գործընթաց ենք նախաձեռնում, նաեւ դիմել ենք իրավաբաններին, Թաթոյան հիմնադրամին, մեզ հավատացրել են, որ իրենք իրավունք չունեն շանտաժի մեթոդով մարդկանց վկայականները վերցնել։ Դա անօրինական է»,- հավելեց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն էլ հավելեց, որ Կիրանցի ժողովրդի մի մասն այնքան արժանապատվություն ունի, որ մերժել են այդ փոխհատուցումը։ «Եվ ի՞նչ գումարներ են առաջարկում՝ մի հատ փոքրիկ տնակի համար, որ դրված էր ոլորանի վրա, որը գյուղ էր մտնում, այդ փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել։ Մնացածը հսկայական թվեր, էդ փոքրիկ տնակի համար ո՞ւմ գումարն եք առաջարկում։ Մարդն ասել է՝ էս տնակը, դոմիկ կոչվածը 1000 դոլար հազիվ արժենա, դուք ինչո՞ւ եք ինձ 50 հազար դոլար առաջարկում։ Այդքան արժանապատվություն ունի այդ մարդը, հասկանո՞ւմ եք։ Այսինքն՝ կաշառք են տալիս, բառիս բուն իմաստով։ Բա սա առերեւույթ նյութապես շահագրգռելու հոդված չէ, թե՞ իրենց չի վերաբերում։ Այդ որտեղի՞ց են այդ գումարները, պետական բյուջեից են տրամադրելու, հա՞»,- ասաց Բագրատ սրբազանը։

Արցախցիներ․ Արուս Ադամյան

Երբ աշխարհը խոսում է լեռների, գեղեցիկ տեսարանների, կանաչ անտառների մասին, եվրոպացիներից շատերը մտածում են Շվեյցարիայի և Իտալիայի մասին։ Կան, սակայն, գաղտնի վայրեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, բայց ոչնչով չեն զիջում։ Այսպիսին է եղել Արցախը միշտ՝ վայրի լեռներ, անարատ գեղեցկությունն ու ամենաթարմ օդ, աղբյուրների ջուրն ու անտառների անծայրածիր կանաչը։ Ճանաչեցի՞նք մեր հողը և կարողացա՞նք վայելել այն։ Կա՞ր այլ երկրներ ճանապարհորդելու և մեր՝ այլ մշակույթների միջոցով ճանաչելու մշակույթ:

Արուս Ադամյանը Արցախում ավելի քան տասնհինգ տարի է, ինչ զբաղվում էր արտաքին և ներքին զբոսաշրջությամբ։ Նա ստեղծել է իր գործակալությունը, որն օգնել է մարդկանց ճանաչել իրենց երկիրը և ճանապարհորդել աշխարհով մեկ:

Կորոնավիրուսից առաջ նա ավելի շատ զբաղվում էր արտաքին զբոսաշրջությամբ և նշում, որ վերջին տարիներին մարդկանց մոտ աշխարհը ուսումնասիրելու ցանկություն է արթնացել։ Իհարկե, խոսքը ոչ միայն ցանկության, այլ նաև հնարավորությունների մասին է: Մինչև 2020 թվականի պատերազմը Արցախում կյանքի որակը զգալիորեն բարձրացել էր. ինչպես Մասլոուի բուրգում, երբ մարդկանց հիմնական կարիքները բավարարվում են, նրանք բարձրանում են հաջորդ մակարդակ: «Ես նկատել եմ, որ շատերը նախընտրում են ավելի քիչ հագուստ կամ այլ իրեր գնել՝ փոխարենը գումար խնայելով այլ հաճույքների, օրինակ՝ ճանապարհորդության համար։ Իսկ աշխարհը բաց էր մեր առջեւ, գներն ավելի մատչելի դարձան։ Այն ժամանակ շատերն էին որոշում ճամբորդել։ Մենք սկսեցինք մոտակա երկրներից, օրինակ՝ Վրաստանից: Հետո ընդլայնեցինք քարտեզը և կազմակերպեցինք շրջագայություններ դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա: Մշակույթ առաջացավ, և կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ էր ընթանում»,- կիսվում է Արուսը։

Կորոնավիրուսը փակեց բոլոր սահմանները, և ամբողջ աշխարհը շրջափակման մեջ հայտնվեց։ Այդ ժամանակաշրջանում Արուսը և նրա Varanda Travel գործակալությունը սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին զբոսաշրջությանը։

«Իրականում բոլորը բողոքում են Covid-ից, բայց ես ինչ-որ կերպ նույնիսկ շնորհակալ եմ, որ դա մեզ հնարավորություն տվեց հայտնվել փակ տարածքում և ճանաչել մեր հայրենիքը։ 90-ականներին քչերն էին ծանոթ իրենց երկրին, օրինակ՝ Մարտունու շրջանի բնակիչները գիտեին իրենց շրջանի պատմամշակութային հուշարձանների մասին, բայց ավելի քիչ գիտեին Հադրութի մասին. Covid-ի ժամանակ մարդիկ սկսեցին ճանաչել իրենց հայրենիքը»,- ասում է Արուսը։

2020 թվականի սեպտեմբերին «Վարանդա Թրավել»-ը կազմակերպել է շրջագայություն դեպի Տաթև։ Առավոտյան չորս ավտոբուսներից բաղկացած մեծ խմբով ճանապարհ ընկան։ Ավտոբուսներից մեկում դպրոցականներ են եղել. Մի պահ, երբ Արուսը տեսավ, որ դպրոցական ավտոբուսը կայանված է, մոտեցավ՝ հարցնելու, թե ինչու են կանգնել ու տեսել, որ ավտոբուսը դատարկ է։ Միայն որոշ ժամանակ անց նա նկատել է, որ վարորդը երեխաներին դուրս է բերել մեքենայից, փոս գտել ու այնտեղ տեղավորել՝ նրանց պաշտպանելու համար։ Պարզվեց՝ պատերազմ է։ Ճամփորդությունը, իհարկե, ընդհատվեց, Արուսն ու ամուսինը երեխաներին տարան տներով։

«Կորոնավիրուսի ժամանակ մենք տեսանք, թե ինչն է մերը, իմացանք, թե պատմության որ շրջանում ենք դա ստացել։ Իսկ երբ գիտես, ավելի շատ ես գնահատում: Պատերազմից հետո չէի մտածում, որ կշարունակեմ գործս, քանի որ չէի պատկերացնում, որ որևէ մեկը կցանկանա հանգստանալ։ Իսկ ներքին զբոսաշրջությունն այն ժամանակ բոլորովին աներևակայելի էր թվում, քանի որ չգիտեինք, թե որտեղ են ավարտվում մեր սահմանները։ Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, որ շարունակեցի: Դեկտեմբերի 15-ին վերադարձա աշխատանքի։ Եվ պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր պետք է ամուսնանային այդ ամիսներին՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, որոշել են հարսանիքի փոխարեն ճամփորդության գնալ։ Հարսանիք ոչ ոք չէր ուզում, տղամարդիկ պատերազմից հետո սթրեսի մեջ էին, այնքան բանի միջով էին անցել, և մեկ շաբաթ հանգիստը շատ օգտակար էր նրանց համար։ Այսպես շարունակվեց իմ աշխատանքը, և ես ուրախ եմ, որ կարողացա գոնե մի փոքր օգտակար լինել իմ հայրենակիցներին»,- ասում է Արուսը։

Պատերազմից հետո նոր խնդիրներ առաջացան՝ անվտանգություն։ Արուսի համար շատ կարևոր էր իր կազմակերպած տուրերի ընթացքում մարդկանց անվտանգությունն ապահովելը, բայց այն ժամանակ դա շատ մեծ խնդիր էր։ Այնուամենայնիվ, նա կազմակերպեց մի քանի միջոցառումներ և փորձեց օգնել մարդկանց հանգստանալ և բուժվել պատերազմի սթրեսից բնության և հայրենիքի գրկում:

Հետո սկսվեց շրջափակումը։ Քանի որ վառելիք չկար, մեքենաների հարցն անմիջապես հանվեց օրակարգից։ Նրանք մտածում էին արշավի մասին, բայց եթե ճանապարհին ինչ-որ մեկը հիվանդանար, ինչպե՞ս կարող էին օգնել: Նրանք նաև փորձում էին խնայողաբար օգտագործել ամեն ինչ և չէին ցանկանում պատճառ ստեղծել առկա վառելիքը շտապ օգնության համար օգտագործելու համար։

«Շրջափակման ժամանակ միայն մեկ անգամ ենք էքսկուրսիա կազմակերպել։ Մենք կապ հաստատեցինք տրանսպորտային կազմակերպությունների հետ, նրանք մի քիչ վառելիք ունեին եւ համաձայնեցին։ Մարտի 5-ն էր։ Երկու ժամ քշելուց հետո ողբերգական լուր լսեցինք, որ մեր ոստիկանների նկատմամբ դիվերսիա է իրականացվել, և 3 հոգի սպանվել են։ Պատկերացրեք՝ մի  խումբ տխուր քայլող մարդիկ: Սա իմ առաջին ճամփորդությունն էր, երբ ասացի՝ եկեք արագ նայենք և հետ գնանք։ Բնականաբար, ոչ ոք տրամադրություն չուներ։ Մենք դեռ մտածում էինք, դեպքը եղել է անտառում, և մենք էլ այն ժամանակ անտառում էինք, ո՞վ կարող էր երաշխավորել, որ ադրբեջանցիները դուրս չեն գա անտառից և չեն հարձակվի մեզ վրա։ Այսպիսով, մենք արագ վերադարձանք, և դա մեր վերջին շրջագայությունն էր: Դրանից հետո սպառվեց և՛ վառելիքը, և՛ սնունդը, և սկսվեց գոյաբանական պայքարը»,- ասում է նա։

Արուսը կորցրել է ամուսնուն գազալցակայանի պայթյունից. նա երկար փնտրել է նրան, բայց նոյեմբերին զանգահարել են և ասել, որ ԴՆԹ-ն համընկնում է։ Երկար ժամանակ նա չէր կարողանում ուշքի գալ։ Հետո ուժերը հավաքեց մի բռունցքի մեջ և շարունակեց ապրել հանուն իր երեխայի։ Այսօր նրա գործակալությունը շարունակում է գոյություն ունենալ՝ չնայած խնդիրներին, և ամեն օր նա ուժ է գտնում հանգիստ կազմակերպելու այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։

Անժելիկա ԶԱԽԱՐՅԱՆ

Նյութը պատրաստվել է «Ստեփանակերտ» մեդիաակումբի նախագծի շրջանակներում

Մշակութային կյանք․ Երթուղայինի վարորդը կիթառով հարվածել է ուղևորի գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հաղորդել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 45-ամյա Արծրուն Ա․-ն, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Րաֆֆու փողոցում 35 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կիթառով գլխին հարվածելու հետևանքով և, հրաժարվելով բուժօգնությունից, հեռացել է:

Փաշինյանի «պարադոքսը՝ ուզում էի՞ք, որ արցախցի զինվորականները դիմադրեի՞ն, թե՞ «խաղաղ» զոհվեին. Ինչո՞ւ պետք է գեներալները «փտեն» բանտում

Ստեփանակերտի օդանավակայան, 19-21 սեպտեմբերի, 2023թ. Լուսանկարը՝ Ալվարդ Գրիգորյանի

Խորհրդարանի բարձր ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրեց արցախցի գեներալներին դասալքության մեջ՝ ասելով, որ «վախկոտ դավաճանները պետք է բանտում փտեն մինչև իրենց օրերի վերջը»։

Միևնույն ժամանակ, Փաշինյանը մեղադրում է Արցախի ղեկավարությանը Բաքվի հետ բանակցությունների իր «պլանը» չընդունելու մեջ, որը թույլ կտար հայերին մնալ Արցախում «առանց դիմադրության» և ռազմական բախման։ Նա մեղադրում է Արցախի նոր իշխանությանը, որ մարդկանց ստիպել են լքել տները, որ գան Երեւանում իշխանություն փոխեն։ Եվ քանի որ Արցախում մարդ չկա, Արցախի կարգավիճակը հիմա իբր չի քննարկվում։

Այս պարադոքսը չտեղեկացված մարդու համար դժվար է ընկալել, բայց մի երկու պարզ հարցով կարելի է պարզաբանել, թե ինչ է առաջարկել Փաշինյանը Արցախին, ում են դավաճանել արցախցի գեներալները, ինչու են մարդիկ լքել Արցախը։

«Եռակողմ» ծրագրի համաձայն՝ 9-ամսյա շրջափակումից հետո Արցախի ղեկավարությունը (այն ժամանակ դեռ Արայիկ Հարությունյանը) 2023 թվականի հուլիսին պետք է բանակցեր Բաքվի հետ, ավելի ճիշտ՝ կապիտուլյացիայի ենթարկվեր առանց դիմադրության։ Հարությունյանը բացահայտ խոսում էր ծրագրի մասին՝ պետական ​​կառույցների, բանակի լուծարում, զինաթափում և «ինտեգրում»։

Բերձորի ճանապարհը պետք է կարճ ժամանակով բացվեր, «ինտեգրվել» չցանկացողները կարող էին հեռանալ (բացառությամբ ռազմական գործողությունների մասնակիցների), իսկ մնացածները պետք է մնային ու դառնային «ադրբեջանցիներ» Արցախում ռուս-թաթարական բանակի աչալուրջ աչքի առաջ։ Եկեղեցիները «ալբանական» կլինեին, դպրոցներում կդասավանդվեր Ալիև-Փաշինյան փառապանծ բռունցքի պատմությունը, իսկ Խանքենդիի մուտքի մոտ կկախվեին Պուտինի և Էրդողանի դիմանկարները։

Դա էր պլանը։ Սեպտեմբերի 19-20-ը կատաղի դիմադրություն ցույց տված արցախյան զինուժը «դավաճանեց» այս ծրագիրը՝ տապալելով «խաղաղ ինտեգրացիան»։ Երկրորդ անգամ զինվորները «դավաճանեցին»՝ ըստ երևույթին ողջ մնալով, այլ ոչ թե ամբողջությամբ զոհվելով։

Փաշինյանը կոնկրետ ինչո՞ւմ է մեղադրում արցախցի զինվորականներին. որ դասալի՞ք դուրս եկան, թե՞ որ դիմադրել են։

Ինչո՞ւմ է նա մեղադրում Արցախի ղեկավարությանը. որ նա խափանեց «խաղաղ ինտեգրացիա՞ն», որի պայման էր «ռազմական հանցագործների», այսինքն՝ արական սեռի մեծամասնության լիկվիդացիան։

Ինչո՞ւմ է նա մեղադրում արցախցիներին. որ նրանք փախստակա՞ն ​​են դարձել, ոչ թե դասալիք, որ եկել են Հայաստան՝ դառնալով գլխացավանք։ Դասալիքներին կերակրելու կարիք չէր լինի, բայց փախստականներին ստիպված են կերակրել:

Ըստ երևույթին, 2023 թվականի ամառային պլանը դեռևս գործում է, և հնարավոր է, որ ինչ-որ պահի արցախցիների որոշակի զանգված հրավիրվի վերադառնալու և «ինտեգրվելու»։ Համենայնդեպս, Արցախի ժողովրդին երկարաժամկետ սատարելու կառավարության ծրագրերը ուղղված չեն Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններ սկսելուն և նրա բնիկ բնակչության իրավունքների պաշտպանությանը։

Արթուր Հովհաննիսյանի դեմ իրավական գործընթաց ենք սկսելու. Սրբազան

Հունիսի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ Բագրատ Սրբազանը ասել է․

«Ես հաստատում կատարելու իրավասություն չունեմ, բայց տեղեկությունները այդպիսին են: Մենք ամենակեղտոտ համակարգի դեմ ենք գործում, որը բարձրացել է մինչեւ ԱԺ ամբիոն: Այս ամբողջ շարժման ժամանակահատվածում ԱԺ ամբիոնը դարձել է պարզապես  հակաքարոզչություն ասեմ, կեղտոտ քարոզչություն ասեմ, միջոց, որ մարդիկ ինքնադրսեւորվեն: Դրանցից մեկին, որը ինքն իրեն շատ երեւակայել է կյանքում եւ որոշակի տեղեկություններ կան, որ անցել է թմրանյութերի գործով, Արթուր Հովհաննիսյան է անունը, այս օրերին դատական գործընթաց ենք սկսելու իր հայտարարությունների մասով:

Գիտեք նաեւ, որ դատական գործընթաց ենք սկսել մի լրագրող հանդեպ, որը մեզ համարում էր գործակալ,  միլիոնավոր գումարներ ստացած մարդ: Դա էլ հերքվեց: Իրավական գործընթացները յուրաքանչյուրի մասով սկսելու ենք»։

Ի՞նչ էր ուզում ասել Հայաստանի ԱԳՆ-ն, ի՞նչ ագրեսիա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության  վերաբերյալ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը.

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:

Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը հնչում է որպես բանակցությունների խզման անոնս՝ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելուց, հայկական չորս գյուղերի հանձնումից և հասարակությանը խաղաղության պայմանագրին «նախապատրաստումից» հետո։ Ի՞նչ է պատրաստվում անել Երևանը, եթե Ալիևը չլքի հայկական 30 գյուղերի տարածքները։ Արդյո՞ք Երևանը մտադիր է հետ վերցնել իր համաձայնությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայի գլոբալ գագաթնաժողովն ընդունելու վերաբերյալ: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը հայ ժողովրդին բացատրելու իր «խաղաղության օրակարգի» ձախողումը։ Վա՜յ, չստացվե՞ց։