Դիլիջան – Վանաձոր – Գյումրի մեդիա-տուր. ֆոտոշարք

Հունիսի 16-17-ին «Հատուկ նախագծերի խմբագրություն» ծրագրին մասնակցող արցախցի լրագրողների համար կազմակերպվեց մեդիա-տուր Դիլիջան – Վանաձոր – Գյումրի ուղղություններով։

Լուսանկարները՝ Վիկտորյա Գրիգորյանի

Տնական համ ու հոտ. աջակցենք արցախցիների բիզնեսին

Հարկադիր վերաբնակեցումից հետո Վիկտորյա Պետրոսյանը նոր ուղիներ է փնտրում իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար։ Որոշել է ճիշտ օգտագործել իր ներուժը և փոքրիկ բիզնես հիմնել՝ զբաղվելով իր սիրելի գործով։ Թթու պատրաստելիս օգտագործում է սերնդեսերունդ փոխանցված ավանդական բաղադրատոմսերը: Այս թթուները դարձան նրա մշակույթի խորհրդանիշը և հայրենիքի հետ կապերը պահպանելու միջոց:

Նա խնամքով ընտրում է բանջարեղենն ու համեմունքները, որպեսզի իր արտադրանքը ոչ միայն համեղ լինի, այլև առողջարար։ Նրա տեսականու մեջ կարող եք գտնել տարբեր տեսակներ՝ վարունգ, լոլիկ, կաղամբ և նույնիսկ էկզոտիկ տարբերակներ՝ թթու սմբուկ և պղպեղ։ Այս բոլոր ապրանքներն առանձնանում են իրենց հարուստ համով և բույրով, ինչին կարելի է հասնել միայն երկար տարիների փորձի և աշխատանքի հանդեպ սիրո շնորհիվ:

 

Առաջին պատվերներն արդեն գրանցել  է։ Շատ հաճախորդներ գնահատում են իր արտադրանքի բնականությունն ու որակը, ինչպես նաև այն յուրահատուկ համային համադրությունները, որոնք նա առաջարկում է:

Նրա թթուները դարձան ոչ միայն եկամտի աղբյուր, այլև միջոց՝ պատմելու իր մշակույթի մասին նոր ընկերներին և հարևաններին: Նրա թթուների յուրաքանչյուր տարա մի փոքրիկ պատմություն է ավանդույթների, ընտանեկան բաղադրատոմսերի և ամրության մասին:

Տաթև Ազիզյան

 

Փաշինյանը խոսաց հանրաքվեի մասին․ Երրորդ հանրապետության վերջը

Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի։ Այս մասին  Շինուհայրում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»։

Այդպիսով, Փաշինյանը զրոյացնում է Հայաստանի անկախության 33 տարվա իրավա-տարածքային կառուցվածքը, որն էականորեն տարբերվում է սովետական սահմաններից։ Սովետական սահմաններին հղում անելով, Փաշինյանը անտեսում է Երրորդ հանրապետության հիմքը՝ Սահմանադրությունը, որը հղում է անում ՀՀ անկախության հռչակագրին եւ Արցախի ու Հայաստանի միավորման մասին 1989 թ․ դեկտեմբերի 1-ի որոշման։ Անտեսվում է նաեւ հռչակագրի հղումը ցեղասպանության եւ դրա հետեւանքների վերացմանը։ 

Եթե Հայաստանում սահմանների հարցով հանրաքվե լինի, դա այս հանրապետության վերջը կլինի։ 

Հրդեհ Ազովի նավթի պահեստում․ Հայկազովի պայթյունի արձագանքը դեռ երկար կհնչի

ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ազովում բռնկված հրդեհը մարում են ավելի քան 70 հրշեջ, 21 միավոր տեխնիկա և մեկ հրշեջ գնացք։

Նախարարության լրատվական ծառայության հրապարակման մեջ չի նշվում, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը։ Ռոստովի մարզի նահանգապետը և տեղական այլ աղբյուրներ հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ազովում նավթի տանկերին։

Տեղի բնակիչները լսել են առնվազն հինգ պայթյուն, գրել է «Սա Ռոստովն է» հեռագրային ալիքը։

ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհի մակերեսը կազմում է 5000 խմ՝ այդպիսով տարածքը չափելով ծավալի միավորներով։ Նախարարության տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական զորքերի առնվազն լուռ ներկայությամբ, իսկ ավելի հավանական է՝ ակտիվ մասնակցությամբ 2023 թ․ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտ՝ Հայկազովում գտնվող բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետաքննությունը այդպես էլ չի իրականացվել։

Զոհվել է 200 մարդ, տասնյակ մարդիկ այրվածքներ են ստացել։

Այդ պայթյունը վերջին հարվածն էր, որից հետո հայերի՝ Արցախում ապրելու հնարավորությունը զրոյացավ։ Առնվազն՝ մինչեվ այնտեղ Բաքվի զորքերը գործում էին ռուսների հովանո ներքո։ Այդ պայթյունը նաեւ չստացված ծրագրի “վրեժն” էր․ նախատեսվում էր Արցախում պահել բնակչության մի մասը, իսկ մի քանի հարյուր տղամարդկանց “դատել” ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Սակայն ծանր որոշումների գնով այդ ծրագիրը չեղարկվեց, եւ տեղի ունեցավ պայթյունը, որը խլեց հիմնականում ջահել տղամարդկանց կյանքեր։ 

Ռուսաստանին թվում է, որ նա կխուսափի նման “սցենարներից”, սակայն Ուկրաինան արդեն համոզվել է այդ տակտիկայի արդյունավետության մեջ։ Եւ Հայկազովի պայթյունը դեռ երկար կկրկնվի Ռուսաստանում։         

Հարեմ, փող և սպանություն. Ի՞նչ է իմացել “Նախագիծը” Կադիրովի մասին

DW

Երկուշաբթի՝ հունիսի 17-ին, Project հրատարակությունը հրապարակել է լայնածավալ հետաքննական ֆիլմ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մասին, թե ինչպես է նա իշխանություն ձեռք բերել հանրապետությունում և ինչ հանցագործությունների մեջ կարող է ներգրավված լինել։ Լրագրողները խոսեցին նաև Չեչնիայում տասնյակ միլիարդավոր բյուջետային փողերի կանխիկացման սխեմաների և Կադիրովի անչափահաս աղջիկների հարեմի մասին, որոնցից մի քանիսը ծննդաբերեցին նրա երեխաներին: DW-ն ներկայացնում է հետաքննության որոշ փաստեր։

Ինչպես գրում է Project-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրներ, 1999 թվականի օգոստոսից Ռուսաստանի ղեկավարությունը ԱԴԾ-ի հետ միասին ընտրում է Չեչնիայի նոր ղեկավարին։ Բանակցություններն ընթանում էին այդ տարիների «գլխավոր չեչեն գանգստեր» Ռուսլան Ատլանգերիևի բնակարանում։ ԱԴԾ-ից դրանց մասնակցել է ծառայության փոխտնօրեն Գերման Ուգրյումովը, իսկ Կրեմլից՝ վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը։ «Գործընթացը ղեկավարում էին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը և նրա քարտուղար Իգոր Սեչինը»,- գրում է Project-ը։

Ընտրությունը, ի վերջո, ընկավ Ախմաթ Կադիրովի վրա, որի հետ Պուտինն անձամբ քննարկեց Չեչնիայում իշխանությունն իրեն փոխանցելու պայմանները։ Բանակցությունների ընթացքում Կադիրովին Կրեմլի կողմը անցնելու դիմաց առաջարկվել է մեծ քաղաքի “կրիշա”, 5 միլիոն դոլար կանխիկ գումար և Սոչիում գտնվող հարուստ տուն», – ասում են Project-ի աղբյուրները: Հրատարակության զրուցակիցը, ով այդ ժամանակ աշխատում էր Կրեմլում, պնդում է, որ ի սկզբանե Մոսկվան չէր նախատեսում ժառանգաբար փոխանցել իշխանությունը Չեչնիայում, սակայն ամեն ինչ փոխվեց 2004 թվականին Ախմատ Կադիրովի սպանությունից հետո։ Նրա որդին՝ Ռամզանը, ով ղեկավարում էր հոր անվտանգությունը, այդ պահին Մոսկվայում էր։

Շարունակությունն  այստեղ 

Փաշինյանը գնաց Սյունիք՝ «միջանցք» բացելու

Մինչ Հայաստանում ընթանում է ներքաղաքական կրկեսը, մեկնարկում է Հայաստանը «միջանցքներով» մասնատելու գործընթացը։

Հնարավոր է, որ սահմանազատման հաջորդ փուլը սկսվի Սյունիքից, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած այլ տարածքում, ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Երեկվանից Սյունիքի մարզում եմ։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի համար պարզ է խաղաղության օրակարգը, իրական Հայաստանի օրակարգը։ Այս համատեքստում սահմանազատման և այլ հարցերը դառնում են աշխատանքային»,- նշել է Փաշինյանը։

Փաստորեն, Փաշինյանը իր միջազգային “գործընկերներին” վստահեցնում է, որ Սյունիքում չեն ունենա նույն խնդիրները, ինչ Տավուշում, թեև Տավուշում էլ շատ խնդիրներ չեն եղել՝ դժգոհներին թույլ են տվել գոլորշի բաց թողնել Երևանում, իսկ «գետնի վրա» անարգել «սահմանազատում» է իրականացվել։ Հիմա Սյունիքում պետք է միջանցք բացել, բայց այս անգամ Փաշինյանը նախապես գնաց՝ տեղացիների «դոբրոն» ստանալու համար։

Եթե ​​դիտարկենք Փաշինյանի խոսքերը նրա այն հայտարարությունների համատեքստում, թե տարածաշրջանում հաղորդակցությունները կարող են բացվել մինչև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, ապա նրա այցը Սյունիք կարող է Հայաստանի «բացման» նախապատրաստություն լինել։

Փաշինյանը Սյունիք գնաց այն բանից հետո, երբ Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, ով ասաց, որ Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով միջանցք բացելու փոքր պատուհան կա, և այս միջանցքը, ըստ ամենայնի, պետք է անցնի Հայաստանի տարածքով։

Ոչ ոք չի խոսում կոնկրետ երթուղու մասին, եւ հավանական է՝ միջանցքի ռազմավարական նշանակությունն ավելին է, քան կոնկրետ նախագծի արդյունավետությունը։ Ոչ ոք հստակ չգիտի, թե ով և ինչպես է վերահսկելու Հայաստանի ճանապարհները, որոնք Փաշինյանը պատրաստվում է բացել. Արամ Սարգսյանի միջոցով «արտահոսք» է տրվել, որ երրորդ երկրների կազմակերպություններ կարող են հրավիրվել վերահսկողությունն իրականացնելու համար, իսկ թե ով է վճարելու նրանց և հանուն ինչի, նույնպես հայտնի չէ։

Այսպես թե այնպես, դատելով ռուս փորձագետների հայտարարություններից, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի կողմից վերահսկողության հարցը կարծես հանվել է օրակարգից։ Բայց Ռուսաստանում ասում են, որ Թուրքիան է վերահսկելու միջանցքը, և դա Մոսկվային ձեռնտու է։

Մի շարք երկրներում, ցավոք, և Հայաստանում նույնպես մեծ ոգևորություն չկար այն առթիվ, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ վերահսկի Հայաստանի տարածքով Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև լոգիստիկ երթուղին։ Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ռազմական տնտեսագիտության եւ ռազմավարության ինստիտուտի գիտական ​​ղեկավար Դմիտրի Տրենինը։

«Այս փուլում միջանցքը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի թուրքական ազդեցության տակ, չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները հանդես կգա որպես իբր անկախ դերակատար, իբր բարեկամական երկիր  երկու կողմերի համար, բայց իրականում Թուրքիայի առաջնահերթ շահերի օգտին։ Միացյալ Նահանգները Անկարային տրամադրում է գործողությունների ազատություն. ԱՄՆ-ի համար բացարձակապես ձեռնտու է Թուրքիայի կողմից վերահսկողությունը. Ամերիկայի համար Թուրքիան կարևոր է այլ ուղղություններով»,- նշեց փորձագետը։

Նա չասաց, որ Ռուսաստանը դեմ կլինի, որ Թուրքիան վերահսկի միջանցքը, և որ Թուրքիան կարևոր չէ Ռուսաստանի համար։ Թեև բոլորի համար պարզ է. Մոսկվան ամեն ինչ արել է, որպեսզի մինչև իր՝ Հարավկովկասյան տարածաշրջանը լքելը այն փոխանցվի թուրքական վերահսկողության տակ։ Եւ մինչ այդ մնացել է հինգ րոպե։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կդիմեն Սահմանադրական դատարան

Խորհրդարանական ընդդիմությունը կշարունակի տարբեր նախաձեռնություններով հանդես գալ, Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ կողմից ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելուն։

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրվել՝ քննարկելու «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի նախագիծը, բայց ՔՊ-ն չմասնակցեց նիստին, քվորում չապահովվեց։

Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ ընդհուպ կդիմեն Սահմանադրական դատարան, հիմա քննարկումներ են իրականացնում։ «Մենք ունենք տարբեր սցենարներ, եւ բոլոր այդ սցենարներում մեր գլխավոր խնդիրը մեր ժողովրդի հստակ մեծամասնության աջակցությամբ նոր իշխանություն ձեւավորելն է»,- ասաց Մինասյանը։

«Արձանագրենք, որ ՔՊ-ն, ինչպես կանխատեսում էինք, շարունակում է իր հակասահմանադրական ընթացքը։ Սա ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգը տապալելու փորձ։ Եթե նիկոլական իշխանությունը շարունակում է այս վարքագիծը, այսինքն՝ սահմանադրական կարգի տապալումը, ուրեմն մեզ մնում է վերականգնել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգի վերականգնման բոլոր սցենարները, որոնք կբերեն ՀՀ ժողովրդի իշխանության վերականգնմանը, ընդունելի են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր կառավարության հրաժարականը, չկայացավ

ԱԺ արտահերթ նիստը, ինչպես եւ սպասվում էր, չկայացավ, քանի որ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց, եւ քվորում չապահովվեց։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր, որ ներկայանար 54 պատգամավոր, բայց գրանցվել էր 34 պատգամավոր։

«Ինչո՞ւ պետք է գայինք ու ուղերձ ընդունեինք, մեր ժողովուրդը ՀՀ գործող վարչապետին եւ գործող կառավարությանը վստահում է, եւ նման հարց քննարկելու որեւիցե պատճառ մենք չենք ունեցել եւ չունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կգան իրենց քվեարկությունը կանեն։ Մենք վախենալու ոչ մի բան չունենք, ուղղակի ինչո՞ւ պիտի ժամավաճառությամբ զբաղվենք եւ սպասարկենք ընդդիմության կեղծ օրակարգը, որով ինքը փորձում է արդարացնել իր այստեղ գտնվելը»,- լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի քաղաքներով՝ արցախցի լրագրողների համար

Հունիսի 16-17-ին «Հատուկ նախագծերի խմբագրություն» ծրագրին մասնակցող արցախցի լրագրողների համար կազմակերպվեց մեդիա-տուր Դիլիջան – Վանաձոր – Գյումրի ուղղությունով։  Մասնակիցներից մի քանիսն առաջին անգամ էին այս քաղաքներում։ Սա լավ հնարավորություն էր տեսնելու, ճանաչելու այս քաղաքները, հանդիպելու այստեղ ապրող արցախցիների հետ, նյութեր պատրաստելու նրանց և ճամփորդության մասին։
Հատուկ նախագծերի խմբագրությունը 2023թ-ին  բռնի տեղահանված արցախցի լրագրողներին հասցեագրված նախաձեռնություն է, որն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Արագ արձագանքման» ծրագրի շրջանակում՝ Conciliation resources կազմակերպության հետ  համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Արցախցի լրագրողների այս ժամանակավոր խմբագրությունը գործում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում  2024 թ-ի հունվարից։ Սա վերապատրաստման և աշխատանքի հնարավորություն է արցախցի լրագրողների համար, որն օգնում է նրանց ձեռք բերել նոր հմտություններ, փորձառություն և մասնագիտական կապեր։
Ծրագրում ընդգրկված լրագրողները մասնակցել են ամենշաբաթյա խմբագրական հանդիպումների, դասընթացների,  աշխատել են մենթորների  հետ, յուրացրել են լրագրողական նոր ֆորմատներ, գործիքներ, հմտություններ։ Նրանց պատրաստած նյութերը հրապարակվել են տարբեր լրատվամիջոցներում՝  step1, Հետք, Մեդիալաբ, Առավոտ, Հանրային ռադիո․․․
Նախագծին միացել են 2023 թ․ Արցախից բռնի տեղահանված 20-ից ավելի լրագրողներ, բովանդակություն ստեղծողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։
Ալվարդ Գրիգորյան
Լուսանկարները՝ Վիկտորիա Գրիգորյանի

ՔՊ-ն չի մասնակցի նիստին, ընդդիմադիրներն էլ վայր չեն դնի մանդատները

Դատելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարություններից՝ արդեն իսկ կարելի է ասել, որ այսօր՝ 18։30-ին նախատեսված ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չի ունենա։

Ընդդիմադիրները նիստ են հրավիրել «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու» ուղերձի նախագիծը քննարկելու համար։ Որպեսզի այդ քննարկումը տեղի ունենա, առնվազն 54 պատգամավոր պետք է ներկայանա՝ քվորում ապահովվի։ Իսկ սա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նիստը կայանալ չի կարող։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական շահերից բխող օրակարգերին։ Իսկ արտահերթ նիստն առանց մեր մասնակցության չի կարող կայանալ։ Այն օրենքի ուժով կգումարվի, բայց քվորման բացակայության պատճառով չի կայանա»,- ասել է Հովհաննիսյանը։

Իր հերթին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատները վայր չեն դնելու։ Նման քննարկումներ շատ են եղել, հավատացե՛ք մարդիկ կառչած չեն մանդատներից․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին՝ չե՞ք գտնում, որ ընդդիմությունը խորհրդարանում հարց չի կարող լուծել, իմպիչմենտի գործընթաց չի հաջողվում սկսել, ժամանակը չէ՞ մանդատները վայր դնեն, գուցե քաղաքական ճգնաժամ առաջանա։

«Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի։ Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն։ Իրենք էլ են ասել, որ մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ էլ կա, կախում ունի թե դրա արդյունավետությունը ո՞րն է լինելու, ի՞նչ ժամանակ, ինչպե՞ս։ Անիմաստ կերպով մանդատ վայր դնելն ինչի՞ է ծառայելու, բայց օրակարգում կա դա, իրենք էլ են հասկանում, թե ինչ վիճակում են գտնվում»,- ասաց Սրբազանը։

ԱԺ-ում լսումներ կլինեն Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի թեմայով

Հայաստանի Ազգային ժողովում հունիսի 21-ին խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Այս առնչությամբ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:

Հիշեցնենք, որ նման հանրաքվե կազմակերպելու առաջարկով հանդես է եկել Ժողովրդավարական ուժերի հարթակը, որի մասնակից կուսակցություններն են «Հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Արամ Սարգսյան), «Հանուն Հանրապետության» կուսակցությյունը (նախագահ Արման Բաբաջանյան), Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունը  (նախագահ Լևոն Շիրինյան) եւ Հայաստանի եվրոպական կուսակցությունը (նախագահ՝ Տիգրան Խզմալյան)

Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը, որի կինը հայ է

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ժամանել է Հայաստան։

Նա լուսանկար է հրապարակել սոցցանցում՝ կից գրելով. «Բա՛րև, Երևան»։ Ապա շարունակել է. «Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու և մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու»։

ԱՄՆ դեսպանատունն էլ հայտնում է, որ Ռիչարդ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

Պետական մակարդակով քննարկումները բավարար չեն, անհրաժեշտ է, որ տեղական, նահանգային, մարզային օղակները եւս ներգրավված լինեն հայ-ամերիկյան համագործակցության մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց Ռիչարդ Վերման:

«Երբ աշխարհի առաջնորդները խոսում են կլիմայի, մարզային, նահանգային, համայնքային իշխանություններն են, որ քայլեր են ձեռնարկում անտառային հրդեհների դեմ»,-ասաց նա:

Վերման նաեւ նկատեց, որ ԱՄն-ում 1,5 մլն հայ է ապրում. «Սա թվով երկրորդ ամենամեծ հայկական համայնքն է Հայաստանից դուրս: Հայերը աշխատում, արարում են ԱՄՆ-ում եւ մենք մեծ հարգանք ենք ցուցաբերում հայկական մշակույթի հանդեպ: Այն ավանդույթները, մշակույթը, տոլման, լավաշը, որ հայերն իրենց հետ բերեցին, մեր երկիրն ավելի ուժեղ դարձրեցին: Մենք տեսել ենք ամերիկահայերի, որ հասել են ամենաբարձր դիրքի զինված ուժերի, մենք տեսել ենք նորարարների, որոնք ստեղծել են էլեկտրոնային շերտագրման սարքը: Այնպիսի առաջատար դեմքեր ենք տեսել, ինչպիսիք են Անդրե Աղասին, Քարդաշյանների հայտնի ընտանիքը: Գուցե Քարդաշյանների տեմպին համահունչ չենք կարող ընթանալ, բայց պետք է հպարտությամբ ասեմ, որ մեր ընտանիքում եւս կա ամերիկահայ: Իմ կինը ամերիկահայ է, իսկ ես ծագումով հնդիկ եմ: Մեր ընտանիքը բախտավոր է, որ կարող է երեք երկրի մշակույթ ներկայացնել»,-ասաց Վերման:

Մենք կուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք խորացնել գործընկերությունը ամերիկյան եւ հայկական մասնավոր հատվածների միջեւ:

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի խաղաղ, ժողովրդավար ապագային՝ հանուն հայ ժողովրդի: Մենք ներդրում ենք կատարում այդ ուղղությամբ եւ մեր աջակցությամբ ծրագրերը վերջին մի քանի տարիներին գրեթե կրկնապատկվել է: Հայ-ամերիկյան հարաբերություններում միայն մեկ ճանապարհ կա, դա առաջընթացի ճանապարհն է: Եկեք շարժվենք այդ ուղղությամբ»,- ընդգծեց նա: