ԱՄՆ դավաճանում է ոչ միայն հայերին, այլեւ ինքն իրեն՝ նախագահ Վիլսոնին եւ նրա հիմնադրած աշխարհակարգը

Նախորդ շաբաթ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարել է, որ «նոր աշխարհակարգը» Հարավային Կովկասի տարածաշրջանում ուղիղ կապված կլինի Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու եւ ռուսական ազդեցությունը կրճատելու հետ։

ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը, փաստորեն, դավաճանում է ինքն իրեն, քանի որ մեկ դար առաջ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Վիլսոնի առաջարկած «14 կետերն են» դարձել ժամանակակից աշխարհակարգի հիմքը։ Այդ կետերի մեջ էին նաեւ Ռուսիայի եւ օսմանյան կայսրությունների գաղութների ազատագրումը, ինչպես նաեւ «ազգերի ինքնորոշում» եւ «պետական ինքնիշխանություն» սկզբունքները։ Հենց նախագահ Վիլսոնն էր ներկայացրել Վճիռ, համաձայն որի Հայաստանին կարեւոր դեր էր հատկացվում տարածաշրջանում՝ ոչ մանր առեւտրային, այլ քաղաքակրթական։

Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրեցին եւ սեպարատ պայմանագիր կնքեցին Հայաստանը բաժանելու մասին։ Պատմաբաններն ասում են, որ դա տեղի է ունեցել, քանի որ ԱՄՆ-ն այն ժամանակ դեռ գերտերություն չէր։

Հիմա, կարծես, գերտերություն է, բայց նպատակները ավելի են մանրացել՝ ինչ-որ ճանապարհի բացման համար նրանք պատրաստ են զոհաբերել քաղաքակրթություն։

Դա հնարավոր է, քանի որ Հայաստանի կառավարությունը կոչ է անում հայերին մոռանալ պատմական Հայաստանի մասին /քիչ հետո «պատմական» բառն էլ կհանվի/։

ԱՄՆ-ը 2023 թ․ սեպտեմբերի 17-ին մասնակցել է Պոլսում ՌԴ, Թուրքիայի եւ ԵՄ ներկայացուցիչների հետ գաղտնի ժողովին, որը եւ հաստատեց Արցախի օկուպացիան եւ բնիկ հայերի բռնի տեղահանումը։ Պայմանավորվել են, որ արմատները կհանեն Ռուսաստանի ձերքերով, եւ արեցին։ Ոչ մի երկիր, այդ թվում ԱՄՆ, չի դատապարտել «ուժային կարգավորումը», որը խոստովանել է Ալիեւը։

Արդյոք Ալիևի դեմ պատժամիջոցները մնո՞ւմ են սեղանին, Ջեյմս Օ’Բրայենն ասաց. «Մենք նշել ենք, որ անկախ քննություն ենք անցկացնելու սեպտեմբերին տեղի ունեցածի, նաև դրանից հետո շարունակվող հարաբերությունների շուրջ, և հիմա զբաղված ենք դրանով։ Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել»:

Մինչ այդ՝ անկախ քննության ավարտը, ըստ Օ՛Բրայանի, Վաշինգտոնում չունեն հստակ գնահատական՝ Ղարաբաղում տեղի ունեցածը գա՞ղթ էր, թե՞ էթնիկ զտում: Հարցին՝ համաձա՞յն է Վաշինգտոնը Ալիևի գնահատականին, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս լուծված է, և անհրաժեշտ է հիմա լուծարել Մինսկի խումբը, փոխպետքարտուղարը արձագանքեց՝ դա մի հարց է, որի պատասխանը կողմերը պիտի տան։

Արմատները հանած են, հիմա եկել է մնացած Հայաստանի հերթը։ Ահա թե ինչ է ասել փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը Երեւանում՝ «Ազատության» հետ զրույցում․

«Սահմանազատման վերաբերյալ այս վերջին պայմանավորվածությունը որոշակի առևտուր էր. Հայաստանը գիտեր, որ պետք է հրաժարվի դրանցից, Ադրբեջանն էլ համաձայնեց սահմանազատման մի գծի, որը նրանք գիտեին, որ Հայաստանը կընդունի` Ալմա-Աթայի հռչակագիրը: Ուստի, յուրաքանչյուր կողմ գնաց փոխզիջման: Կարծում եմ, որ այս՝ նոր պահանջներ դնելու, ապա հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը ինչ-որ պահի պետք է դադարեցվի։ Ըստ իս՝ հաջող համաձայնագրի մոտավոր ուրվագիծն արդեն գիտենք: Եվ, հիմա, իսկապես, խնդիրն այն է, որ կողմերը ընդունեն՝ ժամանակն է համաձայնության գալ»։

«Մեր կարծիքով՝ սերնդի կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով առևտրային երթուղի կառուցելու համար: Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլև նոր արդյունաբերությունները այդ երթուղու ողջ երկայնքով»։

«Ես նաև կարծում եմ, որ այժմ հիանալի պահ է, քանի որ այդ երթուղու երկայնքով ընկած երկրները ցանկանում են կրճատել ռուսական ազդեցությունը: Եվ ժողովրդավարական հանձնառությունը, որը մենք տեսնում ենք Հայաստանում, բարեփոխումները, որոնց հայ ժողովուրդը կրկին ու կրկին աջակցել է 2018 թվականից ի վեր, նշանակում են, որ Հայաստանը գտնվում է մի փուլում, երբ կարող է նման որոշում կայացնել»:

Բաքուն վերջին պահին հրաժարվել է մասնակցել Զելենսկու գագաթնաժողովին

Շվեյցարիայում Խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցող երկրների թիվը վերջին պահին կրճատվել է։ Ադրբեջանն անսպասելիորեն հրաժարվեց մասնակցել միջոցառմանը, թեև նախապես խոստացել էր մասնակցել։ Այս մասին հայտնի է դարձել Շվեյցարիայի կառավարության հրապարակած մասնակիցների վերջնական ցուցակից, հայտնում է Dialog.UA-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանը կներկայացնի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը։ Սակայն վերջին պահին այդ պլանները չեղարկվել են, հաղորդում է Dialog.UA-ն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախորդ օրը, Պուտինն ու Ալիևը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Օրերս Բաքուն հայտարարեց Արցախից ռուսական զորքերի, համապատասխանաբար, եւ զենքի ամբողջական դուրսբերման մասին։ Ռուսաստանը, փորձագետների կարծիքով, զենքը Արցախից տեղափոխել է անմիջապես ուկրաինական ճակատ։ Սրանից հետո Բայրամովը ինչի՞ համար գնա Շվեյցարիա։

Մեկնարկում է արցախցիներին բնակարանային ապահովման ծրագրի դիմումների ընդունումը

Այսօրվանից մեկնարկում է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը: Այդ մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարության Ֆեյսբուքի էջում։

«Բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները:

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ’ https://housing.socservice.am/

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները.

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները.

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50 %-ի չափով լրացուցիչ վարկ»,- նշված է գրառման մեջ։

ԱԱԾ-ը արցախցիներին հորդորում է չմասնակցել ցույցերին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում, իսկ ոմանց՝ նաև պահանջում ընդհանրապես չմասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։ Այս մասին հայտնում է  փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ընդ որում, նախապես կանչի նպատակը չեն պարզաբանում, խնդրում են ներկայանալ առանց փաստաբանի, տեղում պահանջում հանձնել հեռախոսները, իսկ խոսակցությունն էլ պահել գաղտնի»,- նշել է նա:

Եղանակը Հայաստանում

Լոռի

Հանրապետության տարածքում` հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Ինչպես հայտնում է «Հայպետհիդրոմետ»-ը, Երեւանում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 16-20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +30+32,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+27,

Լոռի՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +28+33,

Արարատ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+36,

Արմավիր՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +34+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +25+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+36,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+29:

«Ծիլ» տիկնիկային ստուդիա. բեմադրություններ արցախյան ենթաբարբառներով

Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան 44-օրյա պատերազմից հետո սկսել է ակտիվ գործունեություն ծավալել Արցախում, որի շնորհիվ արցախցի հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեցան մի փոքր կտրվել իրականությունից և զգալ մանկության բերկրանքը։

Ստուդիայում անցկացվում էին տարատեսակ դասընթացներ՝ ուղղված մանուկների զարգացմանը․ ֆոտո դասընթաց, բեմական խոսք, հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ասեղնագործություն, կավագործություն, կերպարվեստ և ազգային երգ ու պար:

Ներկայացումների յուրահատկությունն այն էր, որ դրանք բեմադրվում էին արցախյան ենթաբարբառներով: Արցախում ստուդիայի սաների թիվը 100 էր, որտեղ կային երեխաների նաև Շուշիից և Հադրութից։ Նրա գլխավոր առաքելությունը երեխաներին ուրախություն պարգևելն է, և գիտակցելով սահմանամերձ գյուղերի երեխաների խոցելիությունը, «Ծիլ» ստուդիան ակտիվ հյուրախաղեր էր կազմակերպում սահմանամերձ գյուղերում` նաև իրականացնելով դասընթացներ տեղի երեխաների համար:

 

Նրանց ակտիվ գործունեությանը անգամ շրջափակումը և վերջին պատերազմը չխանգարեցին, քանի որ մինչև վերջին պահը Արցախում էին և երեխաներին հեքիաթ էին պարգևում:

Տեղահանվելուց հետո ՀՀ-ում ստուդիան մեծ դժվարությամբ վերաբացվեց և այժմ ունի 50 սան: Բոլոր դասընթացները և ներկայացումները ինչպես Արցախում․ այնպես էլ ՀՀ-ում իրականացվում են անվճար հիմունքներով: Իսկ թիմի անդամները ևս Արցախից են և կամավորության սկզբունքով աշխատում են ստուդիայի սաների հետ: 

Տեղահանվելուց հետո «Ծիլ» տիկնիկային ստուդիան չնայած բոլոր դժվարություններին ակտիվ հյուրախաղեր է ունեցել Սյունիքի սահմանամերձ գյուղերում, Լոռիում և Շիրակում:

Իսկ վերջերս առաջնախաղով հանդես եկավ Հրազդան տեղափոխված փոքրիկների համար` ներկայացնելով «Երեք խոզուկները» ինտերակտիվ ներկայացումը:

Իհարկե, նրանք ունեն խնդիրներ, որոնցից ամենակարևորը դասընթացների լիարժեք կազմակերպումն է։ Սակայն չեն ընկճվում ու շարունակում են իրենց կարևոր առաքելությունը՝ փորձելով վերագտնել իրենց ՀՀ-ում:

Քրիստինե Ալավերդյան

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ԼՂ հայրենակիցներին աջակցությունը կազմել է շուրջ 680 միլիոն դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2023 թվականի առաջին իսկ օրերից մեծածավալ օգնություն է տրամադրել շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրակարգային դարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային օգնության տրամադրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում այս մասին ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«2023 թվականի սեպտեմբերի 20-ից սկսած տեղահանության օրերին միայն Կոռնիձորում և Գորիսում հիմնադրամը և տեղական մարմինները, մեծամասամբ՝ Ֆրանսիայի մեր տեղական մարմինը, աջակցեցին 20 հազար ընտանիքի՝ հաղթահարելու դժվարին ճանապարհը՝ նրանց տեղում տրամադրելով սնունդ, ջուր և վառելիք։ Այնուհետև, արագ կազմակերպված ցանցային դրամահավաքի շնորհիվ 200 տոննա աջակցություն ցուցաբերվեց Հայաստան հասած ավելի քան 42 հազար տեղահանվածների. տրամադրվեցին մեծածավալ պարենային, հիգիենայի, անկողնային և կենցաղային պարագաներ»,- նշեց նա։

«Ընդհանուր առմամբ, եթե հաշվենք նաև 2022 թվականի ձմռան և 2023 թվականի գարնան ընթացքում շրջափակման մեջ գտնվող արցախցիներին տրված  աջակցությունը և նաև այս աջակցությունը, ծախսվել է 679 միլիոն 920 հազար դրամ կամ 1 միլիոն 722 հազար դոլար»,- եզրափակեց Արշամյանը։

Հայտնի չէ, արդյո՞ք Հայաստանի կառավարությունը որեւէ կարգավիճակով միացել է Վարդանյանի փաստաբանական խմբի քայլերին

Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին, որտեղ շեշտել է Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Չափազանց մեծ մտահոգություն է հարուցում այն, որ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։

«Ռուբեն Վարդանյանը հայտնի մարդասեր և բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, և որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ կերպով ազատ արձակի նրան և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», -ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը:

2024 թվականի ապրիլի 5-25-ը Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ ի նշան բողոքի իր և մյուս հայ բանտարկյալների քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեմ։ Ի պատասխան՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաքննական մեկուսարանի պաշտոնյաները Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, որտեղ էլ նրան պահել են ողջ հացադուլի ժամանակ։ Մենախցում լույսը վառված է եղել շուրջօրյա, ինչն էլ հանգեցրել է անքնության և հյուծման։ Բացի դրանից, նրան ստիպել են երկար ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ և ավելի քան երկու օր զրկել են խմելու ջրից։ Ավելին, նրան թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը, չեն հատկացրել զուգարանի թուղթ, արգելել են գիրք կամ կարդալու որևէ նյութ վերցնել,  նա զրկված է եղել անկողնու սպիտակեղենից: Հատկապես մտահոգիչ է այն փասը, որ ո՛չ Վարդանյանի փաստաբանին, ո՛չ որևէ մեկին, այդ թվում՝ տեղի Մարդու իրավունքների պաշտպանին, չեն թույլատրել հացադուլի ժամանակ այցելել Վարդանյանին, իսկ նրա շփումն արտաքին աշխարհի հետ (օրինակ՝ ընտանիքի հետ հեռախոսազանգերը) դադարեցվել է։

Այս վերաբերմունքով, որը նպատակաուղղված է եղել հացադուլի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում  քաղաքական գործունեության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանության համար Վարդանյանին պատժելուն, Ադրբեջանը կոպտորեն խախտում է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները: Ցավոք, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքն ամենևին էլ զարմանալի չէ. Ադրբեջանը հայտնի է և լավ փաստագրված պատմություն ունի թե՛ քաղբանտարկյալներին ընդհանրապես, թե՛ մասնավորապես էթնիկ հայ կալանավորներին խոշտանգելու հարցում: Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի ազգային պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարությունում նրա՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակը, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի բացահայտ քննադատությունը, ինչպես նաև նրան կալանքի տակ պահելը Պետական անվտանգության ծառայության ներքո (որը տխրահռչակ համբավ ունի էթնիկ հայերի խոշտանգումների հարցում), Վարդանյանը գտնվում է հետագա խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերահաս վտանգի տակ:

«Մենք ցնցված էինք՝ իմանալով, թե ինչ սարսափների միջով է անցել հայրս։ Սարսափելի է անգամ մտածել, թե ինչ են անում Ադրբեջանում ոչ այդքան հայտնի բանտարկյալների նկատմամբ, որոնք նման միջազգային աջակցություն չեն ունեցել, ինչպես հայրս։ Հանուն Ադրբեջանում պահվող բոլոր քաղբանտարկյալների՝ լինեն հայեր, ադրբեջանցիներ կամ որևէ այլ ազգության ներկայացուցիչներ, նմանօրինակ անմարդկային վերաբերմունքը բանտարկլայների նկատմամբ պետք է դադարեցվի։ Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել և օգնել պաշտպանելու հորս կյանքը»,-նշել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը:

Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, ազգային կառավարություններ և միջազգային կառույցներ կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին։ Օրինակ՝ 2024 թվականի հունիսի 11-ին, ամերիկացի Սենատոր Էդ Մարքին՝ Սենատի բարձր ամբիոնից, կոչ էր արել ազատ արձակել բանտարկյալներին, առանձնահատուկ կերպով նշելով և դատապարտելով Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Հայտնի չէ, արդյո՞ք Հայաստանի կառավարությունը որեւէ կարգավիճակով միացել է փաստաբանական խմբի քայլերին։ 

Ի՞նչ է ուզում փոխել Սրբազանը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Արա Աբրահամյանը

«Հանուն հայրենիքի» շարժման ձեւաչափի փոփոխությունը նշանակում է, որ տակտիկան այլ կլինի, գործողություններն այլ կլինեն, պայքարի ավանդական միջոցները կփոխվեն նաեւ մարդկանց ներգրավվածության եւ նոր անձանց առկայության տեսակետից։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է շարժման ղեկավար, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Կառավարող կուսակցության հայտարարությունն այն մասին, որ հունիսի 17-ին պատրաստվում են բոյկոտել նիստը, որպեսզի քվորում չապահովվի, հակաօրինական է։ Դա մեկ անգամ եւս վկայում է այն մասին, որ նրանց հեռանալն անհրաժեշտ է, քանի որ նրանք իրենց օրենքից վեր են դասում,- ասել է Գալստանյանը։

Նա նշել է, որ ձեւաչափի փոփոխությունը կկրի ավելի համաժողովրդական բնույթ։

Գալստանյանը վստահություն է հայտնել, որ շարժումը կհասնի իր նպատակներին, եւ ոչ միայն իշխանափոխության մասին։

«Իշխանափոխությունը  ընդամենը միջոցներից մեկն է։ Խոսքը քաղաքակրթականի, արժեքայինի, զարգացման եւ հաշտեցման մասին է։ Դրանք այն հասկացություններն են, որոնք հանվել են մեր բառապաշարից։ Ուստի մենք դուրս ենք եկել փողոց։

Արցախը հանձնելով՝ հանձնեցին ոչ միայն հողը, այլեւ պատիվը։ Այժմ ոչ մի սահմանազատում չկա, այլ կա հայրենիքի հանձնում։ Դա դարձավ վերջին կաթիլը, որը մեզ դրդեց դուրս գալ հրապարակ այն ըմբռնմամբ, որ լուծումը գտնվում է Երեւանում, որտեղ նստած է չարիքը»,- ավելացրել է շարժման առաջնորդը։

Մենք պետք է օգնենք «Հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին կատարել իր առաքելությունը։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Արցախի հարցը փակված չէ, մենք պետք է աշխատենք միասին։ Պետք է հարց տանք այն մասին, թե ինչ է անում մեզանից յուրաքանչյուրը։ Մենք ակտիվորեն բարձրացնում ենք խնդիրները ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի մակարդակով։ Մենք պետք է խոսենք գերիների եւ Բաքվում անօրինաբար ձերբակալված Արցախի ղեկավարների մասին։ Մեզ համար Արցախը կա եւ պահպանվում է։

Ես խոսել եմ երկրի ղեկավարի հետ։ Նա ասել է, որ բարձրացրել է հարցը, բայց արդյունք չկա։ Այն, որ հարցը տեղից չի շարժվում, վկայում է պետության եւ իշխանության թուլության մասին»,- ընդգծել է ՌՀՄ ղեկավարը։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունների գործունեության հետեւանքով սփյուռքը եւս վարկաբեկվում է։

«Այստեղ եւս պառակտում են մտցրել, սփյուռքահայերին հանել մեկը մյուսի դեմ։

Հավանաբար, մենք վատ ենք տեղեկացնում այդ մարդկանց այն մասին, որ տեղի ունեցողը կհանգեցնի Հայաստանի վերջին, երկիրը կորցնում է իր անվտանգության համակարգը, հողեր են հանձնվում, ստորագրվում է մի ինչ-որ խաղաղության պայմանագիր։ Իշխանությունը ոչ մի խոստում չի կատարել։ Ստացվում է, որ պետք է նրանց ասածի ճիշտ հակառակը հասկանալ։ Մենք պետք է սկսենք նոր Հայաստանի կառուցումը։

«Մեր հասարակությունում առաջ են գալիս արդարացի հարցեր ռուսական խաղաղապահ զորակազմի դերի եւ առաքելության վերաբերյալ։

Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Մենք չենք կարող հերքել Արցախի շրջափակման ժամանակ մեզ ցուցաբերված օգնությունը, բայց եւ հարց է մնում այսպես կոչված հակաահաբեկչական գործողության անցկացման հնարավորության հարցը, որը հայտնվեց Ադրբեջանում»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Արցախի ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունքի հարցը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

«Այդ թեզը վերաբերում է առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին։ Պատահական չէ, որ ադրբեջանական դիկտատորը թիրախավորվել է հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահության դեմ»,- ավելացրել է Ղուլյանը։

Նա հիշեցրել է, որ Արցախի տարածքում շարունակվում է հայկական ժառանգության հոգեւոր եւ մշակութային ցեղասպանությունը։ Խորհրդարանի խոսնակը նշել է հայ գերիների, այդ թվում Արցախի ղեկավարների վերադարձի կարեւորությունն այդ երկու հարցերի լուծման տեսակետից։

«Պետական աջակցության բացակայությունը նրանց վերադարձի հարցում նվազեցնում է միջազգային ջանքերի արդյունավետությունը։ Բոլորը խոսում են այդ խնդրի մասին՝ Հայաստանի պաշտոնական կառույցներից բացի։ Այդ պարադոքսը անհնար է բացատրել»,- ասել է նա։

Բնակարանային ծրագիրը ե՞լք է բարդ իրավիճակից․ ո՞ւր գնալ Մասիսի մանկապարտեզից

Արցախից բռնի տեղահանված մոտ 30 ընտանիք, որ 2023-ի  հոկտեմբերից ապրում է Մասիսի N4 մանկապարտեզի վթարային շենքում, հիմա նոր կացարան են փնտրում։
2023-ի հոկտեմբերին  մանկապարտեզի դատարկ շենքը համայնքի ջանքերով արագ կարգի բերվեց․ տարրական կենցաղային պայմաններ ստեղծվեցին մարդկանց տեղավորելու համար։ Հիմա քաղաքային իշխանությունը պատրաստվում է վերանորոգել շենքը, բացել մանկապարտեզը, և դեռ ապրիլին խնդրել է այստեղ ապաստանած ընտանիքներին ազատել այն։
Ընտանիքների միայն կեսն է առայժմ տեղափոխվել։ Մանկապարտեզի շենքում մնացած ավելի քան 10 ընտանիք դեռ չի կարողանում կացարան գտնել:
«Որոշ տեղացիներ ակնարկում են, որ մեզ ոստիկանության օգնությամբ են հանելու այստեղից: Հույս ունենք, որ դրան չի հասնելու, քանի որ մինչ այսօր Մասիսի ղեկավարությունը բարյացակամ էր մեր հանդեպ», – ասում է մանկապարտեզում ապաստանած Բելլա Հայրիյանը։
2023թ-ի սեպտեմբերի 19-ից նա հիմա միայն երեխաների վախն է հիշում։ Չդադարող ռմբակոծության տակ սկզբում վազել է  տղայի հետևից դպրոց, հետո՝  մանկապարտեզ աղջկան գտնելու, հետո տուն՝ երրորդ երեխային վերցնելու և բոլորին ապահով տեղ տեղափոխելու համար։
Արդեն Մասիսում միջնեկ աղջկաս մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել, ամուսնու վաստակած գումարը հիմնականում աղջկա դեղերի վրա են ծախսում։
Մանկապարտեզի շենքում ապրող ընտանիքները կարող են դիմել արցախցիների օգնության «40+10 հազար դրամ» ծրագրին, դառնալ շահառու և տուն կամ բնակարան վարձակալել ստացած գումարով: Ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 դեկտեմբերը:
«Դուք տեսե՞լ եք նորմալ պայմաններով տների գները: Էժան տներ կարող ենք գտնել միայն հեռավոր գյուղերում, այն էլ առանց հարմարությունների: Ես չեմ կարող երեք երեխաներիս պահել մի տան մեջ, որտեղ սովորական հարմարություններ չկան: Միջնեկ երեխաս երիկամների խնդիր ունի, դրա համար մենք պետք է բնակվենք այն վայրերում, որտեղ կան բժշկական կենտրոններ»,- ասում է Բելլա Հայրիյանը։
Ռիտա Սաֆարյանը 40 տարի աշխատել է Ստեփանակերտի ծննդատանը, որպես բուժքույր։ Միայնակ մեծացրել է աղջկան, այժմ էլ թոռանն է պահում: Բռնի տեղահանման ժամանակ միայն ամենաանհրաժեշտ իրերն ու փաստաթղթերն են կարողացել վերցնել, քանի որ մեքենա չեն ունեցել։
Ռիտան  նույնպես աղջկա և թոռան հետ Մասիսի մանկապարտեզի շենքում է ապրում։ Ոչ միայն կացարան է փնտրում, այլև՝ աշխատանք․ «Սոցիալական հարցերի բաժնում ասել են, որ մենք կարող ենք «40+10 հազար դրամ» ծրագրի շահառու դառնալ, բայց պետք է սպասենք 40 օր, ո՞նց կարող ենք այդքան սպասել, եթե տանտերերը գումարը սկզբից են պահանջում,, այն էլ՝ դեպոզիտով: Մենք այդպիսի գումարներ չունենք»։
Անցած ամիս հաստատվեց բռնի տեղահանված արցախցիների բնակապահովման ծրագիրը, բայց այն նույնպես չի լուծում մանկապարտեզի շենքում տեղավորված ընտանիքների խնդիրները:
«Բնակապահովման ծրագիրը կարող է բավարարել միայն բազմազավակ ընտանիքներին։ Այն ընտանիքները, որոնք կազմված են 2-4 հոգուց, եթե նույնիսկ ստանան 5-ական մլն, դրամ, տուն գնել չեն կարողանա», – ասում  է Ռիտա Սաֆարյանը։
Մանկապարտեզի մեկ այլ բնակիչ միայնակ թոշակառու Լորենա Իսրայելյանն է, 60 հազարից մի փոքր ավել թոշակ է ստանում: Ասում է, որ  «40+10 հազար դրամ» ծրագրի շահառու դառնալու դեպքում էլ՝  իր թոշակով և այդ գումարով հազիվ տուն կվարձի, էլ ապրելու գումար չի մնա:
«Կկարողանամ արդյո՞ք որևէ տուն գնել 3 մլն կամ նույնիսկ 5 մլն սահմաներում, կարծում եմ՝ ոչ: Հուսամ՝ կառավարությունը հաշվի կառնի միայնակ մարդկանց կարիքները ևս և կտրամադրի սոցիալական տներ: Առհասարակ լավ կլինի, եթե մեզ համար ինչ-որ աշխատանք գտնվի, որպեսզի մենք ևս հարկեր վճարենք»։
Կառավարությունը  հայտնել է, որ 7 համայնքներում ցուցակագրել են այն կառույցները, որոնք պետք է վերակառուցվեն և դարձնեն սոցիալական տներ՝ նախատեսված 1000 մարդու համար: Ուսումնասիրվում է նաև մոտ 70 այլ շինություն, որոնք նույնպես հետագայում պետք է ծառայեն որպես սոցիալական բնակարաններ:
2024թ-ի հունիսի դրությամբ պետության կողմից տրամադրված ժամանակավոր կացարաններում դեռ 350 տեղահանված արցախցի է ապրում՝` 97-ը Արագածոտնի մարզում, 107-ը Շիրակում, 29-ը Լոռիում, 28-ը Սյունիքում,  27-ը Արմավիրում, 13-ը Կոտայքում և 19-ը Տավուշում:
Հիմնականում բազմազավակ կամ զոհվածների ընտանիքներ են, թոշակառուներ, հաշմանդամներ, միայնակ մարդիկ:
Ալվարդ Գրիգորյան

Մենք միայն այդ հույսով ենք դուրս եկել, վերադարձի հույսով

«Եթե այդ տարածքները տալու էին, իմաստը ո՞րն էր, որ այդքան ջահելներ տարան կոտորեցին»,- պատերազմից հետո անընդհատ իրեն այս հարցն է տալիս արցախցի Նարինե Հակոբյանը։ Ասում է՝ չի համակերպվում մարդկային կորուստների հետ, իսկ Արցախ մի օր վերադառնալու են, համոզված է։

Ծնունդով Հադրութի Տումի գյուղից Նարինեն հարս էր գնացել Մեծ Թաղլար գյուղ։ Իր գյուղի մասին այսպես է արտահայտվում. «Դրախտավայր Տումին, դա Հադրութի սիրտն է՝ թանձր անտառներով, սրբավայրերով շրջապատված։ Ես երբեք չէի էլ կարող մտածել, որ մի օր դուրս կգամ իմ հայրենիքից՝ նույնիսկ առանց մի բուռ հող վերցնելու»։

Վերհիշելով 44-օրյա պատերազմի օրերը՝ Նարինե Հակոբյանն ասում է. « Շատ սարսափելի էր, շատ արագ դուրս եկանք գյուղից, տղամարդիկ բոլորը դիրքերում էին, համարյա տղամարդ չկար գյուղում։ Ամենասարսափելին այդ անօդաչուներն էին, որովհետեւ դրանց դեմը չէինք կարողանում առնել՝ անզոր ժողովուրդը։ Իսկ տղամարդիկ զինված դիրքերում էին։ Մենք ստիպված դուրս եկանք Մեծ Թաղլարից։ Քրոջս ամուսինը պատերազմի մասնակից էր, միշտ ասում էր՝ թուրքը չի կարող ինձ հանել այստեղից, եթե հանի, միայն մահացած վիճակում։ Իր գերեզմանն էլ մնաց այնտեղ։

Մեր ու քրոջս ընտանիքին եղբայրս հանեց գյուղից, մեզ բերեց Հայաստան, որպեսզի ալյուր բարձեր ու տաներ, որովհետեւ արդեն հացի խնդիր կար։ Ոչ մի բան չհասցրեցինք վերցնել, ո՛չ փաստաթղթերը, ո՛չ այլ իրեր։ Ես դա էլ էական չեմ համարում, բայց այսքան տղաների արյունը, որը թափված է այդ հողի վրա, այդ հողն արդեն դարձրել է սուրբ հող։ Եվ այդքան զոհ ունենանք, եւ այդքան տարածքներ կորցնենք, շատ ցավալի էր»։

Նարինեն ասում է, որ երբեւիցե չի պատկերացրել, որ ընդմիշտ են դուրս գալիս գյուղից։ «Ուղղակի հրահանգ կար, որ երեք օրով երեխաներին ու կանանց պետք է դուրս հանեինք գյուղից, որից հետո կվերադառնանք։ Մենք միայն այդ հույսով ենք դուրս եկել, վերադարձի հույսով, որը ցավոք սրտի դարձավ անիրական»։

Պատերազմից հետո Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի հարցերն էին բարձրացվում։ Ասում է, որ այդ ժամանակ սպասում էին, որ իրենց կվերադարձնեն իրենց սիրելի բնակավայրեր։

«Ես մինչեւ հիմա էլ կարծում եմ, որ պիտի վերադառնանք։ Եթե մարդ իրեն ինչ-որ բանի տրամադրում է, հասնում է այդ նպատակին։ Այսօր իմ նպատակը միայն դա է։ Եթե պետք լինի, մենք նույնպես զենք կբռնենք եւ կկանգնենք մեր տղաների կողքին։ Մեր վերադարձը պետք է լինի այն պայմանով, որ մենք կարգավիճակ պետք է ստանանք, այդտեղ ոչ մի ադրբեջանցի չպետք է լինի, քանի ու իրենք երբեւիցե Հադրութում չեն ապրել ու չպիտի ապրեն։ Սա հազարամյա պատմության մեջ առաջին դեպքն է, որ հայը Արցախից դուրս է եկել։ Դա երկար շարունակվել չի կարող։ Հադրութում երբեւիցե թուրք չի ապրել, հիմա էլ չեն ապրի, որովհետեւ իրենք գիտեն, որ իրենք հող չունեն այդտեղ»,- ասաց նա։

Նարինեն Հայաստանում սեփական փոքրիկ բիզնեսն է հիմնել, փախլավա է պատրաստում ու վաճառում։ “Սկզբում շատ դժվար էր այստեղ հարմարվել՝ թե՛ բնության, թե՛ աշխատանքի առումով։ Բայց հետո հավաքեցինք մեզ, ուժերը կենտրոնացրինք, ես զբաղվում եմ հրուշակագործությամբ։ Պատրաստում եմ Հադրութի հայկական փախլավան, որը մեր հնագույն մշակութային արժեքն է։ Դեռ տատս էր ասում՝ փախլավան մեծ պահքից հետո էին հանում ուտում, քանի որ օրգանիզմը շատ հյուծված էր։ Ունեմ տեսականի, բացել եմ ԱՁ եւ տանից աշխատում եմ։ Ճիշտ է, քիչ քանակությամբ եմ արտադրում, բայց իրացում կա, կարողանում ենք օրվա հացը վաստակել։ Ես կարծում եմ, որ կյանքը շարունակվում է, ես շարունակում եմ պատրաստել իմ Հադրութի անմահական խմորեղենը, քանի որ խոստացել եմ, որ մի օր հենց Հադրութում պիտի մեծ հյուրասիրություն կազմակերպեմ եւ ծանոթ-անծանոթներին, ովքեր ամեն քայլափոխի աջակցել ու կարեկցել են մեզ, սրտացավ են եղել, հրավիրեմ»,- ասում է նա։

Նարինեի ընտանիքը 44-օրյա պատերազմի ու Հադրութի օկուպացիայից հետո տեղակայվել է Արարատի մարզի Սիս գյուղում։ Ամուսինը՝ Արմեն Ոսկանյանը, մեղվաբուծությամբ է զբաղվում։ Նույն գործունեությունը ծավալել է նաեւ Մեծ Թաղլարում։  Հիշելով իրենց գյուղը՝ Արմեն Ոսկանյանն ասում է. «Հադրութի շրջանի ամենամեծ գյուղն էր՝ բերքը առատ, լի զբոսաշրջիկներով։ Մենք երբեք չէինք պատկերացնում, որ Արցախից վերջնական ենք դուրս եկել։ Եթե պատկերացնենք, հենց նույն օրը կավարտվի մեր կյանքը»։

Ու թեեւ Արարատի մարզում նույն բնությունն ու պայմանները չկան, ինչ Հադրութում է, բայց փորձում են հարմարվել ու զարգացնել իրենց բիզնեսը։

«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման. EU4IMPACT Armenia»  ծրագրի շրջանակներում Արմեն Ոսկանյանը վեցամսյա դասընթացների է մասնակցել, ստացել է 3,5 մլն դրամ աջակցություն՝ բիզնեսը զարգացնելու համար։ Ծրագիրն իրականացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից։

Ռոզա Հովհաննիսյան

Ուկրաինական «կարգավորումը» մտնում է վճռական փուլ. Կիևը մերժել է Պուտինի «առաջարկը»

Հունիսի 15-ին Շվեյցարիայում մեկնարկում է Գլոբալ խաղաղության գագաթնաժողովը, որը կազմակերպել է Ուկրաինան։ Դրան կմասնակցի 92 երկիր։

Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չի եղել։ Սրա պատճառով Չինաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել։ Զելենսկին արդեն ժամանել է Շվեյցարիա՝ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա նշել է, որ միջոցառման օգնությամբ ինքը մտադիր է «վերջ դնել պատերազմներին, ագրեսիաներին և գաղութային օկուպացիային»։

Հայաստանը գագաթնաժողովին ներկայացված կլինի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մակարդակով։

Ուկրաինական «կարգավորումը» մտավ վճռական փուլ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և մի շարք այլ կարևոր երկրներ հայտարարեցին Ռուսաստանի տարածքին ուկրաինական զինված ուժերի հարվածների արգելքը վերացնելու մասին, ինչպես նաև այն բանից հետո, երբ Մակրոնն ասաց, որ Ֆրանսիան նույնպես միջուկային տերություն է, և այն մտադիր է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա։ Այսպիսով, փորձագետների կարծիքով, Պուտինի միջուկային սպառնալիքը չեզոքացվեց։ Ու թեև նա մարտավարական միջուկային զորավարժություններ է անցկացնում Բելառուսում, սակայն հայտարարում է, որ Ռուսաստանը միջուկային հարվածներ չի հասցնի։

Երեկ կայացվել է ևս մեկ կարևոր որոշում, որը նախկինում տաբուի տակ էր՝ Պուտինի հնարավոր միջուկային պատասխանի պատճառով։ «Ռուսաստանը պետք է դադարեցնի իր ապօրինի ագրեսիվ պատերազմը և վճարի Ուկրաինային պատճառված վնասի համար, որը, ըստ Համաշխարհային բանկի, կազմում է ավելի քան 486 միլիարդ դոլար»: Այս մասին ասված է G7 երկրների կոմյունիկեում Իտալիայում կայացած գագաթնաժողովից հետո։

Երկրի ղեկավարները նաև ընդգծել են, որ իրենց իրավասություններում գտնվող Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները կմնան սառեցված։

Հունիսի 13-ին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինային մինչև 50 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, որը կֆինանսավորվի ռուսական սառեցված ակտիվներից ապագա եկամուտներից։ «Մեծ յոթնյակի» երկրները այդ եկամուտներով ապահովված գումարները կփոխառեն հատուկ հիմնադրամին, իսկ Ուկրաինան այն կստանա դրամաշնորհի տեսքով։

Իսկ հունիսի 12-ին Մոսկվայի բորսան ընկավ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Բորսան հայտարարեց, որ դադարեցնում է դոլարի և եվրոյի առևտուրը։

Միևնույն ժամանակ, հունիսի 14-ին Եվրամիությունը չկարողացավ համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի շուրջ, քանի որ Գերմանիային չբավարարեց պատժամիջոցները խախտելու համար եվրոպական ընկերությունների պատասխանատվության մասին կետը։ Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է ռուսական հեղուկ բնական գազի տեղաշարժի արգելք։

Եվրամիության դեսպանները հաստատել են ուկրաինական պետության՝ դաշինք մտնելու շուրջ բանակցային շրջանակը։ Արդյունքում բանակցությունները կսկսվեն այս տարվա հունիսի 25-ին։ Հունգարիան այսուհետև չի արգելափակի բանակցային շրջանակը ուկրաինական պետության և Մոլդովայի համար, և փոխզիջումային տեքստն արդեն համաձայնեցված է։

Մինչդեռ Պուտինը Շվեյցարիայում Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախօրեին առաջարկել է զինադադար, սակայն դրա դիմաց պահանջել է դուրս բերել ուկրաինական բանակը մասնակիորեն օկուպացված Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից։ Պուտինը նաև պահանջել է Ուկրաինայից հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և ասել, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած պահի։

Կրեմլի կառավարիչ Պուտինի, այսպես կոչված, «խաղաղության առաջարկը», որով նա պահանջում է Ուկրաինայի չորս շրջանները տրամադրել Ռուսաստանին, վերջնագիր է, որը ոչնչով չի տարբերվում նրա նախկին հայտարարություններից։ Այս մասին իտալական Sky TG24-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Նախագահը զգուշացրել է, որ Պուտինը չի դադարեցնի իր ելույթը, նույնիսկ եթե իր պահանջները կատարվեն, և ռուս դիկտատորին համեմատեց Հիտլերի հետ, ով ժամանակին պահանջում էր Չեխոսլովակիայի մի մասը՝ պնդելով, որ դա իր վերջին տարածքային հավակնությունն էր Եվրոպայում, բայց հետո հետևեց Լեհաստանի և այլ երկրների օկուպացիան։

Այդ կապակցությամբ Ուկրաինայի նախագահը դաշնակիցներին կոչ է արել չվստահել Կրեմլից եկող հաղորդագրություններին։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը նույնպես խոսել է Պուտինի պահանջների մասին. Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է, որ Կրեմլի կառավարիչը իրավունք չունի պայմաններ թելադրել Ուկրաինային խաղաղության հասնելու համար։ Եթե ​​Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը, ապա նա պետք է զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից, ընդգծել է Օսթինը։