Հագուստի սեփական բրենդ ունենալու գաղափարը ծագեց դեռ 2022 թվականին, երբ Դիանան, Գայան և Լուսինեն երկար մտորումներից հետո որոշեցին սկսել բոդիների արտադրութուն:
“Այդ ժամանակ մենք ամեն ինչ ունեինք. ե՛ւ կոնկրետ գաղափար, ե՛ւ գիտելիք, լոգո, փորձնական բոդիներ, ֆինանսներ, բայց սկսվեց շրջափակումը։ Շրջափակման ժամանակ բացվելու փորձը ձախողելուց հետո որոշեցինք հետաձգել մինչև այդ ամենը ավարտվեր”,- ասում է Դիանան։
“Իրիքնակը” շատ դժվար ծնվեց։ 2023 թվականի պատերազմից ու տեղահանումից հետո դժվար էր ոգեշնչում գտնել, մի պահ նույնիսկ աղջիկները հրաժարվեցին այդ գաղափարից և փորձեցին արծաթյա զարդերի արտադրություն սկսել, որը ձախողվեց։
Երկարատև փնտրտուքներից հետո ճակատագիրը նրանց վերադարձրեց նախնական մտքին` Իրիքնակին։ “Անվան մասին էլ ենք շատ մտածել։ Ուզում էինք անպայման բարբառային լինի, կամ ինչ-որ տեղանվան անուն, բայց ոգևորվելով «Հորովել» երգից և արևի լույս ու ջերմություն պարգևելուց, կանգ առանք Իրիքնակի վրա”,- ասում է Դիանան։
Վերջերս թողարկվել է բրենդի առաջին հավաքածուն, որը խորհրդանշում է Հադրութը, իսկ առանձին գույներ Հադրութի գյուղերի անուններն են կրում։
Իրիքնակի ինստագրամյան էջում աղջիկները պարբերաբար պատմում են Արցախի սրբավայրերի և տարբեր վայրերի մասին։ Պլաններում հագուստի վրա զարդանախշեր ավելացնելն է, ինչն ավելու ու ավելի շատ Արցախ կպարունակի իր մեջ։
Չնայած Իրիքնակը լույս աշխարհ տեսավ տեղահանումից հետո, բայց այն միանշանակ արցախյան բրենդ է։ «Իրիքնակը» պատմություն է, թե ինչպես 3 տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացան հասնել երազանքի, անկախ բոլոր դժվարությունների և տնից հեռու գտնվելուն։
Անուշ Պետրոսյանը Շուշիից է: Հայրենի քաղաքի կորստից հետո 2020-ին տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղից 2-րդ անգամ տեղահանվել է 2023 թ. սեպտեմբերին:
Կարոտը դեպի հայրենիք նրա մեջ անընդհատ արթնացրել է Արցախի մասին պատմելու ցանկությունը, որը նա արտահայտում է «Տանան նիգյարան» փոդքասթի միջոցով:
Նախագիծն իրականացվում է «Մեդիա նախագծերի կենտրոնի» աջակցությամբ: «Տանան նիգյարան» նախագծի գլխավոր նպատակը արցախյան գյուղերի ու քաղաքների, այնտեղ ապրած մարդկանց մասին փաստերն ու պատմությունները վավերագրելն է, նաև առիթ է շփվել արցախցիների հետ, ինչ-որ ձևով մեղմացնելով կարոտը, քանի որ Արցախը դա ոչ միայն քաղաքներ և գյուղեր են, այլև մարդիկ, որոնցից յուրաքանչյուրում մի Արցախ կա:
«Փոթքասթի միտքը ծագել է վերջին տեղահանումից հետո։ Շուշիի կորստից հետո սկզբնական շրջանում հաճախ էին խոսում քաղաքի մասին, հետո հասկացա, որ ցավը բթանում է, իսկ մարդիկ ստիպված հարմարվում են: Հետո, երբ կորցրեցինք Արցախն ամբողջությամբ, մտածեցի` ինչ կարելի է անել Արցախի մասին արցախցիների համար։ Քանի որ նախորդ աշխատանքիս բերումով հաճախ էի լինում Արցախի տարբեր բնակավայրերում, ինձ մոտ միտք առաջացավ ստեղծել այս զրույցների շարքը հենց արցախյան գյուղերի ու քաղաքների մասին»:
Անուշն անկեղծանում է՝ չէր կարող չսկսել Շուշիից։ Եվ այո, երբ խոսում ես Արցախի մասին, մշակույթի մասին, առաջինը հենց Շուշին է, իր ողջ հմայքով, նեղլիկ, քարքարոտ փողոցներով, որտեղ ամփոփված էր մի հսկայական պատմություն: Դժվար է չսկսել Շուշիից:
Փոդքասթը դա ոչ միայն կարոտի, հուզականի մասին է, այլև Արցախի պատմության վավերագրումն է, յուրօրինակ արխիվի ստեղծում. «Հիմքում բնակավայրի ու տան մասին պատմությունն է` որտեղ է ծնվել տվյալ հյուրը, ինչպիսին էր իրենց տունը, ինչն է կարոտում ամենաշատը, բայց չեմ ուզում շեշտը դնել միայն հուզական մասի վրա։ Խոսելու ենք նաև տվյալ բնակավայրի պատմության, այնտեղ եղած մշակութային կոթողների, նրանց ներկայիս ճակատագրի մասին։ Խոսելու ենք նաև այն մասին, թե ինչպիսին էր կյանքը տվյալ բնակավայրերում պատերազմների արանքում, ինչ ճակատագրի արժանացան պատերազմների ժամանակ տվյալ բնակավայրն ու նրա բնակիչները, ինչ հերոսական դրվագներ կան բնակավայրի հետ կապված»:
«Նաշ դոմը» վերսկսում է աշխատանքը զբաղվածության ուղղությամբ։ Պարբերաբար կհրապարակենք թափուր աշխատատեղեր։ Եթե ձեզ դուր եկավ գովազդը, կարող եք գրել ավելի կոնկրետ տեղեկությունների համար»։ Այս մասին գործակալությունը հայտնել է սոցցանցերում։
Step1-ի հետ զրույցում «Նաշ դոմ» գործակալության հիմնադիր և տնօրեն Անահիտ Թովմասյանը նշել է. «Քանի որ արցախցիները հաճախ են դիմում գործակալություն, որոշել ենք վերսկսել աշխատանքը Երևանում։ Սկզբում մենք զբաղվելու ենք զբաղվածության խնդիրներով, սակայն ժամանակի ընթացքում կսկսենք դիտարկել անշարժ գույքի թեման։ Մենք կփորձենք աշխատել նույն արժանապատվությամբ, ինչպես Արցախում և աջակցել մեր հայրենակիցներին»։
Փաշինյանը կադրեր է հրապարակել Լոնդոնում հեծանվային զբոսանքից։
Վերջին շրջանում նա հեծանվային “կախվածություն” է ձեռք բերվել՝ հեծանիվ է քշում Երևանում, Բեռլինում, Լոնդոնում։ Ստացվում է, որ նա իր հետ այցելությունների ժամանակ տանում է ոչ միայն իր հեծանվային համազգեստը, այլեւ սաղավարտը։
Այն, որ Փաշինյանը հեծանիվ է քշում, դա իր անձնական գործն է, բայց ինչո՞ւ է նա ամեն անգամ նկարում դա և տեղադրում իր կայքում։ Ո՞րն է Փաշինյանի նպատակը։ Երեւանում պարզ էր, որ նա ցանկանում է ցույց տալ ժողովրդին իր մտերմությունը, Երևանով մեկ ազատ շրջելու հնարավորությունը։ Բայց եվրոպական մայրաքաղաքներում ու՞մ է նա զարմացնում իր հեծանիվով:
Բոլորը կհիշեն՝ 2018 թվականին, երբ Փաշինյանը դարձավ վարչապետ, նա նկարահանում և ցուցադրում էր ամեն ինչ վարչապետի նստավայրում՝ ընդհուպ մինչև զուգարան։ Մարդիկ զարմացած հարցնում էին, թե ինչու է նա ցույց տալիս զուգարանի սալիկները։
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա: Հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն:
Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կապանի հրաձգարանի հարակից տարածքում մահացածը 64-ամյա քաղաքացի է: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից՝ մանրամասներ ներկայացնելով պայթյունի դեպքից:
«Հուլիսի 20-ին՝ ժամը 18.45-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի հրաձգարանի հարակից տարածքում դի կա:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ:
Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, 64-ամյա քաղաքացին մահացել է պայթյունի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են»,-ասվում է հաղորդագրությունում:
Մինչ Փաշինյանը գրեթե մեկ ամսով արձակուրդ է գնացել եւ իր հեծանիվով զարմացնում է եվրոպական մայրաքաղաքների բնակիչներին, Ալիեւը վերջնագրի քողի տակ ի ցույց է դնում թույլ տեղերը եւ վախերը։
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով՝ տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է»,- օկուպացված հայկական Շուշիում հայտարարել է Ալիևը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։
Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։ Նա ասել է, որ նախ եւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով։ Հայաստանը համաձայն չէ սրան։ Երկրորդը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն»։
«Բանն այն է, որ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։ Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումը անհնարին է։ Սահմանադրությունն ավելի բարձր է քան որևէ միջազգային պայմանագիր։ Մենք չենք ցանկանում հայտնվել մի իրավիճակում, երբ նրանք կմտափոխվեն և մենք ստիպված կլինենք անել այն, ինչ արդեն մեկ անգամ արել ենք՝ սեպտեմբերին», – հայտարարում էր Ալիևը։
«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ», – ասել է Ալիևը։
«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են», – պնդում էր Ալիևը՝ հատուկ ընդգծելով՝ «ես խորապես համոզված եմ, որ այդ օրը կգա»։
Փաստորեն, Ալիեւը խոստովանում է, որ ոչ մի պատերազմով, կեղտոտ դաշինքներով հնարավոր չէ փոխել իրավական իրողությունները՝ արմատների արմատը։ Մինսկի խմբի մանդատը հետ չի կանչվել, ուրեմն՝ միջազգային հանրությունը Արցախի խնդիրը չի համարում լուծված։ Ինչ վերաբերվում է այն պնդմանը, որ “Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը”, ապա դա բյուրեղացրեց իրավական հիմքը եւ բոլորին ի ցույց դրեց, որ 1989 թ․ Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին որոշումը միակ իրավական հիմքն է։
Խոսելով “ադրբեջանցիների վերադարձի” մասին, Ալիեւն ուղղակի փորձում է շանտաժ անել, սակայն թույլ տեղերն արդեն ի ցույց են դրված, եւ Ալիեւի վախը բռնված է։ Մնում է Հայաստանի քաղաքական դասը դա հասկանա։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկատվություն է ներկայացրել բուհերին հատկացված պետական պատվերով և վճարովի տեղերի համալրման վերաբերյալ՝ նշելով, որ թափուր են մնացել ավելի քան 6300 վճարովի և 271 պետական պատվերով տեղեր:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել է թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը, որի մասին պաշտոնական հայտարությունը նախատեսվում է հրապարակել սահմանված ժամկետներում: Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել դրական միավորներ ունեցող դիմորդները:
Հանրապետության տարածքում` հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 20-ի ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3, 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +31+33։
Իրանը արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենք ստեղծելուն, ուրբաթ՝ հուլիսի 19-ին Կոլորադոյում Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսել ենք, որ Իրանը իսկապես առաջընթաց է գրանցում» տրոհվող նյութերի մշակման հարցում, որը կարող է օգտագործվել որպես միջուկային զենքի վառելիք, Բլինքենի խոսքերը մեջբերում է AFP-ն:
Միաժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու համար։ «Միջուկային զենքի համար տրոհվող նյութեր արտադրելու բեկումնային հնարավորություններ ունենալու փոխարեն առնվազն մեկ տարու փոխարեն դրանց հավանաբար մեկ կամ երկու շաբաթ են մնացել», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Իրանը դեռ ինքը չի ստեղծել այդ զենքը, ասաց նա, «բայց դուք միավորում եք այս բաները՝ տրոհվող նյութեր, պայթուցիկ սարք, և դուք միջուկային զենք ունեք», – ավելացրեց նա:
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ելույթ ունենալով նույն ֆորումում, ասաց, որ Վաշինգտոնը նկատել է «իրանցի պաշտոնյաների հրապարակային մեկնաբանությունների աճ, որոնք ենթադրում էին այդ հնարավորությունը»՝ Իրանի և նրա դաշնակիցների կողմից Իսրայելի վրա ապրիլյան հարձակումներից հետո:
Այն պահին, երբ հանրապետականներն արդեն առաջադրել են Թրամփին որպես նախագահի թեկնածու, և Ջո Բայդենը կարծես թե դուրս չգա ընտրապայքարից, դեմոկրատների վարչակազմը բարձրացնում է պայքարի աստիճանը: Բացի այդ, երեկ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների բռնակցումն անօրինական է համարել՝ պահանջելով փոխհատուցում վճարել։
Ի՞նչն է նախորդում Բլինքենի հայտարարությանը և ինչի վերջնաժամկետն է սահմանվել 1-2 շաբաթ։
Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Էջմիածնից, Հրազդանից, Աշտարակից, նրանք ամեն շաբաթ հավաքվում են Երեւանում: Արցախի հեղինակային Երգի «Երանգ» ակումբը պատրաստվում է համերգի և հիմա վերջին փորձերն են անում: Բռնի տեղահանումից հետո սա առաջին համերգը կլինի:
Հենց համերգի ժամանակ էլ կորոշեն՝ կբացե՞ն ակումբը կրկին, թե՞ այլեւս ոչ։
Հեղինակային երգի «Երանգ» ակումբի առաջին վերածնունդը Արցախում էր, 2020թ. 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ պատերազմում զոհված ընկերոջ հուշ-երեկոյին: Այդ օրը հասկացան, որ ակումբը պետք է գործի:
Ամեն ինչ սկսվեց Շուշիում
Ավելի քան 10 տարի առաջ երաժշտության ուսուցիչ Ջուլետտա Առուստամյանը կիթառի խմբակ բացեց եւ 9-10 տարեկան երեխաների ընդունելություն սկսեց: Նրանց հետ աշխատանքի ընթացքում էլ հասունացավ հեղինակային երգի ակումբ ստեղծելու գաղափարը: Աշակերտներն արդեն պատանեկան տարիքում էին, այդ միտքը նրանց շատ ոգևորեց, սկսեցին քրտնաջան աշխատանքը:
Ջուլետտա Առուստամյանն Արցախում հայտնի է որպես հատուկ մեթոդներով աշխատող ուսուցիչ։ Երեխաները նրան հարգում և սիրում են, իսկ ծնողները ձգտում են, որ հենց նա ուսուցանի իրենց երեխաներին: Ջուլետտան, որ ինքն էլ տարբեր երգերի և ալբոմների հեղինակ է, դարձավ Արցախի հեղինակային երգի ակումբի հիմնադիրը եւ նրա ամփոփոխարինելի ղեկավար:
«Հուլիսի 1-ին մեր ակումբը նշեց իր 8-ամյակը: 8 տարի առաջ, հենց այդ օրը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առաջին անգամ ներկայացրեցինք մեր կատարումները և հայտարարեցինք ակումբի ստեղծման մասին: 20 հոգի էինք, բայց ակտիվ աշխատում էին 12 -ը: Շատ էինք ելույթներ ունենում և սկսեցինք մտածել ակումբի գրանցման մասին: Սակայն 2020թ. պատերազմը խափանեց մեր բոլոր նպատակները: Ռմբակոծություններ, ապաստարան, հետո նաեւ անսպասելի տարհանում, չկարողացանք անգամ մեր երաժշտական գործիքները մեզ հետ վերցնել»։
Պատերազմից հետո ակումբի երաժիշտների մի մասը մնաց Հայատանում, մյուս մասը վերադարձավ Ստեփանակերտ: Մի կողմից՝ Շուշիի կորուստը և մյուս կողմից՝ մեր ամենատաղանդավոր ընկերոջ՝ Արենի զոհվելը, խորը ցավ թողեց մեր սրտերում: Արենը ժամկետային զինծառայող էր, զոհվեց 44-օրյա պատերազմում:
Հայաստանի լավագույն բարդ երգիչներից մեկը՝ Արեգ Նազարյանը, մեզ նոր կիթառներ նվիրեց եւ ամեն ինչ արեց, որ Արցախի հեղինակային երգի ակումբը շարունակի իր աշխատանքը:
Սկսեցինք պատրաստվել Արենի հուշ-երեկոյին: Այն տեղի ունեցավ 2021 թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում: Դահլիճը լեփլեցուն էր, շատերը կանգնած էին լսում կատարումները:
«Ես անսահման շնորհակալ եմ Աստծուց, որ այդ համերգը կազմակերպելու ուժ եւ հնարավորություն տվեց մեզ: Մենք կարողացանք արժանի հրաժեշտ տալ Արենին, և մյուս մեր զոհված տղաներին՝ մի բան, որ չէինք հասցրել անել 44-օրյա պատերազմի չդադարող ռմբակոծությունների տակ: Արենի ծնողների դեմքին էլ թեթև մխիթարանք իջավ։ Այդ երեկոյի ժամանակ որոշեցինք, որ ակումբը պետք է գործի՝ հանուն Արենի և հանուն Շուշիի․․․»
2023 թ. պատերազմը և դրան հաջորդած բռնի տեղահանումը դաժան փորձություն էր բոլորի համար: Արցախցիները սփռվեցին Հայաստանի տարբեր բնակավայրերում, բայց ամենադաժանը հայրենիքի կորուստն էր: Երգահանները պահում էին կապը միմյանց հետ, բայց ակումբի վերածննդի մասին չէին էլ մտածում: Բացի այդ՝ մնացել էին առանց գործիքների։ Այս անգամ ևս նրանց օգնեցին ընկերները:
Արեգ Նազարյանն առաջարկեց նոր համերգ կազմակերպել, ծանոթացրեց նրանց Գագիկ Ղազարյանի հետ, ով փորձերի համար տարածք տրամադրեց «ԲԱՑ հարթակում»: Սկսվեցին առաջին փորձերը․․․
Համերգը տեղի կունենա 2024-ի հուլիսի 27-ին: Հասույթով ակումբի համար կիթարներ ձեռք կբերեն: Այդ օրը կհայտարարվի նաեւ ակումբի 2-րդ վերածննդի մասին: Ֆինանսական դժվարությունները հնարավորություն չեն տալիս երկարաժամկետ ծրագրեր կազմել, բայց հույս ունեն, որ ամեն ինչ կստացվի, և Արցախի հեղինակային երգի «Երանգ» ակումբը երկարաժամկետ ֆինանսավորման առաջարկ կստանա:
«Մենք կամավորական հիմունքներով գործում ենք արդեն 8 տարի։ Ես հավատում եմ, որ մենք վաղուց ապացուցել ենք մեր արժեքը։ Տասնամյակներ շարունակ պետական ֆինանսավորում ստացած բազմաթիվ խմբեր Արցախի գաղթից հետո չեն հավաքվել, բայց մենք դա արեցինք։։»
Ֆինանսավորումը Արցախի մշակութային կոլեկտիվների գլխավոր խնդիրն է:
Արցախում գործում էին տասնյակ մշակութային և երաժշտական խմբեր: Բռնի տեղահանումից հետո նրանք մնացել են առանց ֆինանսավորման: Շատերը չեն կարողացել իրենց հետ բերել ոչ գործիքները, ոչ բեմական հագուստը և հնարավորություն չունեն շարունակելու իրենց գործունեությունը:
Որոշ խմբեր փորձում են շարունակել աշխատանքը հասարակության աջակցությամբ, մյուսները կարողացել են որոշակի օգնություն գտնել:
AGBU բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ կշարունակի Արցախի կամերային ակումբի ֆինանսավորումը: Համահայկական բարեգործական ֆոնդից ֆինանսավորվում է Արցախի պարի պետական անսամբլը: Քայլեր են ձեռնարկվում Արցախի մանկապատանեկան երգչախմբի ստեղծման ուղղությամբ: Մոտ օրերս Արցախի ջազ ակումբը հանդես կգա նոր համերգով, որին աջակցում է նորաստեղծ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը: Կենտրոնին միացել են 10-ից ավելի երաժշտական և պարային խմբեր: Գարնանը կենտրոնը մեծ համերգ էր կազմակերպել և նախաձեռնել դրամահավաք, որը շարունակվում է մինչև հիմա:
Հուլիսի 19-ին Երևան քաղաքում մեկնարկել է “RestoFest” “Ռեստորանային օրեր” եռօրյա փառատոնը։ Ռեստորանային օրերին զուգահեռ ներկայացվում են նաև ձեռքի աշխատանքներ, կազմակերպվում է ցուցահանդես-վաճառք։
Յուրահատուկ փառատոնին միացել են նաև մի շարք արցախցիներ, որոնց տաղավարներն անմիջապես աչքի են զարնվում։ Տաղավարների արցախյան կոլորիտը, քաղցրածոր բարբառն ու գեղեցիկ վերաբերմունքը միանգամից գրավում է այցելուների ուշադրությունը։ Արցախյան հրուշակեղենի, անարատ բնական մեղրի, արցախյան փախլավայի, գաթայի ու ժենգյալով հացի կողքով ոչ ոք անտարբեր չի անցնում։
Ստեփանակերտցի Լորա Պողոսյանը ներկայացել է իր ձեռքով պատրաստած արցախյան փախլավայով, գաթայով ու բադամբուրիով, որոնց ախորժելի տեսքը խոսում էր նաև համի մասին։ Տիկին Լորան տեղահանվելուց հետո սկսել է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ։ Այստեղ դա նրա եկամուտի հիմնական աղբյուրն է դրաձել։ Նրանց տաղավարում արցախցի Լենա Մաթևոսյանը ներկայացնում է մրգային չրեր ու խոտաբույսեր։
Մարիամ Միրզախանյանը Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից է տեղահանվել․
-Ներկայացնում ենք “Հաթերք-Ֆուդ” ըներությունը և Էկո-տուրիզմը Արցախում նախաձեռնությունը։ Արցախի Հաթերք գյուղում 6 տարի առաջ հիմնադրված “Հաթերք-Ֆուդ” ըներությունն ունի մեղրի 25 տարբեր տեսակներ, թթի դոշաբ, և Հաթերքը միակ հայկական բրենդն է, որ 16 անգամ աշխարհի տարբեր միջազգային մրցույթներում գրավել է պատվավոր առաջին հորիզոնականները։ Վերջին մրցանակը ստացել ենք Լոնդոնից՝ մեկ շաբաթ առաջ։ Միաժամանակ այսօր ներկայացնում ենք արցախյան ժենգյալով հացը, որը թխում են հաթերքցի կանայք։ Աշխարհը պետք է ճանաչի արցախցու ձեռքի ստեղծածը։
Տաղավարներից մեկում Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղից 2020 թվականին տեղահանված Միհրան Բաղդասարյանի հիմնած Taste of Artsakh– ի արցախցի կանայք ժենգյալով հաց էին թխում։ Ուրախալի էր տեսնել մարդկանց բազմությունը, որ անպայման ուզում էին համտեսել արցախյան անմահական ուտեստը։
Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Մարիաննա Պետրոսյանը տեղահանավելուց հետո որոշել է զբաղվել բիզնեսով։ Բամբակյա պարաններից պատրաստում է տարբեր տեսակի պայուսակներ, զամբյուղներ, տնային իրեր։ Արտադրանքը իրացնում է անհատական պատվերների և նմանատիպ ցուցահանդեսների միջոցով։ 5 ամիս առաջ է ստացել այս ցուցահանդեսին մասնակցելու հրավերը և նախապատրաստվել է հավուր պատշաճի։ Մարիաննան գոհ է օրվա վաճառքից։
Արցախցի ձեռներեցները համոզված են՝ առաջիկա 2 օրերի ընթացքում կկարողանան բավարար չափով սեփական արտադրանք իրացնել։
Արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացն աստիճանաբար թափ է հավաքում. ինչպես հայտնի դարձավ, քաղաքացիություն ստացած արցախցի շուրջ 30 ընտանիք բնակարանային աջակցության ծրագրով արդեն դիմումներ է ներկայացրել։ Քաղաքացիություն ստացածները կմասնակցեն Հայաստանում ընտրություններին` արտահերթ կամ հերթական, եւ ավելի քան 100 հազար արցախցիների ձայնը կարող է կարեւոր դեր խաղալ։ Այս ձայների որսը արդեն սկսվել է։
Սկզբում Հայաստանում չէին ճանաչվում արցախցիների հայկական անձնագրերը, որպեսզի զայրացած արցախցիները քաղաքական ու ընտրական իրավունք չստանան։ Դրանով էր պայմանավորված նաեւ Արցախի իշխանությունների, ինչպես նաև արցախցիների՝ որոշումների կայացման մասնակցության տոտալ բոյկոտը։
Հիմա զայրույթը փոքր-ինչ հանդարտվել է, Արցախի ղեկավարությունը վարկաբեկված ու քայքայված է, և եկել է «քարերը հավաքելու» ժամանակը։
«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում տեղի է ունեցել փակ խորհրդակցություն՝ Արցախի քաղաքական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Շահրամանյանն իր հայրենակիցներին՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, կոչ արեց միասնականություն դրսևորել։ Ըստ ամենայնի, Շահրամանյանի խոսքերը՝ թիմերի չբաժանվելու և ընտրություններում կողմերի մեկին միասնական աջակցելու կոչ էր։
Ասվածը հիմնականում ուղղված էր «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանին, ով հայտարարեց, որ առաջիկայում, հենց միասնության գաղափարն իրականացնելու համար, գործուն քայլեր է ձեռնարկելու։Ներկաները հասկացան, որ Սամվել Բաբայանը մտադիր է Հայաստանում առաջիկա ընտրություններին մասնակցել։
Այսինքն՝ Սամվել Բաբայանը մտադիր է ստեղծել Արցախյան կուսակցություն (գուցե այլ անուն կունենա) և, ըստ ամենայնի, ձայներ բերել ներկայումս իշխող Քաղաքացիական պայմանագրին։ Եթե Փաշինյանի ընդդիմախոսների հիմնական փաստարկն այն է, որ քանի դեռ Հայաստանում գործող իշխանությունը չի փոխվել, Արցախի ժողովրդի խնդիրները չեն լուծվելու, ապա, օրինակ, Բաբայանի փաստարկը կարող է լինել այն, որ արցախցիների խնդիրները չեն լուծվելու, քանի դեռ կապ չի հաստատվել իշխող ուժի հետ, և ավելի լավ կլինի, եթե Արցախի ժողովուրդը օրինական կերպով մասնակցի որոշումների կայացմանը։
Թե ինչ լուծումներ են նրանք առաջարկվում (խոսքը սոցիալական ծրագրերի մասին չէ, այլ քաղաքական և իրավական խնդիրների մասին) դեռ հայտնի չէ, սակայն, ինչպես գրում էին հայկական լրատվամիջոցները, Սամվել Բաբայանը վերջին շաբաթներին հավաքագրում էր արցախցիներին՝ խոստանալով վերադարձ Արցախ։Բաբայանի հարազատները նրա անունից ասում են, որ եթե 2000 մարդ հավաքվի, նրանք կվերադառնան Ստեփանակերտ՝ պատրաստակամություն հայտնելով ապրելու իրենց հայրենի հողում՝ Ադրբեջանի տիրապետության տակ։
Արցախի քաղաքական շրջանակները վստահ են, որ Բաբայանի ծրագիրը դատապարտված է ձախողման, և նույնիսկ 200 մարդ չի համաձայնի վերադառնալ Արցախ՝ առանց անվտանգության երաշխիքների։ Ինչպես գրում են թերթերը, Սամվել Բաբայանի նպատակը ոչ այնքան վերադառնալն է, որքան արցախցիներին «կտրել» հակակառավարական ցույցերից և ստիպել ապրել վերադարձի հույսով՝ չինտեգրվելով հայաստանյան քաղաքական տարածքին։
Նույն վերադարձի մասին խոսում են նաև Վարդան Օսկանյանին իրենց խոսափող ընտրած ուժերը, որոնք կենտրոնացած են ոչ թե քաղաքական կարգավիճակի կամ 1989-ին արդեն իսկ իրացված ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի իրավասության տակ «վերադարձի իրավունքի» վրա։
Այս բոլոր «շարժումներն» ու կուսակցությունները նպատակ ունեն թաքցնել եւ անտեսել Հայաստանում արցախցիների բնակության միակ իրավական հիմքը՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի որոշումը, որը Ալիևը համառորեն պնդում է չեղյալ համարել։ Մինչ օրս ոչ մի հայկական կուսակցություն, այդ թվում՝ արցախյան, չի պահանջել այս որոշման կատարումը։