Forrights. «Տեղը հեռու էր, խնձորը գցեցի, բայց չեմ իմանում, կպավ-չկպավ»

Forrights

Երևանի Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքի 71-ամյա բնակիչ Ալբերտ Առուստամյանը,  որն անցյալ շաբաթ վարչապետի գլխին խնձոր էր նետել 9-րդ հարկի պատուհանից, 70 տարի ապրել է Ստեփանակերտում։ Այսօր Ալբերտի 8 հոգանոց ընտանիքը Երևանում է, վարձով տանը։ Ալբերտ Առուստամյանն ասում է, որ ոչ մեկի հետ չի շփվում։

Վարչապետի գլխին խնձոր նետելուց հետո, երբ ամբողջ Երևանը սոցցանցերում իրեն էր քննարկում, Ալբերտին ոչ ոք չի մոտեցել, հարցուփորձ չի արել, որովհետև այստեղ՝ Երևանում նա ծանոթներ համարյա չունի, ապրում է մեկուսի կյանքով։

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է։ Հայրենիքը, իր և որդու տները կորցնելուց հետո արցախցի բռնի տեղահանվածներին բնորոշ դեպրեսիվ, անկումային տրամադրության մեջ է, «անջատված» ապրում է, օր է լուսացնում։  Չի աշխատում, ունի բազմաթիվ նյութական խնդիրներ, ինչպես արցախից տեղահանվածների մեծամասնությունը։

Forrights.am-ի հետ զրույցում Ալբերտ Առուստամյանը պատմեց, որ խնձորը վարչապետի ուղղությամբ նետել է ի նշան բողոքի։ Դա էլ իր բողոքի ակցիան է եղել։

«Հեռուստացույց յեշելիս տեսա, խաշլամա ա ուտում Փաշինյանը, երեխին ասեցի՝ կանալը փոխի, չղայնացա, էլի, բա էս վիճակում երկիրը, ինքը  խաշլամա ա ուտում։ Ոնց որ տան վիճակը վատ լինի, տղամարդը գնա, մի տեղ կայֆավատ ըլնի։ Դուրս եկա բալկոն, որ ծխախոտ ծխեմ, տենամ՝ էնա, էնդեղ կանգնած ա։ Ես էլ խնձորն առա ու քցեցի։ Ես իրան հարգիլ չեմ, սիրել չեմ,  ինքն ա էս վիճակին գցել մեզ, գլխավոր մեղքը իրանն է, բայց ինքը մի օր խաշլամա ա ուտում, մի օր հեծանիվ ա քշում։ Ես իրան չեմ հասկանում», — «պատմական» պահը վերհիշում է Ալբերտ Առուստամյանը։

Ասում է, որ չի նկատել, կպել է խնձորը վարչապետի, թե ոչ, բայց տեսել է, որ վերջինս պառկեց գետնին ն, մտածելով, որ իր կողմը նռնակ են նետել։ « Խնձորը գցեցի, բայց չեմ իմանում, կպավ գլխին, թե չկպավ, ես չեմ տեսել։ Էն եմ տեսել, որ իրար գլխի են եկել վախից, էլի, ու հետո մի քիչ հանգստացա ես», — ասում է Առուստամյանը։

Ոստիկանների հետ շփումը զարմացրել է նրան․ «Իրանք սկսեցին բարձր խոսել ինձ վրա, արա-մարա ասել, հետո էլ, բա պարոնով խոսացեք մեր հետ, ես իրանց ասեցի՝ պարոն-մարոն չգիտեմ, իմ անունը Ալբերտ ա, ք՞ո անունն  ինչ ա, անունով խոսացեք իմ հետ։ Անդաստիարակ մարդիկ են ոստիկանները»։

Պատմում է, որ խնձոր նետելուց հետո դուրս է եկել տանից, հետո իմացել է, որ ընտանիքի անդամներին  բերման են ենթարկել։ «Ես էլ լսել եմ, իմ  ոտով գնացել եմ բաժին», — ասում է Ալբերտ Առուստամյանը։ Նա չգիտի, թե խուզարկության ժամանակ ինչ են փնտրել իր տանը․ «Երևի, խնձոր էին ման գալիս», — ասում է։

Ալբերտ Առուստամյանը հիշում է, որ 2019 թվականին տեսել է Փաշինյանին Ստեփանակերտում, բայց  «ստոլի վրա>> իր հետ բաժակ չի խբել։ «Էն ժամանակ էլ  իմ դուրը չեկավ։ Պարում էր, բան էր անում, ղեկավարը պետք է «սկռոմնի լինի>>։

Իր արարքի հետևանքները նա գիտակցում է։ Հիմա բա որ ձեզ երկու դատե՞ն, երկու տարով կարող են նստացնել՝ հարցրեցինք։ «Ջղայնացել եմ, գցել եմ, ես եմ մեղավր, չեմ վախում, դատում են, թող դատեն, ինչ ուզում են, թող անեն, ես չեմ վախում, չեմ էլ ուզում էլ ջղայնանամ, ինչի՞ս է պետք, ինչ անում են, անեն>>, — ասում է Ալբերտ Առուստամյանը։

Նա կարող էր, ասենք, ձու նետել, այս կերպ արտահայտելով իր բողոքը Արցախը թշնամուբն հանձնելու, նրա հետ ընկերանալու պաշտոնական քաղաքականության դեմ, կարող էր ներկ լցնել վերեից վարչապետի ուղղությամբ, ինչպես երկու օր առաջ ներկ լցրեցին գերմանական մի կուսակցական առաջնորդ Սառա Վագենկնեխտի հագուստին։ Կարող էր նաև «ֆրի>> կարտոֆիլով մայոնեզ լցնել, ինչպես Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի վրա լցրեցին ակտիվիստները, բողոքելով նրա վարած խիստ  տնտեսման քաղաքականության դեմ։

Ի դեպ՝ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էր 2018 թվականին հիշել այս միջադեպը։ Այն ժամանակ նա հիացած էր Շառլ Միշելի պահվածքով, որի անվտանգության աշխատակիցները, ի տարբերություն մեր ոստիկանների, չնկատելու էին տվել աղջիկների արարքը։ Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան իր էջին նկատել էր, որ աղջիկների մազերը ոչ ոք չքաշեց, գլխներին չհարևվածեց, կրծքերին ու մարմնի այլ մասերի ձեռք չտվեց, «վարչապետի վրա մայոնեզ լցնող աղջիկներին ընդհանրապես չնկատելու են տալիս եւ ուղղակի վարչապետին հեռացնում են դահլիճից, ղզիկ եվրոպացիներ են էլի….»։

Աննա Հակոբյանի այս գրառումը բելգիական մայոնեզի կապակցությամբ ԶԼՄ-ները պեղեցին ու քննարկեցին հանրային հարթակներում, կապված արցախցի ծերունու արարքի հետ։

Արցախցի ծերունին ընդամենը խնձոր է նետել, հասարակ  «նյուտոնյան> մի խնձոր, որը նետելով, գուցե, ստիպեր վարչապետին փոխեր վերաբերմունքը արցախցիների հանդեպ, ավելի  հանդուրժող լինել քաղաքացու նկատմամբ, որ ի ձեռքին ընդամենը խնձոր է, ինչպես  «ղզիկ> եվրոպացիներն են հանդուրժող։ Շարլ Միշելի նման ժպտար, կամ Իսահակ Նյուտոնի պես բացականչեր՝ «Էվրիկա>>, ու լուռ հեռանար տարածքից, ներելով ծերունուն։ Բայց ոչ։ Խնձորի վարչապետի գլխում ոչինչ չարթնացրեց և կատարվեց այն, ինչ նման դեպքերում կատարվում է։ Ոստիկանները արեցին իրենց գործը։ ՔԿ-ն էլ քրեական վարույթ նախաձեռնեց ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ խուլիգանություն: Պետք է շնորհակալ լինենք քննչական կոմիտեին, որ  ծերունու արարքը որպես մահափորձ չի որակել։

Ալբերտ Առուստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել է իր ՖԲ էջի  միջոցով, որ Առուստամյանը ընդունել է՝ խնձոր նետողը հենց ինքն էր, սակայն արարքը խուլիգանություն որակելու հետ համաձայն չի։

Սյուզան Սիմոնյան

Բաղրամյան 6-ն այսօր արցախոտ ու արցախահամ էր

Բաղրամյան 6-ն այսօր արցախոտ ու արցախահամ էր։ Արցախյան բարբառն ու ժենգյալով հացի համը բոլորիս տեղափոխեցին Արցախ, մեր տուն։

Օդի մեջ ցավ ու ցավ խեղդող ուժ կար։ Իրարից Արցախի կարոտն առնելու անհագ ծարավ։

,,Ասկերանցիներ,, համայնքի զարգացման կենտրոն ՀԿ-ն սեպտեմբերի 2-ին կազմակերպել է իր ,,Վերածնունդ,, ծրագրի վերջին միջոցառումը` ժենգյալով հացի թխման բաց դաս, մինչ այս, արցախյան փախլավայի բաց դասն էր։ Նպատակը` արցախյան խոհանոցի ավանդույթների պահպանումն ու փոխանցումն է։

,,Վերածնունդ,, ծրագիրը միտված էր Արցախից տեղահանված կանանց աջակցությանը, փոքր բիզնեսների ստեղծման և նոր միջավայրում կանանց ինքնադրսևորման հարցում։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀԿ նախագահ Ալլա Արզումանյանը։ Բաց դասը վարեցին ժենգյալով հացի վարպետներ Միրա Հայրապետյանն ու Մարինե Գաբրիելյանը։

Հաճելին այն էր, որ մեծ ակտիվություն էին ցուցաբերում մեր երևանաբնակ քույրերն ու եղբայրները, այո-այո տղամարդիկ նույնպես փորձում էին, սկզբից կաշկանդվելով, հետո արդեն վարպետացած։

Սեփական ձեռքերով թխած ժենգյալով հացը կրկնակի համով էր, դրա համար անընդհատ հերթեր էր գոյանում։ Բոլորի մոտ մի ցանկություն էր, վերադառնալ Արցախ ու նույն կազմով նորից հավաքվել։

Արմինե Հայրապետյան

Օհանյան․ Ադրբեջանն անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափմամբ իրականացրել է ցեղասպանություն

«Մեր ժողովուրդը չպետք է ընկճվի, ես շնորհավորում եմ արցախահայությանը Արցախի տոնի կապակցությամբ եւ ասում, որ երբեք ոչինչ կորցված չէ։ Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով գոնե երեք հանգամանք։ Մենք պետք է հասկանանք, որ հակամարտությունն ավարտված չէ, Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի հայաթափմամբ իրականացվել է ցեղասպանություն։ Երկրորդ, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը իրենց գործունեությունը պետք է շարունակեն Արցախի ժողովրդի կարգավիճակի եւ ամենակարեւորը՝ վերադարձի պայմանների՝ հատկապես միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագրի վերաբերյալ բանակցությունները՝ գոյություն ունեցող ձեւաչափով եւ այլ նոր ձեւաչափերով, որոնք հայ ժողովուրդը, արցախահայությունը կընտրեն, այլընտրանք չունեն։ «Ասել է, թե պայքարելն անհրաժեշտություն է։ Եվ ովքեր այսօր անտեսում են Արցախը, ովքեր այսօր Արցախի վրա խաչ են քաշել, դա ՀՀ իշխանություններն են, հայ ժողովրդի բարոյական շարքում տեղ չունեն»,- ասաց նա։

Արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է

«Ես ուզում եմ եւս մեկ անգամ հստակ շեշտել, որ արցախցիների վերադարձի իրավունքը՝ առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է: Հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Այս պահին որպես առաջնահերթություն ենք հռչակում վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում արդեն սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակներն ու հնարավորությունները, որոնք կարող են ժամանակի ընթացքում առաջանալ։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն ամրագրված է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ։ Կա իրավունքը, եւ այդ իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Մինսկի խմբի շրջանակներում երեք սկզբունքներ են մշակվել, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր։ «Արցախի ժողովուրդը միշտ հղում էր անում նրան, որ որպես կարգավորման սկզբունք ընտրվել է ինքնորոշման իրավունքը։ Եվ դրանից հրաժարումը նաեւ Արցախի կործանմանը հասցրեց»,- ասաց նա։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման պատմությունը. փաստաթղթեր և փաստեր

1990 թվականի ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին», որը կարգավորում էր միութենական հանրապետության անջատման, այդ նպատակով հանրաքվեի անցկացման կարգը և այլ։

Օրենքի 3-րդ հոդվածում ասվում էր. «Միութենական հանրապետությունում, որը ներառում է ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և շրջաններ, յուրաքանչյուր ինքնավարության համար անցկացվում է առանձին հանրաքվե։ Ինքնավար հանրապետությունների և ինքնավար կազմավորումների ժողովուրդները իրենք են որոշում ԽՍՀՄ-ում կամ անջատվող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև իրենց պետական ​​և իրավական կարգավիճակի հարցը բարձրացնելու իրավունքը։

Միութենական հանրապետությունում, որի տարածքում կան ազգային խմբերի կոմպակտ բնակության վայրեր, որոնք կազմում են տվյալ տարածքի բնակչության մեծամասնությունը, հանրաքվեի արդյունքները որոշելիս հաշվի են առնվում այդ տարածքներում քվեարկության արդյունքները» (ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համագումար, Վեդոմոստիի, 1990 թ., թիվ 15, էջ 252):

Այսպիսով, գրեթե բոլոր հանրապետությունները, դուրս գալով ԽՍՀՄ-ից, ստիպված էին կամ, ամեն դեպքում, կարող էին զրկվել խորհրդային տարիներին ձեռք բերված իրենց մի շարք տարածքներից։ Բոլոր 15 հանրապետություններից միայն Հայկական ԽՍՀ-ն, որը չուներ ո՛չ ինքնավարություններ, ո՛չ էլ գերակշռող օտարերկրյա բնակչությամբ շրջաններ, եւ օրինական կերպով կարող էր դուրս գալ Խորհրդային Միությունից։ Ինչը, ըստ էության, կատարվել է 1991 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին՝ ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։

Շարունակությունը այստեղ

Անցած տարվա սեպտեմբերի 2-ը․ դրոշները դեռ բարձրացնում ենք

«Մի՛շտ պատրաստ-կանգուն` հանուն հայ ազգի…», – վաղ առավոտ դասակն երգելով, թմբուկ-շեփորներով անցնում է Ստեփանակերտի փողոցներով, մարդիկ հեռախոսներով պատշգամբ են շտապում` վիդեո-ֆոտո անելու համար: Հետո Եղբայրական գերեզմանատուն, շքերթ ու տոնական միջոցառումներ, հրավառություն ու հպարտության մի զգացում: Արցախը նշում է իր անկախության օրը` Սեպտեմբերի երկուսը:

2023թ․  սեպտեմբերին արդեն շշուկներ էին տարածվել, իբր վարչական շենքերից հանելու են Հայաստանի եւ Արցախի դրոշները: Այս լուրը ես լսել եմ մի մարդուց, ով իրենց գրասենյակի հետնաբակում վառում էր կազմակերպության արխիվը, մետաղե երկար ձողով տրորում կրակը, հալածվում ծխից:

Անցնելով Վերածննդի հրապարակով՝ նախագահականի դրոշների տակ մարդիկ եմ տեսնում կանգնած: Ես միանգամից վատը մտածեցի, ահա, հանում են…

– Հանո՞ւմ եք դրոշները, – հարցնում եմ ես:
– Ո՛չ, գունաթափ է, փոխում ենք, – հեգնական մի ժպիտ դեմքին ասում է նրանցից տարեցը, – դեռ բարձրացնում ենք, ավելացնում է նա:

Հետաքրքիր է, որտե՞ղ են այդ դրոշները, որտե՞ղ է մեր տոնը…

Մարութ Վանյան

Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով. Սամվել Շահրամանյան

Արցախի հանրապետության նախագահ Սամվել Շահարմանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը Սամվել Շահրամանյանին ու Արցախի իշխանությանն է մեղադրում Արցախը հանձնելու եւ Արցախը լուծարելու որոշում ստորագրելու համար։

«Մենք, տեղահանվելով եւ տեղափոխվելով ՀՀ, որդեգրել ենք մի քաղաքականություն, եւ ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվատանգությունը։ Սա եւս մեր հայրենիքի հիմնական մասն է, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից եւ չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է այդ հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ։

Առաջինը դա սուտ թեզ է, այդ փաստաթուղթը մենք ստիպված ենք եղել ստորագրել, ապահովելու խաղաղ բնակչության անվտանգ տեղափոխումը Հայաստան։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ զինված ուժերն են տեղափոխվել, ուժային կառույցների պաշտոնյաներ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք նաեւ կենդանի պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, ուզում եմ տեղեկացնել մեր հանրությանը, որ հենց սկզբից մենք տեղյակ ենք, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է, հակաօրինական է։ Այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ուժ, այն պաշտոնապես չի հրապարակվել, չի տեղադրվել իրավական համակարգում, որից հետո կարելի է փաստաթուղթը համարել նորմատիվ ակտ։ Եվ արդեն, տեղափոխվելով ՀՀ եւ տեսնելով մեր բնակչության կարծիքը, մենք այդ փաստաթղթի վերաբերյալ կայացրել ենք որոշում։ Եվ ես գրավոր տեղեկացրել եմ այդ որոշման մասին Հայաստանի կառավարությանը, ի դեմս վարչապետի, իր կից փաստաթղթերով։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, անիմիաստ է եւ դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։

Սամվել Շահրամանյանը նշեց, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է։ «Մենք պատրաստ ենք այդ հարցով համագործակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն ինչ պետք է անեն՝ արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում»,- հավելեց նա։

Հարցին, թե Արցախի իշխանությունը պատրա՞ստ է ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ՝ վերադարձի հարցի համար, Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք պատրաստ ենք տարբեր ձեւաչափերով հանդիպումների, բանակցությունների, կարեւորը, որպեսզի ձեւակերպված լինի ճիշտ խնդիր ու ձեւաչափ»։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարգավիճակով ու ինչ ձեւաչափով կարող են վերադառնալ, Շահրամանյանն ասաց․ «Ուզում եմ ասել, որ մշտապես մեր օրակարգում է այդ հարցը։ Ուզում եմ նշել, որ արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, շենացնել իրենց հայրենիքը, հայկական դարձնել Արցախը։ Մեր վերադարձը պետք է լինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, եւ մենք պետք է ապահով զգանք մեզ մեր հայրենիքում։ Եթե չափանիշներն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»։

Շահրամանյանն ասաց նաեւ, որ հայաստան տեղափոխվելով, չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ․ «Ես փորձեր չեմ արել հանդիպել։ Ինձ թվում է, դա բնական է, որ մեր հանդիպումը պետք է տեղի ունենար, սակայն մինչ այսօր չենք հանդիպել, որեւիցե հարց չենք քննարկել»։

 Ռոզա Հովհաննիսյան

Հրազդանում կորած Տումիից բռնի տեղահանված Հռիփսիմե Ավագյանին գտել են

Մերի Գրիգորյանը գրում է․

Երեկվանից Հրազդանում փնտրում են Տումիից բռնի տեղահանված Հռիփսիմե Ավագյանին, 14 տարեկան։ Ըստ եղբոր խոսքերի, ինքն է զբաղվում փնտրման աշխատանքներով։

Լրացված․ մեր ընթերցողները տեղեկացնում են, որ աղջկան գտել են, եւ նա ծնողների հետ է։

Սահմանադրությունից մի շեղվեք․ Հայաստանը միավորված է Արցախի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Բաքվին արած առաջարկը, ըստ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, “շտապելու տենչ է՝ սեփական ուղղակի քաղաքական և բարոյական ուղեգորգ լինելու զգացո՞ւմ, թե՞ պատվեր կատարելու հրահանգ»։ Փաշինյանը, հիշեցնենք, հայտնեց, որ Երևանն ու Բաքուն ամբողջովին համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 հոդվածից 13-ը, ևս 3 հոդվածի բառապաշարի մեծ մասը: Ապա հավելեց՝ Հայաստանը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին՝ ստորագրել այն հոդվածների տակ, որոնք արդեն համաձայնեցվել են՝ մյուսների քննարկումը թողնելով ապագային։ 

Պայմանագրի տեքստի մեջ, ինչպես ավելի վաղ է հայտնի դարձել, չկան երեք հիմնական կետեր՝ Արցախի հարցը, դելիմիտացիայի եւ կոմունիկացիաների բացման խնդիրները։ Ըստ Փաշինյանի, համաձայնության են եկել, որ կճանաչեն սահմանները ըստ Ալմաթիյի հռչակագրի, թեկուզ Բաքուն հրապարակավ չի համաձայնվել դրան։

“Շտապելու տենչը” հենց դրա հետ է կապված՝ Արցախի օկուպացիան անշրջելի դարձնել “խաղաղության պայմանագրով”, որից հետո “չեղարկել” Մինսկի խումբը, Եռակողմ հայտարարությունը եւ փոխել ՀՀ Սահմանադրությունը։

Արցախի հարցը փակված չէ, հայտարարեց երեկ արքեպիսկոպոսը։ «Այն իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը: Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին», – ասաց նա՝ գործող իշխանություններից պահանջելով հետամուտ լինել Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն։

Նա Հայաստանի իշխանություններին մեղադրեց «արցախցիների տուն վերադարձի խոչընդոտը լինելու» մեջ։ 

Ակտիվ ընդդիմությունը, ինչպես եւ իշխանությունները, չեն խոսում Արցախի կարգավիճակի, 1989 թ․ ոորշման մասին, ըստ որի Հայաստանը եւ Արցախը միավորվել են, եւ դա ամրագրված է Անկախության հռչակագրի եւ, ըստ այդմ՝ Սահմանադրության մեջ։ Ընդդիմույունը խոսում է արցախցիների՝ անհասկանալի պայմաններով վերադարձի մասին, շեղելով այդպիսով պայքարի վեկտորը սահմանադրական լուծոմից։

Փաշինյանը, խոսելով արցախահայերի հավաքական վերադարձի մասին՝ ասել է, որ “այն ընկալումներով, որոնցով Լեռնային Ղարաբաղի մի խումբ հայրենակիցներ ու նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել հարցը, իրատեսական չէ”:

Դա ճիշտ է, քանի որ արցախցիների վերադարձը, ըստ գործող օրենսդրության, հնարավոր է միայն ՀՀ արցախյան մասի դեօկուպացիայի պայմաններով։ Դոր է գալիս դա մեզ, թե ոչ՝ հրաշք չի լինելու, պետք են կոնկրետ քայլեր այս ուղղությամբ։ Եւ առաջին քայլը՝ ՀՀ իշխանություններն ու քաղաքական-հասարակական միավորները պետք է հստակ գնահատական տան իրավիճակին։ Այդ գնահատականը տվել է Ալիեւը․ նա հայտարարել է, որ՝ ըստ ՀՀ Սահմանադրության Արցախը Հայաստանի մաս է։

Նման գնահատական հնչեցնում են ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, Ազգային-ժողովրդավարական բեվեռը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորները, առանձին քաղաքական գործիչներ։ Սակայն այս հարցի շուրջ լռելյալ համաձայնություն կա՝ բարձրաձայն այդ մասին չխոսալ, շեղել օրակարգը Սահմանադրությունից։ Իշխանությունը դա անում է “խաղաղ պայմանագրով”, տանելով դեպի ՀՀ կործանում, ընդդիմությունը՝ դեպի “արցախցիների վերադարձ”՝ ցեղասպանության “երաշխիքով”։

Մի շեղվեք Սահմանադրությունից։ Պետք է ընդամենը պահանջել կատարել Սահմանադրության մեջ ամրագրված ժողովրդի կամարտահայտությունը։

Նաիրա Հայրումյան

Ալիևի ընտրությունները. բոլորը քմծիծաղում են, բայց սեղմում են նրա ձեռքերը

BBC-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասերի փակման ժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ադրբեջանցի ընտրողների միայն մոտ 37%-ը։ Ալիևի «Նոր Ադրբեջան» կուսակցությունը Միլլի Մեջլիսի 125 մանդատներից ստանում է 68-ը՝ նույնքան, որքան նախորդ անգամ։ Ուղիղ 50+1%։

Մյուս մանդատները կտրամադրվեն պաշտոնապես անկախ թեկնածուներին, ովքեր փաստացի աջակցում են կառավարությանը, ինչպես նաև փոքր իշխանամետ կուսակցություններին: Ադրբեջանի ժողովրդական ճակատը բոյկոտել է քվեարկությունը։ «Մուսավաթ»-ը 15 տարվա մեջ առաջին անգամ է մասնակցել ընտրություններին, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, նոր խորհրդարանում ոչ մի տեղ չի ստանում։

Այս տարի Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անցկացվեցին առանց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների մասնակցության։ Փոխարենը դրանց մասնակցել են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանում ոչ մի ընտրություն չի ճանաչվել արդար, անկախ և արդար միջազգային կազմակերպությունների կողմից։

Համաշխարհային լրատվամիջոցները քմծիծաղում են Ալիևի «ժողովրդավարության» մասին հիշատակելիս, սակայն պատրաստվում են պատվիրակություններ ուղարկել՝ մասնակցելու նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայի ֆորումին։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի կշտամբել Ալիևին օրերս Պուտինի հետ հանդիպելու և Գազպրոմի հետ պայմանագիր ստորագրելու համար։ Խելացի դեմքերով ուկրաինացի վերլուծաբաններն ասում են, որ Ալիևը «գիտի, թե ինչ է անում», իսկ իրականում «խեղդում է» Ռուսաստանին։ Ամերիկյան Պետդեպարտամենտը, մատնանշելով Ալիևի «մեղքերը», միայն հիշատակում է ձերբակալված լրագրողներին՝ չհիշելով, որ մեկ տարի էլ չի անցել այն բանից, որ Ալիևը Պուտինի հետ միասին ենթարկել է Արցախը օկուպացիայի, ցեղասպանության և տեղահանության։ Պետքարտուղարությունն ասում է, որ դեռ չի կարող գնահատել Արցախում տեղի ունեցածը։ Իսկ Մաշա Զախարովան գլխով է անում ու ասում, որ աշխարհում ոչ մի կազմակերպություն տեղի ունեցածը չի ճանաչել որպես էթնիկ զտում (չնայած Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ-ի զեկույցների, որոնք հստակ գնահատական ​​են տալիս)։

Միևնույն ժամանակ, Լուկաշենկոն և Պուտինը շնորհավորում են Ադրբեջանի փոխնախագահին, նույնը՝ Ալիևի կնոջը ծննդյան օրվա առթիվ՝ հայտարարելով, որ «բարձր են գնահատում նրան»։

Ի դեպ, ասում են, որ Ալիևի որդին ընտրվել է խորհրդարան և կարող է դառնալ խոսնակ, իսկ արևմտյան ժողովրդավարությունները, անշուշտ, կծափահարեն ընտանեկան կառավարումը մի երկրում, որը շուտով կհյուրընկալի ՄԱԿ-ի գագաթնաժողովը և կդառնա Եվրոպայի գլխավոր «գազի մատակարարը»:

Արցախի Հանրապետության նվիրված օրն առանց Արցախի

Երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում Արցախի պետական օրհներգով մեկնարկեց Սրբազան պայքարի՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաքը։

“Համոզված եմ, որ մեր ժողովուրդն իր միակամությամբ, առանց ուրիշի վրա հույս դնելու հնարավորություն է ստեղծելու նորից վերականգնելու Արցախի Հանրապետության անկախությունն ու մեր ազատ ապրելու իրավունքը։

Ցավոք, Արցախի Հանրապետության տարածքն օկուպացնելուց հետո Ադրբեջանը փորձում է մեր հիշողությունից ջնջել նաև Արցախի հայկական հետքը։

Ովքեր եղել են Արցախում, գիտեն, որ անզեն աչքով էլ տեսանելի է՝ դրախտային այս երկիրը հնարավոր չէր չլիներ մարդկային օրրաներից մեկը”,- ասել է Արցախի Հանրապետության պատգամավոր Վահան Բալայանը:

Արցախի թեմի թեմակալ խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով` բոլորս հավատացած ենք, որ վերադառնալու ենք մեր հայրենիք և վանքերում, ու եկեղեցիներում նորից հնչելու է տերունական աղոթքը, և նորից այնտեղ մենք կատարելու ենք կնունքի ու պսակի արարողություններ։

“2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո ես իջել եմ փողոց՝ արդարության փնտրտուքով, ճշմարտության հաղթանակի համար ու մինչև հիմա ես փողոցում եմ։ Ես շարունակելու եմ իմ պայքարը, քանի դեռ հավատս ու հույսս ուժեղ են:

Մենք՝ արցախցիներս, ոչ թե հյուրեր ենք, այլ Հայաստանի Հանրապետության տերն ու տիրակալներն ենք, ինչպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները։ Բայց ինչպես հայկական քրիստոնեական ընտանիքներին է բնորոշ, տերն ու տիրակալը պետք է պատասխանատվություն կրի իր ընտանիքի անվտանգության, առողջության, մաքրության, ամեն ինչի համար, և մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը կրել,-ասել է արցախցի Արեգա Հովսեփյանը»։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին, այսինքն, տնավեր ենք բոլորս։ Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոլոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին:

Այսօր ոչ մի արցախցի երեխա Արցախում դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը, Արցախի ոչ մի վանքում կամ եկեղեցում աղոթք չհնչեց, ոչ ոքի շիրիմի առջև խունկ չծխաց ու աղոթք չբարձրացավ։

Ու այս ամենի մեղավորը Հայաստանի Հանրապետության իշխանությունն է։ Սա դատապարտության խարան է ձեր ճակատին։

Մենք կոչված ենք սխրանքի ու հերոսության, մենք կոչված ենք գնալու մեր իղձերի ու երազանքների հետևից՝ որևէ վայրկյան չտատամսելով մեր կյանքի համար, որովհետև այդ կյանքն արդեն գնված է մեր եղբայրների ու քույրերի կողմից։

Ինձ համար գոյություն ունի մեկ կյանք, հայրենիք կամ մահ”։

Տաթև Ազիզյան