Ռուսաստանը Իրանին ու Հայաստանին հիշեցրեց Թուրքմենչայի պայմանագրի մասին

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում թյուրիմացության տարրերից ազատվելու ժամանակը։ Այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը, հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև կապերի ամրապնդման հարցեր։

Սենատորը նաև նշել է, որ երկու դարերի ընթացքում ստեղծվել է ամուր հիմք, որի վրա կառուցվում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փոխգործակցության տարբեր ոլորտներում։

Գրեթե երկու դար առաջ՝ 1828 թվականին, Իրանի հետ պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակի արդյունքում ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, որով Նախիջևանի և Երևանի խանությունները հանձնվեցին Ռուսաստանին։

Դրանից 15 տարի առաջ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, Քարթլիի, Կախեթիի, Մեգրելիի, Իմերեթիի, Գուրիայի, Աբխազիայի, Արևելյան Հայաստանի կեսի, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի, Շիրվանի, Շեքիի, Դերբենտի, Կուբայի և Թալիշական խանությունների անցումը Ռուսական կայսրությանը։

1921 թվականին Ռուսաստանը ձեռք բերված տարածքների մի մասի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերեց Թուրքիայի հետ՝ ստորագրելով Կարսի պայմանագիրը, ըստ որի տարածքների մի մասը փոխանցվում էր Թուրքիային և նորաթուխ Ադրբեջանին։

Հիմա, երբ Բաքուն և Մոսկվան չեն կարողանում միջազգային իրավական հիմքեր գտնել հայկական տարածքների և հայ-իրանական սահմանի նկատմամբ հավակնությունների համար, Ռուսաստանի Սենատը հիշեց երկու դար առաջ ստեղծված բազան։

Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալ հայ գերիների համար աղոթքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին։

«Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։

․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և իրենց նպաստը կբերեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»,-նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Արձագանքելով այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) հրավիրում է նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանում կազմակերպվող COP29 կլիմայական գլոբալ գագաթնաժողովի նախօրեին, բոլոր բարի կամքի տեր մարդկանց միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության հաստատման, փախստականների աջակցության և գերիների ազատ արձակման։

2020թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիան, դրան հաջորդած Լաչինի միջանցքի տասնամսյա շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերին շուրջ 120․000 հայերի տեղահանումը իրենց հայրենի երկրից մնում է հրատապ խնդիր։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ևս միացել է աղոթքի օրվա կոչին։

«Կոչ ենք անում բոլոր կրոնական համայնքներին, միջազգային կառույցներին և բարի կամքի տեր մարդկանց միանալ մեր աղոթքին՝ միաժամանակ զորացնելով ջանքերը պահանջելու համար բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը Բաքվից։

․․․Մենք հիշեցնում ենք COP29 գագաթնաժողովին մասնակցող միջազգային հանրությանը, որ արդարությունը և խաղաղությունը սերտորեն փոխկապակցված են և չի կարելի իրարից զատել։ Մենք չենք կարող պահանջել կլիմայական արդարություն՝ առանց դատապարտելու մարդու իրավունքների խախտումները»,-նշել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։

ԵՀԽ արձանագրում է, որ COP29-ը եզակի հնարավորություն է, որպեսզի կոչ արվի 23 հայ գերիների, ինչպես նաև Ադրբեջանի բանտերում գտնվող ադրբեջանցի քաղաքական բանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատմանը։

ԵՀԽ-ի նախագահ Բ. Դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարիքն ունի մեր աղոթքների, մասնավորաբար ասել է. «Քրիստոնեական հավատքը ուղեկցել է հայ ժողովրդին Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադրումից ի վեր՝ 301 թվականից․․․Ապագան անորոշ է»։

Բեդֆորդ-Շտրոմն նշել է, որ Աստված կառաջնորդի հայ ժողովրդին, և մենք կարող ենք միանալ Աստծուն մեր աղոթքներով․ «Մեր աղոթքները կհասնեն նրանց սրտերին և հոգիներին ու կզորացնեն նրանց»։

ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ռ․ Պրոֆ․ Դոկտոր Ջերի Պիլայը կոչ է արել բոլոր եկեղեցիներին միանալ աղոթքին և դիմել միջազգային հանրությանը շարունակելու աջակցության ցուցաբերումը։

Միրզոյանը չի պատասխանել, ինչո՞ւ ԱԳՆ հայտարարություն չի անում Երուսաղեմում հայկական ժառանգության մասին

«Երուսաղեմում հայկական համայնքի վրա պարբերաբար հարձակումներ են լինում քարերով, մարդիկ կազմել են տեղական ջոկատներ, որ պաշտպանեն հայապատկան հողերը։ Մենք այնտեղ բացառիկ ժառանգություն ունենք, աշխարհում երկրորդը չկա։ Երուսաղմեի հայ համայնքն ակնկալում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ դեսպանությունը դրան կարձագանքեն։ Բայց միակ կողմը, որին առնչվում է սա, որը լիազորություններ ունի, լայաղ չի արել անգամ հայտարարություն տարածել։ Կարո՞ղ ենք իմանալ՝ ինչո՞ւ այս առնչությամբ պաշտոնական հայտարարություն չի եղել, դիրքորոշում չի հնչել եւ հայերի ու հայկական բացառիկ ժառանգության շահերը չեն պաշտպանվել»,- Ազգային ժողովում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ խնդիրը պատրիարքարանի դաշտում է, կա դատական գործընթաց։ «Եթե դուք «Կովերի պարտեզի» մասին եք խոսում, կա հողակտոր, որը պատկանում է մի իրավաբանական անձի, տվյալ դեպքում՝ Երուսաղեմի պատրիարքարանին։ Պատրիարքարանը վարձակալության է հանձնել այս տարածքն ինչ-որ մեկին, հետո փոշմանել է, եւ հիմա կա դատական գործընթաց։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ մենք աշխարհի որ անկյունում էլ լինի, ՀՀ քաղաքացիների նկատմամբ ուշադիր ենք։ Եթե նրանց շահերը ոտնահարվում են, մենք անում ենք համապատասխան գործողություններ, եթե անհրաժեշտություն է լինում, Աստված մի արասցե, կազմակերպել էվակուացիա, մենք կազմակերպում ենք»,- ասաց Միրզոյանը։

Դա դավաճանության հասնող ցինիզմ է․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցը առաջնահերթություն չէ։

«Այն փաստը, որ իրենք Սահմանադրությունը ու ՀՀ օրենքները չեն հարգում, դա նորություն չէ։ Նաեւ նորություն չէ, որ իրենց իսկ գրած ծրագրերը չեն հարգում, մասնավորապես, կառավարությանբ ծրագիրը։ Այդպես եղավ այն ժամանակ, երբ իրենք նախընտրական ու հետագայում կառավարության ծրագրում գրեցին, որ Հադրութն ու Շուշին ազատագրելու են, Ղարաբաղի հակամարտության սկզբունքները կարգավորելու են երեք հիմնական սկզբունքների հիման վրա եւ հանձնեցին Արցախը։ Հիմա նույն պատմությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված է, որովհետեւ թե իրենց ծրագրում է դա նշված, թե ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Բայց այսօր ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ նման առաջնահերություն ՀՀ-ն չունի։ Երբ տարիներ առաջ ասում էինք՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության՝ Արցախը հանձնելու եւ Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, հիմա երկուսն էլ, ցավոք սրտի, իրողություն են»,- ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ ԱԳՆ-ն վերջին տարիներին Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ոչ մի քայլ չէր էլ անում։ «Ուղղակի հայտարարել, որ չեն էլ անելու, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգային առաջնահերթություն չէ, դրան կարող է հետեւել ինչ ասես։ Դա դավաճանության հասնող ցինիզմ է, դա մեկ նոտա չէ, դա արդեն երգ է։ Հաջորդը, թե ինչ ազգային օրակարգերից են հրաժարվելու ՔՊ-ականները, ես չեմ պատկերացնում։ Կարող է իրենք արդեն դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ասեն, որ Արցախում մնացած հայկական մշակութային ու կրոնական կոթողներն անհրաժեշտ չէ պաշտպանել։ Խնդիրն այն քաղաքական մեսիջն է, որը փոխանցվում է Թուքիային ու աշխարհին»,- հավելեց նա։

Առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել գերիների հարցով

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են ԱԺ հրատապ նիստ, իրականացվում է ստորագրահավաք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Հրատապ նիստի նպատակն է առաջարկել Ազգային ժողովին՝ ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչերին, միջազգային հանրությանը եւ Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդներին ազատ արձակելու հարցի հետ։ Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման եւ ընդունման համատեստում։ Խոսքը գնում է ԱԺ հայտարարության նախագծի մասին, այլ ոչ թե երկու խմբակցությունների։ Առաջարկում ենք ԱԺ-ին ընդունել հայտարարություն, առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- ասաց Մամիջանյանը։

 

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնը «վերականգնման» ճանապարհին

Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխնախագահ, բարոնուհի Քոքսի նախաձեռնությամբ։

Կենտրոնի մասնագետները ներգրավված են եղել Արցախյան երեք և այլ պատերազմների մասնակիցների վերականգնման հարցերում։ Կենտրոնն իր ֆունկցիոնալությամբ եզակի էր տարածաշրջանում։

2023 թվականի հոկտեմբերին կենտրոնի գործունեությունը դադարեցվել է Արցախի ագրեսիայից և օկուպացիայից հետո։ Արցախից բռնագաղթից որոշ ժամանակ անց կենտրոնը մասամբ վերսկսել է իր աշխատանքը հասարակական կազմակերպության շրջանակներում։

Շուտով Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն և հիմնադիր, Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի ահռելի ջանքերի շնորհիվ բարոնուհի Քոքսի և այլ բարերարների աջակցությամբ հնարավոր եղավ ձեռք բերել շինություն՝ վերակենդանացման համար։ կենտրոնը։ Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ Կենտրոնի համար շենքի շնորհանդեսն ու նվիրումը։

Բացման արարողությանը ներկա էին բարոնուհի Քոքսը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և այլ պատվավոր հյուրեր Հայաստանից և արտերկրից։

«30 հոկտեմբերի 2024թ դառնալու է անվանակոչված վերականգնողական կենտրոնի վերականգնման օրը։ Ք.Քոքս, մեր Կենտրոնը նոր հասցե ունի՝ Եղվարդ, Նարդոսի 44»,- ասաց պարոն Թադևոսյանը։

Կենտրոնի աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ են նախապատրաստական ​​միջոցառումներ։ Առաջիկայում, նոր շենքի մասնակի վերակառուցումից հետո, վերականգնողական կենտրոնն իր դռները կբացի ոչ միայն արցախցիների, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչների առջև։ Կենտրոնը տուն է դառնալու բոլորի համար, ովքեր վերականգնման կարիք ունեն, և այստեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն։

Արսեն Աղաջանյան

Լուսանկարները՝ Տաթեւ Ազիզյանի

Մի փոքր կտաքանա

Հոկտեմբերի 31-ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է չոր և տաք եղանակ, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Այս կանխատեսումը կպահպանվի մինչև նոյեմբերի 2-ը։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով.

Շիրակում և Կոտայքում օդի ջերմաստիճանը կլինի +13, Գեղարքունիքում՝ +11, Լոռիում՝ +15, Տավուշում և Արագածոտնում՝ +16։

Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում տաքանալու է մինչև +18, Սյունիքում՝ մինչև +19։

Երեւանում հոկտեմբերի 31-ին առավելագույն ջերմաստիճանը կհասնի +17-ի։

Արցախն ու Ցեղասպանությունը Արարատի համար “սենտիմենտ են”․ ռենեգատություն

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Արցախյան հակամարտության կարգավորման հարց արտգործնախարարության օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ»։

«Երբ ասում եք Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, մենք հասկանում ենք այն ամբողջ կոնֆլիկտը, որը եղել է եւ քանի դեռ պայմանագիրը ստորագրվա՞ծ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ես լավ չեմ հասկանում։ Այսինքն՝ բոլորս ունենք մեր պատերացումները։ Որպեսզի կարողանանք հարցադրումները ճիշտ հասկանալ ու պատասխանել, պետք է շատ հստակ ձեւակերպումներ անենք։ Ես մի բան եմ հասկանում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ասելով, դուք կարող է մեկ այլ բան։ Մենք զբաղվում ենք այս պահին, եւ այդ մեր զբաղվելիքը ունի հետեւյալ վերնագիրը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին անդրադառնալով, ԱԳ նախարարը նշեց․ «Ինչպես կարող եք ենթադրել նրանից, որ ես առաջնահերթությունները թվարկելիս դրան առանձին չանդրադարձա, դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Եվ պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ»։

Միրզոյանը հավելեց․ «Իմ պարտականությունն է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ապրեն անվտանգ ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր ինքնիշխան եւ ապահով տարածքում։ Ես որեւէ նախադասություն, որեւէ քայլ, որեւէ հանձնարարություն կամ ուղերձ բխեցնում եմ միմյան այդ պատկերացումից ու պարտականությունից։ Ես իրավունք չունեմ, թույլ տալ, որ սենտիմենտները մեզ առաջնորդեն, դուք կարող եք դա ձեզ թույլ տալ»։

Ղարաբաղն էլ է Հայաստան, ես չեմ հասկանում, թե ինչ է Հայաստանի քաղաքացիություն

Արցախից բռնի տեղահանված Սուսաննա Մանուկյանի ընտանիքը բնակություն է հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։ Ընտանիքը տեղահանվել է Քարվաճառի շրջանից՝ 2020 թվականի պատերազմի հետեւանքով։ Իսկ որդու ընտանիքը բռնի տեղահանվել է 2023 թվականի ցեղասպանական գործողություննեի հետեւանքով։

Սուսաննան step1.am-ի հետ զրույցում ասում է, որ հավաստագրով արդեն բնակարան են գնել, փորձում են հարմարվել նոր կյանքին։ «8 մլն 100 հազար դրամով 3 սենյականոց բնակարան ենք գնել, բայց շատ կարոտում ենք Արցախը, այնտեղ ենք թողել սեր, ջերմություն, հող, տուն, ամենաթանկ բաները, որոնք չես կարող ինչ-որ ֆինանսի կամ գույքի հետ փոխանակել։ Մեր ամեն ինչն այնտեղ է մնացել, մեր հիշողությունները։ Այստեղ լուրջ խնդիրներ չունենք, բայց ես չեմ համակերպվում Արցախի կորստի հետ»,- ասում է նա։

Սուսաննա ասում է՝ եթե վերադարձի հնարավորություն լինի, մեծ սիրով կվերադառնան Արցախ։ «Թեկուզ չադր կխփեի, բայց կապրեի այնտեղ։ Արցախցիներից շատերն ուզում են վերադառնալ։ Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ այնտեղ թուրք չպետք է լինի։ Մեր վերադարձի պայմանն այն է, որ թուրքերը թողնեն Արցախը, հետ քաշվեն, մենք վերադառնանք մեր հող ու ջուրը»,- ասաց նա։

Սուսաննայի ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ ինքը Վարդենիսի տարածաշրջանում գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներով է գումար վաստակում։

Սուսաննա Մանուկյանի խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար չեն դիմել, քանի որ կարծում են՝ Արցախի քաղաքացիությունը հենց ՀՀ քաղաքացիություն է․ «Ես չեմ տեսնում որեւէ խնդիր՝ այստեղի քաղաքացի, այնտեղի քաղաքացի։ Ղարաբաղն էլ է Հայաստան, ես չեմ հասկանում, թե ինչ է Հայաստանի քաղաքացիություն, եթե Ղարաբաղը մերն է ու պետք է մերը լինի։ Եթե մեր կառավարությունը մի քիչ խորը մտածի, կհասկանա՝ դա հայկական հող է»։

Սահմանամերձ դարձած Վարդենիսում եւս անվտանգային շատ խնդիրներ կան։ Եվ չնայած անվտանգային հարցերին, միայն Վարդենիս խոշորացված համայնքում բնակություն է հաստատել 222 արցախցի ընտանիք։ «Եթե մենք Արցախում չենք վախեցել, այստեղ էլ չենք վախենում ապրել, մենք արդեն ոչ մի բանից չենք վախենում»,- ասաց Սուսաննան։

Սուսաննա Մանուկյանը նշում է, որ իրենք երբեք չեն պատկերացրել, որ մի օր Արցախն ամբողջությամբ կհայաթափվի։ «Ես այդքան ապրել եմ այնտեղ, բայց մտքովս էլ չի անցել տենց բան, չեմ էլ հավատացել։ Մինչեւ վերջին րոպեն, երբ ասացին՝ դուրս եկեք, ես չէի հավատում, որ հանձնեցին։ Ես համաձայն չեմ, որ ասում են՝ ուժ չունեինք պահելու, կոնկրետ Շահումյանի շրջան՝ Քարվաճառ թուրք չէր մտել, չէին գրավել։ Մեզ ընդամենը եկան ասացին՝ դուրս եկեք, հողերը տվել են»,- նշեց նա։

Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի խոսքով՝ արցախցի 222 ընտանիքները բռնի տեղահանումից հետո են տեղակայվել Վարդենիսի համայնքներում ու չեն հեռացել։ «Ոնց որ եկել են, այնպես էլ մնացել են, որովհետեւ ես այնքան բարերարներ եմ բերել ու իրենց ապահովել, որ իրենք Վարդենիսից ձեռ չեն քաշի։ Իրենց բնակվում են եւ քաղաքում, եւ տարբեր գյուղական բնակավայրերում»,- ասաց համայնքի ղեկավարը։

Ռոզա Հովհաննիսյան

Միրզոյանը խոստովանեց, որ Բաքուն Սահմանադրության նախապայման է դնում

«Մեր վերջին առաջակը եղել է խաղաղության պայմանագրի գործընթացը արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք ունենալու համար համաձայնեցված դրույթները տանել ստորագրման։ Դատելով հրապարակային արձագանքներից, նաեւ շփումների ընթաքում հասկացանք, որ սա մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից։ Եվ հիմա մենք ունենք ըմբռնում այն մասին, որ կա եւս մեկ-երկու ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է»,- Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց․ «Ինձ մեղադրեցին զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ, բայց պետք է կրկին զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի նաեւ համաձայնության գալ այդ մեկ-երկու ձեւակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը բազմիցս խոսել է, նախապայման է առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն։ Որպես շատ կոնկրետ ու հզոր ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, ՍԴ-ն արձանագրեց, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։

Ուկրաինան և Մոլդովան ավելի են մոտեցել ԵՄ-ին, Վրաստանը հեռացել է. անդամակցության վերջնաժամկետը՝ 2029թ.

Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, ներկայացրեց «Ընդլայնման փաթեթ 2024»-ը, որը ուրվագծում է ինը թեկնածու երկրների՝ ներառյալ Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի առաջընթացը դեպի Եվրամիություն:

Ուկրաինայում աճող ռուսական ագրեսիայի և Եվրոպայում Մոսկվայի հիբրիդային սպառնալիքի պայմաններում «ԵՄ անդամակցությունը դառնում է ռազմավարական ընտրություն», – փաթեթը ներկայացնելիս ասել է արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին առաջին անգամ ուրվագծեց կոնկրետ ժամկետ, թե ինչպես թեկնածու երկրները կարող են հասնել այս նպատակին: «Մենք լրացուցիչ գործիքներ ենք ստեղծել Արևմտյան Բալկանների երկրների, Մոլդովայի և Ուկրաինայի համար՝ օգնելու նրանց արագացնել բարեփոխումները», – ասել է նա։ «Որպեսզի նրանք կարողանան ամեն ինչ պատրաստել և դառնալ Եվրամիության անդամ մինչև Եվրահանձնաժողովի հաջորդ մանդատի ավարտը»։ Այս մանդատը կսկսվի մինչև 2024 թվականի ավարտը և կավարտվի 2029 թվականին։

ԵՄ-ին անդամակցելու հավանականությունն ամենաքիչն է Վրաստանի համար։ Ինչպես ցույց է տալիս զեկույցը, այն դեռևս չի կատարել Եվրոպական հանձնաժողովի ինը քայլից բաղկացած առաջարկությունների մեծ մասը, օրինակ՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի, Գերագույն դատարանի և դատախազության վերաբերյալ:

Մինչդեռ Ուկրաինան և Մոլդովան արդեն կատարել են իրենց առաջադրած պայմանները և գտնվում են Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների փուլում։ Բացի այդ, նրանք օգտվում են բարեփոխումներն արագացնելու աջակցության ծրագրերից. 50 միլիարդ եվրո արժողությամբ Ուկրաինային աջակցության հիմնադրամ է և 1,8 միլիարդ եվրո արժողությամբ Մոլդովայի «Աճի պլան»:

Ակնհայտ է, որ Վրաստանի իշխանությունների քաղաքականության միտումը երկիրը Եվրամիությունից հեռացնելն է, ընդգծել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Սակայն նրանք վստահեցրել են, որ եթե պաշտոնական Թբիլիսին, այնուամենայնիվ, որոշի վերադառնալ եվրաինտեգրման ուղի, ապա պետք է սկսել երկու կոնկրետ քայլից՝ օտարերկրյա ազդեցության և «ընտանեկան արժեքների պաշտպանության մասին» օրենքների չեղարկումից։

Մանրամասն՝  DW