Արցախցիներին Ռուսաստանից կարող են արտաքսել ոչ անպայման Հայաստան

  • 12:49 10.10.2024

Step1.am-ի հարցերին պատասխանել է միգրացիայի հարցերով փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

-Տիկին Բեժանյան, կան ահազանգեր, որ Ռուսաստանում միգրանտներին զորակոչում են։ Ի՞նչ իրավիճակ է։

-Ոչ թե զորակոչում են, այլ անօրինական միգրանտներին խմբերով տանում են ոստիկանական բաժանմունքներ եւ այսպես կոչված բացատրական աշխատանք են տանում իրենց հետո։ Դրանից հետո, ինչպես ՌԴ իրավապահ մարմիններն են ասում, միգրանտները գիտակցում են, որ իրենք անօրինական են, եւ եթե չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր, այլ ցանկանում են օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, իրենց կնքում են պայմանագիր ու «կամավոր» մեկնում են ռուս-ուկրիանական պատերազմի գոտի՝ կռվելու Ռուսաստանի կողմից։ Այսինքն՝  զորակոչել որպես այդպիսին իրենք չեն կարող, բայց, ինչպես իրենք են ասում, բացատրել եւ համոզել, որ «կամավոր» մեկնեն, իրենք այդ գործունեություն ծավալում են։ Եվ պարբերաբար այդպիսի հավաքներ են անում, այսինքն՝ դուրս են գալիս եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում հավաքում են անօրինական միգրանտներին։

Խոսքը վերաբերում է բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր անօրինական են գտնվում Ռուսաստանում, այսինքն` կամ իրենց միգրացիոն հաշվառման ժամկետն է ավարտվել, կամ պայմանագրի ժամկետն է ավարտվել ու չի երկարացվել: Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիների պարագայում իրենց աշխատանքի թույլտվություն են ստանում, որը կոչվում է պատենտ, այդ պատենտի ժամկետն է լրացել, եւ մարդիկ ամենատարբեր պատճառներով հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում, բայց չեն վերադարձել իրենց երկիր: Եվ այդպիսի միգրանտների թիվը բավականին մեծ է, իրենք պարբերաբար հավաքում են այդ մարդկանց։

Դուք այս իրավիճակում ի՞նչ խորհուրդ եք տալիս հայ միգրանտներին։

-Եթե վերջացել է իրենց միգրացիոն հաշվառման ժամկետը եւ չեն հասցրել երկարացնել, շատ արագ պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն` որևէ ձեւով անօրինական չգտնվել ՌԴ-ում, որովհետեւ դա հնարավորություն է տալիս ՌԴ իրավապահ մարմիններին իրենց ձերբակալելու եւ այսպես ասած բացատրական աշխատանքից հետո համոզելու մեկնել կռվելու: Իսկ մենք գիտենք, թե ինչպես են այդ բացատրական աշխատանքները տանում։

Հայտնի է, որ արցախցիներից շատերը մեկնում են Ռուսաստան, արդյոք նպատակահարմա՞ր է նրանց մեկնելը, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց։

-Նրանք, ովքեր չունեն ՌԴ քաղաքացիություն, ես այնքան էլ խորհուրդ չեմ տա, որ մեկնեն։ Իսկ նրանք, ովքեր գտնվում են ՌԴ-ում ու դեռեւս չեն ստացել փախստականի քարտ, ես իրենց խորհուրդ կտամ անպայման գնալ եւ վերցնել ժամանակավոր պաշտպանության փախստականի քարտը, որը կարող է իրենց համար լինել փրկության քարտ։ Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ այդ քարտի վրա շտրիխ կոդով  նշված է, որ անձը ենթակա չէ վերադարձի Ադրբեջանի Հանրապետություն, ենթակա է վերադարձի միայն Հայաստանի Հանրապետություն։ Քանի որ իրենք ՀՀ քաղաքացի չեն հանդիսանում, դա կարեւոր է, որպեսզի այդ մարդկանց՝անօրինական կարգավիճակում հայտնվելու պարագայում, եթե պետք է արտաքին որեւէ երկիր, ուղղակի արտաքսեն Հայաստանի Հանրապետություն։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունից դուրս են եկել 2024 թվականի հունվարի 28-ից առաջ, երբ պարտադիր չէր այդ քարտը ունենալ սահմանահատման համար, պետք է անպայման գնան եւ ստանան այդ քարտը։

-Այսպիսով՝ Ռուսաստանում միգրանտների համար անտանելի պայմաններ են ստեղծվում, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է իմանան ՌԴ մեկնող հայերը։

-Այո, գնալով օրենսդրությունը խստանում է, եւ օրինական գտնվելը բավականին բարդանում է այնտեղ։ Ցանկացած պահի ցանկացած օտարերկրացի կարող է ուղղակի կամ հայտնվել անօրինական կարգավիճակում, կամ արտաքսվել։ 2025 թվականին ուժի մեջ են մտնում փոփոխությունները, համաձայն որոնց՝ ոստիկանությանը թույլատրվում է ցանկացած կասկածի պարագայում ցանկացած օտարերկրացու առնվազն 48 ժամով կալանավորել եւ ոստիկանության որոշումով առանց դատարանի արտաքսել։ Դա կլինի լավագույն տարբերակը, բայց ցավոք հնարավոր է նաեւ այսպես կոչված բացատրական աշխատանք տանեն եւ ուղարկեն ռազմաճակատ։

-Դուք ահանզանգեր ստացե՞լ եք, որ հայերին ուղարկում են ռազմաճական։

-Ես չունեմ այդպիսի ահազանգեր, ես էլ եմ համացանցից տեղեկացել, որ նման բան կա: Բայց ղազախ եւ ուզբեկ գործընկերներն ահազանգում են, որ հատկապես իրենց քաղաքացիներից ունեն այդպիսի ահազանգեր։ Ես ՀՀ քաղաքացիներից դեռեւս չունեմ նման ահազանգեր, բայց չեմ բացառում, որ կլինեն այդպիսի դեպքեր։

Ռոզա Հովհաննիսյան