«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն»

Արցախի հայը ձգտում է անկախության ու ինքնիշխանության, որովհետեւ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում միայն մորթվում ու ցեղասպանվում է։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

«Այսօրվա առանցքային հարցը Մինսկի խմբի ռեսթարթն է, որովհետեւ Մինսկի բանակցային գործընթացի բոլոր սկզբունքները 2020 թվականի ագրեսիայից հետո մինչեւ 2023 թվականի հայերի բռնի տեղահանումը խախտվել են։ Մինսկի խմբի բանակցային գործընթացի բովանդակությունը մենք պետք է դարձնենք իրականությանը մոտիկ, այն է՝ երբ Մինսկի խումբը ձեւավորվեց, ձեւավորվեց Արցախի հարցի հետ կապված, եւ այն ժամանակ արդեն որոշ դրույթներ շրջանցվեցին, դա ցեղասպանության հարցն է։ Մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Արցախի հարցը հայոց հարցի եւ ցեղասպանության հարցի մի մաս է։ Եվ այն, ինչ 1991 թվականին Բաքուն չկարողացավ ԼՂԻՄ-ում իրականացնել, իրականացրեց 2021 թվականի սեպտեմբերին եւ հասավ վեջնարդյունքի՝ ցեղասպանելով հայաթափեց Արցախի փոքր բեկորը։ Այսինքն՝ եթե մենք ռեսթարթ չենք տալիս Մինսկի խումբը, ընդհանուր առմամբ հայոց հարցը փակելու ենք, որովհետեւ Հայաստանի հայությունն էլ կցեղասպանվի ու կվերանա»,- հայտարարեց Մարիամ Ավագյանը։

Նա հավելեց, որ արցախցիների այս ակցիաները հանրային դիվանագիտության կարեւոր բեկոր են եւ պետք է շարունակական լինեն։ Ըստ Ավագյանի՝ պետք է հասնել նրան, որ Մինսկի խմբի բանակցային գործընթաց մտնի մի կարեւոր սկզբունք, որ զոհը չի կարող ապրել իրեն ցեղասպանող պետության սահմաններում։ «Դա մենք պետք է մշակենք ու դեմ տանք Մինսկի խմբի եւ ասենք՝ մենք չենք կարող մեզ մորթող պետական համակարգի վերահսկողության ներքո ապրել»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Առավոտի

Առաջիկա 3 օրերին աստիճանաբար կտաքանա 2-5 աստիճանով

Այսօր Երեւանում

Հոկտեմբերի 22-ին ցերեկվա ժամերին հանրապետության առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +5+8,

Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +13+15,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +5+9։

Բայդենն Ալիևին կոչ է անում “ստեղծագործական մոտեցում” ցուցաբերել

ԱՄՆ նախագահը Ալիևին նամակ է հասցեագրել՝ հորդորելով ավարտին հասցնել Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիրն այս տարվա ընթացքում:

«Միացյալ Նահանգների նախագահն ուրախ է տեսնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն առաջընթացը Խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Վաշինգտոնը մնում է հաստատակամ՝ աջակցելու երկու երկրների միջև տևական ու արժանապատիվ խաղաղությանը, որը վերջապես վերջակետ կդնի դարավոր հակամարտությանը», – գրել է Ջո Բայդենը Ադրբեջանի նախագահին ուղարկած նամակում, որը հրապարակել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։

«Խաղաղության պայմանագիրը ոչ միայն կերաշխավորի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ողջ տարածաշրջանը՝ ճանապարհ հարթելով մեծացող առևտրի, ներդրումների, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև հաղորդակցության համար», – նշել է Բայդենը։

Նամակը հրապարակվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև շաբաթներ առաջ Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ անցած հանդիպումից հետո, որտեղ Բլինքենը խրախուսել էր ջանքեր գործադրել՝ համաձայնագիրը հնարավորինս շուտ վերջնական տեսքի բերելու համար:

Նույն կոչով Բաքվին է դիմել նաև Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը», – գրել է Ջո Բայդենը, ընդգծելով. – «Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։

Մահացել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը՝ Էրդողանի գլխավոր հակառակորդը

ВВС

ԱՄՆ-ում մահացել է նախկին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան մեղադրել է 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ։

Ըստ Հերկուլի (Գյուլենի հետևորդների կայք) X-ում, քարոզիչը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի 20-ին։ Նա 83 տարեկան էր։

Գյուլենի շարժումը, որը Թուրքիայում կոչվում է «Հիզմեթ», քարոզում է հանդուրժողական իսլամը և շեշտը դնում է կրթության, ազատ շուկայի և տարբեր դավանանքների միջև փոխգործակցության վրա:

«Հիզմեթ»-ի գործունեության առավել տեսանելի ձևը դպրոցների հիմնումն ու կառավարումն է ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում:

Նրա շարժումը սկզբում ղեկավարեց դպրոցներ, իսկ հետո սկսեց կրթական հաստատություններ բացել Թուրքիայում և ամբողջ աշխարհում:

Երբ շարժումը մեծացավ, նրա հետևորդները սկսեցին բիզնեսի մեջ մտնել և աշխատել կառավարությունում և բանակում:

Երկար ժամանակ Գյուլենը համարվում էր երկրորդ մարդն Էրդողանից հետո Թուրքիայում ունեցած ազդեցության առումով։

Նախկինում նրանք մարտական ​​ընկերներ էին, բայց հետո նրանց ճանապարհները շեղվեցին։

2013 թվականին Էրդողանին մոտ կանգնած մի շարք պաշտոնյաներ մեղադրվել են կոռուպցիայի մեջ։

Շատերը կարծում էին, որ մեղադրանքի հետևում կանգնած են «Հիզմեթ» շարժման ոստիկաններն ու դատախազները:

Թուրքիայի նախագահը դեմ է արտահայտվել շարժմանը` խոստանալով փակել հարյուրավոր դպրոցներ և ազատել կառավարությունը գյուլենականներից, որոնց նա անվանել է «պետություն պետության մեջ»:

2014 թվականին թուրքական իշխանությունները Հիզմեթը ճանաչեցին որպես ահաբեկչական կազմակերպություն և Գյուլենին հետախում հայտարարեցին։

Այդ ժամանակ քարոզիչն արդեն բնակվում էր ԱՄՆ-ում. Գյուլենը բուժման նպատակով գնացել է այնտեղ 1999 թվականին և այդպես էլ չի վերադարձել Թուրքիա։

Ժողովրդի անգիտության վրա խաղալով՝ փորձում են ցույց տալ, որ եթե Արցախի հարցը հանեն, Հայաստանը պահելու են։ Արցախի հարցը հանեք, պետությունը փլուզվելու է

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

«Բոլորին հայտնի է, որ Հայաստանի այսօրվա հանրապետության ստեղծման հիմքում հատկապես Արցախի հարցն է։ Պատահական չէ, որ 1988 թվականի շարժման հիմքում կանգնած Ղարաբաղ կոմիտեի անդամները դարձել են Երրորդ հանրապետության իշխանություն։ Մեր թշնամիների հաջողվել է մեր գլուխը մտցնել, որ Արցախը բեռ է Հայաստանի համար։ Բայց քանի որ այս պետությունը ստեղծվել է արցախյան հարցի վրա, իր հիմքում ընկած է Արցախի հարցը, եւ եթե Արցախի հարցն այս պետության տակից հանեն, պետությունը փլուզվելու է։ Դա լավ գիտեն մեր թշնամիները, դա լավ գիտեն նաեւ նրանք, ովքեր այսօր Հայաստանում իշխանություն են զավթել։ Ժողովրդի անգիտության վրա խաղալով՝ փորձում են ցույց տալ, որ եթե Արցախի հարցը հանեն, Հայաստանը պահելու են։ Արցախի հարցը հանեք, պետությունը փլուզվելու է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ «Միացումի» հարցից բացի, Հայաստանը ստեղծվել է նաեւ Ցեղասպանության հարցի վրա։ Բայց այս իշխանություններն այդ հարցն էլ են փորձում փակել։ «Ո՞նց կարող է հայամետ, հայաստանամետ ուժն այդպիսի բան անել։ Պարզ ու հստակ երեւում է, որ սրանք ղեկավարվում են դրսից։ Մեր մոտ անիմաստ ռուսասիրություն կա։ Մի մասը սկսում է այստեղ գոռոց դնել, թե այս իշխանությունը ենթարկվում է թուրքերին։ Այս իշխանությունը երբեք թուրքերին չի ենթարկվել, այս իշխանությունը ռուսներին ծրագիրն է իրականացնում։ Ինչ անում է, ռուսների առաջադրանքով է անում։ Ստացվել է այնպես, որ մեր ժողովուրդը բաժանվել է երկու մասի, մեկն ասում է՝ պիտի Թուրքիայի հետ միանանք, մյուսն ասում է՝ Ռուսաստանի հետ։ Բայց երկուսն էլ չեն հասկանում, որ մեկը ուղիղ ճանապարհով է թուրքերի շահը սպասարկում, մյուսն էլ ռուսների օգնությամբ։ Սրանից պիտի ազատվի մեր ժողովուրդը, եթե այս հարցերն իր մեջ չլուծի մեր ժողովուրդը, մենք վերջանալու ենք որպես պետություն»,- նշեց Հայրյանը։

Նա հիշեցրեց Արամ Մանուկյանի խոսքերը՝ միայնակ ենք եւ միայն մեր ուժերին պետք է ապավինենք․ «Այդ մարդն ապավինեց իր ուժերին, հայությանն իր շուրջը համախմբեց, Սարդարապատում հաղթեց եւ պետություն ստեղծեց»։

Ռոզա Հովհաննիսյան

«Այդ չորս բանաձեւերում ի՞նչ է գրված, որ իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ»

Արցախցիներն այսօր ակցիա արեցին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին փոխանցեցին արցախյան ավելի քան 60 ՀԿ-ների ստորագրությամբ նամակը։

Արթուր Օսիպյանն ասաց, որ սա առաջին նախաձեռնությունը չէ։ Առաջին հայտարարությունն արցախյան ՀԿ-ների կողմից եղել է 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, որտեղ հստակ նշված էին հինգ պայմաններ, թե ինչպես են արցախցիները պատկերացնում իրենց վերադարձի ապայմանները։

«Եվ այսօր Շվեյցարիայի խորհրդարանը, որը որոշում է կայացրել, ինքը համահունչ է այն հայտարարություններին, որոնք արցախցիները ներկայացրել են»,- ասաց Օսիպյանը։

Նա նշեց, որ երկրորդ նախաձեռնությունն այն էր, որ 50-ից ավելի կազմակերություներ ստորագրել են ԵԱՀՄ Մինսկի խմբին ուղղված նամակ՝ կոչ անելով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։

«Այսօրվա նախաձեռնությունը երրորդ նախաձեռնությունն է, քաղաքական եւ իրավական առումով շատ գրագետ ու տեղին է։ Եվ այսպիսի շարունակական գործի արդյունքում, իմ կարծիքով, հասարակությունը կհամախմբի։ Հասարակությունը պետք է համախմբի գաղափարի ու ծրագրի շուրջ, իմանա, ինչ ենք անում եւ ոնց ենք ուզում մեր նպատակին հասնել։ Մեր խնդիրն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը բերենք օրակարգ, միջազգային հանրությունը քննարկումները շարունակում է, բայց այստեղի իշխանությունները խոչընդոտ են դրա համար եւ օրակագից հանել են հարցը։ Մեր խնդիրն է, որ ՀՀ իշխանությունը հասկանա, որ Արցախի համար պայքարելը եւ արդարության պահանջն է, եւ ՀՀ անվտանգության խնդիր է»,- ասաց Արթուր Օսիպյանը։

Ըստ նրա՝ եթե անգամ ՄԱԿ-ի բանաձեւերով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, դա չի զրկում արցախցիներին իրենց ինքնորոշման իրավունքից օգտվել։ Եվ խնդիրը դրված է այնպես, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է որոշվի։ «Քանի որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում հայերի շահերը եւ հայերին չի ներկայացնում, ապա մենք իրավունք ենք ստանում, օգտվելով մեր ինքնորոշման իրավունքից, խոսել անջատումի մասին»,- ասաց նա։

Օսիպյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները խոչընդոտ են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծման համար, քանի որ իրենք Արցախի հարցն օրակագից հանել են։

ԱՆդրադառնալով ՄԱԿ-ի բանաձեւերի մասին Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ Օսիպյանն ասաց․ «Այդ չորս բանաձեւերում ի՞նչ է գրված, որ իրավունք ունեն մտնել Հադրո՞ւթ, որ Ասկերանի շրջաննե՞րը զավթեն։ Եթե գրագետ մարդիկ ընթերցեին դա, նույն ՄԱԿ-ի չորս բանաձեւում գրված է՝ ընդունված է Արցախի իրավունքը Լաչինի միջանցքի եւ նախկին ԼՂԻՄ տարածքների նկատմամբ։ Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է չորս բանաձեւի մասին, ապա մենք կխնդրեինք, որ Ալեն Սիմոնյանը պայքարեր, որ այդ չորս բանաձեւերը կյանքի կոչվեն։ Այո, մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կոնկրետ խոչընդոտում է այս գործին, բայց արցախցիների խնդիրն էլ այն է, որ ինքնակազմակերպվեն եւ ցույց տան աշխարհին, որ, արցախցիներն իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք։ Արցախցիները պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրականացում եւ նաեւ պայքարում են այդ արդարության համար։ Կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, միջազգային հանրությունը փաստորեն չի փակել այդ հարցը, ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներն առանձին նշել են, որ ԼՂ հարցը դեռ պետք է Մինսկի խմբի շրջանակներում քննարկվի, եւ կարգավիճակի հարցը լուծվի»,- ասաց Օսիպյանը։

Արթուր Օսիպյանը նաեւ հավելեց, որ Արցախից հրաժարվելը վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությանը, ինչն այսօր տեսնում ենք։ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան ու ընդունեն՝ պետք է պայքարենք Արցախի համար, որպեսզի ապահովեն նաեւ ՀՀ անվտանգությունը։

«1991 թվականին նույնն է եղել, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, աշխարհը դա չի ընդունել։ Այսօրվա դրությամբ էլի ՀՀ իշխանությունը Արցախը նվիրում է Ադրբեջանին, բայց աշխարհը չի ընդունում»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Արցախյան ՀԿ-ը զգուշացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերից

Հոկտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին է փոխանցվել Արցախի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ուղղված դիմումի պատճենը։

Արարատ Միրզոյանին ուղղված նամակը ստորագրել են Արցախի քաղաքացիական հասարակության 60 կազմակերպություններ (կցվում է):

Արցախի հասարակական կազմակերպությունները հիշեցնում են Արցախի ժողովրդի իրավունքների ողջ համալիրը պաշտպանելու Հայաստանի իրավունքի ու պարտականությունների մասին, ինչպես նաև զգուշացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացմանն ուղղված քայլերից, որոնք Հայաստանին կզրկեն Արցախի քաղաքացիների կենսական իրավունքները և Հայաստանի Հանրապետության պետական ​​շահերը պաշտպանելու միջազգայնորեն ճանաչված իրավունքներից։

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Պարոն ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

Պարոն նախարար,

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության քաղաքացիական հասարակության ավելի քան 50 կազմակերպություններ Ուղերձ են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Գործող նախագահ պարոն Յան Բորգին:

Այդ Ուղերձի պատճենն ուղարկում ենք Ձեզ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարի:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար իրավունքներ և պարտավորություններ ունի Արցախի Հանրապետության քաղաքացիների հավաքական ու անհատական հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, ինչն ամրագրված է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում ընդունված փաստաթղթերում:

Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի լուծարման փորձերը: Իր ապօրինի նկրտումներին իրավազորություն հաղորդելու նպատակով ադրբեջանական կողմը Հայաստանից լկտիաբար պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման խնդրանքով:

Կարևոր ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ դրանց ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար, այլև Հայաստանին զրկելու է Արցախի քաղաքացիների կենսականորեն կարևոր շահերի ու իրավունքների և ՀՀ պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական նշանակության մեխանիզմից:

ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանը լիարժեք իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցին: Ավելին՝ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով Հայաստանն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով: Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միջազգային համաժողովում Լեռնային Ղարաբաղի իրավաքաղաքական կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության հարցը փակված է:

Խիստ դատապարտելի ու կործանարար համարելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը և դրանից բխած գործողությունները՝ այժմ էլ արձանագրում ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում ստանձնած միջազգային պարտավորություններից Հայաստանի իշխանությունների արդեն ֆորմալ հրաժարումը բացարձակապես հիմնազուրկ ու խիստ վտանգավոր է: Ավելին՝ այն խթանում է ՀՀ-ի նկատմամբ Բաքվի վարչակարգի անհիմն հավակնությունները:

Վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները պետք է սկզբունքորեն և հետևողականորեն հետամուտ լինեն ՀՀ կառավարության դատական հայցերի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարմանը:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի բռնատեղահանված բնակչությանն ընդունած երկիր, իրավունք ունի և պարտավոր է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ջանքեր գործադրել Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիք հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի և կյանքի, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանության, ադրբեջանական գերության մեջ ապօրինի պահվող անձանց ազատման, ինչպես նաև մեր քաղաքացիների մասնավոր ու հանրային սեփականության պահպանության ու պաշտպանության ուղղությամբ:

Հարկ է ընդգծել նաև, որ առանց հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական հարցերի (այդ թվում՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, անվտանգության ու իրավունքների երաշխավորման, Արցախի միջազգային կարգավիճակի որոշման) հասցեագրման՝ անհնար է պատկերացնել որևէ տևական, արդար ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում: Ուստի, հայ-ադրբեջանական բանակցություններում այս և մի շարք այլ կարևորագույն հիմնախնդիրների դիտավորյալ անտեսումը չի կարող իրավաչափ ու արդյունավետ հիմքեր ձևավորել կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության համար:

 

21 հոկտեմբերի, 2024 թ.

Արցախի ՀԿ-ների ստորագրություններ՝

 

 

  1. «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ
  2. «Մտքի ուժ» գիտական ՀԿ
  3. «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ
  4. «Հանուն Հադրութի» ՀԿ
  5. «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ
  6. «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ
  7. «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ
  8. «Արմատ և սաղարթ» ՀԿ
  9. «Մայրություն» ՀԿ
  10. «Երիտասարդ իրավաբաններ» ՀԿ
  11. «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ
  12. «Զարգացում» ՀԿ
  13. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ
  14. «Կին փախստականների միություն» ՀԿ
  15. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ
  16. «Արցախի պահեստազորի սպաների միավորում» ՀԿ
  17. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ
  18. «Արցախի նկարիչների միություն» ՀԿ
  19. «Երիտասարդական հասարակական հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  20. «Էկո Արցախ» ՀԿ
  21. «Արցախի մշակութային ժառանգության պահպանության խորհուրդ» ՀԿ
  22. «Միասնական Հայաստան» հայրենասիրական ՀԿ
  23. “Արցախի Արվեստագործների միություն” ՀԿ
  24. «Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ
  25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ
  26. Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն ՀԿ
  27. «Վիրավոր ազատամարտիկների միավորում» սոցիալ-իրավական ՀԿ
  28. «Կռունկ» արցախահայության իրավունքների պաշտպանության ՀԿ
  29. «Արցախի մայրերի աջակցության կենտրոն» ՀԿ
  30. «Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության ծառայություն» ՀԿ
  31. «Մեր տուն Արցախ» ՀԿ
  32. Բռնի տեղահանված արցախահայերի արհմիություն
  33. «Արցախի Ժողովրդավարական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ
  34. «Կրթական, հոգեբանական աջակցություն» ՀԿ
  35. «Երկխոսության կամուրջ» ՀԿ
  36. «Արցախի արծիվներ» ՀԿ
  37. «Իմ իրավունքը» քաղաքացիական շարժում
  38. ՕՕ «Ավանդական քիքբոքսինգի ֆեդերացիա» ՀԿ
  39. «Արցախի դիվանագետների միություն» հասարակական նախաձեռնություն
  40. «Հավասար հնարավորությունների հայրենիք» հասարակական շարժում
  41. ԼՂՀ մարզական տուրիզմի ֆեդերացիա
  42. Խուլ ու համրերի հասարակություն
  43. «Հանգանակ» ԲՀԿ
  44. «Արցախից Արցախ» տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, իրավապաշտպան կենտրոն ՀԿ
  45. «Վիտա» ՀԿ
  46. «Արցախի միություն» ՀԿ
  47. «Առաջ արցախ» ՀԿ
  48. «Դիզակ» թերթ
  49. «ԳԵՆ» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
  50. ԼՂՀ փախստականների միություն
  51. «Արցախից տեղահանված արցախցիների» ՀԿ
  52. “ՄեդիաՍտեփ” ՀԿ
  53. Ստեփանակերտի մամուլի ակումբ ՀԿ
  54. Ազգային Արցախ ՀԿ
  55. «Վերածնված հայրենիք» ՀԿ
  56. «Ավագների Խորհոըրդ» ՀԿ
  57. Արցախի գրողների միություն ՀԿ
  58. Արցախի երիտասարդների զարգացման կենտրոն ՀԿ
  59. «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն»
  60. Արցախի պառլամենտականների ասոցիացիա
  61. <<ԼՂՀ խուլերի միավորում>> ՀԿ

Երեւանն ինքը Բաքվի ու Մոսկվայի ձեռքն է տալիս Հայաստանը վերացնելու իրավունքը

Արցախի հասարակական կազմակերպություններն այսօր մտադիր են նամակ հանձնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ավելի ճիշտ՝ հանձնել 2024 թվականի սեպտեմբերի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգին փոխանցած կոչի պատճենը։

Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կոչ են անում Հայաստանի իշխանություններին չտրվել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի պահանջներին։ Նրանք սա համարում են ոչ միայն վտանգ արցախցիների համալիր իրավունքների պաշտպանությանը, այլեւ հրաժարում հայկական պետականության շահերի պաշտպանության միջազգայնորեն ճանաչված կարեւոր մեխանիզմից։

Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ խորհրդարաններում քննարկումներ են ընթանում և ընդունվում բանաձևեր, որոնք ուղղված են Արցախի հիմնախնդիրը գլոբալ օրակարգ վերադարձնելու և դրա լուծումը նոր աշխարհակարգում գտնելուն:

Հայաստանի ԱԳՆ-ն որեւէ կերպ չի արձագանքում այս քննարկումներին։ Ավելին, Հայաստանում իշխող կուսակցությունը չի նախաձեռնում այս հարցի քննարկումները Հայաստանի խորհրդարանում, փոխարենը Ազգային ժողով է ուղարկում Հայաստանից դուրս Արցախը «ճանաչող» սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգը։

Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին անցած շաբաթվա ընթացքում երկու անպտուղ լսումներ է կազմակերպել՝ Անկախության հռչակագրի և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրի վերաբերյալ։

Հռչակագրի վերաբերյալ լսումները «նշանավորվեցին» նրանով, որ եզրափակիչ հայտարարության նախագծում նշված չէր Հռչակագրի ամենահիմնարար և «վիճահարույց» կետը՝ հղումը Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Ինչ վերաբերում է երկրորդ նիստին, ապա կազմակերպիչները չեն պաշտպանել արցախցի փորձագետների հայցերն ընդդեմ ռուսական կողմի, որը, ըստ փաստաթղթերի, պետք է դառնար Արցախում հայկական ժառանգության պահպանման երաշխավորը։

Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը բացահայտ արդարացրել է Արցախի դեմ ագրեսիան և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը։ «Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց, որ Արցախում Ադրբեջանի գործողությունների տակ եղել է «ՄԱԿ-ի առնվազն 3-4 բանաձեւ»։

Հայկական իրավունքների միջազգային թղթապանակի խեղաթյուրումը, այդ թվում՝ Արցախում, թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ ընդդիմության կողմից հանգեցնում է նրան, որ Երևանն ինքը Բաքվի և Մոսկվայի ձեռքն է տալիս Հայաստանը վերացնելու իրավունքը։ Եթե ​​նույնիսկ ՄԱԿ-ի բանաձևերը Ալիևին տալիս էին Արցախը բռնակցելու «իրավունքը» (իսկ դա ճիշտ հակառակն է), ապա Հայաստանի խորհրդարանի նախագահը պետք է վերջինը լիներ, որ հիշում է այդ մասին։

Արցախի հասարակական կազմակերպությունները պահանջում են Արցախի հարցը վերադարձնել հայկական բանակցային օրակարգ, պահանջում են, որ ՀՀ կառավարությունը միտումնավոր չհրաժարվի գործող հզոր միջազգային իրավական մեխանիզմներից։

Իսրայելը դատի կտա Մակրոնին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հրամայել է իր նախարարությանը դատական գործընթաց սկսել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ այն բանից հետո, երբ Փարիզն արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել գալիք ծովային ցուցահանդեսին:

Իսրայելական ընկերություններին արգելելու որոշումը վերջինն է այն միջադեպերի շարքից, որոնք Մակրոնի կառավարությունը կիրառում է Իսրայելի նկատմամբ՝ պայմանավորված Գազայում և Լիբանանում պատերազմներ վարելու անհանգստությամբ, հաղորդում է Reuters-ը:

Նոյեմբերի 4-7-ը Փարիզում անցկացվող միջոցառման կազմակերպիչ Euronaval-ը անցյալ շաբաթ իր հայտարարության մեջ նշել է՝ Ֆրանսիայի կառավարությունը տեղեկացրել է, որ իսրայելական պատվիրակություններին արգելված է տաղավարներ կամ ցուցադրական սարքավորումներ ունենալ, բայց կարող են հաճախել ցուցահանդեսին: Որոշումն անդրադարձել է յոթ ընկերությունների վրա:

«Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը իրավական և դիվանագիտական քայլեր ձեռնարկել Ֆրանսիայի նախագահի որոշման դեմ՝ կանխելու իսրայելական ընկերություններին հաջորդ ամիս Փարիզի SalonEuronaval-ում իրենց արտադրանքը ցուցադրելու համար», – հայտարարել է Կացը սոցիալական մեդիայի X հարթակում արված հայտարարության մեջ:

Ֆրանսիան փոխում է գլոբալ “բաժանարար գիծը”, որը տասնյակ տարիներով կառուցվել է Իսրայելի գործոնի շուրջ։ Այդ բաժանարար գծերում Հայաստանը դիտարկվում է որպես Ռուսաստան-Իրան “չարի առանցքի” դաշնակից։ Հայաստանը չի հիշատակվում որպես ագրեսիայի եւ ահաբեկիչ քաղաքականության զոհ։

Հիմա Ֆրանսիան հայտարարում է, որ արդարության կողմին է․ Ուկրաինայի, Հայաստանի, Պաղեստինի, նաեւ Իսրայելի, որը տուժում է ահաբեկիչներից։ 

Ֆրանսիայի նման վերաբերմունքը, հատկապես Հայաստանը Ուկրաինայի եւ անարդարությունից տուժած այլ պետությունների շարքին դասելն, արդեն առաջացրել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի զայրույթը։ Հիմա դրանց միանում է Իսրայելը, “հաստատելով” Ֆրանսիայի գծած բաժանարար գիծը։   

Իրանցի մարզիկը դեսպանությանն է հանձնել իր մեդալը՝ ի հիշատակ Արթուր Սուքիասյանի

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության դեսպանություն է այցելել Իրանի Կիոկուշին կարատեի մարզիկ Ահմադ Բաղերիին և ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված իր ընկեր Արթուր Սուքիասյանի՝ դեսպան Արսեն Ավագյանին հանձնել վերջերս Դանիայի Աալբորգ քաղաքում կայացած մրցապայքարում նվաճած ոսկե մեդալը:
Դեսպան Ավագյանը բաձր է գնահատել իրանցի մարզիկի քայլը, նրան մաղթել մարզական մեծ հաջողություններ և խոստացել ստացված մեդալը փոխանցել Արթուր Սուքիասյանի ընտանիքին:

Իրանում ՀՀ դեսպան․ Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցք

Հայաստանն անընդունելի է համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը, իսկ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է գտնվի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, գործի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Այս մասին «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանը մեկնաբանելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Բաքվի հայտարարությունները։
Նրա խոսքով՝ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարևոր երաշխիք:
«Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,– նշել է Ավագյանը:
Դիվանագետը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը: Ավելին, Երևանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել հենց այն պայմաններով, որոնք ապահովում է Իրանը։
Նա նաև անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն ուղղված է տնտեսական ուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանի երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանը և երկարաժամկետ ու կայուն խաղաղության հաստատմանը:
Այն ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում և զարգացում՝ ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով։ Դա թույլ կտա նաև երկաթուղային հաղորդակցություն սկսել Հայաստանի բարեկամ Իրանի հետ։