Սամվել Շահրամանյանի մեքենայի գործը “մեռած վիճակում” է

Փաստաբան Ռոման Երիցյան-ը գրում է․  

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։

Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։

Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։

Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից։

Բոլոր զորքերը ռազմաճակատում են, իսկ Հյուսիսային Կովկասը կարող է ցանկացած պահի բռնկվել

Ռուս ուլտրա-պատրիոտների շարքերում անկումային տրամադրություններ են տիրում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նոր հնարքից հետո, ով արյան վրեժ հայտարարեց մի սենատորի և Պետդումայի երկու պատգամավորների նկատմամբ։ Z-թղթակից Մաքսիմ Կալաշնիկովը տեղի ունեցողը անվանել է «սև կարապ» և երկրի համար կանխատեսել սուր ճգնաժամ։

Այս մասին նա հայտարարել է YouTube-ի իր բլոգում, հայտնում է Dialog.UA-ն։

Բիզնես-ռազբորկայի ժամանակ Կադիրովը հանկարծ մեղադրել է Դաղստանի և Ինգուշեթիայի վերնախավին իր մահափորձի մեջ և արյան վրեժ հայտարարել Պետդումայի երկու պատգամավորների, ինչպես նաև Կրեմլի մերձավոր սենատոր Սուլեյման Քերիմովի դեմ։

Չեչնիայի ղեկավարը հրապարակավ թքել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և օրենքների վրա՝ ցույց տալով, որ այլևս չի ենթարկվում Մոսկվային։ Կալաշնիկովը վստահ է, որ այն, ինչ տեղի է ունենում, Ուկրաինայի դեմ պատերազմի ձախողման արդյունք է։

«Այսպիսով, մի հսկայական սև կարապ թռավ: Ոչ թե կարապ, այլ վիշապ… Ինձ արդեն ռազմաճակատից գրել են՝ «Կալաշնիկով, քեզ ասում էինք, որ այս «СВО»-ն Հյուսիսային Կովկասում կավարտվի։ Ահա եւ հաստատումը»: Այլևս ոչ թե սև կարապ, այլ մի սև հրեշ թափահարեց իր դժոխային թեւերը: Սա մարտահրավեր է պետական ​​կառավարման համակարգին։ (…) Վաշինգտոնում հիմա գոհունակությունից քրթմնջում են։ Իսկ Կիևում, որտեղ սպասում են Ռուսաստանի Դաշնության փլուզմանը և Հյուսիսային Կովկասի բռնկմանը, շամպայն են բացում։ Եթե ​​ձախողում եք կայծակնային հաղթանակը, ամեն ինչ ընկնում է ձգձգվող պատերազմի մեջ, եւ դուք ստանում եք կայունության փլուզման էֆեկտ։ Դուրս են գալիս բոլոր անբուժելի վերքերն ու հիվանդությունները, որոնք քշվել էին գորգի տակ։ Կենտրոնական իշխանության կենսունակությունը կասկածի տակ է դրվել… Այս իրադարձությունները զուգակցվել են շատ բարդ, վտանգավոր պատերազմի հետ, երբ բոլոր զորքերը ճակատում են, սահմանները հազիվ են ծածկված, թշնամին արդեն Կուրսկի շրջանում, մենք բախվում ենք մոբիլիզացիայի նոր ալիքի անհրաժեշտության (թեև մենք շատ ենք փորձում խուսափել): Եվ սա արդեն հղի է լուրջ ճգնաժամով»,- ասաց տագնապած Զ-ռազմական թղթակիցը։

Նա շտապ, կոշտ արձագանք է պահանջել ռուս բռնապետ Վլադիմիր Պուտինից։ «Գնդակը պետության ղեկավարի դաշտում է… Ուղղակի անհնար է չարձագանքել և ձևացնել, թե ոչինչ չի եղել… Եթե խնդիրը չլուծվի, Ռուսաստանի Դաշնության պետական ​​իշխանության հեղինակությունը կտուժի ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային ասպարեզում, որտեղ կույրեր չկան… Շատ վտանգավոր է ամեն ինչ թափ հավաքում. վախենամ, որ սա միակ սև կարապը չէ: Ես այնքան էլ լավ զգացողություն չունեմ»,- դժգոհել է Կալաշնիկովը։

Արցախցիներից 7 մլն․ դրամ եւ 11 հազ․ դոլար են հափշտակել

Հոկտեմբերի 3-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ սեպտեմբերի 23-ին Էլլա Ս․-ից, Բելա Խ․-ից, Ռիտտա Զ․-ից, Անյուտա Ղ․-ից, Մարիամ Խ․-ից, Անուշ Մ․-ից, Լիլյա Մ․-ից, Արգամ Հ․-ից, Նարինե Ա․-ից, Էլլա Գ․-ից, Սիլվա Մ․-ից, Մուրադ Ս․-ից, Մարինա Խ․-ից, և Արմեն Խ․-ից ստացվել են հաղորդումներ, որ մայիս ամսին վերջիններս ծանոթացել են Ռիտա Բ․-ի, Իննա Գ․-ի և Սյուզիի հետ, ովքեր տեղեկանալով, որ իրենք հանդիսանում են Արցախից բռնի տեղահանվածներ, ներկայացել են որպես ՀՀ սոցիալական մարմնի աշխատակիցներ և կարող են բնակարանի հատկացում կատարել, որպեսզի լուծեն այդ հարցը՝ նրանց տվել են 7 մլն 158 հազար դրամ և 11 հազար ԱՄՆ դոլար:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հետագայում պարզվել է, որ նրանցից ոչ ոք որևէ սոցիալական մարմնի աշխատակից չէ և խաբեությամբ տիրացել են նշված գումարներին:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր. Օր.-ի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քանի արցախցի է կրկին ՀՀ քաղաքացիություն ստացել

Հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 3431 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձ։ Այս մասին Լոռիում հայտնեց Հայաստանի ՆԳՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանը։

«Հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 5409 մարդ։ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 3431 անձի»,- ասաց Գեւորգյանը։

Հիմա օրական միջինը 50-ից 80 դիմում է ստացվում քաղաքացիություն ստանալու համար։

2024 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 4918 դիմորդներից 3226 ղարաբաղցի քաղաքացիություն է ստացել։

Արտակ Բեգլարյանը եւ Արման Թաթոյանը Ֆրանսիայում կարեւոր հանդիպումներ են ունենում

«Մի քանի օրյա այցով Եվրոպայում ենք Arman Tatoyanի և Karnig Kerkonianի հետ միասին: Փարիզում արդեն հանդիպումներ ենք ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Մի քանի այլ կարևոր հանդիպումներ էլ ենք ունեցել, որոնք հրապարակման ենթակա չեն»:

Այդ մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները:

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ:

Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի, Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի, սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:

Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով`

  1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:
  2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:
  3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:
  4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:

Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):

  1. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:
  2. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական հետագա հանցանքները:

Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար»:

Ռուսաստանի պատասխանատվությունը․ ում են հաջորդը հանձնելու Բաքվին

Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը  գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։

Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի հարցում, նաև օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,-ասաց նա:

Երեւանում գտնվող Արցախի ղեկավարները, պատմելով, թե ինչպես են գերեւարվել ռուսների պաշտպանության տակ եղած արցախյան նախկին պաշտոնյաները 2023-ի հոկտեմբերի սկզբին եւ հանձնվել Բաքվին, ապշեցուցիչ հանգամանքներ են ներկայացրել։ Նրանց խոսքով, Բաքուն ռուսներին պայման է դրել՝ կա՛մ Արցախի նախկին ղեկավարներն են հանձնվում, կա՛մ թույլ չեն տա մարդկանց, իմա՝ տղամարդկանց դուրս գալ Արցախից։ Արդյունքում նախկին ղեկավարները հանձնվեցին, այլ կերպ ասած՝ զոհաբերվեցին։

Նման սցենարը հավանական է թվում, թեկուզ դժվար է այն հաստատել։ Սակայն մի բան ակնհայտ է՝ ռուսներին եւ Ալիեւին պետք չէին հարյուրավոր պատանդներ, նրանց պետք են որոշում ընդունողներն, որոնց կարելի է դատել հրաման տալու համար։

Սակայն ակնհայտ է, որ Արցախի նախկին ղեկավարները չեն բավականացնում Մոսկվային ու Բաքվին, ավելի ճիշտ՝ նրանք արդեն “կրել են իրենց պատիժը”։ Ալիեւը հիմա փորձում է մեղադրել ոչ թե Արցախի, այլ Հայաստանի նախկին ղեկավարությանը։ Այդ հարցում Բաքուն եւ պաշտոնական Երեւանը գրեթե համակարծիք են․ Փաշինյանը եւս պնդում է, որ նախկինները Ղարաբաղի հարցը թոկի պես փաթաթել են Հայաստանի վզին։ Իսկ “ղարաբաղյան կլանին” աշխարհի բոլոր մեղքերը վերագրելը ցույց է տալիս, թե որտեղ են տանում սլաքները։ Հնարավոր է, որ Ալիևն արդեն Բաքվում գտնվողների փոխարեն այլ մարդկանց է պահանջել։

“Խաղաղության պայմանագրի” հնարավոր ստորագրման “նախաշեմին “Ալիեւի կողմից հնչեցրած պահանջը՝ դատապարտել ռազմական հանցագործություններին, եւս չի ենթադրում 90-ականների պատերազմի հազարավոր մասնակիցների “հանձնումը”։ Ակնհայտ է, որ խոսքը մի քանի հոգու մասին է, որոնց որոշ ուժեր փորձում են “ռազմական հանցագործ” ներկայացնել։

Եթե Բաքուն ռուսների միջոցով Արցախում պայման է դրել՝ կա՛մ մի քանի ղեկավար եք հանձնում, կա՛մ “ընտրովի” թույլ չենք տալու տղամարդկանց դուրս գալ, նույնը կարող է կրկնվել Հայաստանում։ Ճիշտ է, այստեղ դա դժվար է անել՝ Հայաստանը բլոկադայի մեջ չէ, բայց ով գիտի, թե ինչի համար են նախկին նախագահների դատական գործերը վերսկսում։

Ինչպես Գեղամ Ստեփանյանն է ասում, Ռուսաստանի դերն այս ամենի մեջ կարեւոր է։ Լրացնենք՝ ամենակեղտոտ։ Եթե մի անգամ զոհաբերել են․․․

 

Ակցիաներին մասնակցել են գերիների հարազատները․ ազատ արձակեք Դավիթին եւ մյուսներին

Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդներին ազատ արձակելու պահանջով ակցիաներին մասնակցել են նրանց հարազատները։

Նելսոն Ալլահվեդյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից գերեվարված Դավիթ Ալլահվերդյանի հայրն է։ Վերջին անգամ որդուն տեսել է գյուղում։

-Նա ասաց, որ վտանգավոր է գյուղում մնալ ու հորդորեց դուրս գալ, ասելով, որ ինքը նույնպես կմիանա մեզ։ Սակայն այդպես էլ չեկավ և մեր համագյուղացի 3 հոգու հետ գերեվարվեց։ Դասախոսում էր Հայաստանի ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղում։ Երեք երեխա ունի, որոնք ամեն օր սպասում են հոր վերադարձին ու հարցեր տալիս, որոնց պատասխանները ես չունեմ,-ասում է Նելսոն Ալլահվերդյանը և ավելացնում,-մեր պահանջը մեկն է՝ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետդեպի պատվիրակությանը

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պատվիրակությանը:

«Ուրախ ենք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում ԱՄՆ դեսպանության և պետքարտուղարության պատվիրակությանը: ՀՀ-ում ԵՄ դիտորդները արժեքավոր տեղեկություններ են տրամադրել վերջին զարգացումների և մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասված է առաքելության X-ի միկրոբլոգում:

Բաղունց․ մեր պահանջները չեն համընկնում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետ

Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ կամ քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Անդրադառնալով Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրին՝ Բաղունցն ասաց, որ այստեղ էլ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին։ Եվ Հայաստանի իշխանությունների կողմից կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները գնալով նոր պահանջներ են ներկայացնում, մասնավորապես նրանց կողմից պահանջներ են հնչում դատապարտել Արցախյան շարժման, Ղարաբաղյան առաջին պատերազմի ակտիվ մասնակիցներին։

Բաղունցը նաեւ ասաց, որ իրենց պահանջները չեն համընկնում ՀՀ իշխանությունների դիրքորոշման հետ, դրանով նվազում է ազդեցությունը ադրբեջանական կողմի վրա։ Ըստ նրա՝ չունենալով հենարան ՀՀ իշխանությունների կողմից, միջազգային հանրության աջակցությունն են ակնկալում այս հարցում։

Բաղունցը հավելեց, որ միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ հայ գերիները պետք է ազատ արձակվեն։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանի իշխանությունները չեն ճանաչում Արցախի պետական ինստիտուտները, ինչո՞վ է դա խանգարում նրանց, Բաղունցն ասաց. «Ալեն Սիմոնյանի նմանատիպ հայտարարությանը ես արդեն արձագանքել եմ՝ հայտարարելով, որ Ազգային ժողովի եւ Արցախի իշխանությունների մահվան լուրերը չափազանցված են։ Այնուամենայնիվ կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները թե՛ Արցախի իշխանությունների նկատմամբ, թե՛ արցախահայության արդարացի պահանջների նկատմամբ, թե՛ իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի հարցով։ Գոնե այդքանով ՀՀ իշխանությունները պետք է իրենց դրսեւորեն հայամետ դիրքերից»։

COP29 ընդառաջ․ ակցիաներ ՄԱԿ գրասենյակի, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի դեսպանատների մոտ

Հայ գերիների եւ պատանդառված անձանց վերադարձի հարցով պետք է լինի պետական քաղաքականություն, միջազգային մակարդակում հարցը բարձրացնողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով։

Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ ակցիաներ են անցկացվում, եւ նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որքան մոտենում է համաժողովի օրը, այնքան միջազգային դաշտում որոշակի ակտիվություն է նկատվում այս հարցով։ «Այսինքն՝ սա ժամանակահատված է, որ մենք պետք է փորձենք պարտադրել, որ Ադրբեջանը կատարի մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքների միջազգային դրույթները։ Հակառակ պարագայում, այս հարցերի մասին չխոսելու դեպքում, Ադրբեջանն ավելի կոգեւորվի անպատժելիությունից։ Սա այն թեման է, որի մասին իրավունք չունենք չխոսել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց հայ գերիների վերադարձի մասին, Արցախի ՄԻՊ-ն ասաց՝ թե ինչու չխոսեց, դա պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին։ «Բայց մենք առիթ ունեցել ենք ասելու, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը կարեւոր առիթ էր եւս մեկ անգամ բացառապես հումանիտար այս հարցը բարձրաձայնելու եւ միջազգային ամենաբարձր ատյանից եւս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Մյուս կողմից էլ տեսանք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության բանաձեւերում արտահայտվեց գերիների, պատանդների եւ անհետ կորածների ճակատագրի պարզման հարցը։ Եվ նաեւ դրանով է պայմանավորված, որ մեր միջոցառման հասցեատերերի ցանկում ընդգրկել են ՀՀ ԱԳՆ-ին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի՝ հատկապես նոյեմբերին ընդառաջ միջազգային հարթակում այս հարցը առավել բարձր հնչեցնելու համար»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակի Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին եւ պատանդառված անձանց։ Սա հիմնական պահանջն է, բայց այսօր հանձնվող նամակներում արտահանված են նաեւ Արցախի ժողովրդին հուզող այլ հարցեր, մասնավորապես, վերադարձի իրավունքը միջազգային բանակցային օրակարգ դարձնելու եւ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պահանջները։

«Միլթոն» փոթորիկը. 16 զոհ, ջրհեղեղ Ֆլորիդայում, 3 միլիոն տուն հոսանքազրկված

Հինգշաբթի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի արևմտյան ափին հարվածած «Միլթոն» փոթորիկը իր հետ բերել է մինչև 70 մ/վ արագությամբ քամու պոռթկումներով և հզոր անձրևներով ու ջրհեղեղներով տորնադոն։ Քանի որ փրկարարները սկսում են ավելի ու ավելի շատ հեղեղված ու ավերված վայրեր ուսումնասիրել, զոհերի թիվն ավելանում է։

Հինգշաբթի երեկոյան BBC-ի ամերիկյան գործընկեր CBS-ը, հղում անելով Ֆլորիդայի իրավապահ մարմիններին, հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 16-ի:

Մինչ այս մի քանի ժամ տարբեր աղբյուրներ մահացածների թվի վերաբերյալ տարբեր տվյալներ էին փոխանցում՝ 10-ից 12։

Հինգ մարդ մահացել է Սենթ Լյուսիա շրջանի ճամբարում: Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտնել են երկու մահվան մասին։ Փրկարարները հարեւան թաղամասում սեփական տան փլատակների տակ հայտնաբերել են ևս մեկ անձի։

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը կեսօրին կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ մահացածների մասին տվյալները նախնական են, և իշխանությունները դեռևս չունեն նահանգի բոլոր բնակիչների ընդհանուր ցուցակը, ովքեր դարձել են աղետի զոհ։

Ֆլորիդայի բնակիչներին, ովքեր ժամանակավորապես հեռացել են տարերքներից, նահանգային իշխանությունները կոչ են անում չշտապել տուն վերադառնալ:

Անհամար կործանված էլեկտրահաղորդման գծերի պատճառով Ֆլորիդայում մոտ 3 միլիոն մարդ դեռ առանց հոսանքի է, իսկ որոշ համայնքներ դեռևս առանց ջրի են:

Ֆլորիդայի արեւմտյան ափին գտնվող Սանկտ Պետերբուրգում, որտեղ ապրում է մոտ 250 հազար մարդ, ընդհանրապես ջրամատակարարում չկա։

Մանրամասները՝ ВВС-ում

Կարելի էր մարդավարի անել․ ինչու են փոխել արցախցիների համար կանոնները

Երեկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ պարզեցվել է Արցախից բերված մեքենաների հաշվառման կարգը։ Այժմ գրանցման համար գույքահարկի պարտքերի վճարման տեղեկանք չեն պահանջի։

Մեկ տարի պահանջվեց, որ ՀՀ կառավարությունն իր վերաբերմունքը “փոխի”, թեև տեղահանությունից անմիջապես հետո այս հարցը հեշտությամբ կարող էր լուծվել։ Դրա համար կար առնվազն երկու ճանապարհ՝ պահպանել Արցախի բնակիչների հարկային վճարումների վերաբերյալ տվյալները և դրանք փոխանցել Հայաստանի հարկային ծառայությանը, որը կարող էր տեղեկանք տրամադրել։ Երկրորդը՝ ճանաչել Արցախի տեղական իշխանությունների՝ «զրոյական» վկայականներ տալու իրավունքը, որոնց հիման վրա կարելի է գրանցել արցախյան մեքենան։

Դա մարդավարի կլիներ։ 2020-ի պատերազմը, 10-ամսյա շրջափակումը, ագրեսիան, հազարամյա հողի գրավումը, տեղահանությունը վերապրած մարդկանց կարելի էր այլ կերպ վերաբերվել։ Արցախցիների ուրախության արցունքները, ում հայերը դիմավորեցին Հակարի կամրջից հետո՝ հացով, ջրով, որոնց շատերը անվճար տրամադրեցին իրենց բնակարանները, ապահովեցին ամեն ինչով և մինչ օրս աջակցություն են ցուցաբերում, շուտով փոխվեցին դառնության արցունքներով:

Հայաստանի իշխանությունն այնպիսի եռանդով սկսեց ջնջել Արցախի և արցախցիների «կենսագրությունը», այնքան խոչընդոտներ ու պատնեշներ կառուցեց, որ արցախցիներն ուղղակի ապշեցին։ Ի՞նչ են արել նրանք, որ արժանանան այս վերաբերմունքին։ Նրանք ապրել են իրենց հողում, արարել, իրենց լավագույն որդիների արյան գնով նվաճել ազատությունը, դիմացել բոլոր դժվարություններին, ապրել Հայաստանի օրենքներով ավելի քան 30 տարի՝ նույնիսկ աշխատելու և ծառայելու թույլտվություն ստանալով Երևանից։ Հայաստանում ու Արցախում բոլոր համակարգերը փոխկապակցված էին, և հանկարծ պարզվեց, որ այս ամենը ֆիկցիա էր, որ Երևանում տեղահանվելուց հետո դեռ պետք է ապացուցես, որ սովորել ես, ծառայել, աշխատել, հարկեր վճարել, թոշակ ես ստացել, ՀՀ անձնագիր ունեցել, որն ամբողջ աշխարհում առայսօր ճանաչվում է։

Այս վերաբերմունքից շոկը չի վերանում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում այն ​​սնվել է բազմաթիվ «հիշեցումներով». ՀՀ խորհրդարանը կասկածեց, որ Արցախի ԱԱԾ աշխատաքիցները “ագենտ չեն”, արցախյան քաղաքապետին,որը տվել են «զրոյական» տեղեկանք, ձերբակալեցին, առգրավեցին Արցախի նախագահի մեքենան։ Տեղահանումից հետո կենսաթոշակ ստանալու համար դիմողների՝ Արցախում իրենց աշխատանքի տարիները չեն «հաշվում» (բացառությամբ որոշ ոլորտների, օրինակ՝ կրթական համակարգի, որտեղ աշխատանքային ստաժը հաստատվում է)։

Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռ նախաքննության փուլում է, ասաց նրա պաշտպան Ռոման Երիցյանը։ Սարգսյանը գտնվում է վարչական հսկողության տակ՝ խիստ սահմանափակումներով։ Ստեփանակերտի քաղաքապետը մեղադրվում է խարդախության մեջ՝ հենց նշված տեղեկանքների հետ կապված։

Հայաստանի կառավարությունն այնքան հիվանդագին է վերաբերվում Արցախի պետական ​​և քաղաքային մարմիններին Հայաստանում, որ դա արդեն կլինիկա է հիշեցնում։ Հայաստանի պետական ​​համակարգում ոչինչ չպետք է հիշեցնի Արցախի մասին, հետևաբար կառավարությունը չի օգտագործում Արցախի էլեկտրոնային արխիվները, տվյալները, միևնույն ժամանակ, չի ընդունում արցախյան համայնքների ղեկավարների կողմից տրված տեղեկանքները։ Այդ իսկ պատճառով որոշվել է «պարզեցնել» գրանցումը և չպահանջել «զրոյական վկայականներ»։ Որ ոչինչ չհիշեցնի Արցախի մասին։

Թեեւ ամեն ինչ կարելի էր մարդավարի անել։