Կորյունը շատ էր նվիրված իր զինվորներին, հպարտանում էր նրանցով

2020 թվականի 44-օրյա պատերազմ։ Արհավիրք, որն իր անդառնալի հետքը թողեց արցախահայության վրա։ Հազարավոր տղաներ զոհվեցին հանուն Արցախի, զոհվեցին հանուն մայր հողի, որը, սակայն, մենք պահել չկարողացանք։ Այդ անձնվեր տղաներից էր Կորյուն Կառլենի Սողոմոնյանը:

Ծնվել է 1984 թվականի հունիսի 30-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 2002-2004 թվականներին, ծառայել է ԼՂՀ ՊԲ շարքերում՝ զորացրվելով ավագ սերժանտի կոչումով:

2006 թվականին ընտանիք է կազմել՝ բնակություն հաստատելով հայրենի գյուղում: Գիտության և ուսման հանդեպ ծարավը նրան ստիպել է շարունակել ուսումը և ստանալ իրավաբանի մասնագիտություն:

Կորյունը՝ որպես ժամկետային զինծառայող, ծառայել է ԱՀ ՊԲ Ն զորամասում, 2014 թվականից ծառայության է անցել Ասկերանի զորամասում՝ որպես դիրքի ավագ: 2016 թվականի ապրիլի 1-ին նա մարտական դիրքերում էր՝ ընդամենը 7 հոգով:

Մարտական ընկերները պատմում են

-2016-ի ապրիլի 2-ի առավոտյան հանկարծակիի եկանք, սակայն կարողացանք մեզ հավաքել ու խուճապի չմատնվել: Մեր դիրքի դիմաց թշնամու տանկերն ու հրանոթներն էին շարված: Շնորհիվ Կորյունի վարած հմուտ ռազմագործողության՝ թշնամին խուճապի մատնվեց: Կորյունն անմիջապես կարողացավ կողմնորոշվել և շարքից հանել թշնամու 3 հրամանատարների ու անցնել հարձակման: ԱՀ ՊԲ հրամանատարությունը բարձր է գնահատել նրան և տվել լեյտենանտի կոչում՝ պարգևատրելով Բաղրամյանի անվան մեդալով: Կորյունը շատ էր նվիրված իր զինվորներին, հպարտանում էր նրանցով: Մեզ համար մեծ ցավ էր նրա կորուստը։

2020 թվականին Կորյուն Սողոմոնյանն արդեն կապիտանի կոչում ուներ, արագ արձագանքման վաշտի հրամանատար էր: Սեպտեմբերի 27-ից 35 օր շարունակ նա իր տղաների հետ կռվի դաշտում էր, կարողանում էր մտնել թշնամու թիկունք և նրանց պատճառել կենդանի ուժի կորուստներ, զենքզինամթերք ու կարևոր փաստաթղթեր էր բերում իր հետ:

2020 թվականի հոկտեմբերի 31-ին էր: Կորյունին հնարավորություն էր տրվել մեկ օրով մեկնել տուն՝ հարազատներին տեսության:

Մայրը՝ Էլմիրա Կասյանը, հիշում է

 -Կորյունը եկավ գյուղ, հանդիպեց բոլոր հարազատների հետ, կիսվեց իր մտքերով, որոնք այնքան էլ ուրախալի չէին:

Նվիրված ու պատասխանատու զինծառայող էր տղաս։ Հպարտորեն պատմում էր, որ իրեն մայորի արտահերթ կոչում են տվել: Այնքա՜ն ուրախ էր, որ  զինվորներից ոչ մի զոհ ու անգամ վիրավոր չի եղել։ Նույն գիշերը Կորյունին շտապ կանչում են՝ ասելով, որ թշնամին հասկացել է, որ հրամանատարը տեղում չէ, հարձակողական գործողություններ է սկսել: Կորյունը գիշերը ճանապարհվում է։  Հմուտ հրամանատար որդիս զոհվում է ավտովթարից՝ չհասցնելով հասնել դիրքեր։ Տղայիս հանդեպ ճակատագիրը շատ անգութ գտնվեց։ Նրա բոլոր նպատակներն անկատար մնացին։ Մինչև այսօր չեմ հավատում, որ իմ առյուծ որդին, իմ Կորյունն ինձ հետ չէ: Սիրտս մղկտում է նրա կնոջ՝ Դիանայի և դստրերի համար։ Արցախի կորստից հետո կարոտն ու ցավն ավելի են ուժգնացել։

Կորյուն Սողոմոնյանն իր հավեժական տեղն է գտել Եռաբլուր պանթեոնում։ Նա սրբադասված հազարավոր իր բախտակիցների կողքին է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կեղծավորությունը. «աջակցել Ադրբեջանին հայկական հուշարձանների պահպանման գործում»

«Լեռնային Ղարաբաղը երկար տարիներ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում. Կազմակերպությունը մտահոգված է տարբեր ծագման և տեսակների մշակութային արժեքների հնարավոր ոչնչացման մասին հաղորդումներով»։

ՅՈՒՆԵՍԿՈ-ի՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի կոմիտեի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թվականներին) քարտուղար Քրիստա Պիկկատի այս խոսքերը որպես «սև հումոր» են հնչում։

Հետաքրքիր է, քանի՞ տարի է, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։

Արդյո՞ք տիկին Պիկկատը նկատի ունի վերջին 4 տարիները, այսինքն՝ աստիճանական ռազմական ագրեսիայի, ցեղասպանության ու էթնիկ զտումների տարիները։ Թե՞ Արցախի ինքնորոշման բոլոր 30 տարիները։

Ի վերջո, Լեռնային Ղարաբաղը, այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, համաշխարհային հանրությանը հայտնի է 1988 թվականից, երբ նախկին ԼՂԻՄ-ի բնակիչները, օգտվելով ինքնորոշման իրենց իրավունքից, որոշեցին անջատվել Խորհրդային Ադրբեջանից, քանի որ խորհրդային այս հանրապետությունն ակնհայտորեն վարում էր հայատյաց քաղաքականություն և ԼՂԻՄ-ի ժողովրդագրական կազմի փոփոխության կուրս՝ հօգուտ մահմեդական բնակչության։

70 տարիների ընթացքում Խորհրդային Ադրբեջանը վարել է հայոց պատմության, մշակույթի, ավանդույթների, ճարտարապետական ​​հուշարձանների յուրացման ու կեղծման քաղաքականություն։ Այս ամբողջ քաղաքականությունը «ամրապնդվեց» այսպես կոչված ալբանիզացիայի միջոցով, և վերջին 4 տարում այդ հայեցակարգը սկսեց ակտիվորեն առաջ մղվել Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությամբ։

Հետաքրքիր է, որտեղ էր ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ինչո՞ւ միայն հիմա ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գծով մասնագիտացված գործակալությունը հիշեց Արցախի ժառանգությունը, որն անխնա ոչնչացվում է Ադրբեջանի կողմից ողջ աշխարհի աչքի առաջ։ Իրոք, ժամանակակից տեղեկատվական դարաշրջանում անհնար է թաքցնել այնպիսի աղաղակող փաստեր, ինչպիսիք են դարավոր եկեղեցիների, վանքերի գնդակոծումը, երկարամյա պատմություն ունեցող ողջ բնակավայրերի ավերումը։

Թեև բավական է հիշել բռնապետ Ալիևի կնոջ հետ կապված սկանդալը, ով երկար տարիներ եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հասկանալու համար, որ այս կազմակերպությունը մարգինալացված է, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված բոլոր միջազգային կազմակերպությունները, եւ վաղուց բուժման կարիք ունի։

Շատ հաճախ արցախցիներին մեղադրում են այսպես կոչված միջազգային հանրության կողմից ընդունված հայտարարություններից, որոշումներից, բանաձեւերից դժգոհ լինելու մեջ։ Բայց դա թերևս այն պատճառով է, որ այդ հայտարարություններն ընդունվում են, երբ արդեն ուշ է։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականից հետո մատը մատին չտվեց, եւ միայն այժմ՝ Արցախի օկուպացիայից և նրա բնակիչների տեղահանությունից հետո, հայտարարում է, որ “իրավիճակը փոխվել է, ՅՈՒՆԵՍԿՈՆ չի կարող առաքելություն ուղարկել “Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին” 1954 թ․ Հաագայի կոնվենցիային համապատասխան։ Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք աջակցել նրանց»։

Այսինքն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, առանց որևէ իրավական հիմքի, որոշել է, որ Արցախը Ադրբեջան է, և այժմ նրա խնդիրները պետք է քննարկվեն Բաքվի հետ։

Ի՞նչ կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկել Ադրբեջանի հետ, եթե անգամ չի կարող մտնել այս ահաբեկչական, նացիստական ​​երկիր, էլ չասած Արցախի տարածքի մասին, որը նա բռնազավթեց և վտարեց ողջ բնակչությանը ցեղասպանության սպառնալիքի տակ։

Ինչպե՞ս կարելի է բանակցել մի ֆաշիստական ​​միավորի իշխանության հետ, որի նպատակը հենց արցախցիների դարավոր կյանքի հետքերի ոչնչացումն է նախնիների հողի վրա։

Մարգարիտա Քարամյան

40+10-ը բոլորի համար կշարունակվի մինչև 2025թ ապրիլի 1-ը

Lianna Petrosyan գրում է․

Ըստ շրջանառվող տարբերակի՝
40+10-ը բոլորի համար կշարունակվի մինչև 2025թ ապրիլի 1-ը։
Ապա՝ հատուկ խմբերի համար՝ մինչև 2025թ. դեկտեմբեր։
Հ. Գ. Սա լավագույն լուծումը չէր, որին սպասում էինք տեղահանվածներս, բայց հուսանք այս տարբերակով ընդունվելու դեպքում ապրիլից ծրագիրը նորից կվերանայվի, քանի որ մեր կողմից ներկայացված առաջարկները մասամբ են ընդունվել։
Ակնկալում ենք, որ Բնակապահովման ծրագիրը նույնպես կվերանայվի, միաժամանակ կգործարկվեն մեր կողմից ներկայացված այլ ծրագրեր։

Նոյեմբերի 1-ին՝ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա:
Բողոքի ակցիան կմեկնարկի ՄԱԿ֊-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ:
Արցախի տեղեկատվական շտաբ

Փաշինյանն Անվտանգության խորհուրդի նիստ է հրավիրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Նախօրեին Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայում 93 մարդ է զոհվել կամ անհետ կորել

ВВС

ԱՄՆ-ը սարսափելի է որակել Իսրայելի օդային հարվածը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հինգհարկանի բնակելի շենքին, որի հետեւանքով, ըստ պաղեստինյան աղբյուրների, 93 մարդ է զոհվել կամ անհետ կորել:

Հարվածը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Բեյթ Լահիա շրջանում։ Սկզբում հաղորդվում էր, որ զոհվել է 93 մարդ, մոտ 40-ը անհետ կորել է։ Արտակարգ ծառայությունները հայտնել են, որ տասնյակ բնակիչներ մնացել են փլատակների տակ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը չափազանց անհանգստացած է ավիահարվածի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

«Սա սարսափելի դեպք է՝ սարսափելի հետևանքներով», – ասաց նա՝ ընդգծելով քսան երեխաների մահը։ «Այն ողբերգական գինը, որը վճարեցին քաղաքացիական անձինք այս վերջին հարվածի ժամանակ, ևս մեկ հիշեցում է, որ մենք պետք է վերջ տանք այս պատերազմին», – ասաց Միլլերը:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ստուգում է խաղաղ բնակիչների մահվան մասին տեղեկությունները:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական զինվորականները լայնածավալ արշավանքներ են իրականացնում Գազայի հատվածի հյուսիսում, մասնավորապես՝ Ջաբալիայում, Բեյթ Հանունում և Բեյթ Լահիայում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով

Լեռնային Ղարաբաղն արդեն երկար տարիներ է, ինչ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում․ կառույցը մտահոգված է տարբեր ծագում ունեցող և տարբեր տեսակի մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին զեկույցներով։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում այս մասին հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրեն, 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի և դրա երկու արձանագրությունների (1954 և 1999 թթ.) քարտուղար Քրիստա Պիկատը։

Անդրադարձ կատարելով հարցին, թե ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիրքորոշումն այն հարցի շուրջ, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Ադրբեջանն ամբողջությամբ իր տիրապետության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածքը և սկսեց համակարգված կերպով ոչնչացնել տեղի հայկական մշակութային ժառանգությունը՝ Պիկատը պատասխանեց․ «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանն արդեն երկար տարիներ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ստացել ենք զեկույցներ բոլոր շահագրգիռ կողմերից տարբեր ծագում ունեցող, տարբեր տեսակի և տարբեր մշակութային արժեքների ենթադրյալ ոչնչացման մասին։ Ահա թե ինչու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգությամբ վերահսկողության ներքո պահում իրավիճակը»։

Նա մանրամասնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը ևս տեղի ունեցած վերջին հակամարտության ժամանակ ցանկություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գնահատելու իրավիճակը, ինչպես նաև հասկանալ կարիքներն ու այն, թե ինչպե՞ս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է օգնել պահպանել և պաշտպանել այս բազմազան ժառանգությունը:

«Առաքելություն ուղարկելու, դրա կազմի, ինչպես նաև այն մասին, թե ո՞րն է լինելու առաքելության առանցքը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են վարվել ամենաբարձր մակարդակով: Այժմ, երբ իրավիճակը փոխվել է, այս առաքելությունն այլևս չի կարող ուղարկվել Հաագայի 1954 թվականի «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի համաձայն:  Մենք հիմա Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել նրանց», – ասաց Քրիստա Պիկատը։

Նա հավելեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել փախուստի դիմել և հաստատվել Հայաստանում, նախորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն գլխավոր տնօրենի մշակույթի գծով օգնականի գլխավորությամբ առաքելություն է ուղարկել Հայաստան՝ առաջարկելու կառույցի աջակցությունն ու օգնությունը և համոզվելու, որ նրանց  կարիքները բավարարվում են ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-հոգեբանականական առումներով։

«Բացի այդ, ուղարկված առաքելությունը նաև փորձել է հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք աջակցել, օրինակ, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, այն կենդանի ժառանգության պահպանմանը, որն ունեն այս համայնքները։ Մեզ համար շատ կարևոր է, որ համայնքն իրականում քննարկի, թե որոնք են իր սովորույթներն ու ավանդույթները, որոնք պահպանելու կարիք ունի», – նշեց Քրիստա Պիկատն՝ ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում, եթե կան ավանդույթներ, որոնք անհետացման եզրին են, կարելի է նաև միջոցներ փնտրել, թե ինչպես պահպանել դրանք։

Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ է ցանկանում աշխատել այս համայնքների և, իհարկե, իշխանությունների հետ՝ մշակույթի ոլորտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ գործիքների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ կտան ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդական խմբին ծանոթանալ և վերահսկողության տակ պահել հայկական այն մշակութային ժառանգությունը, որը դարեր ի վեր գոյություն է ունեցել Լեռնային Ղարաբաղում, կրկնեց, որ կառույցը քննարկումների մեջ է Ադրբեջանի իշխանությունների հետ։

«Կցանկանայի նաև նշել, որ այժմ 1954թ. Հաագայի կոնվենցիան ունի մոնիտորինգի ժամանակավոր մեխանիզմ, որը կարող է գործարկվել ցանկացած անդամ պետության կողմից: Այնպես որ, դա նաև անդամ երկրների և կոմիտեի որոշումն է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչպե՞ս կարող է ներգրավվել և աջակցել երկրներին», – եզրափակեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակույթի և Արտակարգ իրավիճակների կազմակերպության տնօրենը։

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը մնացած կետերի շուրջ համաձայնության գալու հնարավորություն է տեսնում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հնարավորություն է տեսնում համաձայնեցնելու Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մնացած կետերը։

Նա չհստակեցրեց՝ արդյոք դա նշանակում է, որ Հայաստանը պարտավորվելու է փոխել Սահմանադրությունը և դրանից հանել Անկախության հռչակագրի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հղումը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումից հետո Բաքուն կրկին հայտարարել էր ՀՀ Սահմանադրությունը փոխելու իր պահանջի մասին։

Ինչ վերաբերում է Բաքվում կայանալիք COP29-ին Հայաստանի մասնակցության հնարավորությանը, գնալու որոշման վրա կարող են ազդել բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթացը, ասաց Հարությունյանը։

Լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, ավելի վաղ գրել էին, որ Արարատ Միրզոյանը խոստացել է անձամբ գնալ Բաքու, եթե գերեվարված հայ զինվորականներին ազատ արձակեն։

Փախստականի վկայականի ժամկետը երկարաձգելու համար պետք է մոտենալ ցանկացած բաժին

Փախստականի վկայականի ժամկետը երկարաձգելու համար հերթագրման անհրաժեշտություն չկա։ Ինչպես ՀՀ քաղաքացիության դիմումները, այնպես էլ ԺՊ վկայականի վավերականության ժամկետի երկարաձգման դիմումները սպասարկվում են կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն քաշելու եղանակով, ասված է Միգրացիայի ծառայաության պարզաբանման մեջ։
Անհրաժեշտ է մոտենալ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանում։
ԺՊ վկայականի քարտը ենթակա է փոխանակման։ Նոր քարտի տրամադրման պահին նախկին վկայականը կդառնա անվավեր, նորը ուժի մեջ կմտնի մեկ տարի ժամկետով։

Բնակապահովման ծրագրին կկարողանան դիմել բոլո՞ր խմբերը

Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել Արցախից  բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ավելի վաղ step1.am-ն անդրադարձել էր հարցին, որ ծրագիրը ձախողվել է, քանի որ դիմումների թիվը մեծ չէ։

Հիշեցնենք, որ Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջին փուլում կընդգրկվեն 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։

Երկրորդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի մեկը։ Իսկ երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի մեկը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն օրերս լրագրողներին ասել էր, որ ծրագիրը վերանայվում է։

Step1.am-ի տեղեկություններով՝ կառավարությունում քննարկում են ծրագիրը փուլերով իրականացնելու դրույթը չեղարկելու հարցը։ Այսինքն՝ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ծրագրին միանգամից կարողանան դիմել բոլոր արցախցիները։

Չտեսություն, նախանձ եւ ագահություն․ դա՞ է գաղափարախոսությունը

2023-ի ամռանը, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինին հարցրել են, արդյո՞ք նա պատկերացնում է ղարաբաղցիների կյանքը Ադրբեջանի կազմում, նա ասել է՝ այո, նրանք կարող են երջանիկ ընտանեական կյանքով ապրել։

Հիմա նույն բանը ՀՀ ամբողջ բնակչության հանդեպ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Նա “բարեկեցության” նոր հայեցակարգ է ներկայացրել, կոչ անելով հարստանալ եւ հարստանալ։ Այդ կոչը չի վերաբերվում նրանց, ովքեր չեն ուզում կամ էլ իվիճակի չեն հարստանալ․ կորն ուղղված այն մարդկանց, որոնց կյանքի իմաստը հարստանալն է եւ հարուստների խմբին դասվելն է։

Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, ու եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ: Այդ դեպքում ատելություն է ձեւավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ, ասել է Փաշինյանը:

Նա ասել է, որ ըստ նոր գաղափարախոսության, պետությունը պետք է ապահովի մարդկանց ոչ թե յոլա գնալու, այլ հարստանալու հնարավորությունը։ Աշխատեք, հարստացեք, թշվարների համար աչքի փուշ դարձեք, ասում է նա։ Իսկ եթե մեզ չեք ընդունում, ուրեմն նախանձում եք։

Ցանկացած գաղափարախոսություն հեղինակի անձնական եւ խմբային ձգտումների, երազանքների, երջանկության չափանիշների արտացոլում է։ Այն տիպաժը եւ խումբը, որը ներկայացնում է Փաշինյանը, հարստության միջոցով ինքնահաստատվելու կարիք ունի։ Շվեյցարական ժամացույցը թույլ է տալիս մուտք գործել բարձր դասի շրջապատ, վայելել ինչ-որ հաճույքներ։ Ու չհասկանալ, որ մարդկանց մեծամասնության համար ամենամեծ հաճույքը՝ ոչ թե հարստոթյունն է, այլ երջանկությունը։

Մարդկանց հիմնական մասը չի ուզում հարստանալ, այլ ուզում է վաստակել այնքան, որ իր հարմարավետ տան մեջ երեկոյան ընտանիքի անդամների հետ թեյ խմի, կիրակի օրերին գնա հարազատների մոտ գյուղ, ընկերներով ձկնորսության գնա, մեկ-մեկ շոփինգ անի, ամառը մի տեղ հանգստանա, հարեւանին էլ ոչ թե նախանձի, այլ ուրախանա նրանց երջանկությամբ։

Նման երջանկություն ուզում են նրանք, ովքեր գիտեն, թե դա ինչ է՝ չտես չեն։ Եւ պետությունը միայն մեկ գործառույթ ունի՝ թույլ չտա, որ նման երջանկությանը խանգարեն ներքին եւ արտաքին վտանգները, որ մարդկանց տունը չվերցնեն, չքանդեն եւ չզրկեն երջանիկ ապրելու հնարավորությունից։ Չէ որ դժվար է երջանիկ լինել, երբ տունդ ձերքիցդ խլում են, եւ պետությունը դրան չի հակազդում։

Երեկ Ֆրանսիայի դեսպանն գնացել է Ներքին Հանդ եւ հանդիպել մարդկանց հետ, որոնց հարազատների գերեզմանները պետության թերացման պատճառով հայտնվել են թշնամու կողմում։ «Սյունիքի մարզի ներքինհանդցի այս ամուսիններն այլևս չեն կարող այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկար․

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ամբողջական հատվածների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է»,- գրել է դեսպանը։

Հարուստ Ֆրանսիայում լավ գիտեն հողի արժեքը։

Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս Ներքին Հանդի եւ մնացած բնակիչներին հարստանալ եւ դրանով երջանիկ լինել։ Օկուպացվածը չենք վերադարձնի ռազմական ուժով, սահմանազատումն էլ թշնամու օգտին կլինի, ինչպես Կիրանցում, ասում են իշխանությունները։

Հողը, այն կողմում մնացած գերեզմանները կարեւոր չեն, պետք է ոչնչի առաջ չկանգնել, անխնա հարստանալ, սա է գլխավոր նպատակը։

«Վրացական երազանքը» ընտրություններում օգտագործել է «հայկական կարուսելը». Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ի հարցազրույցում հայտնել է, որ մեղադրում է իշխանության կուսակցությանը ռուսական մեթոդների եւ ձեւերի օգտագործման, ինչպես նաեւ ՌԴ ԱԴԾ հնարավոր օգնության համար ընտրությունների գործընթացին, տեղեկացրել է SOVA-ն։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կեղծարարություն էին հմուտ միջոցների օգտագործմամբ։

«Դրանք ներառում էին խախտումներ, այդ թվում մարդկանց վախեցնելը, պետական ծառայությունից կախված մարդկանց վրա ճնշում գործադրելը։ Դրանք մարդիկ էին, որոնց նրանք օգտագործել են նաեւ անցյալում, տարբեր շրջաններում, բայց այս անգամ դա տեղի ունեցավ տեխնոլոգիաների օգտագործման համադրմամբ»,- ասել է նախագահը։

Հարցին, թե ինչ է նախագահը ենթադրում «տեխնոլոգիաների օ գտագործում» ասելով, Զուրաբիշվիլին պատասխանել է՝ «հայկական կարուսելը»։

«Հայկական կարուսել». մենք այստեղ դա անվանում ենք «հայկական կարուսել», ես չգիտեմ, թե արդյոք նրանք դա անվանում են «վրացական կարուսել»։ Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ նրանք սկսել են տարբեր պատրվակներով վերցնել անձը հաստատող վկայականները սոցիալապես չպաշտպանված մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից. ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու են անում դա։

Փաստացի, դրանք օգտագործվել են նույն մարդու կողմից քվերակվելու համար։ Մի վկայականի եւ տարբեր էլեկտրոնային սարքերի օգնությամբ դա հնարավոր է եղել կատարել մոտ 17 անգամ։ Նրանք անձը հաստատող մեծ քանակությամբ վկայականներ կամ համարներ են ունեցել»,- ասել է պետության ղեկավարը։