Ուկրաինայի զինված ուժերը Եյսկի մոտ 400 անօդաչուներով պահեստին հարված են հասցրել

Ուկրաինայի Զինված ուժերի հարվածային խումբը Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումների հետ հարվածեր են հասցրել Կրասնոդարի երկրամասի Եյսկի շրջանի Օկտյաբրսկի բնակավայրի մոտ տեղակայված անօդաչու թռչող սարքերի պահեստավորման բազային։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Ըստ առկա տեղեկատվության՝ այնտեղ պահվել է մոտ 400 հարվածային անօդաչու թռչող սարք։ Օբյեկտիվ հսկողության արդյունքներով արձանագրվել է թիրախին ճշգրիտ հարված։ Օբյեկտի տարածքում նկատվել է երկրորդական պայթյուն»,- հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։

Լրագրող Ալեքսանդր Նևզորովը Telegram-ի իր ալիքում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ իբր երևում է, որ Եյսկի շրջանի պահեստներից մեկում բռնկված հրդեհ և պայթյուններ։

Իր հերթին Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ Օկտյաբրսկում «պահեստային տարածքներ» են բռնկվել, և հրդեհը տեղայնացվել է 1600 քառակուսի մետր տարածքում։ Թե կոնկրետ ինչ է պահվում պահեստներում և ինչն է բռնկվել, չի նշվում։

Մինչդեռ հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան մի շարք Telegram ալիքներ հաղորդել են Ադիգեայի ռազմական օդանավակայանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։ Astra Telegram ալիքի փոխանցմամբ՝ Խանսկայա ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Մայկոպի մերձակայքում գտնվող Խանսկայա գյուղի մոտ, խոցվել է անօդաչու թռչող սարքի կողմից։

«Խանսկայա ռազմական օդանավակայանը գտնվում է Խանսկայա գյուղից 3 կմ դեպի արևելք, Մայկոպ քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք։ Բաց տվյալների համաձայն՝ այնտեղ է գտնվում օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցի բազայի 272-րդ ավիացիոն ուսումնական հաստատությունը»,- պարզաբանվում է գրառման մեջ։

Խանսկայա ռազմական օդանավակայանի մոտակայքում բռնկված հրդեհը գրանցվել է նաև ՆԱՍԱ-ի հրդեհային մոնիտորինգի համակարգի կողմից։

Արցախցիները Հայաստանում կարող են իրենց մեքենաները գրանցել պարզեցված ձևով

Արցախցիները Հայաստանում կարող են իրենց մեքենաները գրանցել պարզեցված ձևով: Ինչպես նշված է կառավարության այսօր ընդունված որոշման մեջ, մեքենաները գրանցելիս նրանցից գույքահարկի պարտքերի բացակայության տեղեկանք չի պահանջվի։

Ինչպես նշված է որոշման բացատրական գրության մեջ, դա բխում է նրանից, որ Արցախի բնակիչները Հայաստան են հասցրել հազարավոր մեքենաներ, որոնց մեծ մասը դեռևս չի ձևակերպվել, այդ թվում՝ հարկերի և վճարումների վերաբերյալ փաստաթղթերի չպահպանման պատճառով։

«Ինձ մի բան հարվածեց, տեսա ամբողջությամբ արյան մեջ եմ»․ թշնամու դիպուկահարը կրակել է Ստեփանակերտում գտնվող կնոջ վրա

Forrights

Սեպտեմբերի 21-ին Արցախում հրադադար էր հայտարարվել՝ ադրբեջանական ռազմական գործողություններից երկու օր անց։ Նկուղներում պատսպարված երեխաները և կանայք դուրս էին եկել, փորձում էին վերադառնալ առօրյա կյանքին։ Բուժքույր Լուսինեն նրանցից մեկն էր։ Այդ օրը նա որոշել էր գնալ աշխատանքի։ Կեսօրին մոտ տանից քայլել է դեպի Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց։ 39-ամյա կինն աշխատում էր լաբորատորիայի բուժքույր։ Ստեփանակերտի փողոցներից մեկում Լուսինեն վիրավորվել է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից՝ հրադադարի պայմաններում։

«Ամսի 21-ի առավոտյան որոշեցի գնամ աշխատանքի, գործընկերներիս օգնություն էր պետք։ Ժամը 11-ին տանից դուրս եկա, քայլում էի դեպքի հիվանդանոց, տրանսպորտ չկար։ Մի 100  մետր գնացի, կրակոցներ սկսվեց։ Մի պահ կանգ առա, չգիտեի, թե ինչ անեմ։ Այդ պահին ինձ մի բան հարվածեց, ձեռքս տարա գոտկատեղս, ամբողջն արյուն էր»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմում է Լուսինե Մեսրոպյանը։

Թշնամու դիպուկահարը Լուսինեին թիրախավորել է Ստեփանակերտի մատույցներից։

«Ես իրենց չեմ տեսել, վախենում էի, մտածում էի՝ իմ հետևում են։ Մարդիկ եկան, ինձ օգնեցին, տարան հիվանդանոց, հետազոտությունից պարզ դարձավ, որ մարմնիս մեջ փամփուշտ կա։ Պուլը, որ իմ մարմինից հանեցին, ասացին դիպուկահարի փամփուշտ է։ Մտել էր աղիիս մեջ։ Ես չէի մտածում, որ կարող է հրադադար լինել ու թշնամին մտնի քաղաք։ Ստեփանակերտի վերևի թաղամասից՝ Կրկժանից էին խփում»,-ասում է նա։

Լուսինեի համար ծանր էին այդ օրերը։ Մինչ վիրավորվելն էլ բազմաթիվ վտանգների միջով է անցել՝ ընտանիքի հետ միասին։ «Մինչև ամսի 20-ի առավոտը դուրս չենք եկել նկուղից, մեկ րոպե էլ չէր դադարում կրակոցները։ Շատ ուժեղ ձայները լսվում էր ու շատ մոտիկից։ Ամսի 20-ին դուրս եկանք, գնացինք Իվանյանի օդանավակայն, մի քանի ժամ այնտեղ կանգնած մնացինք, ռուսներն ասացին՝ ամեն ինչ լավ է, գնացեք ձեր տները»,-հիշում է Լուսինեն, թե ինչպես են նկուղում օրեր անցկացրել անգամ առանց հացի։

«Անգամ, որ մտնում էինք նկուղ, ուտելու բան չկար, որ վերցնես, նկուղում ուտես։ Կրակոցները․․․սնայրադները․․․․երեխաները․․․ վատ վիճակում էինք, անբացատրելի է»։

Լուսինեն Ստեփանակերտում վիրավորվել է, բայց հետվիրահատական փուլն ըստ սահմանված չի անցել, ստիպված է եղել կիսատ թողնել բուժում ու բռնի տեղահանվել Արցախից։ Վերջին անգամ վիրակապը փոխել է Ստեփանակերտի հիվանդանոցում ու ճանապարհ ընկել։

«Ես ամբողջ ճանապարհին ցավազրկղներ էի խմում, որ կարողանայի դիմանալ»,-ասում է նա ու նշում, որ մեկ օր շարունակ մեքենայի մեջ է մնացել, այն ընդհնարապես առաջ չէր գնում՝ խցանման պատճառով։

«Մեկ օր շարունակ մեքենան կանգնած էր, չէինք կարողանում առաջ գնալ։ Մեկ օր անցել էր, տեսան, որ վիրավոր եմ ճանապարհ տվեցին, անցանք։ Եկանք հասանք ռուսների պոստին, չէին հավատում, որ վիրավոր եմ, ասում էին փաստաթղթեր ցույց տուր, ես ինձ հետ վերցրել էի հիվանդության պատմության թերթիկը, նոր թողեցին որ անցնենք, եկանք թշնամու պոստին, այնտեղ էլ ստուգեցին, նոր հասանք Հայաստան»։

Լուսինեն ապաքինվել է, այժմ աշխատանքի է անցել Երևանի կլինիկաներից մեկում։

Նարեկ Կիրակոսյան

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան

Միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ թեև հայցերի բովանդակությունը գաղտնազերծված չէ, բայց Ադրբեջանը տարբեր պաշտոնական հայտարարություններ է արել` բացահայտելով հայցերի ոչ միայն բովանդակությունը, այլև իրավական հիմքերը։

Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական արբիտրաժային հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է միջազգային արբիտրաժի փորձագետ Սարգիս Գրիգորյանը։

«Տվյալ գործերի շրջանակներում արդեն նշանակվել են արբիտրաժային տրիբունալներ։ Այսինքն` կողմերը նշանակել են իրենց արբիտորներին, ունեն նախագահող։ Երկու գործերով առաջին նիստերն արդեն տեղի են ունեցել։ Երկու գործերով էլ տրիբունալներն ընդունել են ընթացակարգերը, արբիտրաժային կանոնները` ինչպես է գործը ընթանալու, ինչպես են քննվելու վարույթները, ապացույցները, ինչպես են ներկայացվելու վկաների ցուցմունքները, փորձագետների եզրակացությունները և այլն։ Երկու գործերը ներկայում ընթանում են»,– հայտնել է մեր զրուցակիցը` հավելելով, որ ըստ հաստատված ժամանակացույցի` գործերը պետք է ավարտվեն 2027թ–ի սկզբում։

Հայցադիմումները, Սարգիս Գրիգորյանի խոսքով, դեռ գաղտնազերծված չեն։ Հայաստանը դրանց վերաբերյալ հրապարակային հայտարարություն չի արել։ Մինչդեռ Ադրբեջանը տարբեր առիթներով արդեն մի քանի պաշտոնական հայտարարություն է տարածել` նշելով, որ նպատակ ունի ՀՀ–ին պատասխանատվության ենթարկել ԼՂ–ում շրջակա միջավայրի և կենսաբազմազաության ոչնչացման համար։

Գրիգորյանի խոսքով` առաջին հայցը, որը ներկայացվել է 2023թ–ի հունվարին Վայրի բնության և բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում է։

«Սա, իհարկե, անհեթեթություն է։ Բայց Ադրբեջանը նաև հայտարարել է, որ 2020թ–ի պատերազմից հետո շրջակա միջավայրի ոչնչացման ապացույցներ է հավաքել։ Այսինքն, ըստ էության հայտարարել է, որ իր միջպետական հայցը հիմնված է 2020թ–ի պատերազմից հետո ձեռք բերված ապացույցների վրա»,– նշում է Գրիգորյանը` հավելելով, որ այս համատեքստում ՀՀ–ի պաշտպանության գործիքներից մեկը պետք է լինի այն փաստը, որ հենց Ադրբեջանն է շրջակա միջավայրին վնաս հասցրել ` պատերազմի արդյունքում ոնչացնելով բնությունը։ Բայց սա առայժմ զուտ մասնագիտական կարծիք է, քանի որ Ադրբեջանի հայցի վերաբերյալ ՀՀ–ի պաշտոնական դիրքորոշումը դեռ հայտնի չէ։

Գրիգորյանի տեղեկություններով` Ադրբեջանը որպես ապացույց մեջբերել է նաև ՄԱԿ–ի 2022թ–ի զեկույցը` ցույց տալու` իբր Հայաստանը անտառահատումներ է իրականացրել։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր եզրույթը չի կիրառվում

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանից հնչող այն պահանջներին, որ Հայաստանի իշխանությունը պետք է պատժի Արցախյան առաջին պատերազմի հերոսներին։

«Մենք պետք է հասկանանք, որ մեր ցանկացած կառուցողական մոտեցմանն ի պատասխան Ադրբեջանը հերթական անհեթեթ, անընդունելի պահանջների շարանն է ներկայացնելու, որովհետեւ Ադրբեջանի ղեկավարությունը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղությամբ»,- ասում է Այվազյանը։

Նրա խոսքով՝ Ալիեւը, նախքան մոսկովյան հանդիպումը, Արցախի օկուպացված տարածքներում հերթական պահանջները ներկայացրեց։ Այդ թվում էր եւ «ռազմական հանցագործներին» պատժելը, եւ Հայաստանին մեղադրեց «ցեղասպանություն» իրականացնելու մեջ, եւ խոսեց այսպես «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Պահանջ ներկայացրեց նաեւ, որ Հայաստանը պարտավոր է զինաթափվել ու չունենալ բանակ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետության տարածք։ «Ինչքան էլ մենք փորձենք կառուցողական լինել, մենք պետք է խորապես գիտակցենք, որ մեր դիմաց գտնվում է ոչ թե հակառակորդ, ոչ թե հարեւան, այլ անհաշտ թշնամի, որը մեր պետականության իսպառ ոչնչացումն է տենչում»,- հավելեց Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից վճարված լրատվամիջոցները եւ վերլուծաբանները Հայաստանի զավթված պատմաշակութային հուշարձանները ներկայացնում են որպես «աղվանական» կամ էլ «Ադրբեջանական պատմական հուշարձաններ»։ «Մենք պետք է հաշվի առնենք, որ իրենք ո՛չ պատիվ ունեն, ո՛չ էլ ամոթ, իրենց համար գոյություն չունի պատմության վերաբերյալ որեւէ սահմանափակում։ Իսկ պատմությունը եւ կրոնը բռնապետ Ալիեւի նացիստական ձեռքերում ընդամենը գործիք է՝ նորանոր պահանջներ ներկայացնելու Հայաստանի Հանրապետությանը եւ մեղադրել Հայաստանին այն բոլոր մեղքերի մեջ, որոնց մեջ Ադրբեջանն է մեղավոր՝ իր արհեստածին ստեղծումից ի վեր։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ խաղաղության դարաշրջանը»,- հավելեց նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանի իշխանությունները չեն դիմում միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների՝ Գրիգորի Այվազյանն ասաց․ «Հայաստանի կողմից հնչում է խաղաղասիրական առաջարկ՝ հետ կանչել արդեն իսկ միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերը։ Նաեւ խոսույթի մեջ ՀՀ իշխանություններն օգտագործում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին խոսույթը։ Հենց այստեղ է մեծագույն սխալը։ Եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, Ադրբեջանը առիթավորվելով ասում է՝ «30 տարիների ընթացքում ձեր զորքն ի՞նչ է արել Ադրբեջանի տարածքում»։ Արդյոք սրանով մենք քարտ բլանշ չենք տալի՞ս թշնամուն՝ մեր դեմ տարբեր ատյաններ հայցեր ներկայացնել։ Մենք պետք է խաղաղության պայմանագիր կոչվածից հնարավորինս խուսափենք, որովհետեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր եզրույթը չի կիրառվում։ Այստեղ բավական նուրբ գիծ կա, որը չի կարելի հատել ոչ մի պարագայում։ Ես հույս ունեմ, որ այս հարցի լրջության խորը գիտակցումը կգերակայի մեր քաղաքական դաշտում, եւ մենք չենք գնա ադրբեջանական սադրանքի հետեւից, այլ կպաշտպանենք մեր պետական ու ազգային շահերը»։

Ռոզա Հովհաննիսյան

Իրանի համար Հայաստանում ԵՄ առաքելությունը նախընտրելի է ՌԴ ԱԳՆ-ից և ԱԴԾ-ից

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ ասել է. «Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ արդեն մեկուկես տարի գրեթե ոչ մի տեղաշարժ չի եղել փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գծով»։ Օվերչուկի խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ (https://news.am/rus/news/846438.html)

Պարոնայք Օվերչուկն ու Լավրովը պարբերաբար դժգոհում են Անկարա-Բաքու դաշինքին իր տարածքում տարանցիկ միջանցք տրամադրելու Հայաստանի դժկամությունից։ Նկատի ունեցեք, որ նրանք առաջ են մղում հենց այս միջանցքը՝ բարձրաձայնելով բացառապես այս պանթուրանական նախագիծը որպես «տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում»։

Համաձայն պրն. Լավրովի ու Օվերչուկի ցանկությունների՝ «Մեղրի երթուղի» – Զանգեզուր միջանցքը պետք է միավորի Թուրքիան և Ադրբեջանը ռուսական ԱԴԾ զորքերի վերահսկողության տակ։ Այս մասին բազմիցս հայտարարել են պրն. Լավրովը, Գալուզինը, Զախարովան և այլ պաշտոնյաներ (տե՛ս «Մաշան և Մեղրու ճանապարհը», http://russia-artsakh.ru/index.php/node/18028 և այլն):

Մինչդեռ բոլորն իրենց աչքի առաջ ունեն թարմ օրինակ, թե ինչպես ռուս խաղաղապահները թույլ տվեցին Ալիևի նացիստական ​​ռեժիմին շրջափակել Լեռնային Ղարաբաղը 2022 թվականի դեկտեմբերի – 2023 թվականի սեպտեմբերին միանգամից մի քանի վայրերում, թույլ տվեցին ագրեսիա և էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում, իսկ հետո՝ ամբողջությամբ հայաթափեցին։

Ի՞նչն է խանգարում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին հայկական Սյունիքում կատարել նույն հնարքը՝ վերահսկողությունը փոխանցել ադրբեջանա-թուրքերին, ինչպես արեցին Լաչինի միջանցքում։

«Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում Մոսկվայի ձախողումը, ռուս խաղաղապահների վատ գործունեությունը Լաչինի միջանցքում և դրա հետևանքով ճնշումը այս շրջանի բնակիչների վրա ստիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերանայել իր կառավարության անվտանգության և ռազմական ամբողջականության նախկին քաղաքականությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտել են ստեղծել Զանգեզուրի միջանցքը, որն առաջին անգամ կմիացներ այսպես կոչված թյուրքական աշխարհի երկու մասերը՝ փորձելով հիմք դնել «Միջին միջանցքի» և կապ Չինաստանի և Եվրամիության միջև: Նման պլանի իրականացումը գործնականում հակասում է Ռուսաստանի և Իրանի ազգային շահերին, քանի որ դա կհանգեցնի նրան, որ այս երկու խոշոր երկրները կհեռացվեն ապագա հիմնական տարանցիկ ուղիներից։ Մինչդեռ նման միջանցքի ստեղծումը ընդմիշտ կդադարեցնի Իրանի մուտքը Եվրոպա»։

Սա Իրանի պաշտոնական պետական ​​Mehr լրատվական գործակալության (Ռուսաստանի ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի նման) հոդվածից է՝ «Իրանի մոտեցումը Զանգեզուրի միջանցքի երկայնքով. ո՞ր լուծումն է լավագույնը»։ (https://news.am/rus/news/841366.html)

Իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին Tasnim լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անմիջապես ասաց, որ Իրանն ակնկալում է, որ Մոսկվան կխուսափի պարադոքսալ պահվածքից Թեհրանի հետ հարաբերություններում:

«Իրանի դիվանագիտությունը վճռական պատասխան կտա ՌԴ նախագահի՝ Զանգեզուրի միջանցքին աջակցելու վերջին դիրքորոշմանը»,- հավելել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Իրանի ազգային շահերը կարմիր գիծ են, որը չի կարող անցնել որևէ սպառնալիքով։ Մալեքին տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի երկակի ստանդարտները և «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ցանկությունը անվանել է «դանակ թիկունքից», ինչը բացարձակապես անընդունելի է Իրանի համար» (https://news.am/rus/news/841362.html) .

Այս հարցի շուրջ անմիջապես խոսել է նաեւ Tasnim լրատվական գործակալությունը։

«ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություններ է արել, որոնք հակասում են Իրանի սպասումներին։ Ռուսներն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով լավ տեղեկացված են Իրանի հստակ դիրքորոշման մասին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է Նախիջևանը Ադրբեջանին կապող ցանկացած տեսակի միջանցքին, ինչպիսին է Զանգեզուրը և այլն: Ահա թե ինչու է այս դիրքը զարմանալի!

Իրանը չի ընդունում Իրանի Իսլամական Հանրապետության որևէ հատվածում իր սահմանների և անվտանգության սահմանների որևէ փոփոխություն… Ուրեմն ինչու են մեր ռուս ընկերները կարծում, որ պետք է օգտագործեն Զանգեզուրի միջանցքը Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։ Ինչու՞ Ռուսաստանը հայտարարեց դա նույնիսկ հիմա, երբ Իրանը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, և դա դարձել է միանշանակ խնդիր աշխարհում, և Իրանի դիրքորոշումն այս հարցում նույնպես կողմերը ճանաչում են, սա զարմանալի հարց է։

«Ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգի համաձայն, որին ձգտում են Իրանը և Ռուսաստանը, նման մարտավարական քայլերը հակասում են ռազմավարական հարաբերությունների հիմքերին։

(https://news.am/rus/news/840818.html)

Հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նշել է, որ Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդական առաքելությունը «հետախուզական գործունեություն է իրականացնում՝ ելնելով ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի շահերից՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի։ Արևմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտին ներմուծել Անդրկովկաս՝ իբր օգնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է առաջնորդել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում իր «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո և դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի»,- ասել է Բորտնիկովը Աստանայում ԱՊՀ անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում (Պարոն Բորտնիկովի «հայտնությունը ուշացել է 4,5 տարի», http://russia-artsakh.ru. /հանգույց/19709):

Հոկտեմբերի 8-ին մոտավորապես նույն բանը լսվեց Բաքվից։

«Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղադրումը պայմանական սահմանին ավելի է սրում իրավիճակը», – ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական գլխավոր տնօրենի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ԳՇ պետ Քերիմ Վելիևը Ադրբեջանում գտնվող գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակին։

Լավ, իսկ Իրա՞նը։ Ոչինչ։ Իրանցի գործիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց շատ ավելի մտահոգում է Ադրբեջանում թուրքական զինված ուժերի ներկայությունը, քան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։

Դա հասկանալի է։ Որովհետև, եթե Հայաստանում լինեին ոչ թե ԵՄ առաքելություն, այլ ՀԱՊԿ դիտորդներ, ապա Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ի հաջորդ «խաղաղապահներ», նրանք նույնքան հանգիստ կհանձնեին Հայաստանի այս հատվածը Անկարա-Բաքու դաշինքին, ինչպես արդեն իսկ արվել է Կրեմլի կողմից Լեռնային Ղարաբաղում։ Եվ հետո նույնիսկ կասեին, որ «ամեն ինչի մեղավորը Երևանն է»։

Եվ ԵՄ դիտորդական առաքելությունը դեռևս հույս է տալիս Իրանին, որ Ալիևի նացիստական ​​ռեժիմի կողմից Սյունիքը գրավելու և Անկարայից և Բաքվից եկած պանթուրանիստների բաղձալի «Զանգեզուրի միջանցքը» ճեղքելու նպատակով Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում նրանք կփոխանցեն ճշմարտությունը համաշխարհային հանրությանը։ Դա չեն անվանի «սրացում Զանգեզուրում»՝ ի հակադրություն այն բանի, ինչ արեց ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Բաքու-Անկարա-միջազգային ահաբեկիչներ դաշինքի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ եռակի ագրեսիայի սկսվելուց անմիջապես հետո։ Կամ ՀԱՊԿ-ի նման, որը 2022 թվականի սեպտեմբերի 12-15-ը Հայաստանի դեմ Ալիևի ռեժիմի ագրեսիայից հետո ասում էր՝ «պարզ չէ, թե ում տարածքում են տեղի ունենում բախումները»։

Այսպիսով, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վկայությունը լիովին թույլ կտա Իրանին իրավաբանորեն ձեռնարկել համապատասխան քաղաքական և ռազմական քայլեր՝ պաշտպանելու Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա իր մուտքը և իր սահմանների անվտանգությունը։

Այսպիսի պարադոքսներ։

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

russia-artsakh.ru

Երեւանում կայացել է Պլասիդո Դոմինգոյի համերգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 8-ին կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ղեկավարությամբ՝ Էդուարդ Թոփչյանի):

Համերգն անցկացվել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Էրեբունի-Երևան ստեղծագործության կատարմամբ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բացառիկ երեկոյի ընթացքում լեգենդար Դոմինգոյի կողքին հանդես է եկել հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և Ջուլիանա Գրիգորյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով:

Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: Համերգը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

news.am

Զախարովա․ չէ որ այդ հայերը հայտնվել են Բաքվում ռուսների ձեռամբ

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ամերիկացի կոնգրեսականները (հասկանում եմ, որ նրանք գումար են ստանում իրենց միջազգային լոբբինգի համար։ Նրանք դա չեն թաքցնում), բայց ինձ թվում է, որ նրանք այլ անելիք ունեն»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսպես, նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հարցին, ով չափազանց դժգոհ էր մոտ 60 ամերիկացի կոնգրեսականների՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված կոչից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու և ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման խնդրանքով։ Նրանք պահանջել են Բաքվի բանտերից ազատել բոլոր քաղբանտարկյալներին COP 29 կլիմայական համաժողովի նախօրեին, որը տեղի կունենա Բաքվում։

«Կարծում եմ՝ անիմաստ է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի վրա մեկ անգամ չէ, որ ճնշում է գործադրվել տարբեր հարցերի շուրջ»,- ասել է Մարիա Զախարովան։

Մարիա Զախարովան բնականաբար չի աջակցել Արցախում ռուսական զորքերի առաջարկով Բաքվում հայտնված հայ գերիներին ազատ արձակելու կոչերին։

10 ամիս շարունակ 18-ամյա Աննան ավտովթարից հետո պայքարում է լիարժեք ապրելու համար

Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել Լիանա Աղաջանյանի ընտանիքը։ Երեք երեխաների մայր է, միայնակ է մեծացրել զավակներին։ Տեղահանվելուց հետո հաստատվել են Արմավիր քաղաքում։ Արցախյան վերջին պատերազմը, որի ժամանակ վիրավորվել է որդին, ու գաղթի դժոխային ճանապարհը վերջին փորձությունը չէին Աղաջանյանների համար։ Երեք ամիս հետո՝ դեկտեմբերի 29-ին, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտովթարի է ենթարկվել նրանց ավտոմեքենան, որի մեջ էին որդին ու դուստրը՝ Աննան։

Մայրը՝ տիկին Լիանան, չի կարողանում մոռանալ այդ չարաբաստիկ օրը, երբ քիչ էր մնացել կորցներ դստերը։ Բարեբախտաբար, նա ողջ է մնացել, սակայն ավելի քան 10 ամիս բժիշկներն ու վերականգնողական կենտրոնի մասնագետները պայքարում են նրա լիարժեք առողջության համար։ Թե ինչերի միջով է անցել արցախցի բռնատեղահանված ընտանիքը, դժվար է պատկերացնել։ Սակայն, ինչպես տիկին Լիանան է ասում, խոսքն ուժ ունի․ Աննան ոտքի կկանգնի։

-Ավտովթարից հետո առաջին վիրահատությունը Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում է կատարվել։ Վթարի հետևանքով գլխի հեմատոմա էր ստացել։ Երկու ամիս մնացել է բժիշկների վերահսկողության տակ։ Հետո տեղափոխեցինք Արաբկիր ԲԿ, որտեղ մնաց 5 ամիս՝ ստանալով վերականգնողական բուժում, ապա պլաստիկ վիրահատության ենթարկվեց Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնում, որտեղից էլ աղջկաս տեղափոխեցին Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքը։

2023-ի դեկտեմբերի վերջից մինչև այսօր մեր կյանքը հիվանդանոցներում է անցնում։ Սկզբից աղջկաս վիճակը շատ վատ էր։ Ամիսներ շարունակ մենք չգիտեինք, թե ինչ է սպասվում Աննային։ Եղել է մի շրջան, որ նա լրիվությամբ անհույս էր, սակայն այժմ, երբ վերականգնողական կենտրոնում է, դրական դինամիկա է նկատվում։ Չնայած դեռ չի քայլում, խոսում և ինքնուրույն չի կարողանում ուտել, սակայն մենք նկատում ենք, որ դեպի լավն է գնում։ Արդեն ճանաչում ու աչքերով արձագանքում է բոլորիս, ինչը մեծ հույս է ներշնչում։ Վերկանգնողական կենտրոնի բժիշկները թեև այս պահին ոչինչ չեն խոստանում, սակայն ասում են, որ մեծ հույսեր ունեն Աննայի ապաքինման հետ կապված։ Չգիտեմ՝ ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը սրտացավ մասնագետներին, որոնք աշխատում են դստերս հետ օրնիբուն։ Նրանց քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ աղջիկս ողջ է և դեպի ապաքինում է գնում,-ասում է տիկին Լիանան։

Աննայի մայրը չի կորցնում հույսը, որ աղջիկը կվերականգնվի ու բնականոն կյանքի կվերադառնա։ Աղջկա 18 տարեկանը լրացել է հիվանդանոցում, որդին 21 տարեկան է, իսկ փոքր դուստրը՝ 15։ Ապրում են վարձավճարով, դեռևս աշխատանք չունեն։ Այս ողջ ընթացքում ֆինանսական մեծ դժվարություններ են կրել Աղաջանյանները։ Բուժման համար ծախսել են գրեթե բոլոր խնայողությունները։ Ծանոթ ու անծանոթ մարդիկ են օգնել․․․

-Մարտունի քաղաքի բնակիչ, 2023-ի սեպտեմբերի 19-ին զոհված 2 որդիների մայր տիկին Լիլիան, Մարտակերտից 2020-ին ամուսնուն ու որդուն կորցրած տիկին Ալլան են օգնության ձեռք մեկնել։ Ցավ տեսած մարդը կհասկանա դիմացինի դարդը։ Աշխարհն առանց բարի մարդկանց չէ։ Ես զգացել եմ, որ մենակ չեմ, և ինձ տված բարոյահոգեբանական օգնությունը օգնել է հաղթահարելու ընտանիքիս դժբախտությունը։ Աղջկաս կողքին էին իր ընկերները՝ ՀՅԴ ԱԵՄ-ի անդամները, և նրանց աջակցությունը ուժ էր տալիս մեզ։ Շնորհակալ եմ։ Այսօր բոլորս ենք հայտնվել դժվարությունների մեջ և գտնվում ենք ծանր վիճակում։ Հավատում եմ, որ Աստծո զորությամբ ու բժիշկների շնորհիվ Աննան ոտքի կկանգնի։ Վերջին փուլում ենք․ Աստված մեծ է,- հուզմունքը չի կարողանում զսպել Լիանան։

Զրուցելով արցախցի կնոջ հետ՝ կրկին համոզվում ենք՝ այո՛, արցախցի կինը ուժեղ է, դիմացկուն։

Աննային մաղթենք առողջություն, և տա Աստված՝ գտնվեն բարի մարդիկ, որոնք անտարբեր չեն անցնի Աղաջանյանների ընտանիքին պատուհասած դժբախտության կողքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Օվերչուկ. Եռակողմ հայտարարություն կա՞, թե՞ ոչ

ՌԴ փոխվարչապետ և ռուսական կողմից եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկն ասել է. «Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս Եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցնում իր ստորագրությունը, բայց միևնույն ժամանակ, փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ձեւաչափով գրեթե ոչ մի տեղաշարժ չի եղել արդեն երկու տարի, կամ առնվազն մեկուկես տարի անցած ամառվանից»:

Հայաստանում Freedom House-ի ներկայացուցիչը հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին

Հայաստանում Freedom House իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Վարշավայում այսօր ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով տեղական ու միջազգային գործընկերների հետ կազմակերպության համատեղ պատրաստած փաստահավաք զեկույցի արդյունքները և ընդգծելով միջազգային իրավական քննության ու հաշվետվողականության հրատապ անհրաժեշտությունը:
Զեկույցը փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր ստեղծել է այնպիսի պայմաններ Լեռնային Ղարաբաղում (ԼՂ), որոնք անհնարին են դարձրել ԼՂ էթնիկ հայ բնակչության այդտեղ մնալն ու գոյատևելը: Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, այդ թվում կազմակերպությունը առաջարկում է, որ Միջազգային քրեական դատարանը իրականացնի մանրակրկիտ հետաքննություն և հնարավոր քրեական հետապնդում ԼՂ հայերի հանդեպ կատարված սարսափելի արարքների պատասխանատու անձանց նկատմամբ: 
Վերոնշյալ ելույթի հիման վրա Freedom House-ը իր X սոցիալական էջում կատարել է գրառում, որում մասնավորապես նշվում է.
Այսօր ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի ընթացքում, մենք ներկայացրեցինք Լեռնային Ղարաբաղին նվիրված մեր փաստահավաք առաքելության արդյունքները, որը եզրակացրել է, որ Ադրբեջանի կառավարությունը միտումնավոր և համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանումը:
Ավելին մեր զեկույցի մասին՝
https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference
 
Freedom House-ի կողմից ներկայացված ելույթի ամբողջական տեքստային տարբերակը հասանելի է կազմակերպության կայքէջում։