Ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով

Հայաստանում օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում 6 աստիճանով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ հոկտեմբերի 4-8-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 3-6 աստիճանով.

Այսպես, Շիրակում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին կկազմի +18 աստիճան, իսկ հոկտեմբերի 4-ից՝ 21։ Կոտայքում սպասվում է համապատասխանաբար +21 և +23 աստիճան։ Գեղարքունիքում հոկտեմբերի 4-ին կանխատեսվում է +17, իսկ հոկտեմբերի 6-ին՝ արդեն +19 աստիճան տաքություն։

Լոռիում հոկտեմբերի 4-ին օդը կտաքանա մինչև +22, 6-ին ջերմաստիճանը չի փոխվի։ Տավուշում հոկտեմբերի 4-ին կլինի +23, իսկ հոկտեմբերի 6-ին՝ +25։ Արագածոտնում հոկտեմբերի 4-ին և 6-ին սպասվում է համապատասխանաբար +23 և +24:

Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում հոկտեմբերի 4-ին օդի ջերմաստիճանը կլինի +26, իսկ հոկտեմբերի 6-ին՝ +27: Սյունիքում հոկտեմբերի 4-ին և 6-ին օդը կտաքանա համապատասխանաբար մինչև +25 և +27 աստիճան:

Երևանում հոկտեմբերի 4-ին սպասվում է նաև առանց տեղումների եղանակ։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +24 աստիճան։ Իսկ հոկտեմբերի 6-ին օդը կտաքանա մինչև +26 աստիճան։

Բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի արցախցի ուսանող ուսման վարձ չի վճարել․ ռեկտոր

Արցախից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, իսկ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ Անցյալ տարի ԵՊՀ-ում անվճար սովորում էին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողներ։
Նրա խոսքով՝ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել գումարի տարբերություն, սակայն ֆինանսական պարտավորությունն ուսանողների ուսերին չթողնելու համար ԵՊՀ-ն իրականացրել է ֆոնդհայթայթում։ Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 99 միլիոն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող Արցախից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է և առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարել է Գուտերեշին, ում Իսրայելը հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր լիակատար աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին այն բանից հետո, երբ Իսրայելը նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կամ կազմակերպության հետ շփվելուց հրաժարվելու ցանկացած որոշում հակաարդյունավետ է, հատկապես Մերձավոր Արևելքում աճող լարվածության համատեքստում», – ասվում է Անվտանգության խորհրդի 15 անդամների հայտարարությունում:

Փաստաթղթում նաև ընդգծվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ բոլոր երկրների կողմից  արդյունավետ հարաբերություններ կառուցելու և նրա, ինչպես նաև գրասենյակի աշխատանքը խաթարող գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը: Իսրայելը չի ​​հիշատակվում հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 2-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա հայտարարեց՝ ասելով, որ Գուտերեշը անվերապահորեն չի դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումը։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա», – ասել է Կացը:

Բացի այդ, նա կշտամբել է Անտոնիո Գուտերեշին, որ նա դեռևս չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին արմատական ​​իսլամիստական ​​շարժման՝ Իսրայելի վրա հարձակումը և Համասը ահաբեկչական կազմակերպություն հռչակելու փորձ չի արել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մշտական ​​ներկայացուցիչ Ստեֆան Դյուզյարիկը լրագրողների հետ զրույցում առարկել է Կացին՝ նշելով, որ Գուտերեշը բազմիցս դատապարտել է ՀԱՄԱՍ-ի գործողությունները։ Իսրայելի արտգործնախարար Դյուզյարիկը հայտարարությունը որակել է որպես «ՄԱԿ-ի աշխատակիցների վրա Իսրայելի կառավարության հերթական հարձակումը»՝ միաժամանակ ընդգծելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը Իսրայելի հետ բոլոր մակարդակներում։

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկը խլել է ավելի քան 200 մարդու կյանք

BBC

«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած բնական աղետից հետո:

Մահացածների կեսից ավելին ապրում էր Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ամբողջ համայնքներ ավերվեցին 2005 թվականի «Կատրինա» փոթորկից ի վեր ամենամահաբեր փոթորկից, որն ավելի քան 1800 մարդու կյանք խլեց:

Հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում։ Ավելի քան 750,000 տներ դեռևս հոսանքազրկված են, և շատ ճանապարհներ մնում են փակ, ինչը թույլ չի տալիս օգնություն ուղարկել տուժած շրջաններ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով վերջին երկու օրերին շրջել է տուժած տարածքներով, հինգշաբթի այցելել է Ֆլորիդա և Ջորջիա նահանգներ։

«Ես տեսնում եմ ձեզ, լսում եմ, սգում եմ ձեզ հետ և խոստանում եմ, որ մենք կաջակցենք ձեզ», – ասաց նա Ջորջիա նահանգի Ռեյ Սիթի քաղաքի բնակիչներին:

Ավելի վաղ նախագահը հավանություն էր տվել Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում աղետից տուժածներին ֆինանսական օգնության տրամադրմանը։

Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջը, և ներկայումս սպասվում են ևս երկու փոթորիկներ:

Գիտնականները վերջին ժամանակներում հաճախակի և ինտենսիվ բնական աղետները կապում են մոլորակի կլիմայի փոփոխության հետ:

Դատ․ “Սկսած 1989 թ․ որոշումից, բոլոր իրավական հիմքերը կան, որ արցախցիները հանդիսանում են ՀՀ քաղաքացի”

Վարչական դատարանում երեկ տեղի ունեցավ Արցախի բնակիչ Մերի Ղարայանի վերաբերյալ գործով հերթական նիստը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարչական դատարան ներկայացված հայցի հիմքում այն պահանջն է, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել հայցվոր Մերի Ղարայանին։

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ընթացքում 120 հազար արցախցի բռնի տեղահանվել եւ տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում է եղել նաեւ Մերի Ղարայանը։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Արցախի բնակիչ Մերի Ղարայանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։

Մերժման հիմքն այն է, որ Մերի Ղարայանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, եւ կառավարության որոշման շրջանակներում նրան ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու իրավական հիմքերը բացակայում են։

Բռնի տեղահանված Մերի Ղարայանն ու նրա փաստաբանը պնդում են, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունեն ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ դեպքում ինչո՞ւ է արցախցիների մեծամասնությանը տրամադրվել փախստականի կարգավիճակ, իսկ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերվել։

Նույնաբովանդակ հայց Վարչական դատարան ներկայացրել է նաեւ արցախցի Անուշ Ալեքսանյանը, նրան եւս փախստականի կարգավիճակ չեն տվել՝ պատճառաբանելով, թե ՀՀ քացաքացի է։

Արցախցիները միավորվել են այս հայցի շուրջը եւ դատարանում շեշտադրում են 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշումը։ Արցախցի Արթուր Ահանյանը դատարանում ասաց, որ 1989 թվականի որոշումը չեղարկված չէ, մինչ օրս ուժի մեջ է, եւ ըստ այդ որոշման՝ արցախցիները ՀՀ քաղաքացի են։

«Ես հանդիսանում եմ այն անձանցից մեկը, ում, թույլ չտալով հատել սահմանը, սահմանափակելով ելումուտը, ստիպել են դիմել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն եւ ստանալ ժամանակավոր պաշտանության վկայական, չնայած, որ ես ունեմ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հայցվոր կողմն իր հայցի հիմքում դրել է այն փաստը, որ ԼՂՀ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Եվ, ըստ հայցվոր կողմի, հենց այդ հանգամանքն է հանդիսանում առանցքային թեմա դատական վեճում»,- դատարանում ասաց Արթուր Ահանյանը։

Նա նշեց, որ հայցադիմումում հղում է արվում ներկայումս իրավական ուժ ունեցող եւ գործող Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի 1989 թվականին դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման երրորդ կետին, համաձայն որի՝ ԼՂ բնակչության վրա տարածվում են հայկակայն ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները։ «Այսինքն՝ ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվել են ՀՀ պաշտպանությա տակ։ Այս տրամաբանությունը հանգեցնում է այն հետեւության, որ ԼՂՀ բոլոր բնակիչները համարվել ու համարվում են ՀՀ քաղաքացիներ»,- ասաց նա։

Արցախցի Մարատ Եգանյանի խոսքով՝ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացի են։ «Մեր իրավունքները փորձում են ոտնահարել եւ ոտնահարում են, մարդկանց միջեւ տարբերակում են դնում, որոշներին ասում են՝ ՀՀ քաղաքացի եք, որոշներին ասում են՝ ՀՀ քաղաքացի չեք։ Բայց թե ինչ հիմքով են դա անում, կա՞ նման օրենք, այս հարցերին դեռեւս դատարանում պատասխան չստացանք։ Սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից, բոլոր իրավական հիմքերը կան, որ Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները հանդիսանում են ՀՀ քաղաքացի»,- նշեց Մարատ Եգանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

«Սոֆիստիա» ՔՊ-ից. պատերազմից խուսափելու համար խաղաղության պայմանագիր է պետք, բայց «պայմանագրից» հետո Բաքուն կարող է հարձակվել

Առանց Դալի գլուխ չենք հանի

Ռազմական էսկալացիաների վտանգ միշտ լինելու է, քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, հայտարարում է Հայաստանի փոխարտգործնախարարը։ Արդյոք խաղաղության համաձայնագրի կնքումը կբացառի պատերազմի հնարավորությունը, Վահան Կոստանյանը դրական պատասխան չի տալիս. – «Դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»:

Իսկ կառավարող «Քաղպայմանագիր» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահ չէ, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո Բաքուն չի որոշի փորձել հարձակվել Հայաստանի վրա։

«Քաղաքացիական պայմանագրի» «սոփիզմը» հանգեցնում է այն եզրակացության, որ Բաքուն կարող է ստորագրել «խաղաղության պայմանագիրը» և անմիջապես հարձակվել։

 

Նա իր պատկերացնումներն ուներ՝ ալ կարմիր կակաչներ էր աճեցնում

Նկարում Վովա դեդոն է, իր ամբողջ կյանքն ապրում էր Արցախի Շոշ գյուղում: Ինչպես համագյուղացիներն են պատմում, մինչ նրանք զբաղված էին գյուղական կյանքով` հող էին մշակում, անասնապահությամբ զբաղվում, Վովա դեդոն իր գյուղական կյանքը այլ ձև էր պատկերացնում` միայն ալ կարմիր կակաչներ էր աճեցնում:

Կակաչները նա խնամում էր կնոջ` Սուսաննայի հետ, իսկ պարտեզի կենտրոնում մեղվի փեթակներ էին, որոնք նեկտար հավաքելու խնդիր չունեին, ինչի հաշվին մաքուր մեղր էին ստանում:

Վովա դեդոն և նրա պարտեզը շատ համագյուղացիների համար խորհրդանիշ էին դարձել:

Տիկին Նաիրայի դպրոցի ճանապարհը անցնում էր հենց Վովա դեդոյի պարտեզի մոտով, որտեղ նա գրեթե ամեն օր կանգնում և փորձում էր հաշվել կակաչների կոկոնները: Պարզվեց՝ կոկոններ հաշվելը հեշտ գործ չէ, նրանք այնքան շատ էին, որ երբեմն տիկին Նաիրան նույնիսկ դասից էր ուշանում:

Վերջին տարիներին նա Վովա դեդոյին հանդիպում էր Ստեփանակերտում կակաչներ և նարգիզներ վաճառելիս` նույն բարի ժպիտով, որը մնացել է տիկին Նաիրայի հիշողության մեջ: Ամեն անգամ տեսնելուց հիշում էր Շոշը, մանկության տարինեը, հայրիկի և Վովա դեդոյի զրույցը` “Հարևան ջան, դու քո երեխաների համար ծառ ու տունկ ես աճեցրել, իսկ ես կակաչներ իմ երեխաների համար…”:

Վովա դեդոն իր կարմիր կակաչներով ոչ միայն Շոշի, այլ նաև ամբողջ Ստեփանակերտի խորհրդանիշն էր` պարզ ժպիտով և Ստեփանակերտի կոլորիտով:

Քրիստինա Ալավերդյան

Թուրքիան պատրաստվում է զբաղեցնել Իրանի «տեղը»

Թեհրանը ամեն կերպ ցանկանում է ստանալ միջուկային երկրի կարգավիճակ, դրա համար էլ Իրանի միջուկային ծրագիրը պետք է ոչնչացվի՝  հետագայում լայնածավալ պատերազմ թույլ չտալու համար։

Այսպես է ասում The Sunday Telegraph-ի լրագրող Ալիստեր Հիթը: Նա հիշեցրել է, որ Իսրայելը կարող է փրկել աշխարհը «քաղցկեղային ուռուցքից», բայց միայնակ չի կարող հաղթահարել: Լրագրողը կոչ է անում փոխել ռեժիմն Իրանում, որպեսզի աշխարհի մյուս երկրներն ապահով ապրեն։ Այստեղ անհրաժեշտ է արեւմտյան աջակցությունը, գրում է լրագրողը։

Այժմ Արևմուտքում խոսում են առաջիկա երկու քայլերի մասին՝ Իսրայելի հնարավոր հարվածը Իրանի միջուկային օբյեկտներին և ռեժիմի փոփոխության։ Իսրայելը և նրա կողմնակիցները փորձում են դա անել մինչեւ նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ ընտրությունները։ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ եթե ինքը չլինի ԱՄՆ նախագահը, ապա 2 տարի հետո Իսրայել չի լինի։ Նա չի ասել, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա երկու տարի հետո Իրան չի լինի։

Իսրայելը չի ​​դիտարկում Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը, հայտնում է FT-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ դեմ կլինի նման հարձակմանը։ Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը կշռադատում է Իրանին արձագանքելու մի քանի տարբերակ, այդ թվում՝ հրթիռային կայանների կամ նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումներ:

Աշխարհը պատրաստվում է հավանական արդյունքի, երբ ավերիչ հարվածից հետո Իրանում կարող են սկսվել անկարգություններ և ռեժիմի փոփոխություն, թեև Իրանի ներկայիս կառավարությունը հակված է Արևմուտքի հետ գործարքին: Սակայն Թուրքիան Իսրայելի, Ռուսաստանի և այլոց հետ ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ-ն ու Իրանը գործարք չկնքեն։ Թուրքիան վաղուց է պատրաստվում զբաղեցնել Իրանի թողած տեղը Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում։ Իզուր չէ, որ Էրդողանն ասում է, որ Անթալիան կլինի Իսրայելի հաջորդ թիրախը. նա հող է նախապատրաստում «իրանական գոտի» ներխուժման համար։

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը պնդում է, որ իր մահից մի քանի ժամ առաջ Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլան համաձայնել է Իսրայելի հետ զինադադարի համաձայնագիր ստորագրել։ «Հեզբոլլահի հետ համաձայնության գալուց հետո մենք անմիջապես տեղեկացրել ենք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներին»,- ասել է Բու Հաբիբը։

Իրանի հակառակորդները ցանկանում են, որ նա լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնի, և «զարմանում» են, որ այդքան հարվածներից, այդ թվում Իրանի նախագահ Ռաիսիի «կասկածելի» մահից հետո Իրանը ռազմավարական զսպվածություն է ցուցաբերում։ Այս զսպվածությունը թույլ չի տալիս թաքնված անգղներին խայթել Իրանի ոտքը:

Տարածաշրջանի առճակատումը կազդի նաև Հայկական լեռնաշխարհի վրա՝ իսրայելական բազաները տեղակայված են Արցախի օկուպացված տարածքներում, և այնտեղից, ճիշտ պահին, կարող է հարված հասցնել Սյունիքին, որն Իրանն անվանում է իր կարմիր գիծը։

«Վանատուրանց»՝ հագուստ, որն իր մեջ կրում է արցախյան հիշողություններ

Ինչպես Հովսաննա Վանատուրանցը իր պապիկի ժառանգությունը վերածեց նորաձևության բրենդի

Հովսաննա Պետրոսյանն իր ողջ գիտակից կյանքն անցկացրել է Արցախում, որտեղ ձևավորվել է նրա սերը հայկական մշակույթի և նորաձևության նկատմամբ։ Հագուստի մոդելավորող և ոճաբան լինելով՝ Հովսաննան դեռ վաղ հասակից առանձնացել է իր ստեղծագործական ներուժով։ «Միշտ էի ցանկանում ստեղծել իմ բրենդը», – ասում է նա, – «իսկ երբ պահը հասունացավ, ես որոշեցի իրականացնել այդ նպատակս»։

Պապիկը, որի անունով էլ կոչվեց բրենդը՝ «Վանատուրանց», առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Հովսաննայի կյանքում։ «Նա ինձ առանձնացնում էր մյուս թոռներից, միշտ ուշադրության կենտրոնում էի», – հիշում է նա։ Ցավոք, Հովսաննայի պապիկը մահացավ առաջին արցախյան պատերազմի տարիներին, երբ տուն էր վերադառնում։ Այս կորուստը խոր հետք է թողել նրա վրա և դարձել հիմք՝ բրենդի ստեղծման համար։ Հովսաննան որոշեց ոչ միայն պահել պապիկի անունը հիշողության մեջ, այլև փոխանցել այն բրենդի միջոցով՝ որպես մշակութային ժառանգություն։

«Վանատուրանց» բրենդի առաջին հավաքածուները ներշնչված էին հայկական ազգային տարազներից և ոչ միայն։  «Հայկականությունը, մեր գույներն ու նախշերը շատ հարազատ են ինձ», – ասում է Հովսաննան։ «Ես մանկուց սիրել եմ էթնիկան, տարազների մեջ գտա ինքս ինձ»։ Այդ յուրահատուկ գույներն ու ձևերը դիզայներին հնարավորություն տվեցին ստեղծել մի բան, որն արտահայտում է ոչ միայն նրա անձնական ոճը, այլև՝ հայկական ինքնության հանդեպ նրա սերը։

Սակայն բրենդի զարգացման ճանապարհը հեշտ չի եղել։ Հովսաննան նախապես պլանավորում էր սկսել իր գործը 2020 թվականին, բայց այդ տարվա սեպտեմբերին սկսված պատերազմը փոխեց բոլոր ծրագրերը։ «2020թ. արտադրած հուդիների առաջին հավաքածուն ուղարկեցի սահմանապահ զինվորների համար։ Հետո երկար ժամանակ չէի ուցում ստեղծագործել։ Մարդիկ կորցրել էին իրենց հարազատներին, ցավը թարմ էր, և, բնականաբար, դժվար էր այդ ժամանակ ինչ-որ նոր բան նախաձեռնել», – հիշում է նա։ Այդուհանդերձ, 2021-ին Հովսաննան սկսեց իր գործը, հաղթահարելով այն դժվարությունները, որոնց բախվել էր՝ թե՛ անձնական, թե՛ մասնագիտական մակարդակով։

Չնայած պատերազմից հետո առաջացած դժվարություններին, «Վանատուրանց» բրենդը գրավեց իր առաջին հաճախորդներին։ Հովսաննան նշում է, որ հետաքրքրություն կար, և իրացման հետ կապված խնդիրներ չկային։ Մարդիկ գնահատում էին հայկական ոգով ստեղծված, բարդ ու գունագեղ դիզայնով հագուստները, որոնք արտահայտում էին հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունը։

Ավելին, բրենդը շարունակում է անընդհատ աճել և զարգանալ։ «Վանատուրանց»-ը կայուն կերպով ընդլայնում է իր տեսականին, ավելացնելով նոր գաղափարներ, որոնք համադրում են ազգային ոճը և ժամանակակից միտումները։ Հովսաննան համոզված է, որ իր աշխատանքը պետք է լինի ոչ միայն ստեղծագործական, այլև կիրառելի՝ հարմար առօրյա օգտագործման համար, և դա է ուղղությունը, որով նա շարունակում է զարգացնել բրենդը։

Այնուամենայնիվ, բրենդի հետագա զարգացումը պահանջում է ոչ միայն ստեղծագործական աշխատանք, այլև ներդրումներ և համագործակցություններ։ «Կենտրոնում տարածք վարձելը մեծ արժեք ունի», – ասում է Հովսաննան։ «Սկսնակ դիզայների համար դա լուրջ մարտահրավեր է, և առանց աջակցության բարդ է այն հաղթահարել»։ Հովսաննան փնտրում է գործընկերներ և համատեղ նախագծեր, որոնք կօգնեն բրենդին ընդլայնվել և հասնել ավելի լայն լսարանի։

 

«Համագործակցության պրոյեկտ ունենալը շատ հարմար կլիներ», – նշում է նա։ «Դա ոչ միայն կօգնի բրենդին աճել, այլև կտա նոր հնարավորություններ՝ ստեղծագործելու և հայկական ոճը տարածելու ավելի մեծ շրջանակներում»։ Հովսաննայի խոսքով, այսպիսի նախագծերը նաև կնպաստեն հայկական մշակույթի և դրա պատմական ժառանգության ճանաչելիությանը միջազգային հարթակներում։

Հովսաննայի պատմությունը՝ հայրենիքից բաժանման և նորարարության միջոցով այն պահելու փորձը, հստակ ցույց է տալիս, թե ինչպես կարող է նորաձևությունը դառնալ ոչ միայն արտահայտման միջոց, այլև ինքնության և հիշողությունների պահպանման գործիք։ «Վանատուրանց» բրենդը շարունակում է մնալ յուրահատուկ հարթակ, որտեղ դիզայները ոչ միայն արտահայտում է իր ոճը, այլև փոխանցում է իր ընտանիքի և իր հայրենիքի պատմությունը։ Եվ ամենակարևորը, բրենդը գտնվում է անընդհատ աճի և զարգացման փուլում՝ պատրաստ լինելով նվաճել նոր շուկաներ և հարթակներ։

Տաթև Ազիզյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերսկսվել է (լուսանկարներ)

Հոկտեմբերի 2-ի երեկոյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերսկսել է ակտիվ գործողությունները։ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, ապա մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստաընկերություն։

Բանակցություններից հետո Բագրատ Սրբազանին մի քանի րոպե ժամանակ է տրվել՝ կոչ անելու կիրակի օրը կայանալիք հանրահավաքի։ Ապա ուղիղ եթերում տեղի ունեցավ Պետրոս Ղազարյանի կարճ հարցազրույցը Բագրատ Սրբազանի հետ։

Լուսանկարը՝ Հայկ Հարությունյանի

Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հանկարծ Ադրբեջանը կարող է պահանջել, որ Հայաստանը պատժի պատերազմի հերոսներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Ալիեւի նոր պահանջներին՝ Արցախյան պատերազմի մասնակիցներին պատժելու մասին։

«Ադրբեջանից հայտարարում են, որ Հայաստանը դեռ պետք է պատասխան տա 3067 անհետ կորածների համար։ Եվ այդ ելույթի համատեքստում դարձյալ Հայաստանին մեղադրեցին ռեւանշիզմի մեջ։ Հայաստանի իշխանությունները բոլոր նվաստացումներին դիմանում են, բանակցային գործընթաց չկա։ Այն, որ Ադրբեջանը ծանր պահանջներ է դրել, եւ որ դրանք կարող է վերաբերվել նաեւ այսպես կոչված ռեւանշիզմին, չեմ բացառում։ Օրինակ՝ Երեւանի կենտրոնում Վազգեն Սարգսյանի փողոցը կարող է լինել ռեւանշիզմի դրսեւորում։

Այդպես է, ինչքան զիջում ես, այնքան թշնամին առաջ է գալիս։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ հանկարծ Ադրբեջանը կարող է պահանջել, որ Հայաստանը պատժի պատերազմի հերոսներին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

«Իրենք թղթի կտոր են ուզում ստորագրել՝ վրան գրված խաղաղություն, իսկ ի՞նչ է մեջը, չեն ասում, գաղտնի են պահում սեփական ժողովրդից։ Իրենց բանակցային գործընթացը բերեց Արցախի շուրջ բանակցությունների վիժեցմանը, պատերազմի, հիմա էլ իրենք են խոստովանում, որ պատերազմը հենց վաղը կարող է սկսվել, COP29-ը հենց վերջանա, շատ ռեալ է այդ ամենը։ Իրենք ասում են՝ մենք լեգիտիմ հիմք ենք ստեղծում, բայց իրենց ստեղծած լեգիտիմ հիմքը փաստորեն լեգիտիմ հիմք է տալիս Ադբեջանին, Ադրբեջանը գնալով ավելի լկտիանում է»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը։

Արցախցիներին տրամադրվող օժանդակությունը վերահսկող ԱԺ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով