Այսօր «Ֆրիդոմ Հաուս»-ը Երևանում ներկայացրեց «Ինչու Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամբողջական տեքստը:
«Մարդու իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը պատմեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո Արցախից տեղահանության շուրջ ընկալումների առանձնահատկությունների մասին:
Նա նշեց, որ ռազմական ագրեսիան իրականացվել է 9 ամսվա բլոկադայից հյուծված բնակչության նկատմամբ: Արաքս Մելքոնյանի խոսքով, որը մասնակցել է զեկույցի պատրաստմանը, հակառակ Բաքվի հայտարարություններին, թիրախավորվել է հենց խաղաղ բնակչությունը:
Արդեն սեպտեմբերի 19-ի առավոտյան սկսվեց սպոնտան տեղահանությունը այն գյուղերից, որոնք ենթարկվել էին ագրեսիայի: Քանի որ տղամարդիկ մարտական ծառայությունում էին, գյուղերում մնացել էին կանայք ու երեխաները, իսկ բլոկադայի պատճառով վառելիք չկար, եւ մարդիկ ոտքով՝ անտառներով հասնում էին Ստեփանակերտ և ռուսական խաղաղապահների բազա:
Երբ սեպտեմբերի 20-ին հրադադար հաստատվեց, այս մարդիկ այլևս չկարողացան վերադառնալ իրենց տները՝ գյուղերը գրավված էին, կամ ճանապարհները շրջափակված էին ադրբեջանցիների կողմից: Նրանք մնացին Ստեփանակերտում՝ բառացիորեն փողոցում:
Միակ ելքը տեղահանությունն էր, քանի որ ստեղծված պայմաններում արժանապատիվ ու անվտանգ կյանքը հնարավոր չէր: Քաղաքականության հանցագործների անպատժելիությունը, ապագայի անհայտությունը այլընտրանք չէին թողնում, առավել ևս, երբ ասում էին, որ Ղարաբաղում ուզում են թողնել մի քանի հազար մարդու:
Ոչ ոք չէր ցանկանում մնալ, ընդգծեց Արաքս Մելքոնյանը, քանի որ դա անհնար էր:
Մամուլի ասուլիսին ներկա Արցախի օմբուդսմեն Գեգամ Ստեփանյանը նշեց, որ զեկույցում արձանագրվածը չի արտացոլվում ներհայկական դիսկուրսներում:
Հիշեցնենք, որ Հայաստանում հաճախ մեղադրում են արցախցիներին իրենց տները լքելու համար՝ պնդելով, որ դա եղել է կամավոր, կամ նրանք ինչ-ինչ պատճառներով չեն ընդունել ՀՀ իշխանությունների որոշ առաջարկներ, կամ էլ Հայաստան են եկել իշխանափոխություն կատարելու նպատակով: Տարածվում է այն թեզը, որ արցախցիները կարող էին մնալ, մինչդեռ «Ֆրիդոմ Հաուս»-ի զեկույցը հակառակն է պնդում:
Այս հարցը պատասխանը չի ստացել մամուլի ասուլիսում: