Վերջին հնարավորություն․ Լիաննա Պետրոսյանը կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը

Վերջին օրերի իրադարձություններն ու հաստատված որոշումները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը հանձնառու չէ կատարել տեղահանված, փախստական դարձած մեր հայրենակիցների առջև իր պարտավորությունները։ Այդ մասին գրում է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
“Բնակվարձի համար տրամադրվող աջակցությունը նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանվածների համար, քանի դեռ բոլորը չեն ապահովվել սեփական տանիքով”, գրել է նա։
Լիաննա Պետրոսյանը համարում է, որ սա “միասնական վճռական ձայնը բարձրացնելու և արդարության ու մեր իրավունքների համար պայքարելու վերջին հնարավորությունն է”։
“Հրավիրում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը. նաև հենց Ձեր կառավարությունների և/կամ կառույցների թերի աշխատանքի կամ անգործության արդյունքն է, որ 150.000 մարդ ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և հայտնվել նման ծանր իրավիճակում, որ չգիտի, թե վաղը որտեղ է լինելու և ինչպես է հոգալու իր ընտանիքի կենսական կարիքները”, գրել է Լիաննա Պետրոսյանը:
Նա կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը։