Իրավիճակ է փոխվել, մարդ ա վատացել, Իրա, ես գիշերը տուն չեմ գա

Նիկոլ Փաշինյանը, ով երեկ խորհրդարանում հայտարարեց, որ սարսափում է կարդալ Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը կոչ արեց չսրբացնել բանակը և ասաց, որ ճիշտ է արել, որ ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ օրն ավարտել է սեփական մորուքը սափրելով։

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Փաշինյանը պարբերաբար անցնում էր ֆալսետոյի՝ ցանկացած հոգեբան կասի, որ երբ մարդը սկսում է ավելի բարձր տեմբրով խոսալ եւ գոռալ, նշանակում է, որ նրան փաստարկներ չեն մնացել, և փորձում է ձայնով ճնշում գործադրել։

Փաշինյանին փաստարկներ չեն մնացել. 2018-ի իմիջը, երբ նա զավթեց իշխանությունը՝ իրեն որպես իմաստուն ու փորձառու աքսակալ ներկայացնելով, իրեն սպառել է։ Աքսակալը, պարզվեց, սաքսաուլ է։ Ժամանակն է վերադառնալու 2018-ի այն իրավիճակին, երբ չկար «Արցախը Հայաստան է, եւ վերջ», չկար կապիտուլյացիա, Դուշանբեյի գործարքը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը, արցախցի փախստականները, որոնք այդպես էլ չեն դիմել Ռուսաստանին՝ խնդրանքով ընդունել նրանց ՌԴ կազմ, չինտեգրվեց Ադրբեջանին և անգամ հեղաշրջում չարեց Հայաստանում։ Այլևս փաստարկներ չկան։

Ժամանակն է սկսել թերթի «նոր համարը»․ նորից հանրահավաքներ, նորից մանիպուլյացիաներ, բայց ավելի մեծ լուսաբանումներով. եթե այն ժամանակ ասում են՝ “տանք Ղարաբաղը, որ ձեր տղաները ուրիշի հողի համար չզոհվեն”, հիմա ասում են՝ «Հայաստան չարժե, որ ձեր տղաները ծառայեն ու մեռնեն նրա համար».

Իրավիճակ է փոխվել, մարդ ա վատացել, Իրա, ես գիշերը տուն չեմ գա։ Թրամփը վկա։

Հայ-հունգարական կիրք․ անհապաղ արդարացնել Սաֆարովին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով գտնվում է Հունգարիայում։

Հունգարիան, որը Թյուրքական խորհրդի անդամ է, Հայաստանի իշխող կուսակցության համար հայրենի տուն է դարձել․ վերջին մի քանի ամիսներին գրեթե բոլոր բարձրաստիճան հայ պաշտոնյաները “մարտական մկրտություն” են անցել Բուդապեշտում։ Իսկ մինչ այդ Արցախցի երեխաներին էլ են Հունգարիա ուղարկել հանգստանալու։

Սաֆարովի մասին չեն մոռացել՝ հարմար պահի են սպասում, որ պահանջեն արդարացնել եւ հերոսացնեն։

Այսօր, ՄԱԿ գրասենյակի դիմաց․ ինչպե՞ս կարելի է СОР29-ը Բաքվում անցկացնել

Նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի դիմաց (Պետրոս Ադամյան փողոց 14, Երևան, Հայաստան) տեղի կունենա բողոքի ակցիա («Stop Greenwashing Genocide!»), որի ավարտին նամակ ենք հանձնելու ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը։
Միջոցառմանը ներկա կլինի նաև էկոակտիվիստ @ Greta Thunberg Գրետա Թունբերգը, որը հրաժարվել է մասնակցել COP29-ին՝ Ադրբեջանում անցկացման պատճառով:
Բողոքի ակցիան կազմակերպվել է ՄԱԿ-ի այն որոշմանը ի պատասխան, որը COP29 համաժողովի անցկացման վայրը նշանակել է Ադրբեջանը՝ չնայած այն մտահոգություններին, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի, ինչպես նաև Ալիևի ռեժիմի ավտորիտար քաղաքականության, բռնաճնշումների և հայատյաց հռետորաբանության կապակցությամբ։

Այսօր Մեդիա կենտրոնում․ «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո»

Նոյեմբերի 15-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է սպասվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին 2025-ի մարտից հետո» թեմայով։
Բանախոսներ՝
Աննա Ժամակոչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Գեղամ Ստեփանյան՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Լիաննա Պետրոսյան՝ արցախցի հասարակական գործիչ
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է լրացուցիչ երեք ամսով երկարաձգել սոցիալական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ընդգրկելով 2025 թվականի հունվարից մարտ ժամանակահատվածը. տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50000 դրամ:
2025 թվականի ապրիլից միայն տեղահանված անձանց հատուկ խմբեր կունենան սոցիալական աջակցության իրավունք:
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներից շատերը դժգոհություն են հայտնել բնակարանային և զբաղվածության ծրագրերից:

Ջիվան Ավետիսյանը իր եւ նոր ֆիլմի մասին. ես ժամերով նայում էի Քիրսին եւ հավատում եմ, որ նորից կտեսնեմ այն

Ջիվան Ավետիսյանը հայտնի ռեժիսոր է: Ծնվել է 1981 թվականին Գյումրիում: «Թեւանիկ», «Դրախտի դարպասներ», «Վերջին բնակիչը» եւ շատ այլ ֆիլմերի հեղինակն է: 1989 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Արցախ:

«Պապս՝ Ջիվանշիր Ավետիսյանը, Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղից էր: 1980 թվականին հորս հրավիրեցին աշխատելու Գյումրի, որտեղ էլ ես ծնվել եմ: 1988 թվականին, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, ես առաջին դասարանում էի, բայց շատ լավ հիշում եմ այդ սարսափելի տեսարանը: Մայրս եւ քույրս վիրավորվել էին երկրաշարժի հետեւանքով: Հաջորդ տարի՝ 1989 թվականի հունվարին, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ: Դա բավականին բարդ ժամանակաշրջան էր: Արցախյան ազատագրական պայքարը ամենաթեժ փուլում էր, եւ մեր ընտանիքն ակամա դարձավ Շարժման մասնակիցը: Ես, լինելով դեռ փոքր, հորս ուսերին նստած մասնակցում էի հանրահավաքներին»:

Ջիվանի հայրը մեծ հայրենասեր էր եւ երեխաներին մեծացնում էր նույն ոգով: Պատահական չէ, որ Ջիվանի բոլոր ֆիլմերում արտացոլված են Արցախյան ազատագրական պայքարի եւ երեք պատերազմների իրադարձությունները: Նրա ֆիլմերից շատերը արժանացել են համաշխարհային ճանաչման, ցուցադրվել հայտնի փառատոներում Եվրոպայի եւ աշխարհի տարբեր երկրներում:

«Կինոն իմ կիրքն է, իսկ պատմություններ պատմելը՝ իմ ուժեղ կողմը։ Ավելի քան տասը տարի է, ինչ արվեստի միջոցով պատմում եմ Արցախի պատմությունները՝ հիմնվելով թե՛ անհատական, թե՛ հավաքական փորձառության վրա։ Չնայած ֆիլմերի ստեղծումը կապված է դժվարությունների հետ, այն ինձ ու իմ թիմին թույլ է տվել զարգանալ ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական առումներով։ Ես հետևել եմ իմ երազանքին՝ նկարահանել ֆիլմեր, որոնցում ներգրավված են լավագույն հայկական տաղանդները, և ընդգրկել միջազգային դերասանական կազմ։

Համագործակցելով ամբողջ աշխարհի տաղանդավոր նկարիչների և տեխնիկական մասնագետների հետ՝ ձգտում եմ ստեղծել ֆիլմեր, որոնք ավելի խորը ըմբռնում են տալիս համընդհանուր թեմաների մասին՝ արիության, տոկունության, խաղաղության և հույսի մասին։ Շարունակելով այս ճանապարհը՝ նպատակ ունեմ կինոյի ուժը օգտագործել՝ ձայն տալու նրանց, ում ձայնը լսելի չէ, և Արցախը ներկայացնելու աշխարհի քարտեզի վրա։»

Ես եղել եմ 2020 թվականի Արցախի պատերազմի ականատեսն ու 38 օր անցկացրել եմ՝ փաստագրելով Արցախի բնակչության դեմ իրականացված ռազմական հանցագործությունները։ Այդ ընթացքում ես հանդիպելեմ ամենվճռական մարդկանց, որոնք դուրս էին եկել մարտադաշտ՝ կյանքեր փրկելու առաքելությամբ։ Հենց այդ իսկական հայրենասերներն էին, ովքեր պատրաստ էին ամեն ինչի հանուն իրենց հայրենիքի փրկության, մեծապես ոգեշնչեցին ինձ հաջորդ կինոնախագիծը՝ «20 20-ի հրեշտակները», ստեղծելու համար։

«20 20-ի հրեշտակները» հուզիչ և ճշմարիտ պատմություն է, որը հիմնված է ավելի քան հիսուն բժշկի հիշողությունների և անձնական պատմությունների վրա, որոնք հայտնվել էին ավերիչ պատերազմի հորձանուտում։ Այդ պատերազմը ստիպում է նրանց կասկածի տակ դնել իրականությունը, աշխարհի սեփակն ընկալումը և, հնարավոր է, նույնիսկ համոզմունքները։ Այս բժիշկներից ոմանք Արցախի առաջին պատերազմի վետերաններ են, որոնք երեսուն տարի անց վերադարձել են առաջնագիծ։ Մյուսները ժամանել էին աշխարհի հեռավոր անկյուններից՝ միավորվելով դեղորայքի և կարեւոր պարագաների հավաքման ու առաքման համատեղ առաքելությամբ։ Չնայած տարբեր երազանքներին և ճակատագրերին, նրանց միավորում է մեկ նպատակ՝ փրկել կյանքեր։

«20 20-ի հրեշտակներն» ավելին է, քան բժիշկների մասին պատմություն. դա պատմություն է անվախ զինվորների և խեղված ճակատագրերով երիտասարդ տղաների մասին։ Նրանց պատմությունները ներկայացված են չորս գլխավոր հերոսների միջոցով։ Ֆիլմում օգտագործվում են արյան և սպիտակ խալաթների վառ կերպարներ՝ պատերազմի սարսափները ցուցադրելու համար, ինչպես նաև կնոջ կերպարը՝ որպես մարդկության շարունակություն։ Բժիշկ կանայք խորհրդանշում են Մայր-Երկիրը, որը տառապում է իր որդիների, ամուսինների և եղբայրների կորստից։

44-օրյա Արցախի պատերազմը խլեց բազմաթիվ երիտասարդների կյանքեր, ովքեր դարձան նորագույն զինատեսակների զոհեր։ Բժիշկների համար իրականությունը վերածվեց դժոխքի, որը բերում էր մահ և տառապանք։ Նրանց գոյությունն ասես մղձավանջի վերածվեց։

«20 20-ի հրեշտակները» բաղկացած է չորս առանձին մասերից, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն է ներկայացնում, բայց միաժամանակ դրանք իրար են միահյուսվում և լրացնում միմյանց։ Այս պատմությունները միավորվում են՝ կազմելով տոկունության և մարդասիրության հզոր վկայություն նրանց մասին, ովքեր պատերազմական սարսափների մեջ փորձում են ապաքինել։

Ներկայումս ֆիլմը նախապատրաստական փուլում է, և նկարահանումների համար անհրաժեշտ են միջոցներ։ Մենք երախտապարտ կլինենք յուրաքանչյուրին, ով ներդրում կկատարի նախագծի զարգացման համար։ Իմ գլխավոր նպատակը Արցախի վերադարձն է, և իմ մասնագիտության միջոցով ես կձգտեմ այն իրականացնել։ Հիշողությունները հայրենիքի մասին ուժ են տալիս ինձ՝ շարունակելու ապրել և ստեղծագործել։ Ես հաճախ եմ հիշում ծննդավայրս, հայրական տունս, այն աղբյուրը, որից սառը և անչափ համեղ ջուր էի խմում։ Հին գոմը, որի տանիքին նստած ժամերով նայում էի Քիրսին։ Այդ զարմանալի բնապատկերը մինչ օրս իմ աչքերի առաջ է, և ես անկեղծորեն հավատում եմ, որ շուտ թե ուշ այն նորից կտեսնեմ»,- պատմեց Ջիվան Ավետիսյանը Step1.am-ի հետ զրույցում։

Արսեն Աղաջանյան

The Times. Ուկրաինան կարող է միջուկային ռումբ ստեղծել մի քանի ամսից, եթե Թրամփը հրաժարվի օգնությունից

Եթե ​​ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը որոշի Ուկրաինան մենակ թողնել ագրեսորի հետ, Կիևը կարող է ծայրահեղ քայլի դիմել՝ վերադարձնել միջուկային կարգավիճակը։ Ուկրաինացիներն ունակ են բավականին արագ միջուկային մարտագլխիկներ ստեղծել։ Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության փորձագետների պատրաստած զեկույցը։

«Պարզ ատոմային ռումբի ստեղծումը, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները Մանհեթենի նախագծի հետ, 80 տարի անց դժվար գործ չի լինի»,- ասվում է հրապարակման մեջ։ Կիևը կարող է ընդամենը մի քանի ամսում վերստեղծել պլուտոնիումով աշխատող ամենապարզ միջուկային զենքը։ Սա կարող է նման լինել Fat Man ռումբին, որը Միացյալ Նահանգները նետել է Նագասակիի վրա 1945 թվականին:

Ուկրաինացիներն ունեն նմանատիպ տեխնոլոգիաներ և կարող են դրանք օգտագործել որպես վերջին փաստարկ՝ ագրեսոր Ռուսաստանին կապիտուլյացիայից խուսափելու համար։ Ուկրաինան չունի ժամանակ կամ միջոցներ պատերազմի ժամանակ ուրան վերամշակելու համար։ Այդ իսկ պատճառով այն կարող է օգտագործել պլուտոնիում իր ռումբում՝ հեռացնելով այն ծախսված միջուկային ռեակտորի ձողերից։

Հնարավոր է, որ այն կարող է ստեղծել հարյուրավոր մարտագլխիկներ՝ հազար կիլոտոննա հզորությամբ՝ դրանք օգտագործելու Ռուսաստանի Դաշնության օկուպացիոն բանակի ռազմական օդանավակայանների, բազաների և նյութատեխնիկական ապահովման հանգույցների վրա հարձակումների համար:

Բուդապեշտի հուշագիրը, որը Ուկրաինան դարձրեց միջուկային զենքից զերծ պետություն, այժմ դե ֆակտո ոչնչացվել է։ Այս համաձայնագրի շրջանակում Կիևը համաձայնել է հրաժարվել իր ողջ միջուկային զենքից՝ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության երաշխիքների դիմաց։ 2014 թվականից, երբ Ռուսաստանի Դաշնությունը զավթեց ուկրաինական Ղրիմը և Դոնբասը, փաստաթուղթն այլևս ուժի մեջ չէ։

Диалог.UA

Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին

Արմինե Հարությունյանը ուսուցչուհի է Արցախից։ Տեղահանվելուց հետո ծնողների հետ հաստատվել է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Որպես ուսուցչի օգնական՝ աշխատում է Արտաշատ համայնքի Դեղձուտ գյուղի միջնակարգ դպրոցում։

Արմինեն պատմում է

-Շոշի միջնակարգ դպրոցում էի աշխատում։ Աշխարհագրություն էի դասավանդում, միաժամանակ դպրոցի կազմակերպիչն էի։

2020-ի պատերազմից հետո մեր գյուղը հայտնվել էր ադրբեջանցիների թիրախում, քանի որ նրանց դիրքերը գտնվում էին մեզանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Թեպետ իրավիճակը հանգիստ էր, սակայն գյուղում անվտանգ չէր։ Մշտապես զգոն էինք, որովհետև գիտեինք թշնամու ձեռագրի մասին։ Նրանից կարելի է սպասել ամենասարսափելին։ Այնուհանդերձ ապրում էինք և չէինք դադարում մեզ երջանիկ զգալ։

Արցախի շրջափակումից հետո ծանր օրեր ենք ունեցել, սակայն կարողացել ենք դիմանալ, պայքարել։ Կարծում էինք՝ շուտով կբացվի կյանքի ճանապարհը, և արցախցիներիս կյանքը կընկնի հունի մեջ։ Սակայն փորձությունները շարունակում էին հետապնդել մեզ։ 2023-ի սեպտեմբերի 19-ը հերթական ողբերգական օրը դարձավ մեզ համար։ Սարսափով եմ հիշում այդ օրը, խուճապի մեջ հայտնված համագյուղացիներիս, որոնք իրենց առօրյա կյանքով էին ապրում ու հանկարծ․․․ Ադրբեջանցիներն արդեն մտել էին գյուղ, կրակում էին խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Մենք մի քանի ուսուցիչների հետ մոտ 6 ժամ մնացինք ռուսական պահակակետի խրամատներում, բնակչության մեծ մասը դպրոցի նկուղում էր։ Մի կերպ տարհանվեցինք գյուղից և սեպտեմբերի 24-ին տեղափոխվեցինք Հայաստան, քանի որ արդեն սկսվել էր Արցախի հայաթափումը։ Ծնողներիս, տատիկիս և քրոջս ընտանիքի հետ նախ հաստատվեցինք Երևանում, ապա ծնողներիս հետ տեղափոխվեցինք Արտաշատ։

Արցախից հեռու Արմինե Հարությունյանը շարունակում է ապրել Արցախի կյանքով ու երազել վերադարձի մասին։ Միաժամանակ դպրոցում պատվով է կատարում իրեն վերապահված աշխատանքը, հետն էլ Արցախի խորհդանիշներով գործվածքներ անում։ Ավելի քան 17 տարի նա Ասկերանի ՄՊՍԿի Շոշի մասնաճյուղում ձեռքի աշխատանքներ էր սովորեցնում երեխաներին։

 – Տեղահանվելուց հետո աշխատանքի եմ անցել Դեղձուտ գյուղի դպրոցում։ Հրաշալի մարդկանցով եմ շրջապատված։ Տնօրենը՝ Արմինե Կարապետյանը և ողջ կոլեկտիվը գրկաբաց են ընդունել ինձ և ցանկացած հարցում ցանկանում են աջակցել։ Թեկուզ գտնվում էի ծանր վիճակում, սակայն կարողանում էի ուժ հավաքել ու մերվել նոր միջավայրին։ Առաջադրանք ստացա Հայոց բանակի կազմավորման օրվան նվիրված միջոցառման ծրագիր ներկայացնել։ Ներկայացրի, և այն հավանության արժանացավ։ Միջոցառումն անցավ հավուր պատշաճի։ Հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար ցանկացա երկրորդ աշխատանք ևս գտնել։ Սկսեցի շյուղագործությամբ Արցախի խորհրդանիշներով հագուստ գործել։ Նախ ինձ համար գործեցի, հագա և տեղադրեցի սոցիալական իմ էջում։ Անմիջապես արձագանք ստացա։ Ինձ դիմեց արցախցի մի երիտասարդ մայրիկ, ով ցանկանում էր իր զույգ երեխաների համար Արցախի դրոշով բաճկոնակ պատվիրել և երեխաների մեկ տարեկանը հենց այդ հագուստով նշել։ Այնուհետև պատվիրեց Արցախի դրոշներ, և ես մեծ պատասխանատվությամբ գործեցի դրանք։ Գործելու ընթացքում կտրվում եմ առօրյա հոգսերից, ծանր մտքերից և մտքով թռչում Արցախ։

Երբ բաճկոնակս հագիս գնացի դպրոց, մեր տնօրենը հիացավ իմ աշխատանքով և առաջարկեց Հայաստանի խորհրդանիշներով ևս գործել։ Մեծ հաճույքով գործեցի՝ ավելացնելով նաև Հայաստանի զինանշանը։ Աշխատանքս շատ դուր եկավ նրան։ Հետզհետե ավելացան պատվիրատուներս։

Ես չեմ ուզում մտածել, որ Արցախի հարցը փակված է։ Ոչինչ չի կարող փոխարինել Արցախին ու իմ հարազատ Շոշին։

Շատ եմ կարոտում իմ գյուղը, իմ հարազատ դպրոցն ու գործընկերներիս։ Ցավ եմ ապրում, որ իրարից հեռու ենք, սփռված տարբեր տեղերով մեկ։ Երազում եմ՝ նորից միասին լինել։ Թե՛ գյուղում, թե՛ Ստեփանակերտում մեր տները գտնվում էին եկեղեցու դիմաց։ Երևի Աստծո կամոք՝ Արտաշատում ևս ապրում ենք եկեղեցու դիմաց։ Ամեն առավոտ աղոթում եմ առ Աստված, որ վերադառնանք Արցախ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, եւ այս երկերեսանիությունը սրտխառնոց է առաջացնում

«Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում էկոակտիվիստ Գրետա Թունբերգն անդրադարձավ Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Ինչո՞ւ ես COP29-ում չեմ, շատ պարզ է՝ մեր եւ նրանց օրակարգերը բոլորովին տարբեր են, հակասում են այն իրականությանը, որը տեղի է ունենում Ադրբեջանում։ Ադրբեջանը պատասխանատու է էթնիկ զտման համար, եւ պարզապես սրտխառնոց է առաջացնում այդ երկերեսանիությունն ու կեղծավորությունը, որ կլիմային ուղղված այս կոնֆերանսը՝ COP29-ը  տեղի է ունենում այդ երկրում։ Սա ուղղակի կեղծավորության, երեսպաշտության ու երկերեսանիության ծայրահեղ դրսևորում է։ Ադրբեջանը փորձում է այսպիսով «կանաչ մաքրում» անել, թույլ չենք տա»,- ասաց նա։

Ըստ Թունբերգի՝ Ադրբեջանը ոչ միայն կարողանում է այս սարսափելի հանցագործությունները կատարել ու չպատժվել, այլ նաեւ նրանց համար դռներ են բացվում, նրանց խոսք է տրվում աշխարհի բեմի վրա՝ օրինականացնելու մարդու իրավունքների սարսափազդու խախտումները՝ էթնիկ զտումը։  «Աշխարհը լուռ է եւ նրանց տալիս է այդ հնարավորությունը։ Նորից ու նորից տեսնում ենք, քանի որ սա միակ դեպքը չէ։ Մենք պետք է դադարենք ձեւացնել, որ նորմալ է, երբ կլիմային ուղղված կոնֆերանսն իրականացվում է այնպիսի մի երկրում, որը ռեպրեսիվ մոտեցումներ ունի, որը ճնշում է իր իսկ բնակիչներին։ Ադրբեջանի ակտիվիստներն ասում են, որ իրենք կարծես ապրում են բանտում, իրենց իսկ իրավունքները նրանցից խլում է պետությունը, այնտեղ քաղհասարակության վրա մշտապես ճնշումներ են գորածադրվում։ Էթնիկ զտումը, գերիները, հոգեբանական ու ֆիզիկական վայրագությունները, որոնց միջով հայերն անցել են, սա անհանդուրժելի է, անընդունելի է։ Եվ այն փաստը, որ աշխարհը շարուկաբար մնում է լուռ ու թույլ է տալիս, որ Ադրբեջանն անի այս հանցագործությունները, բացարձակապես անընդունելի է»։

Գրետա Թունբերգը նաեւ նշեց, որ Ադրբեջանը նպատակ ունի ընդլայնել վառելիքի հանածոների արտադրությունը։ Սա մարտահրավեր է կլիմայի համար, եւ աշխարհը շարունակում է լուռ մնալ։

Վերջին ուխտագնացությունը դեպի Դադիվանք

2020 թվականի նոյեմբերի 12-ին ռուս խաղաղապահները սկսեցին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն՝ ռուսական զորքերը սահմանել են դիտակետեր շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար։

Խաղաղապահ գործընթացներում Ռուսաստանի գործունեությունը գովաբանող պաստառներ սկսեցին հայտնվել ճանապարհներին և բնակեցված վայրերում։ Հատկապես հիշվում է «Որտեղ մենք, այնտեղ խաղաղություն» պաստառը։

Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ռուսական բանակի առկայությունը ոչ մի ազդեցություն չի թողնում ադրբեջանցիների ագրեսիայի վրա․ զինված դիվերսիաները շարունակվում էին, ինչպես հայկական տարածքների զավթումը, Արցախի խաղաղ բնակչությանը սպանում, առևանգում եւ գնդակահարում էին։ Եւ հայ ակտիվիստներն պաստառը վերաձեւակերպել են հարցականովէ «Որտեղ դուք, այնտեղ խաղաղությո՞ւն», սակայն հարցը անտեսվել է։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին պարզվեց, որ ոչ ոքի չի հետաքրքրում պատասխանը, և բնիկ բնակչության բռնի տեղահանումն էր հստակ պատասխանը։

Բայց այս ամենը տեղի ունեցավ ավելի ուշ։ Ւսկ 2020 թվականի նոյեմբերին ռուս խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ ԼՂՀ շրջանները հանձնվեցին ադրբեջանցիներին. մարդիկ լքեցին իրենց տները։ Հայերը հրաժեշտ տվեցին Դադիվանքին։ Նոյեմբերի 25-ին շրջանն ամբողջությամբ անցավ ադրբեջանցիներին։

Ալվարդ Գրիգորյան

Ամբողջությամբ ռեպորտաժը տես հետեւյալ հղմամբ

“Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել”

44-օրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները Հադրութում մտել են մարդկանց տները, եւ այնտեղ սարսափելի դեպքեր են տեղի ունեցել։ Հադրութի շրջանում մնացած քաղաքացիական բնակչությունը դաժանաբար սպանվել է։ Այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը։

«23 խաղաղ բնակիչներ սպանվել են իրենց տներում կամ բակերում, 16 հոգի դեռ անհետ կորած են համարվում, այդ թվում՝ 4 կին եւ 2 երեխա։ Սպանվածներից ամուսիներ Դավիթ եւ Նինա Դավթյանները Հադրութի Վարդաշատ գյուղից էին։ Նինա Դավթյանը կույր էր, 82 տարեկան։ Ամուսինը՝ Դավիթը 86 տարեկան էր։ Նինա Դավթյանին գնդակահարել են իր անկողնում, նրա մարմնի վրա գնադակի տեղ էր, նաեւ գլխին էր կրակած։ Դավիթ Դավթյանին գլխատել են հենց իր բակում։ Նրանց մարմինները գտել են երկու ամիս հետո։ Կամո Դավթյանը սպանվել է իր բակում, Բաքվից փախած Լենա Հակոբյանին գլխատել ու մասնատել են իր երկու հարեւանների հետ եւ երեքին հուղարկավորել հենց իրենց բակում։ Նրա ամուսնուն՝ Բենիկ Հակոբյանին մենք տեսել ենք հրապարած տեսանյութերով, որ ձեռքերը բարձրացրած գերի են տանում, բայց նրա ճակատագիրն առ այսօր անհայտ է։ Երկու տղամարդու գնդակահարել են հենց Հադրութի կենտրոնի հրապարակում, տեսանյութը կար համացանցում։ Նրանց փաթաթել են Արցախի դրոշով ու գնդակահարել։ Եվս մեկ տղամարդու գնադակահարել են Հադրութի մոտակայքում գտնվող Նուրաշեն գյուղում։ Անկողնային հիվանդին՝ Էռնեստին չեն կարողացել հանել, այդ մարդուն նույնպես մասնատել են։ Անհետ կորածներից երկու կին Մելիքաշեն գյուղից էին՝ մայր ու աղջիկ էին, նրանց չէին կարողացել հանել։ Եվս երկու անհետ կորած ունեին առողջական խնդիրներ, նրանց նույնպես չհաջողվեց համոզել, որ դուրս գան։ Իմ աշխատակցուհու հորն ու եղբորը գերի են տարել, ընդ որում՝ հորը տարել են Բաքու, հետո հետ են բերել։ Այդ մարդն արդեն կիսամարդ էր, որովհետեւ նրա մարմինն ամբողջությամբ կապտած էր։ Ձեռքերից ու ոտքերից կապել եւ կախել են 76 տարեկան տղամարդուն։ Նա վերադառնալուց հետո ընդամենը մեկ տարի ապրեց։ Իսկ իր որդուն՝ Կարախանյան Արսենին երկու ամիս պահել են Հադրութում եւ տանջամահ արել։ Ես 10 ֆիլմ եմ պատրաստել այս դեպքերի մասին, այդ ամենն ուղարկվել է միջազգային դատարաններ ու միջազգային կազմակերպություններին»,- ադրբեջանական վայրագություններից մանրամասներ ներկայացրեց Մարգարիտա Քարամյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը պղծել է հայերի գերեզմանատները, Հադրութի հուշահամալիրը։ Ադրբեջանը նաեւ բնապահպանական վնաս է հասցրել Արցախին։ Արցախի շրջափակման օրերին Սարսանգի ջրամբարն ամբողջովին ցամաքել էր, որովհետեւ Արցախը մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, եւ ստիպված էին ջրամբարն օգտագործել ու էլեկտրաէներգիա ապահովել մարդկանց։ Պատերազմի ժամանակ օգտագործվել են ֆոսֆորային ռումբեր, որոնք մեծ վնաս են պատճառել Արցախի անտառներին։ Հադրութի անտառն ամբողջությամբ այրվել էր 2020 թվականին։ «Էկոլոգիան պահպանում են մարդու համար, իսկ եթե մարդու կյանքն արժեք չունի, ուրեմն բոլոր պայքարներն անիմաստ են»,- ասաց Մարգարիտա Քարամյանը։

 

“Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ”

Ադրբեջանը Արցախում կիրառում է դեռ 1920-ական թվականներից որդեգրած իր քաղաքականությունը՝ տարածքի ազատում հայկական հետքից։ Այս պահին փորձում են ջնջել Արցախի հայկականությունը, դրանով նաեւ փորձելով փակել հայերի վերադարձը հայրենիք։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց հուշարձանների պահպանության մասնագետ Արմինե Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ Արցախի տարածքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ պարզապես ավարվել են։ Դրանց թվում է նաեւ Շուշիի 19-րդ դարի Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը։ 2023 թվականի ապրիլին պարզ դարձավ, որ այն հիմնահատակ ավերվել է։ Հիմնահատակ ավերվել են նաեւ Բերձորի Սուրբ Համբարձման եւ Մեխակավանի Զորավոր Աստվածածնի եկեղեցիները։ Ոչնչացվել են նաեւ խաչքարեր, հուշահամալիներ։

«Այս քաղաքականությունը տարվում է մի քանի ուղղությամբ՝ առաջինը, ժառանգության ֆիզիկական ոչնչացում եւ երկրորդը, ժառանգության բռնի օտարում կամ բռնայուրացում։ Շատ դեպքերում Ադրբեջանը մեր հոգեւոր օջախները ներկայացնում է որպես աղվանական, ուդիական եկեղեցիներ՝ դրանով օտարելով հայերի մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանի նախագահը, այցելելով Հադրութի շրջանի Ծաղկավանք եկեղեցի, հրահանգել էր վերացնել հայկական բոլոր այն արձանագրությունները, որոնք կան մեր եկեղեցիների վրա՝ ասելով, որ դրանք ֆեյք արձանագրություններ են։ Երկրորդ ամենամեծ մարտահրավերն այն է, որ Ադրբեջանը վերջին շրջանում հիմնահատակ ավերում է նաեւ Արցախի բնակավայրերը։ Մենք ունենք մի քանի բնակավայրեր, որոնք ընդհանրապես արդեն գոյություն չունեն որպես այդպիսին։ Այդ թվում են՝ Քարին տակ, Մոխրենես գյուղերը։ Վերջին շրջանում նաեւ շատ ինտենսիվ կերպով վերացվում են Ստեփանակերտի թաղամասերը։ Մենք արդեն ունենք Ստեփանակերտի ավերված 19-րդ դարի թաղամաս։ Սա նույնպես փաստում է այն մասին, որ Ադրբեջանը գետնի վրա վերացնում է այդ տարածքի հայկականության պատմական փաստերը»,- ասաց նա։

Արմինե Հայրապետյանը նշեց, որ Արցախում ոչնչացվում են նաեւ հայկական գերեզմանոցները։ «Պատմամշակութային ժառանգությունը դա որեւէ ժողովրդի հիշողության կրիչն է։ Ադրբեջանն այսօր պատերազմում է մեր ժողովրդի հիշողության դեմ, որպեսզի ամեն ինչ վերացնի։ Դա նաեւ հոգեբանական ճնշում է, որպեսզի արցախահայությունը վերադարձի հետ հույսեր չկապի։ Երեւի թե հաշվարկ են անում այն մտքի վրա, որ տուն չունենալով՝ արցախցին վերադարձի պահանջ չի դնի։ Եվ շատ ցավալի է, որ Ադրբեջանում այսօր անցկացվող COP29-ին մասնակցող երկրներից որեւէ մեկի համար կարեւոր չեն այն համամարդկային արժեքները, ի դեմս հայկական պատմամշակութային ժառանգության, որոնք այսօր վերացվում են Արցախում։ Այդ երկերեսանիությունը, որը կա աշխարհում, երբեմն մեզ հուսահատեցնում է։ Միջազգային հանրությունը, որը որպես մարդու իրավունքների պաշտպան է հանդես գալիս, պետք է փորձի կանգնեցնել այն հայատյաց մեքենան, որը մարդկային ճակատագրերի եւ ողբերգությունների պատճառ է հանդիսանում»,- հավելեց Արմինե Հայրապետյանը։

Գերիների ազատ արձակման հարցը կապված է քաղաքական պահանջների բավարարման հետ

2020 թվականի պատերազմից հետո հարյուրավոր հայեր գերեվարվել են՝ նախնական տվյալներով՝ նրանց թիվը գերազանցում է 300-ը։ Այս մասին այսօր «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության վրա» թեմայով համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ մեծ ջանքերի շնորհիվ շուրջ 210 գերիներ հայրենադարձվել են։ Բայց 23 պաշտոնապես հաստատված հայեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց ազատ արձակման հարցը ոչ թե կապված է բուն կոնֆլիկտի հետ, այլ քաղաքական պահանջների բավարարման հետ։ Այդ 23 անձանցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, մյուսները՝ 2023 թվականին։ Նշված 23 թիվը ներառում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այսինքն՝ ունենք 8 քաղաքական բանտարկյալներ՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։

«Անազատության մեջ գտնվող հայերի շարունակական կալանավորումը պետական քաղաքականության մաս է, որը շահարկվում է բանակցային գործընթացում։ Ի սկզբանե մեծաթիվ գերիների վերաբերյալ տեսանյութեր ցուցադրվեցին, վաղ փուլում ադրբեջանական կողմը հրաժարվում էր հաստատումներ տալ, տեւական ժամանակ ընտանիքները գտնվում էին անարոշության մեջ։ Եվ այս անորոշությունն էլ հավելյալ հոգեկան տառապանքներ պատճառելու միտում ուներ։ Բարեբախատաբար, դատական գործընթացների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շնորհիվ գերեվարման դեպքերն սկսեցին հաստատվել։ Ավելի ուշ փուլում նաեւ գերեվարվածների հետ տեսակցությունների հնարավորություն ապահովվեց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ այս անձանց ազատ արձակումը կապված է եւ քաղաքական, եւ դիվանագիտական, եւ իրավական աշխատանքի հետ։ «Խոշտանգումների դեմ պայքար մղող որեւէ միջազգային մեխանիզմ երեբեւ ի վիճակի չի եղել մուտք գործել եւ տեսակցել այնտեղ գտնվող գերիներին։ Արտաքին աշխարհի հետ կապը բացառապես ապահովվում է ԿԽՄԿ-ի շնորհիվ։ Բայց արձանագրեմ, որ կոնֆլիկտի վաղ փուլում արգելափակված է եղել նաեւ ԿԽՄԿ գործունեությունը»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյնաի խոսքով՝ Բաքվի բանտերում գտնվող հայերը խոցելի վիճակում են, քանի որ նրանց շահերը չեն պաշտպանում անկախ փաստաբանները։ Իսկ Ադրբեջանում լիցենզիա ստացած եւ վախի մթնոլորտում գործունեություն ծավալող փաստաբաններն ի զորու չեն ապահովել իրավաբանական օգնությունը։ «Հայերանադարձվածների հետ մեր հանդիպումներն էլ վերահաստատում են, որ փաստաբանի ներգրավվածությունը եղել է ձեւական, նրանց չեն տեսակցել, չեն քննարկել գործերը։ Եվ շատ ավելի վատ պրակտիկա է գրանցվել, երբ նրանք ենթարկվել են վատ վերաբերմունքի նաեւ փաստաբանների ներգրավվածությամբ»,- հավելեց նա։