Բերձորում երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 23-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:10-ին գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Խոսքը Բերձորի մասին է։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Արցախցիների մեծ հանրահավաք․ փողի՞, թե՞ իրավունքների համար

ՀՀ կառավարության վերջին որոշումներից հետո պարզ է դարձել, որ արցախցիներին ուղղված աջակցությունը շուտով կավարտվի, բնակապահովման ծրագիրը ի սկզբանե բլեֆ էր, ինչպես եւ զբաղվածության ծրագիրը, եւ կառավարությունը ոչ մի բան այլեւս չի խոստանում արցախցիներին, միջազգային դոնորներն էլ գումար չեն տրամադրում, քանի որ համարում են, որ Հայաստանը ամեն ինչ ապահովում է։

Հանրային ասպարեզում առաջարկ հնչեց՝ դուրս գալ փողոց, բոլորս միասին։ Առաջարկը հավանեցին հազարավոր մարդիկ, սակայն հարց առաջացավ՝ ի՞նչ են պահանջելու փողոց դուրս եկած արցախցիները։ Փո՞ղ, այսինքն ողորմությո՞ւն, թե՞ իրավունք՝ մասնակցել որոշումների ընդունմանը։ Նաեւ պահանջ՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ եւ Արցախի իշխանավորներին, որոնք պարտավոր էին կառավարել արցախցիների մասնավոր եւ կոլեկտիվ միջոցները եւ ում մեղքով մարդիկ կհայտնվեն փողոցում՝ բառ իբուն իմաստով։

Հարցերը միայն փողոց դուրս գալով հնարավոր չէ լուծել։ Խիստ անհրաժեշտ է ստեղծել միասնական Համակարգող կենտրոն, որը կստանձնի Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանության մոդերատորի դերը։ Առանց նոր կառույցների ստեղծման՝ հնարավոր է համադրել արդեն իսկ առկա զգալի ներուժը և այն ուղղել բոլորի համար ընդունելի ընդհանուր խնդրի՝ Արցախի իրավասուբյեկտության և արցախցիների իրավունքների պաշտպանությանը։

Համակարգող կենտրոնի հասարակական կարգավիճակը կպաշտպանի այն ներքաղաքական անախորժություններից ու ճնշումներից և թույլ կտա տարբեր քաղաքական նախասիրություններ ունեցող մարդկանց խոսել միասնական դիրքերից։ Իսկ կոլեգիալ Իրավական խորհուրդը թույլ կտա մշակել բոլորի համար ընդունելի մարտավարական քայլերի համալիր։

Արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հիմա էլ արվում են քայլեր, գործողություններ, հայտարարություններ, որոնք, չենթարկվելով ընդհանուր ռազմավարության, արդյունավետ ազդեցություն չեն ունենում որոշումների կայացման վրա։

Տեղահանությունից հետո արցախյան հասարակությունը միտումնավոր մասնատվեց. Արցախի պետական մարմինների լիազորությունները չեն ճանաչվել Հայաստանի կառավարության կողմից, Արցախի մանդատ ունեցող պաշտոնյաները ակտիվ չեն ինքնակառավարման կազմակերպման գործում։

Արխիվները չեն պահպանվել կամ դիտավորյալ չեն օգտագործվում, ինչը հանգեցնում է մարդկանց «կենսագրության ջնջմանը» և բարդացնում նրանց սոցիալական իրավունքների իրականացումը` թոշակներ, նպաստներ ստանալը և այլն։ 2024 թվականի հունիսին մեկնարկած արցախցիների բնակարանաշինության ծրագիրը տապալվել է։ Կարիքների, կորցրած գույքի և կոլեկտիվ սեփականության համակարգային գույքագրում չի իրականացվել։

Չնայած այն հանգամանքին, որ մեկ շաբաթում Հայաստան է ժամանել ավելի քան 115 հազար արցախցի, և միլիոնավոր դոլարներ են հատկացվել աջակցության համար, վերջին մեկ տարվա ընթացքում չի ստեղծվել Միասնական սոցիալական մարմին, որը կհամակարգեր օգնության տրամադրումն ու մոնիտորինգը։

Առաջարկում ենք ստեղծել Միասնական հիմնադրամ, որտեղ կկոնսոլիդացվեն արցախցիների համար տրամադրված գումարները՝ թե ՀՀ Կառավարության կողմից, թե միջազգային դոնորների։ Այդ հիմնադրամի Հոգեբարձուների խորհրդում կարող են ընդգրկվել եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, եւ Արցախի Համակարգող խորհրդի անդամներ, որոնք համատեղ կորոշեն, թե ինչպես օգտագործել գումարներն եւ ինչպես լուծել արցախցիների սոցիալական հարցերը։

Մինչ օրս մենք չգիտենք, ինչքան գումար է տրամադրվել արցախցիների կարիքները հոգալու համար եւ ինչքան է ծախսվել։ Մենք չգիտենք, գումար տրամադրվե՞լ է բնակապահովման ծրագրի համար, եւ եթե այո, որտե՞ղ են այդ չօգտագործված գումարները։

Հանրահավաքի ժամանակ համակարգային լուծումներ պետք է առաջարկվեն։ Քաղաքական լուծում, կարգավիճակ պահանջելը կամ ուղղակի ողորմություն ուզելը՝ երկու անընդունելի ծայրահեղություններ են։ Նախ արցախցիները պետք է իրենց սոցիալական խնդիրների համախմբված համակարգային լուծում առաջարկեն, հետո գտնեն իրավաքաղաքական լուծումներ։

Այսօրվանից Ռուսաստանը քաղաքացիությունից կզրկի երդման արարողակարգը չանցած անձանց

Ռուսաստանի ՆԳՆ-ն այսօրվանից սկսում է զրկել ՌԴ քաղաքացիության կարգավիճակց ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց, որոնք չեն անցել երդման արարողակարգը։ Համապատասխան նորմերն ամրագրված են ՌԴ նախագահի քաղաքացիության հարցերի վերաբերյալ հրամանագրում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են ՆԳՆ մամուլի կենտրոնում, նոյեմբերի 22-ին լրացել է այդ կարգի քաղաքացիների երդում տալու ժամկետը։ «2024թ. նոյեմբերի 23-ից այդ անձինք կհամարվեն Ռուսաստանի քաղաքացիություն չստացած, իսկ նրանց քաղաքացիություն տալու որոշումները կհամարվեն անվավեր»,- ասել են գերատեսչությունում։ Միաժամանակ, հրամանագրի կետերը չեն վերաբերում նրանց, ովքեր ՌԴ քաղաքացիություն ստացել են մինչեւ 2017թ. սեպտեմբերի 1-ը, երբ ուժի մեջ է մտել երդում տալու պարտավորությունը, կամ ազատվել են դրանից քաղաքացիություն ստանալու պահին։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր հայրենակիցներին, որոնք քաղաքացիություն են ստացել  2017թ. սեպտեմբերի 1-ից հետո, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում երդում տալ։ Այս կարգը տարածվում է նաեւ երեխաների վրա, եթե նրանց քաղաքացիություն տալու մասին որոշումը ընդունվել է մինչեւ նրանց 18 տարեկան դառնալը։

Պարտադիր երդում մտցնելու առաջարկը ՌԴ քաղաքացիություն ստանալիս պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն արվել է 2017թ. ամռանը։ Արարողակարգը ենթադրում է տեքստի ընթերցում եւ ստորագրություն ձեւաթղթի վրա։ 2023թ. ընդունվել է դաշնային օրենքը եւ ստորագրվել նախագահի հրամանագիրը, որոնք պահպանել են այդ նորմերը։ Վերջին նախագահական փաստաթղթում ասված է, որ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացիություն ստացողները երդում տան մեկ տարվա ընթացքում։

«Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» տոնավաճառ

Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի գործակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ» ծրագրի շրջանակում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվել է «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի առաջին տոնավաճառը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՊՀ-ից հայտնում են, որ տոնավաճառը նպատակ ունի աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Տոնավաճառի շրջանակում անցկացվել են հանդիպումներ 40-ից ավելի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կրթական միջոցառումներ՝ ուղղված աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը, կլոր սեղան-քննարկումներ՝ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ:

Տոնավաճառում ներկայացված էին ավելի քան 20 թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել անմիջապես դիմելու գործատուին:

Աբխազիայի նախկին նախագահը մեկնում է Մոսկվա

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան, որ այս շաբաթ հրաժարական տվեց, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է, որ գտնվում է ինքնահռչակ հանրապետությունից դուրս։

«Ես հիմա Աբխազիայում չեմ, մի քանի օրով թռչում եմ Մոսկվա»,- ասել է նա։

Նոր ընտրությունների օրը դեռ որոշված չէ, սակայն Արցախի օրինակով կարելի է ենթադրել, որ “անկախ հանրապետություն” պռոյեկտը սպառել է իրեն, եւ եկել է ժամանակը “ինտեգրվել” Ռուսաստանին։

Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել 18 տարվա ազատազրկման

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով դատապարտել է 18 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով դատախազությանը։

Գալստյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Արցախում, այդ թվում՝ Շուշիի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալի, կրթության նախարարի տեղակալի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները։

Գործի նյութերի համաձայն՝ 2020 թվականին Գալստյանը հավաքագրվել է օտարերկրյա պետության հետախուզական ծառայությունների կողմից։ 2020-2023 թվականներին նա տեղեկատվություն է փոխանցել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի, հասարակական տրամադրությունների, ռազմական գործողությունների նկատմամբ բնակչության վերաբերմունքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից հնարավոր ռազմական օգնության տրամադրման մասին, նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ։

Արցախի օկուպացիայից հետո Գալստյանը Ստեփանակերտում մնաց մոտ վեց ամիս։ 2023 թվականի մարտի վերջին նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ մեկնել է Հայաստան, որտեղ շուտով կալանավորվել է։

Արցախ, Նախիջեւան, Սյունիք կամ 1 տրիլիոն դոլար

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մեկ շաբաթ առաջ հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նրանք, ըստ Մարուքյանի, պնդել են, որ իրենք արդեն ունեն վերջնական հաշվարկներ և մոտավորապես 1 տրիլիոն դոլարի պահանջ կարող են ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Մարուքյանը մնացածների հետ միասին լծվել է Փաշինյանի կառավարության, Ռուսաստանի եւ այլ «դաշնալիցների» կողմից «խաղաղության պայմանագրի» արդարացմանը․ եթե չստորագրենք եւ չհրաժարվենք Արցախից, Նախիջեւանից, Սյունիքից, ապա Ադրբեջանը մեզ 1 տրիլիոն դոլարի հայց կներկայացնի։

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցի մի դրվագ, որտեղ նույնպես ասում է, որ պետք է ժողովրդին ազնիվ ներկայացնի իրավիճակը։ Հավանաբար, նա կասի, որ պետք է հրաժարվել Անկախության հռչակագրից, ոչ չի ստացվում ստորագրել նույնիսկ սովետական սահմանների մասին պայմանագիր։

Արցախը փաստորեն ահագին թանկացել է․ Լուկաշենկոն ասում էր, որ Սերժ Սարգսյանին 5 մլրդ դոլար էին առաջարկում, բայց նա հրաժարվեց։ Հիմա գինը հասել է տրիլիոնի, բայց միայն Ադրբեջանի համար, որը գիտի հողի իրավունքի գինը։ Պաշտոնական Երեւանի համար Արցախը գրոշ չարժի։

«Միջազգային հանրությունը միաձայն, թուրքական պետության համաձայնությամբ, որոշել է, որ սա է լինելու Հայաստանը»

«Հայաստանի իշխանությունն այսօր Վիլսոնի իրավարար վճռի մասին ընդհանրապես չի խոսում, ի՞նչ պետք է աներ իշխանությունը․ առաջին հերթին Հայաստանի գլխավոր իշխանավորը պետք է հրավիրեր բոլոր դիվանագետներին, ներկայացներ պատմական այդ իրողությունը եւ ոտնձգությունների բոլոր հավակնությունները դրանով վերացներ։ Պետք է ներկայացներ, որ եղել է միջազգային հանրություն, որը միաձայն, ընդ որում՝ թուրքական պետության համաձայնությամբ, որոշում է ընդունել, որ սա է լինելու Հայաստանը»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

Նոյեմբերի 22-ը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի օրն է։ Հայրիկյանի խոսքով՝ այդ վճիռը կարեւոր էր նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար։ Բայց այսօր հայկական դիվանագիտությունը չի օգտագործում այդ հնարավորությունը, հայկական դիվանագիտությունը ոչ թե խարխափում է, այլ գոյություն չունի։

«Շատ քիչ պետություններ ունեն համաշխարհային հանրության միջոցով ընդունված, հետո Ամերիկայի պես պետության ղեկավարի կողմից հաստատված այդպիսի իրավարար ակտ։ Եվ Վիլսոնի իրավարար վճռի օրը նշելն այսօրվա պայմաններում կրում է շատ կարեւոր քաղաքական նշանակություն»,- հայտարարեց Հայրիկյանը։

Նա հավելեց․ «Եթե անցյալ դարի 20-ական թվականներին այս իրավիճակում հայտնվել էինք ռուս-թուրական դաշինքի պատճառով, հիմա նույն բանը կրկնվեց, այսինքն՝ 100 տարի հետո նույնը մեզ հետ կրկնվեց։ Սա ինչո՞վ է կարեւոր՝ պատմությունից դասեր քաղողներն են, որ կարողանում են պատմության հետագա ընթացքին ճիշտ դիրքերից նայել»։

Պարույր Հայրիկյանը նաեւ ասաց, որ այսօր հայ ժողովրդի գիտակցության, առողջ մտածելակերպի վրա ազդելու, մարդկանց իրենց հայրենիքից հեռանալուն տրամադրելու համար այս իշխանություններն օգտագործում են նաեւ սոցիալ-տնտեսական գործոնը։ Ըստ նրա՝ սա սոցիալ-տնտեսական տեռոր է, որպեսզի թշնամիների համար ճանապարհ բացվեն, եւ Հայաստանի տերը դառնան մեր թշնամիները։

Անդրադառնալով անելիքներին՝ Հայրիկյանը շեշտեց բացարձակ ժողովրևդավարության Սահմանադրության նախագիծը՝ նշելով, որ իշխանությունը պետք է փոխել, բայց իշխանությունը պետք է վերադարձնել իրական տիրոջը՝ ժողովրդին։

Վերջին հնարավորություն․ Լիաննա Պետրոսյանը կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը

Վերջին օրերի իրադարձություններն ու հաստատված որոշումները ցույց են տալիս, որ ՀՀ Կառավարությունը հանձնառու չէ կատարել տեղահանված, փախստական դարձած մեր հայրենակիցների առջև իր պարտավորությունները։ Այդ մասին գրում է հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։
“Բնակվարձի համար տրամադրվող աջակցությունը նվազագույնն է, որ կարող է անել Հայաստանի Հանրապետությունը բռնի տեղահանվածների համար, քանի դեռ բոլորը չեն ապահովվել սեփական տանիքով”, գրել է նա։
Լիաննա Պետրոսյանը համարում է, որ սա “միասնական վճռական ձայնը բարձրացնելու և արդարության ու մեր իրավունքների համար պայքարելու վերջին հնարավորությունն է”։
“Հրավիրում եմ բոլոր միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը. նաև հենց Ձեր կառավարությունների և/կամ կառույցների թերի աշխատանքի կամ անգործության արդյունքն է, որ 150.000 մարդ ստիպված եղավ լքել իր ծննդավայրը և հայտնվել նման ծանր իրավիճակում, որ չգիտի, թե վաղը որտեղ է լինելու և ինչպես է հոգալու իր ընտանիքի կենսական կարիքները”, գրել է Լիաննա Պետրոսյանը:
Նա կոչ է արել որոշել հրապարակ դուրս գալու օրն ու ժամը։

Մինչեւ չի ստեղծվում քաղաքական իրավիճակ, դատական որոշումները չեն կատարվում

Step1.am-ի զրուցակիցն է է Հայգերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանն օրերս որոշում ընդունեց, ըստ որի՝ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են եւ չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում։ Ի՞նչ նշանակություն ունի այս որոշումը եւ կարո՞ղ է այն նախադեպ դառնալ եվրոպական մյուս երկրների համար։

-Այո, դա կարող է նախադեպ դառնալ եվրոպական այլ պետությունների համար, քանի որ կա Դուբլինի առանձին համաձայնագիր, որին եվրոպական պետությունները պարտավոր են հետեւել, իրենք այսպիսի գործերը իրար հետ փոխանակում են եւ փորձում են կոնսոլիդացնել ու հարմոնիզացնել իրենց դատական համակարգերում։

-Միջազգային իրավունքի տեսանկյունից ի՞նչ է նշանակում քաղաքացիություն չունեցող անձ։

-Դա նշանակում է, որ անձը չունի քաղաքացիություն եւ երեւիցե պետության հետ իրավաբանական հարաբերության մեջ չի մտնում։ Եթե անձը չունի քաղաքացիություն, դատարանը սկսում է քննել՝ արդյոք որտեղ է իրենց կեցությունն ապահովված։ Եթե անձի կեցությունը մեկ տարի շարունակ ապահովվում է որեւիցե երկրում, անձը կարողանում է այնտեղ աշխատանք գտնել, ապրել, ապա այդ պետությունն է շարունակում այդ անձի համար լինել հովանավոր՝ չնայած նրան, որ նա քաղաքացիություն չունեցող անձ է։ Հիմա, ըստ գերմանական իրավունքի եւ ըստ միջազգային ստանդարտների, այն անձինք, ովքեր արդեն մեկ տարի շարունակ գտնվել են Հայաստանում, իրենց համար արդեն բարդ կլինի ապացուցել իրենց փախստականի կարգավիճակն այլ երկրում։ Այսինքն՝ եթե անձը մեկ տարի շարունակ ապրել է Հայաստանում, Հայաստանը հոգ է տարել այդ անձի իրավունքների, կեցության մասին, ապա վերադարձն ապահովվելու է դեպի Հայաստան։

-Այսինքն՝ այս որոշումը չի ենթադրո՞ւմ, որ եվրոպական երկրները կարող են ապաստան տալ արցախցիներին։

-Այն անձինք, ովքեր մեկ տարի շարունակ ապրում են Հայաստանում, իրենց արդեն փախստականի կարգավիճակ չեն կարող տալ։

-Իսկ Հայաստանն ապահով երկի՞ր է համարվում արցախցիների համար, ըստ այդ վճռի։

-Այդ մասին որեւէ բան չկա վճռում, որովհետեւ անձինք, ովքեր դիմել էին դատարան, իրենք երկար ժամանակ չէին մնացել Հայաստանում։ Եվ իրենց վերադարձը պետք է լիներ Արցախ, բայց քանի որ Գերմանիան չի ճանաչում Արցախը՝ որպես պետություն, եւ գերմանական դատարանը չի կարող անձին պարտադրել վերադառնալ Արցախ, քանի որ այնտեղ իրեն հետապնդում է սպառնում, արդյունքում՝ ինքը ստացել է փախստականի կարգավիճակ։

Այս որոշումն արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետապնդող քաղաքականություն են վարում հայերի նկատմամբ։ Եվ հաշվի առնելով, որ կան դատավարություններ Արդարադատության միջազգային դատարանում հենց Ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակներում, սա օգտակար է հենց այդ դատական գործընթացի համար, որ ազգային դատական ատյաններում արդեն կան առանձին նախադեպեր, որ առանձին դեպքերով անձը փախստականի կարգավիճակ է ստանում այն պատճառով, որ իր նկատմամբ կարող է հետապնդում լինել Ադրբեջանում։

-Արդարադատության միջազգային դատարանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին կայացրեց վճիռներ, որոնցով դատարանն ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով եւ բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Ի՞նչ նշանակություն ունեն այս վճիռները, ինչպե՞ս պետք է պարտավորեցնել Ադրբեջանին՝ կատարել միջազգային դստարանի որոշումները, այդ թվում՝ Արցախ վերադարձի մասին որոշումը։

-Այդ որոշումները կատարվում են պետությունների քաղաքականությունների հիման վրա։ Դատարանը չունի հարկադրանքի որեւէ միջոց, սա ավելի շուտ փաստի արձանագրում է, որը մնալու է պատմության մեջ հավերժ։ Ես պարբերաբար բերում եմ օրինակ, որ 1915 թվականին, երբ եղավ Հայոց ցեղասպանությունը, չկար որեւիցե ինստիտուտ, մարմին, որը կարձանագրեր, թե հայերի հետ ինչ է տեղի ունեցել։ Եվ երկար ժամանակ թուրքերն ինչի՞ վրա էին կառուցում իրենց ժխտողական քաղաքականությունը, ասում էին՝ դատարան չկար։ Իսկ հիմա մենք ունենք այդ դատարանները, այդ բոլոր ինստիտուտները, որտեղ հնարավոր է արձանագրել միջազգային իրավունքի խախտումը։ Դա արդեն բավարար է։ Բայց այդ որոշումները, որոնք կայացվում են, պետություններին պարտադրում են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի ուժ գործադրեն կոնկրետ պետության վրա՝ այդ որոշումները կատարելու համար։ Ինչպես տեսնում ենք Ռուսաստանի դեպքում, այդքան պատժամիջոցներ ու մեխանիզմներ կան, որոնք գործադրվում են։ Արդյունքում՝ մենք հանգում ենք եզրակացության, որ մինչեւ չի ստեղծվում քաղաքական իրավիճակ, որտեղ հնարավոր է բանակցությունների միջոցով դա պարտադրել, ցավոք, այդ որոշումները չեն իրականանում։ Ենթադրենք, հիմա Ադրբեջանը շատ վատ հարաբերությունների մեջ է գտնվում արեւմտյան երկրների հետ, բայց Ադրբեջանն ինչ-որ բան ուզում է եվրոպական պետություններից, այդ դեպքում եվրոպական սպետություններն իր առջեւ դնելու են պայմաններ՝ եթե ուզում ես սա իրականացնել, ապա պետք է դատարանի վճիռն իրականացնես։ Եթե դա չի արվում, ապա արեւմտյան պետությունները ոչինչ չեն տալիս Ադրբեջանին։ Այսինքն՝ սա դառնում է զուտ քաղաքական առեւտուր։ Պատմության մեջ սա շատ անգամներ է կիրառվել, օրինակ, երբ Սերբիայի նկատմամբ վճիռ էր կայացվել, եւ այդ երկիրն ուզում էր դառնալ Եվրոպական միության անդամի թեկնածու, ԵՄ-ն ասաց՝ հարկավոր է, որպեսզի այս պայմաններն իրականացնես։

Բայց միաժամանակ կարեւոր է նաեւ հայկական կողմի վարած դիվանագիտությունը, այդպես չէ՞։

-Այո, այնպիսի քաղաքականություն պետք է վարվի, որպեսզի կարողանաս եվրոպական պետություններին համոզել, որ կա այդ վճիռը։ Այսինքն՝ այստեղ քաղաքական շահերի համընկնումը կամ դասավորվածությունն այնպես պետք է լինի, որ Հայաստանը կարողանա այնպիսի ազդեցություն ունենալ եվրոպական պետությունների վրա, որ նրանք պատրադրեն Ադրբեջանին ի կատար ածել դատարանի որոշումը։

-Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ հնարավոր է միջազգային դատական ատյաններից հետ վերցնեն ընդդեմ Ադրբեջանի հայցերը։ Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։

-Դա շատ վատ հետեւանք կարող է ունենալ։ Ներկա դրությամբ ես նույնիսկ հիմարություն կդիտարկեմ, եթե Արդարդատության միջազգային դատարանում այս վճիռներից հետո Հայաստանը հետ կանչի այդ գործերը։ Մենք այնտեղ ակնհայտ հաղթողի կարգավիճակում ենք։

Ռոզա Հովհաննիսյան

Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ միջուկային «փոխհրաձգություն» կլինի՞, թե՞ ճգնաժամը կլուծվի

Համաշխարհային հանրությունն ապրում է օրեր, երբ միջուկային պատերազմն այլևս չի թվում ֆանտաստիկ ֆիլմի սյուժե, իսկ դատաստանի ժամացույցը մոտենում է 12-ին: Ոչ ոք չի կարող կանխատեսել, արդյոք միջուկային «փոխհրաձգություն» կլինի՞, թե ՞ընթացիկ ճգնաժամը կլուծվի վերջին պահին, ինչպես ճգնաժամը Կարիբյան ծովում։

ԱՄՆ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հակամարտության ժամանակ, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան պատասխանատու դիրք է գրավում միջուկային պատերազմը կանխելու հարցում և խորհուրդ է տալիս մյուս երկրներին սադրիչ հայտարարություններ չանել այս հարցում։

Նոյեմբերի 21-ին Պուտինը ասել է, որ Ռուսաստանը օգտագործել է «Օրեշնիկ» ոչ միջուկային հիպերձայնային բալիստիկ հրթիռը Ուկրաինայում՝ Դնեպրում գտնվող ռազմարդյունաբերական ձեռնարկությանը հարվածելու համար: Նախագահի խոսքով, սա պատասխան էր նոյեմբերի 19-ին և 21-ին ուկրաինական բանակի կողմից Բրյանսկի և Կուրսկի շրջաններում հեռահար ATACMS և Storm Shadow հրթիռների կիրառմանը։

Նա ընդգծել է, որ այս իրադարձությունների կապակցությամբ «տարածաշրջանային հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր», և որ Ռուսաստանն այժմ իրեն իրավասու է համարում օգտագործել իր զենքը «այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս օգտագործել իրենց զենքը մեր տարածքում»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վրա արեւմտյան հրթիռներով հարձակումից հետո Կիեւում փակվել էին որոշ պետությունների դեսպանատներ։ Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ոչ միջուկային հրթիռ է կիրառվել, ԱՄՆ-ը վերաբացեց իր դեսպանատունը։ Սակայն վտանգը չի մարել՝ այսօր Գերագույն Ռադան չեղարկել է նիստը՝ հարձակման սպառնալիքի պատճառով։