
35 դոլար՝ սնունդ գնելու և առաջնային կարիքները բավարարելու համար. Հալեպի մոտ 15 հազարանոց հայ համայնքի ամեն ընտանիք հենց այսքան մեկանգամյա աջակցություն է ստացել Բերիո թեմի ազգային առաջնորդարանից՝ Կիլիկիո կաթողիկոսի աջակցությամբ։ Այդ մասին հայտնում է Ազատությունը։
Վախի ու անորոշության մեջ հայտնված հալեպահայ համայնքը նաև նյութական լուրջ օգնության կարիք ունի։ Մոտ 2 շաբաթ առանց աշխատանքի մնացած մարդիկ պարզապես սնունդ գնելու հնարավորություն չունեն, երկրում արձանագրված եռապատիկ, քառապատիկ գնաճն էլ ավելի է սրել սոցիալական վիճակը։
Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակն ընդունելով, որ իրենց օժանդակությունը շատ քիչ է, այն հազիվ մի քանի օրվա համար բավարարի, հարց է ուղղում Հայաստանի կառավարությանը՝ արդյոք կարո՞ղ են Երևանից էլ որևէ աջակցություն ակնկալել։
«Մենք կուզենք դուք հարցնեք Հայաստանի կառավարությանը, թե ինչ ձևերով կարող է օժանդակեն սիրիահայերին, մենք էլ տեղեկանանք», – ասաց Գաբրիելյանը նշելով՝ Հայաստանի կառավարությունից ֆինանսական աջակցություն առայժմ չեն ստացել։
Սիրիայում շուրջ երկու շաբաթ ծավալվող դրամատիկ իրադարձությունների ընթացքում Հայաստանի կառավարությունը որևէ կերպ աջակցե՞լ է հայ համայնքին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն «Ազատության» հետ զրույցում նշում է․ «Էնպես չի, որ կառավարությունը կարող է ինչ-որ բան անել ու չի անում, իրավիճակը շատ արագ էր զարգանում, հեղհեղուկ էր, և կառավարությունը, ինչպես բոլորը, նույնիսկ արձագանքելու հնարավորություն չի ունեցել իրատեսական»: