
Արցախցիների համար սահմանված պարտադիր պայմանը, որ ժամանակավոր պաշտպանության, այսինքն՝ փախստականի վկայական չստացած անձինք չենք կարողանում Հայաստանի Հանրապետության սահմանը հատել, Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Այդ թուղթը ստանալը նշանակում է ամիսներով հերթ կանգնել։ Փախստականների վկայականների ժամկետները տարեվերջին լրանում են, Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպեսզի դուրս գան երկրից, պետք է գնան երակարաձգեն այդ վկայանաի ժամկետը։ Դա էլ ենթադրում է հերթեր, օնլայն գրանցման դեպքում միջինը երկու ամիս տեւում է, այսինքն՝ եթե մարդը շտապ տեղ ունի գնալու, երկու ամիսից հետո է կարողանալու գնալ»,- ասաց նա։
Դավիթ Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հենց ՀՀ տարածքում են պահանջում արցախցիներից ներկայացնել փախստականի վկայականը։ ՀՀ սահմանը հատելուց հետո այլ երկրներում չեն պահանջում ներկայանցել այն։ Հարցին, թե հնարավո՞ր է արցախցիների անունից կոլեկտիվ հայց ներկայացնեն դատարան՝ սա չեղարկելու պահանջով, փաստաբանը պատասխանեց, որ արցախցիներից որեւէ մեկն այդ պահանջով չի դիմել իրեն։
«Մեր քաղաքացիների հիմնական մասն այդքան իրավագիտակցություն չունեն, որ նման հարցեր բարձրացնեն։ Կոլեկտիվ հայցի համար քաղաքացիները պետք է գնան, իրենց արգելեն դուրս գալ երկրից, իրենք գրավոր դիմեն մեզ, այդ սահմանափակումը գրավոր արձանագրվի, հետո արդեն վարչական դատավարության ընթացակարգով փորձենք այդ արգելքն ստեղծող պետական մարմին պարտավորեցնել, որպեսզի թույլատրի անձանց դուրս գալը երկրից։ Դա գործըթնաց է ենթադրում, որը հնավաոր է՝ ավելի քան մեկ տարի ձգվի»,- ասաց նա։
Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ տեղաշարժի եւ բնակության վայրի ազատ ընտրության իրավունք։ Դա բնական իրավունք է, այդ իրավունքը խախտողը սահմանափակում է առաջացնում մարդու համար։ «Ընդհանրապես արտերկրում՝ կլինի Ռուսաստանը, Վրաստանը, թե այլ պետություն, տարբերություն չկա՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը 070 կոդով է, թե՞, օրինակ, 044 կոդով։ Այսինքն՝ արտասահմանում միատեսակ մոտեցում է բոլոր ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողների հանդեպ։ Սակայն միայն ՀՀ-ում առկա է այդ տարբերությունը, որ Հայաստանի Հանրապետության կողմից օրինական եղանակով տրված 070 կոդով անձնագիր ունեցողը ՀՀ քաղաքացի չի համարվում, քանի որ կոդը 070 է։ Այստեղ որեւէ իրավական հիմք չկա, ինչ-որ հանգամանքներից ելնելով՝ ՀՀ կառավարությունն այդ դիրքորոշումն է որդեգրել։ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի երրորդ ու չորրորդ հոդվածներում հստակ նշված է, որ օրինական կարգով անձնագիր կամ նույնականացման քարտ ստացած անձը ՀՀ քաղաքացի է։ Իսկ Արցախի ցանկացած էթնիկ հայ բնակիչ օրինական կարգով ստացել է անձնագիր եւ նույնականացման քարտ, ստացել է վարորդական վկայական, որը Հայաստանի էլեկտրոնային բազայում երեւում է, ստացել է զինվորական գրքույկ եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ստանում էին ՀՀ-ում»,- հավելեց նա։
Փաստաբանը նաեւ հարցադրում է անում, թե ինչո՞ւ 2020 թվականի պատերազմից հետո բռնի տեղահանվածների դեպքում փախստական ճանաչվելու պայման առաջ չէր քաշվում։ «Եթե սա իրավական ու օրինական գործընթաց է, ապա 2020 թվականին տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին Շուշիից, Հադրութից, Քաշաթաղից, Քարվաճառից, տեղափոխվեցին ՀՀ, այդ ժամանակ պետք է ընդունվեր ՀՀ կառավարության որոշումը, այդ անձինք պետք է փախստական դիտարկվեին, որպեսզի 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարության ընդունած որոշումը լիներ դրա տրամաբանական շարունակությունը։ Բայց քանի որ 2020 թվականի որոշում չկա, ստացվում է, որ երբ ինչ ուզում են, անում են»,- ընդգծեց նա։
Ռոզա Հովհաննիսյան