Step1.am-ի զրուցակցին է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
-Պարոն Հովհաննիսյան, թշնամին շարունակու է Արցախի տարածքում ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, ամբողջովին ոչնչացվել են առանձին բնակավայրեր։ Թիրախում նաեւ Ստեփանակերտ քաղաքն է, որի հատկապես հին թաղամասներն են ոչնչացվում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս գործողությունները։
-44-օրյա պատերազմի ընթացքում, 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո եւ առավել եւս 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի բնակիչները բռնագաղթեցին, Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ Այդ գործողություններն ընդգրկում են թե հոգեւոր մշակութային ժառանգությունը, թե աշխարհիկ շինությունները։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միության շենքերի ոչնչացումը հենց այդ քաղաքականության հետեւանքն է։ Այսինքն՝ Ադրբեջանը մեր մշակութային ժառանգության ոչնչացման լայնածավալ գործողություններ է իրականացնում, որն ուղղված է հայկական ինքության դեմ, որպեսզի հայկական ինքնությունը ոչնչացվի Արցախի տարածքում։
Կոնկրետ եթե անդրադառնանք Ստեփանակերտի հին ու պատմական թաղամասերի, մասնավորապես, Թումանյան փողոցի ոչնչացմանը, որտեղ պահպանվել էին 19-րդ դարի եւ 20-րդ դարասզբի շենք-շինությունները, ապա սա մեկ նպատակ ունի։ Ստեփանակերտի հիմնական բնակչությունը միշտ էլ եղել են հայեր, թուրք-թաթարական հետք չի եղել Ստեփանակերտում։ Եվ հիմա իրենք ոչնչացնելով Ստեփանակերտի հին թաղաամասերը՝ փորձում են ոչնչացնել նաեւ հայկական ինքնությունը, որպեսզի ասեն՝ եթե ասում եք՝ սա ձեր քաղաքն է եղել, ցույց տվեք պատմական որեւէ փաստ։ Այսինքն Ստեփանակերտի հայկականությունը ոչնչացնելու սկիզբն է դրված, եւ պատահական չէ, որ հենց արմատից են սկսում։
–Ոչնչացնելով Արցախի պատմամշակութային ժառանգությունն ու արցախցիներին պատկանող գույքը՝ հնարավո՞ր է փակել արցախցիների սեփականության իրավունքի ու վերադարձի իրավունքի հարցերը։
-Եթե ճիշտ եւ նպատակասլաց աշխատանք կատարվի, կարծում եմ, ոչ։ Բայց այստեղ մենք խնդիր ունենք՝ արցախահայության վերադարձի իրավունքի մասին Հայաստանի կառավարությունը չի խոսում, խոսում են միայն հասարակական կազմակերպությունները, Արցախի ԱԺ կողմից ստեղծված հանձնախումը, ինչպես նաեւ սփյուռքյան մեր կազմակերպությունները, միջազգային որոշ փորձագետներ։ Նույնիսկ վերջին շրջանում որոշ երկրների, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ Արցախի հարցը երբեւէ չի կարող փակվել, եթե այդ հայրենիքի իրական տերերն հայրենազրկվել ու բռնագաթել են։ Խնդիրն այն է, որ գիտենք ՀՀ այսօրվա իշխանությունների դիրքորոշումը, այսինքն՝ այդ հարցում պետական քաղաքականության բացակայության պայմաններում, բնականաբար, իրավիճակը դժվարանում է։ ՀՀ իշխանություններն այսօր վարում են մի քաղաքականություն, որտեղ Արցախն ընդհանրապես տեղ չունի։
-Դուք Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերով եք զբաղվում, ի՞նչ աշխատանք եք տանում՝ փաստագրելու կամ տարբեր ատյաններում ներկայացնելու Բաքվի ռեժիմի վայրագությունները։
-Ես հիմնականում զբաղված եմ մշակութային ժառանգության խնդիրների հանրահռչակմամբ, համագործակցում ենք այն կազմակերպությունների հետ, որոնք հենց զբաղված են մշակութային ժառանգության հիմնախնդիրներով։ Դա Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամն է, https://monumentwatch.org/ կայքն է, որտեղ իրենք մշտադիտարկումներ են իրականացնում։ Տարբեր կազմակերպությունների հետ համագործակցում ենք, որպեսզի իրազեկենք իրավիճակի մասին։ Եվ, ցավոք սրտի, գրեթե այնպիսի շաբաթ չի լինում, որ մենք ցավալի լուրեր չունենանք։ Այսինքն՝ սա արդեն մասսայական ոչնչացման մեթոդ է։ Արդեն հրապարակված է, որ երկրի երեսից ամբողջովին ջնջվել են Շուշիի շրջանի Քարին տակ ու Լիսագոր բնակավայրերը, նույնը կարելի է ասել Հադրութի շրջանի Մոխրենես ու Խծաբերդ բնակավայրերի մասին։ Ավերված ու ոչնչացված են հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ, հուշարձաններ, ամբողջական հուշահամալիրներ եւ այլն։ Այսինքն՝ մեր պետականության ու ազգային խորհրդանիշների դեմ կատարվում է մշակութային ցեղասպանություն՝ մեր ինքնությունն Արցախում արմատախիլ անելու նպատակով։
Ռոզա Հովհաննիսյան
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: