Կամ Թուրքիան այլեւս ՆԱՏՕ-ի անդամ չէ, կամ Ալիևը վիճել է Էրդողանի հետ

«Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների անվան տակ ստեղծվել է ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք»,- ասել է Ալիևը РИА Новости-ին տված հարցազրույցում։ Ալիևի խոսքով, «այն սահուն վերածվեց ՆԱՏՕ-ի առաքելության, քանի որ ներգրավվեցին Կանադայի ներկայացուցիչները»:

Երբվանի՞ց է Ալիևը ՆԱՏՕ-ին համարում թշնամական կառույց։ Կամ Թուրքիան այլեւս ՆԱՏՕ-ի անդամ չէ, կամ Ալիևը վիճել է Էրդողանի հետ։ Թե՞ Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնը գործել է ի հեճուկս ՆԱՏՕ-ի։

Ամերիկյան Սենատում ներկայացվել է Արցախում  էթնիկ զտումները դատապարտող և վերադարձի իրավունքի իրացում պահանջող բանաձևի նախագիծ

Ամերիկյան սենատորներ Գարի Փեթերսը և Բիլ Քեսիդին Սենատում երկկուսակցական համապարփակ մի բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները, կոչ է անում Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանել, պահանջում  անհապաղ ազատ արձակել ապօրինի գերության մեջ պահվեղ հայերին, ինչպես նաև ԱՄՆ կառավարությանը հորդորում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և օժանդակել միջազգային պատշաճ պաշտպանվածությամբ՝ արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանը։

Մեկնաբանելով բանաձևի նախագծի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք ողջունում ենք սենատորներ Փիթերսի և Քեսիդիի կողմից Սենատում այս բանաձևի ներկայացումը, որպես Արցախի իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ Կոնգրեսի երկկուսակցական աջակցության ևս մեկ նշանԽստորեն դատապարտելով Ադրբեջանի դաժան գործողությունները և կոչ անելով միջազգային վճռական միջոցների ձեռնարկման՝ այս բանաձևը վերահաստատում է ամերիկյան հավատարմությունն Արցախի իրավունքներին՝ ստեղծելով պատասխանատվության և արդարության ամուր շրջանակ»:

Բանաձևի համահեղինակ Բիլ Քեսիդին իր հերթին նկատել է«Ադրբեջանը պատանդ է պահում Եվրոպային էներգիայի պատճառովբայց Լուիզիանայում բավականաչափ էներգիա կա Եվրոպայի կարիքները բավարարելու համարԱշխարհը չի կարող հանդուրժել բռնապետին»։

Ներկայացված բանաձևով մասնավորապես առաջարկվում է՝

1.    Արցախահայության շրջափակումն ու հետագա ռազմական գործողությունները որակել որպես էթնիկ զտում։

2.    Նպատակային պատժամիջոցներ սահմանել Արցախում հայ բնակչության դեմ հանցագործություններում ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների դեմ։

3.    Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անվտանգային երաշխիքների տրամադրում, ինչն ի զորու կլինի կանխել նրանց նկատմամբ հերթական ագրեսիան։

4.    Ամերիկյան օժանդակության տրամադրում՝ Հայաստանում արցախահայության կարիքները պատշաճ հոգալու համար։ Նույն նպատակով ամերիկյան կառավարության կողմից միջազգային ջանքերի առաջնորդում։

5.    Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկում։

6.    Հայաստանի Հանրապետության անվտանգությանն աջակցություն՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության զարգացում անվտանգության ոլորտում։

7.    Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն Հարավային Կովկասում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից անարդարացիորեն բանտարկված բոլոր հայերի ազատ արձակմանը,

8.     Ամերիկյան դիվանագիտության հավելյալ ակտիվություն՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Բանաձևի տեքստում հատուկ անդրադարձ կա հայ ռազմագերիների խնդրին՝ պահանջելով ամերիկյան միջնորդություն վերջիններիս ազատ արձակման միջազգային ջանքերում։

Բանաձևի տեքստում նաև ընդգծում է՝ միջազգային իրավական փորձագետներըայդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը նշել են՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը խախտում է ՄԱԿի ցեղասպանության կոնվենցիան։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքները՝ ինչպես այս, այնպես և համանման այլ բանաձևերի շուրջ, հնարավորինս մեծ կոնգրեսական աջակցություն ապահովելու և առաջիկայում դրանց ընդունմանը հասնելու ուղղությամբ։

Այդ մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։

Մհեր Գրիգորյան. ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի կարող լինել

Ոչ մի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Պաշտոնյան այսպես արձագանքեց այս «միջանցքի» անհրաժեշտության մասին Բաքվից և Անկարայից շարունակվող հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Մենք արդեն բազմիցս կրկնել ենք, որ կան «կարմիր գծեր»։ Իսկ դա ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում դա քննարկել կամ մեկնաբանել։ Սա չի լինի, պարզապես չի լինի»,- հավելեց նա։

Հայաստանը անխոնջ կկրկնի, որ պատրաստ է ապաշրջափակել հաղորդակցությունները չափազանց հստակ և դոգմատիկ կանոններով՝ իր տարածքով անցնող երթուղիների նկատմամբ ինքնիշխանության և իրավասության շրջանակներում։

«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումը “իրական” Հայաստանում․ գուցե չեղարկե՞ք

Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով: Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:

ՀՀ կառավարությունը վերջին տարիներին առաջ է տանում “իրական” Հայատսանի գաղափարը, որը “չեղարկում է” “պատմական” Հայաստանը՝ իր հազարամյա քաղաքակրթությամբ, մշակույթով եւ ազգային խորը արմատներով։ Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ-ը ճիշտ կանի չեղարկի «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումը։ Չի կարող Արարատ անունով պատմաբան-նախարարը մի կողմից մերժել պատմությունն ու Արարատը, մյուս կողմից՝ ընդունել «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի ներկայացուցիչներին։ Ի՞նչ է պատմելու ՀՀ ԱԳՆ-ն, որի կայքից հեռացվել է հայոց քաղաքակրթության մի մասը՝ Արցախը։   

“Սոցիալական վիճակը, որում գտնվում է արցախցին, քաղաքական եւ իրավական չլուծված հարցերի հետեւանք է”

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը՝ խորհրդարանի ստորին պալատը այսօր ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Արցախցիներն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նամակ ուղղեցին Շվեյցարիայի խորհրդարանին եւ կառավարությանը՝ կոչ անելով կազմակերպել Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հրաժարվել է խորհրդարանի առաջարկից, համարելով, որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի գործն է։ 

Արցախի «Գեն» նախաձեռնությունների կենտրոնի հիմնադիր Արմինե Ավագիմյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արցախցիները ողջունում են Շվեյցարիայի Դաշնային խորհրդի այս որոշումը եւ ակնկալիք ունեն, որ խոսքերից ու հայտարարությունից հետո գործնական քայլեր կլինեն։ «Մեր ակցիայի կազմակերպման նպատակը հենց դա էր, որ նախ շնորհակալություն հայտնենք Շվեյցարիային՝ նման դիրքորոշման եւ արցախցիների քաղաքական, մշակութային իրավունքները բարձրաձայնելու համար։ Մենք նամակ ենք փոխանցել դեսպանությանը, որում նշված է, որ հույս ունենք՝ Շվեյցարիայի կառավարությունը եւս կողմ է քվեարկելու այդ բանաձեւին, որը թույլ կտա արդեն ավելի առարկայական քայլերի ականատես լինել։ Այսօրվա ակցիայի հիմնական շեշտադրումը հենց դա էր, որ Շվեյցարիան՝ որպես աշխարհում իր մարդասիրական, համամարդկային արժեքներով առաջնորդվողի համբավ ունեցող երկիր, ներգրավված լինի մեր հիմնախնդրի վերաբերյալ բանակցությունների ձեւաչափ ստեղծելու աշխատանքներին»,- ասաց նա։

Արցախցիներն այսօր ցանկացել են նաեւ հանդիպել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի հետ, սակայն հանդիպումը հետաձգվել է, պայմանավորվել են ավելի ուշ այն կազմակերպել։ Արմինե Ավագիմյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում անձամբ հանդիպել ու զրուցել դեսպանիի հետ․ «Նամակում դետալեր կան, որոնք երես առ երես հանդիպում են պահանջում, մենք ցանկանում ենք դեմ առ դեմ քննարկում ունենալ, որովհետեւ արցախցիների վերադարձի հարցը շատ նուրբ հարց է, շատ բաղադրիչներ կան, որոնք մենք՝ որպես Արցախի քաղհասարակության ներկայացուցիչներ, ցանկանում ենք անձամբ ներկայացնել իրենց»։

Արցախի ՀԿ-ները եւ քաղհասարակությունն այս փուլում համախմբման փորձեր են անում՝ ուղերձներ հղելով նաեւ միջազգային հանրությանը։ Անդրադառնալով այս հարցին՝ Արմինե Ավագիմյանն ասաց, որ Արցախի իշխանությունների կողմից պասիվություն է նկատվում, բացը փորձում է լրացնել քաղհասարակությունը։ «Պարզ է, թե ինչ կարգավիճակում է Արցախի կառավարությունը։ Գոնե հնարավորության շրջանակներում սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանն էլ ներգրավված չեն։ Օրինակ՝ նախորդ շաբաթ ինձ մի քաղաքացի է ահազանգել սոցիալական հարցի շուրջ։ Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք ինձ հետ կապվել, ես որեւէ պաշտոն չեմ զբաղեցրել Արցախում, համապատասխան գերատեսչության ղեկավար կա, որը Հայաստանում է, իր հետ կապվեք։ Քաղաքացին պատասխանեց, որ իրենք պատասխանում են՝ մեզ այդ հարցերով մի անհանգստացրեք։ Այսինքն՝ նույնիսկ կենցաղային հարցերին չեն արձագանքում Արցախի իշխանությունները։ Արցախյան ՀԿ-ներով փորձում ենք համագործակցության եզրեր գտնել Արցախի Ազգային ժողովի հետ։ Իրականում այս աշխատանքը, որը մենք ենք իրականացնում, իրենք պետք է անեին, բայց տեսնում ենք, որ իրենք բավականաչափ ներգրավված չեն, գուցե ինչ-որ ձեւով կաշկանդված են։ Դրա համար էլ փորձում ենք ինքնակազմակերպվել, հնարավորության սահմաններում մաքսիմալ աշխատանք իրականացնել»,- նշեց նա։

Արմինե Ավագիմյանի խոսքով՝ արցախյան ՀԿ-ներն ակտիվացել են՝ նաեւ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ ՀՀ իշխանությունների օրակարգում Արցախի ու արցախցիների վերադարձի հարցերը չկան։ Անգամ բարեկամ երկրների հետ հարաբերություններում  ՀՀ իշխանությունը չի քննարկում Արցախի ու արցախցիների հարցերը։ Այսինքն, ըստ նրա, Արցախի քաղաքական ու իրավական հարցերը ՀՀ իշխանությունները նպատակադրված հասցրել են կենցաղային ու հումանիտար մակարդակի։ «Բայց մենք գիտենք, որ այս սոցիալական վիճակը, որում գտնվում է արցախցին, քաղաքական եւ իրավական չլուծված հարցերի հետեւանք է։ Հենց դրա համար էլ փորձում ենք ինքնակազմակերպվել»,- ասաց Արմինե Ավագիմյանը։

Ռոզա Հովհաննիսյան

 

Բաքուն պաշտոնական Երևանին «փոխանակում» է առաջարկում

Բաքվի իշխանությունները հայ գործընկերներին առաջարկել են համագործակցել Բաքվում գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների գործով։ Նրանց օտար չէ ցինիզմը, բայց Բաքվի անհեթեթ թվացող առաջարկը կարող է լինել այն «գործարքի» մի մասը, որի մասին վերջերս խոսել է Փաշինյանը։

Այսօր տեղեկություններ են հայտնվել Բաքվում բռնագաղթի օրերին պատանդ վերցված Արցախի նախկին ղեկավարության գործերի հետաքննության ավարտի մասին։ Բաքուն Հայաստանի իշխանություններին առաջարկում է համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ, քանի որ քննվող գործերով հավանական «հանցակիցներն ու վկաները» գտնվում են Հայաստանի տարածքում։

Բաքուն բացահայտորեն Երևանին առաջարկում է «փոխանակում»՝ արտահանձնել նրանց, ովքեր այժմ Հայաստանում են՝ Բաքվում պահվողների, այդ թվում՝ գերի ընկած զինվորականների դիմաց։ Հնարավոր է, որ այս «փոխանակումից» կախված է Փաշինյանի իշխանությունը։

Եթե ​​հաշվի առնենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 7 ներկայացուցիչների գերեվարման հանգամանքները, ապա «փոխանակումը» կարող է միանգամայն իրատեսական թվալ։ Ի դեպ, հանգամանքների մասին ակնարկել է Սամվել Շախրամանյանը, ով ասել է, որ տեղահանության օրերին իրենց վերջնագիր են ներկայացրել։ Ըստ վերջնագրի՝ կա՛մ կռված տղամարդկանց բաց չեն թողնում Ղարաբաղից, կա՛մ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդ է հանձնվում։

Բոլորը չէ, որ համաձայնեցին՝ Ռուբեն Վարդանյանը փորձեց հեռանալ Արցախից։ Իսկ մյուսները, ըստ Սամվել Շահրամանյանի, համաձայնել են, և ռուս «խաղաղապահների» միջոցով հանձնվել են։

Դժվար թե այս պատմությունը իրականությանը չհամապատասխանի, համենայն դեպս ոչ ոք դա չի հերքել։ Բայց Բաքուն երբեք չի թաքցրել, որ չի բավարարվելու Արցախի «երիտասարդ» ղեկավարությամբ՝ պահանջելով ավելին։ Եվ կասկած չկա, որ նրանք հիմա պահանջում են արտահանձնել «մեծ ձկներին»։

Նկատի ունենալով Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարներին՝ «ղարաբաղյան կլանի», «նախկինների» և ներկա «ռևանշիստներին» դեմոնիզացնելու քաղաքականությունը, հաշվի առնելով նաև ՀՀ նախկին իշխանությունների դեմ հարուցվող բազմաթիվ քրեական գործերը, պետք է ենթադրել, որ «փոխանակում» կարող է տեղի ունենալ։ Ավելին, դա կրկին տեղի կունենա Ռուսաստանի միջոցով, որը կարող է Բաքվին արտահանձնել ում ասես։ Ավելին, այսօր Հայաստանի խորհրդարանում արդեն սկսել են խոսել առաջիկա ինչ-որ «խոշոր բացահայտման» մասին, ընդ որում՝ անվտանգության ոլորտում։

Ժամանակին անգամ ամենահամարձակ թվացող հիպոթետիկ ենթադրությունները, ավաղ, իրականություն են դարձել, և դժվար թե Բաքվի դատախազության՝ Հայաստանի հետ «համագործակցության» առաջարկը պարզապես խոսքեր լիներ։

Արցախի Ազգային ժողովը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի խորհրդարանին

Խորհրդարանի Ստորին պալատի ընդունած բանաձևը, որով գործադիրին կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խաղաղության ֆորում անցկացնել, նշանակալից քայլ է Արցախի բռնի տեղահանված ժողովրդի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ ու արժանապատիվ վերադարձն ապահովելու ուղղությամբ։
Մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հավատարմությունը միջազգային իրավունքին ու արդարությանը և հույս հայտնում, որ այս գործընթացն ունենալու է իր տրամաբանական շարունակությունը: Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, պաշտպանելով Արդարադատության միջազգային դատարանի վճռի իրագործումը, ցույց է տվել, որ հստակ գիտակցում է այս հարցի հրատապությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրության մնացած անդամներին միանալ Շվեյցարիայի՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը հասցեագրելու համար միջազգային հարթակ ստեղծելու ջանքերին։
Մենք հավատում ենք, որ համադրված միջազգային ջանքերի շնորհիվ կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության տարածաշրջանում:

“Նաեւ կոնտակտ ունեցանք այսպես չակերտներով մեր դարավոր թշնամու ներկայացուցիչների հետ”

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվոի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Մեւլյութ Չավուշօղուն ՔՊ-ական պատգամավորների հետ խոսել է խաղաղության մասին։

«Մենք ՆԱՏՕ ԽՎ-ում էինք, մասնակցում էինք որպես ասոցացված անդամ, եւ այնտեղ ՆԱՏՕ անդամ եւ ոչ անդամ պետությունների պատվիրակությունները կային։ Ես ասեմ, որ նաեւ կոնտակտ ունեցանք այսպես չակերտներով մեր դարավոր թշնամու ներկայացուցիչների հետ։ Չավուշօղլուն մոտեցել է ինձ, Արուսյակ Ջուլհակյանին եւ Վահագն Ալեքսանյանին եւ զրույց է ունեցել, մենք չենք նախաձեռնել։ Խոսում էր հենց խաղաղության մասին, դրա հնարավորությունների մասին, վա՞տ է, ես կարծում եմ՝ դա շատ լավ է»,- ասաց Քոչարյանը։

Լրագրողները հարցին՝ ի՞նչ էր առաջարկում Չավուշօղուն իրենց, որպեսզի իրապես խաղաղություն լինի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Առաջարկում ենք, որպեսզի դուք քարոզեք խաղաղություն, բայց դուք չեք քարոզում»։

Բաքուն ՀՀ իշխանություններին համագործակցություն է առաջարկում Արցախի իշխանությունների դատավարությունում

«Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարների դեմ հարուցված մեղադրական եզրակացություններն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան», – հաղորդում է APA գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրականները հաստատել է նախօրեին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին մեղադրում են մի շարք ծանրագույն, այդ թվում՝ ցեղասպանության, ահաբեկչության և խաղաղ բնակչության բռնի տեղահանում կազմակերպելու հոդվածներով։

Պաշտոնական Բաքուն նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ համագործակցել Ադրբեջանի դատախազության հետ։

«Առաջնորդվելով լուրջ հիմքերով, որոնց համաձայն քննության ընթացքում արծարծված դրվագներում որպես կասկածյալ կամ վկա անցնող անձանցից շատերն այժմ Հայաստանի Հանրապետության տարածքում են, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայաստանյան համապատասխան կառույցներին հրավիրում է համագործակցության», – նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Արցախում տրված տան վկայագիրը ընդամենը մի սովորական թուղթ է, ասում են, գոյություն չունի

Մարինե Սարգսյանն Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է։ Ամուսինը՝ Վարուժան Առստամյանը, զոհվել է 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ պաշտպանում էր հայրենի գյուղը։ Սղնախի անկումից հետո Առստամյանների ընտանիքը տեղահանվել ու բնակություն է հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Այժմ բնակվում են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղում։ Որպես զոհվածի կին՝ Մարինեն, 2022-ի հոկտեմբերին Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից ստացել է վկայագիր, որով երաշխավորվում էր Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել, սակայն 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո այդ ծրագիրը դադարել է գործել, և զոհվածի կինը մնացել է ձեռնունայն։ Չգիտի՝ ինչ անել։

-Մեր գյուղը կորցնելուց հետո բնակություն էինք հաստատել Ստեփանակերտ քաղաքում։ Գյուղից դուրս ենք եկել դատարկաձեռն՝ այնտեղ թողնելով մեր կյանքի ողջ վաստակը։ Սակայն նյութական ոչ մի բան չի կարող համեմատվել մարդկային կորստի հետ։ Մենք կորցրինք Վարուժանին և երբեք չենք կարող հարմարվել այդ կորստի հետ։

2022-ին, երբ ինձ բնակարան գնելու վկայական տրվեց, սփոփվեցի մի քիչ։ Ամուսինս ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում, և Հայաստանում տուն ձեռք բերելու հնարավորությունը մեզ մի փոքր ուրախացրեց․ մոտ կլինեինք Վարուժանին։ Ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան։ Տղաս՝ Սասունը, հարմար բնակարան գտավ Էջմիածին քաղաքում, որը պետք է գնեինք այդ վկայագրով։ Տեղափոխվեցինք այդ տունը։ Որդիս, որ այդ ընթացքում ամուսնացել էր, կնոջ հետ մեկնեց Արցախ, սակայն սկսվեց Արցախի շրջափակումը, և նրանք մնացին Արցախում։ Ամիսներ հետո կարողացան վերադառնալ։

Տուն ձեռք բերելու գործընթացը կիսատ էր մնացել, իսկ 2023-ի Արցախի բռնատեղահանումից հետո վկայագիրը կորցրել է ուժը։ Դիմել ենք տարբեր տեղեր, սակայն հարցը չի լուծվել։ Մեզ պատասխանել են՝ քանի որ Արցախը դադարել է գոյություն ունենալ, ըստ այդմ Արցախի կառավարության կողմից կյանքի կոչված բոլոր փաստաթղթերը կորցրել են իրենց ուժը, – ասում է տիկին Մարինեն ու ավելացնում, որ Հայաստանում բնակարան ձեռք բերելու համար Արցախում տրված վկայականն ընդամենը մի սովորական թուղթ է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում։

Առստամյանների ընտանիքն Էջմիածին քաղաքից ստիպված տեղափոխվել է գյուղական համայնք, որ գոնե կարողանան հողագործությամբ զբաղվել։ Սասունն աշխատանքի համար դիմել է տարբեր տեղեր, սակայն՝ անարդյունք։ Ամուսնու հայրը ևս իրենց հետ է ապրում թոշակառու է։ Առստամյանների ընտանիքը չի կողմնորոշվում հետագա քայլերի մեջ։ Նրանք մտածում են՝ գուցե մի բան փոխվի և կարողանան օգտվել 2022-ին տրամադրված վկայականից։ Զոհվածի ընտանիքը երկմտանքի մեջ է՝ կանգնած խնդիրների առաջ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են տեղումներ և բուք, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 18-ի գիշերը հատկապես լեռնային շրջաններում կսկսվեն տեղումներ և ձյուն։ Արևմտյան քամի 2–5 մ/վ արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր են մինչև 17–20 մ/վրկ պոռթկումներ, ինչը համապատասխանում է Բոֆորի սանդղակի ամպրոպային քամիներին։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։ Կանխատեսում ըստ տարածաշրջանի.

Շիրակ՝ +1°C,

Կոտայք՝ +3°C,

Գեղարքունիք՝ –4°C,

Լոռի և Տավուշ՝ +7…+8°C,

Արագածոտն, Արարատ, Արմավիր՝ +4°C,

Վայոց ձոր՝ +5°C,

Սյունիք՝ +7°C։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր առավելագույն ջերմաստիճանը կկազմի +5°C։

Դեռ պարզ չէ, թե երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի մասին զեկույցը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացահայտում, թե երբ է պատրաստվում հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց Անդրանիկ Քոչարյանին՝ ինչո՞ւ չի հրապարակում 44-օրա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը։

«Մի անհանգստացեք, անպայման 8-րդ նստաշրջանում այդ բովանդակային զեկույցը բոլորը լսելու են։ Այո, այո, դուք անպայման լսելու եք, ո՞նց կարող է այդ հսկայական աշխատանքը մնա ստվերում։ Դա շատ բան է տալու հատկապես ձեզ, պարոն Մանուկյան։ Սպասեք լիագումար այն նիստին, որի ընթացքում ես ելույթով հանդես կգամ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը