Առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի

Հետագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի։ Դրա մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա պարզաբանել է, որ երբ բարեփոխումներն ամբողջությամբ մեկնարկեն, և ադապտացիայի փուլն անցնի, ավտոբուսներում պարբերաբար ստուգումներ կիրականացվեն։

Ըստ երևույթին, Երևանի տրանսպորտի անհեթեթ «բարեփոխումը» հանգեցրել է նրան, որ մարդիկ պարզապես չեն վճարում, և ոչ ոք նրանց պատասխանատվության չի ենթարկում դրա համար։ Ավելի շատ գումար ստանալու մոլուցքը, չմտածված մեխանիզմները հանգեցնում են նրան, որ մարդիկ պարզապես չեն վճարում:

“Կյանքը զրոյից ստեղծող ընտանիքներին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն»

Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

-Ֆինանսների նախարարն ասաց, որ արցացխիները ակտիվ չեն օգտվում ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ կառավարությունը սոցիալական աջակցության բավականին լավ փաթեթ է տալիս արցախցիներին։ Մարտից հետո, երբ աջակցությունը դադարի, ըստ նախարարի, այն ժամանակ մարդիկ ավելի ակտիվ կդիմեն՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, իրո՞ք, ամսական 50 հազար դրամ աջակցության պատճառո՞վ արցախցիները չեն ցանկանում բնակապահովման ծրագրի շահառու դառնալ։

-Բազմիցս անդրադարձ եմ կատարել ՀՀ կառավարության առաջարկած բնակապահովման ծրագրի անհամապատասխանելիությանը Արցախից տեղահանվածների իրական կարիքներին։ ՀՀ Ֆինանսների եւ ԱՍՀՆ նախարարները ու նախարարությունների ներկայացուցիչները չպիտի փորձեն ծրագրի անհաջողությունը փոխկապակցել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությանը։ Նախ՝ այդ աջակցությունը շահառուների կողմից երբեւէ չի գնահատվել իբրեւ «լավ փաթեթ», հակառակը՝ դա միակ աջակցությունն է, որ գրեթե մեկ տարի տրամադրվում է տեղահանվածներին, այն էլ՝ բազմաթիվ տեխնիկական խոչընդոտներով, բացերով ու անբացատրելի պայմաններով։ Ամեն ինչ կորցրած, կյանքը զրոյից ստեղծող ընտանիքների մեկ անձին տրամադրվող 50 հազար դրամը չի կարելի «փաթեթավորել որպես լավություն» այն պարագայում, երբ նույն այդ կառավարությունն ունի մի շարք պարտավորություններ փախստականների նկատմամբ, այդ թվում՝ միջազգային իրավունքի շրջանակում։

-Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, կառավարությունն իր ձախողումը փորձում է բարդել արցախցիների վրա՞։ Խնդիրն այսպես խեղաթյուրելը ի՞նչ նպատակ ունի։

-Բնակապահովման ծրագրից չօգտվելու բազմաթիվ պատճառներ կան, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, եւ նախատեսվում է տվյալ ծրագրի վերանայում։ Գործադիրի ֆինանսական բլոկի ներկայացուցիչը, հավանաբար, իր անձնական կարծիքն է արտահայտել։

Ռոզա Հովհաննիսյան

“Ճարտար, եկ փունջդ տար” ծաղկի սրահը մեկ տարեկան է

Արցախի բռնատեղահանումից հետո Երևան քաղաքում բացվածՃարտար, եկ փունջդ տար
ծաղկի սրահն այսօր մեկ տարեկան է։ 2023-ին տեղահանվելուց հետո Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Խաչիկ Ավագյանը որոշել է զբաղվել սիրած գործով ու Երևանում ծաղկի սրահ բացել։ Ինչպես ինքն է ասում՝ սերը գեղեցիկի ու ծաղկի հանդեպ իր մեջ սերմանվել է դեռևս փոքր տարիքից։ Այդ է պատճառը, որ հետագայում որոշել է զբաղվել ծաղկի գործով։

Ավագյանները 2019-ին Ճարտարում ծաղկի մասնագիտացված սրահ են բացել ու սկսել ընտանեկան բիզնեսը։ Հետո Խաչիկն ընկերոջ հետ ջերմոցներ է կառուցել, որպեսզի վաճառեն իրենց աճեցրած ծաղիկները։ Անգամ շրջափակման օրերին էին ծաղիկներ մատակարարում և ուրախություն պարգևում հաճախորդներին։ Ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով 2023-ի պատերազմը գլխիվայր շուռ տվեց ամեն ինչ:

Սակայն արցախցի ընտանիքը կարողացավ ուժ հավաքել ու վերստին ստեղծել։ Սրահի բացման առաջին տարեդարձը նշում են ջերմ ու գեղեցիկ մթնոլորտում, իսկ ճաշակով զարդարված սրահն ու բուրումնավետ ծաղկեփնջերն ավելի տոնական են դարձնում օրը։

Քույրը՝ Լենան, որ նույնպես մասնակից է այդ բոլոր աշխատանքներին, ասում է

-Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել ենք Արարատի մարզի Արբաթ գյուղում։ Ճարտարում թողել ենք մեր կյանքի ողջ վաստակը ու ամեն ինչ սկսել զրոյից։ Իհարկե, դժվար ենք հարմարվում, սակայն մենք սովոր ենք աշխատել ու կրկին ստեղծել։ Մեկ տարի է, ինչ Երևանում զբաղվում ենք ծաղկի բիզնեսով։ Անշուշտ, սկզբից հեշտ չէր, սակայն հետզհետե ամեն ինչ հունի մեջ ընկավ։ Նոր միջավայրում ձեռք բերեցինք բավականաչափ հաճախորդներ։

Մեզ համար ամենակարևորն այն է, որ կարողանում ենք մեր ծառայությունները գեղեցիկ ու կատարելագործված մատուցել և արդեն ունենք հավատարիմ հաճախորդներ, ովքեր Երևանի տարբեր տեղերից գալիս են, որ մեր ծաղիկներից օգտվեն։ Դա ուրախացնում, պարտավորեցնում և, իհարկե, ուժ է տալիս մեզ։ Մեր սրահն իր համ ու հոտով, յուրահատուկ բարբառով և ընդունելությամբ մի փոքրիկ Ճարտար է հիշեցնում, և այդ է պատճառը, որ արցախցի հաճախորդներ շատ ունենք։ Այստեղ արցախցիները վայելում են փոխադարձ ջերմություն ու սեր, որն այսօր շատ է հարկավոր բոլորիս։ Այնուհանդերձ, մենք երազում ենք տունդարձի մասին և չենք կորցնում հույսը, որ այդ երանելի օրը մի օր կգա։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Բեգլարյան․ ՀՀ-ն պետք է քննարկի Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը

Օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել համագորկացել  իրենց հետ՝ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու քրեական գործերի շրջանակներում։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի այս առաջարկին, ասաց․ «Սա հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա եւ լրացուցիչ քաղաքական լծակ ՀՀ եւ հայ ժողովրդի դեմ։ Այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի դիրքում, պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի եւ, այսպես ասած, միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանը ապակառուցողական է»։

Մյուս կողմից, ըստ Բեգլարյանի, իրենք այս առաջարկով փորձում են ձեւացնել, թե պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել։ Բայց սա մյուս կողմից հնարավորություն է Հայաստանի համար, որ այս բոլոր հարցերը վերհանվեն, եւ Բաքվում գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով ՀՀ-ն ավելի ակտիվ գործողություններ կատարի ու սա դարձնի նաեւ բանակցությունների թեմա։

«Սա նաեւ հնարավորություն է՝  քննարկել համակարտության ընթացքում՝ 1980-ականների վերջերից ի վեր այն բոլոր փոխադարձ մեղադրանքները, որոնք մենք ունենք, այդ թվում՝ ՀՀ կողմից Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն պետք է քննարկի նաեւ Միջազգային քրեական դատարանի հետաքննության հարցերը եւ այս հարցում Ադրբեջանից ակնկալվող համագործայկցությունը։ Եթե ՀՀ-ն նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, եւ ադրբեջանական կողմն է ստիված լինելու մերժել, որովհետեւ իրենք պատրաստ չեն որեւէ հարցում համագործակցել»,- հավելեց Բեգլարյանը։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ Հայաստանի իշխանությունները հնարավորություն ունեն ավելի հիմնավորված ու փաստերով ցույց տալ եւ Բաքվի բանտերում գտնվողների մեղքի բացակայությունը, եւ ադրբեջանցի զինվորականների կատարած հանցագործությունն ու դրանց հետաքննության անհրաժեշտությունը։

Երեք որոշում մոտակա օրերին․ պառակտված Հայաստանը հեշտ է գրավել

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ վերջին օրերի իրադարձությունները կարեւոր գործընթացների նախերանգ էին։ Մասնավորապես, այսօրվա թերթերը գրում են սպասվող երկու իրադարձությունների մասին։

«Ասում են՝ ՌԴ-ում հասկացել են, որ Փաշինյան-Ալիեւ տետ ա տետ պայմանավորվածությունների ֆորմատով են գործում, եւ չի բացառվում, որ մոտ ապագայում «ոչ խաղաղ» ճանապարհով Փաշինյանն Ալիեւին հանձնի «Զանգեզուրի միջանցքը», իսկ հետո դա գցի ՀԱՊԿ-ի գրպանը, թե` ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակում եղավ, ՀԱՊԿ-ը մատը մատին չխփեց։ Ուստի հորդորում են` դուրս եկեք, որ մենք որեւէ պարտավորություն ձեր հանդեպ չունենանք», գրում է Հրապարակը:

Գրոմ են նաեւ 300 հազար «ադրբեջանցու» մոտակա մուտքի մասին Հայաստան․ նույնիսկ քննարկում են, թե որ անցակետով են նրանք անցնելու։ «Վերադառնալու» իրավունքը ոչ ոք չի վիճարկում։

Այս երկու կարեւոր թեմաները, ինչպես նաեւ Մինսկի խմբի արձակման Երեւանի եւ Բաքվի հնարավոր դիմումը, Փաշինյանի միանձնյա որոշումները պետք է լինեն։ Եթե «1994-ից հետո» բանակցությունների պատասխանատվությունը Փաշինյանը կարող է գցել «նախկին նախագահների», Մինսկի խմբի, Արցախի ղեկավարության եւ ժողովրդի վրա, ապա ընդունվելիք որոշումների պատասխանատուն միայն Փաշինյանը կարող է լինել։ Նա պատրաստ է այդ որոշումներին եւ ամեն ինչ արեց, որ երկրում թույլ չտա կոնսոլիդացիա եւ դիմադրություն։

Փաշինյանն ի սկզբանե երեք նախագահներին առաջարկեց բանավեճ, ամեն ինչ տանելով կոնֆրոնտացիայի, այլ ոչ թե կոնսոլիդացիայի դաշտ։ Նա կարող էր դիմել նախագահներին, դժվար որոշումների պահին խորհրդակցել նրանց հետ, սակայն՝ «բանավեճ» առաջարկելով եւ վիժեցնելով, նա հասարակության մեջ հերթական պառակտումը ստեղծեց։ Այդ նոր անդունդը թույլ չի տալիս կոնսոլիդացիա գոյաբանական խնդիրների շուրջ։

Պառակտված Հայաստանը կարող են նույն 384 զինյալով վերցնել․ Պուտինն ասել է, որ Սիրիան հենց այդքան գրոհային է գրավել։

Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից՝ անօդաչուների հարձակումը հետ մղելիս

Այն բանից հետո, երբ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռն ընկել է գետնին Ակտաու օդանավակայանի մոտ, համացանցում հայտնվեցին մի քանի տեսանյութեր, որոնցում օդանավի վրա երևում էին բազմաթիվ փոքր անցքեր։

Նման անցքեր կարող են առաջանալ հրթիռի մարտագլխիկի հարվածների արդյունքում։

Ակտաուի ավիավթարից փրկված Սուբխոնկուլ Ռախիմովն ասում է, որ օդաչուները երեք անգամ փորձել են ինքնաթիռը վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն «երրորդ անգամ ինչ-որ բան պայթել է»։ «Պայթյուն է եղել, չէի ասի ինքնաթիռի ներսում»,- ասում է նա։

Արտաքին ազդեցությամբ վարկածը հաստատվում է նաև այն փաստով, որ մոտավորապես նույն պահին, երբ արտակարգ դեպք է տեղի ունեցել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթի հետ, ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ էր մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը, գրում է ВВС-ն։

Ինչպես նշում է Reuters-ը, իշխանությունները դեռ չեն բացատրել, թե ինչու է Կասպից ծովի վրայով թռչող ինքնաթիռը կործանվել Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի հարվածներից անմիջապես հետո։

Տարածաշրջանում անօդաչու թռչող սարքերի գործունեությունը նախկինում դարձել է օդանավակայանների փակման պատճառ, իսկ ինքնաթիռի թռիչքի ուղու մոտակա ռուսական օդանավակայանը փակվել է չորեքշաբթի առավոտյան:

Էրդողանը խոստացել է «թաղել» քրդական ուժերին Սիրիայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում քուրդ զինյալները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ «կթաղվեն», հայտնում է Reuters-ը։

«Անջատողական մարդասպանները կա՛մ հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ կթաղվեն սիրիական հողում իրենց զենքերի հետ միասին»,- ասել է Էրդողանը խորհրդարանում իր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին:

«Մենք կոչնչացնենք ահաբեկչական կազմակերպությանը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև»,- հավելել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. ՌԴ ԱԳՆ

Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումներ կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները», – ասաց նա։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ամերիկացիներն ու ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են շփումը ռուս գործընկերների հետ 2022 թվականի փետրվարին։ Դրան հաջորդեց Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելը Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
«2023 թվականի սեպտեմբերին գետնի վրա իրավիճակի հիմնարար փոփոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը ղարաբաղյան կարգավորման հարցում կորցրեց իր արդիականությունը»,- ասաց նա։

Սանկտ Պետերբուրգում Փաշինյանի հետ ինչ-որ բան պետք է կատարվեր. օկուպացիան սարսափելի մեղադրանք է

Այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ գագաթնաժողովը, որին Նիկոլ Փաշինյանը չներկայացավ, քանի որ անսպասելիորեն հայտարարեց Covid-ի դրական թեստի մասին։ Չսպասելով գագաթնաժողովի մեկնարկին, Իլհամ Ալիևը նույնպես հեռացավ Սանկտ Պետերբուրգից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման մասին։

Դեկտեմբերի 13-ին Փաշինյանը Մոսկվայում էր, սակայն Պուտինի հետ առանձին հանդիպում չի եղել. Պեսկովն ակնարկել էր, որ հնարավոր է հանդիպում Սանկտ Պետերբուրգում։ Վերլուծաբանները չէին բացառում, որ Սանկտ Պետերբուրգում պատրաստվում է Պուտինի հովանու ներքո Փաշինյան-Ալիև հանդիպում և գործարքի կնքում։

Գագաթնաժողովից մի քանի օր առաջ Փաշինյանը ներքաղաքական տարածություն մտցրեց այն թեզը, որ «1994 թվականից բանակցություններ են վարվում միայն Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու հարցի շուրջ» և այդ հարցի շուրջ քննարկման հրավիրեց ՀՀ երեք նախկին նախագահների։

«Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարությունը ենթադրում է, որ Ղարաբաղը 30 տարի «օկուպացված է» եղել Հայաստանի կողմից, իսկ նախկին նախագահները ռազմական հանցագործներ են, որոնց պետք է արտահանձնել։

Սակայն Փաշինյանը իր «տնային աշխատանքը» չի արել՝ նախկին նախագահներին ուղղակիորեն չի մեղադրել Արցախի «օկուպացիայի» մեջ։

Միբան սխալ գնաց։

Բայց ինչ-որ մեկը պետք է պատասխան տա «օկուպացիայի» համար, եւ Սանկտ Պետերբուրգում կարող էին «մեղադրանքներ» ներկայացնել հենց Փաշինյանին։ Ով գիտի, թե հետո ինչ ինքնաթիռում նա կարող էր հայտնվել։

Մոնթե Ավո նախաձեռնություն. «Արցախցին կարդում է» գրքարշավը շարունակվում է

«Ժամանակակից իրողությունների համատեքստում չափազանց կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանը, որպեսզի մատաղ սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ հասկանա իր հայրենիքի պահպանման համար մղվող պայքարի կարևորությունը»։

Աշոտ Ջիվանյան

«Մոնթե Ավո» բարեգործական ընկերությունը հիմնադրվել է 2006թ. ծնունդով Ճարտար գյուղից, Ռուսաստանում բնակվող Աշոտ Ջիվանյանի կողմից։

«Մոնթե Ավո ընկերությունը իր հիմնադրման օրվանից իսկական հենարան է դարձել Արցախի մի շարք դպրոցների և դպրոցականների համար՝ իրականացնելով բազմաթիվ բարեգործական ծրագրեր, նպաստելով կրթական, հոգևոր և մշակութային զարգացմանը։ Այդպես, «Մոնթե Ավոն» պարտավորվեց հովանավորել Ճարտար գյուղի դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները, ինչպես նաև Կոմիտաս Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցը և մանկապարտեզը Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղում։

Նպաստել ենք կրթություն ստանալու պայմանների բարելավմանը, դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելով։ Հաշվի առնելով Ճարտար գյուղի աշխարհագրական անբարենպաստ դիրքը և գյուղական ճանապարհների ու տրանսպորտի հետ կապված խնդիրները՝ ընկերությունը վերակառուցել է Պերճ Գասպարյանի անվան դպրոցը՝ դրանով իսկ հեշտացնելով Երե շենի աշակերտների և ուսուցիչների կյանքը։

Ընկերության բարեգործական միջոցներով 2019 թվականին Քերթ գյուղում հիմնանորոգվել է Կոմիտաս Հակոբյանի անվան դպրոցը և կառուցվել ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզ։ Բարեգործական ծրագրերի շրջանակում դպրոցները համալրվել են նաև անհրաժեշտ գործիքներով և ուսումնական միջոցներով՝ հեռուստացույց, համակարգիչ, ինտերնետ, ուսումնական նյութեր և այլն։

Մոնթե Ավոն նաև խրախուսում է աշակերտներին բարելավել կրթական հաջողությունները՝ հատուկ մրցանակներ շնորհելով բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին և ուսուցիչներին:

Նույնիսկ Արցախի համար ամենածանր օրերին նախաձեռնությունը միշտ եղել և մնում է հայրենակիցների կողքին՝ կատարելով իր առաքելությունը։

Արցախից բռնի տեղահանությունից հետո, երբ մեր բոլոր աշակերտները ստիպված լքեցին հայրենիքը՝ հաստատվելով Հայաստանի տարբեր բնակավայրերում և դրանից դուրս, «Մոնթե Ավոն» մշակեց փախստական ​​երեխաների բարոյահոգեբանական վիճակի բարելավման նոր մեխանիզմ։ Կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ՝ Մոնթեի ծննդյան օրը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներ, պատմական էքսկուրսիաներ, 7-օրյա ճամբար Ծաղկաձորում՝ 112 աշակերտի մասնակցությամբ, 7-օրյա ճամփորդություն օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և ուսուցիչների համար, անգլերենի ուսուցչի՝ Կարեն Մանասյանի «Դրախտից դեպի արևմուտք» գրքի հրապարակում և շնորհանդես Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։

Գործում է նաև «Արցախցին կարդում է» գրքարշավը, որին մասնակցում են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից։ Մրցույթը տեւական է եւ լայն տարածում է գտել գրքասեր արցախցի երեխաների շրջանում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մրցույթն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար նախաձեռնությունը սահմանել է մրցանակային հիմնադրամ, հատուկ նվերներ և «Գրան Պրի»՝ Իտալիա մեկնելու հնարավորություն։

Լավագույն մրցակիցը կստանա ամսական $100 կրթաթոշակ մեկ տարվա ընթացքում: Այսպիսով, դառը պայքարում Գրան պրիին արժանացան երեք լավագույն ուսանողները՝ Ալենա Մուսայելյանը, Նարինե Այդինյանը և Լիյա Գասյանը։ Գրքարշավի բոլոր մասնակիցներին հնարավորություն տրվեց մասնակցելու էքսկուրսիային դեպի Հայաստանի մշակութային և պատմական վայրեր, իսկ հաղթողներին տրվեց Ծաղկաձորում տասնօրյա ճամբարի մասնակցելու իրավունք։

Մրցույթի հաղթողները մասնակցել են նաև մշակութային միջոցառումների, ինչպիսին է «Բուկինիստական ​​պսակը»։ Տարրական դասարանների աշակերտների համար տրամադրվել են ամանորյա հետաքրքիր նվերներ։

Գրքի 80-օրյա արշավն ավարտվեց մեծ հաջողությամբ՝ հիմք հանդիսանալով ընթացիկ ուսումնական տարում նոր մրցույթի համար։

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ոչ միայն սերմանելու գրքի հանդեպ սերը, այլև ևս մեկ անգամ ընդգծելու Արցախի ինքնության և արժեքների կարևորությունը։ Արցախցի բոլոր աշակերտներին ոգևորելու համար այս անգամ նախաձեռնությունը եւս ստեղծել է մրցանակային հիմնադրամ և «Գրան պրի»՝ ճամփորդություն Փարիզ և այցելություն Փարիզի հիասքանչ Դիսնեյլենդ»,- ասաց «Մոնտե Ավո» բարեգործական ընկերության ներկայացուցիչ Անուշ Քամալյանը։

Արսեն Աղաջանյան

Հանձնաժողովը սկսել է աշխատանքը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է հրավիրել։ Չնայած ՔՊ-ականները մերժել են հանձնաժողով ստեղծելու առաջարկը, սակայն ԱԺ կանոնակարգով՝ իրավունքի ուժով, այն համարվում է ստեղծված, պարզապես կազմը չի ձեւավորվել։ ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել այդ հանձնաժողովը եւ սեփական թիմով նիստեր գումարել` պատկան գերատեսչություններից պատասխանատուներ հրավիրել, փորձել լուծում տալ արցախցիների խնդիրներին։

Անդրանիկ նիստում որոշել են ենթահանձնախմբեր կամ ենթախմբեր ձեւավորել, պատասխանատուներ նշանակել՝ նաեւ քաղաքացիության, բնակարանային հարցերի գծով, քաղաքական, որը կզբաղվի Արցախի հարցը որպես բանակցային առարկա առաջ մղելու քարոզչությամբ։ Նիստին մասնակցել են նաեւ Արցախի խորհրդարանի պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, «Ազատ հայրենիքից» Աշոտ Դանիելյանը եւ Արցախի սոցապնախարարը»:

Ֆինանսների նախարար․ փողը կտրեք, թող արցախցիները փողոցում մնան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ արցախցիների բնակապահովման ծրագրին։

Հայտնի է, որ այս ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող արցախցիների թիվը մեծ չէ։ Ֆինանսների նախարարը դա բացատրում է նրանով, որ ՀՀ կառավարությունը արցախցիներին ՀՀ պետական բյուջեից սոցիալական աջակցության «բավական լավ փաթեթ» է հատկացնում, այդ պատճառով արցախցիները չեն ցանկանում օգտվել բնակապահովման ծրագրից։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար միջոցները նախատեսված են բյուջեում, այսինքն՝ հուսով ենք որ պահուստային ֆոնդից հավելյալ գումար տալու կարիք չի լինելու։ Ծրագիրը հիմա էլ մեկնարկած է, ուղղակի կարծում եմ՝ քանի որ մենք բավականին լավ փաթեթ ենք տրամադրում մարդկանց՝ ամենամսյա իրենց կարիքները հոգալու համար, մոտիվացիան մեծ չէ՝ այդ ծրագրից օգտվելու համար։ Եվ կարծում եմ, որ երբ այս աջակցությունն ավարտվի, որը նախանշված է մինչեւ մարտ ամիսը, այդ ժամանակ արդեն քաղաքացիներն ավելի ակտիվ կդիմեն այդ բնակարանները ձեռք բերելու համար»,- ասաց նախարարը։

Նախարարի ընտանիքին մաղթում ենք, որ արցախցիների պես “բավարարվեն” ամիսը 50 հազար դրամով, տուն չունենան եւ տան կարիք չզգան։ Ամոթը Հայաստանում վաղուց գոյություն չունի։