ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. ՌԴ ԱԳՆ

Մինսկի կոնֆերանսի բոլոր կառույցները՝ Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման խումբը, ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը ենթակա են լուծարման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Համապատասխան որոշումներ կայացնելու օպտիմալ միջոցը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ հաստատությունները», – ասաց նա։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ամերիկացիներն ու ֆրանսիացի համանախագահները դադարեցրել են շփումը ռուս գործընկերների հետ 2022 թվականի փետրվարին։ Դրան հաջորդեց Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելը Հայաստան-Ադրբեջան-ԵՄ-Ֆրանսիա գագաթնաժողովից հետո, որը տեղի ունեցավ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
«2023 թվականի սեպտեմբերին գետնի վրա իրավիճակի հիմնարար փոփոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը ղարաբաղյան կարգավորման հարցում կորցրեց իր արդիականությունը»,- ասաց նա։