Երևանն ու Անկարան համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները․ Միրզոյան

Հայաստանի կառավարությունը հաստատակամ է շարունակելու իր ջանքերը՝ խաղաղության, անվտանգության, կայունության և համագործակցության ցանկալի նպատակներին հասնելու ուղղությամբ, ՍԾՏՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանն իր ելույթում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար, ՍԾՏՀԿ գործող նախագահ Արարատ Միրզոյանը:

Ընդգծելով, որ «տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է»՝ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը։

Որպես հիմք արտգործնախարարն ընդգծել է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման, ինչպես նաև իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքների կիրառման կարևորությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։

Ըստ Միրզոյանի՝ Երևանը միևնույն ժամանակ երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ է առաջարկել Բաքվին։

«Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար», – եզրափակել է Միրզոյանը։

Գյումրիից Կարս տանող երկաթուղով վերջին անգամ 1993 թվականին է գնացք անցել, երկու երկրների պետական սահմանը հենց այդ տարի փակվեց։

«Լորիկ» հիմնադրամը 10 ընտանիքի ապահովել է բնակարանով

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը ստեղծվեց 2020թ․ պատերազմից անմիջապես հետո։

«Լորիկ»-ը հետպատերազմական Արցախ եկած ու հաստատված Շանթ Չարշաֆճեանի նախաձեռնությունն է, որը դեռ 4 տարի առաջ օգնում էր ե՛ւ նահատակվածների հարազատներին, ե՛ւ այն մարդկանց, ովքեր օգնության անհրաժեշտություն ունեին 44 օրյա պատերազմից հետո։

Շանթը եւ Մարինեն դարձան Մարտունու լիիրավ քաղաքացիներ, տուն վարձեցին Մարտունում, ծնվեց նրանց աղջիկը եւ շրջափակման պայմաններում իմացան, որ սպասում են երկրորդ բալիկին։

Հիմնադրամի գործունեությունը այդ տարիների ընթացքում բազմազան էր՝ շրջում էին Արցախի գյուղերում մշակութային արժեքներ սերմանում, երեխաների համար տիկնիկային ներկայացումներ ցուցադրում, ջերմոցներ կառուցում, ճտեր տրամադրում և այլն։

Հիմնադրամը իր գործունեությունը չի դադարեցրել Արցախի կորստից հետո։

Վերջերս նաեւ հայտարարել է «Արցախն ապրում է» դրամաշնորհ, որի նպատակը  ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն է։

«Սիրուն չէ հրապարակել, նկարներով ցուցադրել արվածը»,- ասում է Շանթը, երբ խոսքը հատկապես զոհվածների ընտանիքներին է վերաբերում։

«Բնակարաններ ընտրելն ու գնելը շատ ավելի մեծ գումարներ ու ջանք  պահանջող աշխատանք է»,- նշում է նա եւ ավելացնում, ընտանիքների համար էլ հեշտ չէ այս ամենի մասին խոսելը։ Շահառուներն այն մարդիկ են,  որ տուն-տեղ, ընտանիքի անդամներ են կորցրել։

Արցախի կորստից հետո Շանթի ջանքերով «Լորիկ»-ը 10 տուն է ձեռք բերել՝ ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։

«Ամենադժվարը մարդկանց բացատրել է, որ այն մեկի համար հնարավոր է, իսկ իր համար ՝ոչ։  Ես շատ լավ եմ հասկանում, որ հազարավորներն ունեն բնակարանի կարիք, բայց կան առաջնահերթություններ եւ, ցավոք, հնարավորություններն էլ ասնսահմանափակ չեն»,- ասում է Շանթը։

Բնակարաններ, տներ ձեռք բերելն իրականացնում է 2 թեւով։

«Նաեւ վերանորոգման աշխատանքներ ենք ֆինանսավորում, որ իրար մոտ գտնվող արցախցիները նույն համայնքում մնան՝ այդպես պահպանելով բարբառն ու փոքրիկ համայնքների ստեղծումը»,- նշում է Շանթը։ Այդպիսի 6 բնակարան է վերանորոգվել «Լորիկ»-ի միջոցներով։

Կան ընտանիքներ, որոնց համար բնակարան ձեռք է բերվել Երեւանում, բայց հիմա հիմնադրամի կարեւոր նպատակներից մեկը ՀՀ մարզերում բնակարաններ ձեռք բերելն է, որովհետեւ երեւանյան գնով կարելի է 2 ընտանիքի օգնել։

«Չեմ ստիպում, որ որեւէ մեկը փոխի իր բնակության վայրը, այլ համայնք գնա, բայց եթե հնարավոր է նույն գումարով մի քանի ընտանիքի կարիք հոգալ՝ դա եմ նախընտրում»,- ասում է Շանթը, հավատով, որ  Տավուշից, Մեղրիից սկսելով գործը, մի օր կհասնի Երեւան։

«Լորիկ»-ի գլխավոր նախապայմանը՝ 10 տարի այդ բնակարանում ապրելն է, որից հետո միայն  բնակարանը կամ տունը կանվանափոխվի տանտիրոջ անունով։ Սրա նպատակը արտագաղթի դեմ պայքարելն է, որպեսզի արցախցի ընտանիքները մնան մեծ հայրենիքում։

Թեեւ չի ուզում ցուցադրել, թե հերթական մեծ նվերը, որ ընտանիքին է արել, բայց Շանթն իր սոցիալական էջերում պարբերաբար հրապարակում է տնօրհնեքի նկարներ, ավետելով, որ մի ընտանիք եւս մշտական կացարան ունեցավ։

Մինչ վերջնական՝ ցանկալի նպատակին հասնելը, Շանթը պարբերաբար բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով դրամահավաք է կազմակերպում եւ պատասխանատու է ամեն հավաքագրված գումարի համար։

«Լորիկ»-ին կարող եք աջակցել եւ օգնել արցախցի ընտանիքների համար տուն ձեռք բերելու գործընթացին՝ այստեղ։

Մարիամ Սարգսյան

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին և 21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով

Դեկտեմբերի 20-ից 24-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, ինչպես նաև ցուրտ ջերմաստիճան։ Այս մասին հայտնում են Հանրապետության հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Օդի ջերմաստիճանը, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, դեկտեմբերի 20-ին և 21-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Շիրակում դեկտեմբերի 20-ին օդը կտաքանա առավելագույնը +4°C, Կոտայքում` +5°C, Գեղարքունիքում` +3°C, Լոռիում և Արագածոտնում` +6°C, Տավուշում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +9°C, Սյունիքում՝ +11°C:

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ առավելագույն ջերմաստիճանն այսօր կլինի +8°C։

«Ասադն ինքը Սիրիան հանձնեց ահաբեկիչներին, ինչպես Փաշինյանն ինքը ճանաչեց Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»

Ռուսաստանը Սիրիայում ցամաքային ուժեր չուներ, այնտեղ միայն երկու ռուսական բազա կար. Երբ զինյալները մոտեցել են Հալեպին, կառավարական զորքերը եւ, այսպես կոչված,. իրանամետ ստորաբաժանումները նահանջել են առանց կռվի։ Այս մասին երեկ ուղիղ գծի ժամանակ հայտարարեց Վլադիմիր Պուտինը։

«Երբ զինված ընդդիմադիր խմբերը մոտեցան Հալեպին, քաղաքը պաշտպանում էր մոտ 30 հազար մարդ։ Քաղաք է մտել 350 զինյալ։ Կառավարական զորքերը և նրանց հետ միասին, այսպես կոչված, իրանամետ ստորաբաժանումները, առանց կռվի նահանջեցին։ Նրանք պայթեցրել են իրենց դիրքերն ու հեռացել»,- ասել է Պուտինը՝ մեկնաբանելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները։

Մեկ տարի առաջ Պուտինը մոտավորապես նույն բանն էր ասում Արցախի մասին։ Նա ասաց, որ Ղարաբաղի կարգավիճակը գլխավոր խնդիրն էր, բայց այն բանից հետո, երբ Փաշինյանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ կարող էր անել Ռուսաստանը։

Թե՛ Սիրիայում, թե՛ Արցախում Ռուսաստանը դարձավ մեծ կոնսենսուսի մաս՝ խաղալով ամենակեղտոտ դերը՝ «դաշնակցի» հանձնումը։

Պուտինն ասել է, որ Թեհրանը խնդրել է Մոսկվային օգնել իրանական ուժերի տարհանմանը: Ռուսական կողմը դա արեց՝ Խմեյմիմ բազայից Թեհրան տեղափոխելով իրանական 4 հազար զինծառայող։ Իրանամետ ստորաբաժանումների մի մասն առանց կռվի գնացել է Լիբանան, մի մասն էլ՝ Իրաք։

«Մենք Սիրիա եկանք 10 տարի առաջ, որպեսզի այնտեղ ահաբեկչական անկլավ չստեղծվի, ինչպես Աֆղանստանում։ Ընդհանուր առմամբ, մենք հասել ենք մեր նպատակներին, և նույնիսկ այն խմբերը, որոնք ժամանակին կռվել են Ասադի հետ, նույնպես ներքին փոփոխությունների ենթարկվեցին։ Եվ իզուր չէ, որ այսօր եվրոպական շատ երկրներ և ԱՄՆ-ն ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ»,- հիշեցրեց նա։

Պուտինն, ըստ էության, ասում է, որ նրանք, ում հետ իբր կռվել է Ռուսաստանը, վերադաստիարակվել են և լավն են դարձել։ Ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը, որն ամեն ինչ ճիշտ արեց, և մեղավորը հենց հայերն են։

Ռուսաստանում մահմեդական տղամարդկանց թույլատրվել է մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել

Ռուսաստանում մահմեդական տղամարդկանց թույլատրվել է մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել՝ հաշվի առնելով օբյեկտիվ պատճառները և ամուսնու հավասար վերաբերմունքը բոլոր կանանց նկատմամբ։ Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչությունը և Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը ՌԲԿ-ին է տրամադրել համապատասխան աստվածաբանական եզրակացության տեքստը։

«Որոշում է կայացվել տղամարդու՝ միաժամանակ երկրորդ, երրորդ կամ նույնիսկ չորրորդ կրոնական ամուսնության հնարավորության մասին։ Դա թույլատրվում է, եթե կինը ի վիճակի չէ երեխաներ ունենալ իր առողջության, վերարտադրողական տարիքի ավարտի կամ այլ օբյեկտիվ պատճառներով՝ ասենք՝ ամուսնու հետ սեռական անհամատեղելիության պատճառով։ Հաշվի է առնվում նաեւ այն, որ կինը չի ցանկանում երեխա ունենալ»,- ասաց նա։

Ամուսինը պետք է հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերի բոլոր կանանց, սահմանված կարգով հավասար ժամանակ անցկացնի նրանց հետ և յուրաքանչյուրին ապահովի առանձին բնակարանով։ Եթե ​​այս պայմանները չկատարվեն, ապա երկրորդ ամուսնությունը չի թույլատրվի։ Կանայք պետք է տեղյակ լինեն այլ կանանց գոյության մասին, հակառակ դեպքում կինը կարող է պահանջել ամուսնալուծություն: Մուֆթին նշել է, որ նման պարզաբանումը (ֆաթվան) կօգնի ամրապնդել կանանց իրավունքները, ովքեր կրոնական ամուսնության մեջ են բազմակն տղամարդկանց հետ։ Այս մասին հայտնում է РБК-ն։

Արթուր Օսիպյանը կոչ է անում արցախցիներին չփոխել անձնագրերը

Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը իր ֆեյսբուքյան լայվով կոչ է արել արցախցիների չփոխել անձնագրերը, եթե հնարավոր է, եւ ներքաղաքական, ներկուսակցական խաղերի զոհ չդառնալ:

“ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմություն կոչվածը հավաքում է արցախցիներին եւ հորդորում, որ փոխեն անձնագրերը (ՀՀ քաղաքացիություն ընդունեն), որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին: Այդպիսով նրանք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ: Ինչո՞ւմ է սրա վտանգը եւ ինչպե՞ս վարվել:

Միանշանակ ասում եմ. ովքեր հնարավորություն ունեն անձնագիր չփոխել, ավելի լավ է չփոխեն: Ես հասկանում եմ, որ այնպիսի պայմաններ է ստեղծում Փաշինյանի կառավարությունը, որ արցախցիները ստիպված են լինում հրաժարվել իրենց անձնագրից եւ նորը վերցնել (իբր մենք նոր-նոր ենք ՀՀ քաղաքացի  դառնում):

Ինչո՞ւմն է խնդիրը: Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունն արդեն լծվել է այդ գործին, որպեսզի արցախցիները փոխեն իրենց անձնագրերը: Իբր արցախցիները համախմբվելու են ընդդիմության շուրջ եւ Նիկոլ Փաշինյանը ճնշելու է այդ փորձերը: Բայց մեկ բան մենք պետք է հաշվի առնենք. 2021թ. փորձը, երբ արցախցիների մի մասն աջակցեց  ՀՀ ընդդիմությանը, սակայն արդյունքում ՔՊ-ն ունեցավ բացարձակ մեծամասնություն ԱԺ-ում:

Նույն սխալը չկրկնենք: Այդպես անհնար է Փաշինյանին հեռացնել, հակառակը` նրա դիրքերն ավելի է ամրապնդվելու:

Չոր հաշվարկ. Արցախում ընտրության ձայնի իրավունք ունեցող 100-103 հազար էր, ըստ պաշտոնական տվյալների: Արցախում չի եղել դեպք, որ այս թվաքանակով մարդ մասնակցի ընտրությունների: Ենթադրենք  բոլորը մեկ մարդու պես գնում եւ փոխում են անձնագրերը եւ մեկ մարդու պես ձայն ենք տալիս ընդդիմությանը: Անցած անգամ “Հայաստան” դաշինքը հավաքել է 240 հազար ձայն: Իրենց ունեցած ձայներին եթե 100 հազար գումարվենք` կստացվի 340 հազար, որը Փաշինյանի հավաքած ձայների ուղիղ կեսն է:

Սակայն իշխանությունների համար կարեւորն այն է, որ հայտարարեն, իբր տասնյակ հազարավոր արցախցիներ գնացել եւ ՀՀ քաղաքացիություն են ընդունել, որպեսզի հարմար պահի ամբողջ մեղքը բարդեն հասարակ արցախցիների վրա: Ասելու են, դուք եք գնացել քաղաքացիություն ընդունել եւ ընտրել այդ հանցագործներին: Սա է իրենք քաղաքականությունը:

Իմ հորդորն է բոլորիդ, եթե հնարավոր է անձնագիր չփոխել, ապա մի փոխեք: Սա ուղղակի մեզ մոլորեցնելու խաղ է:

Թե ընդդիմությունը, թե իշխանությունը նույնն բանն են անում: Նրանք թքած ունեն Արցախի վրա: Իշխանությունը բացեիբաց է դա անում, ընդդիմությունն էլ իբր թե Արցախի մասին է մտածում, բայց երբ բանը հասնում է Արցախին ու իրենց իշխանությանը, նրանք երկրորդն են ընտրում: Սա է ընդդիմության գործելաոճը:

Մենք անգամ սոցիալական աջակցություն չենք տեսնում նրանցից: Ընդամենը հերթական անգամ ուզում են արցախցիներին օգտագործել իրենց նեղ անձնական, քաղաքան շահերի համար եւ անում են իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված: Եւ իշխանությունը, եւ ընդիմությունը կոչ է անում հրաժարվել Արցախի քաղաքացիությունից:

Մեր ներկյացուչություն կոչվածն ինչո՞ւ չի կարողանում բարձրացնել նման սոցիալական հարցել, ենթադրենք բնակարանային խնդրի մասին: Անմիջապես ՀՀ իշխանությունները իրենց դեմ են դնում նախկինների փաստաթղթերը. ահա, այսքան գումար են թալանել ձերոնք, այդպիսով փակում նրանց բերանները:

Սակայն ինչ կապ ունի ‘ձերոնքը’ հասարկ արցախցիների հետ: Եթե նախկիններն են թալանել, ապա դրա մասին ամբողջ ազգն է խոսում, գնացեք եւ հետ բերեք, չէ որ ՔՊ խոստումներից էր թալանածը հետ բերել: Հիմա ընդդիմությունն ու իշխանությունը գնացել են համագործակցության եւ մեղքը ուզում են բարդել հասարակ քաղաքացիների, հասարակ արցախցիների վրա:

Իմ կոչն արցախցիներին, որպեսզի ինքնակազմակերպվենք եւ ինքներս բարձրացնենք մեզ հուզող խնդիրները: Չդառնանք նեքաղաքական, ներկուսակցական խաղերի զոհ”, ասում է Օսիպյանը:

Արավուսում շներն “արխային” բաց են թողնում․ Ղարաբաղի ճանապարհով գնացող չկա

Գորիսի կենտրոնում մի հավաքատեղի կա, պատին երկրորդ համաշխարհային պատերզմի մեդալներով վետերանների նկարներ կախած: Տարեց մարդիկ հավաքվում, նարդի, դոմինո, շաշկի, շախմատ են խաղում փոքր այս սենյակում:  Նրանցից մեկը նստել է կապույտ-սպիտակ քարերը սիրուն շարած նարդու դիմաց ու մրցակցի է սպասում: «Գիտես ամենքի հետ խաղո՞ւմ եմ», ասաց նա: Ասաց նաեւ, որ Գորիս—Տեղ—Քարաշեն—Արավուս տրանսպորտը շուկայի դիմացից է շարժվում` կեսօրին:

Գորիսից հենց դուրս եկանք, գազելում Արամ Ասատրյան սկսեց հնչել:

Քաջերի դու բոստան ես,

Դու ծաղկած բուրաատան ես,

Ղարաբաղ, ջա՛ն իմ Ղարաբա՜ղ…

Վանքերը քո դարավոր,

Մատաղ ես քեզ վիրավոր,

Ղարաբաղ, ջա՛ն իմ Ղարաբա՜ղ…

(Ո՞վ կպատկերացներ, որ Արամ Ասատրյանի երգերից մարդու կոկորդ կարող է լցվել…)

Լսելով երգը, ես որոշեցի, որ արժե Instagram սթորի անել, քանի որ ճանապարհը նաեւ դեպի Ղարաբաղ է տանում: Կողքս Wildberries-ի տոպրակներով երկու աղջիկ են նստած, որոնցից մեկին հետաքրեց, թե արդյո՞ք ես տուրիստ չեմ: Չգիտեմ ինչու, բայց ես ասացի, որ փախստական եմ, նա էլ ասաց. Հա՛… Ասաց նաեւ, որ իր մայրիկն է Արավուսի գյուղապետը: Ես էլ ասացի, որ գնում եմ նրա հետ հարցազրույցի:

Աղջկա մայրն ու Արավուսի համայնքապետ Թեհմինե Մկրտչյանն ասում է, որ Արցախից մի ընտանիք է ապրում գյուղում: Դպրոցը չորսամյա է, փոքրերին Տեղ են մանկապարտեզ տանում ծնողները: Աշակերտներն ուսումը Տեղում են շարունակում: Ձմռանը երբեմն ջրի խնդիր է առաջնում, խոխովակները չեն դիմանում ճնշմանը: Գյուղ բերող ճանապարհին պետք է ասֆալտ փռեն: Ինչեւէ, համայնքապետը չի դժգոհում եւ հորդորում է մարդկանց գյուղ գալ եւ շենացնել այն: Բնակարան կգտնվի, ասում է տիկին Մկրտչյանը:

Մինչ գյուղապետին հանդիպելը ես Ելենա Հայրապետյանին ու իր ամուսնուն` Վալերի Մաթեւոսյանին էի հանդիպել, ովքեր երեսուն տարի Բերձոր են ապրել: (Գյուղապետը այս ընտանիքի մասին չէր ասում, որ Արցախից են): Տիկին Ելենան ասաց, որ գյուղում խանութ չկա եւ առեւտրի համար Տեղ կամ Գորիս են գնում: Ընդհանրապես, նկատվում էր, որ գյուղ ուրիշներ շատ չեն գալիս, դրա համար էլ շներին արխային բաց են թողնում գյուղացիները: Զարգացման միակ նշանը, որ ես այստեղ նկատեցի, դա Կարմիր Խաչի աջակցությամբ կառուցվող փոքրիկ բուժկետն էր, մնացածը կարող եք լուսանկարներից ենթադրել:

Տիկին Ելենան ասաց, որ ես պետք է գնամ իրենց տուն, ես էլ ասացի, որ պետք է օգնեմ տանել ծանրոցները:

Երեսուն տարի Բերձորում ենք ապրել, դեռ տուն չհասած` զրույցը սկսեց տիկին Ելենան: Մեր ամբողջ ստեղծածը թողել, մի կուզովում նստել` եկել ենք: Դա է մեր օգուտը: Ամուսինս ինսուլտ է տարել, մի կերպ փրկել ենք, ես էլ ճնշում ունեմ: Երկու թոշակառուներով ապրում ենք այս դոմիկում, ասում է նա եւ ցույց տալիս դեղերով լի կոնֆետի վազան: Հենց թոշակ ենք ստանում` անմիջապես դեղատուն: Ահա մեր բաժին տունը: Կատուն անգամ այստեղ չի ապրի: Ի՞նչ անենք, սա է իրականությունը: Ամաչում ենք անգամ հյուր ընդունել: Պատուհանները ցելոֆանով ծածկել ենք, փեչը վառել: Փայտի քառակուսի մետրն էլ 26.000 դրամ: Բայց ո՞ւմ են տուն տվել, որ ինձ տան: Սերտիֆիկատը ձեռներիս սպասում ենք: Դա պարզապես թղթի կտոր է, անունը «ոչ մի բան»: Չգիտենք, տեսնենք ի՞նչ է գալիս գլխներիս… Ի՞նչ է մնացել մեզ ապրելու, գոնե մեր մնացած կյանքն արժանապատիվ ապրենք, հերիք է ինչքան տանջվել ենք: Այս դարում մարդ տաք ջուր էլ չունենա, ձեռքերիս նայեք…

Մինչ տիկին Ելենան սուրճ էր պատրաստում, ամուսինը` Վալերին հակիրճ պատմեց Արցախի իրենց երեսուն տարվա մասին:

«Լավ» ենք ապրում, ոչինչ, ծիծաղում է նա: Թոռներս էլ մի քիչ ներքեւ են ապրում: Ոչինչ չեմ կարողացել բերել եւ փառք Աստծո: Անասունները տարել էի Մարտունու Հերհերում պահելու, քանի որ արոտավայրերն այնտեղ լավն էին: Մի լավ ընկեր եմ ունեցել այնտեղ, ով գնացել էր Հայկազով` բենզինի հետեւից, եւ… Ես էլ պիտի գնայի նրա հետ, բայց չէի գնացել, այդպես փրկվել եմ այդ սարսափելի կրակից: Մի ինքնաթափ (самосвал) մեքենայի պոզի նստել` եկել եմ… Շատ արցախցիներ են հեռացել գյուղից: Շամշադին եւ այլ բնակավայրեր են գնացել: Ահա այդտեղ նրանց պոստերը, ընդամենը հիսուն մետր: Եղբայրս էլ Աղավնու էր ապրում, չգիտեմ, ասում են ամբողջը բուլդոզորի տակ են տվել, իբր իրենց հայի սարքած տուն պետք չէ: Բայց ես չեմ հուսալքվում, արդարությունը մի օր հաղթելու է, ասում է նա:

Տրանսպորտին հասնելու համար ես Տեղ շտապեցի, բայց արդեն ուշ էր, եւ ժամանակ ունեի մի քիչ էլ Տեղ շրջել: Արավուսի ճանապարհից ինձ բուժկետի շինարարներից մեկն է վերցրել: Այստեղ ոտքով չեն քայլում, շները բաց թողած են: Բանվորների մեջ էլ Սիսիանից մարդիկ կան անտեղյակ, իրենց էլ եմ զգուշացրել: Շինարարն ինձ պատմեց, որ Տեղ 16 մլն ծրագրի շրջանակներում հիսուն տուն է կառուցվում: Հիսուներրոդ տան հիմքն արդեն շամպայնով շնորհավորել են:

Ըստ այդ ծրագրի պետությունը 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարը՝ 13% տոկոսադրույքով։ Մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1․5 մլրդ դրամի վարկ: Ծրագրի մասին մանրամասներ կարող եք կարդալ այստեղ:

Ես լուսանկարեցի կիսակառույցները եւ բենզալցակայան գնացի տաքսի կամ Գորիս գնացող պատահական մեքենա գտնելու համար: Այստեղ աշխատողներն ասացին, որ կուղարկեն ինձ, մի քիչ զրուցենք…

Մեր մեծերից լսել ենք, որ ժամանակին Ղարաբաղի Արավուսից են եկել այստեղ եւ համանուն կոչել այս վայրը, ասում է նրանցից մեկը: Միթե՞ այսպես է եղել այս ճանապարհը: Մեքենաների հոսքը մի կողմ, բայց խանութները, բենզալցակայանները, բոլորը ղարաբաղցիների հաշվին էր աշխատում: Հիմա մի լիտր բենզին էլ չեմ վաճառում ամբողջ օրը: Ամենասիրելի տեղն էր Ղարաբաղն ինձ համար, ի՞նչ քաղաք էր Ստեփանակերտը: Ծախեցին…

Նա ինձ պատմում է, թե Արցախի շրջափակման ժամանակ ինչ էր տեղի ունենում բարիկադների այս կողմում:

Երբ ռուսները գալիս էին Ղարաբաղ իրենց Урал-ներով, մեջները մի հայ կար, կարծեմ Դաղստանից էր, բայց հայ էր: Ծանոթացանք, մտերմացանք, չէ որ հայ է ի վերջո: Վառելիքն այստեղ 7 հազար դրամ էր 20 լիտրը: Նրանց մեքենաները երկու հսկա բաք ունեին, ամեն մեկը 340 լիտր: Ես զարմանում էի, որ նրանք այստեղից էին վառելիք գնում: Չէ որ նրանք զորամաս ունեն եւ պետք է որ վառելիքի խնդիր չունենային: Այդ հայն ասաց, որ ղարաբաղցիներին է վաճառում է. տարան 35-40 հազարով: Ես ապշել էի… Ինչպե՞ս կարելի է նեղության մեջ գտնվող իր հայրենակիցների հաշվին հարստանալ: Իսկ վերջին անգամ երբ եկավ, պարզվեց, որ 120 հազարով է վաճառում: Պատկերացնո՞ւմ ես: Դա էլ մեր հայը…Еще добовлай, еще…, ասում էր նա:

Ի՞նչ վիճակում են հիմա ղարաբաղցիները: Գուցե տաս տոկոսը լավ է ապրում, տուն ունեն Երեւանում, բայց լսել եմ, որ այնպիսիներն էլ կան, որ բուլվարներում են գիշերում… Քսան տարի ապրել եմ այնտեղ, շրջել ամբողջ Ղարաբաղը, տեսել եմ, որ մարդիկ լավ են ապրել, դրա համար էլ այս դժվարություններին չեն կարողանում հարմարվել:

Ինձ Գորիս բերող մեքենայում էլ նույն թեման բացվեց: «Չգիտեմ ուրիշ տեղ ինչպես, բայց Գորիսում մեր սիրտը պայթում էր Արցախի շրջափակման օրերին», ասում էր վարորդը:

Մարութ Վանյան

Թուրքիան «Չարիքի առանցքի» մի մասն է

Հայկական Կարսը
Արեւմտյան քաղաքական աշխարհի կողմից աշխարհաքաղաքական իրականության ընկալման բացակայություն
 
«Այն քաղաքները, որոնք մենք անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Դամասկոս և Ռաքքա, կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան», – ասել է Էրդողանը իր կուսակցության համագումարում, որը հայտնի է որպես «Մուսուլման եղբայրների» գաղափարախոսություն դավանող: Դեկտեմբեր, 2024թ.
Ռուսական ընդդիմության արևմտամետ քաղաքական շրջանակները, լրագրողներն ու փորձագետները Ուկրաինայից, Իսրայելից, Վրաստանից, ինչպես նաև ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչներն ու քաղաքագետները «գլուխները ավազի մեջ» են պահում և անտեսում են այն փաստը, որ Թուրքիան հանդիսանում է «չարիքի առանցք»։

Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ միասին Թուրքիան «չարիքի առանցքի» առաջատար մասերից է։

Բացի այդ, պետք է հասկանալ, որ Արևմուտքի համար Իրանը, որպես քաղաքակրթություն, կարևոր աշխարհաքաղաքական խաղացող է և տարածաշրջանում պոտենցիալ (հնարավոր) գործընկեր։

Թուրքիան, իր հերթին, քաղցկեղ է արևմտյան հանրության համար: Հարկ է հիշել, որ Թուրքիան ընդունվեց ՆԱՏՕ միայն Խորհրդային Ռուսաստանին զսպող գործոն լինելու համար, որն Արևմուտքի մեծ սխալն էր և աշխարհաքաղաքական իրողությունների և թուրքական սպառնալիքի չընկալման հետևանք։

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը վերջին 30 տարիների ընթացքում ներառում է բազմաթիվ ասպեկտներ՝ ընդգրկելով ներքին և արտաքին ուղղությունները։ Երկիրը վարում է ակտիվ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով ընդլայնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի, Կովկասի, Միջերկրական ծովի և Բալկանների տարածաշրջաններում։
Դիտարկենք հիմնական ասպեկտները.

1. Մերձավոր Արեւելք եւ Սիրիա

• Ներխուժումներ Սիրիա (2016, 2018, 2019, 2024). Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «ահաբեկիչների դեմ պայքարի» պատրվակով, հատկապես քրդական աշխարհազորայինների (YPG/PKK) դեմ, որոնք նա համարում է ազգային անվտանգության սպառնալիք: Խոշորագույն գործողությունների թվում.

– «Եփրատի վահան» (2016–2017 թթ.)

– «Ձիթենու ճյուղ» (2018 թ.)

– «Խաղաղության աղբյուրը» (2019 թ.)

– Ասադի իշխանության տապալումը «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խամաճիկ ուժերի օգնությամբ (2024 թ.)

Այս գործողություններն ուղեկցվել են թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգության գոտիների ստեղծմամբ, սիրիացի փախստականների վերաբնակեցմամբ և Սիրիայի հյուսիսում թուրքական ազդեցության ուժեղացմամբ։

Սիրիայի քաղաքացիական պատերազմում. Թուրքիան աջակցում էր ընդդիմադիր ուժերին, այդ թվում՝ Սիրիայի ազատ բանակին, ընդդեմ Բաշար ալ-Ասադի կառավարության:

2. Կովկաս

• Աջակցություն Ադրբեջանին Արցախյան (Ղարաբաղ) պատերազմում (2020 թ.): Թուրքիան ակտիվորեն աջակցել է Ադրբեջանին՝ տրամադրելով զենք, ռազմական խորհրդատուներ և Bayraktar TB2 անօդաչու սարքեր: Ակնա քաղաքում ստեղծվել է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն։

3. Արեւելյան Միջերկրական

• Հակամարտություն Հունաստանի և Կիպրոսի հետ: Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարել Արևելյան Միջերկրական ծովում.

– Գազի և նավթի որոնում վիճելի ջրերում:

– Հունաստանի հետ ծովային սահմանների վեճը.

– Ռազմական սրացում Հյուսիսային Կիպրոսի շուրջ, որտեղ Թուրքիան աջակցում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը (ՀԿԹՀ), որը ճանաչվել է միայն Անկարայի կողմից:

Նման գործողությունները մեծացնում են լարվածությունը ԵՄ-ի, հատկապես Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:

4. Բալկաններ

• Բալկաններում ազդեցության ուժեղացում: Թուրքիան ձգտում է ամրապնդել իր դիրքերը մահմեդական բնակչություն ունեցող երկրներում (Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո, Ալբանիա)՝ օգտագործելով մշակութային և տնտեսական լծակները: Սա մտահոգություն է ԵՄ-ի և հարևան երկրների համար։

5. Ազդեցությունը Աֆրիկայի և Կենտրոնական Ասիայի վրա

• Թուրքիան ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Աֆրիկայում ներդրումների և ռազմակայանների ստեղծման միջոցով (օրինակ՝ Սոմալիում):

• Կենտրոնական Ասիայում Անկարան օգտագործում է «թուրքական միասնություն» հասկացությունը՝ պահպանելով կապերը թյուրքական հանրապետությունների հետ (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան):

6. Քրդական հարց

• Թուրքիան պայքարոմ է քրդերի դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում.

– Կոշտ միջոցներ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։

–  Երկրի ներսում քուրդ ակտիվիստների, քաղաքական գործիչների և լրատվամիջոցների ճնշումը.

– Ռազմական գործողություններ Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ.

7. Ներքին ագրեսիվ քաղաքականություն

Աճող ավտորիտարիզմ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2000-ականներից ի վեր ամրապնդել է իր իշխանությունը՝ ճնշելով ընդդիմությանը, ազատ խոսքին և անկախ լրատվամիջոցներին:

Ռեպրեսիա հեղաշրջման փորձից հետո (2016 թ.): Ձախողված հեղաշրջումից հետո հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, այդ թվում՝ զինվորական սպաներ, դատավորներ, ուսուցիչներ և լրագրողներ։ Սա արժանացավ միջազգային հանրության քննադատությանը:

8. Հակամարտություն Արեւմուտքի հետ

• Թուրքիան պարբերաբար հակադրվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ.

• Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը հանգեցրեց պատժամիջոցների ԱՄՆ-ից։

• ԵՄ-ի վրա ճնշում միգրացիոն ճգնաժամերի միջոցով՝ սպառնալով «բացել սահմանները» փախստականների համար:

9. Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր հանգույց է դարձել 2022 թվականին Ուկրաինա ներխուժումից հետո, հատկապես Արևմուտքի կողմից պատժամիջոցների ճնշման պայմաններում: Երկրների միջև համագործակցությունն աճել է մի քանի հիմնական ոլորտներում։

10. Ավելի քան մեկ դար Թուրքիան ժխտել է 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը և օկուպացված է պահում Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը։

Եզրակացություն

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը պայմանավորված է ներքին խնդիրների, ազգայնական հավակնությունների և տարածաշրջանային առաջնորդության ցանկությամբ: Սա լարվածության բազմաթիվ կետեր է ստեղծել հարեւանների, ՆԱՏՕ-ի գործընկերների և համաշխարհային տերությունների հետ:
Հուսով եմ, որ արևմտյան աշխարհը կգիտակցի Թուրքիայի նպատակների, հատկապես Թուրանի հեռանկարի պոտենցիալ վտանգը, և Իրանից և Ռուսաստանից հետո հերթը կհասնի Թուրքիային, հակառակ դեպքում թուրքական ներխուժումը կհասնի Եվրոպայի բուն սիրտը։

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Մեծ նշանակություն ունի Շվեյցարիայի նախաձեռնությունը՝ գումարել միջազգային կոնֆերանս Արցախի հարցով

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդն ընդունեց բանաձեւ, որով երկրի կառավարությանը կոչ է արվում հրավիրել միջազգային խաղաղության ֆորում՝ նպաստելու Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի միջեւ բաց երկխոսությանը միջազգային հսկողության ներքո՝ նրանց անվտանգության եւ հավաքական վերադարձի իրավունքի հարցերը քննարկելու համար: Միջազգային հանրությունը որքանո՞վ կարող է հետամուտ լինել, որ Արցախի հարցով միջազգային խաղաղության ֆորում հրավիրվի։

-Մեծ նշանակություն ունի Շվեյցարիայի իշխանությունների նախաձեռնությունը՝ գումարել միջազգային կոնֆերանս Արցախի հարցով, որովհետեւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայից հետո Արցախի հարցով Մինսկի կոնֆերանսի անցկացումը գործնականում անհնար դարձավ։ Եվ նոր ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը, իհարկե, բացում է ճանապարհ Արցախի հարցի կարգավորման համար՝ անկախ նրանից՝ Ադրբեջանին դա դուր կգա, թե դուր չի գա։ Ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, ըստ էության դրա համար է հարկավոր կոնֆերանս, որը հնարավորություն կտա տեղից շարժել այս հարցը, որն այս պահի դրությամբ գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ։

-Շվեյցարիայի կառավարության կողմից կկայացվի՞ կոնֆենարս գումարելու որոշումը՝ հաշվի առնելով առկա զարգացումները։

-Չեմ կասկասում, իհարկե, կառավարությունը ենթարկվում է այն որոշումներին, որոնք ընդունում է խորհրդարանը։ Շվեյցարիայի կառավարությունը սաբոտաժ կանի, թե՞ չի անի, մեզ մոտ այդ հարցն առաջանում է դառը փորձից ելնելով։ Բայց տվյալ դեպքում անձամբ ես այդպիսի մտավախություն չունեմ։

-Այսինքն՝ այսպիսով կարո՞ղ ենք փաստել, որ միջազգային հանրությունն օրակարգում է պահում Արցախի հարցը եւ համարում է, որ հիմնախնդիրը լուծված չէ։

-Հայաստանում իշխող ուժը, մասնավորապես, վարչապետը, իմ համոզմամբ կատարելով արտաքին պատվեր, արդեն տեւական ժամանակ է՝ փորձում է մեր հանրությանը համոզել, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն իբրեւ այլեւս գոյություն չունի եւ երբեք գոյություն չի ունեցել։ Բայց իրականությունը ճիշտ հակառակն է․ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, մասնավորապես, մարդու գլխավոր իրավունքին՝ ինքնորոշման իրավունքին, հանդիսանում են միաջզգային հանրության մանդատի տիրույթում գտնվող հարցեր։ Եվ միջազգային հանրությունը մանդատ ունի ինքնորոշմանը վերաբերող ցանկացած հարցի լուծում տալ։ Սա է այն իրավական աղբյուրը, ինչի վրա հենվում են Շվեյցարիայի քաղաքական գործիչները՝ հանդես գալով միջազգային կոնֆերանս կազմակերպելու առաջարկով։ Իհարկե, այդ ամբողջ շարադրված է այսօր գործող միջազգային կոնվենցիաներում եւ պատասխանատվություն է ստեղծում կոնվենցիաների անդամ պետությունների համար։ Դրա համար այդպիսի կոնֆերանսի ստեղծումը հնարավոր է ու անհրաժեշտ։

Ինչ վերաբերում է մեր հանրության ներսում ստեղծված պատկերացումներին, թե իբր Արցախը հարցն այլեւս չկա կամ ուժով է լուծվել, դա հակասում է միջազգային գործող կանոններին։ Ոչ մի վիճելի հարց չի կարող ուժով լուծվել, դա չի կարող համարվել օրինական։ Եվ դրա համար էլ, ինչպես ասացի, խնդիրը հիմա շատ ճգնաժամային վիճակում է գտնվում, էթնիկ զտումից անցել է ավելի քան մեկ տարի, եւ խնդիրը պահանջում է հրատապ լուծում։ Հրատապ լուծման ամենաճիշտ ձեւաչափն այս իրավիճակում միջազգային կոնֆերանս հրավիրելն է։

Ռոզա Հովհաննիսյան

Բաքվի ճնշման ներքո հայկական ֆիլմերը դուրս են թողնվում միջազգային փառատոններից

Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հրավիրված ասուլիսում գրող Հովհաննես Իշխանյանն ասաց.

«Այս աշնանը գրաքննության ենթարկվեցին երկու հայկական ֆիլմեր՝ Կատյա Սպիվակովայի «Այն ամենը, ինչ ինձ պետք է» (11 րոպեանոց գեղարվեստական ​​ֆիլմ Շուշիի մասին – խմբ.), որը Ադրբեջանի ճնշման ներքո դուրս մնաց Մարոկկոյի «Իսնի Նուրղ» կինոփառատոնի ծրագրից։ Եւ Սարին Հայրապետյանի «Իմ քաղցր տունը» վավերագրական ֆիլմը (Լեռնային Ղարաբաղի մասին – խմբ.), որը Հորդանանը առաջադրվել է Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ հետո ինքնաբացարկ հայտնել»:

Ինչպես նշեց «Հայաքվե» հասարակական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, ադրբեջանական կողմն ակտիվորեն աշխատում է միջազգային կինոփառատոներում ներկայացված հայկական ֆիլմերի դեմ, իսկ Հայաստանի իրավասու մարմինները լռում են։

«Միջազգային փառատոների հայկական ֆիլմերը, հատկապես՝ Արցախին նվիրված ազգային թեմաներով, ադրբեջանական դիվանագիտության ջանքերով հետևողականորեն դուրս են մղվում կինոֆորումների ծրագրերից»,- ասաց Սողոմոնյանը։

Քանի որ Հայաստանի համապատասխան պետական ​​կառույցները անգործության են մատնված, հասարակական և մշակութային ոլորտի ներկայացուցիչները մտադիր են նամակով դիմել ինչպես ՀՀ ԱԳՆ-ին, այնպես էլ միջազգային կինոփառատոների կազմակերպիչներին։

Փաշինյանը չհերքեց Ալիեւի պահանջները․ ամեն ինչ հնարավոր է

Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

Փաշինյանը մանրամասնել է. – «Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»:

Հիշեցնենք, որ Ալիեւը պահանջում է Հայաստանից հետ կանչել ԵՄ դիտորդներին, չզինվել, չեղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը, Սահմանադրությամբ հրաժարվել Արցաից, հետ կանչել դատական հայցերը։ Փաշինյանն այսօրվա հարցազրույցում փաստորեն չհերքեց պահանջները, ասելով, որ ամեն ինչ կանի, եթե կնքվի “խաղաղության պայմանագիրը”։

“Պայամանագրի” իմաստը՝ Հայաստանի կառավարության կողմից Արցախից հրաժարումն է, եւ Փաշինյանը դա եւս մեկ անգամ հաստատեց։  

Որպես հաստատում, որ Հայաստանի Սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի մի մասի վերաբերյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ղարաբաղցիների կարգավիճակին։

«Եթե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ պարունակեր Ադրբեջանին, ապա ղարաբաղցիները փախստականի կարգավիճակ չէին ստանա»,- ասել է նա։

Նա կրկնեց, որ Սահմանադրության նախաբանում ընդհանուր անդրադարձ կա Անկախության հռչակագրին, որտեղ կրկին նշվում է Լեռնային Ղարաբաղը, սակայն հիմնական օրենքի ոչ մի հոդվածում Լեռնային Ղարաբաղի ուղղակի կամ անուղղակի հիշատակում չկա։ Վարչապետը կրկին հիշեցրել է Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը, որը, սակայն, Բաքուն չի բավարարում։

Փաշինյանը շարունակեց. Եթե ընդունենք Ադրբեջանի մեկնաբանությունը, հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ղարաբաղը չմասնակցեց 1995 թվականի սահմանադրական հանրաքվեին։ Նույնը կարելի է ասել սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, Փաշինյանը ընդգծել է. «Երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով»:

Փաշինյանն ասել է՝ «ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից«:

Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետը պատասխանել է. Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:

Անդրադառնալով սպառազինության վերաբերյալ Իլհամ Ալիևի պնդումներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. – «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ: Մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

«Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռևանշիստական քաղաքականությո՞ւն է վարում», – հավելել է նա:

Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձև է ընդունել

Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որում հորդորում է Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ճնշումները ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, իսկ Եվրամիությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, որ պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։

Բանաձևի տեքստում հիշատակվում են նաև հայ ռազմագերիները, նշվում է, որ Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, ինչպես նաև «23 հայ ռազմագերի, այդ թվում՝ նախկին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարները»:

Եվրոպական խորհրդարանը բանաձևում նաև պնդում է, որ ԵՄ-Ադրբեջան գործընկերության ցանկացած համաձայնագիր, ներառյալ էներգետիկայի վերաբերյալ համաձայնագրերը, պետք է որպես պայման ունենան Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների հարգումն և բոլոր քաղբանտարկյալների ազատումը։ Եվրոպացի պատգամավորները բանաձևում Եվրոպական հանձնաժողովին կոչ են անում կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին 2022 թվականին կնքված փոխըմբռնման հուշագիրը: