«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ մյուս գերիները Բաքվում դատվում են ոչ թե զուտ որպես անձինք, այլ հիշեք, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշված լինելու իրավունքի պաշտպանությունը նույնացնում է «տեռորիստական գործողությունների» հետ»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեցին բողոքի ակցիաներ՝ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։
Լարիսա Ալավերդյանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են։ Ըստ նրա՝ միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին, որ վերջ տան այն լկտի գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է մարդու իրավունքները կամ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլ այդ նորմերը հակադրում է իրեն։
ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ցույց տվեք ինձ գեթ մեկ որոշում, որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցը։
2023 թվականի օգոստոսի 13-ին Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Օկամպոն Արցախի շրջափակումը բնութագրել է որպես ցեղասպանական գործողություն եւ զգուշացրել, որ այս մեթոդից հետո վրա են հասնելու ավելի կոշտ մեթոդներ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը չպատժվի, չկանխվի մարդկության դեմ հանցագործությունը։ Եվ այստեղ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ, այն կոնվենցիան, որը խոսում է ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին, հստակ պարունակում է հոդվածներ, որոնցով պարտադրում է կամ տրամադրում է այնպիսի իրավունքներ, որ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն կարող է դիմել եւ պահանջել, որ իր հետ կապ չունեցող բոլորովին այլ պետությունում հարուցվեն քրեական գործեր»,- ասաց նա։
Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ Հայաստանը եւս ուներ պարտականություն, եւ երբ տեղի էր ունեցել ագրեսիա, ցեղասպանություն, պետք է դիմեր ՄԱԿ-ին, որպեսզի կանխեր դա։ Բայց, նա հիշեցրեց, որ տեղի է ունեցել հակառակը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստից առաջ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասել է, որ Արցախի քաղաքացիական բնակչության համար որեւէ վտանգ չկա։ «Հենց այդ դեպքի համար է ՄԱԿ-ը, եւ ՄԱԿ-ը չի կարող անտաբեր անցնել, եթե որեւէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչված իր պարտականությունները։ Իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված՝ բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտով։ Աշխարհում չի եղել մի այնպիսի կոնֆլիկտ, որտեղ ընդգրկված կլինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը, դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասաց նա։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: