«Առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է հերթական տեղեկատվական ու հոգեբանական գրոհը Բաքվից, բայց մենք չպետք է տրվենք սադրանքներին, ադրբեջանական թեզերը եւ նվաստացուցիչ պատկերները չպետք է բերենք հայկական տեղեկատվական տիրույթ»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Բաքվում մեկնարկող շինծու դատավարություններին։
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ու ՀՀ ԱԳՆ շենքի մոտ անցկացվեց հանրային ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Բաքվում այսօր մեկնարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։
«Մեր եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ռազմագերիները կանգնելու են Բաքվի կեղծ ցեղասպանական դատարանի առաջ։ Ես վստահ եմ, որ նվաստացուցիչ պատկերներ են ի հայտ գալու ադրբեջանական լրատվամիջոցներում, կոնտեքստից կտրված հայտարարություններ կամ այսպես կոչված ցուցմունքներ են հրապարակվելու, որոնց մենք չպետք է ուշադրություն դարձնենք։ Մենք բոլորս պետք է հիշենք՝ այնտեղ գտնվող մեր եղբայրներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, միայն թե իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որեւէ մեկը՝ կլինի սովորական քաղաքացի, թե իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու նրանց, քանի որ իրենք այնտեղ են մեր երեսից։ Իշխանություն կրող որեւէ անձ թող իրեն իրավունք չվերապահի որեւէ մեկին թիրախավորելու, որովհետեւ իրենք այնտեղ են իշխանությունների մեղքերի պատճառով, իրենք այնտեղ են իշխանությունների բացթողումների պատճառով։ Եվ անձամբ ես հրապարակային թիրախավորելու եմ բոլոր անձանց, ովքեր կթիրախավորեն մեր եղբայրներին»,- նշեց Բեգլարյանը։
Նա ասաց, որ բոլոր անձինք, ովքեր ասում ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա, որ Արցախը այսօր էլ կա ու Արցախը հայկական է, այդ մարդիկ Իլհամ Ալիեւի ցեղասպանական ռեժիմի համար ահաբեկիչներ են։ «Ուրեմն, մենք բոլորս նրանց համար ահաբեկիչներ են, եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն մենք եւս դատապարտվում ենք այնտեղ»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ կոչ անելով համախմբվել ու բողոքի ձայն բարձրացնել։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: