“Ես ի՞նչ կապ ունեմ Ղարաբաղի լուծարման հետ, դա Հայաստանին չի վերաբերվում”

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ արցախցի որոշ պաշտոնյաներ եւ ՀՀ ընդդիմադիր գործիչներ հայտարարել են, որ այսպես կոչված «Արցախի լուծարման» փաստաթուղթը խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ամսաթիվը չեմ հիշի, խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց իքս պահի հարց է ծագել՝ էս ո՞ւմ տեքստն է, ինչ-որ մեկը ստորագրելո՞ւ է այդ տեքստը, թե՞ չի ստորագրելու։ Ո՞վ է ստորագրելու, էս ի՞նչ տեքստ է, ո՞ւմ համար է։ Եվ եղել է արձագանք Լեռնային Ղարաբաղից, որ հայտնի չէ, սա ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ։ Բայց եթե չեք կարա ասեք՝ ում տեքստն է, հետեւաբար, մենք ի՞նչ առնչություն ունենք այդ տեքստի հետ։ Այսինքն՝ մի հատ տեքստ կա, ո՞ւմ համար է այդ տեքստը, չգիտենք, ո՞վ է ստորագրելու այդ տեքստը, չգիտենք, մեզ՝ Հայաստանին ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է տեքստի հետ կապված, ոչ։ Հետեւաբար, մենք ի՞նչ կապ ունենք այդ տեքստի հետ։ Ձեր ինչ-որ բան առաջարկվո՞ւմ է, եթե չի առաջարկվում, դուք ի՞նչ կապ ունեք տեքստի հետ։ Եվ հաջորդիվ այդ տեքստը արդեն հայտնվում է կայքում՝ որպես Լեռնային Ղարաբաղի փաստաթուղթ։ Այս է ամբողջ պատմությունը, ես ընդամնեը ցանկացել եմ ճշտել՝ էս ո՞ւմ տեքստն է եւ ի՞նչ առնչություն ունի մեզ հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Եթե դա լիներ տեքստ, որը որեւէ կերպ մեզ հետ առնչվում է, մենք վերաբերմունք կցուցաբերեինք»։